ԳԼՈՒԽ ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ
Դուք կարող եք հաղթահարել ընտանիքին վնաս հասցնող խնդիրները
1. Ի՞նչ թաքնված խնդիրներ կան որոշ ընտանիքներում։
ՀԻՆ ավտոմեքենան հենց նոր լվացվել է ու փայլեցվել։ Անցորդների համար այն փայլուն, գրեթե նոր տեսք ունի։ Սակայն ներսից այն ամբողջովին պատված է ժանգով։ Նման մի բան է տեղի ունենում որոշ ընտանիքներում։ Կողքից նայողին կարող է թվալ, թե ընտանիքում ամեն բան կարգին է, սակայն ժպտացող դեմքերի տակ ցավի ու վախի զգացումն է թաքնված։ Փակ դռների ետևում քայքայող «պատճառները» կործանում են տան խաղաղությունը։ Երկու խնդիր կա, որ ընտանիքի վրա այդ քայքայիչ ազդեցությունն են թողնում՝ ալկոհոլիզմն ու բռնությունը։
ԱԼԿՈՀՈԼԻԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐԸ
2. ա) Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը ոգելից խմիչքների գործածության վերաբերյալ։ բ) Ի՞նչ է ալկոհոլիզմը։
2 Աստվածաշունչը չի դատապարտում ոգելից խմիչքների չափավոր գործածությունը, այլ դատապարտում է հարբեցողությունը (Առակաց 23։20, 21; Ա Կորնթացիս 6։9, 10; Ա Տիմոթէոս 5։23; Տիտոս 2։2, 3)։ Ալկոհոլիզմը, սակայն, ավելին է, քան ընդամենը հարբեցողությամբ զբաղվելը. այն ոգելից խմիչքներից կախվածությունն է և դրանց գործածության մեջ չափի զգացողության կորուստը։ Սովորաբար ալկոհոլիկ են դառնում չափահաս մարդիկ, սակայն ցավալի է, երբ ալկոհոլիկ դառնում են նաև երիտասարդները։
3, 4. Բացատրեք, թե ինչ ազդեցություն կարող է գործել ալկոհոլիկի վարքը կողակցի և երեխաների վրա։
3 Դեռևս հնագույն ժամանակներից Աստվածաշունչը զգուշացրել էր, որ ոգելից խմիչքների չարաշահումը խախտում է ընտանիքի անդորրը (Բ Օրինաց 21։18–21)։ Ալկոհոլիզմը քայքայիչ ազդեցություն է թողնում ամբողջ ընտանիքի վրա։ Կինը կարող է իր մտահոգության միակ առարկան դարձնել այն, թե ինչպես պայքարի ամուսնու հարբեցողության դեմ, կամ էլ ինչ անի, երբ հնարավոր չէ կանխատեսել, թե նա ինչպես իրեն կպահի հարբած վիճակում։a Կինը փորձում է թաքցնել կամ դեն նետել խմիչքը, պահում է ամուսնու դրամը, աղերսում է նրան չխմել՝ հանուն ընտանիքի, կյանքի ու նույնիսկ Աստծո հանդեպ սիրո, սակայն ոչինչ չի օգնում. ալկոհոլիկը շարունակում է խմել։ Տեսնելով, որ ամուսնու հարբեցողությանը վերջ դնելու իր ջանքերն ապարդյուն են անցնում՝ կինը հուսահատության է մատնվում և իրեն ոչ մի բանի համար այլևս պիտանի չի համարում։ Հնարավոր է՝ նրան սկսի տանջել վախի, զայրույթի ու մեղավորության զգացումը, շարունակ նյարդայնանա, տագնապ ու ինքնահարգանքի պակաս զգա։
4 Ծնողներից որևէ մեկի՝ խմիչքի նկատմամբ թուլությունը ազդեցություն է թողնում նաև երեխաների վրա։ Ոմանց հետ դաժան են վերաբերվում։ Մյուսներին պղծում են։ Երբեմն երեխաները նույնիսկ իրենց են մեղադրում այն բանում, որ իրենց ծնողը ալկոհոլիկ է։ Հաճախ վերջինիս՝ իրար հակասող արարքների պատճառով երեխաները դադարում են ուրիշներին վստահելուց։ Եվ քանի որ երեխաները սովորաբար անհարմար են զգում պատմել, թե ինչ է կատարվում տանը, նրանք ստիպված են լինում իրենց մեջ խեղդել զգացումները, ինչը հաճախ ֆիզիկապես վատ է անդրադառնում նրանց վրա (Առակաց 17։22)։ Նույնիսկ հասուն տարիքում այդ երեխաները կարող են առաջվա պես վստահության և ինքնահարգանքի պակաս զգալ։
Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ԸՆՏԱՆԻՔԸ
5. Ինչպե՞ս կարելի է պայքարել ալկոհոլիզմի դեմ, սակայն ինչո՞ւ դա հեշտ չէ։
5 Թեև, ինչպես կարծում են որոշ մասնագետներ, ալկոհոլիզմը բուժման ենթակա չէ, սակայն շատերը համամիտ են, որ խմիչքից բացարձակապես հրաժարվելու դեպքում կարելի է որոշ հաջողությունների հասնել (համեմատի՛ր Մատթէոս 5։29)։ Սակայն, իրականում ավելի հեշտ է ասել ալկոհոլիկին, որ ինքը օգնության կարիք ունի, քան գործնականում օգնել նրան, որովհետև նման խնդիր ունեցողները մեծ մասամբ իրենց ալկոհոլիկ չեն համարում։ Բայցևայնպես, երբ ընտանիքի անդամները սկսում են քայլեր ձեռնարկել, որպեսզի ձերբազատվեն ալկոհոլիզմի թողած ազդեցությունից, ալկոհոլիկը սկսում է գիտակցել, որ խնդիր ունի։ Մի բժիշկ, որը բավականին մեծ փորձ ունի ալկոհոլիկներին ու նրանց ընտանիքներին օգնություն ցույց տալու գործում, ասում է. «Ես կարծում եմ, որ այսպիսի դեպքերում շատ կարևոր է, որ ընտանիքի անդամները պարզապես իրենց առօրյայով զբաղվեն, և որքան օգտակար գործեր անեն, այնքան ավելի լավ։ Ալկոհոլիկը գնալով ավելի շատ կնկատի, թե որքան է տարբերվում ընտանիքի մնացած անդամներից»։
6. Ամենալավ խորհուրդը ստանալու համար ո՞ր աղբյուրի օգնությանը կարող են դիմել այն ընտանիքները, որոնք ալկոհոլիզմի հետ կապված խնդիր ունեն։
6 Եթե ձեր ընտանիքում ալկոհոլիկ կա, սուրբ ոգով ներշնչված աստվածաշնչյան խորհուրդները կարող են լավագույն կերպով օգնել ձեզ հնարավորության սահմաններում արդյունավետ կյանք վարելու (Եսայիա 48։17; Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Եկեք քննարկենք մի քանի սկզբունքներ, որոնք օգնել են ընտանիքներին հաջողությամբ պայքարելու ալկոհոլիզմի դեմ։
7. Ո՞վ է մեղավոր, որ ընտանիքի անդամներից մեկն ալկոհոլիկ է։
7 Ողջ մեղքը ձեզ վրա մի վերցրեք։ Աստվածաշունչն ասում է. «Ամէն մէկն իր բեռը պիտի վեր առնէ» և «ամէն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն» (Գաղատացիս 6։5; Հռովմայեցիս 14։12)։ Ալկոհոլիկը գուցե փորձի ողջ մեղքը գցել ընտանիքի անդամների վրա։ Օրինակ՝ նա կարող է ասել. «Եթե ինձ հետ ավելի լավ վերաբերվեիք, ես չէի խմի»։ Եթե դիմացինները համաձայնում են նրա ասածների հետ, ապա, փաստորեն, քաջալերում են նրան շարունակել խմելը։ Բայց եթե նույնիսկ որոշակի հանգամանքների կամ մարդկանց զոհն ենք դարձել, մեզանից յուրաքանչյուրը սեփական արարքների համար անձամբ է պատասխանատու. դա վերաբերում է նաև ալկոհոլիկներին (համեմատի՛ր Փիլիպպեցիս 2։12)։
8. Ինչպե՞ս կարելի է օգնել ալկոհոլիկին, որ անձամբ զգա իր արարքի հետևանքները։
8 Մի կարծեք, թե միշտ պետք է պաշտպանեք ալկոհոլիկին իր հարբեցողության հետևանքներից։ Բարկացկոտ մարդու մասին աստվածաշնչյան առակը կարող է հավասարապես վերաբերել նաև ալկոհոլիկին. «Եթէ անգամ մը ազատես՝ պիտի ստիպուիս կրկնել» (Առակաց 19։19, ԱԱ)։ Հնարավորություն տվեք նրան սեփական անձի վրա զգալու իր արարքի հետևանքները։ Թողեք, որ ինքը իր ետևից հավաքի, ինքը առավոտյան զանգահարի իր գործատիրոջը և բացատրություններ տա։
Քրիստոնեական ժողովի երեցները մեծ օգնություն կարող են ցուցաբերել ընտանեկան խնդիրները լուծելու հարցում
9, 10. Ինչո՞ւ այն ընտանիքները, որտեղ ալկոհոլիկ կա, չպետք է հրաժարվեն օգնությունից, և մասնավորապես ո՞ւմ պետք է դիմեն օգնության համար։
9 Ընդունեք ուրիշների օգնությունը։ Առակաց 17։17–ում կարդում ենք. «Ամեն ժամանակ սիրող է բարեկամը, եւ եղբայրը նեղ օրուան համար է ծնուած»։ Ընտանիքում ալկոհոլիկի հետ ապրելը մեծ դժբախտություն է։ Ձեզ օգնություն է հարկավոր։ Մի՛ վարանեք դիմել իսկական ընկերների օգնությանը (Առակաց 18։24)։ Զրուցելով այն անհատների հետ, ովքեր հասկանում են ձեր դժբախտությունը կամ մի ժամանակ նույն իրավիճակում են գտնվել՝ կարող եք գործնական խորհուրդներ ստանալ, թե ինչպես վարվել և ինչից խուսափել։ Սակայն հավասարակշռված եղեք։ Խոսեք նրանց հետ, ում իրոք վստահում եք, որ կպահի ձեր գաղտնիքը (Առակաց 11։13)։
10 Սովորեք վստահել քրիստոնյա երեցներին։ Քրիստոնեական ժողովի երեցներն օգնության մեծ աղբյուր կարող են լինել։ Այս հասուն տղամարդիկ կրթված են Աստծո Խոսքով և նրա սկզբունքները գործնականում կիրառելու մեծ փորձ ունեն։ Նրանք իրոք կարող են լինել «քամիի դէմ եղող պատսպարանի պէս, եւ փոթորկի դէմ եղող ծածկոցի պէս, չոր տեղում եղող ջրերի վտակների նման, մեծ ապառաժի հովանիին պէս.... ծարաւուտ երկրում» (Եսայիա 32։2)։ Քրիստոնյա երեցները ոչ միայն պաշտպանում են ժողովը վնասակար ազդեցություններից, այլև անհատապես հետաքրքրվում են նրանցով, ովքեր իրենց կյանքում խնդիրներ ունեն և մխիթարում, թարմացնում են նրանց։ Օգտվեք այդ օգնությունից։
11, 12. Ո՞վ է մեծագույն օգնությունը ցույց տալիս այն ընտանիքներին, որտեղ ալկոհոլիկ կա, և ինչպե՞ս է այդ աջակցությունը նրանց տրվում։
11 Ամենակարևորը՝ զորություն ստացեք Եհովայից։ Աստվածաշունչը ջերմորեն հավաստիացնում է. «Տէրը մօտիկ է սրտով կոտրուածներին, եւ փրկում է հոգով փշրուածներին» (Սաղմոս 34։18)։ Եթե ալկոհոլիկի հետ մի հարկի տակ ապրելը ձեզ դառնություն է պատճառում և զգում եք, որ սրտով կոտրված եք ու հոգով՝ փշրված, հիշեք՝ ‘Եհովան մոտիկ է’։ Նա հասկանում է, թե որքան դժվար կացության մեջ է ձեր ընտանիքը (Ա Պետրոս 5։6, 7)։
12 Հավատն այն ամենի հանդեպ, ինչ Եհովան ասում է իր Խոսքում, կօգնի հաղթահարելու մեր տագնապները (Սաղմոս 130։3, 4; Մատթէոս 6։25–34; Ա Յովհաննէս 3։19, 20)։ Ուսումնասիրելով Աստծո Խոսքն ու ապրելով վերջինիս սկզբունքներին ներդաշնակ՝ դուք կարող եք Աստծո սուրբ ոգու օգնությունը ստանալ, ինչը ձեզ «զօրութեան գերազանցութիւնը» կտա, որպեսզի կարող լինեք օր օրի հաղթահարել ձեր դժվարությունները (Բ Կորնթացիս 4։7)։b
13. Ո՞րն է հաջորդ խնդիրը, որը շատ ընտանիքների տառապանք է պատճառում։
13 Ոգելից խմիչքների չարաշահումը կարող է նաև մեկ այլ խնդիր առաջ բերել, որն այսօր շատ ընտանիքների է տառապանք պատճառում։ Դա բռնությունն է։
ՏԱՌԱՊԱՆՔՆԵՐ, ՈՐ ԻՐ ՀԵՏ ԲԵՐՈՒՄ Է ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ
14. Որտեղի՞ց է սկիզբ առել բռնությունն ընտանիքում, և ինչպիսի՞ն է իրավիճակն այսօր։
14 Մարդկության պատմության մեջ բռնության առաջին դեպքը տեղի է ունեցել ընտանեկան շրջանակում՝ երկու եղբոր՝ Կայենի և Աբելի միջև (Ծննդոց 4։8)։ Այդ ժամանակներից ի վեր մարդկությանն անասելի տառապանք են պատճառում ընտանիքում գործադրվող բռնության ամենատարբեր դրսևորումները։ Տղամարդիկ ծեծում են իրենց կանանց, կանայք հարձակվում են ամուսինների վրա, ծնողներն անգթորեն ծեծում են իրենց փոքր երեխաներին, իսկ արդեն չափահաս դարձած երեխաները դաժանորեն են վերաբերվում իրենց տարեց ծնողներին։
15. Ինչպե՞ս է բռնությունը էմոցիոնալ առումով ազդում ընտանիքի անդամների վրա։
15 Ընտանիքում բռնության հասցրած վնասները շատ ավելին են, քան միայն մարմնական վերքերը։ Մի կին, որի ամուսինը հաճախ էր նրան ծեծում, պատմում է. «Ստիպված ես անդադար պայքար մղել քո մեջ մի կողմից՝ մեղավորության և մյուս կողմից՝ ամոթի զգացումի դեմ։ Առավոտները չես ուզում տեղիցդ վեր կենալ. ինքդ քեզ հույս ես տալիս, թե այդ ամենը սոսկ մղձավանջ էր»։ Բացառված չէ, որ ընտանիքում բռնություն տեսած կամ էլ բռնության զոհ դարձած երեխաները, մեծանալով, իրենք էլ նույն ձևով վարվեն իրենց ընտանիքում։
16, 17. Ի՞նչ է իրենից ներկայացնում էմոցիոնալ առումով բռնությունը, և ինչպե՞ս է այն ազդում ընտանիքի անդամների վրա։
16 Ընտանիքում գործադրվող բռնությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական ուժի գործադրումով։ Հաճախ այն դրսևորվում է վիրավորական խոսքերով։ Առակաց 12։18–ն ասում է. «Շատախօս է լինում, որ սուրի պէս խոցոտում է»։ Ընտանիքում ‘սրի պես խոցոտող’ բռնությանը հատուկ են հայհոյանքներն ու գոռոցները, մշտական քննադատությունները, նվաստացուցիչ անպատվություններն ու ֆիզիկական ուժի դիմելու սպառնալիքները։ Մարդուն էմոցիոնալ առումով հասցված վերքերն անտեսանելի են, և մյուսների կողմից դրանք հաճախ չեն նկատվում։
17 Հատկապես ցավալի է, երբ երեխայի վրա զգացական ճնշում է բանեցվում՝ նրա հասցեին ուղղվում են մշտական քննադատություններ, շարունակ թերագնահատվում են նրա ընդունակությունները, մտային կարողությունները և, որպես անձնավորություն, նրա արժանիքները։ Բռնության նման դրսևորումը կարող է հանգեցնել այն բանին, որ երեխան դադարի իր ուժերի վրա վստահություն ունենալուց։ Ինչ խոսք, բոլոր երեխաներն էլ դաստիարակության կարիք ունեն, սակայն Աստվածաշունչը հետևյալ հրահանգն է տալիս. «Հայրեր, մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չ’վհատին» (Կողոսացիս 3։21)։
ԻՆՉՊԵՍ ԽՈՒՍԱՓԵԼ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԳՈՐԾԱԴՐՎՈՂ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ
Միմյանց հանդեպ սիրով և հարգանքով լցված քրիստոնյա ամուսիններն աշխատում են արագորեն հարթել խնդիրները
18. Որտեղի՞ց է սկիզբ առնում բռնությունն ընտանիքում, և ի՞նչ է Աստվածաշունչն ասում այն մասին, թե ինչպես կարելի է արմատախիլ անել այդ վատ հակումը։
18 Բռնության գաղափարը սկիզբ է առնում մարդու սրտում ու մտքում. մեր արարքները հետևանքն են մեր մտքերի (Յակոբոս 1։14, 15)։ Բռնության հակումն իր մեջ սպանելու համար մարդը պետք է փոխի իր մտածելակերպը (Հռովմայեցիս 12։2)։ Արդյոք դա հնարավո՞ր է։ Այո՛։ Աստծո Խոսքը մարդկանց փոխելու զորություն ունի։ Այն կարող է արմատախիլ անել նույնիսկ քարացած, ապականիչ հայացքները (Բ Կորնթացիս 10։4; Եբրայեցիս 4։12)։ Աստվածաշնչի ճշգրիտ գիտությունն օգնում է մարդկանց արմատական փոփոխություններ կատարել իրենց մեջ, ուստի նրանց համար ասվում է, որ նոր անձնավորություն են ‘հագնում’ (Եփեսացիս 4։22–24; Կողոսացիս 3։8–10)։
19. Ինչպե՞ս պետք է քրիստոնյան վերաբերվի իր կողակցին։
19 Ճիշտ վերաբերմունք՝ կողակցի հանդեպ։ «Պէտք է մարդիկ սիրեն իրանց կանանցը, ինչպէս իրանց մարմինները. ով որ իր կնոջը սիրում է, իրան է սիրում»,— կարդում ենք Աստվածաշնչում (Եփեսացիս 5։28)։ Աստծո Խոսքը նշում է նաև, որ ամուսինները պետք է իրենց կանանց վերաբերվեն «ինչպէս տկար անօթի՝ [նրանց] պատիւ տալով» (Ա Պետրոս 3։7)։ Իսկ կանանց պատվեր է տրվում սիրել իրենց ամուսիններին ու խոր հարգանք տածել նրանց հանդեպ (Տիտոս 2։4; Եփեսացիս 5։33)։ Ոչ մի աստվածավախ ամուսին չի կարող իրավացիորեն պնդել, թե պատվում է իր կնոջը, եթե ֆիզիկապես կամ խոսքերով վիրավորանք է հասցնում նրան։ Եվ ոչ մի կին չի կարող ասել, թե իսկապես սիրում ու հարգում է իր ամուսնուն, եթե բղավում է նրա վրա, ծաղրանքով է խոսում հետը կամ էլ շարունակ կշտամբում է նրան։
20. Ո՞ւմ առջև են ծնողները պատասխանատու իրենց երեխաների համար, և ինչո՞ւ չպետք է նրանցից պահանջել անելու այն, ինչը իրականում վեր է իրենց հնարավորություններից։
20 Ճիշտ վերաբերմունք՝ երեխաների հանդեպ։ Երեխաներն իրոք արժանի են ծնողների սիրուն և ուշադրությանը, և նրանք դրա կարիքն ունեն։ Աստծո Խոսքը երեխաներին կոչում է «Տիրոջ ժառանգութիւնն» ու «նորա վարձքը» (Սաղմոս 127։3)։ Ծնողները պատասխանատվություն են կրում Եհովայի առջև՝ հոգ տանելու այդ ‘ժառանգության’ մասին։ Աստվածաշունչն ընդունում է, որ երեխաներին հատուկ է «երեխայութեան բաները» ու «յիմարութիւնը» (Ա Կորնթացիս 13։11; Առակաց 22։15)։ Ուստի ծնողներին չպետք է զարմացնի իրենց զավակների երեխայական ‘հիմարությունները’։ Երեխաները մեծահասակներ չեն։ Ծնողները չեն կարող իրենց երեխայից պահանջել ավելին, քան նա ի վիճակի է անել՝ ելնելով տարիքից, ընտանեկան միջավայրից և իր ընդունակություններից (տե՛ս Ծննդոց 33։12–14)։
21. Տարեց ծնողների հանդեպ ինչպիսի՞ վերաբերմունքն է Աստծուն ընդունելի։
21 Ճիշտ վերաբերմունք՝ տարեց ծնողների հանդեպ։ Ղեւտացոց 19։32–ն ասում է. «Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր»։ Օրենքն այսպիսով սովորեցնում էր հարգել ու պատվել տարեց մարդկանց։ Դա կարող է այնքան էլ հեշտ չլինել, երբ թվում է, թե տարիքն առած ծնողները չափից դուրս պահանջկոտ են, կամ էլ հիվանդ են և թերևս ի վիճակի չեն արագ շարժվելու կամ մտածելու։ Այնուհանդերձ, երեխաներին հիշեցում է տրվում ‘որդիական սեր ցույց տալ և փոխարենը հատուցել ծնողներին’ (Ա Տիմոթէոս 5։4)։ Դա նշանակում է, որ ծնողների հետ պետք է հարգանքով ու արժանապատվությամբ վերաբերվել և հարկ եղած դեպքում նյութապես ապահովել։ Տարեց ծնողների հանդեպ վատ վերաբերմունքը՝ լինի դա ֆիզիկական ուժ գործադրելու թե որևէ այլ ձևով, լիովին հակասում է այն ամենին, ինչ որ Աստվածաշունչը մեզ սովորեցնում է նրանց հետ վերաբերվելու մասին։
22. Ի՞նչ կարևոր հատկություն է պետք՝ հաղթահարելու տանը գործադրվող բռնությունը, և ինչպե՞ս կարելի է այն դրսևորել։
22 Ինքնատիրապետում մշակեք։ Առակաց 29։11–ում կարդում ենք. «Յիմարն իր սրտինը բոլորը դուրս կ’տայ, բայց իմաստունը նորան ետ է պահում»։ Ինչպե՞ս կարելի է հսկողության տակ պահել զգացմունքները։ Թույլ մի տուր, որ հիասթափությունը բույն դնի քո սրտում, փոխարենը՝ առանց հապաղելու, փորձիր լուծել առաջ եկած խնդիրները (Եփեսացիս 4։26, 27)։ Եթե զգում ես, որ ափերիցդ դուրս ես գալիս, հեռացիր։ Աղոթիր այն մասին, որ Աստծո սուրբ ոգու օգնությամբ կարողանաս ինքդ քեզ կառավարել (Գաղատացիս 5։22, 23)։ Զբոսանքը կամ ֆիզիկական վարժությունները կարող են օգտակար լինել, որպեսզի կարողանաս զսպել հույզերդ (Առակաց 17։14, 27)։ Աշխատիր լինել «երկայնամիտ» (Առակաց 14։29)։
ԲԱԺԱՆՎԵ՞Լ, ԹԵ՞ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԱՄԱՏԵՂ ԿՅԱՆՔԸ
23. Ի՞նչ կարող է պատահել, եթե քրիստոնեական ժողովի անդամը շարունակաբար և առանց զղջալու ազատություն է տալիս իր բարկությանը, ինչը թերևս արտահայտում է ընտանիքի անդամների հանդեպ իր դաժան վերաբերմունքով։
23 Աստվածաշունչը Աստծո կողմից դատապարտվող գործերի շարքին դասում է նաև «թշնամութիւնները, կռիւները.... բարկութիւնները» և նշում է, որ «այսպիսի բաներ գործողներն Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ» (Գաղատացիս 5։19–21)։ Այդ իսկ պատճառով նա, ով իրեն քրիստոնյա է համարում և դրա հետ մեկտեղ կրկին ու կրկին ազատություն է տալիս զայրույթին՝ թերևս անգթաբար վերաբերվելով իր կողակցին կամ էլ երեխաներին, և չի զղջում արածի համար, կարող է հեռացվել քրիստոնեական ժողովից (համեմատի՛ր Բ Յովհաննէս 9, 10)։ Այս ճանապարհով՝ ժողովը զերծ է մնում դաժանաբարո մարդկանցից (Ա Կորնթացիս 5։6, 7; Գաղատացիս 5։9)։
24. ա) Ի՞նչ որոշում կարող է կայացնել քրիստոնյան, որը կողակցի կողմից դաժան վերաբերմունք է տեսնում։ բ) Ինչպե՞ս կարող են օգնել ընտանիքում բռնության զոհ դարձած անձնավորությանը նրա մասին մտահոգվող ընկերները կամ ժողովի երեցները, սակայն նրանք ինչի՞ց պետք է զգուշանան։
24 Սակայն ինչպե՞ս վարվեն այն քրիստոնյաները, ովքեր ներկայումս դաժան վերաբերմունքի են արժանանում իրենց կողակիցների կողմից և դեպի լավը փոխվելու ոչ մի նշույլ չեն նկատում նրանց մեջ։ Ոմանք այս կամ այն պատճառով շարունակում են համատեղ կյանքը։ Մյուսներն էլ, զգալով, որ իրենց ֆիզիկական, էմոցիոնալ կամ հոգևոր առողջությունը, գուցե նույնիսկ կյանքը վտանգի տակ է, որոշում են հեռանալ։ Ընտանիքում բռնության զոհ դարձած անհատը իր անձնական որոշումը պետք է կայացնի Եհովայի առջև, թե ինչպես վարվի տվյալ հանգամանքների ներքո (Ա Կորնթացիս 7։10, 11)։ Անկեղծ միտումներից ելնելով՝ ընկերները, հարազատները կամ քրիստոնեական ժողովի երեցները կարող են օգնություն և խորհուրդ առաջարկել, սակայն ոչ մի դեպքում չպետք է ճնշում բանեցնեն նրա վրա՝ այս կամ այն քայլը կատարելու։ Դա պետք է լինի նրա կայացրած անձնական որոշումը (Հռովմայեցիս 14։4; Գաղատացիս 6։5)։
ՎՆԱՍ ՀԱՍՑՆՈՂ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՎԵՐՋ ՈՒՆԵՆ
25. Ի՞նչ նպատակ ուներ Եհովան ընտանիքների առնչությամբ։
25 Երբ Եհովան Ադամին ու Եվային ամուսնական կապով միավորեց, նա չէր նախատեսել, որ ընտանիքները քայքայվեն այնպիսի խնդիրների պատճառով, ինչպիսիք են՝ ալկոհոլիզմն ու բռնությունը (Եփեսացիս 3։14, 15)։ Ընտանիքը պետք է լիներ սիրո ու խաղաղության հանգրվան, իսկ նրա անդամները պետք է սիրալիր կերպով հոգային միմյանց էմոցիոնալ, մտային և հոգևոր կարիքները։ Մեղքի լույս աշխարհ գալու հետ մեկտեղ ընտանեկան կյանքը արագորեն անկում ապրեց (համեմատի՛ր Ժողովող 8։9)։
26. Ի՞նչ ապագա է սպասում նրանց, ովքեր ջանում են ապրել Եհովայի պահանջներին ներդաշնակ։
26 Կարող ենք ուրախ լինել, որ Եհովան չի հրաժարվել ընտանիքների վերաբերյալ ունեցած իր նախնական նպատակից։ Նա խոստանում է մարդկանց առաջնորդել մի նոր, խաղաղ աշխարհ, որի բնակիչները «ապահով կ’բնակուեն եւ վախեցնող չի լինիլ» (Եզեկիէլ 34։28)։ Այն ժամանակ ալկոհոլիզմը, ընտանեկան բռնությունն ու ընտանիքներին տառապանք պատճառող այլ խնդիրներ անցյալի գիրկը կանցնեն։ Մարդիկ կժպտան ոչ թե իրենց սրտում եղած վախն ու ցավը թաքցնելու համար, այլ նրա համար, որ «կ’ուրախանան խաղաղութեան առատութիւնովը» (Սաղմոս 37։11)։
a Թեպետ այստեղ ալկոհոլիկը ներկայացվում է որպես արական սեռի ներկայացուցիչ, սակայն այս գլխում քննարկվող սկզբունքները հավասարապես վերաբերում են նաև կանանց։
b Որոշ երկրներում գործում են բժշկական կենտրոններ, հիվանդանոցներ ու բուժման հատուկ ծրագրեր, որոնց նպատակն է օգնություն ցույց տալ ալկոհոլիկներին և նրանց ընտանիքներին։ Դիմել դրանց օգնությանը, թե ոչ՝ անձնական որոշման հարց է։ Եհովայի վկաների կազմակերպությունը բուժման ոչ մի կոնկրետ մեթոդ չի առաջարկում։ Ամեն դեպքում, հարկավոր է զգույշ լինել, որ օգնություն փնտրելիս չտարվել այնպիսի զբաղմունքներով, որոնք հակասում են Աստվածաշնչի սկզբունքներին։