Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • kl գլ. 15 էջ 140–149
  • Կազմել Աստծուն փառք բերող ընտանիք

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կազմել Աստծուն փառք բերող ընտանիք
  • Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Գործիքներ»՝ ամուսնության մեջ երջանկության հասնելու
  • Երեխաներին մեծացնել Աստծո գիտության համեմատ
  • «Վարժութիւն» ստացեք
  • Ամուսնական կյանք
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ամուսնություն. պարգև Աստծուց
    Ինչպես մնալ Աստծու սիրո մեջ
  • Ինչպես ունենալ հաջող ամուսնություն
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ամուսնություն՝ պարգև Աստծու կողմից
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
Հավիտենական կյանքի առաջնորդող գիտություն
kl գլ. 15 էջ 140–149

Գլուխ 15

Կազմել Աստծուն փառք բերող ընտանիք

1-3. Ինչո՞ւ ոմանք չեն կարողանում լուծել ամուսին, ինչպես նաև ծնող լինելու հետ կապված խնդիրները, և Աստվածաշունչը ինչո՞ւ կարող է օգտակար լինել այդ հարցում։

ԵՆԹԱԴՐԵՆՔ՝ որոշել եք տուն կառուցել։ Դուք հողակտոր եք գնում և մեծ ոգևորությամբ սկսում եք պատկերացնել ձեր նոր տունը... Բայց եթե ո՛չ գործիքներ ունենաք և ո՛չ էլ շինարարական հմտություններ, որքա՜ն ապարդյուն կանցնեն ձեր ջանքերը։

2 Շատ զույգեր իրենց համատեղ կյանքը սկսում են երջանիկ ընտանիք կազմելու հույսով, սակայն դրան հասնելու համար նրանք ո՛չ «գործիքներ» ունեն, ո՛չ էլ «հմտություններ»։ Հարսանիքի օրվանից շատ չանցած՝ ի հայտ են գալիս վարքագծի բացասական կողմերը։ Վեճերն ու կռիվները սովորական բան են դառնում։ Իսկ երբ երեխաներ են ծնվում, հայր և մայր դարձած անհատները հայտնաբերում են, որ ծնող լինելու հարցում նույնքան անպատրաստ են, որքան ամուսին լինելու։

3 Բարեբախտաբար, Աստվածաշունչը կարող է օգնության հասնել. այնտեղ ներկայացված սկզբունքները նման են գործիքների, որոնք կօգնեն ձեզ երջանիկ ընտանիք կազմել (Առակաց 24։3)։ Տեսնենք, թե ինչպես։

«Գործիքներ»՝ ամուսնության մեջ երջանկության հասնելու

4. Ինչո՞ւ է բնական ամուսնական կյանքում խնդիրներ ակնկալել, և ի՞նչ սկզբունքներ են ներկայացված Աստվածաշնչում։

4 Անկախ այն բանից, թե որքանով են զույգերն իրար համապատասխան թվում՝ նրանք, միևնույն է, տարբեր խառնվածքների տեր են, տարբեր մանկություն են ունեցել և մեծացել են տարբեր ընտանիքներում։ Հետևաբար՝ բնական է ակնկալել, որ ամուսնությունից հետո որոշ խնդիրներ կառաջանան։ Ինչպե՞ս կարելի է լուծել դրանք։ Տուն կառուցելիս շինարարները հետևում են ճարտարապետի կողմից կազմված որոշակի նախագծի։ Դա նրանց ուղեցույցն է։ Իսկ երջանիկ ընտանիք կազմելու ուղեցույցը Աստծո կողմից տրված սկզբունքներն են, որ ներկայացված են Աստվածաշնչում։ Քննարկենք դրանցից մի քանիսը։

5. Ինչպե՞ս է Աստվածաշնչում շեշտվում կողակցի հանդեպ հավատարիմ մնալու կարևորությունը։

5 Հավատարմություն։ Հիսուսն ասել է. «Այն որ Աստուած միաւորեց, թող մարդը չ’բաժանէ»a (Մատթէոս 19։6)։ Իսկ Պողոս առաքյալը գրել է. «Ամուսնութիւնը ամեն կողմանէ պատուական է եւ անկողինը սուրբ. բայց շնացողներին եւ պոռնիկներին Աստուած կ’դատէ» (Եբրայեցիս 13։4)։ Ուստի՝ ամուսնացած անհատները պետք է Եհովայի առջև պարտավորված զգան՝ իրար հավատարիմ մնալու (Ծննդոց 39։7–9)։

6. Հավատարմությունը ինչպե՞ս կօգնի պահպանել ամուսնությունը։

6 Հավատարմությունը պաշտպանում է ամուսնական միությունը ու դարձնում է այն պատվավոր։ Հավատարիմ կողակիցները գիտեն, որ ինչ էլ պատահի, նրանք նեցուկ կկանգնեն իրար (Ժողովող 4։9–12)։ Որքա՜ն են նրանք տարբերվում այն անհատներից, ովքեր առաջին իսկ պրոբլեմից վերջ են դնում իրենց ամուսնությանը։ Նման մարդիկ իսկույն եզրակացնում են, որ սխալ ընտրություն են կատարել, որ իրար այլևս չեն սիրում, և որ ելքը նոր կողակից գտնելն է։ Սակայն դա նրանցից ոչ մեկին հասունանալու հնարավորություն չի տալիս։ Ընդհակառակը՝ այդ անհավատարիմ անհատները նույն խնդիրներին բախվում են նոր կողակցի հետ։ Երբ մարդ լավ տուն է ունենում ու հայտնաբերում է, որ տանիքը կաթում է, բնականաբար, փորձում է վերանորոգել այն, և ոչ թե ուրիշ տուն է տեղափոխվում։ Նույնը և այս դեպքում. կողակցին փոխելով՝ չենք լուծի ամուսնական կյանքում առաջ եկող խնդիրների բուն պատճառները։ Երբ պրոբլեմ է առաջանում, մի շտապեք վերջ դնել ձեր ամուսնությանը։ Փոխարենը՝ ջանք թափեք այն պահպանելու։ Հավատարմության նման դրսևորումը ցույց կտա, որ ամուսնական կառույցը համարում եք պաշտպանելու, փայփայելու և պահպանելու արժանի։

7. Հաճախ ինչո՞ւ են ամուսինների միջև հաղորդակցման հետ կապված դժվարություններ առաջանում, և ինչպե՞ս կարող է օգնել ‘նոր մարդ հագնելը’։

7 Հաղորդակցություն։ «Դիտաւորութիւնները [մտադրությունները] խանգարվում են խորհուրդ չ’լինելիս»,— ասվում է աստվածաշնչյան մի առակում (Առակաց 15։22)։ Սակայն որոշ զույգերի համար հաղորդակցվելը դժվարություն է ներկայացնում։ Ինչո՞ւ։ Բանն այն է, որ մարդիկ հաղորդակցվում են տարբեր ձևերով։ Եվ հենց դա էլ հաճախ թյուրիմացությունների ու հիասթափությունների պատճառ է դառնում։ Մեծ դեր է խաղում նաև մարդու դաստիարակությունը։ Ոմանք գուցե մեծացել են այնպիսի տան մեջ, որտեղ շարունակ վիճաբանություններ են եղել ծնողների միջև։ Այժմ, երբ նրանք ամուսնացած հասուն մարդիկ են, չեն կարողանում իրենց կողակցի հետ խոսել սիրով ու բարյացակամորեն։ Այնուհանդերձ, հարկ չկա, որ ձեր ընտանիքը վերածվի կռվով լի տան (Առակաց 17։1)։ Աստվածաշունչը շեշտում է ‘նոր մարդ հագնելու’ անհրաժեշտությունը։ Այն չի արդարացնում ոխակալությունը, դառնությունը, գոռգոռոցներն ու վիրավորական խոսքերը (Եփեսացիս 4։22–24, 31)։

8. Ի՞նչը կարող է օգնել, երբ ձեր և ձեր կողակցի միջև տարաձայնություններ են լինում։

8 Ի՞նչ կարող եք անել, երբ տարաձայնություններ են լինում։ Եթե զգում եք, որ իրավիճակը լարվում է, ճիշտ կլինի հետևել Առակաց 17։14–ում տրվող խորհրդին. «Վէճը չ’բորբոքուած դու ետ քաշուիր»։ Այո՛, դուք կարող եք հետաձգել խոսակցությունը, մինչև որ երկուսդ էլ հանդարտվեք (Ժողովող 3։1, 7)։ Բոլոր դեպքերում, աշխատեք լինել «շուտ.... լսելու համար, եւ ծանր՝ խօսելու համար, եւ ծանր՝ բարկանալու համար» (Յակոբոս 1։19)։ Ձեր նպատակը պետք է լինի ստեղծված իրավիճակից ելք գտնելը, և ոչ թե վեճից հաղթանակած դուրս գալը (Ծննդոց 13։8, 9)։ Ընտրեք այնպիսի բառեր և խոսեք այնպես, որ դա հանգստացնի թե՛ ձեզ, թե՛ ձեր կողակցին (Առակաց 12։18 ԱԱ; 15։1, 4; 29։11)։ Իսկ ամենակարևորը՝ զայրացած վիճակում մի մնացեք, այլ օգնություն փնտրեք՝ միասին խոնարհաբար Աստծուն աղոթելով (Եփեսացիս 4։26, 27; 6։18)։

9. Ինչո՞ւ կարելի է ասել, որ հաղորդակցությունը սկսվում է սրտից։

9 Աստվածաշնչյան մի առակում ասվում է. «Իմաստունի սիրտն իմաստուն է անում նորա բերանը, եւ նորա շրթունքների վերայ ուսում է աւելացնում» (Առակաց 16։23)։ Եվ իսկապես, հաջողությունը հաղորդակցության մեջ կախված է մարդու սրտից, և ոչ թե լեզվից։ Ինչպե՞ս եք վերաբերվում ձեր կողակցին։ Աստվածաշունչը քաջալերում է լինել կարեկից (Ա Պետրոս 3։8)։ Կարեկցանք կցուցաբերե՞ք, երբ տեսնեք, որ ձեր կողակիցը մտահոգված է ու վհատված։ Եթե այո, ապա նրան պատասխանելիս կկարողանաք հարմար խոսքեր գտնել (Եսայիա 50։4)։

10, 11. Ինչպե՞ս կարող է ամուսինը կիրառել Ա Պետրոս 3։7–ում տրված խորհուրդը։

10 Պատիվ և հարգանք։ Քրիստոնյա ամուսիններին պատվեր է տրվում կանանց հետ «իմաստութիւնով [բնակվելու].... ինչպէս տկար անօթի՝ կանանց պատիւ տալով» (Ա Պետրոս 3։7)։ Կնոջը պատիվ տալ նշանակում է գնահատել նրան։ Իր կնոջ հետ ‘իմաստությամբ բնակվող’ ամուսինը մեծապես հարգում է նրա զգացմունքները, արժանիքները, ընդունակություններն ու արժանապատվությունը։ Նաև ձգտում է իմանալ, թե ինչպիսին է Եհովայի տեսակետը կանանց վերաբերյալ, և թե Աստծո տեսանկյունից ինչպես է պետք վերաբերվել նրանց։

11 Ասենք՝ ձեր տանը մի շատ օգտակար և նուրբ գավաթ ունեք։ Մի՞թե խնամքով չեք վերաբերվի դրան։ Պետրոսը հենց այդ իմաստով է օգտագործում ‘տկար անօթ’ արտահայտությունը, և սա քրիստոնյա ամուսնուն պետք է մղի քնքշորեն վերաբերվելու իր սիրելի կնոջը։

12. Ինչպե՞ս կարող է կինը ցույց տալ, որ խորապես հարգում է իր ամուսնուն։

12 Իսկ ի՞նչ խորհուրդ է Աստվածաշունչը տալիս կնոջը։ Պողոսը գրում է. «Կինը իր այրէն ակնածի» (Եփեսացիս 5։33, ԱԱ)։ Ինչպես կինը կարիք ունի զգալու, որ ամուսինը պատվում ու քնքշորեն սիրում է իրեն, այնպես էլ ամուսինը կարիք ունի կնոջ կողմից հարգված լինելու։ Հարգալից կինը անխոհեմաբար չի հրապարակի ամուսնու սխալները, անկախ այն բանից՝ վերջինս քրիստոնյա է, թե՝ ոչ։ Այդպիսի կինը չի նվաստացնի իր ամուսնուն՝ ուրիշների ներկայությամբ կամ առանձին քննադատելով ու ցածրացնելով նրան (Ա Տիմոթէոս 3։11; 5։13)։

13. Ինչպե՞ս կարելի է կարծիքը հայտնել հանգիստ կերպով։

13 Սա չի նշանակում, թե կինը չի կարող հայտնել իր կարծիքը։ Եթե որևէ բան անհանգստացնում է իրեն, նա կարող է հարգալից կերպով ասել այդ մասին (Ծննդոց 21։9–12)։ Ամուսնուն որևէ միտք հուշելը նման է գնդակ նետելուն։ Կինը կարող է զգուշությամբ գցել այն, որպեսզի ամուսինը հեշտությամբ բռնի, կամ էլ նետել այնպիսի ուժգնությամբ, որ դա ցավ պատճառի նրան։ Որքա՜ն ավելի լավ կլինի, եթե կողակիցները խուսափեն ցավ պատճառող մեղադրանքներից և փոխարենը խոսեն մեղմությամբ ու բարյացակամորեն (Մատթէոս 7։12; Կողոսացիս 4։6; Ա Պետրոս 3։3, 4)։

14. Ի՞նչ պետք է անեք, եթե ձեր կողակիցը չի ձգտում ամուսնական կյանքում կիրառել Աստվածաշնչի սկզբունքները։

14 Ինչպես տեսնում ենք, աստվածաշնչյան սկզբունքները կարող են օգնել ձեզ ամուսնական կյանքում երջանկության հասնելու։ Իսկ ինչպե՞ս վարվել այն դեպքում, երբ ձեր կողակիցը հետաքրքրություն չի ցուցաբերում Աստվածաշնչի խորհուրդների հանդեպ։ Բոլոր դեպքերում շատ բանի կարելի է հասնել, եթե դուք ձեր կողմից կիրառեք Աստծո գիտությունը։ Պետրոսը գրում է. «Կանայք, հնազանդ եղէք ձեր մարդկանցը, որ եթէ նորանցից ոմանք էլ անհնազանդ լինեն խօսքին, կանանց վարքովը առանց խօսքի շահուին, տեսնելով ձեր երկիւղածութեամբ պարկեշտ վարքը» (Ա Պետրոս 3։1, 2)։ Նույնը, իհարկե, վերաբերում է նաև այն ամուսիններին, որոնց կանայք անտարբեր են Աստվածաշնչի հանդեպ։ Անկախ այն բանից, թե ինչպես կվարվի ձեր կողակիցը՝ թույլ տվեք, որ աստվածաշնչյան սկզբունքները ձեզ ավելի լավ ամուսին դարձնեն։ Աստծո գիտությունը կարող է օգնել նաև լավ ծնող դառնալու հարցում։

Երեխաներին մեծացնել Աստծո գիտության համեմատ

15. Ինչպե՞ս են երբեմն փոխանցվում դաստիարակության սխալ մեթոդները, և ինչպե՞ս կարելի է խուսափել դրանից։

15 Սղոց և մուրճ ունենալը ինքնին չի նշանակում, թե հմուտ ատաղձագործ ենք։ Նմանապես, երեխաներ ունենալը դեռ չի նշանակում, թե հմուտ ծնող ենք։ Գիտակցաբար թե ոչ գիտակցաբար՝ ծնողները հաճախ իրենց երեխաներին դաստիարակում են այնպես, ինչպես իրենք են դաստիարակվել։ Այդ կերպով դաստիարակության սխալ ձևերը երբեմն փոխանցվում են մի սերնդից մյուսին։ Եբրայական մի հին ասացվածքում ասվում է. «Հայրերը ազոխ կերան եւ որդկանց ատամներն առան»։ Սակայն Գրությունները ցույց են տալիս, որ մարդը պարտավոր չէ հետևել իր ծնողների թողած օրինակին։ Նա կարող է ուրիշ ուղի ընտրել՝ Եհովայի չափանիշներով կարգավորված (Եզեկիէլ 18։2, 14, 17)։

16. Ինչո՞ւ է կարևոր հոգ տանել ընտանիքի մասին, և ի՞նչ է դա ներառում։

16 Եհովան քրիստոնյա ծնողներից ակնկալում է, որ ճիշտ ուղղություն ցույց տան իրենց երեխաներին ու հոգ տանեն նրանց մասին։ Պողոսը գրում է. «Եթէ մէկը իրանների եւ մանաւանդ ընտանիք[ի] համար խնամք չ’տանի, նա հաւատքիցն ուրացած է եւ անհաւատից էլ չար է» (Ա Տիմոթէոս 5։8)։ Ինչպիսի՜ազդեցիկ խոսքեր։ Երեխաների մասին հոգ տանելը, որը ներառում է նրանց ֆիզիկական, հոգևոր ու էմոցիոնալ կարիքների մասին հոգալը, բարեպաշտ անհատի համար ինչպես առանձնաշնորհում է, այնպես էլ պատասխանատվություն։ Աստվածաշնչում կան այնպիսի սկզբունքներ, որոնք կարող են օգնել ծնողներին ուրախ մթնոլորտ ստեղծել իրենց երեխաների համար։ Քննարկենք դրանցից մի քանիսը։

17. Ի՞նչ է անհրաժեշտ անել, եթե ցանկանում եք, որ Աստծո օրենքը «դրոշմվի» ձեր երեխաների սրտում։

17 Լավ օրինակ ծառայեք։ Իսրայելացի ծնողներին հետևյալ պատվերն էր տրվել. «Կրկնիր [Աստծո խոսքերը] քո որդկանցը, խօսիր նորանց վերայ քո տան մէջ նստած ժամանակդ եւ ճանապարհ գնացած ժամանակդ, եւ պառկելիս եւ վեր կենալիս»։ Ծնողները պետք է Աստծո չափանիշները սովորեցնեին իրենց երեխաներին։ Պետք է նշել, սակայն, որ այս խորհրդին նախորդում էր հետևյալը. «Այս խօսքերը, որ ես այսօր քեզ պատուիրեցի, քո սրտի մէջ լինեն» (Բ Օրինաց 6։6, 7)։ Այո՛, ծնողները չեն կարող տալ այն, ինչ չունեն։ Եթե ցանկանում եք, որ Աստծո օրենքները «դրոշմվեն» ձեր երեխաների սրտում, դրանք նախ պետք է «դրոշմված» լինեն ձեր սրտում (Առակաց 20։7; համեմատի՛ր Ղուկաս 6։40)։

18. Սեր արտահայտելու հարցում ինչպիսի՞ հոյակապ օրինակ է թողել Եհովան ծնողներին։

18 Վստահեցրեք ձեր սիրո մեջ։ Հիսուսի մկրտության ժամանակ Եհովան հետևյալ հայտարարությունն արեց. «Դու ես իմ սիրելի Որդին, ես քեզ հաւանեցի» (Ղուկաս 3։22)։ Այդպես Եհովան ընդունեց իր Որդուն՝ բացահայտորեն արտահայտելով իր հավանությունը նրա հանդեպ և վստահեցնելով նրան իր սիրո մեջ։ Հետագայում Հիսուսն ասաց իր Հորը. «Աշխարհքի հիմնելուցն առաջ սիրեցիր ինձ» (Յովհաննէս 17։24)։ Ուստի որպես բարեպաշտ ծնողներ՝ արտահայտեք ձեր սերը երեխաների հանդեպ՝ լինի դա խոսքերով թե գգվանքով, և արեք դա հաճախակի։ Միշտ հիշեք, որ «սերը շինում է» (Ա Կորնթացիս 8։1)։

19, 20. Ի՞նչ է ներառում երեխաների ճիշտ դաստիարակությունը, և ինչպե՞ս կարող են ծնողները օգուտ քաղել Եհովայի օրինակից։

19 Դաստիարակեք։ Աստվածաշնչում շեշտվում է սիրով տրվող խրատի կարևորությունը (Առակաց 1։8)։ Այն ծնողները, ովքեր չեն կատարում երեխաներին ուղղություն ցույց տալու իրենց պարտականությունը, հետագայում գրեթե միշտ քաղում են դրա դառը պտուղները։ Միևնույն ժամանակ, ծնողները պետք է զգուշանան մյուս ծայրահեղության մեջ ընկնելուց։ «Հայրեր,— գրում է Պողոսը,— մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չ’վհատին» (Կողոսացիս 3։21)։ Ծնողները պետք է խուսափեն իրենց երեխաներին անընդհատ նկատողություններ անելուց, անվերջ նրանց սխալներն ուղղելուց և նրանց քննադատելուց։

20 Եհովա Աստված՝ մեր երկնային Հայրը, դաստիարակելու հարցում լավ օրինակ է ծառայում։ Պատժելիս նա երբեք ծայրահեղության մեջ չի ընկնում։ «Քեզ պիտի խրատեմ չափաւորութեամբ»,— ասել էր Աստված իր ժողովրդին (Երեմիա 46։28)։ Ծնողները այս հարցում պետք է ընդօրինակեն Եհովային։ Եթե պատիժը դուրս է գալիս ողջամտության սահմաններից կամ չի ծառայում մարդու տեսակետն ուղղելու և նրան ուսուցանելու իր նպատակին, ապա այն, անկասկած, կգրգռի երեխային։

21. Ինչպե՞ս կարող են ծնողները որոշել՝ արդյունավետ են արդյոք իրենց դաստիարակչական մեթոդները, թե՝ ոչ։

21 Ինչպե՞ս կարող են ծնողները որոշել՝ արդյունավետ են արդյոք իրենց դաստիարակչական մեթոդները, թե՝ ոչ։ Նրանք կարող են հարց տալ իրենց. «Ի՞նչ արդյունքի կհասնեմ տվյալ պատժի միջոցով»։ Երեխան պետք է դաս քաղի։ Նա պետք է հասկանա, թե ինչու է պատժվում։ Բացի այդ, ծնողները պետք է մտածեն պատժի հետևանքների մասին։ Սկզբում երեխաները գրեթե միշտ զայրանում են (Եբրայեցիս 12։11)։ Հարկավոր է նշել, սակայն, որ պատժվելիս երեխան երբեք չպետք է սարսափահար լինի, իրեն լքված զգա կամ մտածի, թե անուղղելի է։ Իր ժողովրդին պատժելուց առաջ Եհովան ասաց. «Մի վախենար.... ես քեզ հետ եմ» (Երեմիա 46։28)։ Այո՛, պատժվելիս երեխան պետք է զգա, որ դուք իր հետ եք՝ որպես սիրառատ ու հոգատար ծնող։

«Վարժութիւն» ստացեք

22, 23. Ինչպե՞ս կարող եք գտնել այն առաջնորդությունը, որը հարկավոր է երջանիկ ընտանիք կազմելու համար։

22 Մենք կարող ենք երախտապարտ լինել Եհովային, որ նա տրամադրել է մեզ անհրաժեշտ «գործիքները»՝ երջանիկ ընտանիք կազմելու համար։ Սակայն պարզապես ունենալը դեռ բավարար չէ, հարկավոր է սովորել դրանք ճիշտ գործածել։ Եթե արհեստավորը ճիշտ չկիրառի իր գործիքները, իսկ նրանցից մի քանիսը նույնիսկ բոլորովին սխալ օգտագործի, ապա նման պարագայում նրա արտադրանքը, հավանաբար, ցածրորակ կլինի։ Նույնը և ձեր դեպքում. թերևս արդեն գիտեք, թե վնասակար ինչ սովորություններ են սողոսկել ձեր ընտանիք։ Դրանցից ոմանք գուցե այնքան արմատացած են, որ դժվար է վերացնել։ Այնուամենայնիվ, կիրառեք Աստվածաշնչի հետևյալ խորհուրդը. «Թող լսէ իմաստունը եւ աւելացնէ ուսումը, եւ բանիմացը վարժութիւն ստանայ» (Առակաց 1։5)։

23 Դուք կարող եք վարժություն ստանալ՝ լավ առաջնորդություն ունենալ, եթե շարունակեք ձեռք բերել Աստծո գիտությունը։ Ուշադրություն դարձրեք աստվածաշնչյան այն սկզբունքների վրա, որ կարելի է կիրառել ընտանեկան կյանքում, և հարկ եղած դեպքում փոփոխություններ մտցրեք։ Նայեք հասուն քրիստոնյաներին, որոնք իբրև ամուսիններ ու ծնողներ լավ օրինակ են ծառայում։ Զրուցեք նրանց հետ։ Իսկ ամենակարևորը՝ աղոթքով դիմեք Եհովային ու պատմեք ձեր մտահոգությունների մասին (Սաղմոս 55։22; Փիլիպպեցիս 4։6, 7)։ Նա կօգնի ձեզ հաճույք ստանալ երջանիկ ընտանեկան կյանքից, որը փառք է բերում իրեն։

[Ծանոթագրություններ]

a Ըստ Աստվածաշնչի՝ միակ հիմքը, որը ամուսնալուծվելու և նորից ամուսնանալու իրավունք է տալիս, «պոռնկությունն» է՝ ամուսնությունից դուրս սեռական հարաբերության մեջ մտնելը (Մատթէոս 19։9)։

ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ

• Ինչպե՞ս են հավատարմությունը, հաղորդակցությունը, պատիվն ու հարգանքը նպաստում երջանկությանը ամուսնության մեջ։

• Ինչպե՞ս կարող են ծնողները վստահեցնել երեխաներին, որ սիրում են նրանց։

• Ի՞նչ է իր մեջ ներառում ճիշտ դաստիարակությունը։

[նկար ամբողջ 147–րդ էջի վրա]

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը