Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 11/15 էջ 21–23
  • Ծառայենք Աստծուն պատրաստակամ ոգով

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ծառայենք Աստծուն պատրաստակամ ոգով
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նրանք բոլորովին հրաժարվում են ծառայել
  • Պատրաստակամ ծառայության անհրաժեշտությունը
  • Ծառայել դժկամորե՞ն
  • Աստծո կամքը հաճույքով կատարենք
  • «Հոգին յօժար է, բայց մարմինը տկար»
  • Ի՞նչ կտաս հավիտենական կյանք ստանալու համար
    2008 Դիտարան
  • «Ձրի առել էք, ձրի տուէք»
    2003 Դիտարան
  • Ո՞վ պիտի բաժանի մեզ Աստծո սիրուց
    2001 Դիտարան
  • Փառաբանի՛ր Եհովային՝ որպես միակ ճշմարիտ Աստծո
    Երկրպագիր միակ ճշմարիտ Աստծուն
Ավելին
2000 Դիտարան
w00 11/15 էջ 21–23

Ծառայենք Աստծուն պատրաստակամ ոգով

«ԵՍ ԻՆՔՆԱՅՕԺԱՐ կերպով կը ծախսեմ եւ կը ծախսուեմ ձեզ համար»,— գրել է Պողոս առաքյալը (Բ Կորնթացիս 12։15)։ Ի՞նչ են հուշում մեզ այս խոսքերն այն մասին, թե ինչ տեսակետ և վերաբերմունք պետք է զարգացնեն Եհովայի ծառաները։ Ըստ Աստվածաշնչի հետազոտությամբ զբաղվող մի մասնագետի կարծիքի՝ այս խոսքերը Կորնթոսի քրիստոնյաներին գրելիս Պողոսը նկատի էր ունեցել հետևյալը. «Պատրաստ եմ ամբողջ ուժերս, ժամանակս, կյանքս ու ողջ ունեցվածքս տալ ձեր բարօրության համար, ինչպես որ հայրը կտար իր երեխաներին»։ Պողոսը պատրաստ էր հարկ եղած դեպքում «ծախսվել» կամ «մաշվել և ուժասպառ լինել»՝ քրիստոնյայի իր ծառայությունը կատարելու համար։

Դեռ ավելին, Պողոսը «ինքնայօժար կերպով» էր դրան պատրաստ։ Նա այդպես վարվեց «մեծ հաճոյքով», ինչպես կարդում ենք Նոր կտակարանի նոր աշխարհաբար թարգմանության մեջ։ Իսկ դու ի՞նչ կարող ես ասել քո մասին։ Արդյոք պատրա՞ստ ես ժամանակդ, ուժերդ, ընդունակություններդ ու կարողություններդ ծախսելու Եհովա Աստծո և մարդկանց շահերին ծառայելու համար, նույնիսկ եթե պետք է լինում երբեմն «մաշվել և ուժասպառ լինել»։ Եվ արդյոք դա կանե՞ս «մեծ հաճոյքով»։

Նրանք բոլորովին հրաժարվում են ծառայել

Մարդկանց մեծամասնությունը ոչ միայն ցանկություն չունի Աստծուն ծառայելու, այլև կտրականապես մերժում է դա անել։ Դրանով նրանք ապերախտության, եսասիրությունից բխող անկախության ու նույնիսկ ապստամբ ոգի են դրսևորում։ Ժամանակին Սատանային հաջողվել էր Ադամին ու Եվային ներքաշել հենց այդպիսի մտածելակերպի ծուղակը։ Խաբելով նրանց՝ նա ասել էր, որ «Աստծո պէս կ’լինիք՝ բարին եւ չարը գիտացող», այսինքն՝ նրանք կարող էին անձամբ որոշել, թե ինչն է լավ ու ինչը՝ վատ (Ծննդոց 3։1–5)։ Նրանք, ովքեր այսօր միևնույն ոգին են դրսևորում, ձգտում են ապրել լրիվ ինքնագլուխ՝ իրենց քմահաճույքներով, անարգել և Աստծո առջև առանց որևէ պատասխանատվություն կրելու (Սաղմոս 81։11, 12)։ Նրանք ուզում են իրենց ողջ ունեցվածքն ու կարողություններն օգտագործել զուտ անձնական շահերի համար (Առակաց 18։1)։

Թերևս, դու համամիտ չես այդ ծայրահեղ ձգտումների հետ։ Թերևս, անկեղծորեն գնահատում ես ներկա կյանքի պարգևն ու ապագայում դրախտ–​երկրի վրա ապրելու հրաշալի կյանքի հեռանկարը (Սաղմոս 37։10, 11; Յայտնութիւն 21։1–4)։ Հավանաբար, խորապես շնորհակալ ես Եհովային քո հանդեպ ցուցաբերած բարության համար։ Սակայն բոլորիս էլ զգուշություն է պետք. գուցե Սատանային հաջողվի աղավաղել մեր մտածելակերպն այնպես, որ մեր ծառայությունն այլևս ընդունելի չլինի Աստծուն (Բ Կորնթացիս 11։3)։ Ինչպե՞ս կարող է դա պատահել։

Պատրաստակամ ծառայության անհրաժեշտությունը

Եհովան մեզանից պատրաստակամություն է ակնկալում, որպեսզի իրեն սրտանց ծառայենք։ Նա երբեք մեզ չի ստիպում իր կամքը կատարել։ Մինչդեռ Սատանան ոչ մի բանի առջև կանգ չի առնում, որպեսզի ստիպի մարդկանց իր կամքին ենթարկվել։ Իհարկե, ինչ վերաբերում է Աստծուն ծառայելուն, Աստվածաշնչում իրոք խոսվում է որոշակի պարտականությունների, պատվիրանների, պահանջների և այլնի մասին (Ժողովող 12։13; Ղուկաս 1։6)։ Սակայն հիշենք, որ Աստծուն ծառայելու մեր հիմնական շարժառիթը նրա հանդեպ ունեցած սերն է (Ելից 35։21; Բ Օրինաց 11։1)։

Պողոսը գիտեր՝ որքան էլ ծառայեր Աստծուն, իր ծառայությունը անարժեք կլիներ, ‘եթե սեր չունենար’ (Ա Կորնթացիս 13։1–3)։ Աստվածաշնչի գրողները, Աստծուն ծառայել ասելով, չէին հասկանում բռնի ստրկացում (Հռովմայեցիս 12։11; Կողոսացիս 3։24)։ Խոսքը պատրաստակամորեն ծառայելու մասին է, որը բխում է Աստծո և իր Որդի Հիսուս Քրիստոսի հանդեպ անհատի տածած խոր, անկեղծ սիրուց (Մատթէոս 22։37; Բ Կորնթացիս 5։14; Ա Յովհաննէս 4։10, 11)։

Աստծուն մատուցվող մեր ծառայության մեջ պետք է արտացոլվի նաև մարդկանց հանդեպ ունեցած մեր սերը։ «Համեստ եղանք ձեր մէջ, ինչպէս մի դայեակ, որ մանուկներ է խնամում»,— գրել է Պողոս առաքյալը Թեսաղոնիկեի ժողովին (Ա Թեսաղոնիկեցիս 2։7)։ Շատ երկրներում գործող օրենքների համաձայն՝ մայրերը պարտավորվում են խնամել իրենց երեխաներին։ Բայց մի՞թե մայրերի մեծամասնությունը իրենց երեխաների մասին հոգ է տանում՝ զուտ այդ պարտավորվածությունից ելնելով։ Անշուշտ, ոչ։ Նրանք սիրո՛ւմ են իրենց զավակներին։ Կերակրող մայրը սիրով հազար ու մի զոհողությունների է գնում հանուն իր երեխայի։ Քանի որ Պողոսը նման ձևով «խանդակաթ սէր» (ԱԹ) էր տածում նրանց հանդեպ, ում համար ծառայում էր, ուստի նա «հոժար» էր («հաճեցավ», ԱԹ) իր կյանքը նվիրաբերել նրանց օգնելու համար (Ա Թեսաղոնիկեցիս 2։8)։ Հենց այդ սե՛րն է մղում մեզ հետևել Պողոսի օրինակին (Մատթէոս 22։39)։

Ծառայել դժկամորե՞ն

Հարկավոր է զգոն լինել և թույլ չտալ, որ սեփական անձի հանդեպ սերը գերազանցի Աստծո ու մարդկանց նկատմամբ մեր սիրուն։ Հակառակ դեպքում՝ մեր ծառայությունը կիսասիրտ, դժկամորեն կատարելու վտանգ կարող է առաջանալ։ Գուցե սկսենք դժգոհել ու մեր հոգին դառնանա, որ չենք կարող լիարժեք մեր ուզածի պես ապրել։ Այդպես պատահեց իսրայելացիներից ոմանց հետ, որոնք կորցրել էին Աստծո հանդեպ իրենց սերը, սակայն, պարտքի զգացումից դրդված, դեռևս շարունակում էին ինչ–​որ չափով ծառայել նրան։ Արդյունքը եղավ այն, որ Աստծուն ծառայելը ‘տաժանք’ դարձավ նրանց համար (Մաղաքիա 1։13, ԷԹ)։

Ինչ պատարագ էլ որ Աստծուն մատուցվեր, այն միշտ պետք է «անարատ» լիներ և բոլորից «լավագույնը» (Ղեւտացոց 22։17–20; Ելից 23։19, ՆԱ)։ Սակայն Մաղաքիայի օրերում, իրենց կենդանիներից լավագույնը Եհովային տալու փոխարեն, իսրայելացիները սկսել էին զոհաբերել ոչ պիտանի կենդանիներ։ Ինչպե՞ս դա ընդունվեց Եհովայի կողմից։ «Երբոր կոյրը մատուցանում էք զոհելու, վատ չէ՞,— ասել էր նա քահանաներին.— կամ երբոր մատուցանում էք կաղը կամ հիւանդը, վատ չէ՞. նորան մէկ քո իշխանին մատուցրու, արդեօք քեզ կ’հաւանէ՞ կամ քեզ կ’ընդունէ՞....։ Բերում էք յափշտակուածն ու կաղը եւ հիւանդը. այսպէս էք բերում ընծան. մի՞թէ ես կ’ընդունեմ այդ ձեր ձեռքերիցը» (Մաղաքիա 1։8, 13)։

Հնարավո՞ր է, որ նույնը նաև մեզ հետ պատահի։ Մեր զոհերը կարող են «տաժանք» (ԷԹ) դառնալ մեզ համար, եթե այն չանենք հոժար կամքով և պատրաստակամորեն (Ելից 35։5, 21, 22; Ղեւտացոց 1։3, ՆԱ; Սաղմոս 54։6; Եբրայեցիս 13։15, 16)։ Մի՞թե Եհովան կընդունի մեր օրերում նրան տրվող մնացորդները։

Իսկ եթե ընտանիքի անդամներից կամ, թերևս, նախանձախնդիր ղևտացիներից մեկնումեկը ամենալավ միտումներով ստիպեր իսրայելացուն իր ունեցած կենդանիներից լավագույնն ընտրել զոհաբերելու համար՝ վերջինիս կամքին հակառակ։ Մի՞թե Աստված կընդուներ նրա զոհը (Եսայիա 29։13; Մատթէոս 15։7, 8)։ Ոչ։ Եհովան մերժում էր նման զոհաբերությունները և ժամանակի ընթացքում մերժեց նաև դրանք մատուցողներին (Ովսէէ 4։6; Մատթէոս 21։43)։

Աստծո կամքը հաճույքով կատարենք

Աստծուն ընդունելի ծառայություն մատուցելու համար պետք է հետևել Հիսուս Քրիստոսի թողած օրինակին։ «Ոչ թէ իմ կամքն եմ որոնում,— ասել է նա,— այլ նրա կամքը, ով ինձ առաքեց» (Յովհաննէս 5։30)։ Հիսուսը մեծ բավականություն էր ստանում Աստծուն պատրաստակամորեն ծառայելուց։ Նա իրականություն դարձրեց Դավիթի գրի առած հետևյալ մարգարեական խոսքերը. «Քո կամքը կատարել կամեցայ, ով Աստուածս» (Սաղմոս 40։8)։

Թեպետ Դավիթը ուրախ էր կատարել Եհովայի կամքը, սակայն դա միշտ չէ, որ հեշտ էր նրա համար։ Օրինակ՝ ահա թե ինչ պատահեց նախքան իր ձերբակալությունը, հարցաքննությունն ու դատապարտությունը։ Գեթսեմանի պարտեզում Հիսուսը «սկսեց տրտմել եւ տագնապել»։ Էմոցիոնալ ճնշումն այնքան մեծ էր, որ աղոթելիս «նրանից քրտինքը հոսում էր արեան կաթիլների նման՝ շիթ–​շիթ գետին թափուելով» (Մատթէոս 26։37, 38; Ղուկաս 22։43, 44)։

Ինչո՞ւ էր Հիսուսն այդ աստիճան տագնապած։ Ինչ խոսք, պատճառը սեփական անձի մասին մտահոգվածությունը չէր, ոչ էլ Աստծո կամքը կատարելու ցանկության բացակայությունը։ Նա պատրաստ էր մահանալու, և դա նույնիսկ երևում է այն կտրուկ արձագանքից, որը նա տվեց ի պատասխան Պետրոսի՝ «քա՛ւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ քեզ չի պատահի» խոսքերին (Մատթէոս 16։21–23)։ Հիսուսին մտահոգում էր այն միտքը, որ իր՝ որպես արհամարհված հանցագործի մահը ազդեցություն կգործեր Եհովայի վրա ու կանդրադառնար նրա սուրբ անվանը։ Հիսուսը գիտեր, որ իր Հայրը սուր կսկիծ է զգալու՝ տեսնելով, թե ինչ բարբարոսաբար են վարվում իր սիրելի Որդու հետ։

Հիսուսը նաև հասկանում էր, որ կանգնած է Եհովայի նպատակի իրագործման շեմին, երբ, Աստծո օրենքներին հավատարիմ մնալով, նա անհերքելիորեն ապացուցելու էր, որ Ադամը ևս կարող էր նույն ընտրությունը կատարել։ Իր հավատարմությամբ Հիսուսը հերքելու էր Սատանայի այն հայտարարությունը, թե մարդիկ փորձության ներքո հոժար կամքով ու հավատարմորեն չեն ծառայի Աստծուն։ Եվ վերջապես, Հիսուսի միջոցով Եհովան վերջիվերջո խորտակելու էր Սատանային ու վերացնելու նրա ըմբոստության բոլոր հետևանքները (Ծննդոց 3։15)։

Իրոք որ հսկայական պատասխանատվություն էր դրված Հիսուսի ուսերին։ Իր Հոր անունը, ողջ տիեզերքի խաղաղությունն ու մարդկային ընտանիքի փրկությունը՝ այս ամենը կախված էր նրա հավատարիմ մնալուց։ Գիտակցելով դա՝ Հիսուսն աղոթեց. «Հա՛յր իմ, եթէ կարելի է, այս բաժակը թող ինձնից հեռու անցնի, բայց ոչ՝ ինչպէս ես եմ կամենում, այլ՝ ինչպէս դու» (Մատթէոս 26։39)։ Ծայրաստիճան ճնշման տակ անգամ Հիսուսը երբեք չերկմտեց, իսկ Հոր կամքը կատարելու նրա պատրաստակամությունը երբեք չնվազեց։

«Հոգին յօժար է, բայց մարմինը տկար»

Եհովային ծառայելիս Հիսուսի ծայրաստիճան ճնշման ենթարկվելը հուշում է մեզ տրամաբանական հետևություն անել, որ Սատանան մեզ նույնպես հանգիստ չի թողնի (Յովհաննէս 15։20; Ա Պետրոս 5։8)։ Եվ բացի այդ, չէ՞ որ մենք անկատար ենք։ Ուստի, եթե նույնիսկ Աստծուն ծառայում ենք հոժար կամքով, միևնույն է, դա մեզ համար այնքան էլ հեշտ չի լինի։ Հիսուսը տեսնում էր, թե ինչպես են առաքյալները իր ասածները կատարելու համար ներքին պայքար մղում, ուստի ասաց նրանց. «Հոգին յօժար է, բայց մարմինը տկար» (Մատթէոս 26։41, ԱԹ)։ Լինելով ֆիզիկապես կատարյալ մարդ՝ նա ոչ մի թերություն չուներ։ Իր խոսքերում նա նկատի ուներ աշակերտների մարմնի տկարությունը՝ անկատար Ադամից նրանց ժառանգած անկատարությունը։ Հիսուսը քաջ գիտեր, որ այդ ժառանգած անկատարության և դրա հետևանքով մարդու սահմանափակ հնարավորությունների պատճառով նրանք Եհովայի ծառայության մեջ լավագույնն անելու համար շարունակ պայքար էին մղելու։

Ուստի, թերևս մեզ հասկանալի է Պողոս առաքյալի վիճակը. նա մեծ ցավ էր զգում, երբ իր անկատար լինելու պատճառով չէր կարողանում Աստծուն լիարժեք ծառայել։ «Կամենալն կայ իմ մօտը,— գրել է Պողոսը,— բայց բարին անելը չեմ գտնում» (Հռովմայեցիս 7։18, ԱԹ)։ Մենք էլ ունենք այն զգացումը, որ լիարժեք չենք կարողանում կատարել այն բոլոր բարի գործերը, որ ի սրտե կցանկանայինք անել (Հռովմայեցիս 7։19)։ Սակայն դա անտարբերության արդյունք չէ, այլ մարմնի տկարության, որը խոչընդոտում է մեր ներդրած նույնիսկ լավագույն ջանքերին։

Սակայն եկեք չհուսահատվենք։ Եթե Աստծուն ծառայելիս մեր ուժերից եկածը սրտանց անենք, նա, ինչ խոսք, կընդունի մեր ծառայությունը (Բ Կորնթացիս 8։12)։ Եկեք ամեն գնով փորձենք ընդօրինակել Աստծո կամքին մինչև վերջ հնազանդվելու Քրիստոսի ցուցաբերած ոգին (Բ Տիմոթէոս 2։15; Փիլիպպեցիս 2։5–7; Ա Պետրոս 4։1, 2)։ Այդ դեպքում Եհովան կվարձատրի և, իհարկե, կօժանդակի մեզ։ Իսկ մեր տկարության դիմաց նա մեզ «զօրութեան գերազանցութիւնը» կտա (Բ Կորնթացիս 4։7–10)։ Պողոսի նման մենք էլ Եհովայի օգնությամբ ‘ինքնահոժար կերպով կծախսենք ու կծախսվենք’ Նրա թանկագին ծառայության մեջ։

[նկար 21–րդ էջի վրա]

Պողոսը պատրաստակամորեն իր ուժերից եկածն անում էր Աստծո ծառայության մեջ։

[նկար 23–րդ էջի վրա]

Նույնիսկ ծայրաստիճան ճնշման տակ Հիսուսը կատարեց իր Հոր կամքը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը