Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w08 12/15 էջ 3–7
  • Ինչո՞ւ անարատ լինել

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ինչո՞ւ անարատ լինել
  • 2008 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ի՞նչ է անարատությունը
  • 1. Մեր անարատությունը և գերիշխանության հարցը
  • 2. Աստված դատում է անարատության հիման վրա
  • 3. Անարատությունը՝ մեր հույսի հիմք
  • Պինդ կբռնե՞ս քո անարատությունը
    2008 Դիտարան
  • Մի՛ թող անարատությունդ
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Գնա անարատության ճանապարհով
    2004 Դիտարան
  • Անարատություն
    Աստվածաշնչի ըմբռնում
Ավելին
2008 Դիտարան
w08 12/15 էջ 3–7

Ինչո՞ւ անարատ լինել

«Դատիր ինձ, Տէր.... իմ անմեղութեան պէս [«անարատության համեմատ», ՆԱ]» (ՍԱՂ. 7։8)։

1, 2. Առօրյա ի՞նչ իրավիճակներում է փորձվում մեր քրիստոնեական անարատությունը։

ՊԱՏԿԵՐԱՑՐՈՒ հետևյալ երեք իրավիճակները։ Քրիստոնյա պատանին ենթարկվում է ծաղրուծանակի դասընկերների կողմից։ Նրանք փորձում են այնպես անել, որ նա ափերից դուրս գա և սկսի հայհոյել կամ կռվել։ Տեղի կտա՞ պատանին ճնշմանը, թե՞ կտիրապետի իրեն ու կհեռանա։ Քրիստոնյա ամուսինը տանը մենակ է։ Նա Ինտերնետով փնտրտուքներ է անում։ Հանկարծ էկրանին հայտնվում է մի պատուհան, որը նրան հրավիրում է մտնել անպարկեշտ կայք։ Ի՞նչ կանի նա։ Կբացի՞, թե՞ կխուսափի դրանից։ Քրիստոնյա կինը զրուցում է մի քանի քույրերի հետ։ Զրույցը սկսում է վերածվել ժողովի մի քրոջ մասին բամբասանքի։ Կմիանա՞ քույրը նրանց, թե՞ կջանա փոխել խոսակցության նյութը։

2 Այս իրավիճակները տարբեր են, բայց մեկ ընդհանուր բան ունեն, այն է՝ պայքար քրիստոնեական անարատություն պահելու համար։ Իսկ դու մտածո՞ւմ ես քո անարատությունը պահելու մասին, երբ բախվում ես զանազան խնդիրների կամ ձգտում ես հասնելու նպատակներիդ։ Մարդիկ սովորաբար մտածում են իրենց արտաքինի, առողջության, ապրուստ հայթայթելու մասին։ Նրանց հետաքրքրում են իրենց փոխհարաբերությունները ընկերների հետ, ինչ–որ մեկն էլ թերևս մտածում է սիրած անձնավորության մասին։ Նման բաներին մենք բավականաչափ ուշադրություն ենք դարձնում։ Իսկ ի՞նչ է Եհովան ուզում տեսնել մեր մեջ՝ քննելով մեր սիրտը (Սաղ. 139։23, 24)։ Մասնավորապես՝ նա ուզում է տեսնել մեր անարատությունը։

3. Ի՞նչ անելու հնարավորություն է մեզ տալիս Եհովան, և ի՞նչ կքննենք այս հոդվածում։

3 Եհովան տալիս է «ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր» (Հակ. 1։17)։ Նա մեզ տվել է այնպիսի պարգևներ, ինչպիսիք են մեր մարմինը, մտածելու ունակությունը, առողջությունը և զանազան կարողություններ (1 Կորնթ. 4։7)։ Թեպետև Եհովան նման նվերներ է տվել մեզ, նա չի ստիպում, որ անարատություն դրսևորենք։ Աստված մեզ հնարավորություն է տալիս ընտրություն կատարելու՝ զարգացնել մեր մեջ այդ հատկությունը կամ չզարգացնել (Բ Օրին. 30։19)։ Ուստի լավ կլինի նախ իմանալ, թե ինչ է անարատությունը։ Կքննենք նաև երեք պատճառ, թե ինչու է այս հատկությունը անչափ կարևոր։

Ի՞նչ է անարատությունը

4. Ի՞նչ է անարատությունը, և ի՞նչ կարող ենք սովորել զոհաբերություններին վերաբերող օրենքից։

4 Շատերը աղոտ պատկերացում ունեն այն մասին, թե ինչ է անարատությունը։ Ոմանք կարծում են, թե անարատությունը ազնվությունն է։ Ինչ խոսք, ազնությունը կարևոր հատկություն է, բայց լինել ազնիվ դեռ չի նշանակում լինել անարատ։ Աստվածաշնչի բնագրում անարատությունը կապվում է բարոյական մաքրության, անաղարտության հետ։ «Անարատություն» թարգմանված եբրայերեն բառին առնչվող բառերը ծագում են մի արմատից, որը նշանակում է առողջ, ամբողջական, անթերի։ Այդ բառերից մեկը Աստվածաշնչում օգտագործվել է Եհովային մատուցվող զոհաբերությունների առնչությամբ։ Եհովայի համար ընդունելի էր անարատ, անթերի կենդանու զոհաբերությունը (կարդա՛ Ղեւտացոց 22։19, 20)։ Նա խստորեն հանդիմանեց նրանց, ովքեր արհամարհում էին իր պատվիրանը՝ զոհաբերելով կաղ, հիվանդ կամ կույր անասուններ (Մաղ. 1։6–8)։

5, 6. ա) Ի՞նչ օրինակներով կարելի է ցույց տալ, որ մենք հաճախ գնահատում ենք այն, ինչը ամբողջական է և անթերի։ բ) Արդյոք անարատ լինելու համար պե՞տք է կատարյալ լինել։ Բացատրի՛ր։

5 Ոչ մի զարմանալի բան չկա, եթե մարդը գնահատում կամ փնտրում է հենց այն, ինչը ամբողջական, լիակատար և անթերի է։ Պատկերացրու մի մարդու, ով սիրում է հավաքել գրքեր։ Երկար որոնումներից հետո նա վերջապես գտնում է իր ուզած գիրքը։ Բայց, ավա՜ղ, մի քանի էջեր պակասում են։ Հիասթափված՝ նա գուցե հրաժարվի այդ գրքից։ Կամ պատկերացրու մի կնոջ, ով քայլում է ծովափով՝ հավաքելով խեցիներ։ Հիանալով դրանց բազմազանությամբ և գեղեցկությամբ՝ նա մերթ ընդ մերթ կռանում է, վերցնում մեկը և զննում։ Ինչպիսի՞ խեցի է նա ուզում ունենալ։ Այնպիսին, որը ամբողջական է ու անվնաս։ Նույն ձևով էլ, Եհովան փնտրում է նրանց, ում սիրտը ամբողջությամբ, լիովին «ուղիղ է իր հետ» (Բ Մնաց. 16։9)։

6 Սակայն գուցե մտածես. «Արդյոք անարատ լինելու համար պե՞տք է կատարյալ լինել»։ Քանի որ «վնասվել» ենք մեղքի ու անկատարության պատճառով, գուցե մեզ նմանեցնենք պակաս էջեր ունեցող գրքի կամ վնասված խեցու։ Երբեմն այդպե՞ս ես քեզ զգում։ Վստահ եղիր, որ Եհովան չի ակնկալում քեզնից բացարձակ կատարելություն։ Նա երբեք չի սպասում մեզնից ավելին, քան կարող ենք անելa (Սաղ. 103։14; Հակ. 3։2)։ Սակայն Եհովան ակնկալում է, որ անարատ լինենք։ Այսպիսով՝ կա՞ տարբերություն կատարելության և անարատության միջև։ Իհարկե։ Քննենք օրինակով։ Երիտասարդը սիրում է աղջկան և մտադիր է նրա հետ ամուսնանալ։ Նրա կողմից անմտություն կլինի ակնկալել, որ աղջիկը կատարյալ լինի։ Բայց երիտասարդը աղջկանից, անշուշտ, կսպասի, որ սիրի միայն իրեն և սիրի ամբողջ սրտով։ Նույնը կարելի է ասել Եհովայի մասին։ Նա «նախանձոտ [«բացարձակ նվիրվածություն պահանջող», ՆԱ] Աստուած» է (Ելից 20։5)։ Եհովան մեզնից ակնկալում է ոչ թե կատարելություն, այլ սրտանց սեր և բացարձակ երկրպագություն։

7, 8. ա) Անարատության հարցում ի՞նչ օրինակ է թողել Հիսուսը։ բ) Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ է անարատությունը։

7 Մենք գիտենք, թե ինչ Հիսուսը պատասխանեց, երբ նրան հարցրին, թե որն է ամենակարևոր օրենքը (կարդա՛ Մարկոս 12։28–30)։ Հիսուսը ոչ միայն գիտեր այդ օրենքը, այլև ապրում էր դրա համաձայն։ Նա գերազանց օրինակ է թողել մեզ Եհովային ամբողջ մտքով, սրտով, հոգով և ուժով սիրելու հարցում։ Հիսուսը ցույց տվեց, որ անարատությունը դրսևորվում է ոչ թե զուտ խոսքերով, այլ գործերով, որոնք արվում են բարի մղումներով։ Որպեսզի անարատ ընթացք ունենանք, պետք է գնանք Հիսուսի հետքերով (1 Պետ. 2։21)։

8 Այսպիսով, ըստ Աստվածաշնչի՝ մենք անարատ ենք, եթե ամբողջ սրտով նվիրված ենք մեկ երկնային Անձնավորության՝ Եհովա Աստծուն, ինչպես նաև ամբողջ հոգով անում ենք նրա կամքը և գործում ենք նրա նպատակին համապատասխան։ Անարատ լինել նշանակում է մեր ամենօրյա գործերում ձգտել նախևառաջ հաճելի լինել Եհովային։ Անարատ մարդը կարևորում է այն բաները, որոնք կարևորում է Եհովան։ Այժմ քննենք երեք պատճառները, թե ինչու է անարատությունը անչափ կարևոր։

1. Մեր անարատությունը և գերիշխանության հարցը

9. Յուրաքանչյուրիս անարատությունը ինչպե՞ս է կապված գերիշխանության հարցի հետ։

9 Եհովայի գերիշխանությունը կախված չէ մեր անարատությունից։ Նրա գերիշխանությունը արդար է, հավիտենական և համապարփակ։ Այն միշտ այդպիսին կլինի՝ անկախ նրանից, թե ինչ կասի կամ կանի որևէ բանական էակ։ Սակայն Աստծու գերիշխանության մասին չարամիտ խոսքեր են ասվել երկնքում ու երկրի վրա։ Ուստի անհրաժեշտ է բոլոր բանական արարածների առաջ արդարացնել նրա իշխանությունը, այսինքն՝ հաստատել, որ Եհովան ունի իշխելու իրավունք, և որ նա արդար է ու սիրառատ։ Լինելով Եհովայի վկաներ՝ մենք Աստծու գերիշխանության մասին սիրով խոսում ենք նրանց հետ, ովքեր ցանկանում են լսել։ Ինչպե՞ս կարող է մեզնից յուրաքանչյուրը ցույց տալ, որ Աստծու գերիշխանության կողմն է։ Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ Եհովան է մեր Գերիշխանը։ Մեր անարատությամբ։

10. Ինչո՞ւմ Սատանան զրպարտեց մարդկանց, և ինչպե՞ս դու կարձագանքես քո հասցեին ուղղված նման զրպարտությանը։

10 Տեսնենք, թե ինչպես է քո անարատությունը կապված այս հարցի հետ։ Սատանան, ըստ էության, պնդեց, որ ոչ մի մարդ չի պաշտպանի Աստծու գերիշխանությունը, և ոչ ոք սրտանց չի ծառայի Եհովային։ Բազմահազար հրեշտակների ներկայությամբ նա Եհովային ասաց. «Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ» (Յոբ 2։4)։ Նկատենք, որ այս խոսքերով Սատանան զրպարտեց ոչ միայն արդար Հոբին, այլև բոլոր մարդկանց։ Այդ պատճառով Աստվածաշունչը նրան անվանում է «մեր եղբայրներին մեղադրողը» (Հայտն. 12։10)։ Բանսարկուն ծաղրում է Եհովային՝ ասելով, որ քրիստոնյաները, այդ թվում նաև դու, հավատարիմ չեն մնա իրեն։ Սատանան պնդում է, որ դու քո «մորթը» փրկելու համար կդավաճանես Եհովային։ Ինչպե՞ս ես նայում նման մեղադրանքներին։ Եթե քեզ հնարավորություն ընձեռվեր, մի՞թե չէիր ապացուցի, որ Բանսարկուն սուտ է խոսում քո մասին։ Քո անարատությունը պահելով՝ դու կարող ես հենց դա անել։

11, 12. ա) Ո՞ր օրինակներն են ցույց տալիս, որ օրվա ընթացքում մեր կայացրած որոշումները կապ ունեն մեր անարատության հետ։ բ) Անարատ մնալն ինչո՞ւ է պատիվ մեզ համար։

11 Այսպիսով՝ դու հասկանում ես, որ անարատությունդ կախված է այն բանից, թե օրվա ընթացքում ինչ վարք ես դրսևորում և ինչ որոշումներ ես կայացնում։ Անդրադառնանք հոդվածի սկզբում հիշատակված երեք քրիստոնյաներին։ Ի՞նչ պետք է անեն նրանք, որպեսզի մնան անարատ։ Պատանին, որին ծաղրում են, գուցե մեծ ցանկություն ունենա դասընկերներին ինչ–որ ձևով պատասխանելու, բայց հիշում է հետևյալ հորդորը. «Սիրելինե՛ր, վրեժխնդիր մի՛ եղեք ձեր անձերի համար, այլ տեղ թողեք ցասմանը, որովհետև գրված է. ««Վրեժխնդրությունը ի՛մն է։ Ե՛ս կհատուցեմ»,— ասում է Եհովան»» (Հռոմ. 12։19)։ Նա հեռանում է։ Ամուսինը, որ մտել է Ինտերնետ, կարող է նայել անպարկեշտ պատկերներ, բայց հիշում է այն սկզբունքը, որն արտահայտված է Հոբի խոսքերում. «Ուխտ արի աչքերիս հետ, որ կոյսի վերայ չ’մտածեմ» (Յոբ 31։1)։ Այդ քրիստոնյան չի ուզում, որ իր աչքերը անբարո նկարներ տեսնեն, և խուսափում է դրանցից, ինչպես թույնից։ Կինը, որ զրուցում է ուրիշ կանանց հետ, նկատելով բամբասանքի մի փոքր ակնարկ անգամ, զգուշանում է։ Նա հիշում է հետևյալ խոսքը. «Մեզանից յուրաքանչյուրը թող հաճեցնի իր մերձավորին ի բարին՝ նրան կերտելու համար» (Հռոմ. 15։2)։ Եթե նա միանար նրանց, ապա դա կերտիչ չէր լինի։ Դա բիծ կբերեր իր քրիստոնյա քրոջ անվան վրա, ում մասին խոսում էին, նաև կտհաճեցներ իր երկնային Հորը։ Ուստի զսպում է իր լեզուն և փոխում է զրույցի թեման։

12 Այս օրինակներում նշված քրիստոնյաներից յուրաքանչյուրը իր կատարած քայլով, փաստորեն, ասում է. «Եհովան է իմ Գերիշխանը։ Ես կվարվեմ նրա ուզածի պես»։ Իսկ դու այդպե՞ս ես մտածում որոշումներ կայացնելիս։ Եթե այո, ուրեմն իսկապես ապրում ես Առակաց 27։11–ում գրված խոսքերի համաձայն. «Որդեակս, իմաստուն եղիր եւ սիրտս ուրախացրու, որ ես կարողանամ պատասխան տալ ինձ անարգողին»։ Ինչպիսի՜ պատիվ է ուրախացնել Աստծու սիրտը։ Իրոք, արժե ամեն ջանք թափել անարատ մնալու համար։

2. Աստված դատում է անարատության հիման վրա

13. Հոբի և Դավթի խոսքերը ինչպե՞ս են ցույց տալիս, որ Աստված մեզ դատում է մեր անարատության հիման վրա։

13 Ինչպես տեսնում ենք, անարատությունը մի հատկություն է, որը մեզ հնարավորություն է տալիս Եհովայի գերիշխանության կողմը բռնելու։ Մեր անարատության հիման վրա Աստված կարող է մեզ դատել։ Հոբը շատ լավ էր հասկանում այս ճշմարտությունը (կարդա՛ Յոբ 31։6b)։ Նա գիտեր, որ Աստված բոլոր մարդկանց կշռում է «ճշգրիտ կշեռքով»՝ մեր անարատությունը չափելով արդարության իր կատարյալ չափանիշներով։ Իսկ Դավիթն ասաց. «Տէրը դատաստան է անում ազգերի վերայ. դատիր ինձ, Տէր իմ արդարութեան պէս [«անարատության համեմատ», ՆԱ].... Դու սրտեր ու երիկամունքներ քննող ես, ով արդար Աստուած» (Սաղ. 7։8, 9)։ Մենք գիտենք, որ Աստված կարող է ներթափանցել մարդու «սրտի ու երիկամունքների» ամենահեռավոր անկյունները։ Սակայն պետք է հիշենք, թե ինչ է նա փնտրում մեր մեջ։ Նա փնտրում է անարատություն։ Ինչպես Դավիթը նշեց, Աստված դատում է մեզ մեր անարատության հիման վրա։

14. Ինչո՞ւ չպետք է երբևէ մտածենք, որ մեր անկատար, մեղավոր էության պատճառով չենք կարող անարատ լինել։

14 Միայն պատկերացրու՝ Եհովա Աստված քննում է միլիարդավոր մարդկանց սրտերը (Ա Մնաց. 28։9)։ Որքա՞ն հաճախ է նա գտնում այնպիսի սիրտ, որն անարատ է։ Հազարից մեկ։ Սակայն մենք չպետք է մտածենք, որ այնքան անկատար ենք, որ չենք կարող անարատություն պահել։ Ընդհակառակը՝ Դավթի և Հոբի պես՝ մենք բոլոր հիմքերն ունենք վստահ լինելու, որ Եհովան մեզ անարատ կհամարի։ Հիշենք, որ կատարելությունը չի երաշխավորում անհատի անարատ լինելը։ Երկիր մոլորակի վրա ընդամենը երեք կատարյալ մարդ է ապրել, որոնցից երկուսը՝ Ադամն ու Եվան, անարատ չեն մնացել։ Բայց միլիոնավոր անկատար մարդիկ պահել են իրենց անարատությունը։ Դու նույնպես կարող ես պահել։

3. Անարատությունը՝ մեր հույսի հիմք

15. Դավթի օրինակն ինչպե՞ս է ցույց տալիս, որ անարատությունը շատ կարևոր է ապագայի հույս ունենալու համար։

15 Քանի որ Եհովան մեր անարատության հիման վրա է մեզ դատելու, ապագայի մեր հույսը կախված է այդ հատկությունը դրսևորելուց։ Դավիթը գիտեր այս բանը (կարդա՛ Սաղմոս 41։12c)։ Նա, ինչպես որ այսօր ճշմարիտ քրիստոնյաները, հավիտյան ապրելու հույս ուներ, և նրա համար թանկ էր Աստծու բարեհաճությունը անվերջ վայելելու հեռանկարը։ Դավիթն ամեն ժամանակ մոտենում էր Եհովա Աստծուն և ծառայում էր նրան։ Նա հասկանում էր, որ ինքը պետք է անարատ լինի, եթե ուզում է իր հույսը իրականացած տեսնել։ Եհովան Դավթին աջակցեց, սովորեցրեց, առաջնորդեց և օրհնեց։ Նա նույն ձևով կվարվի մեզ հետ, եթե անարատ մնանք։

16, 17. ա) Ինչո՞ւ ես վճռել միշտ ամուր բռնելու քո անարատությունը։ բ) Ի՞նչ հարցեր կքննարկենք հաջորդ հոդվածում։

16 Հույս ունենալը շատ կարևոր է։ Հույսի շնորհիվ կարող ենք ուրախ մնալ դժվարությունների ներքո։ Նաև այն կարող է պաշտպանել մեր միտքը։ Հիշենք, որ Աստվածաշունչը հույսը նմանեցնում է սաղավարտի (1 Թեսաղ. 5։8)։ Սաղավարտը մարտի ժամանակ զինվորի գլուխը պաշտպանում է հարվածներից։ Նմանապես, հույսը մեզ պաշտպանում է բացասական մտքերից ու գաղափարներից, որոնցով Սատանան լցրել է այս մեռնող աշխարհը։ Կյանքն իրոք անիմաստ կլիներ, եթե չունենայինք հույս։ Ուստի անհրաժեշտ է անկեղծորեն և ուշադրությամբ քննել, թե ինչ «վիճակում» են մեր անարատությունն ու հույսը։ Մի՛ մոռացիր, որ շարունակելով անարատ լինել՝ դու թիկունք ես կանգնում Եհովայի գերիշխանությանը և պահպանում ես ապագայի անգին հույսդ։ Միշտ պինդ բռնիր քո անարատությունը։

17 Անարատության կարևորությունը հաշվի առնելով՝ հաջորդ հոդվածում կքննարկենք մի քանի հարցեր ևս։ Դրանք են՝ «ինչպե՞ս կարող ենք «կառուցել» մեր անարատությունը», «ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր անարատությունը», և «ի՞նչ կարող է անել անհատը, եթե մի որոշ ժամանակ անարատ չի մնացել»։ Հաջորդ հոդվածում կխոսենք այս մասին։

[ծանոթագրություններ]

a Ինչ խոսք, Հիսուսն ասել է այսպիսի խոսքեր. «Կատարյա՛լ եղեք, ինչպես որ ձեր երկնային Հայրն է կատարյալ» (Մատթ. 5։48)։ Նա ակներևաբար հասկանում էր, որ նույնիսկ անկատար մարդիկ են ի վիճակի կատարյալ լինելու՝ հարաբերական իմաստով։ Մենք կարո՛ղ ենք մարդկանց հանդեպ սիրառատ լինելու պատվերը կատարել, ինչով և կուրախացնենք Աստծուն։ Մինչդեռ Եհովան կատարյալ է բացարձակ իմաստով։ Նրա առնչությամբ «անարատություն» բառը նաև նշանակում է կատարելություն (Սաղ. 18։30)։

b Յոբ 31։6. «Թող կշռէ ինձ արդարութեան կշռով [«ճշգրիտ կշեռքով», ՆԱ], եւ իմանայ Աստուած իմ կատարելութիւնը [«անարատությունը», ՆԱ]»։

c Սաղմոս 41։12. «Բայց դու ինձ կ’պահպանես իմ անարատութեան մէջ [«Իմ անարատության համար դու աջակցեցիր ինձ», ՆԱ]. եւ ինձ քո երեսի առաջին կ’կանգնեցնես յաւիտեան»։

Ինչպե՞ս կպատասխանեք

• Ի՞նչ է անարատությունը։

• Ինչպե՞ս է անարատությունը կապված Եհովայի գերիշխանության հարցի հետ։

• Ինչպե՞ս է անարատությունը ապագայի հույս ունենալու հիմք տալիս մեզ։

[նկարներ 5–րդ էջի վրա]

Ամեն օր մեր անարատությունը տարբեր կերպերով փորձվում է

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը