Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 11/15 էջ 21–25
  • Պահի՛ր քո անձը Աստծու սիրո մեջ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պահի՛ր քո անձը Աստծու սիրո մեջ
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ցույց տուր սերդ Աստծու նկատմամբ
  • Սեր ցույց տուր Աստծու Որդու նկատմամբ
  • Թող Եհովայի ոգին առաջնորդի քեզ
  • Ցույց տուր իսկական սեր մերձավորիդ նկատմամբ
  • Խիղճդ մաքուր պահիր
  • Ուրիշ ինչը կօգնի քեզ խուսափելու սխալ ընթացքից
  • Իսկ եթե մեղք ես գործե՞լ
  • Մնա Աստծու սիրո մեջ
    2009 Դիտարան
  • Ազատված ենք «պատուական արիւնովը»
    2006 Դիտարան
  • Սուրբ ոգու դե՞մ ես մեղք գործել
    2007 Դիտարան
  • «Սա է Աստծու հանդեպ սերը»
    «Մնա Աստծու սիրո մեջ»
Ավելին
2006 Դիտարան
w06 11/15 էջ 21–25

Պահի՛ր քո անձը Աստծու սիրո մեջ

«Սիրելիներ.... ձեր անձերը Աստուծոյ սէրի մէջ պահէք.... յաւիտենական կեանքի համար» (ՅՈՒԴԱ 20, 21)։

1, 2. Ինչպե՞ս կարող ես մնալ Աստծու սիրո մեջ։

ԵՀՈՎԱՆ այնքան շատ է սիրում մարդկությանը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի բոլոր նրան հավատացողները հավիտենական կյանք ունենան (Յովհաննէս 3։16)։ Որքա՜ն հրաշալի է, երբ քո հանդեպ այդպիսի սեր են տածում։ Եթե դու Եհովայի ծառա ես, անկասկած, ցանկանում ես հավիտյան վայելել այդ սերը։

2 Հուդա աշակերտը բացատրեց, թե ինչպես է հնարավոր մնալ Աստծու սիրո մեջ։ Նա գրեց. «Ձեր անձերը ձեր սուրբ [«ամենասուրբ», ԱԱ] հաւատքի վերայ շինեցէք Սուրբ Հոգովը, աղոթք անելով։ Որ ձեր անձերը Աստուծոյ սէրի մէջ պահէք, սպասելով մեր Տէր Յիսուս Քրիստոսի ողորմութեանը յաւիտենական կեանքի համար» (Յուդա 20, 21)։ Աստծու Խոսքն ուսումնասիրելն ու բարի լուրը քարոզելը օգնում են քեզ, որ ‘շինես քո անձը ամենասուրբ հավատի’՝ քրիստոնեական ուսմունքների վրա։ Որպեսզի մնաս Աստծու սիրո մեջ, պետք է աղոթես «Սուրբ Հոգովը», այսինքն՝ դրա ազդեցության տակ։ Հավիտենական կյանքի արժանանալու համար անհրաժեշտ է նաև հավատ ընծայել Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությանը (Ա Յովհաննէս 4։10)։

3. Ինչո՞ւ ոմանք այլևս Եհովայի վկա չեն։

3 Ոմանք, ովքեր նախկինում ունեցել են հավատ, չեն մնացել Աստծու սիրո մեջ։ Մեղավոր ընթացք բռնելու պատճառով նրանք այլևս Եհովայի վկա չեն։ Ի՞նչ կարող ես անել, որ քեզ հետ նման բան չպատահի։ Այս հոդվածում քննարկվող մտքերի շուրջ խորհրդածելը քեզ կօգնի, որ մեղք չգործես և քո անձը Աստծու սիրո մեջ պահես։

Ցույց տուր սերդ Աստծու նկատմամբ

4. Որքա՞ն կարևոր է Աստծուն հնազանդվելը։

4 Քո սերը Աստծու նկատմամբ ցույց տուր՝ նրան հնազանդվելով (Մատթէոս 22։37)։ Հովհաննես առաքյալը գրեց. «Սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք. եւ նորա պատուիրանքները ծանր չեն» (Ա Յովհաննէս 5։3)։ Եթե Աստծուն հնազանդվելը սովորություն դարձնես, ապա բավականաչափ զորություն կունենաս՝ չտրվելու գայթակղությանը և ուրախություն կստանաս։ Սաղմոսերգուն ասաց. «Երանելի է այն մարդը, որ ամբարիշտների խորհրդի մէջ չէ գնում.... այլ նորա կամքը [«հաճութիւնը», ԱԱ] Տիրոջ օրէնքի մէջ է» (Սաղմոս 1։1, 2)։

5. Եհովայի հանդեպ սերը քեզ ինչի՞ց ետ կպահի։

5 Եհովայի հանդեպ սերը քեզ ետ կպահի լուրջ մեղք գործելուց, որը կարող է Աստծու անվանը նախատինք բերել։ Ագուրն աղոթեց. «Աղքատութիւն եւ հարստութիւն ինձ մի տար, ինձ համար որոշուած հացովը կերակրիր ինձ։ Չ’լինի որ կշտանամ եւ քեզ ուրանամ, եւ ասեմ՝ Ո՞վ է Տէրը. եւ չ’լինի որ չքաւորանամ եւ գողանամ, եւ զուր յիշեմ իմ Աստուծոյ անունը» (Առակաց 30։1, 8, 9)։ Վճռական եղիր, որ ‘զուր չհիշես Աստծու անունը’, այսինքն՝ անարգանք չբերես նրա անվանը։ Փոխարենը՝ միշտ ձգտիր ճիշտ վարվել, որպեսզի Եհովային փառք բերես (Սաղմոս 86։12)։

6. Ի՞նչ կպատահի, եթե գիտակցաբար տրվես մեղքին։

6 Կանոնավորաբար խնդրիր քո սիրառատ երկնային Հորը, որ օգնի քեզ դիմադրել մեղքի տանող գայթակղություններին (Մատթէոս 6։13; Հռովմայեցիս 12։12)։ Շարունակիր հետևել Աստծու խորհուրդներին, որպեսզի աղոթքներդ անխափան լսվեն նրա կողմից (Ա Պետրոս 3։7)։ Եթե գիտակցաբար տրվես մեղքին, ապա հետևանքները կարող են աղետալի լինել, քանի որ Եհովան, փոխաբերական իմաստով, ծածկվում է ամպով, որ ապստամբների աղոթքները չհասնեն իրեն (Երեմիայի Ողբերը 3։42–44)։ Ուստի, խոնարհ եղիր և աղոթիր, որ չանես այնպիսի բան, ինչը կարող է խոչընդոտ լինել այն բանում, որ Աստծուն ուղղած քո աղոթքները լսվեն (Բ Կորնթացիս 13։7)։

Սեր ցույց տուր Աստծու Որդու նկատմամբ

7, 8. Հիսուսի խորհրդին հետևելն ինչպե՞ս կարող է անհատին օգնել, որ մերժի մեղավոր ընթացքը։

7 Ցույց տուր սերդ Հիսուս Քրիստոսի նկատմամբ՝ հնազանդվելով նրա պատվիրաններին. դա կօգնի քեզ, որ մերժես մեղավոր ընթացքը։ Հիսուսն ասաց. «Եթէ իմ պատուիրանքները պահէք, իմ սէրի մէջը կ’կենաք. ինչպէս ես իմ Հօր պատուիրանքները պահեցի, եւ կենում եմ նորա սէրի մէջ» (Յովհաննէս 15։10)։ Ինչպե՞ս կարող են Հիսուսի խոսքերն օգնել քեզ մնալ Աստծու սիրո մեջ։

8 Հիսուսի խոսքերին ուշադրություն դարձնելու շնորհիվ դու կկարողանաս բարոյական անարատություն պահել։ Իսրայելին տրված Աստծու Օրենքում նշվում էր. «Շնութիւն մի անիր» (Ելից 20։14)։ Սակայն Հիսուսը ցույց տվեց, թե այդ պատվիրանի ետևում ի՛նչ սկզբունք է ընկած. «Ամեն ով որ մի կնկայ վերայ մտիկ տայ նորան ցանկանալու համար, նա արդէն շնացաւ նորա հետ իր սրտի մէջ» (Մատթէոս 5։27, 28)։ Պետրոս առաքյալն ասաց, որ առաջին դարի ժողովում ոմանք «աչքեր [ունեին] պոռնկութիւնով լիքը» և «խաբում [էին] անհաստատ անձերին» (Բ Պետրոս 2։14)։ Բայց դու կարող ես խուսափել սեռական անբարոյություն գործելուց, եթե սիրես ու հնազանդվես Աստծուն և Քրիստոսին և վճռես պահպանել քո փոխհարաբերությունները նրանց հետ։

Թող Եհովայի ոգին առաջնորդի քեզ

9. Սուրբ ոգու հետ կապված՝ ի՞նչ կարող է պատահել, եթե անհատը շարունակ մեղք գործի։

9 Աղոթիր Աստծուն, որ քեզ իր սուրբ ոգին տա, և թույլ տուր, որ այն առաջնորդի քեզ (Ղուկաս 11։13; Գաղատացիս 5։19–25)։ Եթե շարունակ մեղք գործես, ապա Աստված իր ոգին կարող է վերցնել քեզանից։ Դավիթը Բերսաբեի հետ մեղք գործելուց հետո Եհովային աղերսեց. «Դէն մի գցիր ինձ քո երեսիցը, եւ քո սուրբ հոգին մի վեր առնիր ինձանից» (Սաղմոս 51։11)։ Մեղանչելու և չզղջալու պատճառով Սավուղ թագավորը զրկվեց Աստծու ոգուց։ Նրա կատարած սխալն այն էր, որ ողջակեզ մատուցեց և խնայեց ամաղեկացիների հոտերն ու նախիրները, ինչպես նաև թագավորին։ Եհովան, ի վերջո, իր սուրբ ոգին վերցրեց Սավուղից (Ա Թագաւորաց 13։1–14; 15։1–35; 16։14–23)։

10. Ինչո՞ւ պետք է մերժես մեղք գործելու միտքն անգամ։

10 Մերժիր մեղք գործելու միտքն անգամ։ Պողոս առաքյալը գրեց. «Եթէ մենք ճշմարտութեան գիտութիւնն ընդունելուց յետոյ յոժար կամքով մեղք գործենք, այլ եւս նորանից յետոյ մեղքերի համար զոհ չէ մնում» (Եբրայեցիս 10։26–31)։ Ի՜նչ ողբերգական հետևանքներ կարող են լինել, եթե շարունակես գիտակցաբար մեղք գործել։

Ցույց տուր իսկական սեր մերձավորիդ նկատմամբ

11, 12. Ինչպե՞ս սերն ու հարգանքը անհատին ետ կպահեն սեռական սխալ վարք դրսևորելուց։

11 Սերը մերձավորի հանդեպ ետ կպահի քեզ սեռական սխալ վարք դրսևորելուց (Մատթէոս 22։39)։ Այդպիսի սերը կմղի քեզ պահպանել սիրտդ, որպեսզի այն քեզ չգայթակղեցնի և չդրդի գողանալ ուրիշի կողակցի զգացմունքները, ինչը կարող է շնության մեղքի տանել (Առակաց 4։23; Երեմիա 4։14; 17։9, 10)։ Նմանվիր ուղղամիտ Հոբին, որն իրեն թույլ չտվեց, բացի իր կնոջից, ուշադրություն դարձնել ուրիշ կնոջ (Յոբ 31։1)։

12 Հարգանքը ամուսնության սրբության հանդեպ կարող է քեզ օգնել խուսափելու լուրջ մեղքից։ Աստված արժանավայել ամուսնությունը և սեռական հարաբերությունները նախատեսել է կյանքի վերարտադրման համար (Ծննդոց 1։26–28)։ Հիշիր, որ սեռական օրգանները առնչություն ունեն կյանք փոխանցելու հետ, որը սուրբ է։ Շնություն կամ պոռնկություն գործող մարդիկ իրենց այդպիսի վարքով ցույց են տալիս, որ չեն հնազանդվում Աստծուն, նսեմացնում են սեռական հարաբերությունների դերը, չեն հարգում ամուսնության սրբությունը, ինչպես նաև մեղք են գործում իրենց իսկ մարմնի դեմ (Ա Կորնթացիս 6։18, ԱԱ)։ Սակայն սերը Աստծու և մերձավորի հանդեպ, ինչպես նաև աստվածահաճո հնազանդությունը մարդուն ետ կպահեն այնպիսի ընթացքից, որի պատճառով ի վերջո նա կարող է զրկվել քրիստոնեական ժողովի ընկերակցությունից։

13. Ինչպե՞ս է անբարո անհատը փչացնում իր «ստացուածքը»։

13 Մենք պետք է վանենք մեղավոր մտքերը, որպեսզի մեր հարազատին ցավ չպատճառենք։ «Պոռնիկների ընկեր եղողը ստացուածքը կ’փչացնէ»,— ասվում է Առակաց 29։3–ում։ Շնացող անձնավորությունը, որը չի զղջում, փչացնում է իր «ստացուածքը»՝ իր թանկագին փոխհարաբերությունները Աստծու հետ և իր ընտանիքի անդամների հետ։ Նրա կինը բոլոր հիմքերն ունի ամուսնալուծվելու (Մատթէոս 19։9)։ Անկախ այն բանից՝ մեղք գործողը ամուսինն է, թե կինը՝ ամուսնալուծությունը կարող է մեծ ցավ պատճառել անմեղ կողակցին, երեխաներին և ուրիշներին։ Հասկանալով, թե անբարո վարքն ինչ կործանարար հետևանքներ է ունենում՝ մենք կմղվենք դիմադրելու մեղք գործելու գայթակղությանը։

14. Ի՞նչ ենք սովորում Առակաց 6։30–35-ից։

14 Այն փաստը, որ հնարավոր չէ փոխհատուցել շնության հասցրած վնասը, պետք է անհատին մղի չանել այդպիսի խիստ եսասիրական քայլ։ Առակաց 6։30–35-ը ցույց է տալիս, որ մարդիկ գուցեև կարեկցեն այն գողին, որը գողանում է իր քաղցը հագեցնելու նպատակով, սակայն նրանք ատում են շնացող մարդուն, քանի որ նա չար մղում է ունեցել։ Նա «իր հոգին [կամ՝ կյանքն] է փչացնում»։ Ըստ Մովսիսական օրենքի՝ նրան կսպանեին (Ղեւտացոց 20։10)։ Շնություն գործողն իր կիրքը հագեցնելու համար պատրաստ է ցավ պատճառել ուրիշներին։ Չզղջացող մեղսագործը չի մնում Աստծու սիրո մեջ և վտարվում է քրիստոնեական մաքուր ժողովից։

Խիղճդ մաքուր պահիր

15. Ի՞նչպիսին է դառնում ‘տաղված խղճմտանքը’։

15 Աստծու սիրո մեջ մնալու համար մենք չենք կարող թույլ տալ, որ մեր խիղճն անզգա դառնա մեղքի հանդեպ։ Ինչ խոսք, մենք չպետք է ընդունենք աշխարհի ցածր բարոյական չափանիշները, և պետք է ուշադիր լինենք, թե ում հետ ենք ընկերակցում, ինչ ենք ընթերցում և ինչ ձևերով ենք զվարճանում։ Պողոսը զգուշացրեց. «Յետին ժամանակներումը ոմանք հաւատքիցը կ’հեռանան, եւ մտիկ կ’տան մոլար ոգիների եւ դեւերի վարդապետութիւնների, ստախօսների կեղծաւորութեամբը, որոնց խղճմտանքը տաղուած է» (Ա Տիմոթէոս 4։1, 2)։ ‘Տաղված’, կամ՝ դաղված խղճմտանքը նման է այրված մաշկի, որը սպիացել և անզգայացել է։ Այդպիսի խիղճն այլևս չի ահազանգի մեզ, որ հեռու մնանք հավատուրացներից և այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են մեզ հեռացնել հավատից։

16. Ինչո՞ւ է անչափ կարևոր մաքուր խիղճ ունենալ։

16 Մեր փրկությունը կախված է մեր խղճի մաքրությունից (Ա Պետրոս 3։21)։ Քանի որ հավատ ենք ընծայում Հիսուսի թափած արյանը, մեր խիղճը մաքրվել է մեռած գործերից, որպեսզի կարողանանք ‘կենդանի Աստծուն պաշտել’ (Եբրայեցիս 9։13, 14)։ Եթե գիտակցաբար մեղանչենք, ապա մեր խիղճը կպղծվի, այլևս մաքուր չենք լինի, հետևաբար արժանի չենք լինի Աստծու ծառա կոչվելու (Տիտոս 1։15)։ Բայց Եհովայի օգնությամբ կարող ենք մաքուր խիղճ ունենալ։

Ուրիշ ինչը կօգնի քեզ խուսափելու սխալ ընթացքից

17. Ի՞նչ օգուտներ կարող է անհատը ստանալ, եթե ‘կատարելապես հետևի Եհովային’։

17 Հին իսրայելացի Քաղեբի նման՝ ‘կատարելապես հետևիր Եհովային’ (Բ Օրինաց 1։34–36)։ Ինչ որ Աստված պահանջում է քեզանից, կատարի՛ր, և թող որ մտքովդ անգամ չանցնի օգտվել «դեւերի սեղանիցը» (Ա Կորնթացիս 10։21)։ Մերժիր հավատուրացությունը։ Երախտագիտությամբ օգտվիր հոգևոր կերակրից, որը գտնվում է միայն Եհովայի սեղանին, և քեզ չեն մոլորեցնի կեղծ ուսուցիչները կամ չար ոգեղեն արարածները (Եփեսացիս 6։12; Յուդա 3, 4)։ Կենտրոնացիր այնպիսի հոգևոր բաների վրա, ինչպիսիք են՝ Աստվածաշնչի ուսումնասիրությունը, ժողովներին հաճախելը և քարոզչական ծառայությունը։ Անկասկած, դու երջանիկ կլինես, եթե կատարելապես հետևես Եհովային և միշտ շատ բան ունենաս անելու Տիրոջ գործում (Ա Կորնթացիս 15։58, ՆԱ)։

18. Ինչպե՞ս կարող է Եհովայի հանդեպ վախն անդրադառնալ քո վարքի վրա։

18 Վճռականորեն տրամադրվիր Աստծուն սուրբ ծառայություն մատուցելու «ահով եւ երկիւղածութեամբ» (Եբրայեցիս 12։28)։ Եհովայի հանդեպ ակնածալից վախը կմղի քեզ մերժելու ցանկացած սխալ ընթացք։ Այդ վախը կօգնի քեզ վարվել համաձայն Պետրոսի խորհրդի, որը նա տվեց օծյալ քրիստոնյաներին. «Եթէ Հայր էք կանչում նորան, որ առանց աչառութեան դատաստան է անում ամեն մէկի գործին պէս, ապա ձեր պանդխտութեան ժամանակը վախով վարուեցէք» (Ա Պետրոս 1։17)։

19. Ինչո՞ւ պետք է միշտ կիրառես այն, ինչ սովորում ես Աստծու Խոսքից։

19 Միշտ կիրառիր այն, ինչ սովորում ես Աստծու Խոսքից։ Դա կօգնի քեզ խուսափել լուրջ մեղքից, քանզի դու կլինես այն մարդկանց թվում, որոնց «զգայարանները վարժողութեամբ կրթուած են բարին եւ չարը զանազանելու» (Եբրայեցիս 5։14)։ Թող որ քեզ համար կարևոր լինի, թե ինչ ես ասում և ինչ ես անում։ Զգո՛ն եղիր՝ ինչպես մի իմաստուն մարդ, որն այս չար օրերում ‘գնում է ժամանակը’։ Շարունակիր ‘իմանալ, թե որն է Եհովայի կամքը’, և միշտ այդպես արա (Եփեսացիս 5։15–17; Բ Պետրոս 3։17)։

20. Ինչո՞ւ անհատը չպետք է ագահ լինի։

20 Լիովին մերժիր ագահությունը, այսինքն՝ մի՛ ցանկացիր ունենալ այն, ինչ ուրիշին է պատկանում։ Տասը պատվիրաններից մեկն ասում է. «Մի ցանկանար քո դրացու տանը, քո դրացու կնոջը կամ նորա ծառային՝ կամ նորա աղախնին՝ կամ նորա եզին՝ կամ նորա էշին եւ քո դրացու ոչ մէկ բանին» (Ելից 20։17)։ Այս օրենքը պաշտպանում էր անհատի տունը, կնոջը, ծառաներին, անասուններին և այլն։ Ագահության մասին նշել է նաև Հիսուսը։ Նա ասաց, որ այն պղծում է մարդուն (Մարկոս 7։20–23)։

21, 22. Ի՞նչ քայլեր պետք է քրիստոնյան ձեռնարկի մեղքից խուսափելու համար։

21 Ամեն ինչ արա, որ ցանկությունը չառաջնորդի մեղքի։ Հակոբոս աշակերտը գրեց. «Ամեն մէկը փորձվում է բուն իր ցանկութիւնիցը հրապուրուած եւ խաբուած։ Եւ այնուհետեւ որ ցանկութիւնը յղացած է՝ ծնվում է մեղք. եւ մեղքն էլ երբոր կատարվում է՝ մահ կ’ծնի» (Յակոբոս 1։14, 15)։ Օրինակ՝ եթե անհատն անցյալում ոգելից խմիչքի հետ կապված խնդիր է ունեցել, նա գուցե որոշի իր տանն ընդհանրապես ալկոհոլ չպահել։ Հակառակ սեռի ներկայացուցչի հետ կապված փորձության մեջ չընկնելու համար քրիստոնյան գուցե անհրաժեշտ համարի աշխատել նույն ձեռնարկության մեկ այլ բաժնում կամ էլ ընդհանրապես փոխի աշխատանքի վայրը (Առակաց 6։23–28)։

22 Մի՛ կատարիր նույնիսկ առաջին քայլը, որ տանում է մեղքի։ Ֆլիրտը կամ անբարո մտքերը կարող են պոռնկության կամ շնության տանել։ Չնչին հարցերում սուտ խոսելը կարող է առաջնորդել նրան, որ անհատը սուտ խոսի լուրջ հարցերի հետ կապված, և ի վերջո ստելը գուցե սովորություն դառնա նրա համար։ Մանր գողությունները կարող են բթացնել անհատի խիղճն այն աստիճան, որ նա սկսի խոշոր գողություններ կատարել։ Հավատուրաց գաղափարների նկատմամբ փոքր–ինչ հանդուրժողականությունը կարող է հանգեցնել լիակատար հավատուրացության (Առակաց 11։9; Յայտնութիւն 21։8)։

Իսկ եթե մեղք ես գործե՞լ

23, 24. Ի՞նչ մխիթարություն կարող ես ստանալ Բ Մնացորդաց 6։29, 30 և Առակաց 28։13 համարներից։

23 Բոլոր մարդիկ անկատար են (Ժողովող 7։20)։ Բայց եթե դու լուրջ մեղք ես գործել, ապա կարող ես մխիթարություն ստանալ Սողոմոն թագավորի աղոթքից, որը նա ասաց Եհովայի տաճարի հանդիսավոր բացման ժամանակ։ Նա աղոթեց. «Քո բոլոր Իսրայէլի ժողովրդից մի որ եւ է մարդ ինչ եւ է աղօթք եւ աղերսանք մատուցելու լինի, եւ ամեն մարդ որ իր ցաւը եւ ախտը գիտէ եւ իր ձեռքերը տարածէ դեպի այս տունը, այն ժամանակ դու լսիր երկնքիցը՝ քո բնակուելու տեղիցը եւ ներիր. եւ տուր այն մարդին իր բոլոր ճանապարհների համեմատ, որ գիտացել ես նորա սիրտը, որովհետեւ դու միայն գիտես մարդկանց որդիների սիրտը» (Բ Մնացորդաց 6։29, 30)։

24 Այո՛, Աստված գիտի մարդկանց սրտերը և ներում է նրանց։ Առակաց 28։13–ում ասվում է. «Իր յանցանքը ծածկողը չի յաջողուիլ, բայց խոստովանող ու թողողը ողորմութիւն կ’գտնէ»։ Զղջալով, խոստովանելով և մեղք գործելը թողնելով՝ անհատը կարող է արժանանալ Աստծու ողորմածությանը։ Եթե դու հոգևորապես թույլ վիճակում ես, ապա ուրիշ ի՞նչ կարող ես անել, որպեսզի մնաս Աստծու սիրո մեջ։

Ինչպե՞ս կպատասխանեիք

• Ինչպե՞ս կարող ենք մեր անձը պահել Աստծու սիրո մեջ։

• Ինչպե՞ս է Աստծու և Քրիստոսի հանդեպ սերն օգնում մեզ, որ մերժենք մեղավոր ընթացքը։

• Ինչո՞ւ է մերձավորի հանդեպ սերը մեզ ետ պահում սեռական սխալ վարք դրսևորելուց։

• Ինչպե՞ս կարող ենք խուսափել սխալ ընթացքից։

[նկար 21-րդ էջի վրա]

Հուդան ցույց է տալիս մեզ, թե ինչպես մեր անձը պահենք Աստծու սիրո մեջ

[նկար 23-րդ էջի վրա]

Ամուսնալուծությունը կարող է մեծ ցավ պատճառել անմեղ կողակցին ու երեխաներին

[նկար 24-րդ էջի վրա]

Արդյոք Քաղեբի նման տրամադրվա՞ծ ես ‘կատարելապես հետևելու Եհովային’

[նկար 25-րդ էջի վրա]

Որպեսզի փորձությանը դիմադրես, կանոնավորաբար աղոթիր Եհովային

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը