«Հետդ բեր գրքերը՝ հատկապես մագաղաթները»
ՊՈՂՈՍ առաքյալն այս խոսքերով իր համագործակցին՝ Տիմոթեոսին, խնդրեց, որ մի քանի ձեռագիր գրքեր իր հետ բերի։ Ի՞նչ գրքերի և մագաղաթների մասին էր խոսքը։ Ինչո՞ւ Պողոսը նման բան խնդրեց։ Եվ ի՞նչ կարող ենք սովորել նրանից։
Մ.թ. առաջին դարի կեսերին, երբ Պողոսը գրում էր այս խոսքերը, Եբրայերեն գրությունների 39 գրքերը բաժանված էին 22 կամ 24 գրքերի, որոնց մեծ մասը առանձին մագաղաթների վրա էր գրված։ Պրոֆեսոր Ալան Միլարդը նշում է, որ այդ ձեռագրերը թեպետ թանկ արժեին, բայց հարուստների համար մատչելի էին։ Նրանցից ոմանք ունեին առնվազն մեկ գիրք։ Օրինակ՝ եթովպացի ներքինին Եսայիա մարգարեի գիրքն ուներ և իր կառքում նստած «բարձրաձայն կարդում էր»։ Նա «եթովպացիների կանդակի՝ թագուհու բարձրաստիճան պաշտոնյաներից էր, և նրա բոլոր գանձերը նրա հսկողության տակ էին»։ Նա պետք է որ բավականին հարուստ լիներ (Գործ. 8։27, 28)։
Պողոսը Տիմոթեոսին խնդրեց. «Երբ գաս, հետդ բեր այն թիկնոցը, որ թողել եմ Տրովադայում՝ Կարպոսի մոտ, նաև գրքերը՝ հատկապես մագաղաթները» (2 Տիմոթ. 4։13)։ Պողոսի խոսքերը ցույց են տալիս, որ նա մի շարք գրքեր ուներ։ Աստծու Խոսքից բացի, ուրիշ ի՞նչը կարող էր ավելի պատվավոր տեղ զբաղեցնել նրա գրադարանում։ «Մագաղաթներ» բառի վերաբերյալ աստվածաշնչագետ Արչիբալդ Ռոբերտսոնը ասում է. «Դրանք հավանաբար Հին կտակարանի գրքերի կրկնօրինակներ էին։ Այդ մագաղաթները ավելի թանկ արժեին, քան պապիրուսե ձեռագրերը»։ Պողոսը վաղ տարիքից կրթություն էր ստացել Գամաղիելի մոտ, որը Մովսիսական օրենքի ուսուցիչ էր և հարգված էր ժողովրդի կողմից։ Ուստի հասկանալի է, որ Պողոսը ի վիճակի է եղել ձեռք բերելու Աստծու Խոսքի գրքերի կրկնօրինակները (Գործ. 5։34; 22։3)։
Ինչպե՞ս էին քրիստոնյաները օգտագործում ձեռագիր մատյանները
Ժողովրդի մեծ մասը չուներ սուրբ գրքերը։ Այդ դեպքում ինչպե՞ս էին քրիստոնյաները կարդում կամ լսում Աստծու Խոսքը։ Այս հարցի պատասխանը գտնում ենք Տիմոթեոսին ուղղված Պողոսի առաջին նամակում, որտեղ նա գրել էր. «Մինչև իմ գալը շարունակիր ջանասեր լինել բարձրաձայն ընթերցելու.... մեջ» (1 Տիմոթ. 4։13)։ Քրիստոնեական ժողովի հանդիպումներին բարձրաձայն ընթերցվում էր Աստծու Խոսքը։ Այդ սովորությունը եկել էր դեռ Մովսեսի ժամանակներից (Գործ. 13։15; 15։21; 2 Կորնթ. 3։15)։
Տիմոթեոսը, որը ժողովում ծառայում էր որպես երեց, պետք է բարձրաձայն կարդար Աստծու Խոսքը, իսկ ներկաները, որոնք սուրբ գրքերի ձեռագիր մագաղաթների օրինակներ չունեին, օգուտներ կքաղեին այդ ընթերցանությունից։ Այդ հանդիպումների ժամանակ բոլորը՝ թե՛ ծնողները, թե՛ երեխաները, ուշադիր լսում էին ընթերցանությունը, որպեսզի բաց չթողնեին և ոչ մի բառ, իսկ հետո իրենց լսածը քննարկում էին տանը։
Մեռյալ ծովի մոտ հայտնաբերված մագաղաթներից մեկը՝ Եսայիայի մարգարեությունը, գրեթե 7,3 մետր երկարություն ուներ։ Այդպիսի մագաղաթները սովորաբար երկու կողմից փաթաթված էին լինում ձողերի վրա և պահվում էին պատյանի մեջ, ուստի դրանք պետք է որ ծանր լինեին։ Ամենայն հավանականությամբ, քրիստոնյաներից շատերը ծառայության գնալիս չէին կարող բոլոր մագաղաթները իրենց հետ վերցնել։ Թեպետ Պողոսը ուներ որոշ մագաղաթներ, սակայն իր ճանապարհորդությունների ժամանակ չէր կարող այդ բոլորը իր հետ տանել։ Ակներևաբար, նա դրանցից մի քանիսը թողել էր Տրովադայում՝ իր ընկեր Կարպոսի մոտ։
Ի՞նչ ենք սովորում Պողոսից
Պողոսը երկրորդ անգամ բանտարկված էր Հռոմում, երբ գրում էր Տիմոթեոսին իր նամակը։ Նախքան կխնդրեր, որ նա իր հետ մագաղաթները բերի, Պողոսը գրեց. «Ես մղեցի բարի պատերազմը, ավարտեցի մրցավազքը.... Այսուհետև ինձ համար պահված է արդարության պսակը» (2 Տիմոթ. 4։7, 8)։ Նա այս խոսքերը գրել է մոտավորապես մ.թ. 65-ին, երբ Ներոնը հալածանքներ էր սկսել քրիստոնյաների դեմ։ Այդ ժամանակ դաժանորեն էին վերաբերվում բանտարկյալներին։ Պողոսը հասկանում էր, որ իր մահապատիժն անխուսափելի է (2 Տիմոթ. 1։16; 4։6)։ Ակնհայտ է, թե ինչու էր Պողոսն ուզում, որ իր գրքերը իր մոտ լինեին։ Չնայած վստահ էր, որ մինչև վերջ մղել է հավատի բարի պատերազմը, միևնույնն է, ցանկանում էր շարունակել ամուր մնալ՝ ուսումնասիրելով Աստծու Խոսքը։
Տիմոթեոսը, ըստ երևույթին, դեռ Եփեսոսում էր, երբ ստացավ Պողոսի խնդրանքը (1 Տիմոթ. 1։3)։ Եփեսոսից Հռոմ Տրովադայով անցնող ճանապարհը մոտավորապես 1600 կիլոմետր էր։ Այդ նույն նամակում Պողոսը նաև հորդորում էր Տիմոթեոսին. «Ամեն ինչ արա, որ մինչև ձմեռ գաս» (2 Տիմոթ. 4։21)։ Հայտնի չէ, թե արդյոք Տիմոթեոսը կարողացավ ժամանակին նավով մեկնել Հռոմ։ Այդ մասին Աստվածաշնչում չի խոսվում։
Ի՞նչ ենք իմանում Պողոսի մասին նրա այն խնդրանքից, որ ասաց Տիմոթեոսին՝ «հետդ բեր գրքերը՝ հատկապես մագաղաթները»։ Իր կյանքի այդ ամենադժվար պահին Պողոսը շարունակում էր փափագել Աստծու Խոսքին։ Տեսնո՞ւմ ես, թե որն է գաղտնիքը, որ նրան հաջողվում էր հոգևորապես միշտ արթուն ու եռանդուն լինել, ինչպես նաև քաջալերանքի աղբյուր շատերի համար։
Այսօր մենք ունենք ամբողջ Աստվածաշունչը։ Մեզանից ոմանք նույնիսկ ունեն Աստվածաշնչի տարբեր հրատարակություններ։ Պողոսի պես՝ մենք ևս պետք է փափագենք ավելի խորությամբ հասկանալ Սուրբ Գիրքը։ Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակը Պողոսի գրած 14 ներշնչյալ նամակներից վերջինն էր։ Մագաղաթները բերելու խնդրանքը Պողոսը գրեց իր նամակի վերջում։ Սա նրա վերջին խնդրանքներից էր։
Ցանկանո՞ւմ ես Պողոսի պես մինչև վերջ մղել հավատի բարի պատերազմը։ Ուզո՞ւմ ես հոգևորապես արթուն լինել և պատրաստ՝ մասնակցելու քարոզչական գործին այնքան ժամանակ, որքան որ Տերը կկամենա։ Այդ դեպքում լավ կլինի հետևել Պողոսի հորդորին։ «Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն»՝ ջերմեռանդորեն և կանոնավորաբար ուսումնասիրելով Աստվածաշունչը, որն այժմ ոչ թե առանձին մագաղաթներից է բաղկացած, այլ մեկ հարմարավետ գիրք է և մատչելի է գրեթե բոլոր մարդկանց (1 Տիմոթ. 4։16)։
[քարտեզ/նկարներ 18-րդ էջի վրա]
Հռոմ
Տրովադա
Եփեսոս