Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 10/15 էջ 12–15
  • Գնա դեպի լույսը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գնա դեպի լույսը
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Խուսափիր հավատի «նավաբեկությունից»
  • Ավետյաց երկրի նախաշեմին
  • Օգնություն՝ հոգևոր զգոնությունը պահպանելու համար
  • Զգուշանանք կեղծ լույսերից
  • Աստծո լույսը ցրում է խավարը
    2002 Դիտարան
  • Աստվածաշնչի գիրք համար 4. Թվեր
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • «Թող.... փայլի ձեր լոյսը»
    2001 Մեր թագավորական ծառայությունը
  • Ցնծալու են նրանք, ովքեր գնում են լույսի մեջ
    2001 Դիտարան
2007 Դիտարան
w07 10/15 էջ 12–15

Գնա դեպի լույսը

ՓԱՐՈՍՆԵՐԸ անհամրելի կյանքեր են փրկել։ Նրանց լույսը ոչ միայն օգնել է խուսափել ստորջրյա վտանգավոր ժայռերից, այլև հոգնած ուղևորների համար եղել է այն բանի նշանը, որ իրենք շուտով տեղ են հասնելու։ Կարելի է ասել, որ քրիստոնյաները, արդեն երկար ժամանակ է, «նավարկում» են հոգևորապես խավար և վտանգավոր այս աշխարհի միջով, ու նրանց «ուղևորությունը» մոտենում է ավարտին։ Աստվածաշունչը Աստծուց օտարացած մարդկությանը համեմատում է «ալէծուփ ծովի» հետ, որը «չէ կարող հանդարտել, եւ նորա ջուրերը տիղմ ու ցեխ են դուրս տալիս» (Եսայիա 57։20)։ Թեպետ Աստծու ծառաները այս միջավայրում են գտնվում, բայց նրանք փրկության պայծառ հեռանկար ունեն, որն իրենց համար ասես ճշմարիտ լույս լինի (Միքիա 7։8)։ Եհովայի ու նրա գրավոր Խոսքի շնորհիվ «լոյս է ծագում արդարին, եւ ուրախութիւն՝ սրտով ուղիղներին» (Սաղմոս 97։11)։a

Սակայն որոշ քրիստոնյաներ տարբեր պատճառներով շեղվել են ճանապարհից և չեն շարունակում ընթանալ Եհովայից ճառագող լույսի ուղղությամբ։ Նրանց հավատը կործանվել է այնպիսի «ստորջրյա ժայռերից», ինչպիսիք են նյութապաշտությունը, անբարոյությունը և հավատուրացությունը։ Այո՛, առաջին դարում ապրող որոշ քրիստոնյաների պես՝ ոմանք այսօր «իրենց հավատի մեջ նավաբեկության են ենթարկվել» (1 Տիմոթեոս 1։19; 2 Պետրոս 2։13–15, 20–22)։ «Նավահանգիստը», որին պետք է հասնենք, նոր աշխարհն է։ Եվ քանի որ այն շատ մոտ է, իրոք ողբերգություն կլինի կորցնել Եհովայի հավանությունը։

Խուսափիր հավատի «նավաբեկությունից»

Անցյալում լինում էին դեպքեր, երբ նավը մեծ օվկիանում անվտանգ ճանապարհորդելուց հետո նավաբեկության էր ենթարկվում ափին մոտենալիս։ Հաճախ հենց ափամերձ տարածքներն էին ամենավտանգավոր տեղերը, որոնց հասնում էին ուղևորության վերջում։ Նմանապես, շատերի համար մարդկության պատմության ամենավտանգավոր շրջանը այս համակարգի «վերջին օրերն» են։ Աստվածաշունչը արդարացիորեն ասում է, որ դրանք «չափազանց դժվար ժամանակներ» են, հատկապես նվիրված քրիստոնյաների համար (2 Տիմոթեոս 3։1–5)։

Իսկ ինչո՞ւ է այդպես։ Սատանան գիտի, որ «քիչ ժամանակ ունի» պատերազմելու Աստծու ժողովրդի դեմ, ուստի ավելի ինտենսիվ ջանքեր է թափում նրանց հավատը արմատախիլ անելու ուղղությամբ (Հայտնություն 12։12, 17)։ Այնուամենայնիվ, մենք անօգնական չենք։ Եհովան շարունակում է պաշտպանել նրանց, ովքեր կատարում են իր խորհուրդները (Բ Թագաւորաց 22։31)։ Նա մեզ համար նախազգուշական օրինակներ է թողել, որոնք օգնում են բացահայտել Սատանայի նենգ դավերը։ Քննենք այդ օրինակներից երկուսը։ Դրանք վերաբերում են այն ժամանակաշրջանին, երբ իսրայելացիները մոտեցել էին Ավետյաց երկրին (1 Կորնթացիներ 10։11; 2 Կորնթացիներ 2։11)։

Ավետյաց երկրի նախաշեմին

Մովսեսի առաջնորդությամբ իսրայելացիները ազատագրվեցին Եգիպտոսի գերությունից։ Կարճ ժամանակ անց նրանք մոտեցան Ավետյաց երկրի հարավային սահմաններին։ Մովսեսը 12 մարդ ուղարկեց՝ երկիրը հետախուզելու։ Վերադառնալով՝ հետախույզներից տասը անհավատարմորեն բացասական տեղեկություններ հայտնեցին, որոնք հուսալքեցին իսրայելացիներին։ Այդ հետախույզներն ասացին, թե Իսրայելը չի կարողանա հաղթել քանանացիներին, քանի որ վերջիններս «երկայնահասակ մարդիկ» են և ուժեղ բանակ ունեն։ Ի՞նչ ազդեցություն թողեցին նրանց խոսքերը։ Աստվածաշնչից տեղեկանում ենք, որ իսրայելացիները սկսեցին տրտնջալ Մովսեսի և Ահարոնի դեմ՝ ասելով. «Ի՞նչու համար Եհովան մեզ այս երկիրը բերաւ, որ սրով ընկնենք, եւ մեր կանայքն ու մեր որդիքը յափշտակուին.... Եկէք մէկ զօրագլուխ ընտրենք եւ Եգիպտոս դառնանք» (Թուոց 13։3, 29–33; 14։1–4)։

Պատկերացնո՞ւմ եք։ Նրանք այն մարդիկ էին, ովքեր սեփական աչքերով էին տեսել, թե ինչպես Եհովան տասը կործանարար պատուհասների և Կարմիր ծովում տեղի ունեցած ահազդու հրաշքի միջոցով ծնկի բերեց հզոր Եգիպտոսը՝ այն ժամանակվա աշխարհակալ տերությունը։ Այժմ Ավետյաց երկիրը իրենց առջև էր։ Ընդամենը պետք էր առաջ շարժվել, ինչպես որ նավն է շարժվում իր նպատակակետը մատնանշող լույսի ուղղությամբ։ Սակայն նրանք այն կարծիքին էին, թե Եհովան ի վիճակի չէ կործանելու Քանանի մանր քաղաք–պետությունները։ Իրենց այս անհավատությունը որքա՜ն տխրեցրեց Աստծուն և մյուս երկու խիզախ հետախույզներին՝ Հեսուին ու Քաղեբին։ Վերջիններս ասում էին, որ Քանանը իրենց համար «կերակուրի» պես է։ Այդ երկու անհատները իրավիճակին նայում էին ականատեսի աչքերով, քանի որ անցել էին Քանանի երկրի միջով։ Չնայած որ Հեսուն ու Քաղեբը ստիպված եղան տասնամյակներ շարունակ մնալ անապատում, քանի որ ժողովուրդը զրկվեց Ավետյաց երկիր մտնելու հնարավորությունից, այնուամենայնիվ, նրանք չմահացան անհավատարիմ իսրայելացիների նման։ Այդ երկու անհատները օգնեցին հաջորդ սերնդին դուրս գալ անապատից՝ Ավետյաց երկիր մտնելու համար (Թուոց 14։9, 30)։ Բայց այս անգամ Իսրայելին այլ տեսակի փորձություն էր սպասում։ Արդյոք նրանք կհաղթահարեի՞ն այն։

Մովաբացիների Բաղակ թագավորը, կանչելով Բաղաամ անունով մի կեղծ մարգարեի, փորձեց անիծել տալ Իսրայելին։ Սակայն Եհովան խափանեց այս դավադրությունը՝ ստիպելով Բաղաամին օրհնություններ արտաբերել՝ անեծքի փոխարեն (Թուոց 22։1–7; 24։10)։ Բայց սա Բաղաամին չկանգնեցրեց։ Նա մեկ այլ նենգության դիմեց, որի հետևանքով Աստծու ժողովուրդը կարող էր անարժան գտնվել Խոստացյալ երկիրը մտնելու։ Ի՞նչ էր նա մտածել։ Դրդել իսրայելացիներին անբարոյություն գործել և երկրպագություն մատուցել Բահաղ աստծուն։ Թեպետ այս դավադրությունն ընդհանուր առմամբ նույնպես ձախողվեց, այնուամենայնիվ 24 000 իսրայելացիներ դարձան այդ խաբկանքի զոհը։ Նրանք անբարո սեռական հարաբերությունների մեջ մտան մովաբացի կանանց հետ և միացան Բելփեգովրի (Փեգովրի Բահաղի) երկրպագությանը (Թուոց 25։1–9)։

Խորհե՛նք։ Այդ իսրայելացիներից շատերը Եհովայի առաջնորդությամբ ապահով անցել էին «մեծ եւ ահագին անապատով» (Բ Օրինաց 1։19)։ Բայց երբ արդեն հասել էր Աստծու խոստումները ժառանգելու ժամանակը, նրանցից 24 000 հոգի տրվեցին մարմնի ցանկություններին ու Եհովայի ձեռքով կործանվեցին։ Այս օրինակը արժեքավոր դաս կարող է լինել Աստծու ծառաների համար այսօր, երբ մոտենում է շատ ավելի մեծ խոստումներ ժառանգելու ժամանակը։

Այս վերջին օրերում Եհովայի երկրպագուներին իրենց վարձատրությունից զրկելու համար Սատանան նոր միջոցների դիմելու կարիք չի զգում։ Այսօր էլ երբ Բանսարկուն հաճախ փորձում է վախ և կասկածներ սերմանել Աստծու ծառաների սրտում՝ դիմելով սպառնալիքների, հալածանքի և նվաստացման, մենք հիշում ենք այն նույն մարտավարությունը, որը գործի դրեց նա, երբ Իսրայելն առաջին անգամ մոտեցավ Ավետյաց երկրի սահմաններին։ Որոշ քրիստոնյաներ զոհ են գնացել դրան (Մատթեոս 13։20, 21)։ Սատանայի ծուղակներից մեկ ուրիշը, որի արդյունավետությունը ստուգված է ժամանակով, մարդկանց բարոյապես քայքայելն է։ Եղել են դեպքեր, երբ քրիստոնեական ժողով սողոսկած որոշ անհատներ փորձել են ապականել նրանց, ովքեր հոգևորապես տկար են և համոզվածությամբ չեն ընթանում Աստծուց եկող լույսի ուղղությամբ (Հուդա 8, 12–16)։

Հոգևորապես հասուն և զգոն անհատների համար այս աշխարհի սրընթաց բարոյական անկումը Սատանայի հուսահատության ակնհայտ ապացույցն է։ Նա գիտի, որ շուտով կզրկվի Աստծու հավատարիմ ծառաներին վնաս հասցնելու հնարավորությունից։ Ուստի այժմ առավել քան երբևէ պետք է հոգևորապես զգոն մնանք Սատանայի ծուղակները նկատելու համար։

Օգնություն՝ հոգևոր զգոնությունը պահպանելու համար

Պետրոս առաքյալը Աստծու մարգարեական խոսքը համեմատեց «մի ճրագի հետ, որը լույս է տալիս մութ տեղում», քանզի օգնում է քրիստոնյաներին տեսնել, թե ինչպես է կատարվում Եհովայի նպատակը (2 Պետրոս 1։19–21)։ Նրանք, ովքեր սեր են զարգացնում Աստծու Խոսքի հանդեպ և շարունակում են առաջնորդվել այդ Խոսքով, տեսնում են, որ Եհովան «ուղղում է իրենց ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։ Այդպիսի երախտագետ անհատները լի են հույսով և ցնծում են «սրտի բերկրութիւնից»։ Մինչդեռ Եհովային չճանաչող կամ նրա ճանապարհը լքող մարդիկ ի վերջո «սրտի ցավ» են զգում (Եսայիա 65։13, 14)։ Աստվածաշունչը ջանադրաբար ուսումնասիրելու և մեր գիտելիքները գործադրելու շնորհիվ կկարողանանք մեր տեսադաշտի կենտրոնում պահել մեր հույսը և ոչ թե այս աշխարհի ժամանակավոր հաճույքները։

Աղոթքը նույնպես անչափ օգնում է հոգևորապես արթուն մնալ։ Հիսուսը ներկա համակարգի վերջի մասին խոսելիս ասաց. «Արթո՛ւն եղեք՝ ամեն ժամանակ աղաչանքներ անելով, որպեսզի ձեզ հաջողվի փախչել այս բոլոր բաներից, որ պետք է կատարվեն, և կանգնել մարդու Որդու առաջ» (Ղուկաս 21։34–36)։ Ուշագրավ է, որ նա այստեղ օգտագործում է «աղաչանքներ» բառը։ Աղաչանքը ջերմեռանդ աղոթքն է։ Հիսուսը գիտեր, որ չափազանց դժվար այս ժամանակներում մեզ սպառնալու է հավիտենական կյանքի հեռանկարը կորցնելու վտանգը։ Արդյոք քո աղոթքներից երևո՞ւմ է, որ մեծ փափագ ունես հոգևորապես արթուն մնալու։

Չմոռանանք, որ հավիտենական կյանքի տանող մեր «նավարկության» ամենավտանգավոր շրջանը «ուղևորության» վերջն է։ Որքա՜ն, ուրեմն, կարևոր է, որ մեր տեսադաշտից չկորցնենք փրկության առաջնորդող լույսը։

Զգուշանանք կեղծ լույսերից

Հնում, երբ մարդիկ ճանապարհորդում էին առագաստանավերով, հանցագործները մի նենգ միջոցի էին դիմում այն գիշերներին, երբ լուսին չկար, և նավաստիները դժվարանում էին տեսնել ափը։ Այդ մարդիկ լույսեր էին դնում ափի վտանգավոր տեղերում, որպեսզի մոլորության մեջ գցեին նավապետներին և դրդեին փոխել նավի ուղղությունը։ Այդ դեպքում նավաբեկություն էր տեղի ունենում, նավը կողոպտվում էր, իսկ մարդիկ զոհվում էին։

Նմանապես, Սատանան, որ մոլորության մեջ գցող «լույսի հրեշտակ» է, ցանկություն ունի կողոպտել Աստծու ծառաներին՝ «գողանալ» նրանց թանկագին փոխհարաբերությունները Աստծու հետ։ Բանսարկուն անզգույշներին կարող է մոլորեցնել «կեղծ առաքյալների»՝ հավատուրաց «արդարության ծառայողների» միջոցով (2 Կորնթացիներ 11։13–15)։ Եթե նավապետն ու նավի անձնակազմը զգոն են ու փորձառու, հավանականությունը քիչ է, որ նրանք մոլորության մեջ կընկնեն կեղծ լույսերից։ Այն քրիստոնյաները, «ովքեր իրենց ըմբռնողականությունը գործի դնելու միջոցով այն մարզել են ճիշտն ու սխալը զանազանելու համար», նույնպես չեն մոլորվի կեղծ ուսմունքներ և վնասակար փիլիսոփայական գաղափարներ տարածող մարդկանց կողմից (Եբրայեցիներ 5։14; Հայտնություն 2։2)։

Ծովագնացները սովորաբար իրենց մոտ պահում էին այն փարոսների ցուցակը, որոնց հանդիպելու էին ճանապարհին։ Այդ ցուցակում նշվում էր, թե ինչ առանձնահատկություններ և հատուկ ազդանշաններ ուներ փարոսներից յուրաքանչյուրը։ Այս կապակցությամբ «Ուորլդ բուք» հանրագիտարանում (անգլ.) ասվում է. «Որպեսզի ծովագնացները կարողանան որոշել, թե որ փարոսն են տեսնում և հետևաբար որտեղ են գտնվում, նրանք դիտում են այդ փարոսի առանձնահատկությունները և համեմատում դրանք փարոսների ցուցակում նշված տեղեկությունների հետ»։ Նմանապես, Աստծու Խոսքն օգնում է ազնվասիրտ անհատներին գտնելու ճշմարիտ կրոնը և այն դավանող մարդկանց, հատկապես այս վերջին օրերում, երբ Եհովան այն վեր է բարձրացրել կեղծ կրոնից (Եսայիա 2։2, 3; Մաղաքիա 3։18)։ Ցույց տալու համար, թե ինչ բացահայտ տարբերություն է լինելու ճշմարիտ կրոնի և կեղծ կրոնների միջև, Եսայիա մարգարեն ասել է. «Ահա խաւարը ծածկել է երկիրը, եւ մառախուղն՝ ազգերը. բայց քեզ վերայ ծագում է Տէրը, եւ նորա փառքը երեւում է քեզ վերայ։ Եւ ման են գալիս ազգերը դէպի քո լոյսը, եւ թագաւորները՝ դէպի քեզ վերայ ծագած պայծառութիւնը» (Եսայիա 60։2, 3)։

Տարբեր ազգերից հավաքված միլիոնավոր մարդիկ, որ այսօր շարունակում են գնալ Եհովայի լույսի ուղղությամբ, հավատի «նավաբեկության» չեն ենթարկվի իրենց «ուղևորության» այս վերջին շրջանում։ Ընդհակառակը՝ նրանք ապահով «կնավարկեն» ներկա համակարգի վերջին օրերի միջով և կհանգրվանեն նոր աշխարհի խաղաղ «նավահանգստում»։

[ծանոթագրություն]

a Սուրբ Գրություններում «լույս» բառը մի շարք փոխաբերական և խորհրդանշական իմաստներ ունի։ Օրինակ՝ Աստվածաշունչը լույսը կապում է Աստծու հետ (Սաղմոս 104։1, 2; 1 Հովհաննես 1։5)։ Աստծու Խոսքի հոգևոր ճշմարտությունները նույնպես նմանեցվում են լույսի (Եսայիա 2։3–5; 2 Կորնթացիներ 4։6)։ Երկրի վրա իր ծառայությունը կատարելիս Հիսուսը աշխարհի լույսն էր (Հովհաննես 8։12; 9։5; 12։35)։ Բացի այդ, նա իր հետևորդներին պատվիրել էր, որ իրենց լույսը փայլեցնեն մարդկանց առջև (Մատթեոս 5։14, 16)։

[նկար 15–րդ էջի վրա]

Ծովագնացների պես՝ քրիստոնյաները զգուշանում են կեղծ լույսերից

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը