Ուշադրություն դարձրու քո «սովորեցնելու արվեստին»
«Խոսքը քարոզի՛ր.... հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր ամենայն երկայնամտությամբ և սովորեցնելու արվեստով» (2 ՏԻՄՈԹ. 4։2)։
1. Ի՞նչ պատվեր է տվել Հիսուսը իր աշակերտներին, և ի՞նչ օրինակ է նա թողել։
ԻՐ ԵՐԿՐԱՅԻՆ կյանքի ընթացքում Հիսուսը հրաշքով բուժումներ կատարեց։ Սակայն նրան գլխավորապես ճանաչում էին ոչ թե որպես բժշկի կամ հրաշագործի, այլ ուսուցչի (Մարկ. 12։19; 13։1)։ Աստծու Թագավորության մասին բարի լուրը հռչակելը Հիսուսի համար ամենակարևոր բանն էր։ Նույնը կարելի է ասել նաև նրա ներկայիս հետևորդների մասին։ Քրիստոնյաները աշակերտներ պատրաստելու հանձնարարություն ունեն։ Նրանք մարդկանց սովորեցնում են պահել այն ամենը, ինչ որ պատվիրել է Հիսուսը (Մատթ. 28։19, 20)։
2. Ի՞նչ է հարկավոր քարոզելու հանձնարարությունը կատարելու համար։
2 Աշակերտներ պատրաստելու մեր հանձնարարությունը կատարելու համար մենք միշտ ձգտում ենք բարելավել մեր ուսուցողական հմտությունները։ Պողոս առաքյալը շեշտեց դրա կարևորությունը իր ծառայակցին՝ Տիմոթեոսին գրած նամակում։ Նա ասաց. «Շարունակ ուշադրություն դարձրու քո անձին և քո ուսուցանելուն։ Հարատևի՛ր սրանցում, որովհետև սա անելով՝ կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին» (1 Տիմոթ. 4։16)։ «Ուսուցանել» ասելով՝ առաքյալը նկատի չուներ միայն գիտելիքներ փոխանցելը։ Արդյունավետ քարոզիչները ձգտում են հասնել մարդկանց սրտին և մղել նրանց փոփոխություններ կատարելու իրենց կյանքում։ Այո՛, ուսուցանելը արվեստ է։ Հետևաբար հարց է առաջանում. «Ինչպե՞ս կարող ենք տիրապետել «սովորեցնելու արվեստին»» (2 Տիմոթ. 4։2)։
Տիրապետիր «սովորեցնելու արվեստին»
3, 4. ա) Ինչպե՞ս կարող ենք տիրապետել «սովորեցնելու արվեստին»։ բ) Ինչպե՞ս է Աստվածապետական ծառայության դպրոցն օգնում մեզ դառնալու արդյունավետ ուսուցիչներ։
3 Մի բառարանում «արվեստ» բառը սահմանվում է հետևյալ կերպ. «հմտություն, որը ձեռք է բերվում ուսումնասիրելով, կիրառելով և դիտելով»։ Մենք պետք է ուշադրություն դարձնենք այս երեք բաներին՝ բարի լուրի լավ ուսուցիչ դառնալու համար։ Նյութի վերաբերյալ ճշգրիտ հասկացողություն կարող ենք ձեռք բերել միայն ուսումնասիրություն կատարելով, որն ուղեկցվում է աղոթքով (կարդա՛ Սաղմոս 119։27, 34)։ Դիտելով, թե ինչպես են փորձառու քարոզիչները ուսուցանում՝ կարող ենք սովորել նրանց մեթոդները և ընդօրինակել նրանց։ Իսկ անընդհատ կիրառելով սովորածը՝ մենք ավելի կհմտանանք քարոզելու գործում (Ղուկ. 6։40; 1 Տիմոթ. 4։13–15)։
4 Եհովան Մեծագույն Ուսուցիչն է։ Իր կազմակերպության տեսանելի մասի միջոցով նա առաջնորդություն է տալիս իր երկրային ծառաներին, թե ինչպես կատարեն քարոզելու հանձնարարությունը (Ես. 30։20, 21, ՆԱ)։ Այս նպատակով յուրաքանչյուր ժողովում ամեն շաբաթ անցկացվում է Աստվածապետական ծառայության դպրոց, որի նպատակն է օգնել բոլոր ներկաներին դառնալու Թագավորության արդյունավետ քարոզիչներ։ Դպրոցի հիմնական դասագիրքը Աստվածաշունչն է։ Եհովայի ներշնչյալ Խոսքը ասում է մեզ, թե ինչ սովորեցնենք մարդկանց։ Ավելին, այն ցույց է տալիս, թե ուսուցողական որ մեթոդներն են արդյունավետ ու հարմար։ Աստվածապետական ծառայության դպրոցում մեզ կանոնավորաբար հիշեցվում է, որ մենք ավելի կհմտանանք ուսուցանելու գործում, եթե սովորեցնենք Աստծու Խոսքի հիման վրա, արդյունավետ հարցեր օգտագործենք, ուսուցանենք պարզ ձևով և անկեղծ հետաքրքրություն ցույց տանք։ Եկեք քննենք այս կետերից յուրաքանչյուրը։ Այնուհետև կքննարկենք, թե ինչպես կարող ենք հասնել ուսումնասիրող անհատի սրտին։
Սովորեցրու Աստծու Խոսքի հիման վրա
5. Ուսուցանելիս ինչի՞ վրա պետք է հիմնվենք և ինչո՞ւ։
5 Հիսուսը՝ երկրի վրա երբևէ ապրած մեծագույն ուսուցիչը, իր ուսուցումները հիմնում էր Գրությունների վրա (Մատթ. 21։13; Հովհ. 6։45; 8։17)։ Նա խոսում էր ոչ թե իր անունից, այլ նրա, ով ուղարկել էր իրեն (Հովհ. 7։16–18)։ Մենք պետք է հետևենք Հիսուսի օրինակին։ Ուստի, ինչ որ ասում ենք տնետուն ծառայության կամ Աստվածաշնչի տնային ուսումնասիրության ժամանակ, պետք է լիովին հիմնված լինի Աստծու Խոսքի վրա (2 Տիմոթ. 3։16, 17)։ Ինչքան էլ խելացի դատողություններ անենք, միևնույն է, ներշնչյալ Գրությունները ավելի արդյունավետ ու զորեղ են։ Այո՛, Աստվածաշունչը մեծ ուժ ունի։ Ինչ էլ որ փորձենք բացատրել ուսումնասիրողին, մենք դա լավագույն ձևով արած կլինենք, եթե անհատին առաջարկենք այդ մասին անձամբ ընթերցել Գրություններից (կարդա՛ Եբրայեցիներ 4։12)։
6. Ինչպե՞ս կարող է ուսուցիչը հավաստիանալ, որ ուսումնասիրողը հասկանում է քննարկվող նյութը։
6 Իհարկե, սա չի նշանակում, որ քրիստոնյա ուսուցիչը չպետք է նախապատրաստվի Աստվածաշնչի ուսումնասիրությանը։ Ընդհակառակը՝ անհրաժեշտ է նախապես ուշադիր քննել, թե ուսումնասիրության ընթացքում նշված սուրբգրային համարներից որոնք ուսուցիչը կամ ուսումնասիրողը կկարդա։ Առհասարակ լավ կլինի ընթերցել այն համարները, որոնք անմիջականորեն առնչվում են մեր ուսմունքներին։ Անհրաժեշտ է նաև օգնել ուսումնասիրողին հասկանալու ընթերցվող համարներից յուրաքանչյուրը (1 Կորնթ. 14։8, 9)։
Արդյունավետ հարցեր օգտագործիր
7. Ինչո՞ւ է հարցեր տալը ուսուցանելու արդյունավետ մեթոդ։
7 Ուսուցիչը արդյունավետ հարցերի միջոցով կարող է խթանել ուսումնասիրողի մտածողությունը և հասնել նրա սրտին։ Հետևաբար, աստվածաշնչյան համարները բացատրելու փոխարեն՝ խնդրիր, որ նա ինքը բացատրի դրանք։ Երբեմն գուցե անհրաժեշտ լինի տալ լրացուցիչ հարց և նույնիսկ մի քանի հարցեր, որ ուսումնասիրողը ճիշտ եզրահանգման գա։ Փաստորեն, եթե այս ձևով ես սովորեցնում, ապա օգնում ես նրան ոչ միայն հասկանալ, թե ինչ է ընկած տվյալ եզրակացության հիմքում, այլև այդ եզրակացությունը դարձնել նրա սեփական համոզմունքը (Մատթ. 17։24–26; Ղուկ. 10։36, 37)։
8. Ինչպե՞ս կարող ենք իմանալ, թե ինչ է իրականում մտածում ուսումնասիրողը։
8 Մեր հրատարակություններում օգտագործվում է հարց ու պատասխանի մեթոդը։ Անկասկած, մարդկանց մեծամասնությունը, ում հետ ուսումնասիրում ենք Աստվածաշունչը, կկարողանա արագորեն պարբերությունից գտնել տպագրված հարցի պատասխանը։ Սակայն խորաթափանց ուսուցիչը չի բավարարվի միայն ճիշտ պատասխանը լսելով։ Օրինակ՝ ուսումնասիրողը կարող է ճիշտ բացատրել, թե ինչ է Աստվածաշունչն ասում պոռնկության վերաբերյալ (1 Կորնթ. 6։18)։ Տեսակետը բացահայտող նրբանկատ հարցեր տալով՝ կիմանանք, թե ինչ է ուսումնասիրողը իրականում մտածում իր սովորածի մասին։ Ուսուցիչը կարող է հարցնել. «Ինչո՞ւ է Աստվածաշունչը դատապարտում արտամուսնական սեռական հարաբերությունները։ Ի՞նչ ես մտածում Աստծու կողմից դրված այս սահմանափակման մասին։ Ի՞նչ ես կարծում, կա՞ որևէ օգուտ Աստծու տված բարոյական չափանիշներով ապրելուց»։ Այսպիսի հարցերը կօգնեն տեսնել, թե ինչ է մտածում ուսումնասիրողը (կարդա՛ Մատթեոս 16։13–17)։
Նյութը պարզ մատուցիր
9. Ի՞նչ պետք է հիշենք սուրբգրային նյութը մատուցելիս։
9 Աստծու Խոսքի ճշմարտությունների մեծ մասը համեմատաբար պարզ է։ Սակայն կարող է այնպես լինել, որ անհատը, ում հետ Աստվածաշնչի ուսումնասիրություն ենք անցկացնում, խճճվել է կեղծ կրոնական ուսմունքների մեջ։ Մենք՝ որպես ուսուցիչներ, պետք է ջանանք Աստվածաշունչը բացատրել այնպես, որ նա հեշտությամբ հասկանա։ Արդյունավետ ուսուցիչը նյութը մատուցում է պարզ, հասկանալի և ճշգրիտ ձևով։ Եթե հետևենք այս խորհուրդներին, ապա ճշմարտությունը չենք բարդացնի։ Ավելորդ մանրամասնություններ մի բեր։ Հարկ չկա ամեն մի ընթերցված համար մեկնաբանել բոլոր կողմերից։ Պարզապես կենտրոնացիր այն բանի վրա, ինչը հստակեցնում է քննարկվող նյութը։ Ժամանակի ընթացքում ուսումնասիրողը կսկսի հասկանալ սուրբգրային խորը ճշմարտությունները (Եբր. 5։13, 14)։
10. Ինչպե՞ս կարող ենք որոշել, թե ինչ ծավալի նյութ քննարկենք Աստվածաշնչի ուսումնասիրության ժամանակ։
10 Ի՞նչ ծավալի նյութ կարող ես քննարկել մեկ հանդիպման ժամանակ։ Դա որոշելու համար հարկավոր է խորաթափանց լինել։ Ուսումնասիրողի և ուսումնասիրություն անցկացնողի ունակություններն ու հանգամանքները նույնը չեն։ Սակայն պետք է միշտ հիշենք, որ մեր նպատակն է օգնել անհատին ամուր հավատ կառուցելու։ Ուստի բավականաչափ ժամանակ կտրամադրենք անհատին, որ նա կարդա, հասկանա և ընդունի Աստծու Խոսքում ամփոփված ճշմարտությունները։ Մենք չենք ուսումնասիրի ավելի շատ նյութ, քան նա կարող է յուրացնել։ Բայց միևնույն ժամանակ այնպես կանենք, որ ուսումնասիրությունը առաջ ընթանա։ Եթե անհատը հասկացել է տվյալ միտքը, կարող ենք անցնել հաջորդին (Կող. 2։6, 7)։
11. Ուսուցանելու հետ կապված ի՞նչ կարող ենք սովորել Պողոս առաքյալից։
11 Պողոս առաքյալը նորեկների հետ խոսելիս բարի լուրը պարզ ձևով էր մատուցում։ Թեև նա կրթված էր, սակայն բարձրագոչ արտահայտություններ չէր օգտագործում (կարդա՛ 1 Կորնթացիներ 2։1, 2)։ Սուրբգրային ճշմարտությունները բարդ չեն, և դա գրավում ու բավարարում է անկեղծ մարդկանց։ Ճշմարտությունը հասկանալու համար կարիք չկա, որ անհատը բարձրագույն կրթություն ունենա (Մատթ. 11։25; Գործ. 4։13; 1 Կորնթ. 1։26, 27)։
Օգնիր անհատին գնահատել սովորածը
12, 13. Ի՞նչը կարող է մղել անհատին գործելու սովորածի համաձայն։ Բացատրի՛ր օրինակով։
12 Մեր տված ուսուցումը արդյունավետ կլինի, եթե այն հասնի անհատի սրտին։ Նա պետք է հասկանա, թե տվյալ տեղեկությունը ինչպես է վերաբերում անձամբ իրեն, ինչով է օգտակար, նաև թե ինչպես իր կյանքը կբարելավվի, եթե հետևի սուրբգրային առաջնորդությանը (Ես. 48։17, 18)։
13 Ենթադրենք՝ քննարկում ենք Եբրայեցիներ 10։24, 25 համարները, որտեղ քրիստոնյաներին հորդոր է տրվում միասին հավաքվել միմյանց քաջալերելու և սիրառատ ընկերակցություն վայելելու համար։ Եթե ուսումնասիրող անհատը դեռ չի հաճախում ժողովի հանդիպումներին, կարող ենք հակիրճ պատմել, թե ինչպես են դրանք անցկացվում, և ինչ է քննարկվում։ Կարող ենք նշել, որ ժողովի հանդիպումները մեր երկրպագության մասն են կազմում, և ցույց տալ, որ դրանք օգտակար են յուրաքանչյուրիս համար։ Այնուհետև կարող ենք հրավիրել ժողով։ Նա պետք է ցանկանա Աստվածաշնչի պատվերներին արձագանքել ոչ թե այն պատճառով, որ ուզում է դուր գալ ուսուցանող անհատին, այլ որ ցանկանում է Եհովային հաճելի լինել (Գաղ. 6։4, 5)։
14, 15. ա) Ի՞նչ կարող է Աստվածաշունչ ուսումնասիրողը սովորել Եհովայի մասին։ բ) Աստծու անձնավորության մասին իմանալն ինչո՞վ է օգտակար ուսումնասիրողի համար։
14 Ամենամեծ օգուտը, որ ուսումնասիրողը ստանում է սուրբգրային գիտելիքներ ձեռք բերելուց և դրանք կիրառելուց, այն է, որ նա սկսում է ճանաչել Եհովային որպես անձնավորության և սիրել նրան (Ես. 42։8)։ Եհովան սիրառատ Հայր է։ Նա տիեզերքի Արարիչն ու Տերն է։ Եհովան իր հատկություններն ու կարողությունները բացահայտում է նրանց, ովքեր սիրում ու ծառայում են իրեն (կարդա՛ Ելից 34։6, 7)։ Երբ մոտեցել էին այն ժամանակները, որ Մովսեսը Իսրայել ազգին հաներ Եգիպտոսի գերությունից, Եհովան իր մասին խոսեց՝ ասելով. «Ես կդառնամ այն, ինչ կդառնամ» (ՆԱ) (Ելից 3։13–15)։ Դա նշանակում էր, որ Եհովան դառնալու էր այն, ինչ անհրաժեշտ էր իր ընտրած ժողովրդի հետ կապված իր նպատակներին հասնելու համար։ Այսպիսով՝ իսրայելացիները Եհովային ճանաչեցին Փրկչի, Պատերազմողի, Մատակարարի, տված խոստումները Կատարողի և ուրիշ դերերում (Ելից 15։2, 3; 16։2–5; Յեսու 23։14)։
15 Ինչ խոսք, անհատը, ում հետ ուսումնասիրում ենք, գուցեև Եհովայի առաջնորդությունը չզգա այնպիսի վառ ու ակնհայտ ձևով, ինչպես որ դա եղավ Մովսեսի դեպքում։ Այնուամենայնիվ, աստիճանաբար ամրացնելով իր հավատը, ավելի շատ գնահատելով սովորածը և կիրառելով դա՝ նա, անկասկած, կտեսնի, որ եթե ուզում է ստանալ քաջություն, իմաստություն և առաջնորդություն, ապա պետք է ապավինի Եհովային։ Այդ դեպքում նա նույնպես Եհովային կճանաչի որպես իմաստուն և վստահելի Խորհրդատուի, Պաշտպանի և իր կարիքները առատաձեռնորեն Մատակարարողի (Սաղ. 55։22; 63։7; Առակ. 3։5, 6)։
Սիրառատ հետաքրքրություն ցույց տուր
16. Ինչո՞ւ ընդունակությունը ամենակարևոր բանը չէ արդյունավետ ուսուցիչ լինելու հարցում։
16 Մի վհատվիր, եթե զգում ես, որ ուսուցանելու մեջ այնպես հմուտ չես, ինչպես որ կցանկանայիր լինել։ Եհովան և Հիսուսն են ղեկավարում այսօր կատարվող համաշխարհային կրթական գործունեությունը (Գործ. 1։7, 8; Հայտն. 14։6)։ Նրանց օգնությամբ մեր խոսքերը կարող են ցանկալի ազդեցություն թողնել ուղղամիտ մարդկանց վրա (Հովհ. 6։44)։ Ուսումնասիրողի նկատմամբ ուսուցչի անկեղծ սերը կարող է ավելի քան փոխհատուցել ընդունակության պակասը։ Պողոս առաքյալը հասկանում էր, որ կարևոր է սիրել նրանց, ում ինքը ուսուցանում էր (կարդա՛ 1 Թեսաղոնիկեցիներ 2։7, 8)։
17. Ինչպե՞ս կարող ենք անկեղծ հետաքրքրություն ցույց տալ Աստվածաշնչի յուրաքանչյուր ուսումնասիրողի հանդեպ։
17 Պողոսի պես՝ մենք ուսումնասիրողի հանդեպ անկեղծ հետաքրքրություն ցույց տված կլինենք, եթե ավելի լավ ճանաչենք նրան։ Նրա հետ քննարկելով սուրբգրային սկզբունքներ՝ մենք, հավանաբար, կիմանանք նրա հանգամանքները։ Գուցե նկատենք, որ նա արդեն որոշ հարցերում ապրում է իր ստացած սուրբգրային գիտելիքների համաձայն։ Մյուս հարցերում թերևս աշխատելու տեղ ունի։ Օգնելով անհատին տեսնել, թե ինչպես է Աստվածաշնչի ուսումնասիրության ընթացքում քննարկվող նյութը վերաբերում անձամբ իրեն՝ մենք կկարողանանք սիրով աջակցել նրան, որ դառնա Քրիստոսի ճշմարիտ աշակերտ։
18. Ինչո՞ւ է կարևոր աղոթել ուսումնասիրողի հետ, նաև աղոթքում նշել նրա մասին։
18 Իսկ որ ամենակարևորն է, կարող ենք աղոթել ուսումնասիրողի հետ, նաև աղոթքում նշել նրա մասին։ Այդպիսով նա պարզ կտեսնի, որ մեր նպատակն է օգնել իրեն ավելի լավ ճանաչելու իր Արարչին, մոտենալու նրան և օգուտներ ստանալու նրա առաջնորդությունից (կարդա՛ Սաղմոս 25։4, 5)։ Եթե աղոթքում Եհովային խնդրենք օրհնել ուսումնասիրողի՝ սովորածը կիրառելու համար գործադրած ջանքերը, ապա վերջինս կհասկանա, որ կարևոր է «խոսքը կատարող» լինել (Հակ. 1։22)։ Բացի այդ, մեր անկեղծ աղոթքները լսելով՝ նա կսովորի աղոթել։ Ի՜նչ ուրախություն է օգնել Աստվածաշունչ ուսումնասիրողներին անձնական փոխհարաբերություններ զարգացնել Եհովայի հետ։
19. Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։
19 Քաջալերական է իմանալ, որ ամբողջ աշխարհում ավելի քան վեցուկես միլիոն Եհովայի վկա տիրապետում է «սովորեցնելու արվեստին»։ Նրանց նպատակն է օգնել ազնվասիրտ անհատներին, որ պահեն այն ամենը, ինչ պատվիրել է Հիսուսը։ Իսկ ի՞նչ արդյունքների ենք հասել մեր քարոզչական գործունեությամբ։ Այս հարցի պատասխանը կգտնենք հաջորդ հոդվածում։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ է անհրաժեշտ, որ քրիստոնյաները տիրապետեն «սովորեցնելու արվեստին»։
• Ի՞նչ մեթոդներով կարող ենք մեր տված ուսուցումը արդյունավետ դարձնել։
• Ի՞նչը կարող է փոխհատուցել ուսուցանելու ընդունակության պակասը։
[նկար 9–րդ էջի վրա]
Ցուցակագրվե՞լ ես Աստվածապետական ծառայության դպրոցին
[նկար 10–րդ էջի վրա]
Ինչո՞ւ է կարևոր ուսումնասիրողին առաջարկել, որ կարդա Աստվածաշնչից
[նկար 12–րդ էջի վրա]
Աղոթիր ուսումնասիրողի հետ, նաև աղոթքում նշիր նրա մասին