Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w12 3/15 էջ 15–19
  • Պահպանիր հրատապության զգացումդ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Պահպանիր հրատապության զգացումդ
  • 2012 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • ԻՆՉՈ՞Ւ Է ՔԱՐՈԶԵԼԸ ՀՐԱՏԱՊ
  • Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՔԱՐՈԶԵԼ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՄԲ
  • ԶԳՈՒՅՇ ԵՂԻՐ, ՈՐ ՉԿՈՐՑՆԵՍ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԴ
  • ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ
  • ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ ՄՂՈՒՄ Է ԳՈՐԾԵՐԻ
  • Ինչպես հրատապություն զարգացնել քարոզչական ծառայության հանդեպ
    2014 Մեր թագավորական ծառայությունը
  • Քարոզիր հրատապության ոգով
    2009 Մեր թագավորական ծառայությունը
  • Խոսքը հրատապությամբ քարոզիր
    2000 Մեր թագավորական ծառայությունը
  • ‘Մոտ է Եհովայի մեծ օրը’
    2006 Դիտարան
Ավելին
2012 Դիտարան
w12 3/15 էջ 15–19

Պահպանիր հրատապության զգացումդ

«Խոսքը քարոզիր, արա այն հրատապության զգացումով» (2 ՏԻՄՈԹ. 4։2)։

ԿԱՐՈ՞Ղ ԵՍ ԲԱՑԱՏՐԵԼ

Ինչո՞ւ էին առաջին դարի քրիստոնյաները հրատապությամբ քարոզում։

Ինչպե՞ս կարող ենք պահպանել հրատապության զգացումը։

Ինչո՞ւ է Թագավորության լուրի քարոզչությունը հիմա ավելի քան երբևէ հրատապ։

1, 2. Ի՞նչ հարցեր են ծագում խոսքը հրատապության զգացումով քարոզելու պատվերի վերաբերյալ։

ՓՐԿԱՐԱՐՆԵՐԸ սովորաբար հրատապության զգացումով են աշխատում։ Օրինակ՝ հրշեջները ահազանգ ստանալիս դուրս են նետվում և շտապում դեպքի վայր՝ հասկանալով, որ մարդկանց կյանքը վտանգի տակ է։

2 Որպես Եհովայի վկաներ՝ մենք ցանկանում ենք օգնել մարդկանց, որ փրկվեն։ Այդ պատճառով լրջորեն ենք վերաբերվում Թագավորության բարի լուրի քարոզչությանը։ Ինչ խոսք, հրշեջների պես մենք դուրս չենք նետվում դա անելու։ Այդ դեպքում ի՞նչ նկատի ուներ Պողոս առաքյալը, երբ տվեց հետևյալ հորդորը. «Խոսքը քարոզիր, արա այն հրատապության զգացումով» (2 Տիմոթ. 4։2)։ Ինչպե՞ս կարող ենք հրատապությամբ քարոզել։ Ինչո՞ւ է մեր գործն այդքան հրատապ։

ԻՆՉՈ՞Ւ Է ՔԱՐՈԶԵԼԸ ՀՐԱՏԱՊ

3. Թագավորության լուրը ընդունելը կամ չընդունելը ի՞նչ արդյունք կունենա։

3 Երբ մտածում ես, որ մեր քարոզչությունը կարող է կյանքեր փրկել, հավանաբար ցանկանում ես անհապաղ ուրիշներին հայտնել բարի լուրը (Հռոմ. 10։13, 14)։ Աստծու Խոսքն ասում է. «Եթե ամբարշտին ասեմ՝ «անպատճառ պիտի մեռնես», բայց նա հետ դառնա իր մեղքից, արդարություն և արդարադատություն գործադրի.... ապա նա անպատճառ կապրի։ Նա չի մեռնի։ Նրա գործած մեղքերից և ոչ մեկը չի հիշեցվի նրան» (Եզեկ. 33։14–16)։ Աստվածաշունչը Թագավորության լուրը հռչակողին ասում է. «Կփրկես և՛ քեզ, և՛ քեզ լսողներին» (1 Տիմոթ. 4։16; Եզեկ. 3։17–21)։

4. Ինչո՞ւ էր առաջին դարում քարոզչական գործը հրատապ։

4 Հասկանալու համար, թե Պողոսը ինչու Տիմոթեոսին հորդորեց հրատապությամբ քարոզել, քննենք հոդվածի բնաբանի համատեքստը։ Կարդում ենք. «Խոսքը քարոզիր, արա այն հրատապության զգացումով թե՛ բարենպաստ ժամանակ և թե՛ դժվարին ժամանակ, հանդիմանիր, սաստիր, հորդորիր ամենայն համբերատարությամբ և սովորեցնելու արվեստով։ Կգա մի ժամանակ, երբ չեն հանդուրժի առողջ ուսմունքը, այլ իրենց ցանկությունների համեմատ՝ իրենց համար ուսուցիչներ կհավաքեն իրենց ականջներին հաճելի բաներ լսելու համար և իրենց ականջները մի կողմ կդարձնեն ճշմարտությունից» (2 Տիմոթ. 4։2–4)։ Հիսուսը կանխագուշակել էր, որ հավատուրացություն է առաջ գալու (Մատթ. 13։24, 25, 38)։ Քանի որ մոտենում էր այդ ժամանակը, նույնիսկ ժողովի մեջ Տիմոթեոսը պետք է հրատապությամբ «խոսքը քարոզեր», որպեսզի քրիստոնյաները չմոլորվեին կեղծ ուսմունքների խաբուսիկ հրապուրանքով։ Մարդկանց կյանքը վտանգի տակ էր։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր օրերի մասին։

5, 6. Ի՞նչ տարածված գաղափարներ գուցե լսենք ծառայության ժամանակ։

5 Մեր օրերում հավատուրացությունը մեծ տարածում է գտել (2 Թեսաղ. 2։3, 8)։ Ո՞ր ուսմունքներն են այսօր հաճելի մարդկանց ականջներին։ Շատ վայրերում էվոլյուցիոն ուսմունքը սովորեցնում են այնպիսի խանդավառությամբ, ինչպիսի խանդավառությամբ որ սովորեցնում են կրոնական ուսմունքները։ Թեև այդ ուսմունքը հաճախ ներկայացվում է գիտական լեզվով, այն գրեթե կրոն է դարձել, որը ազդում է Աստծու և ուրիշների հանդեպ մարդկանց տեսակետի վրա։ Մեկ այլ տարածված ուսմունք է այն, որ Աստված չի հետաքրքրվում մեզնով, ուստի մենք էլ չպետք է հետաքրքրվենք նրանով։ Ինչո՞ւ են այս ուսմունքները այնքան գրավում միլիոնավոր մարդկանց, որ նրանք հոգևոր նիրհի մեջ են ընկնում։ Քանի որ երկուսի հիմքում էլ հետևյալ գաղափարն է ընկած. «Արա ինչ ուզում ես, մեկ է, քեզնից հաշիվ չի պահանջվելու»։ Այս գաղափարը իսկապես հաճելի է շատերի ականջներին (կարդա՛ Սաղմոս 10։4)։

6 Այլ բաներ էլ կան, որոնք հաճելի են մարդկանց ականջներին։ Եկեղեցի գնացողները հիմնականում սիրում են այն վարդապետներին, որոնք իրենց ասում են. «Ինչ էլ անես, միևնույնն է, Աստված սիրում է քեզ»։ Քահանաներն ու հոգևոր հովիվները մարդկանց ականջներին հաճելի բաներ են ասում՝ վստահեցնելով, որ արարողությունները, պատարագները, տոնակատարություններն ու պատկերները Աստծու օրհնությունն են բերում։ Այդ մարդիկ չեն էլ հասկանում, թե ինչպիսի վտանգավոր իրավիճակում են գտնվում (Սաղ. 115։4–8)։ Բայց եթե կարողանանք հոգևոր առումով արթնացնել նրանց, որ հասկանան Աստվածաշնչի ճշմարիտ պատգամը, նրանք էլ կվայելեն Աստծու Թագավորության ապագա օրհնությունները։

Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՔԱՐՈԶԵԼ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՄԲ

7. Ինչպե՞ս կարող ենք հրատապության զգացում դրսևորել։

7 Բարեխիղճ վիրաբույժը իր ողջ ուշադրությունը կենտրոնացնում է աշխատանքի վրա, քանի որ մարդու կյանքն է վտանգի տակ։ Նմանապես, քրիստոնեական ծառայության մեջ հրատապության ոգի կդրսևորենք, եթե կենտրոնանանք մեր գործի վրա, օրինակ՝ մտածենք, թե ինչ հարցեր, թեմաներ և տեղեկություններ կհետաքրքրեն մեզ հանդիպած մարդկանց։ Հրատապության զգացումը նաև մղում է մեզ փոփոխություններ անելու գրաֆիկում, որ մարդկանց այցելենք այն ժամանակ, երբ նրանք ավելի շատ հակված կլինեն լսելու մեզ (Հռոմ. 1։15, 16; 1 Տիմոթ. 4։16)։

8. Սովորաբար ի՞նչ է նաև նշանակում հրատապությամբ վարվել։

8 Հրատապության զգացում ունենալ նշանակում է նաև առաջնահերթություններ դնել (կարդա՛ Ծննդոց 19։15)։ Պատկերացրու՝ ստացել ես անալիզներիդ պատասխանը, և բժիշկը քեզ իր սենյակ է կանչում ու հոգատարությունից մղված՝ ասում է. «Շտապ բուժում է հարկավոր։ Ամենաշատը մեկ ամիս ժամանակ ունեք»։ Դու, անշուշտ, նրա սենյակից դուրս չես նետվի, ինչպես հրշեջը, որը ահազանգ է ստանում, այլ ուշադիր կլսես բժշկի խորհուրդները, տուն կգնաս և լրջորեն կմտածես առաջնահերթություններիդ մասին։

9. Ինչո՞ւ կարող ենք ասել, որ Եփեսոսում եղած ժամանակ Պողոսը հրատապությամբ էր քարոզում։

9 Ուշադրություն դարձնելով, թե Պողոսը Եփեսոսի երեցներին ինչ ասաց Ասիայում իր քարոզչության մասին՝ կտեսնենք, թե որքան էր նա լցված հրատապության զգացումով (կարդա՛ Գործեր 20։18–21)։ Հավանաբար իր գալու հենց առաջին օրվանից առաքյալը տնից տուն այցելում էր մարդկանց ու հայտնում բարի լուրը։ Բացի այդ, նա երկու տարի կանոնավորաբար «ամեն օր Տյուրանոսի դպրոցում ելույթներ էր ունենում» (Գործ. 19։1, 8–10)։ Հստակ է, որ Պողոսի հրատապության զգացումը ազդում էր իր գրաֆիկի վրա։ Ծառայությունը հրատապության զգացումով անելու կոչի նպատակը մեզ ծանրաբեռնելը չէ։ Այդուհանդերձ, քարոզչական գործը մեր կյանքում առաջին տեղում պետք է լինի։

10. Ինչո՞ւ ենք ուրախ, որ մոտ 100 տարի առաջ քրիստոնյաները հրատապությամբ են գործել։

10 Աստվածաշունչ ուսումնասիրողների փոքր խմբի օրինակը, որը 1914​թ.-ից առաջ նախաձեռնել էր բարի լուրի քարոզչությունը, ցույց է տալիս, թե ինչ է նշանակում հրատապության ոգի ունենալ։ Թեև նրանք ընդամենը մի քանի հազար էին, սակայն, հասկանալով այդ ժամանակների հրատապությունը, խանդավառությամբ նախաձեռնեցին Թագավորության քարոզչության գործը։ Այդ մարդիկ հարյուրավոր թերթերում քարոզներ հրապարակեցին, նաև ցուցադրեցին «Արարչության լուսադրաման» (գունավոր սլայդներով ու շարժվող պատկերներով տեսաժապավեն)։ Այդպես նրանք բարի լուրը հասցրին միլիոնավոր մարդկանց։ Եթե նրանք չունենային հրատապության զգացում, մեզնից շատերը ինչպե՞ս կլսեին բարի լուրը (կարդա՛ Սաղմոս 119։60)։

ԶԳՈՒՅՇ ԵՂԻՐ, ՈՐ ՉԿՈՐՑՆԵՍ ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԴ

11. Ինչո՞ւ են ոմանք կորցրել հրատապության զգացումը։

11 Շեղող բաները կարող են թույլ չտալ անհատին, որ կարևորի քարոզչական գործը։ Սատանայի համակարգի նպատակն է այնպես անել, որ կլանված լինենք անձնական նկրտումներով ու կողմնակի հարցերով (1 Պետ. 5։8; 1 Հովհ. 2։15–17)։ Ոմանք, ովքեր մի ժամանակ Եհովային ծառայելը առաջին տեղում էին դնում, այժմ կորցրել են հրատապության զգացումը։ Օրինակ՝ առաջին դարում ապրող Դեմաս անունով մի քրիստոնյա Պողոսի «համագործակիցն» էր եղել, սակայն անաստված աշխարհը շեղել էր նրա ուշադրությունը։ Փոխանակ առաջնահերթություն համարեր դժվար ժամանակներում իր եղբորը զորացնելը՝ նա լքեց առաքյալին (Փիլիմ. 23, 24; 2 Տիմոթ. 4։10)։

12. Ի՞նչ հնարավորություն ունենք այժմ, և ի՞նչ հնարավորություններ են բացվելու մեր առաջ ապագայում։

12 Եթե ցանկանում ենք պահպանել հրատապության զգացումը, պետք է պայքարենք կյանքի հաճույքներից ավելի շատ օգտվելու ցանկության դեմ։ Հարկավոր է ձգտել «ամուր կառչել իսկական կյանքից» (1 Տիմոթ. 6։18, 19)։ Հավանաբար, կասկած չունես, որ Աստծու Թագավորության ներքո հավիտենական կյանքը մեր առաջ հետաքրքիր գործերով զբաղվելու անվերջ հնարավորությունների դուռ կբացի։ Բայց այժմ մենք ունենք մի հնարավորություն, որը էլ երբեք չի կրկնվի. օգնել ուրիշներին վերապրելու Արմագեդոնից։

13. Քրիստոնյա դառնալուց հետո ինչպե՞ս կարող ենք պահպանել հրատապության զգացումը։

13 Տեսնելով, որ մեր շուրջը եղող մարդկանցից շատերը, անխոհեմաբար վարվելով, հոգևոր առումով քնած են, ի՞նչ կարող ենք անել, որ չկորցնենք հրատապության զգացումը։ Կարող ենք խորհել այն փաստի շուրջ, որ մի ժամանակ մենք էլ ասես քնած էինք խավարի մեջ։ Բայց մեզ արթնացրին, ու, ինչպես նշեց Պողոսը, Քրիստոսը լույս սփռեց մեզ վրա։ Հիմա առանձնաշնորհում ունենք կրելու այդ լույսը (կարդա՛ Եփեսացիներ 5։14)։ Այնուհետև առաքյալը գրեց. «Ամենայն ուշադրությամբ հետևեք, որ վարվեք ոչ թե անմիտների պես, այլ իմաստունների պես, և ձեզ համար գնեք հարմար ժամանակը, որովհետև օրերը չար են» (Եփես. 5։15, 16)։ Այս չար աշխարհում եկեք «գնենք.... ժամանակը», որ այնպիսի գործերով զբաղվենք, որոնք կօգնեն մեզ հոգևորապես արթուն լինելու։

ԱՊՐՈՒՄ ԵՆՔ ՆՇԱՆԱԿԱԼԻՑ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ

14-16. Ի՞նչն է Թագավորության քարոզչությունը այժմ ավելի քան երբևէ հրատապ դարձնում։

14 Քրիստոնեական ծառայությունը միշտ հրատապ է եղել, բայց հիմա այն ավելի քան երբևէ անհետաձգելի է դարձել։ Սկսած 1914-ից՝ Աստծու Խոսքում նկարագրված նշանի կատարումը հստակ երևում է (Մատթ. 24։3–51)։ Նախկինում երբեք մարդկության գոյությանը այսպիսի մեծ վտանգ չի սպառնացել։ Չնայած վերջերս կնքված պայմանագրերի՝ գերտերությունները դեռևս մոտ 2000 միջուկային մարտագլխիկներ ունեն, որոնք պատրաստ են օգտագործման։ Իշխանությունները տեղեկացնում են, որ հարյուրավոր դեպքեր են գրանցվել, երբ ռադիոակտիվ նյութեր են «անհետացել»։ Արդյոք ահաբեկիչներն ունե՞ն այդպիսի նյութեր։ Դիտորդներն ասում են, որ մարդկությունը կարող է հեշտությամբ բնաջինջ լինել ահաբեկչի սկսած պատերազմի պատճառով։ Սակայն պատերազմը մարդկության գոյությանը սպառնացող միակ վտանգը չէ։

15 «Կլիմայական փոփոխությունը 21-րդ դարում առողջությանը սպառնացող ամենամեծ վտանգն է ամբողջ աշխարհում»,— նշվում է 2009​թ.-ին արված մի հաշվետվության մեջ (The Lancet և University College London)։ Այնտեղ ասվում է. «Հաջորդ տասնամյակներում կլիմայական փոփոխության հետևանքները կազդեն բնակչության մեծ մասի առողջության վրա, և միլիարդավոր մարդկանց կյանքն ու բարօրությունը գնալով ավելի մեծ վտանգի կենթարկվի»։ Հետևանքները կարող են լինել ծովի մակարդակի բարձրացման պատճառով մեծածավալ ավերածությունները, երաշտը, ջրհեղեղները, համաճարակները, փոթորիկներն ու նվազած ռեսուրսների համար բռնկված պատերազմները։ Այո՛, քաղաքակրթությանը սպառնում են պատերազմներ ու աղետներ։

16 Որոշ մարդիկ գուցե մտածեն, որ միջուկային պատերազմի սպառնալիքը պատճառ կդառնա այնպիսի իրադարձությունների, որոնցով կկատարվի «նշանը»։ Սակայն շատերը չեն հասկանում նշանի իրական նշանակությունը։ Արդեն տասնամյակներ է՝ այն երևում է, ինչն էլ ցույց է տալիս, որ Քրիստոսի ներկայությունը իրական է և որ այս համակարգի ավարտը սրընթաց մոտենում է (Մատթ. 24։3)։ Նախկինում երբեք նշանի այդքան շատ երեսակներ այսքան հստակ տեսանելի չեն եղել։ Ժամանակն է, որ մարդիկ արթնանան հոգևոր քնից։ Մեր ծառայությամբ կարող ենք արթնացնել նրանց։

17, 18. ա) Այն բանի գիտակցումը, թե «ինչ ժամանակում ենք ապրում», ի՞նչ ազդեցություն է գործում մեզ վրա։ բ) Ի՞նչը կարող է մղել մարդկանց փոխելու իրենց տեսակետը Թագավորության լուրի հանդեպ։

17 Ընդամենը կարճ ժամանակ է մնացել, որ ապացուցենք մեր սերը Եհովայի հանդեպ ու ավարտին հասցնենք վերջին օրերում կատարվող քարոզչական գործը։ Պողոսի հետևյալ խոսքերը, որ ասաց առաջին դարում ապրող Հռոմի քրիստոնյաներին, այսօր ավելի մեծ նշանակություն ունեն. «[Գիտեք], թե ինչ ժամանակում եք ապրում, որ ձեզ համար արդեն եկել է քնից արթնանալու ժամը, քանի որ մեր փրկությունը հիմա ավելի մոտ է, քան այն ժամանակ, երբ հավատացյալ դարձանք» (Հռոմ. 13։11)։

18 Վերջին օրերի համար կանխագուշակված իրադարձությունները կարող են մարդկանց մղել գիտակցելու իրենց հոգևոր կարիքները։ Մյուսները սկսում են հասկանալ, որ օգնության կարիք ունեն, երբ խորհում են այն մասին, որ մարդկային կառավարությունները չեն կարող հաղթահարել տնտեսական ճգնաժամը, վերացնել միջուկային զենքի սպառնալիքը, դաժան հանցագործություններն ու երկրի ապականումը։ Ուրիշներն էլ սկսում են գիտակցել իրենց հոգևոր կարիքները ընտանիքում տեղի ունեցած որոշ բաների՝ առողջական խնդիրների, ամուսնալուծության կամ սիրելիի մահվան պատճառով։ Ուստի ծառայության գնալով՝ օգնության ձեռք ենք մեկնում այդպիսի մարդկանց։

ՀՐԱՏԱՊՈՒԹՅԱՆ ԶԳԱՑՈՒՄԸ ՄՂՈՒՄ Է ԳՈՐԾԵՐԻ

19, 20. Ինչպե՞ս է հրատապության զգացումը օգնել շատ քրիստոնյաների փոխելու իրենց ապրելակերպը։

19 Հրատապության զգացումը մղել է բազում քրիստոնյաների ավելի շատ մասնակցելու ծառայությանը։ Էկվադորում ապրող մի երիտասարդ զույգ, լսելով 2006​թ. մեկօրյա հատուկ համաժողովի ծրագիրը՝ «Աչքդ պարզ պահիր» խորագրով, որոշեց պարզեցնել իր կյանքը։ Ամուսինները կազմեցին այն իրերի ցուցակը, որոնց կարիքը չունեին, ու երեք ամսվա ընթացքում երեք սենյականոց բնակարանից տեղափոխվեցին մեկ սենյականոց բնակարան, վաճառեցին որոշ իրեր ու ազատվեցին պարտքերից։ Շուտով նրանք սկսեցին ենթառահվիրա ծառայել ու արձագանքեցին շրջանային վերակացուի առաջարկին՝ ծառայել այնպիսի ժողովում, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կար։

20 Հյուսիսային Ամերիկայում բնակվող մի եղբայր գրում է. «Երբ 2006​թ.-ին ես ու կինս ներկա գտնվեցինք շրջանային համաժողովին, արդեն 30 տարի էր, ինչ մկրտված էինք։ Տուն վերադառնալիս խոսեցինք այն մասին, թե ինչպես կարող ենք կիրառել կյանքը պարզեցնելու մասին խորհուրդը (Մատթ. 6։19–22)։ Մենք ունեինք երեք տուն, հողատարածք, շքեղ մեքենաներ, մոտորանավակ ու բնակելի մասով ավտոմեքենա։ Հասկանալով, որ անմիտ ընթացք ենք բռնել՝ որոշեցինք նպատակ դնել ծառայելու լիաժամ։ 2008​թ.-ին միացանք մեր աղջկան ու սկսեցինք ռահվիրա ծառայել։ Ի՜նչ մեծ ուրախություն է եղբայրների հետ սերտորեն համագործակցելը։ Մենք կարողացանք ծառայել այնտեղ, որտեղ քարոզիչների ավելի մեծ կարիք կա։ Բացի այդ, Եհովայի համար շատ բան անելով՝ ավելի մոտեցանք նրան։ Մեզ հատկապես ուրախություն է պարգևում այն, որ առանձնաշնորհում ունենք տեսնելու, թե ինչպես են փայլում մարդկանց աչքերը, երբ լսում ու հասկանում են Աստծու Խոսքի ճշմարտությունը»։

21. Ինչի՞ իմացությունն է մղում մեզ գործերի։

21 Մենք գիտենք, թե շուտով ինչ է սպասում այս ամբարիշտ համակարգին՝ «դատաստանի ու ամբարիշտ մարդկանց կործանման օր» (2 Պետ. 3։7)։ Աստծու Խոսքի իմացությունը մղում է մեզ նախանձախնդրորեն հռչակելու գալիք մեծ նեղության ու դրանից հետո եկող նոր աշխարհի մասին։ Մենք շարունակում ենք հրատապության ոգի դրսևորել, որպեսզի մարդկանց իրական հույս տանք։ Լիարժեք կերպով մասնակցելով այս հրատապ գործին՝ ցույց ենք տալիս, որ իսկապես սիրում ենք Աստծուն ու մերձավորին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը