Երանի նրանց, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները
ԹՌՉՈՒՆՆԵՐԸ, երբ առավոտյան արթնանում են, հաճախ մի որոշ ժամանակ ծլվլում են, ապա թռչում կերակուր գտնելու։ Երեկոյան նրանք վերադառնում են իրենց բները, մի քիչ նորից ծլվլում, հետո քնում։ Տարվա որոշ ժամանակ նրանք զուգավորվում են, ձու դնում, ձագեր մեծացնում։ Կենդանական աշխարհի մյուս ներկայացուցիչների կյանքը նման կանխատեսելի ձևով է անցնում։
Սակայն մարդու կյանքն այդպիսին չէ։ Ճիշտ է, մենք ուտում ենք, քնում, երեխաներ ենք ունենում, բայց մեծամասնությունս չի բավարարվում միայն դրանցով։ Մենք ուզում ենք իմանալ, թե ինչու գոյություն ունենք։ Մենք փնտրում ենք կյանքի իմաստը։ Բացի այդ, ցանկանում ենք ապագայի հույս ունենալ։ Այսպիսի ձգտումների մեջ արտացոլված է մի բան, որը հատուկ է բացառապես մարդկանց. դա հոգևորի կարիքն ու հոգևոր բաներ ընկալելու կարողությունն է։
Աստծու պատկերով ստեղծված
Աստվածաշունչը բացատրում է, թե ինչու է մարդը բնականից հակված հոգևոր բաների։ Ծնընդոց 1։27–ում գրված է. «Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց»։ Այն, որ ‘Աստծու պատկերով’ ենք ստեղծված, նշանակում է, որ չնայած մեղքին ու անկատարությանը՝ մենք ունենք կարողություն՝ արտացոլելու Աստծու որոշ հատկություններ (Հռովմայեցիս 5։12)։ Օրինակ՝ մենք ունենք ստեղծագործելու կարողություն։ Նաև որոշ չափով օժտված ենք իմաստությամբ, արդարության զգացումով և դիմացինի հանդեպ անձնազոհ սեր դրսևորելու ունակությամբ։ Բացի այդ, մենք կարող ենք խորհել անցյալի շուրջ և ապագայի պլաններ կազմել (Առակաց 4։7; Ժողովող 3։1, 11; Միքիա 6։8; Յովհաննէս 13։34; Ա Յովհաննէս 4։8)։
Հոգևոր բաներ ընկալելու մեր կարողությունը առավել ակնհայտորեն երևում է այն բանից, որ մենք Աստծուն երկրպագելու բնածին ցանկություն ունենք։ Մինչև ճիշտ ձևով չբավարարենք Արարչի հետ փոխհարաբերություններ ունենալու մեր կարիքը, չենք կարող գտնել իսկական ու հարատև երջանկություն։ Հիսուսն ասաց. «Երանի հոգով աղքատներին [«նրանց, ովքեր գիտակցում են իրենց հոգևոր կարիքները», ՆԱ]» (Մատթէոս 5։3)։ Սակայն մենք պետք է ուշադիր լինենք, որ այդ կարիքները հոգևոր ճշմարտություններով բավարարենք՝ իմանանք ճշմարտությունը Աստծու, նրա չափանիշների և մարդկության հետ կապված նրա նպատակի մասին։ Որտե՞ղ կարող ենք գտնել այդ ճշմարտությունները. Աստվածաշնչում։
«Քո խօսքը ճշմարտութիւն է»
Պողոս առաքյալը գրեց. «Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու.... համար» (Բ Տիմոթէոս 3։16)։ Պողոսի խոսքերը համահունչ են Հիսուսի այն խոսքերին, որոնք նա ասաց Աստծուն աղոթելիս. «Քո խօսքը ճշմարտութիւն է»։ Այսօր մենք գիտենք, որ այդ Խոսքը Սուրբ Աստվածաշունչն է։ Ուստի իմաստուն կվարվենք, եթե ստուգենք, թե արդյոք մեր հավատալիքներն ու չափանիշները ներդաշնակ են այդ Խոսքին (Յովհաննէս 17։17)։
Մեր հավատալիքները համեմատելով Աստծու Խոսքի հետ՝ մենք կընդօրինակենք հին Բերիա քաղաքի բնակիչներին, որոնք ստուգեցին, թե արդյոք Պողոսի ուսուցումները համապատասխանում են Գրություններին։ Ղուկասը նրանց չքննադատեց դրա համար, այլ, ընդհակառակը, գովեց։ Ինչպես նա գրեց, բերիացիները «խօսքը բոլոր յոժարութեամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թէ այս այսպէ՞ս է» (Գործք 17։11)։ Քանի որ մեր օրերում լայնորեն տարածված են հակասական կրոնական ու բարոյական հայացքները, ուստի անչափ կարևոր է ընդօրինակել ազնիվ բերիացիներին։
Հոգևոր ճշմարտություններ գտնելու մյուս ձևը դիտելն է, թե ինչպես են դրանք ներգործում մարդկանց կյանքի վրա (Մատթէոս 7։17)։ Օրինակ՝ եթե անհատը ապրի աստվածաշնչային ճշմարտության համաձայն, ապա նա կդառնա ավելի լավ ամուսին, հայր, կին կամ մայր, ինչով և կնպաստի իր ընտանիքի երջանկությանը և անձամբ բավարարվածություն կզգա։ «Երանի նորանց, որ Աստուծոյ խօսքը լսում են եւ նորան պահում»,— ասաց Հիսուսը (Ղուկաս 11։28)։
Հիսուսի խոսքերը մեզ հիշեցնում են իր երկնային Հոր հետևյալ խոսքերը՝ ուղղված վաղեմի իսրայելացիներին. «Ես եմ քո Աստուածը, որ քեզ սովորեցնում եմ օգտակար եղողը, որ քեզ առաջնորդում եմ քո գնալու ճանապարհումը։ Երանի թէ ուշադրութիւն անէիր իմ պատուէրներին, այն ժամանակ գետի պէս պիտի լինէր քո խաղաղութիւնը, եւ քո արդարութիւնը՝ ծովի ալիքներին պէս» (Եսայիա 48։17, 18)։ Անկասկած, բոլոր նրանք, ովքեր սիրում են բարությունն ու արդարությունը, անտարբեր չեն մնա այս ջերմ հրավերի հանդեպ։
Ոմանք նախընտրում են ‘հաճելի բաներ լսել’
Աստված այդ սիրով լի հրավերը իսրայելացիներին տվեց, որովհետև նրանք մոլորվել էին կրոնական սուտ հավատալիքներով (Սաղմոս 106։35–40)։ Իսրայելացիների պես՝ մենք նույնպես կարիք ունենք զգուշանալու ստերից։ Կեղծ քրիստոնյաների մասին Պողոսը գրեց. «Ժամանակ պիտի գայ որ ողջամիտ վարդապետութեանը պիտի չհամբերեն, հապա հաճելի բաներ լսելու մարմաջով իրենց ցանկութիւններուն համեմատ վարդապետներ պիտի դիզեն իրենց եւ ճշմարտութենէն ականջնին պիտի դարձնեն» (Բ Տիմոթէոս 4։3, 4, ԱԱ)։
Կրոնական առաջնորդները, այսպես ասած, շոյում են մարդկանց ականջը՝ նրանց հաճելի բաներ ասելով։ Այդ առաջնորդները հանդուրժում են այնպիսի գործեր, որոնց միջոցով մարդիկ սխալ ցանկություններ են բավարարում, օրինակ՝ արտամուսնական սեռական կապը, համասեռամոլությունը և հարբեցողությունը։ Աստվածաշունչը հստակորեն ցույց է տալիս, որ ովքեր հավանություն են տալիս նման բաներին կամ այդպիսի գործեր են անում, «Աստուծոյ արքայութիւնը չեն ժառանգիլ» (Ա Կորնթացիս 6։9, 10; Հռովմայեցիս 1։24–32)։
Իհարկե, քաջություն է հարկավոր Աստվածաշնչի չափանիշներով ապրելու համար, հատկապես եթե մեզ ծաղրում են։ Բայց հնարավո՛ր է այդ չափանիշներով ապրել։ Եհովայի վկաներից շատերը նախկինում եղել են թմրամոլներ, հարբեցողներ, պոռնիկներ, ավազակներ, գողեր, ստախոսներ։ Սակայն Աստծու Խոսքը նրանց սրտին է հասել, և սուրբ ոգու օգնությամբ այդ մարդիկ փոփոխություններ են մտցրել իրենց կյանքում, որպեսզի «գնա[ն] ինչպէս արժանի է Տիրոջը»՝ Եհովային (Կողոսացիս 1։9, 10; Ա Կորնթացիս 6։11)։ Բացի այն, որ այդ անհատները Աստծու հետ խաղաղ հարաբերություններ են հաստատել, նրանք նաև հոգեկան անդորր և, ինչպես դեռ կտեսնենք, ապագայի հիմնավոր հույս են ձեռք բերել։
Թագավորության հույսը
Սուրբ Գրությունները նշում են, որ աստվածավախ մարդիկ մշտական խաղաղություն կվայելեն Աստծու Թագավորության շնորհիվ։ «Գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը, ինչպէս երկնքումն՝ այնպէս էլ երկրի վերայ»,— ասաց Հիսուսն իր տիպար աղոթքում (Մատթէոս 6։10)։ Այո՛, Եհովայի կամքը երկրի վրա կկատարվի միայն Աստծու Թագավորության միջոցով։ Ինչո՞ւ։ Քանի որ Աստված Հիսուս Քրիստոսի ղեկավարած այդ երկնային Թագավորության, կամ՝ կառավարության միջոցով է իրականացնում իր արդար գերիշխանությունը երկրի վրա (Սաղմոս 2։7–12; Դանիէլ 7։13, 14)։
Լինելով այդ երկնային Թագավորության Թագավորը՝ Հիսուս Քրիստոսը հնազանդ մարդկանց կազատագրի ամեն տեսակի գերությունից, այդ թվում ադամական մեղքի ու նրա թողած ժառանգության՝ հիվանդության ու մահվան ճիրաններից։ Յայտնութիւն 21։3, 4–ում կարդում ենք. «Ահա Աստուծոյ խորանը մարդկանց հետ.... Եւ կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ, որովհետեւ առաջիններն անցան»։
Ամբողջ աշխարհում մշտական խաղաղություն կլինի։ Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել դրանում։ Պատասխանը գտնում ենք Եսայիա 11։9–ում, որտեղ ասվում է. «Նորանք [Թագավորության հպատակները] չեն վնասիլ եւ չեն ապականիլ իմ բոլոր սուրբ սարի վերայ. որովհետեւ երկիրը լիքն է լինելու Տիրոջ գիտութիւնովը, ինչպէս որ ջուրերը ծածկում են ծովը»։ Այո՛, յուրաքանչյուր մարդ ճշգրիտ գիտելիքներ կունենա Աստծու մասին և հնազանդ կլինի նրան։ Ձեր սիրտը չի՞ ջերմանում այսպիսի հեռանկարից։ Եթե այո, ուրեմն այժմ ժամանակն է, որ սկսեք Տիրոջ, այսինքն՝ Եհովայի մասին թանկարժեք գիտելիքներ ձեռք բերել։
Ականջ կդնե՞ք Թագավորության լուրին
Թագավորության միջոցով Աստված կխափանի Սատանայի բոլոր գործերը և մարդկանց կկրթի իր արդար ճանապարհների համաձայն։ Ուստի զարմանալի չէ, որ Թագավորությունը գլխավոր տեղ էր զբաղեցնում Հիսուսի ուսուցումներում։ Նա ասաց. «Պէտք է Աստուծոյ արքայութիւնը աւետարանեմ, որովհետեւ իսկ սորա համար ուղարկուեցայ» (Ղուկաս 4։44)։ Քրիստոսը իր աշակերտներին պատվիրեց Թագավորության մասին այդ նույն լուրը հաղորդել ուրիշներին (Մատթէոս 28։19, 20)։ Հիսուսը մարգարեացավ. «Արքայութեան այս աւետարանը [այսինքն՝ բարի լուրը] բոլոր տիեզերքումը կ’քարոզուի ամեն հեթանոսներին վկայութիւն լինելու համար, եւ այն ժամանակ կ’գայ վերջը» (Մատթէոս 24։14)։ Այդ վերջը արագորեն մոտենում է։ Ուրեմն որքա՜ն կարևոր է, որ ազնվասիրտ մարդիկ ականջ դնեն այդ փրկարար բարի լուրին։
Ալբերտը, որի մասին խոսվեց նախորդ հոդվածում, Թագավորության լուրը լսեց այն ժամանակ, երբ նրա կինն ու որդին սկսեցին Աստվածաշունչ ուսումնասիրել Եհովայի վկաների հետ։ Սկզբում նա կասկածանքով վերաբերվեց դրան։ Նա նույնիսկ տեղի հոգևորականներից մեկին խնդրեց այցելել իր կնոջն ու որդուն և ցույց տալ, թե ովքեր են իրականում Վկաները։ Սակայն հոգևորականը չցանկացավ միջամտել։ Այդժամ Ալբերտը որոշեց լսել նրանց աստվածաշնչային քննարկումը, որպեսզի անձամբ բացահայտի Եհովայի վկաների ուսմունքներում եղած ցանկացած սխալ։ Բայց առաջին իսկ քննարկումից հետո նա ինքը միացավ ուսումնասիրությանը՝ ցանկանալով ավելի շատ իմանալ։ Ավելի ուշ նա բացատրեց, թե ինչու իր տրամադրվածությունը փոխվեց. «Դա հենց այն էր, ինչ ես միշտ փնտրում էի»։
Ահա այսպես Ալբերտը ի վերջո սկսեց բավարարել հոգևորի իր կարիքը ու երբեք չափսոսաց դրա համար։ Աստվածաշնչային ճշմարտությունը նրան տվեց այն, ինչ նա որոնում էր իր ամբողջ կյանքում. Ալբերտը հասկացավ, թե ինչպես են լուծվելու հասարակության մեջ տարածված այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են՝ անարդարությունն ու բարքերի անկումը։ Այդ ճշմարտությունը նրան տվեց ապագայի հույս և հոգեկան անդորր։ Իսկ բավարարվո՞ւմ է հոգևորի ձեր կարիքը։ Ինչո՞ւ մի քիչ ժամանակ չտրամադրեք, որպեսզի կարդաք 6–րդ էջի շրջանակում նշված հարցերը։ Եթե ցանկանում եք լրացուցիչ տեղեկություններ ստանալ, Եհովայի վկաները ուրախությամբ կօգնեն ձեզ։
[շրջանակ/նկար 6–րդ էջի վրա]
Բավարարվո՞ւմ է հոգեվորի ձեր կարիքը
Բավարարվա՞ծ եք ձեր ստացած հոգևոր սննդով։ Առաջարկում ենք ձեզ կարդալ հետևյալ հարցերը ու նշել նրանք, որոնց դուք կկարողանաք ճիշտ պատասխան տալ։
□ Ո՞վ է Աստված, և ի՞նչ է նրա անունը։
□ Ո՞վ է Հիսուս Քրիստոսը։ Ինչո՞ւ նա պետք է մահանար։ Նրա մահը ի՞նչ օգուտ կարող է ձեզ տալ։
□ Գոյություն ունի՞ Սատանա։ Եթե այո, ապա որտեղի՞ց է նա առաջացել։
□ Ի՞նչ է տեղի ունենում մարդու հետ, երբ նա մահանում է։
□ Ո՞րն է Աստծու նպատակը երկրի ու մարդկության առնչությամբ։
□ Ի՞նչ է Աստծու Թագավորությունը։
□ Որո՞նք են Աստծու չափանիշները բարոյականության վերաբերյալ։
□ Աստծու կողմից սահմանված ի՞նչ դերեր ունեն ամուսինն ու կինը ընտանիքում։ Աստվածաշնչային ո՞ր սկզբունքներն են նպաստում ընտանիքի երջանկությանը։
Եթե դժվարանում եք այս հարցերից որևէ մեկին պատասխանել, դուք կարող եք պատվիրել «Ի՞նչ է Աստված պահանջում մեզանից» գրքույկը, որը հրատարակվել է Եհովայի վկաների կողմից գրեթե 300 լեզուներով։ Այդ գրքույկում քննարկվում են աստվածաշնչային 16 հիմնական թեմաներ և տրվում են վերոհիշյալ բոլոր հարցերի սուրբգրային պատասխանները։
[նկարներ 4–րդ էջի վրա]
Ի տարբերություն կենդանիների՝ մարդիկ հոգևորի կարիք ունեն
[նկար 5–րդ էջի վրա]
«Հաճելի բաներ լսելու մարմաջով.... վարդապետներ պիտի դիզեն իրենց» (Բ Տիմոթէոս 4։3, ԱԱ)
[նկար 7–րդ էջի վրա]
Աստծու Մեսիական Թագավորության միջոցով մշտական խաղաղություն կհաստատվի