Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w04 3/15 էջ 10–14
  • Կատարիր «աւետարանչի գործը»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Կատարիր «աւետարանչի գործը»
  • 2004 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Նախանձախնդիր ավետարանիչները անցյալում
  • Նախանձախնդիր ավետարանիչները այսօր
  • Վկայություն տալ տնից տուն
  • Ինչո՞ւ քարոզել շարունակաբար
  • Ավետարանչական գործը օգուտ է բերում մեզանից յուրաքանչյուրին
  • Գանձեր դիզեք երկնքում
  • Ամբողջովին կատարիր ավետարանչի գործը
    2013 Դիտարան
  • Բոլոր ճշմարիտ քրիստոնյաները ավետարանիչներ են
    2002 Դիտարան
  • Ամբողջովի՞ն ես կատարում ծառայությունդ
    2019 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Բարի լուրի բերած օրհնությունները
    2002 Դիտարան
2004 Դիտարան
w04 3/15 էջ 10–14

Կատարիր «աւետարանչի գործը»

«Արթուն կաց ամեն բանի մէջ.... աւետարանչի գործը գործիր» (Բ Տիմոթէոս 4։5)։

1. Ի՞նչ հանձնարարություն տվեց Հիսուսը իր հետևորդներին։

ԵՀՈՎԱՅԻ անունն ու նպատակները հռչակվում են ամբողջ աշխարհով մեկ։ Դա տեղի է ունենում այն բանի շնորհիվ, որ Աստծո նվիրյալ ժողովուրդը պատասխանատվությամբ է մոտենում Քրիստոսի տված հետևյալ հանձնարարությանը. «Գնացէք բոլոր ազգերը աշակերտեցէք, նորանց մկրտելով Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունովը. նորանց սովորեցնելով, որ ամեն ինչ որ ձեզ պատուիրեցի՝ պահեն» (Մատթէոս 28։19, 20)։

2. Ի՞նչ ցուցում ստացավ քրիստոնյա վերակացու Տիմոթեոսը, և մեր օրերում քրիստոնյա վերակացուները ինչպե՞ս, օրինակ, կարող են ցույց տալ, որ կատարում են իրենց ծառայությունը։

2 Հիսուսի՝ առաջին դարի աշակերտները լուրջ վերաբերվեցին այդ հանձնարարությանը։ Ահա թե ինչ հորդոր տվեց Պողոս առաքյալը իր հավատակից Տիմոթեոսին, որը քրիստոնյա վերակացու էր. «Աւետարանչի գործը գործիր. քո պաշտօնը կատարիր» (Բ Տիմոթէոս 4։5)։ Մեր օրերում քրիստոնյա վերակացուն կատարում է իր ‘պաշտոնը’՝ լինելով նաև Թագավորության լուրի նախանձախնդիր քարոզիչ, որը կանոնավորապես մասնակցում է քարոզչական ծառայությանը։ Օրինակ՝ Գրքի ուսումնասիրության վերակացուն ունի մի առանձնաշնորհում, որը կարող է բավականություն պատճառել իրեն, այն է՝ առաջնորդություն վերցնել քարոզչական ծառայության մեջ և կրթել ուրիշներին։ Պողոսը անձամբ կատարեց բարի լուրը հռչակելու իր պարտականությունը։ Բացի այդ, նա սովորեցրեց ուրիշներին լինելու պատրաստված քարոզիչներ (Գործք 20։20; Ա Կորնթացիս 9։16, 17)։

Նախանձախնդիր ավետարանիչները անցյալում

3, 4. Ի՞նչ դեպքեր տեղի ունեցան Փիլիպպոսի հետ իր ավետարանչական գործունեության ընթացքում։

3 Առաջին քրիստոնյաները հայտնի էին որպես նախանձախնդիր ավետարանիչներ։ Քննարկենք ավետարանիչ Փիլիպպոսի օրինակը։ Նա Երուսաղեմի այն ‘յոթ վկայված մարդկանցից էր՝ սուրբ ոգով և իմաստությամբ լցված’, որոնց հանձնարարություն էր տրվել անկողմնապահորեն ամեն օր սնունդ բաժանել Երուսաղեմի հունախոս և հրեախոս քրիստոնյա այրիներին (Գործք 6։1–6)։ Այն բանից հետո, երբ հալածանքների պատճառով բոլոր քրիստոնյաները, առաքյալներից բացի, հեռացան Երուսաղեմից և ցիրուցան եղան, Փիլիպպոսը, որ արդեն կատարել էր իրեն հանձնարարված հատուկ ծառայությունը, գնաց Սամարիա։ Այնտեղ նա սկսեց ծանուցանել բարի լուրը և սուրբ ոգու զորությամբ մարդկանց միջից հեռացնել դևերին, բուժել կաղերին և անդամալույծներին։ Սամարացիներից շատերն ընդունեցին Թագավորության լուրը և մկրտվեցին։ Այս մասին իմանալով՝ Երուսաղեմում գտնվող առաքյալները Սամարիա ուղարկեցին Պետրոսին ու Հովհաննեսին, որպեսզի նոր մկրտված քրիստոնյաները սուրբ ոգի ստանան (Գործք 8։4–17)։

4 Աստծո ոգին այնուհետև առաջնորդեց Փիլիպպոսին դեպի Գազա տանող ճանապարհը, որտեղ նա հանդիպեց եթովպացի ազնվականին։ Երբ Փիլիպպոսը պարզ բացատրեց նրան Եսայիայի մարգարեությունը, այդ մարդը, որ «եթովպիացիների Կանթակա թագուհու ներքինի» իշխաններից էր, հավատաց Հիսուս Քրիստոսին և մկրտվեց (Գործք 8։26–38)։ Դրանից հետո Փիլիպպոսը գնաց Ասեդովթ և ապա Կեսարիա՝ ճանապարհին բարի լուրը ‘ավետարանելով ամեն քաղաքներին’ (Գործք 8։39, 40)։ Անկասկած, որպես ավետարանիչ՝ նա լավ օրինակ է թողել։

5. Հատկապես ինչո՞վ էին հայտնի Փիլիպպոսի չորս դուստրերը։

5 Այս դեպքերից մոտավորապես 20 տարի անց Փիլիպպոսը դեռ շարունակում էր ակտիվորեն ծառայել Կեսարիայում։ Այն ժամանակ, երբ Պողոսն ու Ղուկասը մնում էին նրա տանը, «նա չորս կոյս աղջիկներ ուներ, որ մարգարէութիւն էին անում» (Գործք 21։8–10)։ Ակներևաբար, նրա դուստրերը հոգևորապես լավ կրթված, եռանդուն ծառայողներ էին և նույնիսկ մարգարեանալու առանձնաշնորհում ունեին։ Մեր օրերում ևս ծառայության մեջ ծնողների ցուցաբերած եռանդը կարող է դրականորեն անդրադառնալ նրանց որդիների և դուստրերի վրա՝ մղելով երեխաներին ավետարանչական ծառայությունը կատարել ջերմեռանդորեն և դարձնել այն իրենց կյանքի գործը։

Նախանձախնդիր ավետարանիչները այսօր

6. Ի՞նչ հաջողությունների հասան առաջին դարի ավետարանիչները։

6 Մեր օրերին՝ վերջին ժամանակներին վերաբերող իր նշանավոր մարգարեության մեջ Հիսուսը Քրիստոսը ասաց. «Բոլոր ազգերին պէտք է առաջ աւետարանը քարոզուի» (Մարկոս 13։10)։ Վերջը գալու էր այն բանից հետո, երբ բարի լուրը քարոզված լիներ «բոլոր տիեզերքումը» (Մատթէոս 24։14)։ Պողոսի և առաջին դարի մյուս ավետարանիչների քարոզչական գործունեության շնորհիվ քրիստոնյա դարձան շատերը, և Հռոմեական կայսրության ողջ տարածքում մեկը մյուսի հետևից ստեղծվեցին ժողովներ։ Այդ ժողովներում ծառայող երեցները իրենց հոգևոր քույրերի ու եղբայրների հետ մասնակցում էին ավետարանելու գործին և աջակցում էին քարոզչական այդ գործունեության ընդարձակմանը։ Այն օրերում Եհովայի գործը շարունակում էր ‘աճել և զորանալ’։ Նույնը կարելի է ասել նաև մեր օրերի մասին, քանի որ թվով միլիոնների հասնող Եհովայի վկաները նույնպես ավետարանչական գործ են կատարում (Գործք 19։20)։ Արդյոք դու գտնվո՞ւմ ես Եհովային փառաբանող այդ երջանիկ մարդկանց շարքում։

7. Ի՞նչ գործ են կատարում Թագավորության ժամանակակից քարոզիչները։

7 Թագավորության ժամանակակից քարոզիչներից շատերը միջոցներ են փնտրում ավետարանչական գործում իրենց ծառայությունը ընդարձակելու։ Հազարավոր քարոզիչներ միսիոներներ են դարձել, տասնյակ հազարավորներ լիաժամ մասնակցում են ավետարանչական գործին՝ որպես ընդհանուր ռահվիրաներ։ Եվ որքա՜ն գովելի է այն տղամարդկանց, կանանց ու երեխաների գործը, որոնք ծառայում են որպես Թագավորության նախանձախնդիր քարոզիչներ։ Իրոք, Եհովայի ժողովրդի բոլոր անդամները մեծ օրհնություններ են վայելում, քանի որ ուս–​ուսի ավետում են բարի լուրը (Սոփոնիա 3։9)։

8. Նշան դնելու ինչպիսի՞ գործ է իրականացվում այսօր և ո՞ւմ կողմից։

8 Հիսուսի օծյալ հետևորդներին Աստված տվել է ամբողջ աշխարհով մեկ բարի լուրը քարոզելու պատասխանատվությունը։ Ավետարանչական այս գործում նրանց աջակցում են Քրիստոսի ‘ուրիշ ոչխարները’, որոնց թիվը գնալով մեծանում է (Յովհաննէս 10։16)։ Այս փրկարար գործը կապ ունի մի մարգարեության հետ, համաձայն որի՝ նշան է դրվում բոլոր նրանց ճակատին, ովքեր հառաչում ու ողբում են այսօր կատարվող պղծությունների պատճառով։ Շուտով բոլոր չարագործները կոչնչանան։ Ինչպիսի՜ պատիվ է, ուրեմն, երկրի բնակիչներին հայտնել փրկարար ճշմարտությունները, քանի դեռ չի հասել կործանման ժամանակը (Եզեկիէլ 9։4–6, 11)։

9. Ի՞նչ օգնություն կարող են ստանալ նորեկները ժողովում։

9 Եթե արդեն որոշ ժամանակ է, ինչ զբաղված ենք ավետարանելու գործով, ամենայն հավանականությամբ կկարողանանք օգնություն ցույց տալ ժողովի նոր անդամներին։ Ժամանակ առ ժամանակ կարող ենք հրավիրել նրանց մեզ հետ ծառայելու։ Իսկ ժողովի երեցները պատրաստ կլինեն հնարավորության սահմաններում ամեն ինչ անել իրենց հավատակիցներին հոգևորապես կերտելու համար։ Խոնարհ վերակացուների ջանքերը կարող են մեծապես օգնել քարոզիչներին լինելու նախանձախնդիր և պտղաբեր ավետարանիչներ (Բ Պետրոս 1։5–8)։

Վկայություն տալ տնից տուն

10. Որպես քարոզիչներ՝ ի՞նչ օրինակ են թողել Քրիստոսն ու իր առաջին աշակերտները։

10 Որպես ավետարանիչ՝ Հիսուսը Քրիստոսը գերազանց օրինակ է թողել իր հետևորդներին։ Ահա թե ինչ է հայտնում Աստվածաշունչը Քրիստոսի և նրա առաքյալների ծառայության վերաբերյալ. «[Նա] ման էր գալիս քաղաքները եւ գիւղերը քարոզելով եւ Աստուծոյ արքայութիւնն աւետարանելով. եւ այն տասնեւերկուսն էլ նորա հետ» (Ղուկաս 8։1)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել հենց առաքյալների մասին։ Մ.թ. 33 թ. Պենտեկոստեին սուրբ ոգով լցվելուց հետո նրանք «ամէն օր, տաճարում թէ տներում, չէին դադարում ուսուցանել եւ աւետարանել Յիսուս Քրիստոսին» (Գործք 5։42, ԷԹ)։

11. Համաձայն Գործք 20։20, 21 խոսքերի՝ ի՞նչ էր անում Պողոս առաքյալը իր ծառայությունը կատարելիս։

11 Լինելով նախանձախնդիր ավետարանիչ՝ Պողոս առաքյալը Եփեսոսի քրիստոնյա երեցներին կարող էր ասել հետևյալը. «Ետ չ’պահեցի ոչ մի օգտակար բան, որ չ’պատմեմ եւ սովորեցնեմ ձեզ՝ թէ հրապարակներում եւ թէ տան մէջ [«տներում», ԱՆԹ]»։ Արդյո՞ք «տներում» սովորեցնելը նշանակում էր, թե Պողոսը գնում էր իր հավատակիցների տները՝ հովվական այցելություն կատարելու։ Ոչ։ Տեսնենք, թե այնուհետև ինչ բացատրություն է տալիս առաքյալը. «Հրէաներին եւ Յոյներին վկայութիւն [տվեցի] ապաշխարել դէպի Աստուած, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին հաւատալ» (Գործք 20։20, 21)։ Ընդհանուր առմամբ, Եհովային արդեն նվիրված անհատներին հարկ չկար սովորեցնել, որ նրանք «ապաշխարե[ն] դէպի Աստուած, եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսին հաւատա[ն]»։ Եփեսոսի երեցներին Պողոս առաքյալը սովորեցրեց, թե ինչպես կատարել տնից տուն ծառայությունը։ Իսկ ապաշխարելու և հավատ ցուցաբերելու մասին նա սովորեցրեց Հիսուսին չհավատացող մարդկանց։ Այդպես վարվելով՝ Պողոսն ընդօրինակեց Քրիստոսին։

12, 13. Վարվելով Փիլիպպեցիս 1։7 (ՆԱ) խոսքերին համապատասխան՝ ի՞նչ քայլերի է դիմել Եհովայի ժողովուրդը՝ քարոզելու իր իրավունքը հաստատելու նպատակով։

12 Տնից տուն ծառայությունը կարող է դժվար լինել։ Օրինակ՝ ոմանք զայրանում են, երբ մենք այցելում ենք իրենց՝ ցանկանալով հայտնել Աստվածաշնչի բարի լուրը։ Մենք մարդկանց զայրացնելու ցանկություն չունենք, սակայն մասնակցում ենք տնից տուն ծառայությանը, քանի որ դա են պատվիրում Գրությունները։ Բացի այդ, Աստծո և մերձավորի հանդեպ սերն է մղում մեզ այդ կերպով վկայություն տալու (Մարկոս 12։28–31)։ Տնից տուն քարոզելու մեր իրավունքը պաշտպանելու և օրինականորեն հաստատելու նպատակով մենք դիմել ենք զանազան ատյանների, այդ թվում նաև Միացյալ Նահանգների Գերագույն դատարանին (Փիլիպպեցիս 1։7, ՆԱ)։ Եվ գրեթե միշտ դատերը ավարտվել են մեր օգտին։ Հաջորդ պարբերության մեջ բերված է կայացված դատավճիռներից մեկը, որն իր բնույթով նման է մյուսներին։

13 «Կրոնական թեմաներով գրքույկներ անհատապես բաժանելը ավետարանը քարոզելու միսիոներական գործի դարավոր ձևերից մեկն է, որ նույնքան հին է, որքան տպագրահաստոցի պատմությունը։ Տարիներ շարունակ այն եղել է տարբեր կրոնական ուղղությունների շարժիչ ուժերից մեկը։ Ավետարանչական գործունեության այս ձևը ներկայումս կիրառվում է ավելի մեծ մասշտաբով զանազան կրոնական աղանդների կողմից, որոնց գրականությունը տարածող մարդիկ, Ավետարանը բաժանելով, անցնում են հազարավոր տներ և ձգտում են հետևորդներ հավաքագրել վերջիններիս անձամբ այցելելու միջոցով։ ....[Միացյալ Նահանգների սահմանադրության] Առաջին ուղղմամբ՝ կրոնական գործունեության այս ձևին նույն բարձր դիրքն է հատկացվում, ինչ որ եկեղեցիներում իրականացվող երկրպագությանը և ամբիոնից ներկայացվող քարոզներին» («Մարդոկն ընդդեմ Փենսիլվանիայի», 1943 թ.)։

Ինչո՞ւ քարոզել շարունակաբար

14. Աստիճանաբար մեծացող ի՞նչ ազդեցություն է թողնում մեր ծառայությունը։

14 Տնից տուն քարոզելու պատճառները շատ են։ Ամեն անգամ, երբ թակում ենք որևէ մեկի դուռը, Գրությունների վրա հիմնված ճշմարտությունը «տնկելու» փորձ ենք կատարում։ Իսկ մարդկանց վերայցելելով՝ փորձում ենք «ջրել» այդ ճշմարտությունը։ Սա կարող է աստիճանաբար ավելի ու ավելի մեծ ազդեցություն գործել տանտիրոջ վրա։ Պողոս առաքյալը գրում է. «Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուաւ, բայց Աստուած մեծացրեց» (Ա Կորնթացիս 3։6)։ Ուստի եկեք շարունակենք ‘տնկել’ ու ‘ջուր տալ’՝ վստահ լինելով, որ Եհովան ‘կմեծացնի’։

15, 16. Ինչո՞ւ ենք կրկին ու կրկին այցելում մարդկանց իրենց տանը։

15 Մենք ավետարանելու գործը կատարում ենք այն պատճառով, որ դրանից կախված է մարդկանց կյանքը։ Քարոզելով՝ կարող ենք փրկել թե՛ ինքներս մեզ, թե՛ մեզ լսողներին (Ա Տիմոթէոս 4։16)։ Եթե, օրինակ, իմանանք, որ ինչ–​որ մեկի կյանքը վտանգի տակ է, մի՞թե միայն մեկ անգամ թեթևակի կփորձենք օգնել նրան։ Հազիվ թե։ Քանի որ այս գործունեությունից կախված է մարդկանց փրկությունը, մենք կրկին ու կրկին կայցելենք նրանց իրենց տանը։ Հանգամանքներն անընդհատ փոխվում են։ Եթե մի դեպքում մարդը չափազանց զբաղված է մեզ լսելու համար, մեկ ուրիշ դեպքում նա գուցե ցանկանա լսել Աստվածաշնչի պատգամը։ Դուռը կարող է բացել ընտանիքի մեկ ուրիշ անդամը, որի հետ թերևս հնարավոր լինի աստվածաշնչյան որևէ թեմայով զրույց սկսել։

16 Հնարավոր է նաև, որ փոխվեն ոչ միայն տանտիրոջ հանգամանքները, այլև նրա տեսակետները։ Օրինակ՝ հարազատի կորուստը կարող է մեծ ցավ պատճառել անհատին և մղել լսելու Թագավորության լուրը։ Մենք կարող ենք մխիթարել այդ մարդուն, օգնել, որ նա գիտակցի իր հոգևոր կարիքները, և ցույց տալ, թե ինչպես կարելի է բավարարել դրանք (Մատթէոս 5։3, 4)։

17. Ո՞րն է մեր քարոզչական գործունեության ամենակարևոր պատճառը։

17 Բայց տնից տուն քարոզելու, ինչպես նաև քրիստոնեական ծառայության այլ ձևերին մասնակցելու ամենակարևոր պատճառն այն է, որ մենք ցանկանում ենք մեր լուման ներդնել Եհովայի անունը ծանուցանելու գործում (Ելից 9։16; Սաղմոս 83։18)։ Ինչպիսի՜ վարձատրություն ենք ստանում, երբ մեր ավետարանչական գործունեության շնորհիվ կարողանում ենք օգնել ճշմարտություն և արդարություն սիրողներին դառնալ Եհովային փառաբանող անհատներ։ Սաղմոսերգուն երգում է. «Երիտասարդներ եւ աղջիկներ. ծերեր տղաներով միատեղ. օրհնեն Տիրոջ անունը. որովհետեւ միայն նորա անունը բարձր է. նորա փառքը երկնքից եւ երկրից վեր է» (Սաղմոս 148։12, 13)։

Ավետարանչական գործը օգուտ է բերում մեզանից յուրաքանչյուրին

18. Ի՞նչ օգուտներ ենք քաղում՝ ավետարանչական գործին մասնակցելով։

18 Ավետարանելու գործին մասնակցելը օգուտներ է բերում մեզանից յուրաքանչյուրին տարբեր կերպերով։ Բարի լուրը տնից տուն քարոզելը օգնում է խոնարհություն զարգացնել, հատկապես երբ մեզ բարյացակամորեն չեն ընդունում։ Հմուտ ավետարանիչներ լինելու համար պետք է նմանվենք Պողոսին, որը «ամենին ամեն բան եղա[վ], որ ինչ եւ իցէ մի քանիսին ապրեցն[ի]» (Ա Կորնթացիս 9։19–23)։ Ծառայության մեջ մեր ձեռք բերած փորձն օգնում է լինել նրբանկատ։ Եհովային ապավինելով և քարոզելիս ճիշտ խոսքեր ընտրելով՝ կիրառում ենք Պողոսի հետևյալ խորհուրդը. «Ձեր խօսքը ամեն ժամանակ շնորհքով՝ աղով համեմած լինի, որ գիտենաք թէ ինչպէս արժան է ձեզ ամեն մէկին պատասխան տալ» (Կողոսացիս 4։6)։

19. Ինչպե՞ս է սուրբ ոգին աջակցում ավետարանիչներին։

19 Ավետարանչական գործունեությունը օգնում է նաև ապավինել Աստծո սուրբ ոգուն (Զաքարիա 4։6)։ Շնորհիվ դրա ոգու պտուղը՝ «սէր, ուրախութիւն, խաղաղութիւն, երկայնմտութիւն, քաղցրութիւն, բարութիւն, հաւատք, հեզութիւն, ժուժկալութիւն», ակնհայտ է դառնում մեր ծառայության մեջ (Գաղատացիս 5։22, 23)։ Այն անդրադառնում է մարդկանց հետ մեր փոխհարաբերությունների վրա, քանի որ ոգու առաջնորդությանը հնազանդվելով՝ բարի լուրը հռչակելիս սեր ենք ցուցաբերում, լինում ենք ուրախ և խաղաղասեր, երկայնամիտ ու քաղցր, դրսևորում ենք բարություն և հավատ, ցույց ենք տալիս հեզություն և ինքնատիրապետում։

20, 21. Ի՞նչ օգուտներ և օրհնություններ ենք ստանում, եթե զբաղված ենք մնում ավետարանելու գործով։

20 Ավետարանչական գործունեությունը բերում է մեկ ուրիշ օգուտ ևս. մենք դառնում ենք ավելի կարեկից։ Երբ մարդիկ խոսում են իրենց խնդիրների մասին՝ հիվանդության, գործազրկության, ընտանիքից եկող փորձությունների, մենք խորհրդատուի դեր չենք վերագրում մեզ, այլ կարդում ենք մխիթարություն և ոգևորություն պատճառող աստվածաշնչյան համարներ։ Մենք մտածում ենք այն մարդկանց մասին, ովքեր թեև հոգևորապես կույր վիճակում են, սակայն, ինչպես երևում է, սիրում են արդարությունը (Բ Կորնթացիս 4։4)։ Ինչպիսի՜ օրհնություն է հոգևոր օգնություն ցույց տալ նրանց, ովքեր ճիշտ են տրամադրված հավիտենական կյանքի հանդեպ (Գործք 13։48, ՆԱ)։

21 Ավետարանչական գործին կանոնավորապես մասնակցելով՝ կարողանում ենք մեր միտքը կենտրոնացած պահել հոգևորի վրա (Ղուկաս 11։34)։ Դա, անշուշտ, օգտակար է, քանզի հակառակ դեպքում անձնատուր կլինենք նյութական ձգտումներին, ինչն այս աշխարհում սովորական երևույթ է։ Հովհաննես առաքյալը հետևյալ հորդորն է տալիս քրիստոնյաներին. «Մի սիրէք աշխարհքը. եւ ոչ էլ այն որ աշխարհքի մէջ է։ Եթէ մէկն աշխարհքը սիրէ, Հօր սէրը նորանում չէ. որովհետեւ ամեն ինչ որ աշխարհքումն է՝ մարմնի ցանկութիւնը, աչքերի ցանկութիւնը եւ այս կեանքի ամբարտաւանութիւնը, Հօրիցը չէ, այլ աշխարհքիցն է։ Եւ աշխարհքը անցնում է եւ նորա ցանկութիւնն էլ, բայց Աստուծոյ կամքն անողը մնում է յաւիտեան» (Ա Յովհաննէս 2։15–17)։ Եթե զբաղված մնանք ավետարանը քարոզելով և շատ բան անենք Տիրոջ գործում, մեր սրտում սեր չի զարգանա այս աշխարհի նկատմամբ (Ա Կորնթացիս 15։58)։

Գանձեր դիզեք երկնքում

22, 23. ա) Ի՞նչ գանձեր են կուտակել քրիստոնյա ավետարանիչները։ բ) Ո՞ր հարցում մեզ կօգնի հաջորդ հոդվածը։

22 Թագավորության լուրը քարոզելու գործին եռանդորեն մասնակցելով՝ հարատև օգուտներ կստանանք։ Հիսուսը պարզ ցույց տվեց դա, երբ ասաց. «Ձեզ համար գանձեր մի դիզէք երկրիս վերայ. ուր որ ցեցն եւ ժանկն ապականում են, եւ ուր որ գողերը պատը ծակում են եւ գողանում։ Բայց ձեզ համար գանձեր դիզեցէք երկնքումը, ուր ո՛չ ցեց եւ ո՛չ ժանկ չեն ապականում, եւ ուր գողերը պատը չեն ծակում եւ չեն գողանում։ Որովհետեւ ինչ տեղ որ ձեր գանձն է, այն տեղ կ’լինի եւ ձեր սիրտը» (Մատթէոս 6։19–21)։

23 Ուրեմն՝ շարունակենք գանձեր կուտակել երկնքում՝ գիտակցելով, որ չկա ավելի մեծ պատիվ, քան ներկայացնել Գերիշխան Տեր Եհովային՝ որպես իր Վկաներ (Եսայիա 43։10–12)։ Աստծո կողմից տրված առաջադրանքը կատարելով և նրա ծառաները լինելով՝ մենք կունենանք այն նույն զգացմունքները, ինչ 90–ամյա մի քրիստոնյա կին։ Ահա թե ինչ ասաց նա իր երկարատև կյանքի մասին, որ անցկացրել է Եհովային ծառայելով. «Ես շնորհակալություն եմ հայտնում Եհովային, որ հանդուրժել է ինձ այսքան տարիներ, և ջերմեռանդորեն աղոթում եմ, որ նա հավիտյան լինի իմ սիրառատ Հայրը»։ Եթե մենք ևս նույնչափ գնահատում ենք Աստծո հետ մեր փոխհարաբերությունները, անկասկած կցանկանանք լիարժեք կերպով կատարել ավետարանչի գործը։ Հաջորդ հոդվածը կօգնի, որ տեսնենք, թե ինչպես կարող ենք լիարժեքորեն կատարել մեր ծառայությունը։

Ինչպե՞ս կպատասխանեիր

• Ինչո՞ւ պետք է կատարենք ավետարանչի գործը։

• Ի՞նչ կարող ես ասել այն գործի մասին, որ կատարել են ավետարանիչները անցյալում և այսօր։

• Ինչո՞ւ ենք քարոզում տնից տուն։

• Ի՞նչ օգուտներ ես քաղում անձամբ դու՝ կատարելով ավետարանչի գործը։

[նկարներ 10–րդ էջի վրա]

Մեր օրերում ևս կան այնպիսի ուրախ ավետարանիչներ, ինչպիսիք էին Փիլիպպոսն ու նրա դուստրերը

[նկար 14–րդ էջի վրա]

Ի՞նչ օգուտներ ես քաղում անձամբ դու, երբ ուրիշներին քարոզում ես բարի լուրը

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը