Երիտասարդնե՛ր, ձգտեք նպատակների, որոնք պատվում են Աստծուն
«Նպատակ դիր մարզելու քո անձը Աստծու հանդեպ նվիրվածության» (1 ՏԻՄՈԹԵՈՍ 4:7)։
1, 2. ա) Ինչո՞ւ Պողոսը գովեց Տիմոթեոսին։ բ) Ինչպե՞ս են այսօր երիտասարդները «մարզում իրենց անձը Աստծու հանդեպ նվիրվածության»։
«ՆՐԱՆԻՑ բացի, նման տրամադրվածություն ունեցող ուրիշ ոչ մեկը չունեմ, որ անկեղծությամբ հոգ տանի ձեր մասին։ ....Ինչպես երեխան իր հոր հետ, այնպես էլ նա ինձ հետ ծառայեց բարի լուրի առաջխաղացման համար» (Փիլիպպեցիներ 2:20, 22)։ Պողոս առաքյալը գովասանքի այս ջերմ խոսքերը գրեց Փիլիպպեի առաջին դարի քրիստոնյաներին ուղղված նամակում։ Իսկ ո՞ւմ նկատի ուներ նա։ Տիմոթեոսին՝ իր երիտասարդ ուղեկցին։ Պատկերացրեք, թե որքա՜ն ոգևորվեց Տիմոթեոսը Պողոսի սիրո և վստահության այդ հավաստիացումից։
2 Տիմոթեոսի պես հոգևոր տրամադրվածություն ունեցող երիտասարդները միշտ էլ բարձր են գնահատվել Եհովայի ծառաների կողմից (Սաղմոս 110:3)։ Այսօր Աստծու կազմակերպության մեջ շատ երիտասարդներ ծառայում են որպես ռահվիրաներ, միսիոներներ, կամավոր շինարարներ և բեթելցիներ։ Գովասանքի են արժանի նաև նրանք, ովքեր, չնայած զանազան պարտականություններին, եռանդորեն մասնակցում են ժողովի գործերին։ Այդ երիտասարդները մեծ բավարարվածություն են զգում, որը բխում է այնպիսի նպատակների ձգտելուց, որոնք պատվում են մեր երկնային Հորը՝ Եհովային։ Այո՛, նրանք իսկապես «մարզում են իրենց անձը Աստծու հանդեպ նվիրվածության» (1 Տիմոթեոս 4:7, 8)։
3. Ի՞նչ հարցեր կքննարկվեն այս հոդվածում։
3 Իսկ դու ձգտո՞ւմ ես կոնկրետ հոգևոր նպատակների։ Ումի՞ց կարող ես օգնություն և քաջալերանք ստանալ դրանց հասնելու համար։ Ինչպե՞ս կարող ես դիմադրել այս նյութապաշտ աշխարհի ճնշումներին։ Ի՞նչ օրհնություններ կարող ես ակնկալել, եթե ձգտես Աստծուն պատվող նպատակների։ Եկեք գտնենք այս հարցերի պատասխանները՝ քննելով Տիմոթեոսի կյանքն ու գործունեությունը։
Տիմոթեոսի գործունեությունը
4. Համառոտ ներկայացրու Տիմոթեոսի քրիստոնեական գործունեությունը։
4 Տիմոթեոսը մեծացել էր Լյուստրայում (փոքր քաղաք հռոմեական Գաղատիա պրովինցիայում)։ Հավանաբար, նա քրիստոնեությանն առնչվեց պատանեկան հասակում, երբ Պողոսը մոտ մ.թ. 47 թ.–ին քարոզեց Լյուստրայում։ Կարճ ժամանակում Տիմոթեոսը գերազանց հեղինակություն ձեռք բերեց տեղի եղբայրների շրջանում։ Պողոսը, երկու տարի անց վերադառնալով Լյուստրա և տեսնելով երիտասարդի առաջադիմությունը, ընտրեց նրան որպես իր միսիոներական ուղեկից (Գործեր 14:5–20; 16:1–3)։ Երբ Տիմոթեոսն ավելի հասունացավ, նրան վստահվեցին ավելի մեծ պատասխանատվություններ, օրինակ՝ նա պետք է ճանապարհորդեր ու քաջալերեր եղբայրներին։ Երբ Պողոսը մոտ 65 թ.–ին Հռոմի բանտից նամակ գրեց Տիմոթեոսին, վերջինս արդեն ծառայում էր որպես երեց Եփեսոսում։
5. Ըստ 2 Տիմոթեոս 3:14, 15–ի՝ ո՞ր երկու գործոնները նպաստեցին այն բանին, որ Տիմոթեոսը հոգևոր նպատակներ դնի իր առջև։
5 Միանգամայն պարզ է, որ Տիմոթեոսը վճռել էր հոգևոր նպատակների ձգտել։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ նա այդպիսի նպատակներ դրեց իր առջև։ Տիմոթեոսին գրած իր երկրորդ նամակում Պողոսը հիշատակեց երկու վճռորոշ գործոն։ Նա գրեց. «Հարատևի՛ր այն բաներում, որ սովորեցիր և որոնցում հաստատ համոզվեցիր՝ իմանալով, թե ի՛նչ մարդկանցից սովորեցիր դրանք, և որ վաղ մանկությունից գիտես սուրբ գրությունները» (2 Տիմոթեոս 3:14, 15)։ Նախևառաջ քննենք, թե մյուս քրիստոնյաները ինչպես նպաստեցին այն բանին, որ Տիմոթեոսը հոգևոր նպատակներ դնի իր առջև։
Սովորիր հասուն քրիստոնյաներից
6. Ովքե՞ր կրթեցին Տիմոթեոսին, և ինչպե՞ս նա արձագանքեց այդ կրթությանը։
6 Տիմոթեոսը մեծացել էր կրոնապես բաժանված ընտանիքում։ Նրա հայրը հույն էր, իսկ մայրը՝ Եվնիկեն, և տատը՝ Լոիդան, հրեական ծագում ունեին (Գործեր 16:1)։ Եվնիկեն և Լոիդան Տիմոթեոսին մանկությունից սովորեցրել էին ճշմարտություններ Եբրայերեն Գրություններից։ Իսկ երբ ընդունեցին քրիստոնեությունը, նրանք անկասկած օգնեցին Տիմոթեոսին համոզվել քրիստոնեական ուսմունքների ճշմարտացիության մեջ։ Տիմոթեոսը մեծ օգուտներ քաղեց այդ հրաշալի կրթությունից։ Պողոսը նշում է. «Մտաբերում եմ կեղծավորությունից զերծ քո հավատը, որը սկզբից բնակվում էր քո տատի՝ Լոիդայի, և քո մոր՝ Եվնիկեի մեջ, և որը, վստահ եմ, նաև քո մեջ է» (2 Տիմոթեոս 1:5)։
7. Ի՞նչ առավելություն ունեն շատ երիտասարդներ, և ինչպե՞ս կարող են նրանք օգուտներ քաղել դրանից։
7 Այսօր շատ երիտասարդներ ունեն աստվածավախ ծնողներ, պապեր և տատեր, որոնք Լոիդայի և Եվնիկեի պես հասկանում են հոգևոր նպատակների կարևորությունը։ Օրինակ՝ Սամիրա անունով մի աղջիկ դեռևս հիշում է այն երկար զրույցները, որ պատանի ժամանակ ունեցել է իր ծնողների հետ։ Նա պատմում է. «Մայրս ու հայրս սովորեցրել են ինձ միշտ հաշվի առնել Եհովայի տեսակետը ու քարոզչական գործին առաջնահերթություն տալ։ Նրանք միշտ քաջալերել են ինձ ձգտել լիաժամ ծառայության»։ Սամիրան ընդունել է ծնողների խորհուրդը և այժմ իր երկրում առանձնաշնորհում ունի ծառայելու որպես Բեթելի ընտանիքի անդամ։ Եթե ծնողներդ խրախուսում են քեզ կենտրոնանալ հոգևոր նպատակների վրա, ապա լուրջ վերաբերվիր նրանց այդ խորհրդին։ Նրանք քո լավն են կամենում (Առակաց 1:5)։
8. Ինչպե՞ս Տիմոթեոսը օգուտներ քաղեց քրիստոնեական կերտիչ ընկերակցությունից։
8 Նաև շատ կարևոր է, որ քրիստոնեական եղբայրության մեջ ընկերանաս նրանց հետ, ովքեր կարող են դրական ազդեցություն ունենալ քեզ վրա։ Տիմոթեոսին լավ էին ճանաչում ինչպես նրա ժողովի երեցները, այնպես էլ մոտ 30 կիլոմետր հեռու գտնվող Իկոնիոնի ժողովի երեցները (Գործեր 16:1, 2)։ Տիմոթեոսը մտերմացավ Պողոսի՝ մի խանդավառ և գործունյա քրիստոնյայի հետ (Փիլիպպեցիներ 3:14)։ Պողոսի նամակներից երևում է, որ Տիմոթեոսն ընդունում էր ստացած խորհուրդները և ընդօրինակում էր հավատի տեր մարդկանց (1 Կորնթացիներ 4:17; 1 Տիմոթեոս 4:6, 12–16)։ Առաքյալը գրեց. «Դու ճշգրտորեն հետևել ես իմ տված ուսուցմանը, իմ ապրելակերպին, իմ նպատակին, իմ հավատին, իմ երկայնամտությանը, իմ ունեցած սիրուն, իմ տոկունությանը» (2 Տիմոթեոս 3:10)։ Այո՛, Տիմոթեոսը սերտորեն հետևում էր Պողոսի օրինակին։ Նմանապես, եթե դու մտերմանաս ժողովի հոգևորապես ուժեղ անհատների հետ, կկարողանաս քո առջև հասանելի հոգևոր նպատակներ դնել (2 Տիմոթեոս 2:20–22)։
Ուսումնասիրիր «Սուրբ Գրությունները»
9. Ճիշտ ընկերակցություն ընտրելուց բացի, ուրիշ ի՞նչ պետք է անես, որպեսզի «նպատակ դնես մարզել քո անձը Աստծու հանդեպ նվիրվածության»։
9 Բավակա՞ն է պարզապես ճիշտ ընկերակցություն ընտրել, որպեսզի հասնես քո հոգևոր նպատակներին։ Ո՛չ։ Տիմոթեոսի պես՝ դու պետք է ուշադրությամբ ուսումնասիրես «սուրբ գրությունները»։ Ուսումնասիրելը գուցե քո ամենասիրելի զբաղմունքը չլինի, սակայն հիշիր, որ Տիմոթեոսը պետք է «նպատակ դներ մարզել իր անձը Աստծու հանդեպ նվիրվածության»։ Մարզիկները, որպես կանոն, երկար ամիսներ լարված պարապում են իրենց նպատակին հասնելու համար։ Նմանապես և հոգևոր նպատակների հասնելու համար պահանջվում են զոհողություններ ու մեծ ջանքեր (1 Տիմոթեոս 4:7, 8, 10)։ Սակայն գուցե քո մեջ հարց առաջանա. «Ինչպե՞ս կարող է Աստվածաշնչի ուսումնասիրությունն օգնել ինձ հասնելու իմ նպատակներին»։ Քննարկենք, թե գործնականում ինչ երեք օգուտներ ենք ստանում Աստվածաշնչի ուսումնասիրությունից։
10, 11. Ինչո՞ւ կարող են Գրությունները մղել քեզ հասնելու հոգևոր նպատակներիդ։ Պարզաբանիր օրինակով։
10 Առաջին՝ Աստվածաշնչի ուսումնասիրությունը քո մեջ կարթնացնի ճիշտ մղումներ։ Գրությունների միջոցով կճանաչես մեր երկնային Հոր սքանչելի անձնավորությունը, կիմանաս մեր հանդեպ նրա ցուցաբերած սիրո գերագույն դրսևորման և հավատարիմ ծառաների համար պահված հավիտենական օրհնությունների մասին (Ամովս 3:7; Հովհաննես 3:16; Հռոմեացիներ 15:4)։ Ինչքան ավելի շատ գիտելիքներ ձեռք բերես Եհովայի մասին, այնքան ավելի շատ կսիրես նրան և կցանկանաս կյանքդ նվիրել Աստծուն։
11 Բազմաթիվ քրիստոնյա երիտասարդներ ասում են, որ Աստվածաշնչի կանոնավոր ուսումնասիրությունը բացառիկ դեր է խաղացել ճշմարտությունը յուրացնելու հարցում։ Օրինակ՝ Ադելը մեծացել է քրիստոնեական ընտանիքում, բայց երբեք հոգևոր նպատակներ չի դրել իր առջև։ Նա պատմում է. «Ծնողներս ինձ միշտ տանում էին Թագավորության սրահ, բայց ես չէի լսում ծրագիրը։ Բացի այդ, անձնական ուսումնասիրություն չէի անում»։ Քրոջ մկրտությունից հետո Ադելը սկսեց ավելի լրջորեն մոտենալ ճշմարտությանը։ «Նպատակ դրեցի ընթերցել ամբողջ Աստվածաշունչը։ Կարդում էի մի փոքր հատված, հետո մեկնաբանություններ գրում ընթերցածիս շուրջ։ Մինչև հիմա պահել եմ բոլոր նշումներս։ Մեկ տարում կարդացի ամբողջ Աստվածաշունչը»։ Ի վերջո, Ադելի մեջ մղում առաջացավ իր կյանքը նվիրելու Եհովային։ Չնայած որ մեր քույրը ֆիզիկական լուրջ տկարություն ունի, այժմ նա ծառայում է որպես ռահվիրա՝ լիաժամ ավետարանիչ։
12, 13. ա) Աստվածաշնչի ուսումնասիրության շնորհիվ ի՞նչ փոփոխություններ կարող է կատարել անհատը և ինչպե՞ս։ բ) Բեր Աստծու Խոսքից վերցված գործնական իմաստության օրինակներ։
12 Երկրորդ՝ Աստվածաշունչն օգնում է անհրաժեշտ փոփոխություններ կատարել մեր անձնավորության մեջ։ Պողոսն ասաց Տիմոթեոսին, որ «սուրբ գրությունները» «օգտակար են սովորեցնելու, հանդիմանելու, ուղղելու, արդարության մեջ խրատելու համար, որպեսզի Աստծու մարդը լիովին իրազեկ լինի, ամբողջովին պատրաստված՝ ցանկացած բարի գործի համար» (2 Տիմոթեոս 3:16, 17)։ Աստծու Խոսքի հետ կապված հարցերի շուրջ կանոնավորաբար խորհելով և Աստվածաշնչի սկզբունքները կիրառելով՝ դու թույլ կտաս, որ Աստծու ոգին բարելավի քո անձնավորությունը։ Այն քո մեջ կմշակի այնպիսի կարևոր հատկություններ, ինչպիսիք են՝ խոնարհություն, տոկունություն, աշխատասիրություն և անկեղծ սեր հավատակիցներիդ հանդեպ (1 Տիմոթեոս 4:15)։ Տիմոթեոսն ուներ այս հատկությունները, և դրանց շնորհիվ նա շատ արժեքավոր դարձավ թե՛ Պողոսի և թե՛ այն ժողովների համար, որոնց ծառայում էր (Փիլիպպեցիներ 2:20–22)։
13 Երրորդ՝ Աստծու Խոսքը գործնական իմաստության շտեմարան է (Սաղմոս 1:1–3; 19:7; 2 Տիմոթեոս 2:7; 3:15)։ Այն կօգնի քեզ ճիշտ ընկերակցություն և ժամանցի առողջ ձևեր ընտրել և իմաստուն որոշումներ կայացնել այլ հարցերի հետ կապված (Ծննդոց 34:1, 2; Սաղմոս 119:37; 1 Կորնթացիներ 7:36)։ Հոգևոր նպատակներիդ հասնելու համար շատ կարևոր է, որ խելամիտ որոշումներ կայացնես այժմ։
«Մղի՛ր հավատի բարի պատերազմը»
14. Ինչո՞ւ հոգևոր նպատակներ հետապնդելը ամենահեշտ բանը չէ։
14 Եհովային պատվող նպատակներին առաջնահերթություն տալը ամենաիմաստուն բանն է, բայց ոչ ամենահեշտը։ Օրինակ՝ երբ գալիս է մասնագիտություն ընտրելու ժամանակը, հարազատները, հասակակիցները և բարի միտումներ ունեցող ուսուցիչները թերևս մեծ ճնշում բանեցնեն քեզ վրա՝ համոզված լինելով, որ բարձրագույն կրթությունը և եկամտաբեր աշխատանքը իսկական հաջողության և երջանկության բանալին են (Հռոմեացիներ 12:2)։ Տիմոթեոսի պես՝ դու պետք է «մղե՛ս հավատի բարի պատերազմը», որպեսզի «ամո՛ւր բռնես հավիտենական կյանքը», որ Եհովան պատրաստել է քեզ համար (1 Տիմոթեոս 6:12; 2 Տիմոթեոս 3:12)։
15. Հավանաբար ի՞նչ հակառակության բախվեց Տիմոթեոսը։
15 Փորձությունը կարող է հատկապես ուժեղ լինել, երբ քո հավատը չընդունող ընտանիքիդ անդամները հավանություն չեն տալիս քո կատարած ընտրություններին։ Հնարավոր է՝ Տիմոթեոսը պետք է հաղթահարեր այդպիսի հակառակություն։ Համաձայն մի աշխատության՝ Տիմոթեոսի ընտանիքը հավանաբար «պատկանում էր հասարակության կրթված, վերին խավին»։ Նրա հայրը գուցե ակնկալում էր, որ Տիմոթեոսը բարձրագույն կրթություն ստանար և շարունակեր ընտանեկան բիզնեսը։a Պատկերացրու, թե Տիմոթեոսի հայրն ինչպես արձագանքեց՝ իմանալով, որ իր որդին նախընտրում է Պողոսի հետ միսիոներական գործի վտանգները և դրա հետ կապված ֆինանսական դժվարությունները։
16. Ինչպե՞ս մի երիտասարդ ծնողի կողմից ճնշման ենթարկվեց։
16 Երիտասարդ քրիստոնյաներն այսօր նույնպիսի խնդիրների են բախվում։ Մեթյուն, որը ծառայում է Եհովայի վկաների մասնաճյուղերից մեկում, պատմում է. «Ես սկսեցի ծառայել որպես ռահվիրա և այդ ծառայության մեջ մնալու համար սկսեցի հավաքարարություն անել։ Հայրս խորապես հիասթափվեց. նրա կարծիքով՝ ես ջուրն էի գցել իմ ստացած կրթությունը։ Նա ծաղրում էր ինձ՝ հիշեցնելով այն մասին, թե որքան կարող էի վաստակել, եթե աշխատեի լրիվ աշխատանքային օր»։ Ինչպե՞ս Մեթյուն դիմացավ այդ ճնշմանը։ «Ես Աստվածաշնչի ընթերցանության գրաֆիկ ունեի։ Նաև անդադար աղոթում էի, հատկապես այն պահերին, երբ ուր որ է համբերությունից պիտի դուրս գայի»։ Մեթյուի վճռականությունը պարգևատրվեց։ Ժամանակի ընթացքում հոր և որդու փոխհարաբերությունները կարգավորվեցին։ Մեթյուն ավելի մտերմացավ Եհովայի հետ։ Նա ասում է. «Զգում էի, թե ինչպես է Եհովան հոգ տանում իմ մասին, քաջալերում և պաշտպանում ինձ, նաև օգնում, որ սխալ որոշումներ չկայացնեմ։ Ես չէի զգա այդ ամենը, եթե չձգտեի հոգևոր նպատակների»։
Կենտրոնացիր հոգևոր նպատակների վրա
17. Ինչպե՞ս կարող են ոմանք թևաթափ անել նրանց, ովքեր ցանկանում են լիաժամ ծառայել (Մատթեոս 16:22)։
17 Նույնիսկ հավատակիցները կարող են անգիտակցաբար թուլացնել հոգևոր նպատակների հասնելու քո վճռականությունը։ Շատերը կարող են ասել. «Ինչո՞ւ ես ուզում անպայման ռահվիրա լինել։ Դու կարող ես և՛ քարոզել, և՛ ապրել նորմալ կյանքով։ Գտիր լավ աշխատանք և ֆինանսապես ապահովված կլինես»։ Գուցե թվա, թե սա խելամիտ խորհուրդ է, բայց եթե հետևես այդ խորհրդին, կարո՞ղ ես ասել, որ մարզում ես քո անձը Աստծու հանդեպ նվիրվածության։
18, 19. ա) Ինչպե՞ս կարող ես կենտրոնանալ հոգևոր նպատակների վրա։ բ) Պատմիր, թե դու, լինելով երիտասարդ, ինչ զոհողությունների ես գնում հանուն Թագավորության։
18 Տիմոթեոսի ժամանակներում ապրող որոշ քրիստոնյաներ ակներևաբար այդպես էին մտածում (1 Տիմոթեոս 6:17)։ Որպեսզի Տիմոթեոսը կարողանար իր հայացքը հոգևոր նպատակների վրա պահել, Պողոսը նրան հորդորեց՝ ասելով. «Ոչ մի մարդ, որ ծառայում է որպես զինվոր, խորամուխ չի լինում շահութաբեր կենցաղային գործերի մեջ, որպեսզի շահի այն անհատի բարեհաճությունը, որը զինվորագրել է իրեն» (2 Տիմոթեոս 2:4)։ Զինվորը, որը գտնվում է ռազմական ծառայության մեջ, չի կարող շեղվել քաղաքացիական գործերով։ Ե՛վ նրա, և՛ ուրիշների կյանքը կախված է այն բանից, թե նա մշտապես պատրաստ կլինի՞ կատարելու իր հրամանատարի հրահանգները։ Որպես Քրիստոսի զինվոր՝ դու պետք է նպատակասլաց լինես և խուսափես նյութապաշտական նպատակներ հետապնդելուց, որոնք կարող են խանգարել քեզ լիարժեքորեն կատարելու քո փրկարար ծառայությունը (Մատթեոս 6:24; 1 Տիմոթեոս 4:16; 2 Տիմոթեոս 4:2, 5)։
19 Նպատակ դիր ոչ թե հեշտ կյանքով ապրել, այլ անձնազոհ ոգի զարգացնել։ «Պատրաստ եղիր ապրելու առանց կյանքի հարմարությունների՝ որպես Հիսուս Քրիստոսի զինվոր» (2 Տիմոթեոս 2:3, The English Bible in Basic English)։ Պողոսի հետ ընկերակցելու արդյունքում Տիմոթեոսը սովորեց նույնիսկ ամենադժվար հանգամանքներում գոհ լինելու գաղտնիքը (Փիլիպպեցիներ 4:11, 12; 1 Տիմոթեոս 6:6–8)։ Դու կարող ես նույնն անել։ Պատրա՞ստ ես զոհողությունների գնալ հանուն Թագավորության։
Օրհնություններ այժմ և ապագայում
20, 21. ա) Նշիր, թե ինչ օրհնություններ է բերում հոգևոր նպատակների ձգտելը։ բ) Ի՞նչ ես վճռել անելու։
20 Մոտ 15 տարի Տիմոթեոսը սերտորեն համագործակցեց Պողոսի հետ։ Բարի լուրը տարածվեց Միջերկրական ծովի գրեթե ողջ հյուսիսային շրջանում, և Տիմոթեոսն իր աչքերով տեսավ նոր ժողովների կազմավորումը։ Նրա կյանքն այդքան հետաքրքիր ու գոհացուցիչ չէր լինի, եթե նա ընտրեր «նորմալ» կյանքը։ Ձգտելով հոգևոր նպատակների՝ դու նույնպես անգին հոգևոր օրհնություններ կստանաս։ Դու ավելի կմտերմանաս Եհովայի հետ և կվայելես հավատակիցներիդ սերն ու հարգանքը։ Ցավի և հիասթափության փոխարեն, որ գալիս են նյութապաշտական հետապնդումներից՝ դու իսկական երջանկություն կզգաս, որը բխում է անեսասեր կերպով տալուց։ Բայց որ ամենակարևորն է, «ամուր կբռնես իսկական կյանքը»՝ հավիտենական կյանքը դրախտային երկրի վրա (1 Տիմոթեոս 6:9, 10, 17–19; Գործեր 20:35)։
21 Եթե դեռևս հոգևոր ձգտումներ չունես, մենք հորդորում ենք քեզ անհապաղ նպատակ դնել մարզելու քո անձը Աստծու հանդեպ նվիրվածության։ Մտերմացիր ժողովի այն անդամների հետ, ովքեր կարող են օգնել քեզ հասնելու քո հոգևոր նպատակներին։ Նրանցից խորհուրդներ հարցրու։ Աստծու Խոսքի անձնական ուսումնասիրությունը թող քեզ համար առաջնահերթություն լինի։ Վճռականորեն տրամադրվիր հակառակվելու այս աշխարհի նյութապաշտական ոգուն։ Եվ միշտ հիշիր, որ Աստված, որն «առատապես ապահովում է մեզ ամեն ինչով, որ վայելենք», քեզ խոստանում է առատ օրհնություններ այժմ և ապագայում, եթե, իհարկե, ձգտես այնպիսի նպատակների, որոնք կպատվեն նրան (1 Տիմոթեոս 6:17)։
[ծանոթագրություն]
a Հույները բարձրագույն կրթությանը մեծ նշանակություն էին տալիս։ Պլուտարքոսը՝ Տիմոթեոսի ժամանակակիցներից մեկը, գրել է. «Պատշաճ կրթությունը բոլոր բարիքների աղբյուրն ու գրավականն է.... Ըստ իս՝ դա է տանում բարոյական գերազանցության և երջանկության.... Մյուս բոլոր առավելությունները մարդկային են, մակերեսային և արժանի չեն լուրջ ուշադրության» («Moralia I», «The Education of Children»)։
Հիշո՞ւմ եք
• Երիտասարդները ումի՞ց կարող են օգնություն ստանալ, որպեսզի հասնեն իրենց հոգևոր նպատակներին։
• Ինչո՞ւ է Աստվածաշնչի մանրակրկիտ ուսումնասիրությունը շատ կարևոր։
• Ինչպե՞ս կարող են երիտասարդները դիմադրել այս աշխարհի նյութապաշտական ոգուն։
• Ի՞նչ օրհնություններ է բերում հոգևոր նպատակների ձգտելը։
[նկար 24–րդ էջի վրա]
Տիմոթեոսը ձգտեց գերազանց նպատակների
[նկար 25–րդ էջի վրա]
Ո՞ւմ հետ ընկերակցելն օգնեց Տիմոթեոսին
[նկար 26–րդ էջի վրա]
Ձգտո՞ւմ ես հոգևոր նպատակների