Նեռը՝ քողազերծված
ԻՆՉՊԵ՞Ս կպաշտպանեիք ձեզ, եթե իմանայիք, որ մահացու համաճարակ է տարածված ձեր շրջանում։ Դուք հավանաբար կամրացնեիք ձեր իմուն համակարգը և հեռու կմնայիք վարակիչ հիվանդություն ունեցողներից։ Նույնը հարկավոր է անել հոգևոր առումով։ Գրությունները մեզ հայտնում են, որ նեռը «հիմա արդէն աշխարհքումն է» (Ա Յովհաննէս 4։3)։ Եթե ուզում ենք խուսափել այդ «վարակից», պետք է իմանանք, թե ովքեր են «բացիլակիր» մարդիկ, և հեռու մնանք նրանցից։ Բարեբախտաբար Աստվածաշունչը լույս է սփռում այս հարցի վրա։
«Նեռ» բառը նշանակում է «Քրիստոսի հակառակորդ», կամ՝ հակաքրիստոս։ Ավելի լայն իմաստով այդ բառը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր ստելով պնդում են, թե իրենք Քրիստոսն են կամ նրա ներկայացուցիչները, հակառակվում են Քրիստոսին կամ նրա ներկայացուցիչներին։ Հիսուսն ասաց. «Ով որ ինձ հետ չէ՝ ինձ հակառակ է [կամ՝ նեռ է], եւ ով որ ինձ հետ չէ ժողովում՝ ցրվում է» (Ղուկաս 11։23)։
Հովհաննեսը նեռի մասին գրեց Հիսուսի մահից և հարությունից 60 տարի անց։ Ուստի նեռի գործունեությունը պետք է հասկանալ այն իմաստով, թե ինչպես է դա անդրադառնում Հիսուսի՝ երկրի վրա ապրող հավատարիմ հետևորդների վրա (Մատթէոս 25։40, 45)։
Նեռը դեմ է Քրիստոսի հետևորդներին
Հիսուսը նախազգուշացրեց իր հետևորդներին, որ աշխարհը նրանց կատի։ Նա ասաց. «Ձեզ նեղութեան կ’մատնեն. եւ ձեզ կ’սպանեն, եւ իմ անունի համար ամեն ազգերից ատուած կ’լինիք։ Եւ շատ սուտ մարգարէներ դուրս կ’գան՝ եւ շատերին կ’մոլորեցնեն» (Մատթէոս 24։9, 11)։
Քանի որ Հիսուսի աշակերտներին հալածում են «[Հիսուսի] անունի համար», ուրեմն հալածողները նեռ են, այսինքն՝ դեմ են Քրիստոսին։ «Սուտ մարգարէներ[ը]», որոնցից մի քանիսը ժամանակին քրիստոնյա են եղել, նույնպես այդ մարդկանց թվում են (Բ Յովհաննէս 7)։ Հովհաննեսը գրեց. «Շատ նեռեր.... Մեզանից դուրս գնացին, բայց մեզանից չէին. որովհետեւ եթէ մեզանից լինէին, ապա մեզ հետ մնացած կ’լինէին. բայց որ յայտնի լինեն թէ նորանք ամենը մեզանից չեն» (Ա Յովհաննէս 2։18, 19)։
Թե՛ Հիսուսի և թե՛ Հովհաննեսի խոսքերը պարզ ցույց են տալիս, որ նեռը մեկ անձնավորություն չէ։ Ավելին, քանի որ նեռերը կեղծ մարգարեներ են, նրանց հիմնական նպատակներից մեկը կրոնական խաբեությունն է։ Որո՞նք են նրանց մեթոդներից մի քանիսը։
Կրոնական ստեր տարածելը
Պողոս առաքյալը խորհուրդ տվեց իր համագործակից Տիմոթեոսին զգուշանալ հավատուրացների ուսմունքներից։ Նրանցից էին Հիմենոսը և Փիլետոսը, որոնց խոսքերը «քաղցկեղի պէս ճարակում է[ին]»։ Պողոսն ավելացրեց, որ նրանք «ճշմարտութիւնիցը մոլորել են, ասելով թէ մեռելների յարութիւնն արդէն եղած է. եւ կործանում են ոմանց հաւատքը» (Բ Տիմոթէոս 2։16–18)։ Ակներևաբար Հիմենոսն ու Փիլետոսը սովորեցնում էին, թե հարությունը խորհրդանշական բան է, և թե քրիստոնյաներն արդեն իսկ հարություն են առել հոգևոր առումով։ Իհարկե, Հիսուսի ճշմարիտ աշակերտը դառնալով՝ անհատը Եհովայի աչքում կենդանանում է, ինչի մասին պարզ ասաց Պողոսը (Եփեսացիս 2։1–5)։ Այնուամենայնիվ, Հիմենոսն ու Փիլետոսը իրենց ուսմունքով անարգում էին Հիսուսի խոստումն այն մասին, որ Աստծու Թագավորության ներքո մահացածները բառացիորեն հարություն են ստանալու (Յովհաննէս 5։28, 29)։
Խորհրդանշական հարության մասին միտքը հետագայում զարգացրեցին գնոստիկները։ Մտածելով, որ իմացություն (հունարեն՝ գնո՛սիս) կարելի է ձեռք բերել առեղծվածային ձևով, գնոստիկները միախառնում էին հավատուրաց քրիստոնեությունը հունական փիլիսոփայությանը և Հին Արևելքի կրոններին։ Օրինակ՝ նրանք հավատում էին, թե նյութականը «չար» է, այդ պատճառով մտածում էին, որ Հիսուսը չի եկել մարմնով, այլ պարզապես թվացյալ մարդկային մարմին է ունեցել։ Ինչպես տեսանք, սա հենց այն է, ինչի մասին նախազգուշացրեց Հովհաննես առաքյալը (Ա Յովհաննէս 4։2, 3; Բ Յովհաննէս 7)։
Մեկ այլ սուտ էլ, որը հորինվել է դարեր առաջ, այսպես կոչված «սուրբ Երրորդության» ուսմունքն է, ըստ որի՝ Հիսուսը և՛ Ամենակարող Աստված է և՛ Աստծու Որդի։ «Առաջին երեք դարերի եկեղեցին» գրքում դոկտոր Ալվան Լեմսոնը գրում է, որ «Երրորդության» ուսմունքի «աղբյուրը հրեական կամ քրիստոնեական գրությունները չեն. այն զարգացել և պատվաստվել է քրիստոնեությանը պլատոնական հայրերի ձեռքով» («The Church of the First Three Centuries»)։ Իսկ ովքե՞ր էին «պլատոնական հայրերը»։ Դրանք հավատուրաց հոգևորականներն էին, որոնց գրավել էին հույն հեթանոս փիլիսոփա Պլատոնի ուսմունքները։
«Երրորդության» պատվաստումը նեռի գլուխգործոցներից է, քանի որ այս ուսմունքը Աստծուն առեղծվածային է դարձնում և մշուշոտ ձևով ներկայացնում նրա փոխհարաբերությունները իր Որդու հետ (Յովհաննէս 14։28; 15։10; Կողոսացիս 1։15)։ Մտածիր՝ կարո՞ղ է անհատը ‘մոտենալ Աստծուն’, ինչպես որ քաջալերում են Գրությունները, եթե վերջինս առեղծվածային է (Յակոբոս 4։8)։
Իրավիճակն ավելի է խճճվում նրանով, որ Աստվածաշնչի բազմաթիվ թարգմանիչներ Աստծու անունը՝ Եհովա, բաց են թողել իրենց թարգմանություններից, թեև բնագրում այն հանդիպում է ավելի քան 7 000 անգամ։ Հստակ է, որ Ամենակարողին ոչ միայն որպես առեղծված, այլև որպես անանուն էակ ներկայացնելը ծայրաստիճան արհամարհանք է արտահայտում մեր Արարչի և նրա ներշնչված Խոսքի հանդեպ (Յայտնութիւն 22։18, 19)։ Ավելին, Աստծու անունը Տեր և Աստված տիտղոսներով փոխարինելը հակասում է Հիսուսի տիպար աղոթքին, որտեղ մասնավորապես ասվում է. «Սուրբ լինի քո անունը» (Մատթէոս 6։9)։
Նեռերը մերժում են Աստծու Թագավորությունը
Նեռերը հատկապես ակտիվ են դարձել ‘վերջին օրերում’՝ մեր ժամանակներում (Բ Տիմոթէոս 3։1)։ Այս ժամանակակից խաբեբաների գլխավոր նպատակը մարդկանց մոլորեցնելն է Հիսուսի դերի առնչությամբ, որը նա ունի որպես Աստծու Թագավորության Թագավոր։ Այդ երկնային կառավարությունը շուտով իշխելու է ողջ երկրի վրա (Դանիէլ 7։13, 14; Յայտնութիւն 11։15)։
Օրինակ՝ որոշ կրոնական առաջնորդներ քարոզում են, թե Աստծու Թագավորությունը մարդու սրտի վիճակ է. մի տեսակետ, որը սուրբգրային հիմքեր չունի (Դանիէլ 2։44)։ Մյուսները պնդում են, թե Քրիստոսը գործում է մարդկային կառավարությունների և հաստատությունների միջոցով։ Այնինչ Հիսուսն ասաց. «Իմ թագաւորութիւնն այս աշխարհքիցը չէ» (Յովհաննէս 18։36)։ Իրականում ոչ թե Քրիստոսն է, այլ Սատանան է «այս աշխարհքի իշխանը» և «այս աշխարհքի աստուածը» (Յովհաննէս 14։30; Բ Կորնթացիս 4։4)։ Սրանով է բացատրվում, թե ինչու է Հիսուսը շուտով վերացնելու բոլոր մարդկային կառավարությունները և դառնալու աշխարհի միակ Կառավարիչը (Սաղմոս 2։2, 6–9; Յայտնութիւն 19։11–21)։ Երբ մարդիկ աղոթում են՝ ասելով «գայ քո արքայութիւնը, լինի քո կամքը.... երկրի վերայ», նրանք հենց այդ թագավորության մասին են աղոթում (Մատթէոս 6։10)։
Քանի որ կրոնական առաջնորդները թիկունք են կանգնում այս աշխարհի քաղաքական համակարգերին, նրանք հակառակվում և նույնիսկ հալածում են նրանց, ովքեր հռչակում են Աստծու Թագավորության մասին ճշմարտությունը։ Հետաքրքիր է, որ Աստվածաշնչի «Յայտնութիւն» գիրքը հիշատակում է մի խորհրդանշական պոռնիկի՝ «Մեծ Բաբիլոն[ի]» մասին, որն «արբած [է] սուրբերի արիւնովը եւ Յիսուսի վկաների արիւնովը» (Յայտնութիւն 17։4–6)։ Նա նաև հոգևոր պոռնկություն է գործում՝ աջակցելով երկրի «թագաւորներ[ին]», կամ՝ քաղաքական գործիչներին և ստանում նրանց հավանությունը։ Այս խորհրդանշական կինը ներկայացնում է աշխարհի կեղծ կրոնները։ Նա կազմում է նեռի մեծ մասը (Յայտնութիւն 18։2, 3; Յակոբոս 4։4)։
Նեռը ‘ականջին հաճելի բաներ է’ ասում
Բացի այն, որ այսպես կոչված քրիստոնյաները մերժում են աստվածաշնչյան ճշմարտությունը, նրանք նաև չեն ընդունում վարքի վերաբերյալ Աստվածաշնչի չափանիշները՝ փոխարենը նախընտրելով հասարակության մեջ ընդունված սկզբունքները։ Աստծու Խոսքը նախազգուշացրել էր այդ մասին՝ ասելով. «Ժամանակ կ’գայ որ [մարդիկ, ովքեր պնդում են, թե ծառայում են Աստծուն] ողջամիտ վարդապետութեանը չեն համբերիլ. այլ իրանց յատուկ ցանկութիւնների համեմատ վարդապետներ կ’դիզեն իրանց վերայ, իրանց լսելիքների մարմաջելու պէս [«ականջներին հաճելի բաներ լսելու մարմաջով», ԷԹ]» (Բ Տիմոթէոս 4։3)։ Այս կրոնական խաբեբաները նաև նկարագրվում են որպես «սուտ առաքեալներ, նենգաւոր մշակներ, Քրիստոսի առաքեալների պէս կերպարանուողներ»։ Աստվածաշունչը շարունակում է. «[Նրանց] վերջը իրանց գործերին պէս կ’լինի» (Բ Կորնթացիս 11։13–15)։
Նրանց անառակ վարքը ծայրաստիճան քամահրանք է արտահայտում բարոյական բարձր չափանիշների հանդեպ (Բ Պետրոս 2։1, 2 ՆԱ, 3, 12–14)։ Չե՞նք տեսնում արդյոք, որ գնալով ավելի շատ կրոնական առաջնորդներ իրենց հետևորդների հետ միասին ընդունում կամ առնվազն արդարացնում են ոչ քրիստոնեական վարքը, ինչպիսիք են՝ համասեռամոլությունը և արտամուսնական սեռային հարաբերությունները։ Ժամանակ հատկացրեք՝ համեմատելու համար ապրելակերպի այդ ընդունված տեսակետները, Աստվածաշնչի տեսակետների հետ, որոնք արձանագրված են Ղեւտացոց 18։22; Հռովմայեցիս 1։26, 27; Ա Կորնթացիս 6։9, 10; Եբրայեցիս 13։4; Յուդա 7 համարներում։
Ստուգե՛ք «ներշնչյալ արտահայտությունները»
Հաշվի առնելով վերոհիշյալը՝ մենք պետք է հետևենք Հովհաննես առաքյալի խոսքերին և թեթևամտորեն կամ անտարբերությամբ չվերաբերվենք մեր կրոնական համոզմունքներին։ Նա նախազգուշացրեց. «Սիրելիներ, ամեն հոգու [«ներշնչյալ արտահայտության», ՆԱ] մի հաւատաք. այլ փորձեցէք հոգիները [«ներշնչյալ արտահայտությունները», ՆԱ] թէ արդեօք Աստուածանից են. որովհետեւ շատ սուտ մարգարէներ են դուրս եկել աշխարհք» (Ա Յովհաննէս 4։1)։
Քննարկենք առաջին դարում Բերիա քաղաքում ապրած որոշ «ազնիւ» մարդկանց օրինակը։ Նրանք «խօսքը բոլոր յոժարութեամբ ընդունեցին. ամեն օր Գրքերը քննում էին, թէ այս [Պողոսի և Շիղայի խոսքերը] այսպէ՞ս է» (Գործք 17։10, 11)։ Այո՛, սովորելու ցանկություն ունենալու հետ մեկտեղ բերիացիները հավաստիանում էին, որ այն, ինչ լսում և ընդունում էին, հիմնված էր Գրությունների վրա։
Նմանապես այսօր ճշմարիտ քրիստոնյաները թույլ չեն տալիս, որ հասարակության մեջ ընդունված տեսակետներն ազդեն իրենց վրա։ Փոխարենը՝ նրանք հավատարիմ են մնում աստվածաշնչյան ճշմարտությանը։ Պողոս առաքյալ գրեց. «Սա աղօթք եմ անում, որ ձեր սէրն էլ աւելի եւ աւելի հարստանայ գիտութիւնով եւ ամեն հասկացողութիւնով» (Փիլիպպեցիս 1։9)։
Եթե դեռ չեք ուսումնասիրում Աստվածաշունչ, ուրեմն նպատակ դրեք ձեռք բերել ‘գիտություն և ամեն հասկացողություն’՝ իմանալու համար, թե ինչ է իրականում սովորեցնում Աստվածաշունչ։ Նրանք, ովքեր նդօրինակում են բերիացիներին, չեն խաբվում նեռերի «հնարած խօսքերով» (Բ Պետրոս 2։3)։ Ընդհակառակ՝ Քրիստոսի և նրա իսկական հետևորդների մասին սուրբգրային ճշմարտությունների շնորհիվ նրանք ազատվում են կրոնական ստերից (Յովհաննէս 8։32, 36)։
[շրջանակ/նկար 4-րդ էջի վրա]
ԻՆՉ Է ԱՍՈՒՄ ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՆԵՌԻ ՄԱՍԻՆ
«Որդեակներ, վերջի ժամանակն է [հավանաբար առաքյալների ժամանակների վերջ], եւ ինչպէս լսեցիք թէ Նեռ գալիս է, եւ այժմ շատ նեռեր են եղել, որ սորանից իմանում ենք թէ վերջի ժամանակն է» (Ա Յովհաննէս 2։18)։
«Ո՞վ է ստախօս, եթէ ոչ նա որ ուրանում է թէ Յիսուսը չէ Քրիստոսը. նա Նեռն է, որ ուրանում է Հօրը եւ Որդուն» (Ա Յովհաննէս 2։22)։
«Եւ ամեն հոգի որ չէ խոստովանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած, Աստուածանից չէ. եւ նա Նեռի հոգին է, որ լսեցիք թէ գալիս է, եւ հիմա արդէն աշխարհքումն է» (Ա Յովհաննէս 4։3)։
«Որովհետեւ շատ մոլորեցուցիչներ դուրս եկան աշխարհք որ չեն դաւանում Յիսուս Քրիստոսին մարմնով եկած. նա է մոլորեցուցիչը եւ Նեռը» (Բ Յովհաննէս 7)։
[շրջանակ/նկարներ 5-րդ էջի վրա]
ԽԱԲԵԲԱ, ՈՐԸ ՇԱՏ ԵՐԵՍՆԵՐ ՈՒՆԻ
«Նեռ» բառը վերաբերում է բոլոր նրանց, ովքեր մերժում են այն, ինչ Աստվածաշունչն ասում է Հիսուս Քրիստոսի մասին, հակառակվում են նրա Թագավորությանը և վատ են վերաբերվում նրա հետևորդներին։ Դրանց թվում են նաև այն բոլոր անհատները, կազմակերպություններն ու ազգերը, որոնք պնդում են, թե ներկայացնում են Քրիստոսին կամ իրենք իրենց են վերագրում Մեսիայի դերը՝ հանդգնորեն խոստանալով հասնել այն բանին, ինչին որ միայն Քրիստոսը կարող է հասնել, այսինքն՝ իսկական խաղաղության և անվտանգության։
[թույլտվությամբ]
Augustine: ©SuperStock/age fotostock
[նկար 7-րդ էջի վրա]
Բերիացիների նման՝ մենք պետք է ամեն օր ‘քննենք Գրքերը’