Գլուխ 11
Այժմ վերջին օրերն են
1. Ինչո՞ւ են շատերն ընկնում տարակուսանքի մեջ՝ տեսնելով, թե ինչ է կատարվում աշխարհում, և որտե՞ղ կարող ենք գտնել տեղի ունեցող դեպքերի մասին ճշգրիտ բացատրությունը։
ԻՆՉՊԵ՞Ս է մեր փոթորկալից աշխարհը հասել այս աստիճանի։ Ի՞նչ է սպասում մեզ ապագայում։ Երբևէ խորհե՞լ եք նման հարցերի շուրջ։ Տեսնելով, թե ինչ է կատարվում աշխարհում՝ շատերն ընկնում են տարակուսանքի մեջ։ Այնպիսի իրողությունները, ինչպիսիք են պատերազմը, հիվանդությունները և հանցագործությունը, ստիպում են մարդկանց մտահոգվել ապագայի մասին։ Քիչ հույսեր են ներշնչում նաև պետական գործիչները։ Աստված, սակայն, իր Խոսքի միջոցով ստույգ բացատրություն է տալիս մտահոգություն պատճառող այս օրերի վերաբերյալ։ Աստվածաշունչը օգնում է ճշգրիտ կերպով որոշել, թե պատմության մեջ ինչպիսի ժամանակաշրջանում ենք ապրում։ Այն տեղեկացնում է, որ մենք ապրում ենք ներկա համակարգի ‘վերջին օրերում’ (Բ Տիմոթէոս 3։1)։
2. Ի՞նչ հարցրեցին Հիսուսին նրա աշակերտները, և ի՞նչ պատասխանեց նա։
2 Տեսնենք, օրինակ, թե իր աշակերտների որոշ հարցերին ինչ պատասխանեց Հիսուսը։ Նրա մահից երեք օր առաջ աշակերտները հարցրեցին. «Քու գալուստիդ ու աշխարհիս վերջին նշանը ի՞նչ պիտի ըլլայ»a (Մատթէոս 24։3, ԱԱ)։ Ի պատասխան՝ Հիսուսը համաշխարհային մակարդակով տեղի ունենալիք որոշակի դեպքեր ու իրավիճակներ նկարագրեց, որոնք պարզորոշ ցույց կտային, որ այս աստվածամերժ համակարգի վերջին օրերը սկսվել են։
3. Ինչո՞ւ Հիսուսի իշխանություն ստանալուց հետո երկրի վիճակը վատացավ։
3 Ինչպես ցույց տրվեց նախորդ գլխում, աստվածաշնչյան ժամանակագրությունից կարելի է եզրակացնել, որ Աստծո Թագավորությունն արդեն սկսել է իշխել։ Բայց ինչպե՞ս է դա հնարավոր, չէ՞ որ ամեն ինչ գնալով վատանում է։ Իրականում սա հիմնավոր ապացույցն է այն բանի, որ Աստծո Թագավորությունը արդեն իշխում է։ Ինչո՞ւ։ Սաղմոս 110։2–ում տեղեկացվում է, որ Հիսուսը որոշ ժամանակ պետք է իշխեր ‘իր թշնամիների մեջ’։ Եվ իրոք, երկնային Թագավոր նշանակվելուց հետո նա առաջին հերթին Սատանային ու նրա դև–հրեշտակներին վայր գցեց երկրի մերձակայքը (Յայտնութիւն 12։9)։ Ի՞նչ հետևանքներ ունեցավ դա։ Հենց այն, ինչ կանխագուշակված էր Յայտնութիւն 12։12–ում. «Վա՜յ երկրին եւ ծովին, եւ նորանում բնակողներին որ Բանսարկուն վայր իջաւ ձեզ մօտ, որ մեծ բարկութիւն ունի, գիտենալով, որ քիչ ժամանակ ունի»։ Մենք ապրում ենք այդ ‘քիչ ժամանակվա’ ընթացքում։
4. Ինչո՞վ պետք է բնորոշվեին վերջին օրերը, և ի՞նչ է դա ցույց տալիս (տե՛ս շրջանակը)։
4 Ուստի զարմանալի չէ, որ երբ Հիսուսին հարցրին, թե ինչպիսին է լինելու նրա ներկայության և իրերի այս համակարգի վախճանի նշանը, նա սթափեցնող պատասխան տվեց։ 102 էջի վրայի շրջանակից կարելի է տեղեկանալ այդ նշանի տարբեր մանրամասներին։ Ինչպես տեսնում եք, Պողոս, Պետրոս և Հովհաննես առաքյալները նույնպես տեղեկություններ են հայտնում վերջին օրերի վերաբերյալ, և դրանք հիմնականում մտահոգություն պատճառող իրադարձություններ են։ Սակայն մարգարեությունների իրականացումը պետք է ամրապնդի մեր վստահությունն այն բանում, որ այս չար համակարգի վախճանը մոտ է։ Եկեք ավելի մանրամասն քննենք վերջին օրերի նշանը։
Վերջին օրերի նշանը
5, 6. Ինչպե՞ս են իրականանում պատերազմի ու սովի մասին մարգարեությունները։
5 «Ազգ ազգի վերայ վեր կ’կենայ, եւ թագաւորութիւն թագաւորութեան վերայ» (Մատթէոս 24։7; Յայտնութիւն 6։4)։ Գրող Էռնստ Հեմինգուեյի խոսքերով՝ Առաջին համաշխարհային պատերազմը «երկրի վրա երբևէ տեղի ունեցած ամենամեծ, ամենաարյունահեղ և ամենաանկառավարելի ջարդն էր»։ Իսկ համաձայն մի գրքի՝ դա «նոր չափերի հասնող մի պատերազմ էր, մարդկության տեսած առաջին համընդհանուր պատերազմը, որն իր տևողությամբ, սաստկությամբ ու մասշտաբներով գերազանցեց մինչև այդ հայտնի կամ ընդհանրապես սպասվող ցանկացած բան» («The World in the Crucible—1914-1919»)։ Դրանից հետո սկսվեց Երկրորդ համաշխարհային պատերազմը, որը շատ ավելի կործանարար էր, քան նախորդը։ Պատմության բնագավառի պրոֆեսոր Հյու Թոմասն ասում է. «Քսաներորդ դարը եղել է ավտոմատի, տանկի, «B-52» ռմբակոծիչի, ատոմային ռումբի և, ի վերջո՝ հրթիռների դար։ Այդ հարյուրամյակի ընթացքում շատ ավելի արյունահեղ ու կործանարար պատերազմներ են տեղի ունեցել, քան որևէ ուրիշ դարաշրջանում»։ Ճիշտ է, «Սառը պատերազմից» հետո շատ է խոսվել զինաթափության մասին։ Սակայն ըստ մի հաղորդագրության՝ նույնիսկ նախատեսված կրճատումներից հետո դեռ կմնա 10 000–20 000 միջուկային մարտագլխիկ, ինչը ավելի քան 900 անգամ գերազանցում է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գործածված զենքի քանակին։
6 «Սովեր կ’լինին» (Մատթէոս 24։7; Յայտնութիւն 6։5, 6, 8)։ Սկսած 1914 թ.–ից՝ առնվազն 20 մեծ սովեր են եղել։ Այդպիսի սովեր եղել են, օրինակ, Բանգլադեշում, Բուրունդիում, Եթովպիայում, Կամբոջայում, Հնդկաստանում, Հունաստանում, Նիգերիայում, Չինաստանում, Ռուանդայում, Ռուսաստանում, Սոմալիում և Սուդանում։ Սակայն միշտ չէ, որ սովի պատճառը սննդամթերքի պակասն է։ Ահա թե ինչ եզրակացության է եկել գյուղատնտեսների ու տնտեսագետների մի խումբ. «Վերջին տասնամյակներին աշխարհում սննդամթերքի պաշարը ավելի արագ է աճել, քան բնակչության թիվը։ Բայց քանի որ առնվազն 800 միլիոն մարդ ապրում է ծայրաստիճան աղքատության մեջ, ....նրանք ի վիճակի չեն գնելու այնքան մթերք, որ կարողանան վերջ դնել իրենց մշտական թերսնմանը»։ Երբեմն սովի պատճառ է դառնում քաղաքականությունը։ Դոկտոր Աբդելգալիլ Էլմեկին (Տորոնտոյի համալսարան) օրինակ է բերում երկու երկրներ, որտեղ հազարավոր մարդիկ սովի են մատնված, այն դեպքում երբ իրենց երկրները հսկայական քանակությամբ սննդամթերք են արտահանում։ Թվում է՝ այդ երկրների կառավարություններին ավելի շատ մտահոգում է իրենց պատերազմների ֆինանսավորման համար տարադրամ ձեռք բերելու խնդիրը, քան թե իրենց քաղաքացիներին կերակրելը։ Ի՞նչ եզրակացություն է անում դոկտոր Էլմեկին։ Սովը հաճախ «հետևանք է ոչ ճիշտ բաշխման ու պետության վարած քաղաքականության»։
7. Համաճարակների հետ կապված՝ ի՞նչ են ցույց տալիս փաստերն այսօր։
7 «Մահտարաժամներ [համաճարակներ]» (Ղուկաս 21։11; Յայտնութիւն 6։8)։ 1914–1918 թթ. «իսպանկա» գրիպի պատճառով մահացավ առնվազն 21 միլիոն մարդ։ «Պատմության ընթացքում աշխարհը երբեք չէր տեսել նման «մարդասպանի», որն այդքան կյանքեր խլեց և այդքան արագ»,— գրում է Ա. Հոուլինգը («The Great Epidemic»)։ Այսօր հիվանդությունները մոլեգնում են։ Քաղցկեղից տարեկան մահանում է մոտ 7 միլիոն մարդ, թոքախտից՝ ավելի քան 1,5 միլիոն, իսկ աղիքային հիվանդությունները մոտ 1,5 միլիոն նորածինների ու երեխաների կյանք են խլում։ Շնչառության օրգանների վարակների, հիմնականում թոքաբորբի պատճառով ամեն տարի մահանում է մինչև հինգ տարեկան մոտ 2 միլիոն երեխա։ Եվ ապշեցուցիչ թվով՝ 2,5 միլիարդ մարդ (երկրագնդի բնակչության գրեթե կեսը) տառապում է այնպիսի հիվանդություններով, որոնք հետևանք են ջրի անբավարարության, աղտոտվածության, կամ էլ սանիտարական վատ պայմանների։ ՁԻԱՀ–ը (ձեռքբերովի իմունաանբավարարության համախտանիշ) մեկ անգամ ևս հիշեցնում է, որ մարդը, բժշկության բնագավառում զգալի առաջընթաց ապրելով հանդերձ, ի վիճակի չէ վերացնելու համաճարակները։
8. Ինչպե՞ս են մարդիկ փաստում իրենց «արծաթասէր» լինելը։
8 «Մարդիկ կ’լինին.... արծաթասէր» (Բ Տիմոթէոս 3։2)։ Ամբողջ աշխարհում մարդիկ, ասես, անհագ ծարավ ունեն ավելի մեծ հարստություն ձեռք բերելու։ Մարդու «հաջողությունը» հաճախ որոշվում է նրա ստացած աշխատավարձի չափով, իսկ «ձեռքբերումները»՝ ունեցվածքով։ «Նյութապաշտությունը կշարունակի մնալ ամերիկյան հասարակության շարժիչ ուժերից մեկը.... և նրա ազդեցությունը կշարունակի աճել նաև վաճառահանման մյուս գլխավոր շուկաներում»,— ասել է գովազդային մի գործակալության փոխնախագահ։ Արդյոք նույնը չէ՞ պարագան նաև այն վայրում, որտեղ ապրում եք։
9. Ի՞նչ կարելի է ասել կանխագուշակված անհնազանդության մասին, որ պետք է ցուցաբերվեր ծնողների հանդեպ։
9 «Ծնողների[ն] անհնազանդ» (Բ Տիմոթէոս 3։2)։ Ծնողները, ուսուցիչները և ուրիշներ այսօր սեփական փորձից գիտեն, որ շատ երեխաներ անհարգալից են ու անհնազանդ։ Վերջիններիս վարքը հաճախ կա՛մ իրենց ծնողների սխալ վարքի արձագանքն է, կա՛մ էլ նրանց ընդօրինակելու փորձը։ Գնալով աճում է այն երեխաների թիվը, ովքեր կորցնելով իրենց հավատը դպրոցի, օրենքի, կրոնի և ծնողների նկատմամբ՝ ըմբոստանում են նրանց դեմ։ «Որպես կանոն՝ նրանք գրեթե հարգանք չեն ցուցաբերում որևէ բանի հանդեպ»,— ասում է մի փորձառու ուսուցիչ։ Ուրախալի է, սակայն, որ աստվածավախ երեխաներն իրենց վարքով լավ օրինակ են թողնում։
10, 11. Ի՞նչն է փաստում, որ մարդիկ դաժան են և անգութ։
10 «Դաժան» (Բ Տիմոթէոս 3։3)։ «Դաժան» թարգմանված հունարեն բառը նշանակում է «վայրենի, կարեկցանքի ու գթասրտության պակաս ունեցող»։ Որքա՜ն լավ է բնորոշում այս բառը մեր օրերում բռնություն գործող շատ մարդկանց։ «Կյանքն այնքան դառն է ու արյունահեղությամբ լի, որ մարդ պետք է երկաթյա նյարդեր ունենա վերջին նորություններն ընթերցելու համար»,— ասվում է մի հոդվածում։ Իսկ մի տեղամասային ոստիկանի խոսքերով՝ պատանիներն ուղղակի չեն ցանկանում մտածել իրենց արարքների հետևանքի մասին։ «Թվում է, թե նրանք այսպես են մտածում. «Թե ինչ կլինի վաղը՝ չգիտեմ։ Իմ ուզածին պետք է հասնեմ այսօր»»,— ասում է նա։
11 «Անգութ» (Բ Տիմոթէոս 3։3)։ Այսպես թարգմանված հունարեն բառը նշանակում է «անսիրտ, անմարդկային» և ցույց է տալիս «բնական, ընտանեկան կապվածության պակաս» («The New International Dictionary of New Testament Theology»)։ Այո՛, կապվածությունը հաճախ բացակայում է հենց այնտեղ, որտեղ պետք է բարգավաճեր՝ ընտանիքում։ Մտահոգություն է պատճառում այն, որ կողակցի, երեխաների, նույնիսկ տարեց ծնողների հանդեպ կոպիտ վերաբերմունքի մասին հաղորդագրությունները սկսել են համընդհանուր բնույթ կրել։ Մի խումբ հետազոտողներ հայտնում են հետևյալը. «Բռնությունը, անկախ այն բանից՝ կդրսևորվի այն ապտակելու թե հրելու, դանակահարելու թե կրակելու ձևով, շատ ավելի հաճախ տեղի է ունենում ընտանեկան շրջանակներում, քան հասարակության որևէ այլ ոլորտում»։
12. Ինչո՞ւ կարելի է ասել, որ մարդիկ լոկ աստվածապաշտության կերպարանք ունեն։
12 «Աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են» (Բ Տիմոթէոս 3։5)։ Աստվածաշունչը մարդկանց կյանքը դեպի լավը փոխելու զորություն ունի (Եփեսացիս 4։22–24)։ Սակայն այսօր շատերը կրոնի քողի տակ զբաղվում են անարդար գործերով, որոնք տհաճություն են պատճառում Աստծուն։ Հոգևոր առաջնորդները հաճախ արդարացնում են սուտը, գողությունը և անբարո վարքը։ Շատ կրոններ սեր են քարոզում, սակայն թիկունք են կանգնում պատերազմներին։ «Բարձրյալ Արարչի անունով,— ասվում է մի հոդվածում,— մարդ արարածը ամենագարշելի դաժանություններն է գործել իր նմանների հանդեպ» («India Today»)։ Մեր օրերում տեղի ունեցած երկու ամենաարյունահեղ ընդհարումները՝ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմները, սկսվել են հենց քրիստոնեական աշխարհում։
13. Ի՞նչն է փաստում, որ երկրագունդը ապականվում է։
13 ‘Երկիրն ապականողներ’ (Յայտնութիւն 11։18)։ Աշխարհի տարբեր մասերից ավելի քան 1 600 գիտնականներ, որոնցից 104–ը՝ Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, իրենց ստորագրությունն են դրել «Մտահոգված գիտնականների միության» կողմից հրատարակված մի հաղորդագրության տակ, որում հետևյալ նախազգուշացումն էր տրվում. «Մարդ արարածն ու բնությունը շուտով կբախվեն։.... Եվս մի քանի տասնամյակ, ու այդ վտանգը կանխելու հնարավորություն այլևս չենք ունենա»։ Այդ հաղորդագրության մեջ նաև ասվում էր, որ մարդու՝ կյանքի համար սպառնալիք հանդիսացող գործողությունները «կարող են այնպիսի փոփոխությունների ենթարկել երկիրը, որ այլևս հնարավոր չի լինի պահպանել կյանքը մեզ հայտնի եղանակով»։ Լուծման կարիք ունեցող առաջնահերթ խնդիրների թվում էին՝ օզոնային շերտի քայքայումը, ջրի աղտոտումը, անտառահատումը, հողի բերքատվության կորուստը և կենդանական ու բուսական աշխարհի շատ տարատեսակների ոչնչացումը։ Նույն հաղորդագրության մեջ նշվում էր նաև, որ «կյանքն ապահովող, միմյանցից կախում ունեցող հյուսվածքներին ձեռք տալը կարող է համընդհանուր բնույթ կրող հետևանքներ ունենալ, այդ թվում նաև հանգեցնել բիոլոգիական համակարգերի ոչնչացման, որոնց դինամիկան մենք լիովին չենք հասկանում»։
14. Ինչպե՞ս կապացուցեիք, որ Մատթէոս 24։14–ում գրված խոսքերն իրականանում են մեր օրերում։
14 «Արքայութեան այս աւետարանը բոլոր տիեզերքումը կ’քարոզուի» (Մատթէոս 24։14)։ Հիսուսը կանխագուշակել էր, որ Թագավորության մասին բարի լուրը կքարոզվի ողջ աշխարհում՝ ի վկայություն բոլոր ազգերի։ Աստծո օգնությամբ և օրհնությամբ միլիոնավոր Եհովայի վկաներ այսօր միլիարդավոր ժամեր են նվիրում քարոզելու և աշակերտներ պատրաստելու այդ գործին (Մատթէոս 28։19, 20)։ Վկաները գիտակցում են, որ եթե չհռչակեն բարի լուրը, արյունապարտ կլինեն (Եզեկիէլ 3։18, 19)։ Նրանք մեծ ուրախություն են ստանում այն բանից, որ ամեն տարի հազարավոր մարդիկ երախտագիտությամբ են արձագանքում Թագավորության լուրին և որոշում են դիրք բռնել ճշմարիտ քրիստոնյաների կողմը՝ դառնալով Եհովայի վկաներ։ Եհովային ծառայելն ու նրա գիտությունը տարածելը անգնահատելի պատիվ է։ Այն բանից հետո, երբ բարի լուրը կքարոզվի ողջ աշխարհում, կգա այս չար համակարգի վերջը։
Արձագանքեք փաստերին
15. Ինչպե՞ս է կործանվելու ներկայիս չար համակարգը։
15 Իսկ ինչպե՞ս է կործանվելու այս համակարգը։ Համաձայն աստվածաշնչյան մարգարեության՝ «մեծ նեղութիւն» է լինելու, որը սկսվելու է «Մեծ Բաբիլոն[ի]»՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության կործանմամբ այս աշխարհի քաղաքական ուժերի կողմից (Մատթէոս 24։21; Յայտնութիւն 17։5, 16)։ Հիսուսի խոսքերով՝ այդ ժամանակաշրջանի ընթացքում «արեգակը կ’խաւարի, եւ լուսինն իր լոյսը չի տալ. եւ աստղերը երկնքից վայր կ’ընկնեն, եւ երկնքի զօրութիւնները կ’շարժուին» (Մատթէոս 24։29)։ Հնարավոր է, որ նման երևույթներ տեղի ունենան բառիս բուն իմաստով։ Ամեն դեպքում, կրոնական աշխարհի «լուսատուները»՝ հայտնի գործիչները, կքողազերծվեն ու կկործանվեն։ Այնուհետև Սատանան՝ ‘Գոգը՝ Մագոգի երկրից’, անօրեն մարդկանց միջոցով համընդհանուր հարձակում կգործի Եհովայի ժողովրդի վրա։ Բայց նա հաջողություն չի ունենա, քանի որ Աստված օգնության կհասնի և կփրկի իր ժողովրդին (Եզեկիէլ 38։1, 2, 14–23)։ «Մեծ նեղութիւն[ը]» իր գագաթնակետին կհասնի Արմագեդոնի՝ «Ամենակարող Աստուծոյ.... մեծ օրուայ պատերազմի» ժամանակ, որը կջնջի Սատանայի երկրային կազմակերպության վերջին հետքերը և հավիտենական օրհնությունների դուռ կբացի փրկություն ստացած մարդկանց առջև (Յայտնութիւն 7։9, 14; 11։15; 16։14, 16; 21։3, 4)։
16. Ինչի՞ց գիտենք, որ կանխագուշակված՝ վերջին օրերի նշանը վերաբերում է մեր ժամանակներին։
16 Գուցե թվա, թե վերջին օրերը նկարագրող մարգարեությունների որոշ մանրամասներ կարելի է վերագրել նաև պատմության այլ ժամանակաշրջաններին։ Սակայն միասին վերցրած՝ մարգարեական այդ փաստերը մեր օրերն են մատնանշում։ Օրինակ՝ մարդու մատի վրայի գծերը մի այնպիսի մատնահետք են կազմում, որը չի կարող պատկանել ուրիշ որևէ անհատի։ Նմանապես՝ վերջին օրերին բնորոշ գծերը, կամ՝ իրադարձությունները մի այնպիսի «մատնահետք» են կազմում, որը չի կարող պատկանել որևէ այլ ժամանակաշրջանի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ Աստվածաշնչի՝ Աստծո Թագավորությունն այժմ իշխում է՝ այս ապացույցները ծանրակշիռ հիմք են տալիս եզրակացնելու, որ այժմ իսկապես վերջին օրերն են։ Դեռ ավելին՝ Գրությունները հաստատում են, որ ներկայիս չար համակարգը շուտով պետք է կործանվի։
17. Ի՞նչ անելու պետք է մեզ մղի այն բանի գիտակցումը, որ այժմ վերջին օրերն են։
17 Ինչպե՞ս կարձագանքեք այն իրողությանը, որ այժմ վերջին օրերն են։ Մի փոքր խորհենք. եթե իմանանք, որ ուժեղ փոթորիկ է սպասվում, առանց հետաձգելու միջոցներ կձեռնարկենք դրանից պաշտպանվելու։ Նույնը և այս դեպքում. այն, ինչ Աստվածաշունչը կանխագուշակում է ներկայիս համակարգի մասին, պետք է մեզ գործողությունների մղի (Մատթէոս 16։1–3)։ Մենք կարող ենք պարզ տեսնել, որ ապրում ենք այս աշխարհի վերջին օրերում։ Սա պետք է մղի մեզ կատարելու ցանկացած փոփոխություն, որ անհրաժեշտ է Աստծո հավանությանն արժանանալու համար (Բ Պետրոս 3։3, 10–12)։ Իր մասին խոսելով որպես փրկություն բերողի՝ Հիսուսը հետևյալ հրատապ կոչն արեց. «Զգոյշ կացէք անձներիդ, մի գուցէ ձեր սրտերը ծանրանան շատակերութիւնով եւ արբեցութիւնով եւ ապրուստի հոգսերով, եւ այն օրը յանկարծ հասնէ ձեզ վերայ. որովհետեւ որոգայթի պէս կ’հասնէ այն ամենքի վերայ, որ բոլոր երկրի երեսի վերայ բնակած են։ Ուրեմն արթուն կացէք, եւ ամեն ժամանակ աղօթք արէք, որ արժանի լինիք ազատուիլ այն բոլոր բաներիցը, որ պիտի լինին, եւ կանգնել մարդի Որդու առաջին» (Ղուկաս 21։34–36)։
[Ծանոթագրություններ]
a Աստվածաշնչյան որոշ թարգմանություններում «իրերի համակարգ» արտահայտության փոխարեն օգտագործվում է «աշխարհ» բառը։ Համաձայն մի բառարանի՝ հունարեն այո՛ն բառը «մատնանշում է անորոշ տևողությամբ մի ժամանակահատված, որի ընթացքում տեղի են ունենում որոշակի իրադարձություններ» (W. Vine, «Expository Dictionary of New Testament Words»)։ Իսկ մի աշխատության մեջ Եբրայեցիս 1։2–ում գործածված այոնե՛ս (հոգնակի թվով) բառի մեկնաբանության մեջ օգտագործվում է նաև «իրերի այս համակարգ» արտահայտությունը (Parkhurst, «Greek and English Lexicon to the New Testament», էջ 17)։ Ուստի՝ «իրերի համակարգ» արտահայտությունը ներդաշնակ է հունարեն բնագրին։
ՍՏՈՒԳԵՔ ՁԵՐ ԳԻՏԵԼԻՔՆԵՐԸ
• Ըստ Աստվածաշնչի՝ ի՞նչ դեպքեր պետք է տեղի ունենային այն բանից հետո, երբ Քրիստոսը իշխանության գլուխ անցներ։
• Թվարկեք վերջին օրերի նշանը կազմող մի քանի մանրամասներ։
• Ի՞նչն է ձեզ համոզում, որ մենք ապրում ենք վերջին օրերում։
[102–րդ էջի վրայի շրջանակը]
ՎԵՐՋԻՆ ՕՐԵՐԻ ՆՇԱՆԸ
• Աննախադեպ պատերազմներ (Մատթէոս 24։7; Յայտնութիւն 6։4)
• Սով (Մատթէոս 24։7; Յայտնութիւն 6։5, 6, 8)
• Համաճարակներ (Ղուկաս 21։11; Յայտնութիւն 6։8)
• Անօրինության շատացում (Մատթէոս 24։12)
• Երկրագնդի ապականում (Յայտնութիւն 11։18)
• Երկրաշարժեր (Մատթէոս 24։7)
• Դժվար ժամանակներ (Բ Տիմոթէոս 3։1, ԱՆԹ)
• Ծայրահեղ փողասիրություն (Բ Տիմոթէոս 3։2)
• Անհնազանդություն՝ ծնողների հանդեպ (Բ Տիմոթէոս 3։2)
• Անգթություն (Բ Տիմոթէոս 3։3)
• Առավել ցանկասիրություն, քան աստվածասիրություն (Բ Տիմոթէոս 3։4)
• Անժուժկալություն (ինքնատիրապետման պակաս), (Բ Տիմոթէոս 3։3)
• Բարեսիրության բացակայություն (Բ Տիմոթէոս 3։3)
• Մոտեցող վտանգի անտեսում (Մատթէոս 24։39)
• Վերջին օրերի ապացույցների ժխտում ծաղրողների կողմից (Բ Պետրոս 3։3, 4)
• Աշխարհով մեկ Թագավորության լուրի քարոզչություն (Մատթէոս 24։14)։
[նկար ամբողջ 101–րդ էջի վրա]