ԱՍՏՎԱԾԱՇՆՉՅԱՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ԲԱՑԱՏՐՈՒԹՅՈՒՆ
2 Տիմոթեոս 1։7. «Աստված մեզ ոչ թե վախկոտության ոգի տվեց, այլ զորության»
«Աստված մեզ ոչ թե վախկոտության ոգի տվեց, այլ զորության, սիրո և ողջամտության» (2 Տիմոթեոս 1։7, «Նոր աշխարհ» թարգմանություն)։
«Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան» (2 Տիմոթեոս 1։7, «Արարատ» թարգմանություն)։
2 Տիմոթեոս 1։7-ի նշանակությունը
Աստված կարող է օգնել մարդուն, որ քաջաբար ճիշտն անի։ Աստված չի ցանկանում, որ որևէ մեկը «վախկոտության» մատնվի, այսինքն՝ զարգացնի անառողջ վախ, որը կարող է խանգարել անել այն, ինչ հաճելի է Իրեն։
Քննենք այս համարում նշված աստվածահաճո երեք հատկություններ, որոնք օգնում են հաղթահարել վախերը։
«Զորություն»։ Քրիստոնյաները կարողացել են քաջաբար ծառայել Աստծուն նույնիսկ վտանգավոր իրավիճակներում և թշնամիների սպառնալիքների ներքո։ Նրանք վախից նահանջող չեն (2 Կորնթացիներ 11։23-27)։ Ինչպե՞ս է դա նրանց հաջողվել։ Պողոս առաքյալն ասել է. «Ամեն բան անելու ի զորու եմ շնորհիվ նրա, ով զորացնում է ինձ» (Փիլիպպեցիներ 4։13)։ Աստված կարող է «սովորականին գերազանցող ուժ» տալ իր ծառաներին, որպեսզի հաղթահարեն ցանկացած դժվարություն (2 Կորնթացիներ 4։7)։
«Սեր»։ Աստծու հանդեպ սերը մղում է քրիստոնյային քաջաբար ճիշտն անել։ Նմանապես մարդկանց հանդեպ սերը մղում է, որ նա ուրիշների կարիքները իր կարիքներից վեր դասի, նույնիսկ այն դեպքում, երբ հալածվում է կամ վտանգի մեջ է (Հովհաննես 13։34; 15։13)։
«Ողջամտություն»։ Աստվածաշնչում ողջամտությունը հիմնականում վերաբերում է քրիստոնյայի՝ Աստվածաշնչի վրա հիմնված իմաստուն որոշումներ կայացնելու կարողությանը։ Ողջամիտ մարդը չի կորցնում սթափ դատողությունը և խելամտորեն է վարվում անգամ բարդ իրավիճակներում։ Նա Աստծու մտածելակերպը արտացոլող որոշումներ է կայացնում՝ գիտակցելով, որ Աստծու հետ մտերմությունն ավելի կարևոր է, քան ուրիշների կարծիքը։
2 Տիմոթեոս 1։7-ի համատեքստը
Աստվածաշնչի «2 Տիմոթեոս» գիրքը գրել է Պողոս առաքյալը։ Այն նամակ է՝ ուղղված Տիմոթեոսին՝ Պողոսի հավատարիմ ընկերոջը և համագործակցին։ Իր նամակում Պողոսը հորդորում է Տիմոթեոսին շարունակել եռանդուն ծառայել (2 Տիմոթեոս 1։1, 2)։ Տիմոթեոսը գուցե մի քիչ ամաչկոտ էր, ինչը թերևս խանգարում էր իրեն ներգրավված լինել ժողովի գործերում (1 Տիմոթեոս 4։12)։ Բայց Պողոսը հիշեցրեց, որ նա պարգև ունի՝ ժողովին ծառայելու հատուկ նշանակում։ Նա հորդորեց Տիմոթեոսին վախին տրվելու փոխարեն վճռականորեն գործի դնել իր հեղինակությունը որպես վերակացու, քաջաբար քարոզել բարի լուրը և պատրաստակամորեն չարչարվել հանուն հավատի (2 Տիմոթեոս 1։6-8)։
Թեև այս խոսքերը ի սկզբանե ուղղված են եղել Տիմոթեոսին, բայց դրանք հավաստիացնում են Աստծուն ծառայել ցանկացող բոլոր մարդկանց, որ ինչ փորձության էլ բախվեն, նրանից կստանան անհրաժեշտ օգնությունը։