Արձագանքիր քո խղճի ձայնին
«Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար, մինչդեռ պիղծերի ու անհավատների համար ոչ մի բան մաքուր չէ» (ՏԻՏՈՍ 1։15)։
1. Ի՞նչ առնչություն ուներ Պողոսը Կրետեի ժողովների հետ։
ԻՐ ԵՐԵՔ միսիոներական շրջագայություններից հետո Պողոս առաքյալը ձերբակալվեց և, ի վերջո, ուղարկվեց Հռոմ, որտեղ երկու տարի անցկացրեց բանտում։ Ի՞նչ արեց առաքյալը, երբ ազատվեց։ Նա Տիտոսի հետ եկավ Կրետե կղզի։ Հետագայում Պողոսը վերջինիս գրեց. «Այն բանի համար թողեցի քեզ Կրետեում, որ թերությունները շտկես և.... երեցներ նշանակես» (Տիտոս 1։5)։ Այդ հանձնարարությունը կատարելիս Տիտոսը գործ էր ունենալու նաև այնպիսի մարդկանց հետ, որոնց խիղճը լավ չէր գործում։
2. Տիտոսը ի՞նչ խնդիր պիտի լուծեր Կրետե կղզում։
2 Պողոսը Տիտոսին բացատրեց, թե ովքեր կարող են ժողովում ծառայել որպես երեց, այնուհետև նշեց, որ կան «բազում անհնազանդ մարդիկ, դատարկախոսներ և մարդկանց միտքը մոլորեցնողներ»։ Նրանք «ընտանիքներ էին քանդում՝ իրենց անազնիվ շահի համար սովորեցնելով բաներ, որ չպետք է սովորեցնեին»։ Տիտոսը պետք է «շարունակեր հանդիմանել նրանց» (Տիտոս 1։10–14; 1 Տիմոթեոս 4։7)։ Պողոսն ասաց, որ նրանց միտքն ու խիղճը «պղծված» են։ Նա օգտագործեց մի բառ, որը նշանակում էր «բիծ թողնել», ինչպես որ ներկն է բիծ թողնում գեղեցիկ հագուստի վրա (Տիտոս 1։15)։ Այդ մարդկանցից մի քանիսը գուցե հրեական ծագում ունեին, որովհետև նրանք «թլփատության կողմնակիցներ» էին։ Ճիշտ է, այսօրվա ժողովներում չկան մարդիկ, ովքեր պնդում են, թե հարկավոր է թլփատվել։ Բայցևայնպես, խղճի վերաբերյալ մենք կարող ենք շատ բաներ սովորել Պողոսի խորհրդից։
Նրանց խիղճը պղծված էր
3. Ի՞նչ գրեց Պողոսը Տիտոսին խղճի վերաբերյալ։
3 Ուշադրություն դարձնենք, թե ինչի հետ կապված է Պողոսը հիշատակում խիղճը։ Առաքյալը գրեց. «Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար, մինչդեռ պիղծերի ու անհավատների համար ոչ մի բան մաքուր չէ. նրանց մի՛տքն էլ, խի՛ղճն էլ պղծված են։ Նրանք հրապարակորեն հայտարարում են, թե ճանաչում են Աստծուն, սակայն իրենց գործերով ուրանում են նրան»։ Հստակ է, որ ոմանք պետք է փոփոխություններ անեին, որպեսզի «առողջ լինեին հավատի մեջ» (Տիտոս 1։13, 15, 16)։ Նրանց խնդիրն այն էր, որ չէին կարողանում զատորոշել մաքուրն անմաքուրից, և դա կապ ուներ նրանց խղճի հետ։
4, 5. Ժողովների անդամներից ոմանք ի՞նչ թերություն ունեին, և ինչպե՞ս էր դա անդրադարձել նրանց վրա։
4 Դրանից ավելի քան տասը տարի առաջ քրիստոնյաների կառավարիչ մարմինը եզրակացրել էր, որ այլևս չի պահանջվում թլփատվել ճշմարիտ երկրպագու դառնալու համար, և ժողովները այդ մասին տեղեկացվել էին (Գործեր 15։1, 2, 19–29)։ Այդուհանդերձ, կրետացի քրիստոնյաներից ոմանք դեռևս հետևում էին թլփատության սովորույթին։ Նրանք բացահայտորեն իրենց անհամաձայնությունն էին արտահայտում կառավարիչ մարմնին՝ «սովորեցնելով բաներ, որ չպետք է սովորեցնեին» (Տիտոս 1։10, 11)։ Ունենալով աղճատված մտածողություն՝ այդ մարդիկ հավանաբար ջատագովում էին Օրենքի դրույթները՝ կապված սննդի և ծիսական մաքրության հետ։ Նրանք գուցե նույնիսկ ավելացումներ էին անում այդ դրույթներին, ինչպես ոմանք էին անում Հիսուսի օրերում։ Այդ մարդիկ նաև կարևորություն էին տալիս հրեական առասպելներին և մարդկանց պատվիրաններին (Մարկոս 7։2, 3, 5, 15; 1 Տիմոթեոս 4։3)։
5 Նման մտածողությունը բացասաբար էր անդրադառնում կրետացիների դատողությունների և բարոյականի զգացողության, այսինքն՝ խղճի վրա։ Պողոսը գրեց. «Պիղծերի ու անհավատների համար ոչ մի բան մաքուր չէ»։ Նրանց խիղճն այն աստիճան էր խեղվել, որ այլևս չէր կարող լինել հուսալի առաջնորդ. նրանք ի վիճակի չէին ճիշտ գործողություններ կատարելու և խոհեմ որոշումներ կայացնելու։ Բացի այդ, դատողություններ էին անում հավատակիցների անձնական որոշումների վերաբերյալ, այն դեպքում երբ տվյալ իրավիճակում մի քրիստոնյա կարող էր այս կերպ վարվել, մյուսը՝ այլ կերպ։ Այդ կրետացիները անմաքուր էին համարում այն, ինչն իրականում այդպիսին չէր (Հռոմեացիներ 14։17; Կողոսացիներ 2։16)։ Նրանք հայտարարում էին, թե ճանաչում են Աստծուն, այնինչ նրանց գործերը հակառակն էին ապացուցում (Տիտոս 1։16)։
«Մաքուր է մաքուրների համար»
6. Ի՞նչ երկու խմբի մասին նշեց Պողոսը։
6 Ինչո՞վ է օգտակար Պողոսի նամակը, որը նա գրեց Տիտոսին։ Նկատենք, թե առաքյալը ինչ հակադրություն է ցույց տալիս. «Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար, մինչդեռ պիղծերի ու անհավատների համար ոչ մի բան մաքուր չէ. նրանց մի՛տքն էլ, խի՛ղճն էլ պղծված են» (Տիտոս 1։15)։ Անշուշտ, Պողոսը չէր ուզում ասել, որ բարոյապես մաքուր քրիստոնյայի համար ամեն ինչ բացարձակապես մաքուր և թույլատրելի է։ Մենք դրանում կարող ենք վստահ լինել, քանի որ Պողոսը իր մեկ այլ նամակում պարզ ասաց, որ պոռնկությամբ, կռապաշտությամբ, ոգեհարցությամբ և նման բաներով զբաղվողները «Աստծու թագավորությունը չեն ժառանգի» (Գաղատացիներ 5։19–21)։ Ուստի կարող ենք ասել, որ Պողոսը նկատի ուներ մարդկանց երկու խումբ՝ նրանք, ովքեր բարոյապես և հոգևորապես մաքուր են, և նրանք, ովքեր այդպիսին չեն։
7. Եբրայեցիներ 13։4 համարը ի՞նչն է արգելում, սակայն ի՞նչ հարց կարող է ծագել։
7 Իսկական քրիստոնյան չպիտի խուսափի միայն այն բաներից, որոնց մասին Աստվածաշնչում կոնկրետ նշված է։ Որպես օրինակ՝ դիտարկենք հետևյալ հստակ պատվերը. «Թող ամուսնությունը բոլոր մարդկանց կողմից պատվական համարվի, և ամուսնական անկողինը՝ առանց պղծության, քանի որ Աստված դատելու է պոռնիկներին ու շնացողներին» (Եբրայեցիներ 13։4)։ Նույնիսկ ոչ քրիստոնյաները և նրանք, ովքեր գաղափար անգամ չունեն Աստվածաշնչից, ճիշտ եզրակացություն կանեն՝ ասելով, որ այս համարը արգելում է շնությունը։ Այս և սուրբգրային այլ համարներից ակնհայտ երևում է, որ Աստված դատապարտում է ամուսնացած տղամարդու կամ կնոջ սեռական հարաբերությունը մեկ ուրիշի հետ, ով չի հանդիսանում նրա օրինական կողակիցը։ Իսկ ինչպիսի՞ն է Աստծու վերաբերմունքը, երբ երկու չամուսնացած անհատներ զբաղվում են բերանային (օրալային) սեքսով։ Շատ պատանիներ պնդում են, որ դրանում վատ բան չկա, քանի որ դա սեռական հարաբերություն չէ։ Կարո՞ղ է քրիստոնյան բերանային սեքսը մաքուր բան համարել։
8. Բերանային սեքսի առնչությամբ ինչպե՞ս է քրիստոնյաների տեսակետը տարբերվում աշխարհում ընդունված տեսակետից։
8 Եբրայեցիներ 13։4 և 1 Կորնթացիներ 6։9 համարներից հստակ է, որ Աստված դատապարտում է թե՛ շնությունը, թե՛ պոռնկությունը (հունարեն՝ պոռնի՛ա)։ Ի՞նչ է ներառում պոռնկությունը։ Հունարեն բառը նշանակում է սեռական օրգանների գործածում բնական կամ աղավաղված ձևով անպարկեշտ մտադրությամբ։ Այդ բառը ներառում է սեռական կապի բոլոր ապօրինի ձևերը, որոնք տեղի են ունենում սուրբգրային ամուսնությունից դուրս։ Բերանային սեքսը դրանց թվին է պատկանում, թեև ամբողջ աշխարհում շատ պատանիներ լսել են կամ եկել են եզրակացության, որ դա ընդունելի է։ Ճշմարիտ քրիստոնյաները թույլ չեն տալիս, որ «դատարկախոսներն ու մարդկանց միտքը մոլորեցնողները» ազդեն իրենց մտածելակերպի ու գործելակերպի վրա (Տիտոս 1։10)։ Նրանք հետևում են Աստվածաշնչի բարձր չափանիշներին։ Քրիստոնյաները չեն փորձում արդարացնել բերանային սեքսը, այլ հստակ հասկանում են, որ ըստ Սուրբ Գրությունների՝ դա պոռնկություն է՝ պոռնիա, ուստիև իրենց խիղճը կրթում են համապատասխանաբար (Գործեր 21։25; 1 Կորնթացիներ 6։18; Եփեսացիներ 5։3)։a
Տարբեր ձայներ, տարբեր որոշումներ
9. Եթե «ամեն ինչ մաքուր» է, ապա ի՞նչ դեր ունի խիղճը։
9 Իսկ ո՞ւմ նկատի ուներ Պողոսը՝ ասելով. «Ամեն ինչ մաքուր է մաքուրների համար»։ Պողոսը նկատի ուներ այն քրիստոնյաներին, ովքեր իրենց մտածելակերպն ու բարոյականի զգացողությունը ներդաշնակեցրել էին Աստծու չափանիշներին, որոնք մենք կարդում ենք նրա ներշնչյալ Խոսքում։ Այդպիսի քրիստոնյաները հասկանում են, որ կան շատ բաներ, որոնք Աստվածաշնչում անմիջականորեն չեն դատապարտվում, և որոնց վերաբերյալ կարելի է տարբեր որոշումներ կայացնել։ Քննադատելու փոխարեն՝ նրանք «մաքուր» են համարում այն, ինչ Աստված չի դատապարտում։ Նրանք չեն ակնկալում, որ մյուսները ճիշտ իրենց պես մտածեն կյանքի այն հարցերի վերաբերյալ, որոնց մասին Աստվածաշնչում չկա կոնկրետ ցուցում։ Եկեք քննենք մի քանի օրինակ։
10. Հարսանիքը կամ թաղումը ինչպե՞ս կարող է խնդիր առաջացնել։
10 Կան բազմաթիվ ընտանիքներ, որտեղ կողակիցներից մեկը քրիստոնյա է, մյուսը՝ ոչ (1 Պետրոս 3։1; 4։3)։ Այս հանգամանքը կարող է շատ խնդիրներ առաջացնել, օրինակ՝ երբ հարսանիք կամ թաղում է լինում։ Պատկերացնենք մի քրիստոնյա կնոջ, որի ամուսինը չի ընդունում նրա համոզմունքները։ Ամուսնու հարազատներից մեկի հարսանիքն է, և արարողությունը պետք է կատարվի եկեղեցում (կամ ասենք, հարազատը, օրինակ՝ ծնողը, մահացել է, և թաղման արարողությունը անցկացվելու է եկեղեցում)։ Նրանք հրավիրված են, և ամուսինը ցանկանում է, որ կինն իր հետ լինի։ Ի՞նչ է ասում կնոջ խիղճը։ Ինչպե՞ս կվարվի կինը։ Քննենք երկու հնարավոր դիրքորոշում։
11. Պատմիր, թե քրիստոնյա կինն ինչպես կարող է տրամաբանել՝ կապված եկեղեցում անցկացվող հարսանեկան արարողությանը ներկա լինելու հետ, և թե ինչ եզրակացության նա կարող է գալ։
11 Լոիսը խորհում է Աստվածաշնչի մի կարևոր պատվիրանի մասին. «Դո՛ւրս եկ Մեծ Բաբելոնից»՝ այսինքն՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից (Հայտնություն 18։2, 4)։ Նա մի ժամանակ անդամակցել է այն եկեղեցուն, որտեղ հարսանիքը պիտի տեղի ունենա, և գիտի, որ արարողության ընթացքում բոլոր ներկաներին առաջարկվելու է կրոնական գործողություններ կատարել, օրինակ՝ աղոթել, երգել և որոշակի ժեստեր անել։ Լոիսը վճռել է դրանցից ոչ մեկը չանել և չի ցանկանում նույնիսկ գտնվել այնտեղ։ Նա չի ուզում ճնշման ենթարկվել, որի ներքո գուցե իր անարատությունը պղծվի։ Լոիսը հարգում է ամուսնուն և ցանկանում է ընդառաջ գնալ նրան, որը, ըստ Աստվածաշնչի, իր գլուխն է։ Սակայն նա չի ցանկանում զիջումների գնալ սուրբգրային սկզբունքներում (Գործեր 5։29)։ Ուստի նրբանկատորեն բացատրում է ամուսնուն, որ ինքը ոչ մի դեպքում չի կարող գտնվել եկեղեցում, չնայած որ դա ամուսնու ցանկությունն է։ Լոիսը կարող է նշել, որ եթե ինքը գա ու հրաժարվի որևէ գործողության մասնակցելուց, ապա դրանով ամուսինը գուցե անհարմար դրության մեջ հայտնվի, և այդ իմաստով նրա չգալը լավագույն տարբերակը կարող է լինել ամուսնու համար։ Լոիսը զգում է, որ ինքը կարող է մաքուր խղճով այսպիսի որոշում կայացնել։
12. Ինչպե՞ս կարող է անհատը տրամաբանել և արձագանքել, եթե հրավիրվում է եկեղեցում անցկացվելիք հարսանեկան արարողության։
12 Ռութը գրեթե նույն իրավիճակում է։ Նա հարգում է իր ամուսնուն, վճռական է Աստծուն հավատարիմ մնալու և լսում է Աստվածաշնչով կրթված իր խղճի ձայնին։ Նա խորհրդածում է այն նույն հարցերի շուրջ, որոնք քննեց Լոիսը, այնուհետև աղոթքով ուսումնասիրում է «Դիտարանի» 2002 թ. մայիսի 15–ի «Ընթերցողների հարցերը»։ Ռութը տեսնում է, որ երեք հրեաները հնազանդվեցին հրամանին ու եկան այնտեղ, որտեղ կռապաշտություն պետք է տեղի ունենար։ Սակայն նրանք պահեցին իրենց անարատությունը՝ չանելով որևէ կռապաշտական գործողություն (Դանիէլ 3։15–18)։ Ռութը որոշում է գնալ ամուսնու հետ, բայց չմասնակցել որևէ կրոնական գործողության. նա վարվում է իր խղճի համաձայն։ Ռութը նրբանկատորեն, բայց հստակ բացատրում է ամուսնուն, թե իր խիղճը իրեն ինչ թույլ կտա անել, և ինչ թույլ չի տա։ Նա հուսով է, որ ամուսինը կնկատի ճշմարիտ և կեղծ երկրպագությունների տարբերությունը (Գործեր 24։16)։
13. Ինչո՞ւ մեզ չպետք է անհանգստացնի այն, որ երկու քրիստոնյաներ կարող են տարբեր որոշումներ կայացնել։
13 Արդյոք այն փաստը, որ երկու քրիստոնյաներ նույն հարցի վերաբերյալ կարող են տարբեր որոշումներ կայացնել, նշանակո՞ւմ է, որ կարևոր չէ, թե ինչպես է վարվում անհատը, կամ թե նրանցից մեկնումեկը թույլ խիղճ ունի։ Ո՛չ, դա այդպես չէ։ Հաշվի առնելով իր անցյալ փորձը՝ կապված եկեղեցական արարողությունների ժամանակ հնչող երաժշտության, ինչպես նաև այդ ընթացքում օգտագործվող պիտույքների հետ՝ Լոիսը գուցե զգա, որ եկեղեցում գտնվելը կարող է իր համար վտանգավոր լինել։ Իր խղճի վրա կարող է ազդել նաև այն, թե նախկինում կրոնական թեմաներով ինչ հարցեր են շոշափվել ամուսնու հետ։ Այսպիսով՝ նա համոզված է, որ տվյալ որոշումը լավագույնն է իր համար։
14. Ի՞նչ պիտի հիշեն քրիստոնյաները, երբ առնչվում են անձնական որոշման հետ կապված հարցերի։
14 Իսկ ի՞նչ կարելի է ասել Ռութի կայացրած որոշման մասին։ Այն սխա՞լ էր։ Ուրիշները իրավունք չունեն դատողություններ անելու այդ մասին։ Նրանք չպետք է քննադատեն Ռութին, որը որոշել է ներկա գտնվել այդ իրադարձությանը, բայց չմասնակցել որևէ կրոնական գործողության։ Հիշենք, թե Պողոսն ինչ խորհուրդ տվեց որոշակի սնունդ ուտելու կամ չուտելու մասին, որն անձնական որոշման հարց էր. «Նա, ով ուտում է, թող վերևից չնայի չուտողին, իսկ նա, ով չի ուտում, թող չդատի ուտողին.... Իր իսկ տիրոջ համար է նա կանգնում կամ ընկնում։ Անշուշտ նա կկանգնի, որովհետև Եհովան կարող է նրան կանգնեցնել» (Հռոմեացիներ 14։3, 4)։ Անկասկած, ոչ մի իսկական քրիստոնյա չի ցանկանա դրդել որևէ մեկին անտեսելու իր կրթված խղճի առաջնորդությունը, որովհետև դա կնշանակի լռեցնել այն ձայնը, որը կարող է կյանք փրկող հրահանգ տալ։
15. Ինչո՞ւ պետք է անպայման հաշվի առնենք ուրիշների խիղճն ու զգացմունքները։
15 Լոիսն ու Ռութը, բացի վերոհիշյալից, պետք է մի բան էլ հաշվի առնեն, այն, թե իրենց դիրքորոշումն ինչպես կազդի ուրիշների վրա։ Պողոսը մեզ խորհուրդ է տալիս. «Թող սա՛ լինի ձեր որոշումը՝ գայթակղության քար չդնել եղբոր առաջ կամ սայթաքելու պատճառ չստեղծել նրա համար» (Հռոմեացիներ 14։13)։ Լոիսը գիտի, որ նախկինում նման իրավիճակները ժողովում կամ իր ընտանիքում զանազան հարցեր են առաջացրել, և ինչ որ նա անի, կարող է զգալիորեն ազդել երեխաների վրա։ Իսկ Ռութը տեղյակ է, որ նման դեպքերը ինչ–որ հարցեր չեն առաջացրել ժողովում կամ հարևանության մեջ։ Այս երկու կանայք հասկանում են, և մենք բոլորս էլ պետք է հասկանանք, որ լավ կրթված խիղճը միշտ հաշվի է առնում ուրիշներին։ Հիսուսն ասաց. «Ով որ գայթակղեցնում է այս փոքրերից մեկին, որը հավատում է ինձ, ավելի լավ կլիներ, որ նրա վզից մի աղացքար կախվեր, և նա բաց ծովի մեջ ընկղմվեր» (Մատթեոս 18։6)։ Եթե անհատի համար կարևոր չէ գայթակղություն լինել–չլինելու հարցը, ապա նա գուցե ի վերջո ունենա պղծված խիղճ, այնպիսին, ինչպիսին որ ունեին որոշ կրետացի քրիստոնյաներ։
16. Ի՞նչ փոփոխություն կարող ենք ակնկալել քրիստոնյայի մեջ ժամանակի ընթացքում։
16 Քրիստոնյան պետք է շարունակ հոգևորապես աճի։ Նա պետք է աճի նաև իր խղճին լսելու և արձագանքելու հարցում։ Ենթադրենք՝ Մարկ անունով մի տղամարդ նոր է մկրտվել։ Խիղճը նրան թույլ չի տալիս անել ոչ սուրբգրային գործեր, որոնք նա արել է նախկինում, օրինակ՝ կռապաշտության կամ արյան հետ կապված (Գործեր 21։25)։ Մի կողմից՝ նա ամենայն մանրախնդրությամբ խուսափում է նույնիսկ այն բաներից, որոնք թեթևակիորեն ոչ աստվածահաճո գործերն են հիշեցնում։ Մյուս կողմից՝ Մարկը չի կարողանում հասկանալ, թե ինչու են ոմանք հրաժարվում որոշ բաներից, որոնք իր համար ընդունելի են, օրինակ՝ ինչ–որ հեռուստահաղորդումից։
17. Բացատրեք, թե ժամանակը և հոգևոր աճը ինչպես կարող են ազդել քրիստոնյայի խղճի և որոշումների վրա։
17 Ժամանակի ընթացքում Մարկն ավելացնում է իր գիտելիքները և ավելի մտերմանում Աստծու հետ (Կողոսացիներ 1։9, 10)։ Ի՞նչ է լինում դրա արդյունքում։ Նրա ներքին ձայնը զգալիորեն մշակվում է։ Մարկն ավելի շատ է հակված լսելու իր խղճին և քննելու սուրբգրային սկզբունքները։ Նա հասկանում է, որ որոշ բաներ, որոնք «թեթևակիորեն հիշեցնում» էին իր համար անընդունելի գործերը, իրականում չեն հակասում Աստծու տեսակետին։ Բացի այդ, նրա խիղճը թելադրում է նրան, որ ինքը չպետք է նայի այն հաղորդումները, որոնք մի ժամանակ համարում էր ընդունելի։ Այո՛, նրա խղճի ձայնը բարելավվել է (Սաղմոս 37։31)։
18. Ուրախ լինելու ի՞նչ պատճառ ունենք։
18 Ժողովների մեծամասնությունում կան քրիստոնեական հասունացման բոլոր մակարդակներում գտնվող անհատներ։ Ոմանք նոր են հավատի մեջ։ Գուցե նրանց խիղճը որոշ հարցերի հետ կապված գրեթե ձայն չի հանում, բայց կան հարցեր, որոնց առնչությամբ այն բարձրաձայն խոսում է։ Թերևս նրանց ժամանակ և օգնություն է պետք, որ շարժվեն Եհովայի առաջնորդությամբ և արձագանքեն իրենց կրթված խղճի ձայնին (Եփեսացիներ 4։14, 15)։ Ուրախալի է, որ այդ նույն ժողովներում, ըստ ամենայնի, կան շատ անհատներ, ովքեր ունեն սուրբգրային խոր գիտելիքներ, Աստվածաշնչի սկզբունքները կիրառելու փորձ և խիղճ, որը բավական լավ է արտացոլում Աստծու տեսակետը։ Որքա՜ն երջանիկ ենք, որ մեր շրջապատում կան այդպիսի «մաքուր մարդիկ», ովքեր բարոյական և հոգևոր տեսանկյունից «մաքուր» են համարում Տիրոջն ընդունելի բաները (Եփեսացիներ 5։10)։ Թող որ մեր բոլորիս նպատակը լինի այդ աստիճանին հասնելը, և այնպիսի խիղճ ունենալը, որը ներդաշնակ է ճշմարտության ճշգրիտ գիտությանը և Աստծու հանդեպ նվիրվածությանը (Տիտոս 1։1)։
[ծանոթագրություն]
a «Դիտարանի» 1984 թ. դեկտեմբերի 1–ի համարում (էջ 22, 23, ռուս., [1983, մարտի 15, էջ 30, 31, անգլ.]) կան մտքեր, որոնք օգտակար կարող են լինել ամուսինների համար։
Ինչպե՞ս կպատասխանեիք
• Ինչո՞ւ կրետացի որոշ քրիստոնյաներ պղծված խիղճ ունեին։
• Ինչպե՞ս է հնարավոր, որ լավ կրթված խիղճ ունեցող երկու քրիստոնյաներ տարբեր որոշումներ կայացնեն։
• Ժամանակի ընթացքում մեր խիղճը ինչպիսի՞ն պետք է դառնա։
[Քարտեզ 26–րդ էջի վրա]
(Ամբողջական տեքստի համար տե՛ս հրատարակությունը)
Սիցիլիա
ՀՈՒՆԱՍՏԱՆ
Կրետե
ՓՈՔՐ ԱՍԻԱ
Կիպրոս
ՄԻՋԵՐԿՐԱԿԱՆ ԾՈՎ
[նկար 28–րդ էջի վրա]
Նույնանման իրավիճակում երկու քրիստոնյաներ գուցե տարբեր որոշումներ կայացնեն