Հասո՞ւն քրիստոնյա ես
«ՄԻՆՉ երեխայ էի, խօսում էի ինչպէս երեխայ, խորհում էի ինչպէս երեխայ, դատում էի ինչպէս երեխայ»։ Այսպես գրեց Պողոս առաքյալը։ Եվ իրոք, մեզանից յուրաքանչյուրն էլ մի ժամանակ անօգնական երեխա է եղել։ Սակայն այդ վիճակը ժամանակավոր բնույթ է կրել։ Առաքյալը շարունակում է իր միտքը. «Երբ տղամարդ դարձայ, երեխայական բաները մի կողմ թողեցի» (Ա Կորնթացիս 13։11)։
Համանման կերպով բոլոր քրիստոնյաներն իրենց ճանապարհը սկսում են որպես հոգևոր երեխաներ։ Բայց ժամանակի ընթացքում բոլորն էլ կարող են ‘հասնել հավատի կատարյալ միությանն ու Աստծո Որդու ճանաչմանը, կատարյալ մարդու աստիճանին [«չափահաս մարդու հասունությանը», ՆԱ]՝ ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը’ (Եփեսացիս 4։13)։ Ա Կորնթացիս 14։20–ում մեզ հետևյալ հորդորն է տրվում. «Եղբայրնե՛ր, մտքով երեխայ մի՛ եղէք.... մտքով եղէ՛ք չափահաս»։
Մեր օրերում «չափահաս», հասուն քրիստոնյաները օրհնություն են Աստծո ժողովրդի, հատկապես նոր հետաքրքրվող անհատների համար։ Նրանք նպաստում են ժողովի կայունությանը և բարերար ազդեցություն թողնում տվյալ ժողովում տիրող ընդհանուր մթնոլորտի վրա։
Եթե ֆիզիկական աճը քիչ թե շատ ինքնաբերաբար կատարվող պրոցես է, ապա հոգևոր աճը տեղի է ունենում միայն ժամանակի և ներդրված ջանքերի շնորհիվ։ Ուստի, պետք չէ զարմանալ, թե ինչու դեռ Պողոսի օրերում որոշ քրիստոնյաներ չէին ‘գալիս չափահասներին սահմանված ուսուցմանը [‘ձգտում հասունության’, ՆԱ]’, թեև արդեն երկար տարիներ էր, ինչ ծառայում էին Աստծուն (Եբրայեցիս 5։12; 6։1)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Անկախ այն բանից, թե որքան ժամանակ ես ծառայում Աստծուն՝ տեղին կլիներ անկեղծորեն քննել ինքդ քեզ (Բ Կորնթացիս 13։5)։ Արդյոք գտնվո՞ւմ ես նրանց շարքերում, ովքեր իրոք կարող են կոչվել «չափահաս»՝ հասուն քրիստոնյաներ։ Եթե ոչ, ապա ինչպե՞ս կարող ես դառնալ այդպիսին։
«Մտքով չափահաս»
Հոգևոր առումով երեխան հեշտությամբ ‘տարուբերվում ու քշվում է վարդապետության բոլոր հողմերից, մարդկանց խաբեբայությամբ, որոնք խորամանկությամբ, խաբելով մոլորեցնում են’։ Պողոսը քաջալերում է. «Ճշմարտութեամբ ապրելով սիրոյ մէջ, ամէն բան աճեցնենք նրա՛ մէջ, որ գլուխն է՝ Քրիստոս» (Եփեսացիս 4։14, 15)։ Իսկ ինչպե՞ս կարելի է դա անել։ Եբրայեցիս 5։14–ում կարդում ենք. «Պինդ կերակուրը հասուն մարդկանց համար է, որոնց զգայարանները.... վարժ են լաւը եւ վատը որոշելու մէջ»։
Ուշադրություն դարձրու, որ հասուն քրիստոնյաները վարժեցնում են իրենց զգայարանները նոր հասկացողություններն ըմբռնելու և Աստվածաշնչի սկզբունքները գործնականում կիրառելու շնորհիվ։ Ինչ խոսք, անհատը չի կարող միանգամից հասունանալ. հոգևոր աճի համար ժամանակ է հարկավոր։ Ամեն դեպքում, դու կարող ես շատ բան անել քո հոգևոր աճին նպաստելու համար՝ շնորհիվ անձնական ուսումնասիրության և հատկապես Աստծո Խոսքի խորիմաստ մտքերի ուսումնասիրության։ Վերջին ժամանակներս «Դիտարան» պարբերագրում բազում բարդ թեմաներ են քննարկվել։ Հասուն քրիստոնյաները չեն խուսափում նման հոդվածներից միայն նրա համար, որ դրանք բովանդակում են «ինչ–ինչ դժուարիմաց բաներ» (Բ Պետրոս 3։16)։ Ընդհակառակը՝ նրանք ջանում են յուրացնել նման պինդ կերակուրը։
Եռանդուն քարոզիչներ և ուսուցիչներ
Հիսուսը հետևյալ հրահանգը տվեց իր աշակերտներին. «Գնացէ՛ք ուրեմն աշակերտ դարձրէ՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցէ՛ք Հօր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Ուսուցանեցէ՛ք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատուիրեցի» (Մատթէոս 28։19, 20)։ Քարոզչական գործունեության մեջ ակտիվ մասնակցությունը կարող է նպաստել մեր հոգևոր աճին։ Այդ դեպքում ինչո՞ւ չձգտենք մեր հնարավորությունների սահմաններում ամբողջովին ներգրավվել այդ գործում (Մատթէոս 13։23)։
Ժամանակ առ ժամանակ կյանքի դժվարությունները կարող են պատճառ դառնալ, որ քարոզչության համար ժամանակ չգտնենք։ Այնուհանդերձ, որպես քարոզիչ ‘ջանալով’՝ ցույց ես տալիս, թե որքան կարևոր է քեզ համար «աւետարանելու» գործը (Ղուկաս 13։24; Հռովմայեցիս 1։16)։ Այսպես վարվելով՝ դու գուցե համարվես ‘օրինա՛կ հավատացյալներին’ (Ա Տիմոթէոս 4։12)։
Անարատություն պահողներ
Գնալ դեպի հոգևոր հասունություն՝ նաև նշանակում է անարատություն պահելու համար ջանքեր ներդնել։ Ինչպես արձանագրված է Սաղմոս 26։1–ում, Դավիթը բացականչեց. «Ով Տէր, իրաւունք արա ինձ, որովհետեւ ես անարատութիւնով գնացի»։ Անարատությունը բարոյական մաքրություն է, լիակատարություն։ Սակայն այն դեռ չի նշանակում կատարելություն։ Դավիթն ինքը մի քանի լուրջ մեղքեր գործեց։ Բայց խրատն ընդունելով ու իր ճանապարհը շտկելով՝ ցույց տվեց, որ իր սրտում դեռևս պահված է անկեղծ սերը Եհովա Աստծո հանդեպ (Սաղմոս 26։2, 3, 6, 8, 11)։ Անարատություն նաև նշանակում է լիակատար, սրտանց նվիրում։ Դավիթը պատվիրեց իր որդի Սողոմոնին. «Ճանաչիր քո հօր Աստծուն եւ ծառայիր նորան կատարեալ սրտով» (Ա Մնացորդաց 28։9)։
Անարատություն պահելն իր մեջ բովանդակում է նաև «այս աշխարհից» չլինել՝ ազգերի վարած քաղաքականությունից ու նրանց պատերազմներից հեռու մնալ (Յովհաննէս 17։16)։ Հարկավոր է նաև խուսափել այնպիսի ապականված սովորություններից, ինչպիսիք են պոռնկությունը, կռապաշտությունը և թմրադեղերի չարաշահումը (Գաղատացիս 5։19–21)։ Սակայն այս ամենից բացի անարատություն պահելն իր մեջ ավելին է ընդգրկում։ Սողոմոնը նախազգուշացրեց. «Մեռած ճանճերը իւղագործին իւղը գարշահոտ կ’ընեն։ Քիչ մը անմտութիւնն ալ իմաստութեամբ եւ պատուով երեւելի սեպուած մարդը այնպէս կ’ընէ» (Ժողովող 10։1, Արևմտ. Աստ.)։ Այո՛, անգամ «քիչ մը անմտութիւնը», ինչպես օրինակ՝ անվայել կատակներն ու հակառակ սեռի նկատմամբ սիրախաղերը կարող են հեղինակազրկել նրան, ով «իմաստութեամբ.... սեպուած մարդ» է (Յոբ 31։1)։ Հետևաբար, դրսևորեք ձեր հասունությունը՝ ջանալով օրինակելի վարքագիծ ունենալ և խուսափելով անգամ «չարության ստվերից» (Ա Թեսաղոնիկեցիս 5։22, «King James Version»)։
Հավատարիմ անհատներ
Հասուն քրիստոնյան նաև հավատարիմ է։ Ինչպես կարդում ենք Եփեսացիս 4։24–ում, Պողոս առաքյալը կոչ է անում քրիստոնյաներին. «Հագէ՛ք նոր մարդը, որ ստեղծուած է ըստ Աստծու՝ արդարութեամբ եւ ճշմարիտ սրբութեամբ [«հավատարմությամբ», ՆԱ]» (Եփեսացիս 4։24)։ Հունարեն գրությունների բնագրում «հավատարմություն» բառը նշանակում է սրբություն, արդարություն, խորը հարգանք։ Հավատարիմ անհատը աստվածավախ է, բարեպաշտ, նա հոգատարությամբ կատարում է Աստծո հանդեպ ունեցած իր բոլոր պարտականությունները։
Իսկ որո՞նք են այն մի քանի ուղիները, որոնց օգնությամբ դու կարող ես այդպիսի հավատարմություն զարգացնել։ Ուղիներից մեկը քո հաճախած ժողովի երեցների հետ համագործակցելն է (Եբրայեցիս 13։17)։ Ընդունելով, որ Հիսուսը քրիստոնեական ժողովի վրա հաստատված Գլուխն է՝ հասուն քրիստոնյաները հավատարիմ են մնում նրանց հանդեպ, ովքեր նշանակված են «հովուելու համար Տիրոջ ժողովրդին» (Գործք 20։28)։ Որքա՜ն անտեղի կլիներ նշանակված երեցներին մարտահրավեր նետել կամ գցել նրանց հեղինակությունը։ Հարկավոր է նաև հավատարմություն ցուցաբերել «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» և այն կազմակերպչական կառույցների հանդեպ, որոնց նա օգտագործում է «իր ժամին» հոգևոր «կերակուր» տարածելու համար (Մատթէոս 24։45)։ Կարդա՛ և կիրառի՛ր «Դիտարան»–ում և նրան հարակից մյուս գրականություններում ամփոփված տեղեկություններն առանց հապաղելու։
Գործերով սեր դրսևորել
Պողոսը գրեց թեսաղոնիկեցի քրիստոնյաներին. «Շատանում է ձեզնից իւրաքանչիւրի սէրը միմեանց հանդէպ» (Բ Թեսաղոնիկեցիս 1։3)։ Հոգևոր աճի առանձնահատուկ կարևոր գործոններից մեկը սիրո մեջ աճելն է։ Ըստ Յովհաննէս 13։35–ում արձանագրված խոսքերի՝ Հիսուսն ասաց. «Եթէ դուք միմյանց սիրէք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն էք»։ Նման եղբայրական սերը չի բնորոշվում միայն հույզերով կամ զգացմունքներով։ Վայնի «Հին և Նոր կտակարանների բառերի բացատրական բառարանում» նշվում է. «Միայն դրսևորված գործերով կարելի է ճանաչել սերը» («Vine’s Expository Dictionary of Old and New Testament Words»)։ Ուրեմն՝ դու հասունության ես ձգտում սերդ գործերով արտահայտելով։
Հռովմայեցիս 15։7–ում կարդում ենք. «[«Ուրախությամբ», ՆԱ] ընդունեցէ՛ք միմեանց»։ Հավատակիցների ու հետաքրքրվող մարդկանց հանդեպ սեր կարող ենք դրսևորել ժողովի հանդիպումներին նրանց ջերմորեն և խանդավառությամբ ողջունելով։ Փորձի՛ր ճանաչել նրանցից յուրաքանչյուրին անհատապես, նրանց «շահը» փնտրիր (Փիլիպպեցիս 2։4)։ Ինչո՞ւ երբեմն հյուրասիրություն չցուցաբերել՝ ժողովի տարբեր անդամների տուն հրավիրելով (Գործք 16։14, 15)։ Ուրիշների անկատարությունը երբեմն կարող է փորձության ենթարկել մեր սիրո խորությունը։ Բայց երբ սովորում ենք ‘հանդուրժել միմյանց սիրով’, դրանով ցույց ենք տալիս, որ ձգտում ենք հասունության (Եփեսացիս 4։2)։
Մեր նյութական միջոցներով աջակցենք մաքուր երկրպագությանը
Հնում Աստծո ժողովրդից ոչ բոլորն էին կատարում Եհովայի տաճարին նեցուկ կանգնելու իրենց պատասխանատվությունը։ Ուստի Աստված նրանց սթափեցնելու համար ուղարկեց իր մարգարեներ Անգեին ու Մաղաքիային (Անգե 1։2–6; Մաղաքիա 3։10)։ Այսօր հասուն քրիստոնյաներն ուրախությամբ նվիրաբերում են իրենց միջոցները, որպեսզի աջակցեն Եհովայի երկրպագությանը։ Ընդօրինակի՛ր նման անձանց՝ հետևելով Ա Կորնթացիս 16։1, 2–ում (ՆԿ–ի ՆԱԹ) արձանագրված սկզբունքին՝ կանոնավորաբար ‘փոքրիկ խնայողություն մի կողմ դիր’ ժողովին և Եհովայի վկաների համաշխարհային գործունեությանն ի նպաստ։ Աստված խոստանում է. «Ով առատաձեռնօրէն է սերմանում, առատութեամբ էլ կը հնձի» (Բ Կորնթացիս 9։6)։
Մի՛ մոռացիր քո ունեցած միջոցների, ինչպես օրինակ՝ ժամանակիդ ու ջանքերիդ մասին։ Աշխատի՛ր ‘ժամանակը գնել’ ոչ այնքան կարևոր գործերից (Եփեսացիս 5։15, 16, ԱԹ, Փիլիպպեցիս 1։10)։ Սովորի՛ր ավելի նպատակային օգտագործել այն։ Այդպես վարվելը քեզ հնարավորություն կտա մասնակցել Թագավորության սրահի հետ կապված գործունեությանը, ինչպես նաև համանման ուրիշ գործերի, որոնք նպաստում են Եհովայի երկրպագությանը։ Միջոցներդ այս ձևով օգտագործելով՝ մեկ անգամ ևս կփաստես, որ հասուն քրիստոնյա ես դառնում։
«Ձգտենք հասունության»
Այն տղամարդիկ ու կանայք, ովքեր ջանասիրաբար զբաղվում են անձնական ուսումնասիրությամբ, վարժեցնում են իրենց զգայարանները, եռանդուն քարոզիչներ են, անթերի՝ իրենց անարատության մեջ և լի՝ հավատարմությամբ ու սիրով, նաև տրամադրում են իրենց ուժերն ու նյութական միջոցները Թագավորության գործին աջակցելու համար, իսկապես մեծ օրհնություն են։ Ուստի հասկանալի է, թե Պողոս առաքյալն ինչու էր կոչ անում. «Քրիստոսի մասին եղած նախագիտելիքները թողնելով՝ գանք չափահասներին սահմանուած ուսուցման [«ձգտենք հասունության», ՆԱ]» (Եբրայեցիս 6։1)։
Ուրեմն՝ դու «չափահա՞ս», հասո՞ւն քրիստոնյա ես, թե՞ որոշ հարցերում դեռ հոգևոր առումով մանուկ ես (Եբրայեցիս 5։13)։ Երկու դեպքերում էլ վճռիր զբաղվել անձնական ուսումնասիրությամբ, քարոզչությամբ և եղբայրներիդ հանդեպ սեր ցուցաբերիր։ Ուրախությամբ ընդունիր ամեն խրատ և ուսուցում, որ քեզ կտան հասուն քրիստոնյաները (Առակաց 8։33)։ Աշխատիր ուսերիդ վրա կրել քրիստոնեական պատասխանատվությունների քո ողջ բեռը։ Ժամանակ հատկացնելով և ջանքեր ներդնելով՝ դու նույնպես կկարողանաս ‘հասնել հավատի կատարյալ միությանն ու Աստծո Որդու ճանաչմանը, կատարյալ մարդու աստիճանին՝ [«չափահաս մարդու հասունությանը», ՆԱ] ունենալով ճիշտ Քրիստոսի հասակի չափը’ (Եփեսացիս 4։13)։
[մեջբերում 27–րդ էջի վրա]
Հասուն քրիստոնյաները նպաստում են ժողովի կայունությանը։ Նրանք բարերար ազդեցություն են թողնում ժողովի ընդհանուր մթնոլորտի վրա։
[նկարներ 29–րդ էջի վրա]
Հասուն քրիստոնյաները նպաստում են ժողովում տիրող առողջ մթնոլորտին՝ անկեղծ հետաքրքրություն ցուցաբերելով մյուսների հանդեպ։