Երիտասարդնե՛ր, վարժեցրե՛ք ձեր «զգայարանները»
«Կարծր կերակուրը չափահասներուն համար է, որոնք վարժութեան ճամբով կրթած են չարն ու բարին զանազանելու իրենց զգայարանքը» (Եբրայեցիս 5։14, ՆԿ–Ի ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԲԱՐ ԹԱՐԳՄ.)։
1, 2. ա) Ինչո՞վ են ներկայիս իրավիճակները նման հին Եփեսոսում տիրող իրավիճակին։ բ) Ո՞ր հատկությունները կարող են պաշտպանել քեզ վտանգից, և ինչպե՞ս կարելի է դրանք զարգացնել։
«ՏԵՍԷՔ, թէ ինչպիսի զգուշութեամբ պէտք է ընթանաք. ոչ թէ ինչպէս անմիտներ, այլ՝ ինչպէս իմաստուններ. ժամանակն օգտագործեցէ՛ք, քանզի օրերը չար են» (Եփեսացիս 5։15, 16)։ Երկու հազար տարի առաջ՝ այն օրից ի վեր, երբ Պողոս առաքյալը գրի առավ այս խոսքերը, ‘մարդիկ առաջ են գնացել չարության մեջ’։ Այսօր մենք ապրում ենք «չար ժամանակներում» (Բ Տիմոթէոս 3։1—5, 13, ԱԹ)։
2 Սակայն, ‘խորագիտություն, գիտություն և խորհրդածություն’ մշակելով, կարելի է խուսափել դարանակալած վտանգներից (Առակաց 1։4)։ «Իմաստութիւնը կ’մտնէ քո սիրտը, եւ գիտութիւնը ախորժելի կ’լինի քո հոգիին. խոհեմութիւնը քեզ կ’պահէ, հանճարը քեզ կ’պաշտպանէ. որ քեզ ազատէ չար ճանապարհիցը, եւ նենգութիւններ խօսող մարդիցը»,— ասվում է Առակաց 2։10—12–ում։ Բայց ինչպե՞ս կարելի է այդպիսի հատկություններ զարգացնել։ Պատասխանը գտնում ենք Եբրայեցիս 5։14–ում. «Կարծր կերակուրը չափահասներուն համար է, որոնք վարժութեան ճամբով կրթած են չարն ու բարին զանազանելու իրենց զգայարանքը» (ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Ինչպես որ ցանկացած արհեստի տիրապետելու, այնպես էլ «զգայարաններից»՝ լավն ու վատը զանազանելու ունակությունից հմտորեն օգտվելու համար հարկավոր է մարզվել։ Պողոսի օգտագործած հունարեն բառը նշանակում է «մարմնամարզիկի պես մարզված»։ Իսկ ինչպե՞ս կարելի է սկսել այդ մարզումը։
Մարզե՛ք ձեր «զգայարանները»
3. Ինչպե՞ս կարող եք որոշումներ կայացնելիս դիմել ձեր «զգայարանների» օգնությանը։
3 Ուշադրություն դարձրեք այն բանի վրա, որ «զգայարանները» մարզվում են «վարժութեան ճամբով»։ Որոշումներ կայացնելիս ենթադրություններ անելը, չափից դուրս ոգևորությունը կամ մեծամասնության ետևից գնալը հազիվ թե իմաստուն քայլեր լինեն և լավ արդյունքների հանգեցնեն։ Ճիշտ որոշումներ կայացնելու համար պետք է օգտագործել զգայարանները։ Ինչպե՞ս. ամենից առաջ մանրամասն քննելով իրավիճակը և առկա փաստերի հետ ծանոթանալով։ Անհրաժեշտության դեպքում դիմեք հարցերի օգնությանը։ Ծանրութեթև արեք տվյալ հարցի մասին ձեր ունեցած տարբերակները։ Առակաց 13։16 համարում ասվում է. «Ամեն խորագէտ իմաստութիւնով կ’գործէ»։ Փորձեք գտնել, թե Աստվածաշնչի ո՛ր սկզբունքներն ու օրենքներն են գործում տվյալ պարագայում (Առակաց 3։5)։ Դրա համար, ինչ խոսք, անհրաժեշտ է գիտելիքներ ձեռք բերել Աստվածաշնչից։ Ահա թե ինչո՛ւ է Պողոսը քաջալերում «կարծր կերակուր» ընդունել, այսինքն՝ յուրացնել ճշմարտության «լայնութիւնը, երկարութիւնը, բարձրութիւնը եւ խորութիւնը» (Եփեսացիս 3։18)։
4. Ինչո՞վ են կարևոր Աստծո սկզբունքների մասին գիտելիքները։
4 Դա կարևոր է, քանի որ մենք անկատար ենք և մեղանչելու հակում ունենք (Ծննդոց 8։21; Հռովմայեցիս 5։12)։ «Խորամանկ է սիրտն ամենից աւելի եւ ապականուած»,— ասում է Երեմիա 17։9–ը։ Առանց Աստծո սկզբունքներով առաջնորդվելու՝ մենք կարող ենք ինքներս մեզ խաբել այն մտածելակերպով, թե վատը իրականում լավն է միայն այն պատճառով, որ մեր «մարմինն» է ցանկանում այն (համեմատեք Եսայիա 5։20)։ Սաղմոսերգուն գրում է. «Երիտասարդն ի՞նչով իստակ կ’անէ իր ճանապարհը. քո խօսքի պէս զգուշանալով։ Քո պատուիրանքներովն ես իմաստուն եղայ. սորա համար ատում եմ ստութեան ամեն ճանապարհը» (Սաղմոս 119։9, 104)։
5. ա) Ինչո՞ւ են որոշ երիտասարդներ սկսում սխալ ճանապարհներով քայլել։ բ) Ինչպե՞ս է մի պատանուհի յուրացրել ճշմարտությունը։
5 Ինչո՞ւ են քրիստոնեական ընտանիքներում մեծացած երիտասարդներից ոմանք սկսում սխալ ճանապարհներով քայլել։ Գուցե պատճառն այն է, որ նրանք անձամբ չե՞ն քննել «Աստծու կամքը՝ բարին եւ հաճելին եւ կատարեալը» (Հռովմայեցիս 12։2)։ Ոմանք ծնողների հետ միասին հաճախում են ժողովի հանդիպումներին և կարողանում են ընդհանուր մեկնաբանություն տալ Աստվածաշնչի հիմնական ուսուցումների շուրջը։ Սակայն, երբ հարկ է լինում հիմնավորելու իրենց հավատը կամ առավել խորությամբ բացատրելու Աստծո Խոսքը, պարզվում է, որ նրանց գիտելիքները խղճուկ են ու մակերեսային։ Այդպիսիներին հեշտ է մոլորեցնել (Եփեսացիս 4։14)։ Եթե զգում եք, որ նույնը նաև ձեզ է վերաբերում, այդ դեպքում ինչո՞ւ փոփոխություններ չմտցնեք ձեր կյանքում։ Մի երիտասարդ քույր պատմում է. «Ես ամեն ինչ մանրամասնորեն ստուգում էի։ Իմ առջև հարցեր էի դնում, թե՝ որտեղի՞ց գիտեմ, որ սա է ճշմարիտ կրոնը կամ՝ որտեղի՞ց գիտեմ, որ կա Աստված՝ Եհովա անունով»a։ Գրությունների մանրակրկիտ ուսումնասիրությունների շնորհիվ նա համոզվեց, որ այն, ինչը սովորեցրել են իրեն ծնողները, իսկապես ճշմարտությունն է (համեմատեք Գործք 17։11)։
6. Ինչպե՞ս կարող ես ստուգել, «թէ ո՛րն է հաճելի Տիրոջը»՝ Եհովային։
6 Զինված լինելով Եհովայի սկզբունքների մասին գիտելիքներով՝ քեզ համար ավելի դյուրին կլինի ստուգել, «թէ ո՛րն է հաճելի Տիրոջը» (Եփեսացիս 5։10)։ Բայց ի՞նչ կարելի է անել, եթե որոշակի պարագայում վստահ չես, թե ո՛ր քայլն է ճիշտը։ Նախ՝ աղոթիր Եհովային առաջնորդության համար (Սաղմոս 119։144)։ Ապա՝ փորձիր այդ մասին խոսել ծնողներիդ կամ հասուն քրիստոնյաների հետ (Առակաց 15։22; 27։17)։ Լավ առաջնորդություն կարելի է գտնել նաև՝ «Դիտարանի» հրատարակություններն ու Աստվածաշունչը հետազոտելով (Առակաց 2։3—5)։ Որքան շատ են գործի դրվում «զգայարանները», այնքան դրանք ավելի սուր են դառնում։
Խոհեմություն զվարճանալիս
7, 8. ա) Ինչպե՞ս կարելի է գործի դնել «զգայարանները» որոշում կայացնելու համար՝ ընդունե՞լ հավաքույթի հրավերը, թե՝ ոչ։ բ) Ո՞րն է Աստվածաշնչի տեսակետը զվարճությունների վերաբերյալ։
7 Այժմ եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է ստեղծված իրավիճակում գործի դնել «զգայարանները»։ Ենթադրենք՝ հրավիրված ես ինչ–որ հավաքույթի և այդ կապակցությամբ նույնիսկ հրավիրագիր ես ստացել։ Տեղյակ ես, որ Վկա երիտասարդների մի մեծ խումբ ներկա է լինելու այդ հավաքույթին, իսկ ծախսերի մասին հոգալու են բոլորը։ Ընդունե՞ս հրավերը, թե՝ ոչ։
8 Փորձիր գործի դնել «զգայարաններդ»։ Նախ և առաջ՝ ծանոթացիր բոլոր մանրամասնությունների հետ. քանի՞ հոգի է ներկա գտնվելու, ովքե՞ր են լինելու, ե՞րբ է հավաքույթը սկսվելու և ե՞րբ է վերջանալու, ի՞նչ ծրագիր է պատրաստվել, ո՞վ է վարելու։ Ապա թեթևակի ուսումնասիրիր ««Դիտարան» ընկերության հրատարակությունների ցանկում» (անգլ.) «Ընկերական հավաքույթներ» և «Զվարճություններ» արտահայտությունների տակ գտնվող հոդվածները («Social Gatherings», «Entertainment»)։b Այդ հետազոտությունից ի՞նչ բան քեզ համար պարզ կդառնա։ Առաջին հերթին կհասկանաս, որ Եհովան չի դատապարտում ուրախ ժամանցները։ Ժողովող 8։15–ն ասում է, որ «մարդիս համար արեգակի տակին մի լաւ բան չ’կայ, բացի միայն ուտել ու խմել եւ ուրախանալը»։ Հիսուս Քրիստոսն ինքն էլ անձամբ հատուկ ճաշկերույթների էր մասնակցում, նաև հարսանեկան արարողության ներկա գտնվեց (Ղուկաս 5։27—29; Յովհաննէս 2։1—10)։ Եթե, այսպես ասած, ամեն բան «համ ու հոտով» է լինում, ապա այդպիսի հավաքույթները կարող են դրական ազդեցություն թողնել։
9, 10. ա) Ի՞նչ վտանգների առջև կարող են կանգնեցնել որոշ հավաքույթներ։ բ) Ի՞նչ հարցեր կարող եք ինքներդ ձեզ տալ նախքան որոշելը՝ մասնակցե՞լ խնջույքին, թե՝ ոչ։
9 Սակայն, միշտ պետք է հիշել, որ անկազմակերպ հավաքույթները հղի են լուրջ հետևանքներով։ Ա Կորնթացիս 10։8–ում կարդում ենք, թե ինչպե՛ս սխալ ընկերակցությունը բերեց պոռնկության, և «մի օրում ընկան քսանչորս հազար [անհավատարիմ իսրայելացիներ]»։ Իսկ Հռովմայեցիս 13։13–ում հետևյալ սթափեցնող նախազգուշացումն է տրվում. «Շարժուենք առաքինութեամբ, ինչպէս ցերեկով, ոչ անառակութիւններով եւ հարբեցողութեամբ, ոչ պոռնկութեամբ եւ պղծութեամբ, ոչ նախանձով եւ կռուազանցութեամբ» (համեմատեք Ա Պետրոս 4։3)։ Իհարկե, հնարավոր չէ որոշակի թիվ սահմանել, թե քանի հոգուց պետք է բաղկացած լինի հավաքույթը։ Սակայն փորձառությունները ցույց են տալիս, որ որքան շատ են հրավիրվածները, այնքան ավելի դժվար է կառավարել խնջույքը։ Փոքր թվով, լավ կազմակերպված հավաքույթի դեպքում քիչ է հավանականությունը, որ այն կվերածվի «վայրագ խնջույքի» (Գաղատացիս 5։21, Բայինգթոնի թարգմ.)։
10 Հետազոտությունից հետո քո մտքում, գուցե, մի շարք հարցեր առաջ գան, ինչպես օրինակ՝ «մեծահասակ քրիստոնյաներից ովքե՞ր կլինեն այնտեղ, ո՞վ է ֆինանսավորում այդ հավաքույթը, արդյո՞ք ինչ–որ մեկը շահ ունի այդ հավաքույթից, թե՞, պարզապես, նպատակն առողջ ընկերակցություն վայելելն է։ Կա՞ն սահմանափակումներ, թե ովքե՛ր կարող են ներկա գտնվել։ Եթե հավաքույթը տեղի է ունենալու շաբաթ կամ կիրակի օրը, արդյոք ժամանակի՞ն կավարտվի, որպեսզի մասնակիցները ի վիճակի լինեն հաջորդ օրը ծառայության գնալու։ Երաժշտությունն ու պարերը քրիստոնեական սկզբունքների հետ ներդաշնա՞կ են լինելու (Բ Կորնթացիս 6։3)։ Հեշտ չէ նման հարցեր տալ։ Բայց մեզ կարող է օգնել Առակաց 22։3 համարը. «Խորագէտը տեսնում է չարիքը եւ իրան պահում, բայց պարզամիտները անց են կենում եւ վնասվում»։ Այո՛, գործի դնելով «զգայարանները», կարող եք խուսափել վտանգավոր իրավիճակների մեջ հայտնվելուց։
Խոհեմություն կրթության հարցում
11. Ինչպե՞ս կարող են երիտասարդները գործի դնել իրենց «զգայարանները» ապագայի մասին ծրագրեր կազմելիս։
11 Աստվածաշունչը նշում է, որ ապագայի մասին ծրագրեր կազմող մարդը իմաստորեն է վարվում (Առակաց 21։5, Արևմտ. Աստ.)։ Քննարկե՞լ ես քո հետագա պլանները ծնողներիդ հետ միասին։ Գուցե մտադիր ես լիաժամ ծառայությո՞ւն սկսել որպես ռահվիրա։ Իսկապես, ծառայության ոչ մի ուրիշ ձև այնքան բավականություն չի պատճառում, որքան ռահվիրայությունը։ Եթե հիմա արդեն ուսումնասիրության լավ սովորություններ ես մշակում և հմտանում ես ծառայության մեջ, ապա, կարելի է ասել, որ արդեն պատրաստ ես այդ ասպարեզում մեծ հաջողությունների հասնելու։ Իսկ մտածե՞լ ես այն մասին, թե ռահվիրա ծառայելու ընթացքում ինչպե՞ս ես քեզ նյութապես ապահովելու։ Կամ եթե մտադիր ես ապագայում ընտանիք կազմել, արդյոք ի վիճակի կլինե՞ս քեզ վրա կրելու այդ հավելյալ պատասխանատվությունը։ Հարկավոր է կրկին դիմել «զգայարանների» օգնությանը, որպեսզի հավասարակշռված ու իրագործելի որոշումներ կայացնես։
12. ա) Ինչպե՞ս են որոշ ընտանիքներ հարմարվել փոփոխվող տնտեսական իրավիճակներին։ բ) Արդյոք լրացուցիչ կրթություն ստանալը խանգարո՞ւմ է ռահվիրայություն սկսելուն։ Բացատրեցե՛ք։
12 Որոշ վայրերում կարելի է որևիցե արհեստ կամ մասնագիտություն ձեռք բերել՝ սովորելով վարպետի մոտ։ Կան երիտասարդներ, որոնք շարունակում են իրենց ընտանեկան գործը կամ էլ որևէ արհեստ են սովորում իրենց մեծահասակ ընկերներից։ Ուրիշները դպրոցներին կից դասընթացներ են հաճախում, որոնք կարող են հետագայում ապրուստ վաստակելու հնարավորություն տալ։ Այն վայրերում, որտեղ նման միջոցառումները մատչելի չեն, այդ հարցը մանրամասնորեն քննարկելուց հետո ծնողները կարող են գալ այն եզրակացության, որ երեխային հարկավոր է դպրոցից հետո շարունակել կրթությունը։ Այնպիսի մասնագիտություն ձեռք բերելը, որը ձեզ ապագայում հնարավորություն կտա հոգալու ձեր նյութական կարիքները և, հատկապես, որքան կարելի է երկար ծառայելու որպես ռահվիրա, ամենևին էլ անհամատեղելի չէ Աստծո Թագավորությունը կյանքում առաջին տեղը դնելու հորդորի հետ (Մատթէոս 6։33)։ Իսկ լրացուցիչ կրթությունը երկրորդական պլան չի մղում ռահվիրայական ծառայությունը։ Մի երիտասարդ Վկա վաղուց որոշել էր որքան հնարավոր է երկար մնալ ռահվիրայական ծառայության մեջ։ Դպրոցն ավարտելուց հետո ռահվիրա ծնողների խորհրդով ուսումը շարունակել էր։ Սովորելու ամբողջ ընթացքում կարողացել էր մնալ ռահվիրայական ծառայության մեջ, իսկ այժմ, չընդհատելով այն, ի վիճակի է նաև նյութապես ապահովելու իրեն։
13. Ինչպե՞ս կարող են ընտանիքները հաշվել լրացուցիչ կրթության «ծախսը»։
13 Ինչ վերաբերում է երեխաների լրացուցիչ կրթություն ստանալուն, յուրաքանչյուր ընտանիք իր անձնական որոշումը կայացնելու իրավունքն ու պատասխանատվությունն ունի։ Կրթության ճիշտ ընտրությունը լավ արդյունքների կարող է հանգեցնել։ Սակայն, լրացուցիչ կրթություն ստանալու ձգտումը կարող է նաև ծուղակի մեջ գցել։ Երբ մտածում եք այդ մասին, ի՞նչ նպատակ եք հետապնդում։ Արդյոք հոգում եք ձեր ապագայի՞ համար, որ ի վիճակի լինեք ազնիվ ճանապարհով ապրուստ վաստակելու, թե՞ ‘ձեզ համար մեծամեծ բաներ եք որոնում’ (Երեմիա 45։5; Բ Թեսաղոնիկեցիս 3։10; Ա Տիմոթէոս 5։8; 6։9)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել ուրիշ քաղաքում կրթություն ստանալու ու, թերևս, ուսանողական հանրակացարանում ապրելու մասին։ Արդյո՞ք դա իմաստուն քայլ կլինի, եթե հաշվի առնեք Պողոսի նախազգուշացումը, թե «չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը» (Ա Կորնթացիս 15։33 ԱԹ; Բ Տիմոթէոս 2։22)։ Հիշե՛ք նաև, որ մնացած «ժամանակը կարճ է» (Ա Կորնթացիս 7։29)։ Քանի՞ տարի եք նվիրելու այդ կրթությանը. ձեր երիտասարդության ծաղկուն տարինե՞րը։ Եթե այո, այդ դեպքում ինչպե՞ս կարող եք կիրառել Աստվածաշնչի հորդորը՝ «յիշիր քո ստեղծողին քո երիտասարդութեան օրերումը» (Ժողովող 12։1)։ Նկատի առեք նաև, թե արդյոք ուսման ընթացքում հնարավորություն կունենա՞ք քրիստոնեական գործունեությանը մասնակցելու, ինչպես օրինակ՝ ժողովի հանդիպումներին հաճախելու, դաշտի ծառայության դուրս գալու և անձնական ուսումնասիրությանը ժամանակ հատկացնելու (Մատթէոս 24։14; Եբրայեցիս 10։24, 25)։ Եթե ձեր «զգայարանները» սուր են, ապա ծնողների հետ միասին ապագան պլանավորելիս ձեր հայացքը երբեք չպիտի կտրեք հոգևոր նպատակակետերից։
Պատվավոր փոխհարաբերություններ նախքան ամուսնությունը
14. ա) Ի՞նչ սկզբունքներով պետք է առաջնորդվեն չամուսնացած զույգերը, երբ դրսևորում են իրենց փոխադարձ զգացմունքները։ բ) Ինչպե՞ս են որոշ զույգեր այդ հարցում անզգույշ եղել։
14 «Զգայարանները» ձեզ կարող են օգնել նաև ամուսնությունից առաջ ժամադրությունների գնալիս։ Սիրած մարդու նկատմամբ նուրբ զգացումներ տածելու մեջ ոչ մի վատ բան չկա։ Սողոմոնի «Երգ Երգոցում» կարդում ենք, որ պարկեշտ զույգը, նախքան ամուսնանալը, ակներևաբար, որոշ փոխադարձ զգացմունքներ էր դրսևորել (Երգ Երգոց 1։2; 2։6; 8։5)։ Այսօր էլ զույգերից ոմանք կարող են պատշաճ համարել թևանցուկ քայլելը, համբուրվելը կամ գրկախառնվելը, հատկապես այն պարագայում, երբ հարսանիքն առջևում է։ Բայց մի՛ մոռացեք. Աստվածաշունչը նախազգուշացնում է, որ «իր սրտին ապաւինողը յիմար է» (Առակաց 28։26)։ Դժբախտաբար, եղել են քրիստոնյաներ, որոնք այդ հարցում անզգույշ են եղել՝ հայտնվելով այնպիսի իրավիճակներում, որոնք դրդել են նրանց դավաճանել իրենց սկզբունքները։ Փոխադարձ սիրատածումները դարձել են անկառավարելի ու հասցրել անմաքուր արարքների, նույնիսկ հանգեցրել սեռային անբարոյության։
15, 16. Ի՞նչ կերպերով կարող են զույգերը ողջամիտ զգուշություն ցուցաբերել վստահ լինելու համար, որ իրենց հանդիպումները պատվավոր են։
15 Եթե դուք արդեն ընտրել եք ձեր ապագա կողակցին, ապա ձեր կողմից իմաստուն քայլ կլինի նրա հետ առանձին չմնալ կասկածելի իրավիճակներում։ Խորհրդի կարգով կարելի է ասել, որ միմյանց ընկերակցությունը վայելելու ամենալավ հնարավորությունը մի խումբ ընկերների հետ միասին հավաքվելն է կամ էլ որևէ մարդաշատ տեղ գնալը։ Որոշ զույգեր միասին ժամանակ են անցկացնում նաև ուղեկցի ընկերակցությամբ։ Բացի այդ, նկատի առեք Ովսէէ 4։11 խոսքը. «Գինին եւ քաղցուն տանում են սիրտը»։ Ոգելից խմիչքները մթագնում են առողջ դատողությունը և ստիպում զույգերին դիմել այնպիսի քայլերի, որոնց համար նրանք հետագայում զղջում են։
16 Առակաց 13։10–ն ասում է. «Միմիայն կռիւ կծագէ ամբարտաւանութիւնից, բայց խրատուածների [«խորհրդակցողների», ՆԱ] մօտ իմաստութիւն կայ»։ Այո՛, «խորհրդակցեք» և քննարկեք, թե ինչպես վարվել։ Զրուցեք այն մասին, թե յուրաքանչյուրդ ձեր զգացմունքներն ի՞նչ թույլատրելի աստիճանով եք դրսևորելու միմյանց հանդեպ և հարգեք մեկդ մյուսի զգացումներն ու խիղճը (Ա Կորնթացիս 13։5; Ա Թեսաղոնիկեցիս 4։3—7; Ա Պետրոս 3։16)։ Սկզբում թերևս հեշտ չի լինի զրուցել այս նուրբ թեմայով, սակայն այդ զրույցը կարող է նպաստել՝ կանխելու հետագա խնդիրների զարգացումը։
«Մանկութիւնից» սովորած
17. Դավիթն ինչպե՞ս մանկուց Եհովային իր հույսը դարձրեց, և դրանից ի՞նչ դաս կարող են այսօր քաղել երիտասարդները։
17 Որպեսզի կարողանաս խուսափել Սատանայի ծուղակներից, հարկավոր է շարունակ զգոնություն և երբեմն էլ քաջություն ցուցաբերել։ Կարող է այնպես պատահել, որ հանգամանքները ձեր դեմ շրջվեն՝ ոչ միայն ձեր հասակակիցների, այլև առհասարակ շրջապատի մարդկանց հետ կապված։ Սաղմոսերգու Դավիթը դիմեց Աստծուն հետևյալ խոսքերով. «Դու ես իմ ապաւէնը, ով Տէր Եհովայ, իմ յոյսը իմ մանկութիւնիցը դու ես։ Ով Աստուած, դու սովորեցրիր ինձ իմ մանկութիւնիցը, եւ մինչեւ հիմա պատմում եմ քո հրաշքները» (Սաղմոս 71։5, 17)։c Դավիթը հայտնի է իր քաջությամբ։ Սակայն նա ե՞րբ էր զարգացրել այդ հատկությունն իր մեջ. մանուկ հասակից։ Գողիաթի հետ իր հանրահայտ կռվից առաջ նա արտակարգ քաջություն դրսևորեց՝ պաշտպանելով իր հորը պատկանող հոտերը վայրի գազաններից՝ առյուծից ու արջից (Ա Թագաւորաց 17։34—37)։ Այնուհանդերձ, Դավիթն իր քաջության համար փառքն իրեն չվերագրեց, այլ ամբողջովին տվեց Եհովային՝ կոչելով նրան «յոյսը իմ մանկութիւնից»։ Եհովային ապավինելու այդ ունակությունը հնարավորություն տվեց Դավիթին հաղթահարելու ցանկացած դժվարություն։ Դու նույնպես կզգաս, որ եթե ապավինում ես Եհովային, ապա նա քեզ քաջություն և ուժ է տալիս ‘հաղթելու աշխարհը’ (Ա Յովհաննէս 5։4)։
18. Ի՞նչ հորդոր է տրվում աստվածավախ երիտասարդներին մեր օրերում։
18 Հազարավոր երիտասարդներ վճռական դիրք են բռնել այս հարցում և այժմ ծառայում են որպես բարի լուրի մկրտված քարոզիչներ։ Ո՛վ երիտասարդներ, մենք մեր երախտագիտությունն ենք հայտնում Աստծուն ձեր ցուցաբերած հավատի և քաջության համար։ Վճռակա՛ն եղեք և փախե՛ք աշխարհի ապականությունից (Բ Պետրոս 1։4)։ Շարունակեցե՛ք օգտագործել Աստվածաշնչի սկզբունքներով մարզված ձեր «զգայարանները», քանի որ դա ձեզ կպաշտպանի փորձանքներից և կապահովի ձեր փրկությունը։ Ինչպես դեռ կտեսնենք մեր հաջորդ հոդվածում, դուք կարող եք երջանիկ կյանք վարել։
[ծանոթագրություններ]
a Տեսեք «Արթնացե՛ք»–ի 1998 թ. հոկտեմբերի 22–ի համարը (ռուս.), «Երիտասարդների հարցերը» խորագրի տակ՝ «Ինչպե՞ս յուրացնեմ ճշմարտությունը» հոդվածը։
b «Ընկերային ժամանցներ—օգուտները վայելեցէք, որոգայթներէն խուսափեցէք» հոդվածը («Դիտարան» 1992թ., նոյեմբերի 1) այս թեմայի վերաբերյալ առատ տեղեկություն է պարունակում։
c Ամենայն հավանականությամբ, 71–րդ սաղմոսը 70–ի շարունակությունն է, իսկ վերջինիս նախաբանում նշվում է, որ դա Դավիթի սաղմոսն է։
Կրկնողության հարցեր
◻ Ինչպե՞ս կարող է երիտասարդը մարզել իր «զգայարանները»։
◻ Ինչպե՞ս պետք է երիտասարդն օգտվի իր «զգայարաններից», երբ անհրաժեշտություն է առաջանում որոշելու՝ գնա՞լ քրիստոնյա ընկերների կազմակերպած հավաքույթին, թե՝ ոչ։
◻ Ի՞նչ փաստարկներ կարելի է նկատի առնել կրթությունը պլանավորելիս։
◻ Ինչ կերպերով կարող են չամուսնացած զույգերը խուսափել սեռային անբարոյության թակարդն ընկնելու վտանգից։
[նկարներ 26–րդ էջի վրա]
Փոքր հավաքույթներն ավելի հեշտ է կառավարել, և ավելի քիչ է հավանականությունն այն բանի, որ նրանք կվերածվեն անզուսպ խրախճանքների։
Ծնողները պետք է օգնեն իրենց զավակներին կրթության վերաբերյալ ծրագրեր կազմելիս։