Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 2/1 էջ 23–27
  • Եհովան չի ուշանա

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Եհովան չի ուշանա
  • 2000 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ետ չի մնալ»
  • Հինգ «վայերից» առաջինը
  • Երկրորդ «վայը»
  • Երրորդ «վայն» ու արյունապարտության հարցը
  • Չորրորդ և հինգերորդ «վայերը»
  • Աստվածաշնչի գիրք համար 35. Ամբակում
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • Ապավինիր Եհովային և ապրիր
    2018 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Որքա՞ն դեռ պիտի գոյատևի չարությունը
    2000 Դիտարան
  • Մեր փրկության Աստծովն ենք ուրախանում
    2000 Դիտարան
Ավելին
2000 Դիտարան
w00 2/1 էջ 23–27

Եհովան չի ուշանա

«Եթե [տեսիլքը] ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ» (ԱՄԲԱԿՈՒՄ 2։3)։

1. Ինչպիսի՞ վճռականություն է ցուցաբերել Եհովայի ժողովուրդը, և ի՞նչ անելու դա նրանց մղեց։

«ԻՄ ՊԱՀԱՊԱՆՈՒԹԵԱՆ տեղը կանգնեմ, եւ կենամ պարսպի վերայ»։ Այսպիսի որոշում էր կայացրել Աստծո մարգարե Ամբակումը (Ամբակում 2։1)։ Նույնանման վճռականություն է հանդես բերել նաև Եհովայի 20–րդ դարի ժողովուրդը։ Նրանք սրտանց արձագանքեցին 1922 թ. սեպտեմբերին կայացած հանրահայտ համաժողովում ազդարարված կոչին. «Այսօր օրերի օրն է։ Ահա իշխում է Թագավորը։ Դուք նրա հանրային ներկայացուցիչներն եք։ Ուստի, հռչակեցե՛ք, հռչակեցե՛ք, հռչակեցե՛ք Թագավորին ու նրա թագավորությունը»։

2. Ի՞նչ կարող էին բացականչել օծյալ քրիստոնյաները Առաջին համաշխարհային պատերազմից հետո։

2 Առաջին համաշխարհային պատերազմից հետո Եհովան վերականգնեց հավատարիմ օծյալ մնացորդին աննախադեպ գործունեություն ծավալելու նպատակով։ Ամբակումի նման նրանցից յուրաքանչյուրը կարող էր բացականչել. «Կենամ պարսպի վերայ, եւ մտիկ տամ տեսնեմ թէ ի՞նչ է խօսելու ինձ հետ»։ «Պահապանություն անել», «մտիկ տալ» կամ «զգոն, արթուն լինել» թարգմանված եբրայերեն բառերը կրկնվում են շատ մարգարեություններում։

«Ետ չի մնալ»

3. Ինչո՞ւ պետք է շարունակ արթուն մնանք։

3 Քանի դեռ Եհովայի վկաները հայտարարում են Աստծո նախազգուշացումները, նրանք պետք է առավել զգոն լինեն, որպեսզի ուշադրությամբ հետևեն Հիսուսի փառահեղ մարգարեության եզրափակիչ խոսքերին. «Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք, թէ տանտէրը ե՛րբ կը գայ՝ երեկոյեա՞ն, թէ՞ կէսգիշերին, աքլորականչի՞ն, թէ՞ առաւօտեան դէմ։ Գուցէ յանկարծակի գալով՝ ձեզ քնի մէջ գտնի։ Բայց ինչ որ ձեզ եմ ասում, ամենքին եմ ասում՝ արթո՛ւն կացէք» (Մարկոս 13։35—37)։ Ամբակումի նման, ինչպես նաև Հիսուսի խոսքերին հետևելով՝ մենք պետք է արթուն մնանք։

4. Ի՞նչ զուգահեռ կարելի է անցկացնել մ.թ.ա. 628 թ.՝ Ամբակումի օրերի և մեր ապրած ժամանակների միջև։

4 Հնարավոր է, որ Ամբակումն իր գիրքը ավարտած լինի մ.թ.ա. մոտ 628–ին, նույնիսկ նախքան Բաբելոնի աշխարհակալ ուժ դառնալը։ Երկար տարիներ շարունակ հնչում էր Եհովայի դատավճիռը ուխտադրուժ Երուսաղեմի դեմ, սակայն ոչ մի պարզ ցուցում չկար այն մասին, թե երբ է այդ դատաստանն ի կատար ածվելու։ Ո՞վ կարող էր մտածել, որ դա տեղի էր ունենալու ընդամենը քսանմեկ տարի հետո, և որ Եհովան օգտագործելու էր Բաբելոնին դահճի դերում։ Նույնն է պարագան նաև այսօր. մենք չգիտենք այս համակարգի վախճանի համար սահմանված «օրն ու ժամը», սակայն մենք ունենք Հիսուսի նախազգուշացումը. «Պատրա՛ստ եղէք, որովհետեւ այն ժամին, երբ չէք սպասում, մարդու Որդին կը գայ» (Մատթէոս 24։36, 44)։

5. Աստծո ո՞ր խոսքերն են հատկապես քաջալերական հնչում Ամբակում 2։2, 3 համարներում։

5 Իզուր չէ, որ Եհովան Ամբակումին հետևյալ հանձնարարությունն է տալիս. «Գրիր տեսիլքը եւ որոշ նշանակիր տախտակների վերայ, որպէս զի վազէ նորան կարդացողը։ Որովհետեւ տեսիլքը տակաւին որոշուած ժամանակի համար է, եւ շտապում է վախճանին, եւ չի ստիլ. եթե ուշանայ էլ, սպասիր նորան, որովհետեւ անպատճառ պիտի գայ եւ ետ չի մնալ» (Ամբակում 2։2, 3)։ Այսօր չարությունն ու բռնությունը տարածված են ողջ երկրագնդով մեկ, ինչը ցույց է տալիս, որ մենք կանգնած ենք «Տիրոջ մեծ եւ ահեղ օրվա» շեմին (Յովէլ 2։31)։ Իսկ Եհովայի խոսքերը, թե՝ այն «ետ չի մնալ», մեզ համար անչափ քաջալերիչ են հնչում։

6. Ինչպե՞ս կարող ենք վերապրել գալիք դատաստանից։

6 Իսկ ինչպե՞ս կարող ենք վերապրել գալիք դատաստանից։ Այս հարցին դարձյալ պատասխան է տալիս Եհովան՝ ցույց տալով արդարի և ամբարշտի միջև եղած տարբերությունը։ «Ահա նա գոռոզացել է, նորա հոգին ուղիղ չէ իրանում, բայց արդարը իր հաւատքովը պիտի ապրէ» (Ամբակում 2։4)։ Գոռոզ, ագահ իշխանավորները և, առհասարակ, մարդիկ արդի պատմության էջերը միլիոնավոր անմեղ զոհերի արյունով են ներկել՝ հատկապես երկու համաշխարհային պատերազմների և տարբեր էթնիկական ջարդերի ժամանակ։ Իսկ դրան հակառակ, Աստծո խաղաղասեր օծյալ ծառաները հավատարիմ են մնացել իրեն։ Նրանք «արդար եւ հաւատարմութիւն պահող ժողովուրդն» են։ Այս ժողովուրդը «այլ ոչխարների» դասակարգին պատկանող իրենց ընկերակիցների հետ միասին հետևում է Աստվածաշնչում արձանագրված հորդորին. «Յաւիտեան Տիրոջը յուսացէք, որովհետեւ Տէր Եհովան յաւիտենական վէմ է» (Եսայիա 26։2—4; Յովհաննէս 10։16)։

7. Պողոսի կողմից Ամբակում 2։4–ի մեջբերման համաձայն՝ ի՞նչ է մեզանից պահանջվում։

7 Եբրայեցի քրիստոնյաներին ուղղած իր նամակում Պողոս առաքյալը մեջբերում է Ամբակում 2։4 համարից, երբ Եհովայի ժողովրդին դիմում է հետևյալ խոսքերով, թե՝ «ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի, Աստծու կամքը կատարելով, հասնէք նրա խոստմանը, քանի որ՝ «մի փոքր, շատ փոքր ժամանակ ևս, և գալու է նա, ով պիտի գայ և չպիտի ուշանայ։ Արդ՝ իմ արդարը պիտի ապրի հաւատով. և եթէ մէկը երկմիտ է, իմ հոգին նրան չպիտի հաւանի»» (Եբրայեցիս 10։36—38)։ Այժմ հուսալքվելու կամ էլ Սատանայի աշխարհի նյութապաշտական ճանապարհով գնալու և հաճույքներով տարված լինելու ժամանակը չէ։ Իսկ ի՞նչ է մեզանից պահանջվում մինչ այն «շատ փոքր ժամանակի» լրանալը։ Պողոսի նման մենք էլ՝ որպես Եհովայի սուրբ ժողովուրդ, պետք է ‘ձգտենք դէպի առջևում եղածները և վազենք [«դէպի նպատակը», ԱԹ]’՝ հավիտենական կյանքը (Փիլիպպեցիս 3։13, 14)։ Եվ ինչպես Հիսուսը, մենք էլ ‘մեր առջև դրված ուրախության համար’ պետք է դիմանանք (Եբրայեցիս 12։2)։

8. Ո՞ւմ է ներկայացնում Ամբակում 2։5–ում հիշատակված «մարդը», և ինչո՞ւ նա հաջողություն չի ունենալու։

8 Ամբակում 2։5 խոսքը նկարագրում է մի «մարդու», որն, ի տարբերություն Եհովայի ծառաների, չի հասնում իր առջև դրած նպատակին, նույնիսկ այն ժամանակ, երբ «դժոխքի պէս լայնացրել է իր հոգին»։ Ո՞վ է այս մարդը, որը «չէ կշտանում»։ Ամբակումի օրերի անհագ Բաբելոնի նման, այդ «մարդը» խորհրդանշաբար ներկայացնում է քաղաքական ուժերից բաղկացած համակարգերը՝ լինեն դրանք ֆաշիստական, նացիստական, թե, այսպես կոչված, ժողովրդավարական. նրա նպատակն է պատերազմների միջոցով իր երկրների տարածքներն ընդարձակելը։ Նա նաև շեոլը, այսինքն՝ գերեզմանը, լցնում է անմեղ մարդկանցով։ Բայց Սատանայի աշխարհին պատկանող այս նենգ ու ինքնավստահ «մարդը» հաջողություն չի ունենալու ‘բոլոր ազգերը իր մոտ ժողովելու և ամեն ժողովուրդները իր մոտ հավաքելու գործում’։ Ողջ մարդկությունը միավորել կարող է միայն Եհովա Աստված, և նա իր այդ նպատակն ի կատար է ածելու Մեսիական թագավորության միջոցով (Մատթէոս 6։9, 10)։

Հինգ «վայերից» առաջինը

9, 10. ա) Ինչի՞ մասին է Եհովան հայտարարում Ամբակումի միջոցով։ բ) Անարդար ճանապարհով ձեռք բերված կարողության հետ կապված՝ ի՞նչ իրավիճակ է տիրում այսօր։

9 Իր մարգարեի՝ Ամբակումի միջոցով, Եհովան հինգ «վայ» է ազդարարում՝ դատավճիռներ, որոնք պետք է իրագործվեն, որպեսզի երկիրը պատրաստվի Աստծո հավատարիմ երկրպագուների բնակեցման համար։ Այդ արդարները Եհովայի «առակի» խոսքերն են կրկնում, որոնք կարդում ենք Ամբակում 2։6–ում. «Վա՜յ իրանը չ’եղածը շատացնողին, մինչեւ ե՞րբ. եւ իր վերայ ծանր գրաւներ բեռնողին»։

10 Այստեղ շեշտը դրվում է անարդար ճանապարհով փող վաստակելու վրա։ Մեզ շրջապատող աշխարհում հարուստը գնալով հարստանում է, աղքատն՝ ավելի աղքատանում։ Թմրաբիզնեսով զբաղվողներն ու խաբեբա մարդիկ առասպելական կարողություններ են դիզում, մինչդեռ հասարակ ժողովուրդը սովի է մատնված։ Երկրի բնակչության մեկ չորրորդ մասն ապրում է ծայրահեղ թշվառության մեջ։ Շատ երկրներում կենսապայմաններն ուղղակի սարսափելի են։ Արդարության տենչացողները բացականչում են՝ արդյոք «մինչեւ ե՞րբ» պիտի շարունակվեն այս անիրավությունները։ Սակայն վերջն առջևում է, իսկ տեսիլքը «ետ չի մնալ»։

11. Ի՞նչ է Ամբակումն ասում արյունահեղության մասին, և ինչո՞ւ կարող ենք ասել, որ աշխարհն այսօր արյունապարտության մեծ մեղք է կրում։

11 Մարգարեն դիմում է ամբարիշտներին՝ ասելով. «Դու շատ ազգեր ես կողոպտել, քեզ էլ պիտի կողոպտեն բոլոր ազգերի մնացորդները, մարդկանց արիւնների եւ երկրի ու քաղաքի եւ նորանում ամեն բնակողների զրկանքին համար» (Ամբակում 2։8)։ Երկիրը «հևում» է արյունահեղության շատությունից։ Հիսուսը հստակորեն ասաց. «Ովքեր սուր են վերցնում, սրով կ’ընկնեն» (Մատթէոս 26։52)։ Իսկ միայն 20–րդ դարի ընթացքում արյունապարտ ազգերն ու էթնիկական խմբերը պատասխանատու են ավելի քան հարյուր միլիոն մարդկանց սպանության համար։ Վա՜յ նրանց, ովքեր մասնակից են եղել այդ արյունահեղություններին։

Երկրորդ «վայը»

12. Ինչո՞ւմն է կայանում Ամբակումի արձանագրած երկրորդ «վայը», և ինչպե՞ս կարող ենք վստահ լինել, որ անարդար ճանապարհով ձեռք բերված հարստությունը ոչ մի օգուտ չի տալու։

12 Երկրորդ «վայը», որն արձանագրված է Ամբակում 2։9—11–ում, ուղղված է «իր տան համար չար վաստակ վաստակողին, որպէս զի իր բոյնը բարձր տեղը դնէ, չարի ձեռիցն ազատուելու համար»։ Ինչպես բացատրում է սաղմոսերգուն, խարդախությամբ ձեռք բերված հարստությունը օգուտ չի բերի. «Մի վախենար երբոր մարդ հարստանայ, երբոր նորա տան փառքը շատանայ։ Որովհետեւ նա իր մեռնելու ժամանակ ոչ մի բան վեր չի առնիլ իր հետ. նորա փառքը չի գնալ նորա ետեւից» (Սաղմոս 49։16, 17)։ Ուստի, ուշադրության է արժանի Պողոսի իմաստուն խորհուրդը. «Այս աշխարհի հարուստներին պատուիրի՛ր, որ չհպարտանան եւ չապաւինեն սնոտի հարստութեանը, այլ՝ Աստծուն, որ մեզ առատապէս ամէն ինչ տալիս է վայելելու համար» (Ա Տիմոթէոս 6։17)։

13. Ինչո՞ւ պետք է շարունակենք հռչակել Աստծո զգուշացումները։

13 Որքան կարևոր է, որ Աստծո դատաստանի լուրը շարունակվում է այսօր հռչակվել։ Երբ փարիսեցիներն իրենց դժգոհությունն արտահայտեցին որպես արձագանք այն բանի, որ ամբոխը բացականչություններով ողջունում էր Հիսուսին որպես Եհովայի անունով եկող թագավորի, վերջինս ասաց. «Ասում եմ ձեզ, որ եթէ դրանք լռեն էլ, այդ քարերը կ’աղաղակեն» (Ղուկաս 19։38—40)։ Նմանապես, եթե Աստծո ժողովուրդը զլանա մերկացնել աշխարհում այսօր տիրող չարությունը, այն ժամանակ «քարը պիտի պատիցն աղաղակէ» (Ամբակում 2։11)։ Եկե՛ք, ուրեմն, արիաբար շարունակենք հռչակել Աստծո զգուշացումները։

Երրորդ «վայն» ու արյունապարտության հարցը

14. Ինչո՞ւմ են արյունապարտ աշխարհի կրոնները։

14 Ամբակումի կողմից հայտարարված երրորդ «վայը» վերաբերում է արյունապարտությանը։ Ամբակում 2։12–ում ասվում է. «Վա՜յ քաղաքը արիւններով շինողին, եւ աւանը անիրաւութեամբ հաստատողին»։ Իրերի այս համակարգում անիրավությունն ու արյունահեղությունը հաճախ են հաջորդում մեկը մյուսին։ Հույժ նկատելի է, որ աշխարհի կրոնները պատասխանատու են պատմության ընթացքում կատարված ամենասարսափելի արյունահեղությունների համար։ Բավական է միայն նշել Խաչակրաց արշավանքները, որոնք այսպես կոչված քրիստոնյաներին դուրս բերեցին մահմեդականների դեմ, կաթոլիկական ինկվիզիցիան Իսպանիայում և Լատինական Ամերիկայում, երեսնամյա պատերազմը Եվրոպայում բողոքականների և կաթոլիկների միջև և մեր դարաշրջանի ամենաեղեռնական համաշխարհային երկու պատերազմները, որոնք երկուսն էլ բռնկվեցին քրիստոնեական պետություններում։

15. ա) Ազգերն ի՞նչ են շարունակում անել եկեղեցու օգնությամբ կամ էլ համաձայնությամբ։ բ) Կարո՞ղ է արդյոք Միավորված ազգերի կազմակերպությունը վերջ դնել աշխարհի սպառազինմանը։

15 Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենաողբերգական էջերից մեկը նացիստների կողմից կազմակերպված Հոլոքոստն էր, որը Եվրոպայում ապրող միլիոնավոր հրեաների և այլ անմեղ մարդկանց կյանքեր խլեց։ Ֆրանսիայում Հռոմի կաթոլիկ եկեղեցու նվիրապետությունը միայն վերջերս խոստովանեց, որ ժամանակին զլացել է կասեցնել հարյուր հազարավոր զոհերի նացիստական մահվան ճամբարներն ուղարկվելը։ Չնայած այս ամենին, ազգերը դեռևս շարունակում են իրենց արյունահեղությունները՝ եկեղեցու աջակցությամբ կամ էլ նրա համաձայնությամբ։ Իսկ ինչ վերաբերում է Ռուս ուղղափառ եկեղեցուն՝ «Թայմ» ամսագրի (միջազգային հրատարակություն) վերջերս հրատարակված համարում հետևյալ տողերն էին տպագրված. «Վերակենդանացած եկեղեցին վճռորոշ ազդեցություն ունի ռուսական ռազմական մեխանիզմի վրա, ինչը մի ժամանակ պարզապես աներևակայելի էր.... ռեակտիվ կործանիչներն ու զորանոցներն օրհնելը դարձել է սահմանված կարգ։ Նոյեմբերին Մոսկվայի Դանիլովսկի մենաստանում՝ Ռուսաստանի հայրապետության աթոռանիստում, եկեղեցին նույնիսկ օրհնեց Ռուսաստանի միջուկային զինանոցը»։ Կարո՞ղ է արդյոք Միավորված ազգերի կազմակերպությունը դադարեցնել այս աշխարհի սպառազինումը պատերազմի դիվական զենքերով։ Դժվա՛ր թե։ Լոնդոնյան «Գարդիան» թերթում մի Նոբելյան մրցանակի դափնեկիր նշել է. «Անհանգստացնող է այն իրողությունը, որ ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները աշխարհի հինգ գլխավոր զինմատակարարողներն են»։

16. Եհովան ի՞նչ է անելու ռազմամոլ ազգերի հետ։

16 Արդյոք Եհովան դատաստան կտեսնի՞ ռազմամոլ ազգերի հետ։ Ամբակում 2։13–ն ասում է. «Չէ՞ որ ահա սա Զօրաց Տէրիցն է. որ ազգերը կրակի համար են յօգնում, եւ ժողովուրդները դարտակ տեղն են վաստակում»։ «Զորաց Տեր»։ Այո՛, Եհովան երկնքում հրեշտակներից բաղկացած զորքեր ունի, որոնց միջոցով աշխարհի ռազմատենչ ժողովուրդներին ու ազգերին ոչինչ է դարձնելու։

17. Ի՞նչ աստիճանի է Եհովայի գիտությունը լցնելու երկիրը այն բանից հետո, երբ նա իր դատաստանը կբերի վայրագ ազգերի վրա։

17 Ի՞նչ է տեղի ունենալու այն բանից հետո, երբ Եհովան դատի վայրագ ազգերին։ Հաջորդ՝ Ամբակում 2։14 համարում կարդում ենք. «Երկիրը պիտի լցուի Տիրոջ փառքի գիտութեամբը, ինչպէս որ ջրերը ծածկում են ծովը»։ Փառահեղ հեռանկար է, այնպես չէ՞։ Արմագեդոնի ժամանակ մեկընդմիշտ կարդարացվի Եհովայի գերիշխանությունը (Յայտնութիւն 16։16)։ Նա մեզ վստահեցնում է, որ պիտի ‘փառավորի իր ոտքերի տեղը’՝ երկիրը (Եսայիա 60։13)։ Համայն մարդկությունը կուսուցանվի աստվածահաճո կյանքի ուղով ընթանալու համար, այնպես որ Աստծո փառահեղ նպատակների մասին գիտությունը կլցնի երկիրը, ինչպես որ ջրերն են լցնում ծովը։

Չորրորդ և հինգերորդ «վայերը»

18. Ինչո՞ւմն է կայանում Ամբակումի միջոցով զգուշացված չորրորդ «վայը», և ի՞նչ կապ ունի այն ներկա աշխարհի բարոյական վիճակի հետ։

18 Չորրորդ «վայը» նկարագրվում է Ամբակում 2։15–ում. «Վա՜յ իր ընկերին խմեցնողին, որ բարկութիւնդ թափում ես ու նաեւ արբեցնում, որպէս զի տեսնես նորանց մերկութիւնը»։ Այս խոսքերը նկարագրում են աշխարհի անառակ ու քմահաճ ապրելակերպը։ Աշխարհում տիրող անբարոյականությունը, որն աջակցություն է ստանում նույնիսկ ամեն ինչ թույլատրող կրոնական մարմինների կողմից, հասել է աննախընթաց չափերի։ ՁԻԱՀ–ը և սեռական ճանապարհով փոխանցվող այլ հիվանդությունները քամու արագությամբ տարածվում են աշխարհով մեկ։ «Տիրոջ փառքը» արտացոլելու փոխարեն, ներկայիս եսասեր սերունդը գնալով որքան մխրճվում է անբարոյականության գիրկը, այնքան ավելի ընդառաջ է գնում Աստծո դատաստանին։ ‘Փառքից ավելի [«փառքի փոխարեն», ՆԱ] ամոթով կշտացած’՝ այս իրավազանց աշխարհը շուտով խմելու է Եհովայի բարկության գավաթից, որը ներկայացնում է այս աշխարհի նկատմամբ նրա կամքը։ Եվ ‘անարգանք է լինելու նրա փառքի վրա’ (Ամբակում 2։16)։

19. Ինչի՞ն է վերաբերում Ամբակումի հայտարարած հինգերորդ «վայը», և ինչո՞ւ կարելի է ասել, որ այն մեծ նշանակություն ունի ներկայիս աշխարհի համար։

19 Հինգերորդ «վայի» մասին հայտնող բացման խոսքերը դատապարտում են պատկերների պաշտամունքը։ «Վա՜յ նորան, որ փայտին ասում է՝ Զարթնիր. Վեր կաց է ասում մունջ քարին. մի՞թէ նա սովորեցնող է. ահա նա պատուած է ոսկով եւ արծաթով, իսկ բնաւ հոգի չ’կայ նորա միջումը»,— այսպես ազդու են հնչում Եհովայի մարգարեի խոսքերը (Ամբակում 2։19)։ Մինչև օրս, թե՛ քրիստոնյա, և թե՛ այսպես կոչված հեթանոս աշխարհը ծնկի են գալիս խաչելությունների, աստվածածնի, մարդկանց և տարբեր կենդանիների պատկերների՝ կուռքերի առջև։ Երբ Եհովան իր դատաստանով գա, դրանցից ոչ մեկը չի արթնանա իր երկրպագուներին փրկելու համար։ Նրանց ոսկյա ու արծաթյա պատկերները բացարձակ անպիտան կգտնվեն՝ ի տարբերություն հավիտենականության Աստծո՝ Եհովայի հզորության և նրա կենդանի արարածների փառքի։ Թող որ հավիտյան գովաբանենք նրա անարատ անունը։

20. Ո՞ր տաճարում ծառայություն մատուցելու պատիվն ունենք այսօր։

20 Այո, մեր Եհովա Աստվածն իրոք արժանի է փառքի։ Խոր հարգանքի զգացումով լցված՝ եկեք հետևենք կռապաշտության դեմ արված այդ նախազգուշացմանը։ Բայց ականջ դրեք, Եհովան դեռ խոսում է. «Տէրը իր սուրբ տաճարումն է, լռիր նորա առաջին, ով բոլոր երկիր» (Ամբակում 2։20)։ Մարգարեն, անկասկած, ի նկատի ուներ Երուսաղեմի տաճարը։ Սակայն մենք այսօր պատիվ ունենք երկրպագություն մատուցելու մի ավելի փառահեղ՝ հոգևոր տաճարում, որտեղ մեր Տեր Հիսուս Քրիստոսը Քահանայապետ է նշանակված։ Այդ տաճարի երկրային գավիթում մենք հանդիպում ենք, ծառայություն մատուցում Եհովային, աղոթում իրեն և պատիվ տալիս, որին արժանի է նրա փառահեղ անունը։ Ի՜նչ մեծ ուրախություն է սրտանց երկրպագել մեր սիրասուն երկնային Հորը։

Հիշո՞ւմ եք

• Ինչպե՞ս եք վերաբերվում Եհովայի խոսքերին, թե՝ «ետ չի մնալ»։

• Որո՞նք են Ամբակումի միջոցով հայտարարված «վայերի» նշանակությունները արդի ժամանակներում։

• Ինչո՞ւ պետք է շարունակենք հաղորդել Եհովայի զգուշացումները։

• Ո՞ր տաճարի գավիթում ծառայելու պատիվն ունենք։

[նկարներ 25–րդ էջի վրա]

Ամբակումի նման, Եհովայի ներկայիս ծառաները գիտեն, որ նա չի ուշանա։

[նկարներ 26–րդ էջի վրա]

Գնահատո՞ւմ ես արդյոք Եհովայի հոգևոր տաճարի գավիթում նրան երկրպագելու առանձնաշնորհումը։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը