Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 10/1 էջ 16–20
  • Քաջ՝ շնորհիվ հավատի և աստվածավախության

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Քաջ՝ շնորհիվ հավատի և աստվածավախության
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Անհավատ մարդիկ, որոնք չունեին քաջություն
  • ‘Ետ մի քաշվեք’
  • Միայն Աստծու գոյությանը հավատալը բավական չէ
  • Մարդ, որը «հաճելի էր Աստուծուն»
  • Քաջություն, որն առաջ է գալիս աստվածավախությունից
  • «Քա՛ջ եղիր և շատ զորացի՛ր»
    2012 Դիտարան
  • Քա՛ջ եղիր. Եհովան քեզ հետ է
    2013 Դիտարան
  • Ինչ հիշեց Հեսուն
    2002 Դիտարան
  • Քայլենք Աստծու հետ այս անհանգիստ ժամանակներում
    2005 Դիտարան
Ավելին
2006 Դիտարան
w06 10/1 էջ 16–20

Քաջ՝ շնորհիվ հավատի և աստվածավախության

«Զօրացիր եւ քաջ եղիր... քո Տէր Աստուածը քեզ հետ է» (ՅԵՍՈՒ 1։9)։

1, 2. ա) Մարդկային տեսանկյունից՝ որքանո՞վ էր մեծ հավանականությունը, որ իսրայելացիները հաղթանակ կտանեին քանանացիների դեմ։ բ) Ինչո՞ւմ վստահեցրեց Եհովան Հեսուին։

ՄԵՐ թվարկությունից առաջ 1473 թ.–ն էր։ Իսրայել ազգը պատրաստվում էր մտնել Ավետյաց երկիր։ Քանի որ առջևում դժվարություններ էին սպասվում, Մովսեսը ժողովրդին ասաց. «Դու այսօր Յորդանանովն անց ես կենում, որ գնաս ժառանգես քեզանից մեծ եւ զօրաւոր ազգեր, եւ մինչեւ երկինքը պարսպաւոր մեծ քաղաքներ, այն մեծ եւ երկայնահասակ ազգը Ենակիմների որդկանցը, որոնց.... [մասին] դու.... լսել ես թէ ո՞վ կ’դիմանայ Ենակի որդկանցը» (Բ Օրինաց 9։1, 2)։ Այո, այս հսկա զինվորները շատ հայտնի էին։ Բացի այդ, որոշ քանանացի ազգեր լավ սպառազինված զորք ունեին, ինչպես նաև ձիեր և կառքեր, որոնց անիվների վրա երկաթե սրեր կային (Դատաւորաց 4։13)։

2 Նախքան Ավետյաց երկիր հասնելը իսրայելացիները գերության մեջ էին եղել, իսկ այնուհետև 40 տարի ապրել էին անապատում։ Մարդկային տեսանկյունից՝ անհավանական էր թվում, որ նրանք կհաղթեին այդ ազգերին։ Մովսեսը, սակայն, հավատ ուներ և ‘տեսնում’ էր, որ Եհովան է առաջնորդում Իր ազգը (Եբրայեցիս 11։27)։ Նա ասաց իսրայելացիներին. «Քո Եհովայ Աստուածը քո առաջին [է գնում].... նորանց կ’կորցնէ, եւ քո առաջիցը նորանց կ’նուաճէ» (Բ Օրինաց 9։3; Սաղմոս 33։16, 17)։ Մովսեսի մահից հետո Եհովան Հեսուին վստահեցրեց, որ կօգնի նրան։ Աստված ասաց. «Վեր կաց անցիր այդ Յորդանանովը դու եւ այս բոլոր ժողովուրդը այն երկիրը, որ ես տալիս եմ Իսրայէլի որդկանցը։ Ոչ մի մարդ չ’կարողանայ քեզ քո կեանքի բոլոր օրերումը դեմ կանգնել. ինչպէս որ Մովսէսի հետ էի, քեզ հետ կլինեմ» (Յեսու 1։2, 5)։

3. Ի՞նչն օգնեց Հեսուին հավատ ունենալ և քաջ լինել։

3 Եհովայի օգնությունն ու առաջնորդությունը ստանալու համար Հեսուն պետք է կարդար Աստծու Օրենքը, խորհրդածեր դրա շուրջ և կիրառեր իր ընթերցածը։ Եհովան նրան ասաց. «Այն ժամանակ ճանապարհները յաջողակ կ’անես, եւ այն ժամանակ խելամուտ կ’լինես։ Ահա քեզ պատուիրում եմ, զօրացիր եւ քաջ եղիր, մի վախենար ու մի զարհուրիր. որովհետեւ քո Տէր Աստուածը քեզ հետ է ամեն տեղ ուր որ գնաս» (Յեսու 1։8, 9)։ Քանի որ Հեսուն լսեց Աստծուն, նա քաջ, զորավոր և հաջողակ եղավ։ Սակայն նրա սերնդակիցներից շատերը չլսեցին Եհովային։ Արդյունքում՝ նրանք հաջողություն չունեցան և մահացան անապատում։

Անհավատ մարդիկ, որոնք չունեին քաջություն

4, 5. ա) Ի տարբերություն Հեսուի և Քաղեբի՝ ինչպիսի՞ մտայնություն ունեին տասը հետախույզները։ բ) Ինչպե՞ս արձագանքեց Եհովան՝ տեսնելով ժողովրդի անհավատությունը։

4 Քառասուն տարի առաջ, երբ Իսրայելն առաջին անգամ մոտեցել էր Քանանին, Մովսեսը 12 մարդ ուղարկեց՝ հետախուզելու երկիրը։ Նրանցից տասը վախեցած ետ վերադարձան։ Նրանք ասացին. «Նորա միջի բոլոր ժողովուրդը, որ մենք տեսանք, երկայնահասակ մարդիկ են, եւ այնտեղ տեսանք հսկաներին՝ Ենակի որդկանցը որ հսկաներիցն են. այնպէս որ մենք մեր աչքին մարախի պէս էինք»։ Արդյոք «բոլոր ժողովուրդը» Ենակի որդիների պես հսկա՞ էր։ Ո՛չ։ Գուցե Ենակի որդիները նախաջրհեղեղյան հսկաների սերունդնե՞րն էին։ Իհարկե ո՛չ։ Այնուամենայնիվ, աղավաղված տեղեկությունների պատճառով իսրայելացիների ճամբարում վախի ալիք բարձրացավ։ Ժողովուրդը նույնիսկ ցանկացավ վերադառնալ Եգիպտոս՝ իրենց գերության երկիրը (Թուոց 13։32–14։4)։

5 Սակայն հետախույզներից երկուսը՝ Հեսուն և Քաղեբը, լի էին Ավետյաց երկիր մտնելու ցանկությամբ։ Ուստի նրանք ասացին. «[Քանանացիները] մեր կերակուրն են, նորանց պաշտպանութիւնը գնացել է իրանց վերայից, ու Եհովան մեզ հետ է. նորանցից մի վախենաք» (Թուոց 14։9)։ Գուցե Հեսուի և Քաղեբի կողմից հիմարությո՞ւն էր այդքան լավատես լինելը։ Ո՛չ։ Ինչպես և Իսրայել ազգի մյուս բոլոր անդամները, նրանք տեսել էին, թե ինչպես Եհովան տասը պատուհասների միջոցով նվաստացրեց հզոր Եգիպտոսին և նրա աստվածներին։ Այնուհետև տեսել էին, թե ինչպես Եհովան փարավոնին ու նրա զինված ուժերին խորտակեց Կարմիր ծովում (Սաղմոս 136։15)։ Ուստի տասը հետախույզները և այն մարդիկ, ովքեր լսել էին նրանց, ոչ մի հիմք չունեին վախենալու։ Եհովան արտահայտեց իր խորը վիրավորանքը՝ ասելով. «Մինչեւ ե՞րբ պիտի չ’հաւատան ինձ՝ իրանց մէջ արած բոլոր հրաշքներովս էլ» (Թուոց 14։11)։

6. Ինչպե՞ս է քաջությունը կապված հավատի հետ, և ինչպե՞ս է այն արտահայտվում մեր ժամանակներում։

6 Եհովան պարզ ցույց տվեց, թե որն էր իսրայելացիների վախկոտության պատճառը. նրանք հավատ չունեին։ Այո՛, հավատը և քաջությունը սերտորեն կապված են իրար, և դա հստակ երևում է Հովհաննես առաքյալի խոսքերից։ Քրիստոնեական ժողովի ու նրա վարած հոգևոր պատերազմի վերաբերյալ նա գրեց. «Սա է յաղթութիւնն, որ աշխարհքին յաղթեց, այսինքն մեր հաւատքը» (Ա Յովհաննէս 5։4)։ Այսօր ավելի քան վեց միլիոն Եհովայի վկաներ՝ երիտասարդ թե ծեր, ուժեղ թե թույլ, հավատ ցուցաբերելով Հեսուի և Քաղեբի նման, Թագավորության բարի լուրը քարոզում են ամբողջ աշխարհում։ Ոչ մի թշնամի չի կարողացել լռեցնել այս զորավոր և քաջ բանակին (Հռովմայեցիս 8։31)։

‘Ետ մի քաշվեք’

7. Ի՞նչ է նշանակում «ետ քաշվել» արտահայտությունը։

7 Մեր օրերում Եհովայի ծառաները քաջաբար քարոզում են բարի լուրը, քանի որ նրանք մտածում են այնպես, ինչպես Պողոս առաքյալը, որը գրեց. «Մենք ետ քաշուողներիցը չենք որ կորչենք. այլ հաւատքիցն ենք որ մեր հոգիները փրկուին» (Եբրայեցիս 10։39)։ «Ետ քաշվել» չի նշանակում ժամանակավորապես վախի զգացում ունենալ, քանի որ Աստծու հավատարիմ ծառաներից շատերը երբեմն համակվում են վախով (Ա Թագաւորաց 21։12; Գ Թագաւորաց 19։1–4)։ Ինչպես բացատրում է աստվածաշնչյան մի բառարան, այդ արտահայտությունը նշանակում է «ետ կանգնել, նահանջել, անփութորեն վարվել ճշմարտության հետ»։ Այնտեղ նաև ասվում է, որ «ետ քաշվել» արտահայտությունը կարող է փոխաբերական իմաստ ունենալ, որը Աստծուն մատուցած ծառայության առնչությամբ նշանակում է «իջեցնել առագաստը՝ արագությունը նվազեցնելու համար»։ Երբ խնդիրներ են առաջանում, ամուր հավատ ունեցողները չեն մտածում «արագությունը նվազեցնելու» մասին՝ լինի դա հալածանք, հիվանդություն կամ այլ փորձություն։ Ընդհակառակը՝ նրանք շարունակում են ծառայել Եհովային՝ հասկանալով, որ նա անչափ հոգատար է իրենց հանդեպ և գիտի, որ իրենց հնարավորությունները սահմանափակ են (Սաղմոս 55։22; 103։14)։ Իսկ դու ունե՞ս այդպիսի հավատ։

8, 9. ա) Ինչպե՞ս Եհովան զորացրեց վաղ քրիստոնյաների հավատը։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի զորացնենք մեր հավատը։

8 Մի անգամ, երբ առաքյալները զգացին, որ իրենց հավատը թույլ է, Հիսուսին խնդրեցին. «Մեր հաւատքն աւելացրու» (Ղուկաս 17։5)։ Հիսուսը պատասխանեց նրանց անկեղծ խնդրանքին, մասնավորապես երբ մ.թ. 33–ին՝ Պենտեկոստեի օրը, խոստացված սուրբ ոգին թափվեց աշակերտների վրա, և նրանք ավելի խոր հասկացողություն ստացան Աստծու Խոսքի և նրա նպատակների վերաբերյալ (Յովհաննէս 14։26; Գործք 2։1–4)։ Նրանց հավատը զորացավ, և չնայած հակառակությանը՝ աշակերտները քարոզչական արշավ ծավալեցին ու բարի լուրը հասցրեցին «երկնքի տակ լինող բոլոր արարածներին» (Կողոսացիս 1։23; Գործք 1։8; 28։22)։

9 Մեր հավատը զորացնելու և ծառայությունը շարունակելու համար մենք նույնպես պետք է ուսումնասիրենք Գրությունները և խորհենք դրանց շուրջ, ինչպես նաև աղոթենք սուրբ ոգու համար։ Աստծու ճշմարտությունը մեր մտքում և սրտում դրոշմելով, ինչպես որ արեցին Հեսուն, Քաղեբը և առաջին դարի քրիստոնյաները՝ մենք կունենանք այնպիսի հավատ, որը քաջություն կտա մեզ, որ հոգևոր պատերազմում տոկանք և հաղթանակ տանենք (Հռովմայեցիս 10։17)։

Միայն Աստծու գոյությանը հավատալը բավական չէ

10. Ի՞նչ է իսկական հավատը։

10 Ինչպես երևում է հնում ապրած անարատ մարդկանց օրինակից, այն հավատը, որ անհատին դարձնում է քաջ և տոկուն, ավելին է, քան պարզապես Աստծու գոյությանը հավատալը (Յակոբոս 2։19)։ Այդպիսի հավատ ունենալու համար մենք պետք է Եհովային ճանաչենք որպես անձնավորության և լիովին վստահենք նրան (Սաղմոս 78։5–8; Առակաց 3։5, 6)։ Նաև պետք է ամբողջ սրտով հավատանք, որ Աստծու օրենքներին և սկզբունքներին ուշադրություն դարձնելը մեր օգտին է ծառայում (Եսայիա 48։17, 18)։ Բացի այդ, մենք պետք է լիովին վստահ լինենք, որ Եհովան կիրագործի իր բոլոր խոստումները և «իրան խնդրողներին վարձահատոյց կ’լինի» (Եբրայեցիս 11։1, 6; Եսայիա 55։11)։

11. Ինչպե՞ս օրհնվեցին Հեսուն և Քաղեբը իրենց հավատի ու քաջության համար։

11 Այդպիսի հավատը շարունակում է զարգանալ։ Այն աճում է, երբ ճշմարտությունը կիրառում ենք մեր կյանքում, ‘ճաշակում’ ենք նրա օգուտները, ‘տեսնում’ մեր աղոթքների պատասխանները և շատ ուրիշ կերպերով զգում Եհովայի առաջնորդությունը (Սաղմոս 34։8; Ա Յովհաննէս 5։14, 15)։ Մենք կարող ենք վստահ լինել, որ Հեսուի և Քաղեբի հավատը է՛լ ավելի ամրացավ, երբ նրանք ճաշակեցին Աստծու բարությունը (Յեսու 23։14)։ Ուշադրություն դարձրու, որ նրանք անապատում շրջեցին 40 տարի և կենդանի մնացին, ինչպեսև Աստված խոստացել էր (Թուոց 14։27–30; 32։11, 12)։ Հեսուն ու Քաղեբը ակտիվորեն մասնակցեցին Քանանը գրավելու պատերազմներին, որոնք տևեցին վեց տարի։ Նրանք ապրեցին երկար և քաջառողջ, ինչպես նաև ժառանգություն ստացան Ավետյաց երկրում։ Որքա՜ն է Եհովան օրհնում նրանց, ովքեր հավատարմորեն և քաջաբար ծառայում են իրեն (Յեսու 14։6, 9–14; 19։49, 50; 24։29)։

12. Ինչպե՞ս է Եհովան ‘մեծացնում իր խոսքը’։

12 Հեսուի և Քաղեբի հանդեպ Եհովայի ցուցաբերած սիրառատ բարությունը մեր միտքն է բերում սաղմոսերգուի խոսքերը. «Բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խօսքը» (Սաղմոս 138։2)։ Երբ Եհովան իր անունը կապում է իր որևէ խոստման հետ, ապա դրա կատարումը ‘մեծանում է’ այն իմաստով, որ նա մեր սպասածից ավելին է անում (Եփեսացիս 3։20)։ Այո՛, Եհովան երբեք չի հիասթափեցնում նրանց, ովքեր ‘ցնծում’ են իրենով (Սաղմոս 37։3, 4)։

Մարդ, որը «հաճելի էր Աստուծուն»

13, 14. Ինչո՞ւ էր Ենովքին հավատ և քաջություն անհրաժեշտ։

13 Հավատի և քաջության մասին ավելի շատ բան կարող ենք սովորել, եթե քննենք նախաքրիստոնեական մեկ այլ վկայի՝ Ենովքի օրինակը։ Նա նույնիսկ դեռ չէր սկսել քարոզել, բայց, ըստ ամենայնի, գիտեր, որ իր հավատը և քաջությունը փորձվելու են։ Ինչո՞ւ։ Քանի որ դեռևս Եդեմի պարտեզում Եհովան ասել էր, որ Աստծուն ծառայողների և Բանսարկու Սատանային ծառայողների միջև թշնամություն և ատելություն է լինելու (Ծննդոց 3։15)։ Ենովքը գիտեր նաև, որ այդ ատելությունն արդեն ի հայտ էր եկել մարդկության պատմության վաղ շրջանում, երբ Կայենը սպանեց իր եղբորը՝ Աբելին։ Ենովքի իմացած տեղեկություններին թիկունք է կանգնում այն փաստը, որ Ադամը Ենովքի ծնվելուց հետո ապրեց 310 տարի (Ծննդոց 5։3–18)։

14 Չնայած այդ ամենին՝ Ենովքը քաջաբար «Աստուծոյ հետ վարուեցաւ [«քալեց», ԱԱ]» և հանդիմանեց մարդկանց Եհովայի դեմ ասված «խիստ [«սարսափելի», ՆԱ] խօսքերի համար» (Ծննդոց 5։22; Յուդա 14, 15)։ Անվախորեն կանգնելով ճշմարիտ երկրպագության կողմը՝ Ենովքը շատ թշնամիներ ձեռք բերեց, որոնք վտանգի էին ենթարկում նրա կյանքը։ Եհովան ազատեց իր մարգարեին թշնամիների ձեռքով սպանվելուց։ Վստահեցնելով Ենովքին, որ նա «հաճելի» է իրեն՝ Եհովան ‘փոխեց’ նրան կյանքից մահ, հնարավոր է՝ մարգարեական հափշտակության ժամանակ (Եբրայեցիս 11։5, 13; Ծննդոց 5։24)։

15. Ի՞նչ լավ օրինակ է թողել Ենովքը Եհովայի ներկայիս ծառաների համար։

15 Ենովքի՝ կյանքից մահ փոխադրման մասին նշելուց անմիջապես հետո Պողոսը կրկին շեշտում է հավատի կարևորությունը՝ ասելով. «Բայց առանց հաւատքի անկարելի է հաճոյ լինել [Աստծուն]» (Եբրայեցիս 11։6)։ Այո՛, հավատը քաջություն տվեց Ենովքին՝ քայլելու Եհովայի հետ և հռչակելու Աստծու դատաստանական պատգամը ամբարիշտ աշխարհին։ Այդպես վարվելով՝ Ենովքը լավ օրինակ է թողել մեզ համար։ Մենք նմանատիպ աշխատանք ունենք անելու մի աշխարհում, որը հակառակվում է ճշմարիտ երկրպագությանը և լցված է ամեն տեսակ չարիքով (Սաղմոս 92։7; Մատթէոս 24։14; Յայտնութիւն 12։17)։

Քաջություն, որն առաջ է գալիս աստվածավախությունից

16, 17. Ո՞վ էր Աբդիան, և ի՞նչ իրավիճակում էր նա գտնվում։

16 Բացի հավատից, կա նաև մեկ ուրիշ հատկություն, որը մարդուն քաջ է դարձնում. դա Աստծու հանդեպ հարգալից վախն է։ Եկեք քննարկենք մի աստվածավախ մարդու հիանալի օրինակ։ Նա ապրել է Եղիա մարգարեի և Աքաաբ թագավորի օրերում, որը իշխում էր Իսրայելի հյուսիսային թագավորության վրա։ Աքաաբի կառավարման օրոք հյուսիսային թագավորությունում, ինչպես երբեք, ծաղկում էր Բահաղի երկրպագությունը։ Բահաղի 450 և Աստարովթի 400 մարգարեները «ուտում [էին] Յեզաբէլի [Աքաաբի կնոջ] սեղանից» (Գ Թագաւորաց 16։30–33; 18։19)։

17 Լինելով Եհովայի թշնամին՝ Հեզաբելը փորձեց արմատախիլ անել ճշմարիտ երկրպագությունը։ Նա սպանեց Եհովայի մարգարեներից ոմանց և նույնիսկ փորձեց սպանել Եղիային, որը հնազանդվեց Եհովայի առաջնորդությանը և խուսափեց մահից՝ փախչելով Հորդանանի մյուս կողմը (Գ Թագաւորաց 17։1–3; 18։13)։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե այն ժամանակ հյուսիսային թագավորությունում որքան դժվար էր թիկունք կանգնել մաքուր երկրպագությանը։ Իսկ ի՞նչ կանեիր, եթե ծառայեիր թագավորական պալատում։ Հենց այսպիսի իրավիճակում էր գտնվում աստվածավախ Աբդիան,a որը Աքաաբ թագավորի «տան վերակացու[ն]» էր (Գ Թագաւորաց 18։3)։

18. Որպես Եհովայի երկրպագու՝ ի՞նչ բացառիկ հատկություն ուներ Աբդիան։

18 Անկասկած, Աբդիան Եհովային երկրպագում էր զգուշորեն և խոհեմությամբ։ Սակայն նա զիջումների չէր գնում։ Ա Թագաւորաց 18։3–ում կարդում ենք. «Աբդիան Տէրիցը շատ վախենում էր»։ Այո, Աբդիայի աստվածավախությունը բացառիկ էր։ Աստծու հանդեպ այսպիսի առողջ վախը նրան մեծ քաջություն տվեց, որը դրսևորվեց, երբ Հեզաբելը սպանում էր Եհովայի մարգարեներին։

19. Ինչպե՞ս Աբդիան փաստեց, որ քաջ է։

19 Կարդում ենք. «Երբոր Յեզաբէլը կոտորում էր Տիրոջ մարգարէներին, այն ժամանակ Աբդիան հարիւր մարգարէ առաւ եւ նորանցից յիսուն յիսուն մարդ առաւ քարայրների մէջ թաքցրեց եւ նորանց կերակրեց հացով եւ ջրով» (Գ Թագաւորաց 18։4)։ Պատկերացրու, թե որքան վտանգավոր էր հարյուր մարդ գաղտնի կերակրելը։ Աբդիան պետք է այնպես աներ, որ այդ մասին չիմանային ոչ միայն Աքաաբն ու Հեզաբելը, այլև 850 կեղծ մարգարեները, ովքեր հաճախակի այցելում էին պալատ։ Բացի այդ, շատ այլ կեղծ երկրպագուներ՝ թե՛ իշխաններից և թե՛ գյուղացիներից, անկասկած, բաց չէին թողնի Աբդիային քողազերծելու հնարավորությունը, որպեսզի շահեին թագավորի և թագուհու հաճությունը։ Այնուամենայնիվ, Աբդիան քաջաբար բավարարեց Եհովայի մարգարեների կարիքները այս բոլոր կռապաշտների հենց քթի տակ։ Որքա՜ն զորեղ կարող է լինել Աստծու հանդեպ վախը։

20. Ինչպե՞ս աստվածավախությունն օգնեց Աբդիային, և ինչպե՞ս է նրա օրինակն օգնում քեզ։

20 Քանի որ Աբդիան աստվածավախ էր և քաջություն դրսևորեց, Եհովան պաշտպանեց նրան թշնամիներից։ Առակաց 29։25–ում ասվում է. «Մարդի վախը որոգայթի մէջ կ’գցէ, բայց Տիրոջն ապաւինողը կ’ապաստանուի»։ Ինչպեսև մենք, Աբդիան սովորական մարդ էր և վախենում էր, որ իրեն կարող են բռնել ու սպանել (Գ Թագաւորաց 18։7–9, 12)։ Սակայն աստվածավախությունը նրան քաջություն տվեց հաղթահարելու վախը ցանկացած մարդու հանդեպ։ Աբդիան լավ օրինակ է բոլորիս համար, հատկապես նրանց համար, ովքեր երկրպագում են Եհովային՝ իրենց ազատությունը կամ նույնիսկ կյանքը վտանգի ենթարկելով (Մատթէոս 24։9)։ Այո՛, թող որ բոլորս էլ ձգտենք ծառայել Եհովային «ահով եւ երկիւղածութեամբ» (Եբրայեցիս 12։28)։

21. Ի՞նչ կքննարկվի հաջորդ հոդվածում։

21 Միայն հավատն ու աստվածավախությունը չեն, որ քաջություն են հաղորդում մեզ. սերը շատ ավելի զորեղ հատկություն է։ Պողոսը գրեց. «Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան» (Բ Տիմոթէոս 1։7)։ Հաջորդ հոդվածում կտեսնենք, թե սերն ինչպես կարող է մեզ օգնել քաջաբար ծառայել Եհովային այս դժվարին վերջին օրերում (Բ Տիմոթէոս 3։1)։

[ծանոթագրություն]

a Սա Աբդիա մարգարեն չէ։

Կարո՞ղ եք պատասխանել

• Ինչի՞ շնորհիվ Հեսուն և Քաղեբը քաջություն դրսևորեցին։

• Ի՞նչ է իսկական հավատը։

• Ինչո՞ւ էր Ենովքը անվախ, երբ հռչակում էր Աստծու դատաստանական պատգամը։

• Ինչպե՞ս է աստվածավախությունը նպաստում քաջություն ունենալուն։

[նկար 16-րդ և 17-րդ էջերի վրա]

Եհովան Հեսուին պատվիրեց. «Զօրացիր եւ քաջ եղիր»

[նկար 18-րդ էջի վրա]

Աբդիան հոգ տարավ Աստծու մարգարեներին և պաշտպանեց նրանց

[նկար 19-րդ էջի վրա]

Ենովքը համարձակորեն հայտնեց Աստծու խոսքերը

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը