Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 1/15 էջ 21–23
  • Հարազատ եղբայրներ տարբեր մտածողությամբ

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Հարազատ եղբայրներ տարբեր մտածողությամբ
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եղբայրները ընծաներ են մատուցում
  • Զգուշացում և արձագանք
  • Դասեր մեզ համար
  • Բարկությունը դրդում է սպանության
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Բարի որդին ու չար որդին
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Ընթերցողների հարցերը
    2002 Դիտարան
  • «Նա դեռ խոսում է, թեպետև մահացել է»
    Ընդօրինակեք նրանց հավատը
Ավելին
2002 Դիտարան
w02 1/15 էջ 21–23

Հարազատ եղբայրներ տարբեր մտածողությամբ

ԾՆՈՂՆԵՐԻ կայացրած որոշումներն անխուսափելիորեն ազդեցություն են թողնում երեխաների վրա։ Այս փաստը նույնքան ճիշտ է այսօր, որքան որ էր հեռավոր անցյալում՝ Եդեմի պարտեզում։ Ադամի ու Եվայի բռնած ըմբոստ ընթացքը ծանր հետևանքներ ունեցավ ողջ մարդկության համար (Ծննդոց 2։15, 16; 3։1–6; Հռովմայեցիս 5։12)։ Չնայած դրան՝ մեզանից յուրաքանչյուրը ցանկության դեպքում կարող է լավ հարաբերություններ զարգացնել մեր Արարչի հետ։ Դա երևում է մարդկային պատմության մեջ առաջին եղբայրների՝ Կայենի և Աբելի մասին արձանագրությունից։

Սուրբգրային ոչ մի տեղեկություն չկա այն մասին, թե Աստված Ադամին ու Եվային Եդեմից արտաքսելուց հետո խոսել է նրանց հետ։ Սակայն դա չի նշանակում, որ Եհովան չէր ցանկանում խոսել նրանց որդիների հետ։ Կայենն ու Աբելը, անկասկած, իրենց ծնողներից իմացել էին ողջ եղելությունը։ Նրանք կարող էին տեսնել «քէրովբէներին եւ ամեն կողմ դարձող բոցեղէն սուրը՝ կենաց ծառի ճանապարհը պահելու համար» (Ծննդոց 3։24)։ Աբելն ու Կայենն իրենց աչքերով էին տեսնում, որ Աստծո ասածը իրականություն էր դառել. կյանքը լեցուն էր ցավով ու քրտինքով (Ծննդոց 3։16, 19)։

Նրանք պետք է որ տեղյակ լինեին այն խոսքերին, որ Եհովան ասել էր օձին. «Ես թշնամութիւն եմ դնում քո եւ կնոջ մէջտեղը, եւ քո սերունդի եւ նորա սերունդի մէջտեղը. նա քո գլուխը ջախջախէ, եւ դու նորա գարշապարը խայթես» (Ծննդոց 3։15)։ Կայենն ու Աբելը Եհովայի մասին գիտելիքներ էին ստացել, որոնց հիման վրա կարող էին ձգտել նրա հետ լավ հարաբերություններ ունենալ։

Եհովան շատ բարիքներ էր արել։ Ուստի նրա հատկությունների, ինչպես նաև այս մարգարեության շուրջ խորհելը Կայենի ու Աբելի մեջ պետք է Աստծո հավանությանն արժանանալու ցանկություն առաջացներ։ Բայց որքանո՞վ նրանք կզարգացնեին իրենց մեջ այդ ցանկությունը։ Կարձագանքեի՞ն իրենց բնածին փափագին՝ երկրպագելու Աստծուն, և հոգևորապես կաճեի՞ն մինչև նրա հանդեպ հավատ ցուցաբերելու աստիճան (Մատթէոս 5։3)։

Եղբայրները ընծաներ են մատուցում

Որոշ ժամանակ անց Կայենն ու Աբելը ընծաներ մատուցեցին Աստծուն։ Կայենը նվիրեց հողի տված բերքից, իսկ Աբելը՝ իր ոչխարների անդրանիկներից (Ծննդոց 4։3, 4)։ Հավանաբար նրանք արդեն մոտ 100 տարեկան էին, քանի որ Ադամը 130 տարեկան էր, երբ ծնվեց նրա որդին՝ Սեթը (Ծննդոց 4։25; 5։3)։

Նրանց ընծաներ բերելը նշան էր այն բանի, որ իրենք գիտակցում էին իրենց մեղավոր վիճակը և ձգտում էին արժանանալ Աստծո հաճությանը։ Նրանք, անշուշտ, մտածել էին կնոջ Սերընդի ու օձի վերաբերյալ Եհովայի տված խոստման մասին։ Հայտնի չէ, թե որքան ժամանակ ու ջանք էին տրամադրել Կայենն ու Աբելը Եհովայի հետ լավ փոխհարաբերություններ զարգացնելու համար։ Բայց նրանց մատուցած ընծաների հանդեպ Աստծո արձագանքը երևան է հանում յուրաքանչյուրի սրտի խորհուրդը։

Աստվածաշնչագետներից ոմանք ենթադրում են, որ Եվան Կայենին էր համարում այն «սերունդը», որը պիտի ջախջախեր օձին, քանի որ, երբ ծնվեց Կայենը, նա ասաց. «Մարդ ստացայ Եհովայով» (Ծննդոց 4։1)։ Եթե Կայենն ինքն էլ էր այդպես կարծում, ապա նա բացարձակապես սխալվում էր։ Իսկ Աբելը հավատ դրսևորեց Աստծո հանդեպ, երբ զոհաբերություն արեց։ Այսպիսով՝ «հաւատո՛վ էր, որ Աբէլը Աստծուն աւելի լաւ պատարագ մատուցեց, քան Կայէնը» (Եբրայեցիս 11։4)։

Աբելը հոգևոր ըմբռնում ուներ, իսկ Կայենը՝ ոչ, և դա նրանց միջև եղած միակ տարբերությունը չէր։ Նրանք տարբերվում էին նաև հոգևոր բաների նկատմամբ իրենց վերաբերմունքով։ Այդ է պատճառը, որ «Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ։ Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չ’արավ»։ Հավանական է, որ Կայենը լուրջ նշանակություն չէր տալիս իր ընծային, և միայն ձևականորեն այն մատուցեց։ Բայց Աստծուն հաճելի չէր զուտ ձևական երկրպագությունը։ Կայենը սրտով չարացել էր, և ուներ սխալ շարժառիթներ, որոնք չվրիպեցին Եհովայի աչքից։ Այն, թե ինչպես արձագանքեց Կայենը, երբ Եհովան չընդունեց նրա զոհաբերությունը, բացահայտեց նրա իսկական դեմքը։ Փոխանակ իր առջև նպատակ դներ ուղղվելու՝ «Կայէնը շատ բարկացաւ, եւ երեսը կախեց» (Ծննդոց 4։5)։ Նրա պահվածքը երևան էր հանում իր չար մտքերն ու դիտավորությունները։

Զգուշացում և արձագանք

Գիտենալով, թե ինչ մտածելակերպ ուներ Կայենը՝ Աստված նրան խորհուրդ տվեց՝ ասելով. «Ի՞նչու ես բարկացել, եւ ի՞նչու ես երեսդ կախել։ Չէ՞ որ եթէ բարի լինիս, կ’բարձրանայ. բայց եթէ բարի չ’լինիս, մեղքը դրան մօտ պառկած է. եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ» (Ծննդոց 4։6, 7)։

Այս օրինակից կարող ենք դաս քաղել։ Մեղքը դռան մոտ դարան մտած սպասում է, որպեսզի հարմար պահին հարձակվի ու կուլ տա մեզանից յուրաքանչյուրին։ Բայց Աստված մեզ ազատ կամք է տվել, և մենք կարող ենք ընտրել անելու այն, ինչ որ ճիշտ է։ Եհովան առաջարկե՛ց և ոչ թե ստիպեց Կայենին բարին անել։ Կայենը կատարեց ի՛ր ընտրությունը։

Ներշնչյալ գրություններում շարունակում ենք կարդալ. «Կայէնն ասաց իր եղբայր Աբէլին. «Արի գնանք դաշտ»։ Երբ նրանք դաշտ հասան, Կայէնը յարձակուեց իր եղբայր Աբէլի վրայ եւ սպանեց նրան» (Ծննդոց 4։8, ԷԹ)։ Այսպես, դրսևորելով անհնազանդություն՝ Կայենը դարձավ անգութ մարդասպան։ Նա խղճի խայթ անգամ չզգաց, երբ Եհովան հարցրեց իրեն. «Ո՞ւր է քո եղբայր Հաբէլը»։ Ի պատասխան՝ նա անսիրտ ու հանդուգն կերպով ասաց. «Չ’գիտեմ. մի՞թէ ես եղբօրս պահապանն եմ» (Ծննդոց 4։9)։ Այս ակնհայտ սուտն ու պատասխանատվությունից հրաժարումը բացահայտեցին Կայենի անգթությունը։

Եհովան անիծեց Կայենին և վտարեց Եդեմի շրջակայքից։ Երկրի հողն արդեն իսկ անիծվել էր, սակայն Կայենի հանդեպ ավելի ցայտուն պիտի դրսևորվեին այդ անեծքի հետևանքները. նա մշակելու էր հողը, բայց ուզած բերքը չէր ստանալու։ Նա պիտի թափառական ու աստանդական դառնար երկրի վրա։ Կայենը դժգոհեց իր պատժի խստության համար։ Բայց դա ոչ թե անկեղծ զղջման արտահայտություն էր, այլ երկյուղ, որ չլինի թե եղբորը սպանելու համար իրենից վրեժ լուծեն։ Եհովան «մի նշան» սահմանեց Կայենի համար. դա, հավանաբար, մի այնպիսի կարգադրություն էր, որին պետք է բոլորը տեղյակ լինեին ու հետևեին, և որն արգելում էր սպանության վրեժը լուծել նրանից (Ծննդոց 4։10–15)։

Այնուհետև Կայենը «Եհովայի երեսի առաջից դուրս գնաց եւ Նայիդ երկրումը բնակուեց Եդէմի արեւելքում» (Ծննդոց 4։16)։ Նա ամուսնացավ իր քույրերից կամ զարմուհիներից մեկի հետ և սկսեց կառուցել մի քաղաք, որն անվանեց իր անդրանիկ որդու անունով՝ Ենոք։ Կայենի հետնորդ Ղամեքը իր անօրեն նախահոր պես նույնպես դաժանության էր հակված։ Կայենի ընտանեկան շառավիղը, սակայն, վերջ գտավ Նոյի օրերում եղած ջրհեղեղի ժամանակ (Ծննդոց 4։17–24)։

Դասեր մեզ համար

Մենք կարող ենք դաս քաղել Կայենի և Աբելի պատմությունից։ Հովհաննես առաքյալը հորդորում է քրիստոնյաներին սիրել միմյանց «ոչ ինչպէս Կայէնը, որ չարից էր եւ սպանեց իր եղբօրը»։ Կայենի «գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի»։ Հովհաննեսը նաև ասում է. «Ամէն ոք, ով ատում է եղբօրը, մարդասպան է. եւ գիտենք, որ ամէն մարդասպան իր մէջ յաւիտենական կեանք չունի»։ Այո՛, այն, թե ինչպես ենք վերաբերվում մեր քրիստոնյա հավատակիցներին, ազդում է Աստծո հետ ունեցած մեր հարաբերությունների և մեր ապագայի վրա։ Մենք չենք կարող ատել մեր եղբայրներից որևէ մեկին ու միևնույն ժամանակ ունենալ Աստծո հաճությունը (Ա Յովհաննէս 3։11–15; 4։20)։

Կայենն ու Աբելը միևնույն դաստիարակությունը պետք է որ ստացած լինեին, բայց Կայենը հավատ չուներ Աստծո հանդեպ։ Փաստորեն, նա ի հայտ բերեց առաջին ‘մարդասպանի և ստի հոր’՝ Բանսարկուի ոգին (Յովհաննէս 8։44)։ Կայենի օրինակը ցույց է տալիս, որ բոլորս էլ կարող ենք ընտրել, թե ինչ անել։ Իսկ նրանք, ովքեր ընտրում են մեղքի ճանապարհը, իրենք իրենց հեռացնում են Աստծուց, և անզեղջ անհատները պատժվում են Եհովայի կողմից։

Բայց Աբելը Եհովայի հանդեպ հավատ ցուցաբերեց։ Իրոք, «հաւատո՛վ էր, որ Աբէլը Աստծուն աւելի լաւ պատարագ մատուցեց, քան Կայէնը, որով էլ վկայութիւն ստացաւ, որ արդար է. քանի որ նրա պատարագների՛ համար տրուեց նրան վկայութիւն Աստծուց»։ Չնայած Գրությունները չեն պարունակում Աբելի կողմից արված ոչ մի արտահայտություն, այնուամենայնիվ նա իր օրինակելի հավատով ‘դեռ խոսում է’ (Եբրայեցիս 11։4)։

Աբելն առաջինն էր այն մեծ թվով մարդկանցից, որոնք պահել են իրենց անարատությունը։ Նրա արյան ձայնը, որ ‘երկրից բողոքում է դեպի Եհովային’, չի մոռացվել (Ծննդոց 4։10; Ղուկաս 11։48–51)։ Եթե Աբելի նման մենք էլ հավատ դրսևորենք, ապա կարող ենք Եհովայի հետ թանկագին ու հարատև փոխհարաբերություններ ունենալ։

[շրջանակ 22–րդ էջի վրա]

ԵՐԿՐԱԳՈՐԾՆ ՈՒ ՀՈՎԻՎԸ

Երկիրը մշակելն ու կենդանիներին խնամք տանելը Աստծո կողմից Ադամին տրված առաջին հանձնարարություններից էին (Ծննդոց 1։28; 2։15; 3։23)։ Նրա որդի Կայենը դարձավ երկրագործ, իսկ Աբելը՝ հովիվ (Ծննդոց 4։2)։ Մինչև հետջրհեղեղյան ժամանակաշրջանը մարդկանց սնունդը բաղկացած էր բացառապես մրգերից ու բանջարեղենից։ Այդ դեպքում ինչո՞ւ էր անհրաժեշտ ոչխարներ պահել (Ծննդոց 1։29; 9։3, 4)։

Ոչխարները խնամքի կարիք ունեն։ Աբելի զբաղմունքը վկայում է, որ մարդը սկսել է այս ընտանի կենդանիները բազմացնել դեռևս մարդկային պատմության սկզբից։ Գրություններում չի ասվում, թե արդյոք Ադամի նախաջրհեղեղյան սերունդները օգտագործել են կենդանու կաթը որպես սնունդ։ Բայց լինելով բուսակեր՝ նրանք կարող էին օգտագործել ոչխարի բուրդը, իսկ սատկելուց հետո՝ նաև կաշին։ Օրինակ՝ Ադամին ու Եվային հագցնելու համար Եհովան նրանց «կաշուց հանդերձներ» տվեց (Ծննդոց 3։21)։

Համենայն դեպս, խելամիտ է թվում ենթադրել, որ Կայենն ու Աբելը սկզբնապես համագործակցել են իրար հետ։ Նրանք ստեղծում էին մի բան, ինչն ապահովում էր ընտանիքի մյուս անդամների՝ հագուստ ու բավարար սնունդ ունենալու կարիքները։

[նկար 23–րդ էջի վրա]

Կայենի «գործերը չար էին, իսկ եղբօր գործերը՝ բարի»

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը