Մի՛ նայիր «հետևում եղած բաներին»
«Ով որ ձեռքը արորի վրա է դնում և նայում է հետևում եղած բաներին, հարմար չէ Աստծու թագավորության համար» (ՂՈՒԿ. 9։62)։
ԻՆՉՊԵ՞Ս ԿՊԱՏԱՍԽԱՆԵՍ
Ինչո՞ւ պետք է «հիշենք Ղովտի կնոջը»։
Ո՞ր երեք բաների վրա չպետք է կենտրոնացնենք մեր միտքը։
Ինչպե՞ս կարող ենք Եհովայի կազմակերպության հետ համաքայլ ընթանալ։
1. Ի՞նչ նախազգուշացում տվեց Հիսուսը, և ի՞նչ հարց է ծագում։
«ՀԻՇԵ՛Ք Ղովտի կնոջը» (Ղուկ. 17։32)։ Այս նախազգուշացումը, որը Հիսուս Քրիստոսը տվեց մոտ 2000 տարի առաջ, հիմա շատ ավելի կարևոր է, քան երբևէ։ Բայց ի՞նչ նկատի ուներ Հիսուսը՝ տալով այս կարևոր նախազգուշացումը։ Հրեաները, որոնք լսեցին այդ խոսքերը, բացատրության կարիք չունեին։ Նրանք գիտեին, թե ինչ էր պատահել Ղովտի կնոջը։ Իր ընտանիքի հետ Սոդոմից փախչելիս նա անհնազանդություն էր դրսևորել, հետ էր նայել և աղի արձան դարձել (կարդա՛ Ծննդոց 19։17, 26)։
2. Թերևս ինչո՞ւ Ղովտի կինը հետ նայեց, և ի՞նչ արժեցավ նրա անհնազանդությունը։
2 Բայց ինչո՞ւ Ղովտի կինը հետ նայեց։ Գուցե նրան հետաքրքրո՞ւմ էր, թե ինչ է տեղի ունենում։ Գուցե կասկածում կամ չէ՞ր հավատում։ Թե՞ ափսոսանքով նայում էր այն ամենին, ինչ թողել էր Սոդոմում (Ղուկ. 17։31)։ Ինչ էլ լիներ պատճառը, անհնազանդության համար նա իր կյանքով վճարեց։ Միայն մտածիր. նա մահացավ այն նույն օրը, երբ մահացան Սոդոմի ու Գոմորի այլասերված բնակիչները։ Ուստի զարմանալի չէ, որ Հիսուսն ասաց. «Հիշե՛ք Ղովտի կնոջը»։
3. Հիսուսն ինչպե՞ս ընդգծեց, որ մենք չպետք է «հետ նայենք»։
3 Մենք էլ ենք ապրում այնպիսի ժամանակներում, երբ շատ կարևոր է «հետ չնայել»։ Հիսուսն ընդգծեց դա մի մարդու պատասխանելիս, որը հարցրեց նրան, թե արդյոք աշակերտ դառնալուց առաջ կարող է վերադառնալ ու հրաժեշտ տալ իր ընտանիքին։ Նա ասաց. «Ով որ ձեռքը արորի վրա է դնում և նայում է հետևում եղած բաներին, հարմար չէ Աստծու թագավորության համար» (Ղուկ. 9։62)։ Արդյոք Հիսուսի պատասխանը կոպիտ կամ անխոհե՞մ էր։ Ո՛չ, քանի որ այդ մարդը պարզապես պատրվակ էր բերում, որ խուսափի պատասխանատվությունից։ Այդպիսի հետաձգումը Հիսուսը կոչեց «հետևում եղած բաներին» նայել։ Նշանակություն ունի՞, թե ինչպես է արտը հերկողը հետ նայում. մի պահ է շրջվում ու հետ նայում, թե ցած է դնում արորը, հետո շրջվում։ Երկու դեպքում էլ նա շեղում է իր ուշադրությունը այն գործից, որը պետք է անի, և դա կարող է բացասաբար ազդել գործի վրա։
4. Ինչի՞ն պետք է ուղղենք մեր հայացքը։
4 Մեր ուշադրությունը անցյալի վրա կենտրոնացնելու փոխարեն՝ պետք է մեր հայացքն ուղղենք առջևում եղած բաներին։ Նկատի առ, թե Առակներ 4։25-ում ինչպես է պարզ ասվում այդ մասին. «Թող աչքերդ ուղիղ նայեն, և հայացքդ ուղղված լինի քո առաջ»։
5. Ի՞նչ պատճառ ունենք չնայելու հետևում եղած բաներին։
5 Հետևում եղած բաներին չնայելու համար կարևոր պատճառ ունենք։ Ո՞րն է դա։ Մենք ապրում ենք «վերջին օրերում» (2 Տիմոթ. 3։1)։ Շուտով տեսնելու ենք ոչ թե պարզապես երկու քաղաքների, այլ ողջ աշխարհում տիրող համակարգի հիմնահատակ կործանումը։ Ի՞նչը կօգնի խուսափելու Ղովտի կնոջ հետ պատահածից։ Նախ հարկավոր է իմանալ, թե որոնք են հետևում եղած բաներից մի քանիսը, որոնք գուցե գայթակղեն մեզ (2 Կորնթ. 2։11)։ Ուստի տեսնենք, թե որոնք են այդ բաները և ինչպես կարող ենք խուսափել դրանց վրա կենտրոնանալուց։
ԱՌԱՋՎԱ ԼԱՎ ՕՐԵՐԸ
6. Ինչո՞ւ է մեր հիշողությունը ոչ միշտ վստահելի։
6 Վտանգներից մեկը առաջվա լավ օրերի մասին աղավաղված տեսակետն է։ Մեր հիշողությունը ոչ միշտ է վստահելի։ Գուցե ոչ միտումնավոր կերպով նվազեցնենք անցյալում մեր ունեցած խնդիրները և միևնույն ժամանակ չափազանցնենք ուրախությունները։ Այդպիսով տպավորություն կստեղծվի, թե անցյալը շատ ավելի լավն էր, քան իրականում կար։ Աղավաղված հիշողությունը կարող է պատճառ դառնալ, որ փափագենք առաջվա լավ օրերին։ Սակայն Աստվածաշունչը նախազգուշացնում է. «Մի՛ ասա՝ «ինչո՞ւ էին առաջվա օրերը ավելի լավը, քան ներկայիս օրերը», քանի որ իմաստությունից չէ, որ տալիս ես այս հարցը» (Ժող. 7։10)։ Ինչո՞ւ է այսպիսի մտածելակերպը վտանգավոր։
7-9. ա) Ի՞նչ պատահեց իսրայելացիներին Եգիպտոսում։ բ) Ուրախանալու ի՞նչ պատճառներ ունեին իսրայելացիները։ գ) Ինչի՞ համար ժողովուրդը սկսեց տրտնջալ ու փնթփնթալ։
7 Նկատի առ, թե ինչ պատահեց Մովսեսի օրերում ապրող իսրայելացիներին։ Թեև սկզբում նրանք Եգիպտոսում հյուրեր էին համարվում, բայց Հովսեփի մահից հետո եգիպտացիները «վերահսկիչներ նշանակեցին, որպեսզի կեղեքեն նրանց իրենց ծանր աշխատանքում» (Ելք 1։11)։ Ի վերջո, Աստծու ժողովուրդը կանգնեց ցեղասպանության առաջ, քանի որ փարավոնը սպանել էր տալիս բոլոր նորածին տղաներին (Ելք 1։15, 16, 22)։ Զարմանալի չէ, որ Եհովան Մովսեսին ասաց. «Արդարև, տեսա իմ ժողովրդի հարստահարումը Եգիպտոսում և լսեցի վերահսկիչների կեղեքումների պատճառով նրանց բարձրացրած աղաղակը։ Ես լավ գիտեմ նրանց կրած չարչարանքները» (Ելք 3։7)։
8 Պատկերացրու, թե որքան ուրախ էին իսրայելացիները, երբ որպես ազատագրված ժողովուրդ դուրս էին գալիս իրենց ստրկության երկրից։ Նրանք ականատես էին եղել, թե ինչպես էր Եհովան ազդեցիկ կերպով ցույց տվել իր զորությունը՝ տասը պատուհասներ բերելով ամբարտավան փարավոնի ու նրա ժողովրդի վրա (կարդա՛ Ելք 6։1, 6, 7)։ Իրականում, եգիպտացիները ոչ միայն թույլ տվեցին իսրայելացիներին գնալ, այլև սկսեցին շտապեցնել նրանց և այնքան ոսկի ու արծաթ տվեցին, որ կարելի է ասել՝ Աստծու ժողովուրդը «կողոպտեց եգիպտացիներին» (Ելք 12։33–36)։ Իսրայելացիների ուրախությունը է՛լ ավելի մեծացավ, երբ տեսան, թե ինչպես փարավոնն ու իր զորքը կործանվեցին Կարմիր ծովում (Ելք 14։30, 31)։ Այս հուզիչ իրադարձությունները տեսնելը որքա՜ն պետք է որ զորացրած լիներ նրանց հավատը։
9 Անհավատալի է, բայց հրաշքով ազատագրվելուց կարճ ժամանակ անց այդ նույն ժողովուրդը սկսեց տրտնջալ ու փնթփնթալ։ Ինչի՞ համար. ուտելիքի։ Նրանք դժգոհում էին Եհովայի տվածներից՝ ասելով. «Հիշում ենք այն ձկները, որ ձրի ուտում էինք Եգիպտոսում, վարունգները, ձմերուկները, պրասասոխերը, սոխերն ու սխտորները։ Իսկ հիմա մեր հոգին չորացել է։ Մեր աչքերը մանանայից բացի, ուրիշ ոչինչ չեն տեսնում» (Թվեր 11։5, 6)։ Այո՛, նրանց տեսակետն այնքան էր աղավաղվել, որ նույնիսկ ցանկացան վերադառնալ իրենց ստրկության երկիր (Թվեր 14։2–4)։ Իսրայելացիները նայեցին հետևում եղած բաներին ու կորցրին Եհովայի հաճությունը (Թվեր 11։10)։
10. Ի՞նչ դաս ենք սովորում իսրայելացիներից։
10 Ի՞նչ դաս ենք սովորում։ Երբ դժվարություններ ու խնդիրներ ենք ունենում, եկեք չկենտրոնանանք կարծեցյալ դրական բաների վրա, որոնք եղել են անցյալում, թերևս նույնիսկ ճշմարտությունն իմանալուց առաջ։ Թեև սխալ չէ մտածել անցյալից քաղած դասերի շուրջ կամ թանկ հիշողություններ փայփայել, սակայն հարկավոր է հավասարակշռված և իրատես լինել անցյալի հանդեպ։ Հակառակ դեպքում՝ թերևս սկսենք ավելի շատ դժգոհել մեր ներկայիս հանգամանքներից և նախկին ապրելակերպին վերադառնալու գայթակղության առաջ կանգնենք (կարդա՛ 2 Պետրոս 2։20–22)։
ԱՆՑՅԱԼՈՒՄ ԱՐԱԾ ԶՈՀԵՐԸ
11. Ինչպե՞ս են ոմանք դիտում անցյալում արած զոհերը։
11 Ցավոք, ոմանք, նայելով անցյալում արած զոհերին, մտածում են, թե լավ հնարավորություններ են բաց թողել։ Գուցե բարձրագույն կրթություն ստանալու, դիրքի հասնելու կամ ֆինանսապես ապահովված լինելու հնարավորություններ ես ունեցել, բայց որոշել ես հետամուտ չլինել դրանց։ Մեր եղբայրներից ու քույրերից շատերը հետևում են թողել բիզնեսի, զվարճությունների, կրթության և սպորտի ասպարեզում լավ դիրք ու շահույթ ստանալու հնարավորությունները։ Անցել է ժամանակ, ու վերջը դեռ չի եկել։ Ընկնո՞ւմ ես երազանքների գիրկը՝ պատկերացնելով, թե ինչ կլիներ, եթե այդպիսի զոհեր չանեիր։
12. Պողոսն ի՞նչ էր զգում հետևում թողած բաների հանդեպ։
12 Պողոս առաքյալը Քրիստոսի հետևորդը դառնալու համար շատ բաներից հրաժարվեց (Փիլիպ. 3։4–6)։ Ինչպե՞ս էր նա նայում հետևում թողած բաներին։ Առաքյալն ասում է. «Այն բաները, որ շահ էին ինձ համար, ես կորուստ համարեցի հանուն Քրիստոսի»։ Ինչո՞ւ։ Նա շարունակում է. «Ամեն բան կորուստ եմ համարում հանուն իմ Տիրոջ՝ Քրիստոս Հիսուսի մասին գիտելիքների գերազանց արժեքի։ Հանուն նրա ես կորցրի ամեն ինչ և դրանք աղբ եմ համարում, որ կարողանամ շահել Քրիստոսին»a (Փիլիպ. 3։7, 8)։ Ինչպես որ մարդը դեն է նետում աղբը ու հետո չի ափսոսում դրա համար, այնպես էլ Պողոսը չէր ափսոսում հետևում թողած հնարավորություններից և ոչ մեկի համար։ Նա դրանք այլևս թանկ չէր համարում։
13, 14. Ինչպե՞ս կարող ենք հետևել Պողոսի օրինակին։
13 Երբ սկսում ենք մտածել թվացյալ բաց թողած հնարավորությունների մասին, Պողոսի օրինակին հետևելը կարող է օգնել մեզ։ Ինչպե՞ս։ Ուշադրություն դարձրու այժմ քո ունեցած արժեքավոր բաներին։ Դու թանկ փոխհարաբերություններ ունես Եհովայի հետ ու հավատարիմ ծառայի լավ համբավ ես ձեռք բերել նրա մոտ (Եբր. 6։10)։ Աշխարհի առաջարկած նյութական ո՞ր բարիքները կարող են համեմատվել այն հոգևոր օրհնությունների հետ, որ վայելում ենք այժմ ու կվայելենք ապագայում (կարդա՛ Մարկոս 10։28–30)։
14 Այնուհետև Պողոսը նշում է, թե ինչը կօգնի մեզ շարունակելու հավատարիմ մնալ։ Նա գրում է, որ «մոռանում էր հետևում եղած բաները և ձգտում էր դեպի առջևում եղածները» (Փիլիպ. 3։13)։ Նկատի առ, որ Պողոսը երկու քայլ է շեշտում, ու երկուսն էլ անհրաժեշտ են։ Առաջին՝ մենք պետք է մոռանանք հետևում թողած բաները, այսինքն՝ մեր ուժն ու թանկ ժամանակը չվատնենք դրանցով չափից շատ մտահոգվելու վրա։ Երկրորդ՝ վերջնագծին մոտեցող վազորդի նման՝ պետք է ձգտենք դեպի առաջ՝ մեր ուշադրությունը կենտրոնացնենք առջևում եղած բաներին։
15. Ի՞նչ օգուտ ենք ստանում, երբ խորհում ենք Աստծու հավատարիմ ծառաների օրինակի շուրջ։
15 Աստծու՝ անցյալի ու ներկայիս հավատարիմ ծառաների օրինակի շուրջ խորհելը նույնպես մղում է մեզ առաջ շարժվելու և չնայելու հետևում եղած բաներին։ Եթե Աբրահամն ու Սառան շարունակ հիշեին Ուր քաղաքը, «հնարավորություն կունենային վերադառնալու» (Եբր. 11։13–15)։ Բայց չվերադարձան։ Մովսեսը Եգիպտոսում ավելի շատ բան թողեց, քան հետագայում որևէ իսրայելացի։ Բայց ոչ մի տեղ չի ասվում, որ նա ափսոսանքով էր նայում դրանց։ Ընդհակառակը՝ Աստվածաշունչն ասում է, որ «նախատինքը, որը նա կրեց որպես օծյալ, ավելի մեծ հարստություն համարեց, քան Եգիպտոսի գանձերը, քանի որ աչքերը հառել էր վարձատրությանը» (Եբր. 11։26)։
ԱՆՑՅԱԼՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԲԱՆԵՐԸ
16. Անցյալում տեղի ունեցածը ինչպե՞ս կարող է ազդել մեզ վրա։
16 Անցյալի ոչ բոլոր բաները թերևս դրական լինեն։ Գուցե մեզ տանջում են նախկինում գործած մեղքերի կամ սխալների մասին մտքերը (Սաղ. 51։3)։ Հնարավոր է՝ մինչև հիմա զգում ենք այն ցավը, որ ունեցանք, երբ խիստ խորհուրդ ստացանք (Եբր. 12։11)։ Կամ մեր մտքից չեն հեռանում որոշ իրական կամ թվացյալ անարդարություններ (Սաղ. 55։2)։ Ի՞նչ կարող ենք անել, որ չկենտրոնանանք հետևում եղած այս բաների վրա։ Քննենք երեք օրինակ։
17. ա) Պողոսն ինչո՞ւ իր մասին խոսեց որպես «բոլոր սրբերի մեջ փոքրագույնից էլ փոքրի»։ բ) Ի՞նչն օգնեց Պողոսին, որ չհամակվի բացասական մտքերով։
17 Անցյալի սխալները։ Պողոս առաքյալը իր մասին խոսեց որպես «բոլոր սրբերի մեջ փոքրագույնից էլ փոքրի» (Եփես. 3։8)։ Ինչո՞ւ։ «Քանի որ հալածում էի Աստծու ժողովը»,— ասաց նա (1 Կորնթ. 15։9)։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կզգար նա, երբ հանդիպեր այն անհատներին, որոնց նախկինում հալածել էր։ Փոխանակ թույլ տալու, որ այդ բացասական մտքերը համակեն իրեն՝ Պողոսը կենտրոնացավ իր հանդեպ դրսևորված «անզուգական բարության» վրա (1 Տիմոթ. 1։ 12–16)։ Արդյունքում լցվեց երախտագիտությամբ, ինչն էլ խթան հանդիսացավ, որ կատարի ծառայությունը։ Անցյալում դրսևորած մեղավոր վարքը այն բաների մեջ էր մտնում, որոնք առաքյալը վճռել էր մոռանալ։ Եթե մենք էլ կենտրոնանանք մեր հանդեպ Եհովայի դրսևորած ողորմածության վրա, թույլ չենք տա, որ անհարկի մտահոգությունները անցյալում տեղի ունեցած բաների մասին, որոնք մենք չենք կարող փոխել, քամեն մեր ուժերը։ Մենք կարող ենք մեր ուժն օգտագործել կատարելու մեզ հանձնարարված գործը։
18. ա) Ի՞նչ կարող է պատահել, եթե դառնացած հետ նայենք ստացած խորհրդին։ բ) Ինչպե՞ս կարող ենք հետևել Սողոմոնի խոսքերին։
18 Ցավ պատճառող խորհուրդ։ Ի՞նչ կարող ենք անել, եթե դառնացած ենք հետ նայում ստացած խորհրդին։ Դա ոչ միայն կարող է ցավ պատճառել, այլև թուլացնել՝ «ուժասպառ» անել մեզ (Եբր. 12։5)։ Անկախ նրանից՝ «նսեմացնում» ենք խորհուրդը՝ մերժելով այն, թե «ուժասպառ» ենք լինում՝ ընդունելով այն և հետո մերժելով, արդյունքը նույնն է լինում. թույլ չենք տալիս, որ խորհուրդը օգուտ տա ու զտի մեզ։ Շատ ավելի լավ կլինի ուշադրություն դարձնել Սողոմոնի խոսքերին. «Ամուր բռնիր խրատը և բաց մի՛ թող։ Պահպանիր այն, քանի որ այն քո կյանքն է» (Առակ. 4։13)։ Ինչպես որ վարորդն է հետևում երթևեկության նշաններին և այդպիսով չի շեղվում իր ճանապարհից, այնպես էլ թող որ մենք ընդունենք խորհուրդը, կիրառենք այն ու առաջ ընթանանք (Առակ. 4։26, 27; կարդա՛ Եբրայեցիներ 12։12, 13)։
19. Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Ամբակումի ու Երեմիայի հավատը։
19 Անարդարություններ՝ իրական կամ թվացյալ։ Երբեմն կարող ենք ունենալ այն նույն զգացումները, որ ուներ Ամբակում մարգարեն, որն աղաղակեց Եհովային անարդարության համար՝ չհասկանալով, թե ինչու էր նա թույլ տալիս, որ որոշ անիրավ բաներ տեղի ունենան (Ամբ. 1։2, 3)։ Որքա՜ն կարևոր է ընդօրինակել այդ մարգարեի հավատը, որն ասաց. «Ես, միևնույնն է, կցնծամ Եհովայով, կուրախանամ իմ փրկության Աստծով» (Ամբ. 3։18)։ Հավատի մեկ այլ օրինակ է Երեմիան, որը «համբերությամբ սպասում էր»։ Մենք կարող ենք ընդօրինակել նրան՝ հաստատ համոզված լինելով, որ Եհովան՝ արդարության Աստվածը, ճիշտ ժամանակին ամեն բան կշտկի (Ողբ 3։19–24)։
20. Ինչպե՞ս կարող ենք փաստել, որ «հիշում ենք Ղովտի կնոջը»։
20 Մենք ապրում ենք նշանակալից ժամանակներում։ Հրաշալի իրադարձություններ են տեղի ունենում հիմա, և շուտով շատ ավելի հետաքրքիր դեպքեր են սպասվում։ Թող որ յուրաքանչյուրս Եհովայի կազմակերպության հետ համաքայլ ընթանա։ Եկեք ուշադրություն դարձնենք աստվածաշնչյան խորհրդին՝ նայել առաջ և ոչ թե հետևում թողած բաներին։ Այդպիսով կփաստենք, որ «հիշում ենք Ղովտի կնոջը»։
[ծանոթագրություն]
a «Աղբ» թարգմանված բնագիր բառը նաև նշանակում է այն, «ինչ գցված է շներին», «գոմաղբ», «արտաթորանք»։ Ըստ մի աստվածաշնչագետի՝ Պողոսի օգտագործած բառը կրում է «անարժեք ու զզվելի բանից վճռականորեն մի կողմ շրջվելու և դրան այլևս չանդրադառնալու» իմաստ։