Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w02 6/15 էջ 8–11
  • Մի բան, որ թանկ է Եգիպտոսի գանձերից

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մի բան, որ թանկ է Եգիպտոսի գանձերից
  • 2002 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Ստրկությունը Եգիպտոսում
  • Թաքցվեց, գտնվեց և որդեգրվեց
  • Դաստիարակությունն ու կրթությունը
  • Շատ կարևոր որոշում
  • Մովսեսը որոշում է Եհովային ծառայել
    Սովորում եմ Աստվածաշնչից
  • Իմացիր Եհովայի ճանապարհները
    2005 Դիտարան
  • Ինչո՞ւ է Մովսեսը փախչում
    Աստվածաշնչի պատմությունների իմ ժողովածուն
  • Աստվածաշնչի գիրք համար 2. Ելք
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
Ավելին
2002 Դիտարան
w02 6/15 էջ 8–11

Մի բան, որ թանկ է Եգիպտոսի գանձերից

Մովսեսը պատմության մեջ հայտնի դեմքերից է։ Նրա մասին գրված է Աստվածաշնչի չորս գրքերում (Ելիցից՝ Երկրորդ Օրինաց), որոնցում պատմվում է, թե ինչ է արել Աստված իսրայել ազգի համար, երբ վերջինս գտնվում էր Մովսեսի ղեկավարության տակ։ Նրա գլխավորությամբ էր, որ իսրայելացիները դուրս եկան Եգիպտոսից։ Նա էր, որ միջնորդ հանդիսացավ Օրենքի ուխտի համար։ Եվ նա առաջնորդեց իսրայելացիներին մինչև Ավետյաց երկրի սահմանները։ Թեև Մովսեսը մեծացել էր փարավոնի տանը, սակայն լիազորություն էր ստացել Աստծո ժողովրդին գլխավորելու և նրան ծառայելու որպես մարգարե, դատավոր և Աստծո կողմից ներշնչված գրող։ Չնայած այդ ամենին՝ նա «շատ հեզ էր երկրի վերայ եղած բոլոր մարդկանցից աւելի» (Թուոց 12։3)։

Այն, ինչ Աստվածաշունչը պատմում է Մովսեսի մասին, հիմնականում վերաբերում է նրա կյանքի վերջին 40 տարիներին՝ սկսած այն ժամանակվանից, երբ Իսրայելը ազատագրվեց ստրկությունից, մինչև Մովսեսի մահը՝ 120 տարեկան հասակում։ 40–80 տարեկանում նա Մադիամի երկրում հովվություն է արել։ Սակայն համաձայն մի աղբյուրի՝ «նրա կյանքի ամենահետաքրքրաշարժ և միևնույն ժամանակ ամենաքիչ լուսաբանված շրջանը թերևս» առաջին 40 տարիներն են եղել՝ նրա ծննդյան օրից մինչև Եգիպտոսից փախչելը։ Ի՞նչ կարելի է ասել այդ շրջանի մասին։ Ինչպե՞ս է Մովսեսի ստացած դաստիարակությունը անդրադարձել հետագայում նրա ով լինելու վրա։ Ի՞նչ ազդեցությունների է նա ենթարկվել, ի՞նչ դժվարությունների հետ բախվել, և ի՞նչ դաս կարող ենք քաղել դրանից։

Ստրկությունը Եգիպտոսում

Ելից գրքի համաձայն՝ փարավոնը սկսեց վախենալ Եգիպտոսում բնակություն հաստատած իսրայելացիներից, քանի որ նրանց թիվը արագորեն աճում էր։ Կարծելով, թե «իմաստութեամբ» է վարվում՝ նա սկսեց փորձեր կատարել իսրայելացիների թիվը կրճատելու և տաժանակիր ու ստրկական աշխատանքի ենթարկեց նրանց՝ գործավարների կողմից մտրակահարվելու սպառնալիքով։ Իսրայելացիները ծանրություններ էին կրում, շաղախ էին անում և ամեն օր սահմանված քանակությամբ աղյուսներ պատրաստում (Ելից 1։8–14; 5։6–18)։

Մովսեսի ժամանակների Եգիպտոսի այս նկարագիրը լիովին համապատասխանում է պատմությանը։ Օրինակ՝ մի հին պապիրուսի, ինչպես նաև առնվազն մեկ գերեզմանաքարի վրա (մ.թ.ա. երկրորդ հազարամյակ կամ ավելի վաղ) կարելի է տեսնել պատկերներ, որոնցում ցույց է տրվում, թե ինչպես են ստրուկները աղյուսներ պատրաստում։ Աղյուսների մատակարարման համար պատասխանատու պաշտոնյաները ստրուկներին բաժանում էին 6–18 հոգուց բաղկացած խմբերի՝ դաժան ղեկավարների հսկողությամբ։ Աղյուսների պատրաստման համար անհրաժեշտ կավը նախ հարկավոր էր փորել–​հանել, իսկ հետո տեղափոխել աղյուսի պատրաստման վայրը։ Աշխատողները, որ տարբեր ազգերի ներկայացուցիչներ էին, ջուր էին բերում և բրիչների օգնությամբ խառնելով այն կավի ու ծղոտի հետ՝ շաղախ անում։ Այնուհետև շաղախից ուղղանկյունաձև աղյուսներ էին պատրաստում և դրանք արևի տակ չորացնելուց հետո լծակներով տանում շինարարության հրապարակ, սովորաբար՝ զառիվեր ճանապարհով։ Եգիպտացի հսկիչները՝ մտրակները ձեռքին, նստած կամ անցուդարձ անելով, հետևում էին աշխատանքին։

Մի հին արձանագրության մեջ խոսվում է 602 հոգու կողմից պատրաստված 39 118 աղյուսների մասին. իսկ դա նշանակում է, որ նրանցից յուրաքանչյուրը օրվա ընթացքում միջին հաշվով 65 աղյուս էր պատրաստում։ Մ.թ.ա. 13–րդ դարին վերագրվող մի փաստաթղթում էլ ասվում է. «Մարդիկ ամեն օր պատրաստում էին.... իրենց համար սահմանված՝ որոշակի քանակությամբ աղյուսներ»։ Այս տեղեկությունները ճշգրիտ կերպով համապատասխանում են իսրայելացիներից պահանջվող աշխատանքի նկարագրությանը, որ տրված է «Ելից» գրքում։

Հրեաների թիվը նվազեցնելու քաղաքականությունը անհաջողության մատնվեց. «Որչափ որ [եգիպտացիները] չարչարում էին նորանց, այնչափ էլ աւելի շատանում էին.... եւ նորանք Իսրայէլի որդիներիցը երկիւղ կրեցին» (Ելից 1։10, 12)։ Այդ պատճառով փարավոնը նախ՝ հրեաների մանկաբարձուհիներին, ապա՝ իր ողջ ժողովրդին պատվիրեց սպանել նորածին իսրայելացի տղաներին։ Ահա այսպիսի սարսափելի պայմաններում ծնվեց Հոքաբեդի և Ամրամի որդի Մովսեսը, որ մի գեղեցիկ մանկիկ էր (Ելից 1։15–22; 6։20; Գործք 7։20)։

Թաքցվեց, գտնվեց և որդեգրվեց

Չենթարկվելով փարավոնի դաժան հրամանին՝ փոքրիկ Մովսեսի ծնողները թաքցրին նրան։ Հայտնի չէ, ինչպես նրանք արեցին այդ՝ մանկիկներ փնտրող լրտեսներից ու խուզարկուներից երեխային պահելով, թե այլ կերպ։ Սակայն, դա տևեց ընդամենը երեք ամիս, դրանից ավել այլևս հնարավոր չեղավ թաքցնել մանկիկին։ Հուսահատ՝ Մովսեսի մայրը պապիրուսից մի կողով պատրաստեց, այն ներսից պատեց ձյութով՝ անջրանցիկ դարձնելու համար, և երեխային դրեց մեջը։ Դրանով Հոքաբեդը արտաքուստ հնազանդվեց փարավոնի հրամանին՝ հրեաների նորածին տղա–​երեխաներին Նեղոսը գցելու վերաբերյալ, թեպետ նրա այդ քայլը բոլորովին այլ մղումներով էր թելադրված։ Մարիամը՝ Մովսեսի մեծ քույրը, հեռվում կանգնած, սկսեց դիտել, թե ինչ է տեղի ունենալու հետո (Ելից 1։22–2։4)։

Կանխատեսել էր Հոքաբեդը, որ փարավոնի աղջիկը, լողանալու գալով, կգտնի Մովսեսին, թե՝ ոչ, չգիտենք։ Միանշանակ է, սակայն, որ այդ բանը տեղի ունեցավ։

Արքայադուստրը հասկացավ, որ մանկիկը հրեաների զավակ է։ Ինչպե՞ս էր նա վարվելու։ Հնազանդվելո՞ւ էր իր հոր հրամանին՝ երեխային սպանել տալով։ Ո՛չ, նա վարվեց այլ կերպ՝ այնպես, ինչպես սովորաբար կվարվեր յուրաքանչյուր կին. նա կարեկցանք դրսևորեց։

Մարիամը անմիջապես հայտնվեց նրա կողքին։ «Գնամ եւ.... Եբրայեցիներից մի ծիծ տուող կնիկ կանչե՞մ, որ տղային ծիծ տայ քեզ համար»,— հարցրեց նա։ Ոմանք Աստվածաշնչի այս հատվածի մեջ երգիծական երանգ են տեսնում. Մովսեսի քույրը՝ ընդդեմ փարավոնի, որն իր խորհրդատուների հետ որոշել էր «իմաստութեամբ» գործել հրեաների դեմ։ Ինչ խոսք, Մովսեսը վերջնականապես ապահով վիճակում հայտնվեց միայն այն ժամանակ, երբ արքայադուստրը տվեց իր համաձայնությունը։ «Գնա՛»,— ասաց փարավոնի աղջիկը։ Մարիամը կանչեց իր մորը, և մի արտասովոր գործարք կնքվեց. Յոքաբեթին վարձեցին կերակրելու համար իր սեփական որդուն, որի պաշտպանն այժմ արքայադուստրն էր (Ելից 2։5–9)։

Կարեկից արքայադուստրը իր դաժան հոր հակապատկերն էր։ Մինչ այդ նա ոչինչ չէր իմացել այդ երեխայի մասին, և խորամանկությամբ չէ, որ նրան մղել էին այդ քայլին։ Գթասրտությունն էր, որ դրդեց նրան այդ երեխային որդեգրելու, իսկ այն հանգամանքը, որ նա համաձայնեց, որպեսզի երեխայի ստնտուն իսրայելուհի լինի, ցույց է տալիս, որ արքայադուստրը, ի տարբերություն իր հոր, նման նախապաշարմունքներ չուներ։

Դաստիարակությունն ու կրթությունը

Հոքաբեդը «առաւ տղային, եւ ծիծ տուաւ նորան։ Եւ տղան մեծացաւ, եւ նա Փարաւօնի աղջկան մօտ բերաւ նորան, եւ նորան որդի եղաւ» (Ելից 2։9, 10)։ Աստվածաշնչում չի ասվում, թե Մովսեսը որքան մնաց իր իսկական ծնողների հետ։ Ոմանց կարծիքով՝ առնվազն մինչև կաթից կտրվելը, այսինքն՝ երկու կամ երեք տարի, բայց գուցեև՝ ավելի երկար։ Ելիցում ընդամենը ասվում է, որ նա մնաց իր ծնողների մոտ, մինչև որ «մեծացաւ». իսկ դա կարող է ցանկացած տարիք նշանակել։ Ամեն դեպքում, Ամրամն ու Հոքաբեդը, անկասկած, օգտագործեցին այդ հնարավորությունը, որպեսզի տեղեկացնեն Մովսեսին, որ նա հրեական ծագում ունի, ինչպես նաև սովորեցնեն նրան Եհովայի մասին։ Միայն ժամանակը ցույց կտար՝ նրանք Մովսեսի սրտում հավատ և արդարության հանդեպ սեր ներարկելու հարցում հաջողության հասե՞լ էին, թե՞ ոչ։

Փարավոնի դստեր մոտ «Մովսէսը եգիպտացիների ամբողջ իմաստութեամբ կրթուեց» (Գործք 7։22)։ Իսկ դա կարող է նշանակել, որ Մովսեսի կրթությունը նրան պետական պաշտոնյա դառնալու հնարավորություն էր ընձեռել։ Եգիպտոսում ուսուցանում էին մաթեմատիկա, երկրաչափություն, ճարտարապետություն, շինարարական գործ, ինչպես նաև արվեստի ու գիտության այլ ճյուղեր։ Հավանաբար արքայական ընտանիքը ակնկալում էր, որ Մովսեսը կուսումնասիրի նաև եգիպտական կրոնը։

Ըստ երևույթին, Մովսեսն իր այդ առանձնաշնորհյալ կրթությունը ստանում էր ազնվական ծագում ունեցող երեխաների հետ։ Նրանց մեջ կային նաև «օտարերկյա կառավարիչների երեխաներ, որոնց Եգիպտոս էին ուղարկում իբրև պատանդների, որ վերջիններս դառնան «քաղաքակիրթ» և վերադառնալով կառավարեն որպես [փարավոնին նվիրված] վասալներ» («The Reign of Thutmose IV, by Betsy M. Bryan»)։ Դպրոցները (որտեղ այդ երեխաներին պահում և ուսուցանում էին), կցված էին թագավորական դղյակներին, ինչը ցույց է տալիս, որ պատանիներին, ըստ երևույթին, պատրաստում էին արքունական ծառայության համար։a Եգիպտոսի Հին և Միջին թագավորության շրջաններին վերաբերող արձանագրություններից երևում է, որ փարավոնի շքախմբի անդամներից և բարձրաստիճան պետական պաշտոնյաներից մի քանիսը շարունակել են կրել «Դպրոցի զավակ» պատվական տիտղոսը, նույնիսկ երբ մեծացել են։

Ինչ խոսք, արքունական կյանքը Մովսեսի ով լինելը բացահայտելու հնարավորություն ստեղծեց. այն հարստություն, պերճաշուք կյանք և իշխանություն էր առաջարկում, բայց նաև իրենից վտանգ էր ներկայացնում՝ բարոյական առումով։ Ինչպե՞ս էր վարվելու Մովսեսը։ Մնալո՞ւ էր արդյոք հավատարիմ։ Արդյո՞ք նա փաստելու էր, որ Եհովայի անկեղծ երկրպագուն է և կեղեքված հրեաների իսկական եղբայրը, թե՞ նախընտրելու էր այն ամենը, ինչ կարող էր առաջարկել հեթանոսական Եգիպտոսը։

Շատ կարևոր որոշում

40 տարեկանում (այդ տարիքում նա հասցրած կլիներ էությամբ եգիպտացի դառնալ) Մովսեսը «դուրս գնաց իր եղբայրների մօտ, եւ նորանց ծանր գործքերը տեսաւ»։ Նրա հետագա գործողությունները ցույց տվեցին, որ այդ քայլը զուտ հետաքրքրասիրության դրսևորում չէր. նա շատ էր ցանկանում օգնել հրեաներին։ Տեսնելով, որ մի եգիպտացի ծեծում է հրեայի, Մովսեսը միջամտեց ու սպանեց կեղեքողին։ Այդ քայլը ցույց տվեց, որ նա սրտով իր եղբայրների հետ էր։ Սպանվածը, ըստ երևույթին, մի պաշտոնյա էր, որն այդ պահին իր պարտականություններն էր կատարում։ Մովսեսը, եթե դիտենք եգիպտացիների տեսանկյունից, փարավոնին հավատարիմ մնալու բոլոր հիմքերն ուներ։ Սակայն նա գործեց արդարության հանդեպ սիրուց մղված։ Նրա այդ հատկությունը երևում է նաև այն բանից, որ հաջորդ օրը նա սկսեց խրատել մեկ այլ հրեայի, որը ծեծում էր իր ազգակցին։ Մովսեսի ցանկությունն էր ազատել հրեաներին իրենց դառը, ստրկական վիճակից։ Սակայն նա ստիպված էր փախչել Մադիամի երկիրը, քանի որ փարավոնը լսել էր իր «ուխտադրուժ» քայլերի մասին և որոշել էր մահապատժի ենթարկել նրան (Ելից 2։11–15; Գործք 7։23–29)։b

Թեև Աստծո ժողովրդին ազատելու՝ Մովսեսի որոշած ժամանակը չէր համապատասխանում Եհովայի որոշած ժամանակին, այնուամենայնիվ նրա այդ քայլերից երևում է, որ Մովսեսը հավատ ուներ։ Եբրայեցիս 11։24–26-ում ասվում է. «Հաւատո՛վ է, որ Մովսէսը, երբ մեծացաւ, մերժեց Փարաւոնի դստեր որդի կոչուել. նախընտրեց չարչարուել Աստծու ժողովրդի հետ, քան միառժամանակ մեղապարտ հաճոյքներ վայելել»։ Ինչո՞ւ։ Քանզի «կարեւոր համարեց Քրիստոսի կրած նախատինքները, քան Եգիպտոսի գանձերի առատութիւնը. որովհետեւ, աչքերը յառած, վարձատրութեան էր սպասում»։ Այս համատեքստում, բացառության կարգով, «Քրիստոս»՝ «օծյալ», բառը համապատասխանում է Մովսեսին, քանի որ հետագայում նա անձամբ Եհովայի կողմից հատուկ հանձնարարություն ստացավ։

Մի պահ պատկերացրեք. Մովսեսն այնպիսի կրթություն էր ստացել, որ կարող էին ստանալ միայն եգիպտացի ազնվականները։ Իր դիրքի շնորհիվ՝ նա հնարավորություն ուներ փայլուն կարիերայի հասնելու և վայելելու բոլոր հնարավոր հաճույքները։ Բայց Մովսեսը հրաժարվեց այդ ամենից, քանի որ նրա տեսանկյունից՝ հնարավոր չէր ապրել բռնապետ–փարավոնի արքունիքում և միևնույն ժամանակ սիրել Եհովային և սիրել արդարություն։ Իր նախահայրերին՝ Աբրահամին, Իսահակին և Հակոբին տրված՝ Աստծո խոստումներին տեղյակ լինելով, ինչպես նաև դրանց շուրջ խորհրդածելով՝ Մովսեսը նախընտրեց կյանքի այնպիսի ուղի, որի շնորհիվ կշահեր Աստծո բարեհաճությունը։ Իսկ դա իր հերթին հնարավորություն տվեց, որպեսզի Եհովան առանձնահատուկ կերպով օգտագործի նրան՝ իր նպատակներն իրագործելու համար։

Բոլորս էլ այսպես թե այնպես ընտրության առջև կանգնում ենք։ Մովսեսի նման՝ գուցե դուք էլ դժվարին որոշում պետք է կայացնեք։ Պատրա՞ստ եք արդյոք որոշ սովորություններից կամ էլ կարծեցյալ առանձնաշնորհումներից հրաժարվելու, ինչքան էլ դա թանկ նստի ձեզ վրա։ Եթե ընտրության առջև եք կանգնած, հիշեք, որ Մովսեսը Եհովայի հետ իր բարեկամությունը Եգիպտոսի գանձերից բարձր դասեց և չափսոսաց դրա համար։

[ծանոթագրություններ]

a Սա կարելի է համեմատել այն կրթության հետ, որ ստացան Դանիելն ու նրա ընկերները Բաբելոնում, ինչի շնորհիվ էլ հետագայում պետական պաշտոնյաներ դարձան (Դանիէլ 1։3–7)։ Տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Ուշադրություն դարձրեք Դանիելի մարգարեությանը» գիրքը, գլուխ 3։

b Այն, որ Մովսեսը իրոք սիրում էր արդարությունը, երևում է նաև նրա հետագա գործողություններից, երբ Մադիամի երկրում, ուր փախել էր, նա թիկունք կանգնեց անպաշտպան հովվուհիներին (Ելից 2։16, 17)։

[շրջանակ 11–րդ էջի վրա]

Ստնտության պայմանագրեր

Սովորաբար մայրն է կերակրում իր երեխային։ Սակայն, գիտնական Բրիվարդ Չայլդզի խոսքերով՝ «որոշ դեպքերում [Մերձավոր Արևելքի] ազնվական ընտանիքներում վարձում էին ստնտուների։ Այդպես էին վարվում նաև այն ժամանակ, երբ հայտնի չէր, թե ով է մայրը, կամ էլ երբ վերջինս չէր կարող կերակրել իր երեխային։ Ստնտուն պատասխանատու էր պայմանավորված ժամանակահատվածում երեխային մեծացնելու, ինչպես նաև նրան կերակրելու համար»։ Մերձավոր Արևելքում պահպանվել են պապիրուսի վրա գրված մի քանի հնագույն ստնտության պայմանագրեր։ Այդ փաստաթղթերից երևում է, որ այդ երևույթը Եգիպտոսում բավական տարածված էր՝ սկսած շումերական ժամանակաշրջանից և վերջացրած հելլենական ժամանակաշրջանով։ Այնտեղ նշվում էին հետևյալ տեղեկությունները. ում միջև է կնքվում պայմանագիրը, որքան ժամանակ է այն ուժի մեջ լինելու, աշխատանքի պայմանները, երեխային կերակրելու հետ կապված որոշ մանրամասներ, սահմանված տուգանքը՝ պայմանագիրը խախտելու դեպքում, վարձը և վճարման եղանակը։ Սովորաբար «ստնտությունը տևում էր երկու–​երեք տարի»,— ասում է Չայլդզը։ «Ստնտուն մանկիկին պահում էր իր տանը, բայց պահանջվում էր, որ նա ժամանակ առ ժամանակ երեխային տանի տիրոջ մոտ՝ ստուգման համար»։

[նկարներ 9–րդ էջի վրա]

Մի հնագույն պատկերից երևում է, որ Եգիպտոսում աղյուսները պատրաստվել են ճիշտ այնպես, ինչպես որ դա կատարվում էր Մովսեսի օրերում

[թույլտվությամբ]

Above: Pictorial Archive (Near Eastern History) Est.; below: Erich Lessing/Art Resource, NY

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը