Հարություն. փառահեղ հեռանկար
ՀԱՐՈՒԹՅԱՆ գաղափարը տարածված է շատ կրոններում։ Օրինակ՝ մահմեդականության սուրբ գիրքը՝ Ղուրանը, մի ամբողջ գլուխ է նվիրում այդ ուսմունքին։ Ահա թե ինչ է ասվում 75–րդ սուրահում. «Երդվո՛ւմ եմ Հարության օրով.... Մի՞թե մարդը կարծում է, թե Մենք չենք կարող հավաքել իր ոսկորները։ .... Նա հարցնում է. «Ե՞րբ է Հարության օրը»։ Մի՞թե Նա (այն նույնը) զորություն չունի մահացածին կյանք տալու» (Սուրահ 75։1–6, 40)։
«Զրադաշտականությունը,— նշվում է «Նոր բրիտանական հանրագիտարանում» (անգլ.),— ուսուցանում է Չարի վերջնական տապալման, ընդհանուր հարության, Վերջին դատաստանի և մաքրված երկրի վրա արդարության վերականգնման մասին»։
«Հրեական հանրագիտարանում» (անգլ.) հարությունը սահմանվում է հետևյալ կերպ. «Ուսմունք, համաձայն որի՝ մահացածները ի վերջո վերակենդանանալու են իրենց մարմնով և նորից ապրելու են երկրի վրա»։ Նաև ըստ նույն աղբյուրի՝ հուդայականության մեջ ներմուծված այն ուսմունքը, որ մարդն անմահ հոգի ունի, դժվարին հարցեր է առաջ բերում։ Հանրագիտարանի հեղինակները խոստովանում են. «Ըստ էության, հարության և հոգու անմահության գաղափարները հակասում են մեկը մյուսին»։
Հնդուականությունն ուսուցանում է, որ մարդը մի քանի անգամ վերածնվում է, կամ՝ վերամարմնավորվում։ Որպեսզի նման բանը հնարավոր լինի, նա պետք է մարմնի մահը վերապրող հոգի ունենա։ Հնդուականության սուրբ գրքում՝ «Բհագավադ–Գիտայում», ասվում է. «Այն, ինչ որ թափանցում է ողջ մարմնի մեջ անկորչելի է։ Ոչ ոք չի կարող կործանել անկորնչելի հոգուն»։
Բուդդայականությունը հնդուականությունից տարբերվում է նրանով, որ մերժում է անմահ հոգու գաղափարը։ Չնայած դրան՝ այսօր Հեռավոր Արևելքում ապրող շատ բուդդայականներ հավատում են անմահ հոգու վերաբնակեցման գաղափարին։a
Շփոթ՝ հարության ուսմունքի շուրջ
Թաղման ծիսակատարությունների ժամանակ քրիստոնեական աշխարհի հոգևորականները հաճախ հիշատակում են թե՛ մահը վերապրող հոգին, թե՛ հարությունը։ Օրինակ՝ Անգլիկան եկեղեցու քահանաները սովորաբար անգիր ասում են հետևյալ խոսքերը. «Վասնզի Ամենակալ Աստծուն իր մեծագույն ողորմությամբ հաճո եղավ ընդունել մեր սիրելի եղբոր հոգին, որ հիմա հեռանում է, ուստի մենք էլ հողին ենք հանձնում նրա մարմինը. հողը՝ հողին, մոխիրը՝ մոխրին, փոշին՝ փոշուն՝ հաստատապես հավատացած լինելով հավերժական կյանքի Հարուցանվելու հույսին մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով» («The Book of Common Prayer»)։
Այս խոսքերից կարող է ծագել հետևյալ հարցը. «Աստվածաշունչը ուսուցանում է հարությա՞ն գաղափարը, թե՞ հոգու անմահության»։ Ուշադրություն դարձրեք, սակայն, թե ինչ է այս կապակցությամբ ասում բողոքական պրոֆեսոր, ֆրանսիացի Օսկար Կուլմանը։ Հարության և հոգու անմահության ուսմունքներին նվիրված իր գրքում նա գրում է. «Մեծ տարբերություն գոյություն ունի մահացածների հարության մասին քրիստոնեական համոզմունքի և հոգու անմահության վերաբերյալ հունական ուսմունքի միջև։ .... Թեպետ հետագայում քրիստոնեությունը կապ ստեղծեց այս երկու գաղափարների միջև, և մեր օրերում շարքային քրիստոնյան ընդհանրապես չի տարբերում դրանք, ես պատճառ չեմ գտնում թաքցնելու այն, ինչ ճշմարիտ է թե՛ իմ, թե՛ գիտնականների մեծ մասի կարծիքով։ .... Նոր Կտակարանում ծայրից ծայր արտացոլված է հավատը հարության հանդեպ։ .... Մարդը, որ իրոք մահացել է, կյանքի կարող է կոչվել Աստծու նոր արարչագործական քայլի շնորհիվ» («Immortality of the Soul or Resurrection of the Dead?»)։
Զարմանալի չէ, որ մահվան և հարության հետ կապված հարցերը ընդհանուր առմամբ շփոթ են առաջացրել մարդկանց մեջ։ Այս շփոթությունից դուրս գալու համար մենք պետք է դիմենք Աստվածաշնչին, որտեղ ներկայացված են մարդու Արարչի՝ Եհովա Աստծու հայտնած ճշմարտությունները։ Աստվածաշնչում արձանագրված են հարության մասին պատմող մի շարք դեպքեր։ Քննարկենք այդ արձանագրություններից չորսը և տեսնենք, թե ինչ են դրանք ցույց տալիս հարության առնչությամբ։
«Կանայք յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին»
Իր նամակներից մեկում, որ ուղղված էր քրիստոնյա դարձած հրեաներին, Պողոս առաքյալը խոսեց հավատ դրսևորած կանանց մասին, ովքեր «յարութեան միջոցով վերստացան իրենց մեռելներին» (Եբրայեցիս 11։35, ԷԹ)։ Այդ կանանցից մեկը ապրում էր Փյունիկիայի Սարեփթա քաղաքում, որը գտնվում էր Սիդոնի մոտ՝ Միջերկրական ծովի ափին։ Նա մի այրի էր, որ հյուրասիրություն ցուցաբերեց Աստծու մարգարե Եղիայի հանդեպ և հաց տվեց նրան՝ չնայած այն ժամանակ տիրող մեծ սովին։ Ցավոք, այդ կնոջ որդին հիվանդացավ ու մահացավ։ Եղիան տղային անհապաղ բարձրացրեց տան վերևի հարկում գտնվող իր սենյակը ու Եհովային խնդրեց վերակենդանացնել նրան։ Տեղի ունեցավ հրաշք, և այրի կնոջ որդին «կենդանացաւ»։ Եղիան տղային հանձնեց իր մորը և ասաց. «Տես որդիդ կենդանի է»։ Ինչպիսի՞ն էր կնոջ արձագանքը։ Նա ցնծությամբ բացականչեց. «Ահա հիմա գիտեմ որ դու Աստուծոյ մարդ ես, եւ բերանիդ միջի Աստուծոյ խօսքը ճշմարիտ է» (Գ Թագաւորաց 17։22–24)։
Սարեփթայից մոտ 100 կիլոմետր հարավ ապրում էր մի առատաձեռն կին, որն իր ամուսնու հետ միասին հոգ տարավ Եղիային հաջորդած մարգարեի՝ Եղիսեի համար։ Կինը մեծ ազդեցություն ուներ իր հայրենի Սունամ քաղաքում։ Նա և իր ամուսինը մնալու տեղ տրամադրեցին Եղիսեին իրենց տան վերին հարկում։ Երբ այդ կինը որդի ունեցավ, նրանց տխրությունը երեխա չունենալու կապակցությամբ փոխվեց ուրախության։ Մեծանալով՝ տղան հաճախ հնձվորների հետ գնում էր դաշտ՝ իր հոր մոտ։ Որոշ ժամանակ անց, սակայն, ողբերգություն տեղի ունեցավ։ Մի օր տղան սկսեց ճչալ՝ ասելով, որ գլուխը ցավում է։ Ծառաներից մեկը նրան շտապ տարավ տուն։ Մայրն իր որդուն դրեց ծնկներին, բայց երեխան մահացավ։ Վշտից խենթացած՝ մայրը որոշեց կանչել Եղիսեին և նրանից օգնություն խնդրել։ Ծառաներից մեկի ուղեկցությամբ նա գնաց Կարմեղոս սարի հյուսիսարևմտյան կողմը, որտեղ ապրում էր մարգարեն։
Եղիսեն իր առջևից ուղարկեց իր ծառա Գեեզիին։ Տեղ հասնելով՝ նա տեսավ, որ երեխան իսկապես մահացած է։ Գեեզիից հետո տղայի մոր հետ ժամանեց նաև մարգարեն։ Ի՞նչ տեղի ունեցավ, երբ նրանք հասան Սունամ։ Դ Թագաւորաց 4։32–37 համարներում կարդում ենք. «Եղիսէն մտաւ տունը, եւ ահա տղան մեռած նորա անկողինի վերայ պառկած էր։ Եւ նա ներս մտաւ եւ դուռը կողպեց իրանց երկուսի ետեւից եւ աղօթք արաւ Տիրոջը։ Եւ վեր կացաւ պառկեց երեխայի վերայ, եւ դրաւ իր բերանը նորա բերանի վերայ, եւ իր աչքերը նորա աչքերի վերայ եւ իր թաթերը նորա թաթերի վերայ եւ կռացաւ նորա վերայ. եւ երեխայի մարմինը տաքացաւ։ Եւ ետ դառաւ տան մէջը մէկ այս կողմը մէկ այն կողմը գնաց, եւ վեր կացաւ կռացաւ նորա վերայ, եւ երեխան եօթն անգամ փռշտաց. եւ երեխան իր աչքերը բացաւ։ Եւ նա կանչեց Գէեզիին. Կանչիր այդ Սունամացի կնկան. եւ նա նորան կանչեց. եւ կինն էլ եկաւ նորա մօտ. եւ նա ասեց. Առ երեխադ։ Եւ կինը եկաւ ու ընկաւ նորա ոտքերը եւ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ, եւ իր որդին առաւ եւ գնաց»։
Ինչպես Սարեփթայում բնակվող այրին, սունամացի կինը նույնպես գիտեր, որ իր հետ տեղի ունեցածը Աստծու ուժի ներգործության արդյունք էր։ Երկու կանայք էլ մեծ ուրախություն ապրեցին, երբ Աստված կյանքի կոչեց նրանց սիրելի զավակներին։
Հարության դեպքեր Հիսուսի ծառայության ընթացքում
Հարության մեկ ուրիշ դեպք տեղի ունեցավ վերոհիշյալ իրադարձություններից գրեթե 900 տարի անց Սունամից մի փոքր դեպի հյուսիս գտնվող Նային քաղաքի մոտ։ Երբ Հիսուսն ու նրա աշակերտները ճանապարհորդում էին Կափառնայումից և մոտենում էին Նայինի դարպասներին, նրանք հանդիպեցին թաղման թափորի։ Հիսուսի ուշադրությունը գրավեց իր միակ որդուն կորցրած այրի կինը։ Նա ասաց կնոջը. «Մի՛ լացիր»։ Այնուհետև, ինչպես նկարագրում է բժիշկ Ղուկասը, «[Հիսուսը] մօտ եկաւ՝ դագաղին դպաւ. եւ տանողները կանգնեցին. եւ ասեց. Երիտասարդ, քեզ եմ ասում՝ Վեր կաց։ Եւ մեռելը վեր կացաւ, նստեց եւ սկսեց խօսել. եւ նորան տուաւ իր մօրը» (Ղուկաս 7։14, 15)։ Այս հրաշքի ականատեսները փառաբանեցին Աստծուն։ Լուրն այդ մասին տարածվեց ողջ Հրեաստանում և մերձակա շրջաններում։ Հետաքրքրիր է, որ այդ բանը լսելով՝ Հովհաննես Մկրտչի աշակերտները գնացին նրա մոտ և պատմեցին տեղի ունեցած հրաշքը։ Վերջինս իր աշակերտներին ուղարկեց Հիսուսի մոտ՝ հարցնելով, թե նա է արդյոք խոստացյալ Մեսիան։ Ի պատասխան՝ Հիսուսն ասաց. «Գնացէք Յովհաննէսին պատմեցէք ինչ որ տեսաք եւ լսեցիք. որ կոյրերը տեսնում են, կաղերը գնում են, բորոտները սրբվում են, խուլերը լսում են, մեռելները յարութիւն են առնում, աղքատներին աւետարան է քարոզվում» (Ղուկաս 7։22)։
Հիսուսի միջոցով կատարված հարության ամենահայտնի դեպքը տեղի է ունեցել նրա մտերիմ ընկերոջ՝ Ղազարոսի հետ։ Հիսուսն ուշացել էր և տեղ էր հասել այն ժամանակ, երբ Ղազարոսն արդեն մահացած էր։ Երբ նա ի վերջո եկավ Բեթանիա, Ղազարոսի մահից անցել էր չորս օր։ Հիսուսը պատվիրեց, որ նրա գերեզմանի մուտքին դրված քարը մի կողմ տանեն, բայց Մարթան առարկեց՝ ասելով. «Տէր, արդէն հոտած է. որովհետեւ չորս օրուայ է» (Յովհաննէս 11։39)։ Սակայն Ղազարոսի մարմնի քայքայումը խոչընդոտ չհանդիսացավ հարության համար։ Հիսուսի հրամանով՝ «մեռելը դուրս եկաւ՝ ոտները եւ ձեռքերը պատանով կապած, եւ երեսը վարշամակով պատած»։ Հետագայում նրա թշնամիների ձեռնարկած քայլերը փաստեցին, որ կյանքի վերադարձած անհատը իրոք Ղազարոսն էր (Յովհաննէս 11։43, 44; 12։1, 9–11)։
Ի՞նչ եզրակացության կարող ենք գալ հարության մասին պատմող այս չորս արձանագրություններից։ Հարություն առած անհատներից յուրաքանչյուրը կյանքի կոչվելուց հետո նույն անձնավորությունն էր։ Յուրաքանչյուրին էլ ճանաչեցին, նույնիսկ՝ իրենց ամենամոտ հարազատները։ Նրանցից ոչ մեկը չասաց, թե այն կարճ ժամանակամիջոցում, երբ մահացած էր, իր հետ ինչ–որ բան տեղի ունեցավ։ Ոչ մեկը չպատմեց ուրիշ աշխարհ ճանապարհորդելու մասին։ Բոլորն էլ, ակներևաբար, վերակենդանանալուց հետո առողջ էին։ Նրանց համար մահը նման էր քնելուն և արթնանալուն, ինչպես որ նշել էր Հիսուսը (Յովհաննէս 11։11)։ Այնուամենայնիվ, որոշ ժամանակ անց նրանք բոլորն էլ դարձյալ մահացան։
Հանդիպում մահացած հարազատների հետ. փառահեղ հեռանկար
Նախորդ հոդվածում հիշատակված Օուենի ողբերգական մահից կարճ ժամանակ անց նրա հայրը այցելեց իր հարևաններից մեկին։ Այնտեղ՝ սեղանի վրա, նա մի թերթիկ տեսավ, որում հրավեր էր տրվում ներկա լինել Եհովայի վկաների կողմից կազմակերպված մի ելույթի։ Ելույթի վերնագիրը՝ «Որտե՞ղ են մահացածները», հետաքրքրեց Օուենի հորը։ Դա հենց այն հարցն էր, որը հանգիստ չէր տալիս նրան։ Այդ տղամարդը ներկա եղավ ելույթին ու իսկական մխիթարություն ստացավ Աստվածաշնչից։ Նա իմացավ, որ մահացածները չեն տառապում։ Դժոխքի կրակների մեջ տանջվելու կամ էլ երկնքում Աստծու հրեշտակը լինելու փոխարեն՝ մահացածները, այդ թվում Օուենը, գտնվում են գերեզմանում։ Նրանք այնտեղ կմնան մինչև այն ժամանակը, երբ հարություն ստանալով՝ դարձյալ կկենդանանան (Ժողովող 9։5, 10; Յակոբոս 5։20)։
Ձեր ընտանիքում նո՞ւյնպես հանկարծահաս ողբերգություն է տեղի ունեցել։ Օուենի հոր նման ցանկանո՞ւմ եք իմանալ, թե որտեղ են հիմա ձեր մահացած հարազատները, և թե հնարավոր կլինի մի օր տեսնել նրանց։ Եթե այո, մենք առաջարկում ենք ձեզ ավելի հանգամանորեն ծանոթանալ հարության մասին աստվածաշնչյան ուսմունքին։ Միգուցե ձեզ հետաքրքրում է հետևյալ հարցը. «Ե՞րբ տեղի կունենա հարությունը և ո՞ւմ օգուտ կբերի»։ Այս և ուրիշ հարցերի պատասխանները ստանալու համար կարդացեք հաջորդ հոդվածները։
[ծանոթագրություն]
a Տե՛ս Եհովայի վկաների կողմից հրատարակված «Մարդկությունը՝ Աստծուն որոնելու ճանապարհին» գիրքը, էջ 150–154, անգլ.։
[նկար 5–րդ էջի վրա]
Եղիան Եհովային խնդրեց կենդանություն տալ տղային
[նկար 5–րդ էջի վրա]
Եհովան Եղիսեի միջոցով հարություն տվեց սունամացի կնոջ որդուն
[նկար 6–րդ էջի վրա]
Հիսուսը հարություն տվեց Նայինում բնակվող այրի կնոջ որդուն
[նկար 7–րդ էջի վրա]
Հարության շնորհիվ մարդիկ դարձյալ կմիանան իրենց մահացած հարազատներին