Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w05 1/1 էջ 12–17
  • Ուսուցանված՝ հիմնովին վկայություն տալու

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ուսուցանված՝ հիմնովին վկայություն տալու
  • 2005 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Եռամյա ուսուցում
  • Հոգատարություն մարդկանց հանդեպ
  • Սիրուց մղված
  • Կենտրոնացած լինենք ճիշտ նպատակակետի վրա
  • Հակառակություն, բայց ոչ խոչընդոտ
  • Թագավորությունը հարատև օգուտներ կբերի
  • Սովորենք Հիսուսի օրինակից
  • Հիսուս Քրիստոսը՝ Հավատարիմ Վկան
    Եհովայի վկաներ. Աստծու Թագավորությունը հռչակողները
  • Մեծ ուսուցիչն ավելի պարզ պատկերացում է տալիս Ստեղծիչի մասին
    Գոյություն ունի՞ արդյոք հոգատար Ստեղծիչ
  • Աստվածաշնչի գիրք համար 43. Հովհաննես
    «Ամբողջ Գիրքը ներշնչված է Աստծուց և օգտակար է»
  • «Գնացեք և.... մարդկանց օգնեք աշակերտներ դառնալ»
    «Եկ ու իմ հետևորդը դարձիր»
Ավելին
2005 Դիտարան
w05 1/1 էջ 12–17

Ուսուցանված՝ հիմնովին վկայություն տալու

«Իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը» (ԳՈՐԾՔ 1։8)։

1, 2. Ի՞նչ հանձնարարություն էր ստացել Պետրոսը, և ո՞վ էր այդ հանձնարարությունը տվել նրան։

«ՀԻՍՈՒՍ[Ը] որ Նազարէթիցն է, .... պատվիրեց մեզ ժողովրդին քարոզել՝ եւ [«հիմնովին», ՆԱ] վկայութիւն դնել, թէ ինքն է Աստուածանից սահմանուած դատաւորը մեռելներին եւ կենդանիներին» (Գործք 10։38, 42)։ Այս խոսքերով Պետրոս առաքյալը Կոռնելիոսին և նրա ընտանիքին բացատրեց, թե ինչպես էր ավետարանելու հանձնարարություն ստացել։

2 Ե՞րբ էր Հիսուսը տվել այդ հանձնարարությունը։ Ըստ երևույթին, Պետրոսը նկատի ուներ այն, ինչ ասել էր Հիսուսը երկինք համբարձվելուց անմիջապես առաջ։ Այդ ժամանակ Հիսուսն իր հավատարիմ աշակերտներին ասել էր. «Իմ վկաները կ’լինիք Երուսաղէմումը եւ բոլոր Հրէաստանի եւ Սամարիայի մէջ մինչեւ երկրի ծայրերը» (Գործք 1։8)։ Սակայն Պետրոսը դրանից առաջ արդեն գիտեր, որ ինքը, լինելով Քրիստոսի աշակերտը, պետք է խոսեր ուրիշների հետ Հիսուսի հանդեպ ունեցած իր հավատի մասին։

Եռամյա ուսուցում

3. Ի՞նչ հրաշք գործեց Հիսուսը, և ի՞նչ հրավեր նա տվեց Պետրոսին ու Անդրեասին։

3 Մ. թ. 29 թ.–ին՝ մկրտվելուց մի քանի ամիս անց, Հիսուսը քարոզում էր Գալիլեայի ծովի ափին, որտեղ Պետրոսն ու նրա եղբայր Անդրեասը ձկնորսությամբ էին զբաղվում։ Նրանք ողջ գիշեր փորձել էին ձուկ որսալ, բայց ապարդյուն։ Այնուհանդերձ, Հիսուսն ասաց Պետրոսին. «Նաւը դէպի խորը տար, եւ ձեր ուռկանները գցեցէք որսի»։ Երբ նրանք Հիսուսի ասածի պես արեցին, «ձկների մի մեծ բազմութիւն ներս փակեցին, եւ նորանց ուռկանը պատառվում էր»։ Տեսնելով այդ հրաշքը՝ Պետրոսը վախեցավ, բայց Հիսուսը հանգստացրեց նրան՝ ասելով. «Մի վախենար՝ այսուհետեւ մարդիկ որսող կ’լինես» (Ղուկաս 5։4–10)։

4. ա) Հիսուսն ինչպե՞ս պատրաստեց իր աշակերտներին վկայություն տալու։ բ) Ի՞նչ կարելի է ասել Հիսուսի աշակերտների ծառայության մասին՝ համեմատած նրա կատարած ծառայության հետ։

4 Պետրոսն ու Անդրեասը, ինչպես նաև Հակոբոսն ու Հովհաննեսը՝ Զեբեդեոսի որդիները, անմիջապես թողեցին իրենց նավերը և Հիսուսի հետևից գնացին։ Գրեթե երեք տարի նրանք ընկերակցեցին Հիսուսին քարոզչական ծառայության մեջ, և նա սովորեցրեց նրանց ավետարանել (Մատթէոս 10։7; Մարկոս 1։16, 18, 20, 38; Ղուկաս 4։44; 10։9)։ Մ.թ. 33–ի նիսանի 14–ին, երբ նրանց ուսուցումը մոտենում էր ավարտին, Հիսուսն ասաց. «Ինձ հաւատացողը այն գործերն որ ես գործում եմ, նա էլ կ’գործէ, եւ նորանցից էլ աւելի մեծ բաներ կ’գործէ» (Յովհաննէս 14։12)։ Հիսուսի աշակերտները հիմնովին վկայություն էին տալու, ինչպես ինքն արեց, բայց ավելի մեծ մասշտաբով։ Շուտով նրանք իմացան, որ իրենք և բոլոր նրանք, ովքեր ապագայում աշակերտներ էին դառնալու, պետք է «բոլոր ազգեր[ին]» վկայություն տային մինչև «աշխարհքի վերջը» (Մատթէոս 28։19, 20)։

5. Ինչպե՞ս կարող ենք օգուտներ քաղել իր հետևորդներին տված Հիսուսի ուսուցումից։

5 Մենք ապրում ենք ներկա համակարգի վերջին օրերում (Մատթէոս 24։3)։ Ճիշտ է, այսօր մենք չենք կարող այն առաջին աշակերտների նման ընկերակցել Հիսուսին և տեսնել, թե ինչպես է նա քարոզում, բայց կարող ենք օգուտներ քաղել իր տված ուսուցումից՝ ընթերցելով Աստվածաշնչում այն մասին, թե ինչպես է նա քարոզել և ինչ հրահանգներ է տվել իր հետևորդներին (Ղուկաս 10։1–11)։ Այս հոդվածում կքննարկենք մի կարևոր դաս, որ Հիսուսը սովորեցրեց իր աշակերտներին. ինչպիսի վերաբերմունք է հարկավոր ունենալ քարոզչական գործի հանդեպ։

Հոգատարություն մարդկանց հանդեպ

6, 7. Ո՞ր հատկության շնորհիվ էր Հիսուսի ծառայությունը արդյունավետ, և այս հարցում ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել նրան։

6 Ի՞նչն է պատճառը, որ Հիսուսի տված վկայությունն այդքան արդյունավետ էր։ Պատճառներից մեկն այն է, որ նա խորապես հետաքրքրվում էր մարդկանցով և հոգատարություն դրսևորում նրանց հանդեպ։ Սաղմոսերգուն կանխագուշակել էր, որ Հիսուսը ‘խղճալու էր տկարին ու խեղճին և խեղճերի անձերը ապրեցնելու էր’ (Սաղմոս 72։13)։ Ինչ խոսք, նա կատարեց այդ մարգարեությունը։ Աստվածաշունչը մի դեպք նկարագրելիս հետևյալն է ասում. «Նա ժողովուրդներին տեսնելով, գթաց նորանց վերայ, որ յոգնած եւ ցիրուցան եղած էին, ինչպէս ոչխարներ որ հովիւ չ’ունին» (Մատթէոս 9։36)։ Նույնիսկ մեծ մեղքեր գործած մարդիկ զգում էին նրա հոգատարությունը և ձգվում դեպի նա (Մատթէոս 9։9–13; Ղուկաս 7։36–38; 19։1–10)։

7 Մեր ծառայությունը կարող է արդյունավետ լինել, եթե մենք էլ նույնանման հոգատարություն դրսևորենք մարդկանց հանդեպ։ Մինչ ծառայության դուրս գալը ինչո՞ւ մի քանի րոպե չխորհրդածես, թե որքան անհրաժեշտ է մարդկանց այն տեղեկությունը, որ հայտնելու ես նրանց։ Մտածիր նրանց խնդիրների մասին, որոնք միայն Աստծո Թագավորությունը կարող է լուծել։ Վճռիր դրական տրամադրվածություն ունենալ բոլորի հանդեպ, քանի որ չգիտես, թե նրանցից որ մեկը կարձագանքի քո լուրին։ Գուցե հաջորդ մարդը, որին մոտենում ես, դրանից առաջ աղոթել է, որ քեզ նման ինչ–որ մեկը գա և օգնի իրեն։

Սիրուց մղված

8. Ինչպես Հիսուսին, այնպես էլ նրա հետևորդներին ի՞նչն է մղում քարոզել բարի լուրը։

8 Հիսուսի հռչակած բարի լուրը Եհովայի կամքի իրագործման, Նրա անվան սրբացման և իշխանության արդարացման մասին էր. ամենակարևոր հարցերը, որ դրված են մարդկության առջև (Մատթէոս 6։9, 10)։ Հոր հանդեպ ունեցած սերը Հիսուսին մղեց մինչև վերջ պահել անարատությունը և հիմնովին վկայություն տալ Թագավորության մասին, որը լուծում էր տալու այդ հարցերին (Յովհաննէս 14։31)։ Քանի որ Հիսուսի հետևորդներն էլ սիրում են Եհովային, նրանք ջանասիրությամբ են մասնակցում ծառայությանը։ Հովհաննես առաքյալն ասաց. «Սա է Աստուծոյ սէրը որ նորա պատուիրանքները պահենք»։ Այդ պատվիրանների մեջ է մտնում նաև բարի լուրը քարոզելու և աշակերտներ պատրաստելու հանձնարարությունը (Ա Յովհաննէս 5։3; Մատթէոս 28։19, 20)։

9, 10. Աստծո սիրուց բացի ուրիշ ի՞նչ սեր է մղում մեզ հիմնովին վկայություն տալ։

9 Հիսուսն իր հետևորդներին ասել է. «Եթէ ինձ սիրում էք, իմ պատուիրանքները պահեցէք։ Ով որ իմ պատուիրանքներն ունի եւ նորանց պահում է, նա է ինձ սիրողը» (Յովհաննէս 14։15, 21)։ Ուստի Հիսուսի հանդեպ սերը պետք է մղի մեզ վկայություն տալ ճշմարտության մասին և կատարել մյուս բոլոր բաները, որ նա պատվիրել է։ Հարություն առնելուց հետո մի անգամ, երբ Հիսուսը հայտնվել էր իր աշակերտներին, Պետրոսին ասաց. «Արածեցրու իմ գառները .... Արածեցրու իմ ոչխարները .... Արածեցրու իմ ոչխարները»։ Ի՞նչը պետք է մղեր Պետրոսին կատարելու այդ հանձնարարությունը։ Հիսուսը ցույց տվեց պատասխանը, երբ մի քանի անգամ Պետրոսին հարցրեց. «Սիրո՞ւմ ես ինձ.... Սիրո՞ւմ ես ինձ.... Սիրո՞ւմ ես ինձ»։ Այո, Հիսուսի հանդեպ Պետրոսի սերն էր, որ պետք է մղեր նրան հիմնովին վկայություն տալ, գտնել Հիսուսի ‘գառներին’ և լինել նրանց հոգևոր հովիվը (Յովհաննէս 21։15–17)։

10 Այսօր մենք անհատապես ծանոթ չենք Հիսուսին, ինչպես Պետրոսը։ Սակայն մենք լավ հասկանում ենք, թե ինչ է արել Հիսուսը մեզ համար։ Մեր սրտերը ազդվում են այն մեծ սիրուց, որ մղեց նրան «ամենի համար մահը ճաշակ[ել]» (Եբրայեցիս 2։9; Յովհաննէս 15։13)։ Մենք ունենք այն նույն զգացումը, որ Պողոսն ուներ, երբ գրեց. «Քրիստոսի սէրը ստիպում է մեզ.... [Նա] ամենի համար մեռաւ, որ կենդանի լինողները այլ եւս ոչ թէ իրանց անձերի համար կենդանի լինեն, այլ նորա համար» (Բ Կորնթացիս 5։14, 15)։ Մենք ցույց ենք տալիս, որ բարձր ենք գնահատում Հիսուսի սերը, և մեր հերթին սիրում ենք նրան՝ լրջորեն վերաբերվելով հիմնովին վկայություն տալու նրա հանձնարարությանը (Ա Յովհաննէս 2։3–5)։ Երբեք չպետք է անտարբերությամբ կատարենք քարոզչական գործը. չէ՞ որ մենք չենք ցանկանում Հիսուսի զոհաբերությունը համարել սովորական մի բան (Եբրայեցիս 10։29)։

Կենտրոնացած լինենք ճիշտ նպատակակետի վրա

11, 12. Ի՞նչ նպատակով էր Հիսուսը եկել աշխարհ, և նա ինչպե՞ս ցույց տվեց, որ դա ամենակարևոր գործն էր իր համար։

11 Երբ Հիսուսը կանգնած էր Պոնտացի Պիղատոսի առջև, ասաց. «Ես դորա համար եմ ծնուել եւ եկել աշխարհք, որ ճշմարտութեանը վկայեմ» (Յովհաննէս 18։37)։ Հիսուսը թույլ չտվեց, որ որևէ բան շեղի նրան ճշմարտության մասին վկայելուց։ Դա էր Աստծո կամքը նրա նկատմամբ։

12 Սատանան, անշուշտ, փորձեց Հիսուսին այս հարցում։ Հիսուսի մկրտությունից շատ չանցած Սատանան առաջարկեց դարձնել նրան նշանավոր մարդ, տալ «աշխարհքի բոլոր թագաւորութիւնները եւ նորանց փառքը» (Մատթէոս 4։8, 9)։ Ավելի ուշ հրեաները ցանկացան նրան թագավոր դարձնել (Յովհաննէս 6։15)։ Ոմանք գուցե մտածեն, որ մարդկության համար ավելի օգտակար կլիներ, եթե Հիսուսն ընդունած լիներ այդ առաջարկները, հավանաբար պատճառաբանելով, որ Հիսուսը, լինելով թագավոր, կկարողանար ավելի շատ բան անել նրանց համար։ Սակայն Հիսուսը մերժեց այդ տեսակ մտածելակերպը։ Նրա համար ճշմարտության մասին վկայություն տալը ամենակարևոր գործն էր։

13, 14. ա) Ի՞նչը չկարողացավ շեղել Հիսուսին իր գլխավոր նպատակից։ բ) Թեև Հիսուսը նյութապես աղքատ էր, սակայն նա ի՞նչ արեց։

13 Բացի այդ, Հիսուսին չշեղեց հարստություն ձեռք բերելու հնարավորությունը։ Արդյունքում՝ նա չէր ապրում բարեկեցիկ կյանքով։ Նա նույնիսկ իր սեփական տունը չուներ։ Մի առիթով նա ասաց. «Աղուէսները որջեր ունին, եւ երկնքի թռչունները՝ բոյներ. բայց մարդի Որդին տեղ չ’ունի որ իր գլուխը դնէ» (Մատթէոս 8։20)։ Երբ Հիսուսը մահացավ, նրա ունեցած արժեքավոր միակ իրը, որի մասին գրվել է, դա հանդերձն էր, որի վրա հռոմեական զինվորները վիճակ գցեցին (Յովհաննէս 19։23, 24)։ Մի՞թե Հիսուսն իր կյանքն իզուր էր ապրել։ Բոլորովի՛ն։

14 Հիսուսն ավելին արեց, քան ամենահարուստ բարերարը կարող էր երբևէ անել։ Պողոսն ասաց. «[Դուք] գիտէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացաւ նա՝ որ հարուստ էր, որ դուք նորա աղքատութիւնովը հարստանաք» (Բ Կորնթացիս 8։9; Փիլիպպեցիս 2։5–8)։ Թեպետ Հիսուսը նյութապես աղքատ էր, բայց նա հնարավոր դարձրեց խոնարհ մարդկանց համար ապրել կատարյալ կյանքով հավիտյան։ Որքա՜ն երախտապարտ ենք նրան։ Եվ որքա՜ն ուրախ ենք, որ նա ստացավ իր վարձատրությունը, քանի որ Աստծո կամքն անելը ամենակարևոր նպատակը դարձրեց իր կյանքում (Սաղմոս 40։8; Գործք 2։32, 33, 36)։

15. Ի՞նչն է հարստությունից ավելի արժեքավոր։

15 Քրիստոնյաները, որոնք այսօր ձգտում են նմանվել Հիսուսին, նույնպես թույլ չեն տալիս, որ հարստությունը շեղի իրենց (Ա Տիմոթէոս 6։9, 10)։ Նրանք հասկանում են, որ հարստությունը կարող է կյանքը բարեկեցիկ դարձնել, բայց նաև գիտեն, որ այն չի կարող ապահովագրել իրենց հավիտենական ապագան։ Երբ քրիստոնյան մահանում է, նրա նյութական հարստությունը այլևս ոչ մի արժեք չի ունենում նրա համար, ինչպես Հիսուսի հանդերձը արժեք չուներ նրա համար մահանալուց հետո (Ժողովող 2։10, 11, 17–19; 7։12)։ Երբ քրիստոնյան մահանում է, միակ բանը, որ իրական արժեք ունի, դա Եհովայի և Հիսուս Քրիստոսի հետ ունեցած նրա փոխհարաբերություններն են (Մատթէոս 6։19–21; Ղուկաս 16։9)։

Հակառակություն, բայց ոչ խոչընդոտ

16. Հիսուսն ինչպե՞ս արձագանքեց հակառակությանը։

16 Հակառակությունը չկարողացավ Հիսուսին շեղել ճշմարտության մասին վկայելուց։ Նույնիսկ այն բանի գիտակցումը, որ իր երկրային ծառայությունը ավարտվելու էր զոհաբերական մահով, չվհատեցրեց Հիսուսին։ Նրա մասին Պողոսն ասաց. «[«Իր առջեւ կեցած ուրախութեանը համար», ԱԱ] խաչը յանձն առաւ, եւ ամօթն արհամարհելով՝ Աստուծոյ աթոռի աջ կողմը նստեց» (Եբրայեցիս 12։2)։ Ուշադրություն դարձրու, որ Հիսուսը ‘ամոթն արհամարհեց’։ Նրան չէր անհանգստացնում, թե իր հակառակորդներն ինչ կմտածեին իր մասին։ Նրա համար շատ ավելի կարևոր էր Աստծո կամքը կատարելը։

17. Ի՞նչ կարող ենք սովորել Հիսուսի տոկունությունից։

17 Ցույց տալով, թե ինչ դաս կարող ենք սովորել Հիսուսի տոկունությունից՝ Պողոսը քրիստոնյաներին քաջալերում է. «Միտք բերէք զանիկա, որ այսպէս համբերեց մեղաւորներուն իրեն դէմ հակառակ խօսելուն, որ չըլլա՛յ թէ ձեր անձովը յոգնիք ու թուլնաք» (Եբրայեցիս 12։3, ԱԱ)։ Ինչ խոսք, ամեն օր հակառակության բախվելը կամ ծաղր ու ծանակի ենթարկվելը կարող է հոգնեցուցիչ լինել։ Կարող ենք հոգնել նաև աշխարհի հրապուրանքներին շարունակ դիմադրելուց, հատկապես երբ հարազատները ճնշում են բանեցնում մեզ վրա՝ խրախուսելով, որ ձգտենք աշխարհում հաջողություններ ունենալ։ Սակայն, Հիսուսի նման, մենք Եհովայից օգնություն ենք խնդրում, որպեսզի շարունակենք Թագավորության շահերը կյանքում առաջին տեղում դնել (Մատթէոս 6։33; Հռովմայեցիս 15։13; Ա Կորնթացիս 2։4)։

18. Ի՞նչ կարևոր դաս ենք սովորում Պետրոսին ուղղված Հիսուսի խոսքերից։

18 Հիսուսի՝ նպատակակետից չշեղվելու վճռականությունը երևաց նաև այն ժամանակ, երբ նա հայտնեց իր աշակերտներին իր մահվան մասին։ Պետրոսը նրան ասաց. «Քաւ լիցի քեզ, Տէ՛ր, այդ չ’լինի քեզ»։ Սակայն Հիսուսը մերժեց լսել որևէ բան, որը կարող էր թուլացնել Եհովայի կամքը կատարելու իր վճռականությունը։ Նա շրջվեց Պետրոսից և ասաց. «Յետս գնա, սա՛տանայ, դու գայթակղութիւն ես ինձ. որովհետեւ դու միտք չես անում Աստուծոյ՝ այլ մարդկանց բաները» (Մատթէոս 16։21–23)։ Թող որ մենք էլ նրա պես միշտ վճռական լինենք՝ մերժելու մարդկանց կարծիքները և փոխարենը՝ միշտ առաջնորդվենք Աստծո տեսակետով։

Թագավորությունը հարատև օգուտներ կբերի

19. Չնայած Հիսուսը բազում հրաշքներ էր գործում՝ ի՞նչն էր նրա ծառայության մեջ զբաղեցնում ամենակարևոր տեղը։

19 Հիսուսը բազում հրաշքներ գործեց, որոնք ցույց էին տալիս, որ ինքն է Մեսիան։ Նա նույնիսկ մահացած մարդկանց հարություն տվեց։ Այդ հրաշքները գրավում էին մարդկանց ուշադրությունը, սակայն Հիսուսը չէր եկել երկիր՝ զբաղվելու սոցիալական հարցերով։ Նա եկել էր ճշմարտության մասին վկայելու։ Նա գիտեր, որ ցանկացած նյութական բարիք, որ անում էր մարդկանց, ժամանակավոր էր։ Նույնիսկ հարություն առած մարդիկ նորից պետք է մահանային։ Միայն ճշմարտության մասին վկայելով էր, որ նա կարող էր օգնել մարդկանց հավիտենական կյանք ստանալ (Մատթէոս 16։21–23)։

20, 21. Բարի գործեր կատարելու մեջ ճշմարիտ քրիստոնյաներն ինչպիսի՞ հավասարակշռություն են պահպանում։

20 Այսօր որոշ անհատներ փորձում են Հիսուսի բարի գործերը ընդօրինակել՝ աղքատների համար հիվանդանոցներ բացելով կամ ուրիշ սոցիալական աշխատանք կատարելով։ Երբեմն նրանք դա անում են մեծ զոհողությունների գնալով։ Ինչ խոսք, նրանց անկեղծությունը գովելի է։ Բայց ինչ օգնություն էլ որ նրանք ցույց տան, դա միայն ժամանակավոր բնույթի է։ Միայն Աստծո Թագավորությունն է, որ կարող է հարատև օգուտներ բերել։ Ուստի Եհովայի վկաները, Հիսուսի նման, ջանքեր են գործադրում, որպեսզի վկայեն այդ Թագավորության մասին ճշմարտությունը։

21 Իհարկե, ճշմարիտ քրիստոնյաները ուրիշ բարի գործեր էլ են կատարում։ Պողոս առաքյալը գրեց. «Քանի որ ժամանակ ունինք, բարի գործենք ամենին, մանաւանդ հաւատքի ընտանիներին» (Գաղատացիս 6։10)։ Դժվար ժամանակներում կամ երբ ինչ–որ մեկը կարիքի մեջ է լինում, մենք շտապում ենք ‘բարին գործել’ և՛ մեր դրացու, և՛ մեր քրիստոնյա եղբոր հանդեպ։ Այնուամենայնիվ, մեզ համար ամենակարևոր գործը ճշմարտության մասին վկայություն տալն է։

Սովորենք Հիսուսի օրինակից

22. Քրիստոնյաներն ինչո՞ւ են քարոզում իրենց շրջապատի մարդկանց։

22 Պողոսը գրեց. «Վայ է ինձ, եթէ աւետարանը չ’քարոզեմ» (Ա Կորնթացիս 9։16)։ Նա անտարբերությամբ չէր վերաբերվում բարի լուրին, քանի որ այդ լուրը քարոզելուց էր կախված ինչպես իր, այնպես էլ իրեն լսողների կյանքը (Ա Տիմոթէոս 4։16)։ Մենք նույն վերաբերմունքն ունենք ծառայության հանդեպ։ Մենք ցանկանում ենք օգնել մեր շրջապատի մարդկանց, ուզում ենք սեր ցույց տալ Եհովայի նկատմամբ, նաև փաստել մեր սերը Հիսուսի հանդեպ և մեր գնահատանքը նրա դրսևորած մեծ սիրո համար։ Ուստի մենք քարոզում ենք բարի լուրը և այդպիսով ապրում «ոչ թէ մարդկանց ցանկութիւնների պէս, այլ Աստուծոյ կամքի» (Ա Պետրոս 4։1, 2)։

23, 24. ա) Ի՞նչ դաս ենք սովորում հրաշքով ձուկ բռնելու դեպքից։ բ) Ովքե՞ր են այսօր հիմնովին վկայություն տալիս։

23 Հիսուսի նման՝ մենք չենք շեղվում մեր կարևոր գործից, երբ ուրիշները ծաղրում են մեզ կամ զայրացած մերժում մեր լուրը։ Մենք դաս ենք քաղում այն հրաշքից, որ Հիսուսը կատարեց, երբ Պետրոսին ու Անդրեասին հրավիրեց հետևել իրեն։ Մենք հասկանում ենք, որ եթե հնազանդվենք Հիսուսին և մեր ուռկանը նետենք այնտեղ, որտեղ թվում է, թե ձուկ չկա, մեր ծառայությունը կարող է լավ արդյունքներ ունենալ։ Շատ քրիստոնյաներ մեծ արդյունքների են հասել տարիներ շարունակ ծառայելով անպտուղ թվացող տարածքներում։ Ոմանք էլ կարողացել են տեղափոխվել ուրիշ վայրեր, որտեղ «ձկնորսությունն» ավելի արդյունավետ է, և բազմաթիվ «ձկներ» են բռնել։ Ինչպիսին էլ որ լինեն մեր հանգամանքները, մենք չենք դադարեցնի մեր ուռկանները նետել։ Մենք գիտենք, որ Հիսուսը դեռևս չի ասել, թե երկրի որևէ մասում քարոզչական գործն ավարտված է (Մատթէոս 24։14)։

24 Այժմ վեց միլիոնից ավել Եհովայի վկաներ քարոզում են ավելի քան 230 երկրներում։ 2005 թ. փետրվարի 1–ի «Դիտարանում» կտպագրվի Եհովայի վկաների 2004 թ. ծառայողական տարվա համաշխարհային հաշվետվությունը։ Այդ հաշվետվությունից կտեսնենք, թե ինչպես է Եհովան առատորեն օրհնել քարոզչական ծառայությունը։ Մինչև այս համակարգի վախճանը մնացած ժամանակի ընթացքում եկե՛ք շարունակենք հետևել Պողոսի խոսքերին. «Քարոզի՛ր Աստծու խօսքը, շարունա՛կ յայտարարիր այն» (Բ Տիմոթէոս 4։2, ԷԹ)։ Եկե՛ք շարունակենք հիմնովին վկայություն տալ, մինչև Եհովան ասի, որ գործն ավարտված է։

Starting this year, the Service Year Report of Jehovah’s Witnesses Worldwide will not appear in the January 1 issue of The Watchtower. It will be published instead in the February 1 issue.

Կարո՞ղ եք պատասխանել

• Ինչպե՞ս կարող ենք օգուտ քաղել աշակերտներին տված Հիսուսի ուսուցումից։

• Ինչպե՞ս էր Հիսուսը վերաբերվում այն մարդկանց, ում քարոզում էր։

• Ի՞նչն է մեզ մղում հիմնովին վկայություն տալ։

• Ինչպե՞ս կարող ենք Հիսուսի նման կենտրոնացած լինել Աստծո կամքը կատարելու վրա։

[նկար 15–րդ էջի վրա]

Մենք արդյունավետ կլինենք ծառայության մեջ, եթե Հիսուսի նման հոգատար լինենք մարդկանց հանդեպ

[նկար 16–րդ էջի վրա]

Հիսուսը երկիր եկավ գլխավորապես ճշմարտության մասին վկայելու համար

[նկարներ 17–րդ էջի վրա]

Եհովայի վկաների գլխավոր նպատակը հիմնովին վկայություն տալն է

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը