Համոզվիր, որ առաջնահերթությունը տալիս ես կարևորին
Ժողովի հանդիպման երեկոն է, բայց շատ գործ ունես։ Ի՞նչը առաջնահերթ կհամարես։
ԴՈՒ և հայր ես և ամուսի՞ն։ Մինչ աշխատանքային ծանր օրը մոտենում է իր ավարտին, մտքերդ արդեն երեկոյի համար պլանավորված ժողովի հանդիպմանն են դառնում։ Մտածում ես, որ, անմիջապես վերադառնալով տուն, կհասցնես ջրցող ընդունել, փոխել հագուստդ, արագ ճաշել ու գնալ ժողովի։ Բայց հանկարծ մոտենում է գործատերդ և խնդրում արտաժամյա որևէ աշխատանք կատարել։ Խոստանում է նաև դրա դիմաց լավ վճարել, իսկ ինքդ էլ դրամի կարիք ունես։
Կամ թերևս կին ես ու մայր։ Ընթրիքը պատրաստելիս աչքիդ է զարնում անարդուկ շորերի կույտը, որի մի մասը վաղը պետք է պատրաստ լինի։ «Եթե երեկոյան գնամ ժողովի, ե՞րբ կհասցնեմ այսքան գործն անել»,— մտածում ես։ Միայն վերջերս լիաժամ աշխատանքի անցնելուց հետո փորձում ես համատեղել տնային գործերդ ապրուստի համար գումար վաստակելու հետ։ Ինչ խոսք, դժվար է։
Ուսանո՞ղ ես։ Սենյակում՝ գրասեղանիդ վրա, քեզ են սպասում գրքերն ու մի ամբողջ շարք տնային աշխատանքներ։ Դրանց մեծամասնությունը վաղուց է հանձնարարված եղել, բայց շարունակ հետաձգել ես ու հիմա պետք է բոլորը միանգամից կատարես։ Ստիպված ես ժողովի չգնալու թույլտվություն խնդրել ծնողներիցդ, որպեսզի կատարես տնային աշխատանքներդ։
Ի՞նչը առաջնահերթ կհամարես. արտաժամյա աշխատա՞նքը, արդո՞ւկը, տնային աշխատա՞նքը, թե՞ ժողովի հանդիպումը... Հոգևոր առումով ի՞նչ է նշանակում առաջնահերթությունը տալ կարևորին։ Ո՞րն է այս հարցում Եհովայի տեսակետը։
Ի՞նչը պետք է առաջնահերթ լինի
Տասը պատվիրանները ստանալուց կարճ ժամանակ էր անցել, երբ իսրայելացիները գտան մեկին, որը շաբաթ օրով փայտ էր հավաքում։ Դա խիստ արգելված էր Օրենքով (Թուոց 15։32—34; Բ Օրինաց 5։12—15)։ Ինչպե՞ս կդատեիք այդ արարքը։ Կարդարացնեի՞ք նրան՝ պատճառաբանելով, թե շռայլորեն վատնելու համար չէր հավաքում, այլ ընտանիքի ամենաանհրաժեշտ կարիքները հոգալու համար։ Կասեի՞ք, թե տարվա մեջ շատ հնարավորություններ կան շաբաթը պահելու և մեկ բացթողումը (թերևս այդ մարդը թերացել էր նախօրոք պլանավորել) կարելի է ներել։
Եհովան այս հարցին բավականին լուրջ էր մոտենում։ «Եհովան,— տեղեկացնում է Աստվածաշունչը,— ասեց Մովսէսին. Այն մարդը անպատճառ պիտի մեռցնուի» (Թուոց 15։35)։ Ինչո՞ւ Աստված այդ աստիճանի խստությամբ արձագանքեց կատարվածին։
Ժողովրդի տրամադրության տակ վեց օր կար փայտ հավաքելու, կերակուր, հագուստեղեն պատրաստելու և նույնիսկ ապաստարան կառուցելու համար, իսկ յոթերորդ օրը նվիրված էր հոգևոր կարիքները հոգալուն։ Փայտ հավաքելն ինքնին սխալ չէր. Եհովայի երկրպագությանը հատկացված ժամանակը դրա վրա վատնելն էր սխալ։ Թեև քրիստոնյաներն այսօր Մովսիսական օրենքի տակ չեն, սակայն այս դեպքը դաս չէ՞ մեզ համար, որ հարկավոր է այսօր էլ ճիշտ առաջնահերթություն սահմանել (Փիլիպպեցիս 1։10)։
Քառասուն տարի անապատում անցկացնելուց հետո իսրայելացիները պատրաստ էին Խոստացյալ երկիրը մտնելու։ Ոմանք հոգնել էին Աստծո կողմից շարունակ մատակարարվող մանանայից և, ինչ խոսք, սպասում էին, թե երբ է փոփոխություն մտնելու իրենց սննդի մեջ։ Որպեսզի օգներ նրանց «կաթ ու մեղր բղխող երկիրը» մտնելիս ճիշտ տեսակետ ունենալ, Եհովան հիշեցրեց, որ «մարդը միայն հացով չէ, որ ապրում է, այլ մարդն ապրում է նաեւ այն ամէն խօսքով, որ ելնում է Աստծու բերանից» (Ելից 3։8; Բ Օրինաց 8։3, ԷԹ)։
Իսրայելացիները պետք է ծանր աշխատեին իրենց «կաթ ու մեղրի» համար։ Պետք էր բանակների դեմ հաղթանակ տանել, տներ կառուցել, դաշտեր մշակել։ Նույնիսկ այդ ժամանակ Եհովան պատվիրել էր ժողովրդին ամեն օր ժամանակ հատկացնել հոգևոր հարցերի շուրջը խորհելու համար։ Նրանք նաև պետք է ժամանակ գտնեին՝ իրենց երեխաներին Աստծո ճանապարհները սովորեցնելու։ Եհովան ասել էր. «Ձեր տղայոցը սովորեցնէք նորանք [իմ պատվիրանները], որ նորանցից խօսես տանդ նստած ժամանակդ, եւ ճանապարհ գնացած ժամանակդ եւ պառկելու եւ վեր կենալու ժամանակդ» (Բ Օրինաց 11։19)։
Տարին երեք անգամ յուրաքանչյուր իսրայելացի տղամարդ, ինչպես նաև բոլոր նորահավատ տղամարդիկ, պարտավոր էին ներկայանալ Եհովային։ Գիտակցելով, որ նման միջոցառումներից հոգևոր օգուտներ կարելի է քաղել՝ շատ ընտանիքներում տղամարդիկ իրենց կանանց ու երեխաների հետ էին ճամփորդում։ Բայց ո՞վ էր հոգ տանելու նրանց տներին ու դաշտերին, երբ ամբողջ ընտանիքը տանը չէր։ Եհովան խոստացել էր. «Ոչ ոք քո երկրին պիտի չ’ցանկանայ՝ տարին երեք անգամ քո Եհովայ Աստուծոյ առաջին երեւալու վեր ելած ժամանակդ» (Ելից 34։24)։ Իսրայելացիներին հարկավոր էր հավատալ՝ վստահություն ունենալու համար, որ հոգևոր հետաքրքրությունները առաջնահերթ տեղում դնելու դեպքում նրանք նյութապես չէին տուժի։ Եհովան հավատարիմ մնա՞ց իր խոսքին։ Անշուշտ, այո՛։
Նախ՝ Արքայությունը փնտրեք
Հիսուսն իր հետևորդներին սովորեցրեց հոգևոր արժեքներն ամեն ինչից առաջ դասել։ Իր՝ Լեռան քարոզում նա խորհուրդ տվեց իր ունկնդիրներին. «Հոգ մի՛ արէք ու ասէք՝ ի՞նչ պիտի ուտենք կամ ի՛նչ պիտի խմենք կամ ի՛նչ պիտի հագնենք.... նախ խնդրեցէ՛ք Աստծու արքայութիւնը եւ նրա արդարութիւնը, եւ այդ բոլորը [նյութական անհրաժեշտությունները] Աստուած ձեզ աւելիով կը տայ» (Մատթէոս 6։31, 33)։ Հիսուսի մահից կարճ ժամանակ անց նոր մկրտված քրիստոնյաները հետևեցին այս խորհրդին։ Նրանցից շատերը հրեաներ էին կամ հրեա նորահավատներ, որոնք մ.թ. 33–ին ուղևորվել էին Երուսաղեմ՝ Պենտեկոստեն տոնելու։ Ապա տեղի էր ունեցել անսպասելին։ Նրանք լսել էին Հիսուս Քրիստոսի մասին ավետիսը և ուրախությամբ ընդունել այն։ Ցանկանալով ավելին իմանալ իրենց նոր հավատի մասին, այդ մարդիկ մնացել էին Երուսաղեմում։ Չնայած պաշարները վերջանում էին, սակայն նյութականը երկրորդ պլան էր մղվել. նրանք գտել էին Մեսիային։ Նրանց քրիստոնյա եղբայրներն օգնում էին իրենց նյութական անհրաժեշտություններով, և բոլորը «յարատեւում էին առաքեալների ուսուցման.... ու աղօթքների մէջ» (Գործք 2։42)։
Ժամանակի ընթացքում քրիստոնյաներից ոմանք կորցրեցին իրենց հոգևոր արթնությունը եղբայրական կանոնավոր հանդիպումների նկատմամբ (Եբրայեցիս 10։23—25)։ Թերևս ձգտելով ֆինանսապես ապահովել իրենց և իրենց ընտանիքներին՝ նրանք աչքաթող արեցին հոգևորը և դարձան նյութապաշտ։ Հորդորելով եղբայրներին բաց չթողնել ժողովները՝ Պողոս առաքյալը գրեց. «Փողասիրութիւնը թող տեղ չունենայ ձեր մէջ, և ինչ որ ձեռք էք բերել, բաւարար համարեցէք, քանզի ինքն իսկ ասաց. «Քեզ չպիտի թողնեմ և ոչ էլ պիտի լքեմ» » (Եբրայեցիս 13։5)։
Պողոսի խորհուրդը շատ ժամանակահարմար էր։ Եբրայեցիներին ուղղված նամակը գրելուց հինգ տարի անց Կեստիոս Գալլոսի հռոմեական բանակը շրջապատեց Երուսաղեմը։ Հավատարիմ քրիստոնյաները մտաբերեցին Հիսուսի նախազգուշացումը, թե՝ «երբ տեսնէք [այս բաները].... ով տանիքի վրայ է, թող չիջնի եւ տուն չմտնի՝ այնտեղից բան վերցնելու. եւ ով արտի մէջ է, թող ետ չդառնայ՝ իր զգեստները վերցնելու» (Մարկոս 13։14—16)։ Նրանք գիտեին, որ փրկությունը կախված էր ոչ թե իրենց ունեցած աշխատանքից, կամ իրենց ունեցվածքից, այլ՝ Հիսուսի թողած հրահանգներին հնազանդվելուց։ Պողոսի խորհրդին արձագանքողների և առաջնահերթությունը հոգևոր հետաքրքրություններին տվողների համար, անկասկած, ավելի հեշտ էր թողնել տուն, աշխատանք, հագուստեղեն ու անձնական թանկարժեք իրեր և փախչել լեռները, քան այն մարդկանց համար, ովքեր դեռ չէին ձերբազատվել արծաթասիրությունից։
Ինչպես են ոմանք այսօր առաջնահերթությունը տալիս կարևորին
Այսօր հավատարիմ քրիստոնյաները գնահատում են իրենց եղբայրների ընկերակցությունը և շատերը հանդիպումներին հաճախելու համար զոհերի են գնում։ Որոշ տեղերում միակ մատչելի գործը հերթափոխային աշխատանքն է։ Եղբայրներից մեկը առաջարկել էր գործընկերներին իր փոխարեն աշխատել շաբաթ գիշերը (նրա շրջապատի մարդիկ այդ օրերին սովորաբար սիրում են հանգստանալ), իսկ եղբայրն, իր հերթին, աշխատում էր այն օրերին, երբ իրենց գործընկերը ժողով ուներ։ Ուրիշ եղբայրներ էլ հաճախում են աշխատանքի վայրին մոտ գտնվող ժողովները, եթե նրանց աշխատանքը թույլ չի տալիս ժամանակին հասնել ժողովներին։ Այս կերպով նրանք հիմնականում կարողանում են բաց չթողնել հանդիպումները։ Կանադայում ճշմարտությամբ նորերս հետաքրքրված մի կին շատ արագ գիտակցեց Աստվածապետական ծառայության դպրոցի և Ծառայողական հանդիպման կարևորությունը, սակայն նրա աշխատաժամանակը խանգարում էր հաճախել հանդիպումներին։ Այդ կինը որոշեց վճարել իր գործընկերոջը, որպեսզի վերջինս իր փոխարեն աշխատի, և ինքը ի վիճակի լինի մասնակցելու ժողովի այդ կարևոր հանդիպումներին։
Խրոնիկ հիվանդությամբ տառապող շատ մարդիկ նույնպես հազվադեպ են բաց թողնում ժողովի հանդիպումները։ Երբ անկարող են լինում ներկա գտնվել Թագավորության սրահում, ծրագիրը լսում են հաստատված հատուկ հեռախոսային կապով, կամ էլ հետո լսում են հանդիպման ձայնագրությունը։ Նրանք գովասանքի արժանի գնահատանք են ցուցաբերում «հաւատարիմ եւ իմաստուն ծառայի» միջոցով հայթայթված Եհովայի հոգևոր միջոցառումների հանդեպ (Մատթէոս 24։45)։ Իրենց տարեց ծնողներին խնամող քրիստոնյաները նույնպես բարձր են գնահատում եղբայրների կամ քույրերի օգնությունը, երբ նրանք առաջարկում են մնալ ծնողների հետ, որպեսզի հարազատները կարողանան հաճախել ժողովի հանդիպումներին։
Նախօրոք պլանավորեք
Իրենց հոգևոր կարիքները գիտակցող ծնողները օգնում են երեխաներին գնահատելու ժողովի հանդիպումները։ Որպես կանոն, նրանք պահանջում են, որ երեխաներն իրենց տնային աշխատանքը կատարեն հանձնարարված օրը, և թույլ չեն տալիս հետաձգել այն։ Ժողովի օրերին դպրոցից տուն գալուն պես երեխաները դասերն են պատրաստում։ Զբաղմունքներն ու այլ հետաքրքրությունները չպետք է խանգարեն ժողովի հանդիպումներին։
Դու ընտանիքի հայր ես և ամուսին. առաջնահերթությունը տալի՞ս ես արդյոք ժողովի հանդիպումներին։ Դու տանտիկին ես ու մայր, ջանո՞ւմ ես պատասխանատվություններդ այնպես պլանավորել, որ կարողանաս տանից դուրս գալ ժողովի գնալու համար։ Դպրոցական ես կամ ուսանող. տնային աշխատա՞նքդ ես հարմարեցնում ժողովների հետ, թե՞ ժողովները՝ տնային աշխատանքիդ։
Ժողովի հանդիպումները Եհովայի կողմից պատրաստված միջոցառումներ են։ Պետք է ամեն ջանք թափել այդ հանդիպումներին մասնակցելու համար։ Եհովան առատորեն կօրհնի քեզ, եթե առաջնահերթը առաջին տեղում դնես։