Զոհաբերություններ որոնք հաճելի են Աստծուն
«ԿՅԱՆՔԸ մահից է առաջ գալիս։ Այս հավատալիքն ունեին ացտեկները, որոնց սովորություններից էր մարդ զոհաբերելը։ Նրանց կատարած զոհերը աննախադեպ չափերի էին հասնում,— ասվում է «Հզոր ացտեկները» գրքում։— Պետության հզորանալու հետ մեկտեղ ավելի ու ավելի շատ արյուն էր թափվում, որպեսզի կարողանային պահպանել պետության հանդեպ ունեցած իրենց թույլ վստահությունը» («The Mighty Aztecs»)։ Իսկ մեկ ուրիշ հանրագիտարանում գրված է, որ ացտեկների կողմից կատարված մարդկային զոհաբերությունների թիվը տարեկան հասնում էր 20 000–ի։
Ողջ պատմության ընթացքում վախի և անորոշության կամ էլ մեղավորության ու զղջման զգացումը դրդել է մարդկանց իրենց աստվածներին տարբեր տեսակի զոհեր մատուցել։ Սակայն Աստվածաշունչը ցույց է տալիս, որ ամենակարող Եհովա Աստված զոհաբերությունների հետ կապված որոշակի կանոններ էր հաստատել։ Ուստի տեղին կլինի խորհել հետևյալ հարցերի շուրջ. «Ինչպիսի՞ զոհաբերություններն են հաճելի Աստծուն։ Պե՞տք է արդյոք, որ այսօր ընծաներն ու զոհաբերությունները երկրպագության մաս կազմեն»։
Ընծաներն ու զոհաբերությունները ճշմարիտ երկրպագության մեջ
Երբ Իսրայել ազգը կազմավորվեց, Եհովան հստակ հրահանգներ տվեց այն մասին, թե նա ինչպիսի երկրպագություն է պահանջում իսրայելացիներից. այդ հրահանգները վերաբերում էին նաև զոհեր ու ընծաներ մատուցելուն (Թուոց, գլուխ 28 և 29)։ Ընծաների որոշ մասը մատուցվում էր երկրի պտուղներից, մի մասն էլ՝ կենդանիներից՝ ցլերից, ոչխարներից, այծերից, աղավնիներից ու տատրակներից (Ղեւտացոց 1:3, 5, 10, 14; 23:10–18; Թուոց 15:1–7; 28:7)։ Կային այնպիսի զոհեր, որոնք ամբողջությամբ պետք է այրվեին (Ելից 29:38–42)։ Կային նաև խաղաղության զոհեր, և Աստծուն մատուցված այդ զոհից ուտում էր նաև այն մատուցողը (Ղեւտացոց 19:5–8)։
Բոլոր ընծաներն ու զոհերը, որոնք մատուցվում էին Աստծուն Մովսիսական օրենքի համաձայն, Աստծուն երկրպագելու և նրան որպես տիեզերքի Գերիշխանի ընդունելու կերպեր էին։ Այդ զոհաբերությունների միջոցով իսրայելացիներն իրենց երախտագիտությունն էին արտահայտում Եհովայի հանդեպ՝ նրա տված օրհնությունների և պաշտպանության համար, ինչպես նաև այն բանի համար, որ իրենց գործած մեղքերի դիմաց ներում էին ստանում։ Եվ քանի դեռ նրանք հավատարմորեն հետևում էին երկրպագությանը առնչվող Եհովայի պահանջներին, մեծապես օրհնվում էին (Առակաց 3:9, 10)։
Եհովայի համար, սակայն, ամենակարևորն այն էր, թե ինչպիսի վերաբերմունք ունեին իսրայելացիները այդ զոհաբերությունների նկատմամբ։ Իր Ովսեե մարգարեի միջոցով Եհովան ասաց. «Ողորմութիւն եմ ուզում եւ ոչ թէ զոհ, եւ Աստուծոյ գիտութիւն՝ քան թէ ողջակէզներ» (Ովսէէ 6:6)։ Երբ ժողովուրդը երես թեքեց ճշմարիտ երկրպագությունից և սկսեց անառակ վարքով ապրել ու անմեղ արյուն թափել, այն զոհերը, որ նրանք մատուցում էին Եհովայի զոհասեղանի վրա, կորցրեցին իրենց արժեքը։ Դա էր պատճառը, որ Եհովան Եսայիայի միջոցով իսրայելացիներին ասաց. «Ի՞նչ պէտք է ինձ ձեր զոհերի շատութիւնը.... ես կշտացել եմ խոյերի ողջակէզներիցը, եւ պարարտների ճարպիցը. եւ զուարակների ու ոչխարների ու նոխազների արիւնը չեմ ախորժում» (Եսայիա 1:11)։
«Որը որ ես չպատվիրեցի»
Ի հակադրություն իսրայելացիների՝ Քանանի բնակիչները իրենց երեխաներին էին զոհաբերում իրենց աստվածներին, ինչպես նաև ամմոնացիների Մեղքոմ աստծուն, որը նույն Մողոքն է (Գ Թագաւորաց 11:5, 7, 33; Գործեր 7:43)։ Հալլեյի «Աստվածաշնչյան ձեռնարկում» հետևյալն է ասվում. «Քանանացիները իրենց երկրպագության մեջ որպես կրոնական արարողություն սեռական անբարո արարքներ էին գործում իրենց աստվածների առաջ, որից հետո սպանում էին իրենց առաջնեկներին ու զոհ մատուցում այդ նույն աստվածներին» (Halley’s «Bible Handbook»)։
Արդյո՞ք այսպիսի սովորությունները հաճելի էին Եհովա Աստծուն։ Անկասկած ոչ։ Ղեւտացոց 20։2, 3–ում կարդում ենք, որ երբ իսրայելացիները պատրաստվում էին մտնել Քանանի երկիրը, Եհովան հետևյալ պատվերը տվեց նրանց. «Իսրայէլի որդիներին ասես. Իսրայէլի որդիներիցը եւ Իսրայէլի մէջ պանդխտացող օտարականներից ով որ իր զաւակներիցը Մողոքին տայ, անպատճառ պիտի մեռցնուի. այն երկրի ժողովուրդը քարերով քարկոծեն նորան: Եւ ես իմ երեսն այն մարդի վերայ պիտի դարձնեմ, եւ նորան իր ժողովրդի միջիցը պիտի կորցնեմ, որովհետեւ նա իր զաւակներիցը Մողոքին է տուել իմ սրբարանը պղծելու եւ իմ սուրբ անունը անարգելու համար»:
Թեև կարող է անհավանական թվալ, սակայն որոշ իսրայելացիներ, որոնք մոլորվեցին ճշմարիտ երկրպագությունից, սկսեցին ընդօրինակել այս դիվական սովորությունը՝ իրենց երեխաներին կեղծ աստվածներին զոհաբերելով։ Այս մասին Սաղմոս 106:35–38 խոսքերում կարդում ենք. «Խառնուեցան հեթանոսների հետ եւ սովորեցին նորանց գործերը: Եւ ծառայեցին նորանց կուռքերին. նորանք էլ որոգայթ եղան նորանց համար: Եւ նորանք մատաղ արին իրանց որդիքը եւ իրանց աղջիկները դեւերին: Եւ անմեղ արիւն թափեցին՝ իրանց որդկանց եւ իրանց աղջկանց արիւնը, որ նորանց մատաղ արին Քանանի կուռքերին. եւ երկիրը պղծուեցաւ արիւնով»։
Այս սովորությունների նկատմամբ իր նողկանքն արտահայտելով՝ Եհովան իր Երեմիա մարգարեի միջոցով Հուդայի որդիների մասին ասաց. «Իրանց գարշելիքը դրին այն տանը, որի վերայ կոչուած է իմ անունը, որ պղծեն նորան։ Եւ շինեցին Տօփեթի բարձրաւանդակները, որ Ենովմի որդիի ձորումն են, որ կրակով այրեն իրանց տղերանցը եւ իրանց աղջկերանցը, որն որ ես չը պատուիրեցի, եւ միտքս էլ չէր եկել» (Երեմիա 7:30, 31)։
Այդ գարշելի սովորություններին հետևելու պատճառով Իսրայել ազգը վերջնականապես կորցրեց Աստծու հավանությունը։ Նրանց մայրաքաղաք Երուսաղեմն ամբողջությամբ կործանվեց, իսկ ժողովուրդը գերի տարվեց Բաբելոն (Երեմիա 7:32–34)։ Իրականում մարդկանց զոհաբերելու սովորությունը ճշմարիտ Աստծուց չէ և մաքուր երկրպագության մի մասը չի կազմում։ Մարդկանց որպես զոհ մատուցելը դիվային է, և Աստծու ճշմարիտ երկրպագուները հեռու են մնում այն ամենից, ինչը կապ ունի այդ սովորության հետ։
Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերությունը
Ոմանք գուցե հարցնեն. «Այդ դեպքում ինչո՞ւ էր Եհովայի Օրենքը պահանջում, որ իսրայելացիները կենդանիներ զոհաբերեին»։ Պողոս առաքյալն այս հարցը քննարկելիս հետևյալ պատասխանը տվեց. «Ուրեմն ինչի՞ համար էր Օրենքը։ Այն ավելացվեց հանցանքները հայտնի դարձնելու համար, մինչև որ գար սերունդը, որին տրվել էր խոստումը։ .... Հետևաբար, Օրենքը մեր դաստիարակը եղավ՝ առաջնորդելով մեզ դեպի Քրիստոսը» (Գաղատացիներ 3:19–24)։ Մովսիսական օրենքով պահանջվող կենդանական զոհերը խորհրդանշում էին ավելի մեծ մի զոհաբերության, այսինքն՝ Աստծու Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, որին Եհովան պետք է զոհաբերեր հանուն մարդկության։ Հիսուսը Աստծու սիրո այս դրսևորումը նկատի ուներ, երբ ասաց. «Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ամեն ոք, ով հավատ է դրսևորում նրա հանդեպ, չկործանվի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16)։
Աստծու և մարդկանց հանդեպ սիրուց մղված՝ Հիսուսը իր կատարյալ մարդկային կյանքը հոժարակամորեն որպես փրկանք տվեց Ադամի սերնդի համար (Հռոմեացիներ 5:12, 15)։ Նա ասաց. «Մարդու Որդին եկավ, որ ոչ թե իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և իր կյանքը որպես փրկանք տա շատերի փոխարեն» (Մատթեոս 20:28)։ Երկրի վրա ապրող և ոչ մի մարդ չէր կարող մարդկանց ազատել մեղքի ու մահվան գերությունից, որոնց ծախվեցին նրանք, երբ Ադամն առաջին անգամ մեղք գործեց (Սաղմոս 49:7, 8)։ Ուստի Պողոսը բացատրեց, որ Հիսուսը «մեկ անգամ և ընդմիշտ մտավ սուրբ վայրը, սակայն ոչ թե այծերի և ցլիկների արյունով, այլ իր սեփական արյունով, և հավիտենական ազատագրում ձեռք բերեց մեզ համար» (Եբրայեցիներ 9:12)։ Ընդունելով Հիսուսի զոհաբերական արյունը՝ Աստված «ջնջեց մեր դեմ վկայող, ձեռքով գրված փաստաթուղթը»։ Այսինքն՝ Եհովան վերացրեց Օրենքի ուխտը պահանջվող ընծաների և զոհերի հետ միասին և «հավիտենական կյանքի պարգևը» տվեց (Կողոսացիներ 2:14; Հռոմեացիներ 6:23)։
Հոգևոր զոհեր և ընծաներ
Քանի որ կենդանական զոհերն ու ընծաներն այլևս ճշմարիտ երկրպագության մի մասը չեն կազմում, արդյոք մեզանից պահանջվո՞ւմ է որևէ զոհ մատուցել այսօր։ Իհարկե այո։ Հիսուս Քրիստոսն անձնազոհ կերպով ծառայեց Աստծուն և ի վերջո իր կյանքը զոհաբերեց հանուն մարդկության։ Նա ասաց. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ ինձ հետևի» (Մատթեոս 16:24)։ Սա նշանակում է, որ եթե ինչ–որ մեկը ցանկանում է դառնալ Հիսուսի հետևորդը, պետք է որոշ զոհողությունների գնա։ Որո՞նք են այդ զոհողությունները։
Դրանցից մեկն այն է, որ Քրիստոսի ճշմարիտ հետևորդը այլևս չի ապրում իր համար, այլ ապրում է Աստծու կամքը կատարելու համար։ Նա Աստծու կամքն ու ցանկությունները վեր է դասում իր անձնական շահերից։ Ուշադրություն դարձրեք, թե Պողոս առաքյալն ինչ է գրել. «Եղբայրնե՛ր, Աստծու կարեկցանքով խնդրում եմ ձեզ, որ ձեր մարմինները ներկայացնեք որպես զոհ՝ կենդանի, սուրբ և Աստծուն ընդունելի, այսինքն՝ սրբազան ծառայություն մատուցեք ձեր բանականությամբ։ Եվ այլևս մի՛ ընդունեք իրերի այս համակարգի կերպարանքը, այլ վերափոխվեք՝ նորոգելով ձեր միտքը, որպեսզի հավաստիանաք, թե որն է Աստծու բարի, ընդունելի և կատարյալ կամքը» (Հռոմեացիներ 12:1, 2)։
Նաև Աստվածաշունչը ցույց է տալիս, որ մեր գովաբանության խոսքերը կարող են դիտվել որպես Եհովային մատուցված զոհեր։ Ովսեե մարգարեն օգտագործեց «մեր շրթունքների զուարակները» արտահայտությունը, ինչը ցույց է տալիս, որ Աստված մեր շուրթերի փառաբանությունը իրեն մատուցված լավագույն զոհերից մեկն է համարում (Ովսէէ 14:2)։ Պողոս առաքյալը հորդորեց եբրայեցի քրիստոնյաներին. «Աստծուն գովաբանության զոհ մատուցենք, այսինքն՝ շուրթերի պտուղը, որոնք հրապարակորեն հռչակում են նրա անունը» (Եբրայեցիներ 13:15)։ Այսօր էլ Եհովայի վկաները զբաղված են բարի լուրը քարոզելու և բոլոր ազգերի մարդկանցից աշակերտներ դարձնելու գործով (Մատթեոս 24:14; 28:19, 20)։ Ամբողջ աշխարհով մեկ նրանք օր ու գիշեր գովաբանության զոհ են մատուցում Աստծուն (Հայտնություն 7:15)։
Քարոզելուց բացի՝ Աստծուն հաճելի զոհերի մեջ է մտնում նաև մարդկանց համար բարի գործեր անելը։ «Մի՛ մոռացեք բարին գործելը և ուրիշներին էլ բաժնեկից դարձնելը, որովհետև այսպիսի զոհերն են Աստծուն հաճելի» (Եբրայեցիներ 13:16)։ Իրականում, որպեսզի գովաբանության զոհը հաճելի լինի Աստծուն, այն մատուցողը պետք է բարի վարք ունենա։ Պողոսը հորդորեց. «Քրիստոսի մասին բարի լուրին արժանի կերպով վարվեք» (Փիլիպպեցիներ 1:27; Եսայիա 52:11)։
Ճշմարիտ երկրպագության համար կատարվող բոլոր զոհերը ինչպես անցյալում, այնպես էլ հիմա մեծ ուրախություն են պատճառում և Եհովայի օրհնություններն են բերում։ Ուստի եկեք մեր լավագույնն անենք և այնպիսի զոհեր մատուցենք, որոնք իսկապես հաճելի են Աստծուն։
[նկար 18–րդ էջի վրա]
«Իրանց որդկանց եւ իրանց աղջկանց.... մատաղ արին Քանանի կուռքերին»
[նկարներ 20–րդ էջի վրա]
Բարի լուրը քարոզելով և այլ կերպերով մարդկանց օգտակար լինելով՝ ճշմարիտ քրիստոնյաները Աստծուն հաճելի զոհեր են մատուցում