Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w99 6/1 էջ 23–28
  • Գնահատենք «մարդկանց տեսքով պարգևներին»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Գնահատենք «մարդկանց տեսքով պարգևներին»
  • 1999 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Ձեր ուրախութեանը գործընկեր ենք»
  • Օգնել բոլորին ուրախությամբ ծառայել
  • ‘Լսեցե՛ք և հնազանդվեցե՛ք’
  • «Առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէք նրանց»
  • «Մարդկանց տեսքով պարգևները» տրված են Եհովայի գառներին հոգ տանելու նպատակով
    1999 Դիտարան
  • «Հարգեք նրանց, ովքեր տքնաջան աշխատում են ձեր մեջ»
    2011 Դիտարան
  • Երեցները «համագործակիցներ են և նպաստում են մեր ուրախությանը»
    2013 Դիտարան
  • Երեցնե՛ր, ընդօրինակեք Պողոս առաքյալին
    2022 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
1999 Դիտարան
w99 6/1 էջ 23–28

Գնահատենք «մարդկանց տեսքով պարգևներին»

«Ճանաչէք եւ գնահատէք ձեր վաստակաւորներին... եւ առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէք նրանց՝ իրենց աշխատանքի համար» (Ա Թեսաղոնիկեցիս 5։12, 13)։

1. Գործք 20։35–ի խոսքերի համաձայն՝ տալը ի՞նչ զորություն ունի։ Բացատրե՛ք։

«ԵՐԱՆԵԼԻ՜ է մանաւանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35)։ Կարո՞ղ եք մտաբերել, թե վերջին անգամ երբ եք զգացել Հիսուսի արտասանած այս խոսքերի ճշմարիտ լինելը։ Միգուցե դա զգացել եք հարազատ անձնավորությանը նվեր հանձնելիս։ Դուք խնամքով էիք այն ընտրել, քանի որ ցանկանում էիք, որ այն լիներ այնպիսի մի բան, որը ձեզ սիրելի անձնավորության կողմից բարձր գնահատվեր։ Նրա դեմքին ճառագայթող հիացմունքը որքա՜ն ջերմացրեց ձեր սիրտը։ Տալը սիրո արտահայտում է, երբ տվողը ճիշտ մղումներից է դրդված, իսկ սիրո արտահայտումը տվողին երջանկություն պարգևելու զորությունը ունի։

2, 3. ա) Ինչո՞ւ կարելի է ասել, որ ոչ մեկը Եհովայից ավելի երջանիկ չէ, և «մարդկանց տեսքով պարգևների» կարգադրությունը ինչպե՞ս կարող է նրա սիրտն ուրախացնել։ բ) Ինչպե՞ս չէինք ցանկանա վարվել Աստծուց ստացած պարգևի հետ։

2 Ուրեմն ո՞վ կարող էր ավելի երջանիկ լինել, քան Եհովան՝ «ամէն բարի շնորհ» Պարգևողը (Յակոբոս 1։17; Տիմոթէոս 1։11)։ Ամեն մի պարգև նա տալիս է սիրուց մղված (Ա Յովհաննէս 4։8)։ Ժողովում Քրիստոսի միջոցով Աստծո տված «մարդկանց տեսքով պարգևները», անշուշտ, բացառություն չեն կազմում (Եփեսացիս 4։8)։ Հոտին հոգ տանելու համար երեցներին տրված կարգադրությունը Եհովայի կողմից իր ժողովրդի հանդեպ տածած խորը սիրո արտահայտումներից մեկն է։ Այս տղամարդիկ ուշադրությամբ են ընտրվում. նրանք պետք է սուրբգրային պահանջներին համապատասխանեն (Ա Տիմոթէոս 3։1—7; Տիտոս 1։5—9)։ Նրանք գիտեն, որ պետք է ‘խնայեն հոտին’. այդ դեպքում «ոչխարները» հիմք կունենան նման սիրալիր հովիվներին երախտապարտ լինելու (Գործք 20։29; Սաղմոս 100։3)։ Եհովան, անշուշտ, ուրախանում է, երբ տեսնում է, որ իր «ոչխարների» սրտերը երախտագիտությամբ են լցված (Առակաց 27։11)։

3 Ինչ խոսք, մենք չենք ցանկանում նսեմացնել Աստծուց ստացած որևէ պարգևի արժեքը, ոչ էլ անշնորհակալ գտնվել նրա տված պարգևների նկատմամբ։ Հետեվաբար, երկու հարց է ծագում. երեցներն ինչպե՞ս պիտի նկատեն իրենց կատարած դերը ժողովում, և երկրորդ՝ հոտի մնացած անդամներն ինչպե՞ս կարող են ցույց տալ, որ գնահատում են «մարդկանց տեսքով պարգևները»։

«Ձեր ուրախութեանը գործընկեր ենք»

4, 5. ա)Պողոսը ժողովն ի՞նչ բանի է նմանեցնում, և ինչո՞ւ է սա համապատասխան օրինակ։ բ) Պողոսի օրինակի համաձայն՝ մենք ինչպե՞ս պիտի նկատենք միմյանց ու վարվենք իրար հետ։

4 Եհովան «մարդկանց տեսքով պարգևներին» որոշակի չափով իշխանություն է տվել ժողովում։ Ինչ խոսք, երեցները չեն ցանկանում չարաշահել այն, սակայն նրանց քաջ հայտնի է, որ անկատար մարդկանց համար շատ հեշտ է այսպես վարվելը։ Ուրեմն, նրանք ինչպե՞ս պետք է իրենց դրսևորեն հոտի մյուս անդամների համեմատությամբ։ Նկատի առնենք Պողոս առաքյալի օգտագործած օրինակը։ Քննարկելուց հետո, թե ինչու են տրվել «մարդկանց տեսքով պարգևները», նա գրեց. «Ապրելով սիրոյ մէջ, ամէն բան աճեցնենք նրա՛ մէջ, որ գլուխն է՝ Քրիստոս։ Նրանից է կախուած ամբողջ մարմինը՝ իրար ամրօրէն միացած զանազան յօդերով, այնպէս որ, երբ մարմնի իւրաքանչիւր մասը գործում է ինչպէս որ պէտք է, ամբողջ մարմինը աճում է եւ կառուցւում սիրոյ մէջ» (Եփեսացիս 4։15, 16)։ Այսպիսով՝ Պողոսը ժողովը, ներառյալ նաև երեցներին ու մյուս անդամներին, նմանեցնում է մարդու մարմնի հետ։ Իսկ ինչո՞ւ է սա տեղին համեմատություն։

5 Թեև մարդու մարմինը բաղկացած է բազմաթիվ տարբեր մասերից, բայց միայն մի գլուխ ունի։ Բացի այդ, մարմնի ոչ մի մաս՝ լինի դա մկան, նյարդ կամ երակ, անպիտան չէ։ Յուրաքանչյուր անդամ արժեքավոր է և նպաստում է առողջությանն ու ամբողջ օրգանիզմի գեղեցկությանը։ Ժողովը նույնպես բաղկացած է բազում տարբեր անդամներից, սակայն նրանցից յուրաքանչյուրը՝ անկախ այն բանից երիտասարդ է, թե՝ տարեց, քաջառողջ է, թե՝ վատառողջ, կարող է ինչ–որ բանով նպաստել ժողովի հոգևոր առողջությանն ու գեղեցկությանն ընդհանրապես (Ա Կորնթացիս 12։14—26)։ Ոչ մեկը չպետք է իրեն աննշան համարի։ Եվ ընդհակառակը, ոչ մեկը չպետք է նաև մյուս ծայրահեղության մեջ ընկնի ու իրեն բարձր դասի, քանի որ բոլորս էլ՝ թե՛ հովիվները, և թե՛ «ոչխարները», մարմնի մասերն ենք կազմում, իսկ մարմնի գլուխը մեկն է՝ Քրիստոսը։ Այստեղ Պողոսը սիրո, հոգատարության և հարգանքի վառ նկարագիր է տալիս, հատկություններ, որոնք հարկավոր է դրսևորել մեկս մյուսի նկատմամբ։ Այս բանի գիտակցումն օգնում է երեցներին, որպեսզի խոնարհամիտ ու հավասարակշռված տեսակետ ունենան ժողովում իրենց ունեցած դերի հանդեպ։

6. Չնայած Պողոսն առաքյալի հեղինակություն ուներ, բայց ինչպե՞ս հեզաբարո ոգի ցուցաբերեց։

6 «Մարդկանց տեսքով պարգևները» չեն փորձում հսկել իրենց հավատակիցների կյանքը կամ հավատը։ Պողոսը, թեև առաքյալի հեղինակություն էր վայելում, սակայն հեզությամբ գրեց կորնթացիներին. «Ոչ թէ ձեր հաւատքի վերայ տիրապետում ենք՝ այլ ձեր ուրախութեանը գործընկեր ենք, որովհետեւ դուք հաւատքով հաստատ կանգնած էք» (Բ Կորնթացիս 1։24, ԱԹ)։ Պողոսը չէր ցանկանում իշխել իր եղբայրների հավատի ու ապրելակերպի վրա։ Իրականում, նա չէր տեսնում այդպես վարվելու կարիքը, քանի որ վստահ էր, որ այդ տղամարդիկ ու կանայք առանց այն էլ հավատարիմ էին և Եհովայի կազմակերպության մեջ էին գտնվում, որովհետև ցանկանում էին ճիշտն անել։ Ուստի, խոսելով իր և իր ճանապարհորդակից Տիմոթեոսի մասին, Պողոսը, փաստորեն, հայտնում էր. «Մեր պաշտոնն է գործակցել ձեզ հետ, որպեսզի Աստծուն ուրախությամբ ծառայեք» (Բ Կորնթացիս 1։1)։ Ինչպիսի՜ հեզաբարո ոգի։

7. Խոնարհ երեցներն ինչպե՞ս են ըմբռնում ժողովում ունեցած իրենց դերը և ի՞նչ վստահություն ունեն իրենց գործակիցների հանդեպ։

7 Մեր օրերում «մարդկանց տեսքով պարգևները» նույն գործն են կատարում։ Նրանք «մեր ուրախութեանը գործընկեր են»։ Խոնարհ երեցները հասկանում են, որ իրենք չեն որոշողները, թե մյուսները որքան են ի վիճակի Աստծուն ծառայելու։ Նրանք գիտեն, որ իրենց ծառայությունը ընդլայնելու կամ բարելավելու համար մյուսներին քաջալերելու հետ մեկտեղ այն պետք է կատարվի հոժար սրտով (համեմատեք Բ Կորնթացիս 9։7)։ Նրանք վստահ են, որ եթե իրենց գործակիցներն ուրախ են, ապա իրենց ձեռքից եկածը կանեն։ Ուստի երեցների սրտանց ցանկությունն է օգնել իրենց եղբայրներին, որպեսզի ‘ծառայեն Տիրոջը ուրախությունով’ (Սաղմոս 100։2)։

Օգնել բոլորին ուրախությամբ ծառայել

8. Որո՞նք են այն մի քանի ձևերը, որոնցով երեցները կարող են օգնել եղբայրներին՝ Եհովային ուրախությամբ ծառայելու մեջ։

8 Երեցնե՛ր, ինչպե՞ս կարող եք օգնել ձեր եղբայրներին, որպեսզի ուրախությամբ ծառայեն։ Քաջալերե՛ք նրանց ձեր օրինակով (Ա Պետրոս 5։3)։ Ծառայության մեջ խանդավառություն և ուրախություն ցուցաբերեք, և գուցե դա մյուսներին ոգևորի, որ հետևեն ձեր օրինակին։ Գովեցե՛ք նրանց իրենց անձնվեր ջանքերի համար (Եփեսացիս 4։29)։ Անկեղծ և ջերմ խրախուսանքի խոսքեր լսելով՝ մարդիկ իրենց օգտակար ու պիտանի են զգում։ Այդպիսի խոսքերը «ոչխարներին» քաջալերում են Աստծո ծառայության մեջ լավագույնը կատարելու։ Խուսափե՛ք անտեղի համեմատություններից (Գաղատացիս 6։4)։ Դրանք բարելավման մղելու փոխարեն՝ հուսահատություն են պատճառում։ Բացի այդ, Եհովայի ոչխարները տարբերվում են իրարից իրենց անհատական ընդունակություններով ու առկա հանգամանքներով։ Պողոսի նման վստահությո՛ւն արտահայտեք ձեր եղբայրների հանդեպ։ Սերը «ամէն բանի հաւատում է», ուստի ճիշտ կլիներ հավատալը, որ մեր եղբայրները սիրում են Աստծուն և ցանկանում են հաճելի լինել նրան (Ա Կորնթացիս 13։7)։ ‘Պատիվ տալով’ մյուսներին՝ դուք կհորդորեք նրանց դրսևորել իրենց լավագույն հատկանիշները (Հռովմայեցիս 12։10)։ Վստահ եղեք, որ երբ «ոչխարները» քաջալերվում են և հանգիստ են գտնում, նրանց մեծ մասը իր կարողության սահմաններում ամեն բան կանի Աստծո ծառայության մեջ և, այդպես վարվելով, ուրախություն կգտնի (Մատթէոս 11։28—30)։

9. Երեցները ինչպե՞ս պիտի վերաբերվեն միմյանց նկատմամբ, որպեսզի կարողանան ուրախությամբ ծառայել։

9 Խոնարհաբար ձեզ «գործակից» համարելը կօգնի, որպեսզի ինքներդ ուրախությամբ ծառայեք ու գնահատեք մյուս երեցների անզուգական պարգևները։ Նրանցից յուրաքանչյուրն իր առանձնահատուկ շնորհքն ու ընդունակություններն ունի, որոնք կարող է օգտագործել հօգուտ ժողովի (Ա Պետրոս 4։10)։ Նրանցից մեկը կարող է շնորհալի լինել ուսուցանելու մեջ։ Մյուսը, գուցե, հմուտ կազմակերպիչ է, մինչդեռ մեկ ուրիշն իր ջերմության ու կարեկցանքի շնորհիվ չափազանց մատչելի է։ Փաստն այն է, որ ոչ մի երեց պարգևներից յուրաքանչյուրին նույն չափով չի տիրապետում։ Մի՞թե այս կամ այն երեցին հատուկ պարգևը, ենթադրենք՝ ուսուցանելու պարգևը, նրան ուրիշ երեցներից ավելի բարձր է դարձնում։ Բոլորովի՛ն (Ա Կորնթացիս 4։7)։ Իսկ մյուս կողմից՝ հարկ չկա նախանձելու երեցին նրա ունեցած պարգևի համար կամ պետք չէ, որ անհատն իրեն թերագնահատի, երբ տեսնում է ուրիշ երեցներին իրենց ընդունակությունների համար գովասանքի արժանանալիս։ Միշտ հիշեք. ինքներդ ունեք ունակություններ, որոնք Եհովան տեսնում է ձեր մեջ։ Իսկ նա կարող է օգնել ձեզ, որպեսզի զարգացնեք և օգտագործեք դրանք հօգուտ ձեր եղբայրների (Փիլիպպեցիս 4։13)։

‘Լսեցե՛ք և հնազանդվեցե՛ք’

10. Ինչո՞ւ է պատշաճ գնահատանք արտահայտելը «մարդկանց տեսքով պարգևների» հանդեպ։

10 Երբ մենք նվեր ենք ստանում, տեղին է գնահատանք արտահայտելը։ «Գոհութիւն մատուցեցէք»,— ասվում է Կողոսացիս 3։15–ի խոսքերում։ Իսկ ի՞նչ կարելի է ասել «մարդկանց տեսքով պարգևների»՝ այդ թանկագին նվերի մասին, որը Եհովան է մեզ տվել։ Ինչ խոսք, նախ՝ մենք շնորհակալություն ենք հայտնում Եհովային՝ առատաձեռն Պարգևողին։ Իսկ ինչպե՞ս կարող ենք ցույց տալ «մարդկանց տեսքով պարգևներին», որ գնահատում ենք իրենց։

11. ա) Ինչպե՞ս կարող ենք մեր գնահատանքը ցույց տալ «մարդկանց տեսքով պարգևներին»։ բ) «Լսեցէ՛ք» և «հնազանդվեցէ՛ք» ասելով ի՞նչ ենք հասկանում։

11 «Մարդկանց տեսքով պարգևների» հանդեպ մեր գնահատանքը կարող ենք ցույց տալ՝ ուշադիր լսելով Աստվածաշնչի վրա հիմնված նրանց խորհուրդներն ու որոշումները։ Աստվածաշնչում մեզ խորհուրդ է տրվում. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին և հնազանդուեցէ՛ք նրանց, որովհետեւ նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիւ են տալու ձեր փոխարէն. և նրանք ուրախութեամբ թող անեն այդ բանը և ո՛չ հոգոց հանելով, քանի որ այն ձեր օգտի համար չէ» (Եբրայեցիս 13։17)։ Նկատի առեք, որ մենք ոչ միայն պիտի ‘լսենք’, այլև պիտի ‘հնազանդվենք’ նրանց, ովքեր առաջնորդություն են վերցնում։ «Հնազանդուեցէք» թարգմանված հունարեն բառը բառացիորեն նշանակում է «զիջեք»։ «Լսեցէ՛ք» և «հնազանդվեցէ՛ք» արտահայտությունները մեկնաբանելով՝ Աստվածաշնչի մասնագետ Ռ. Լենսկին գրում է. «Մարդը լսում է, երբ համաձայնվում է այն բանի հետ, ինչ որ իրեն ասում են և երբ համոզված է լինում դրա ճշգրտության ու օգտավետության մեջ, իսկ զիջում է, .... երբ հակառակ կարծիքի է լինում»։ Երբ հասկանում ենք առաջնորդող տղամարդկանց և համաձայնվում ենք նրանց տված հրահանգներին, դրան անմիջապես հետևում է լսելը։ Իսկ ինչպե՞ս ենք վարվում, երբ կայացրած որևէ որոշում մեզ այնքան էլ հիմնավորված չի թվում։

12. Ինչո՞ւ է հարկավոր հնազանդվել կամ զիջել նույնիսկ այն դեպքում, երբ որևէ ընդունված որոշման հիմքը մեզ այնքան էլ պարզ չէ։

12 Հենց այս դեպքում է, որ անհրաժեշտ է լինում հնազանդվել, այսինքն՝ զիջել։ Ինչո՞ւ։ Նախ՝ հարկավոր է վստահ լինել այն բանում, որ հոգևոր որակներ ունեցող այս տղամարդիկ սրտանց հետաքրքրված են մեր բարօրությամբ. չէ՞ որ նրանք գիտակցում են, որ իրենց խնամքին հանձնված «ոչխարների» համար հաշիվ են տալու Եհովային (Յակոբոս 3։1)։ Բացի այդ, չպիտի մոռանանք, որ գուցե մենք տեղյակ չենք բոլոր գաղտնի փաստերին, որոնց իրազեկ լինելով՝ նրանք որոշում են կայացրել (Առակաց 18։13)։

13. Ի՞նչը կօգնի մեզ հնազանդ լինել երեցների կայացրած որոշումներին դատական հարցերում։

13 Ի՞նչ կարելի է ասել դատական հարցերում հնազանդություն ցույց տալու մասին։ Համաձայնվեք, որ սա կարող է հեշտ չլինել, հատկապես այն դեպքերում, երբ վճիռ է կայացվում մեր սիրելի անձնավորությանը՝ գուցե հարազատին կամ մոտիկ ընկերոջը ընկերակցությունից զրկելու մասին։ Այս դեպքում նույնպես մեր կողմից լավագույն քայլը կլինի ենթարկվել «մարդկանց տեսքով պարգևների» կայացրած վճռին։ Նրանք մեզանից ավելի անաչառ կարող են լինել և միգուցե ավելի քաջատեղյակ են փաստերին։ Հաճախ այս եղբայրների համար հեշտ չէ նման որոշումներ կայացնելը, քանի որ «Տիրոջ համար դատաստան տեսնելը» մեծ պատասխանատվություն է (Բ Մնացորդաց 19։6)։ Նրանք իրենց բոլոր ջանքերը գործադրում են բարեգութ լինելու համար, քանզի գիտեն, որ Աստված «ներող» է (Սաղմոս 86։5)։ Բայց այս երեցների պարտականությունների մեջ է մտնում նաև ժողովը մաքուր պահելը, և Աստվածաշունչը պատվիրում է, որ նրանք չզղջացող մեղավորներին զրկեն ընկերակցությունից (Ա Կորնթացիս 5։11—13)։ Շատ դեպքերում մեղանչող անձը համաձայնվում է կայացված վճռի հետ։ Միգուցե այդ պատիժը լինի հենց այն, ինչը հարկավոր է նրան խելքի բերելու համար։ Եթե մենք՝ նրան սիրելի անձնավորություններս, ընդունված որոշման կողմը դիրք բռնենք, այս կերպով գուցե օգնենք նրան օգուտներ քաղել խրատից (Եբրայեցիս 12։11)։

«Առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէք նրանց»

14, 15. ա) Ըստ Ա Թեսաղոնիկեցիս 5։12, 13 խոսքերի՝ երեցներն ինչո՞ւ են մեր սիրուն արժանի։ բ) Ինչո՞ւ կարելի է ասել, որ երեցները «ծանր աշխատողներ» են։

14 «Մարդկանց տեսքով պարգևների» նկատմամբ մեր գնահատանքը կարող ենք դրսևորել նաև նրանց հանդեպ սեր ցուցաբերելով։ Թեսաղոնիկեի ժողովին գրած նամակում Պողոսը զգուշացրեց ժողովի անդամներին. «Ճանաչէք եւ գնահատէք ձեր վաստակաւորներին [«ծանր աշխատողներին», ՆԱ], Տիրոջ կողմից ձեր վրայ նշանակուած վերակացուներին, ինչպէս նաեւ ձեզ խրատողներին. եւ առաւելագոյն սիրոյ արժանի համարեցէք նրանց՝ իրենց աշխատանքի համար» (Ա Թեսաղոնիկեցիս 5։12, 13)։ «Ծանր աշխատողներ» արտահայտությունը մի՞թե չի բնութագրում այն երեցներին, ովքեր անշահախնդիր անձնվիրությամբ աշխատում են մեր բարօրության համար։ Եկեք մի պահ մտածենք այս թանկագին եղբայրների ծանրաբեռնվածության մասին։

15 Շատ դեպքերում նրանք ընտանիքների տեր են և պետք է աշխատեն, որպեսզի ապահովեն իրենց ընտանիքի անդամների կարիքները (Ա Տիմոթէոս 5։8)։ Եթե երեցը հայր է, ապա ժամանակ և ուշադրություն պիտի տրամադրի իր զավակներին։ Նա երբեմն պետք է օգնի նրանց տնային հանձնարարությունները կատարելիս, ինչպես նաև օգտակար զվարճությունների ծրագիր կազմի, որոնց ժամանակ նրանք կկարողանան իրենց երիտասարդական եռանդը ծախսել (Ժողովող 3։1, 4)։ Եվ որ ամենակարևորն է, նա հոգում է իր ընտանիքի հոգևոր կարիքները՝ կանոնավորաբար նրանց հետ Աստվածաշնչի ընտանեկան ուսումնասիրություն անցկացնելով, նրանց հետ միասին մասնակցելով դաշտի ծառայությանը և իր հետ տանելով քրիստոնեական հանդիպումներին (Բ Օրինաց 6։4—7; Եփեսացիս 6։4)։ Չմոռանանք նաև, որ բացի այս պարտականություններից, որոնք ծանոթ են մեզանից շատերին, երեցներն ունեն նաև հավելյալ ուրիշ պատասխանատվություններ. դրանք են՝ ժողովի հանդիպումներին նախապատրաստվելը, հովվական այցելություններ կատարելը, ժողովի հոգևոր կարիքները հոգալը և անհրաժեշտության դեպքում դատական հարցերով զբաղվելը։ Որոշ երեցներ լրացուցիչ պատասխանատվություններ ունեն շրջանային և նահանգային համաժողովների, Թագավորության սրահների կառուցման և Հիվանդանոցների հետ կապի կոմիտեների հետ կապված հարցերում։ Իսկապես որ, այս եղբայրները «ծանր աշխատողներ» են։

16. Նկարագրե՛ք երեցների հանդեպ սեր ցուցաբերելու տարբեր ձևերը։

16 Իսկ ինչպե՞ս կարող ենք սեր ցուցաբերել նրանց հանդեպ։ Աստվածաշնչի առակներից մեկում ասվում է. «Խօսքն իր ժամանակին ի՜նչ լաւ է» (Առակաց 15։23; 25։11)։ Մեր անկեղծ գնահատանքի և խրախուսիչ խոսքերը ցույց կտան, որ գիտենք նրանց աշխատանքի գինը։ Նաև կարևոր է խելամիտ լինել և չափից ավել չակնկալել մեր երեցներից։ Մի կողմից՝ մենք մեզ ազատ պիտի զգանք՝ օգնության համար նրանց դիմելու հարցում։ Պահեր են լինում, երբ ‘մեր սիրտը դողում է մեզանում’, և մենք Աստծո Խոսքն «ուսուցանելու ընդունակ» այդ մարդկանց կարիքն ենք զգում Սուրբ գրքի միջոցով քաջալերություն, առաջնորդություն կամ խորհուրդ ստանալու համար (Սաղմոս 55։4; Ա Տիմոթէոս 3։2)։ Մյուս կողմից՝ չպիտի մոռանանք, որ երեցի՝ մեզ տրամադրելիք ժամանակը սահմանափակ է, քանի որ նա չի կարող անուշադրության մատնել իր ընտանիքի կամ ժողովի մյուս անդամների պահանջները։ «Կարեկից» լինելով նման ժրաջան եղբայրների նկատմամբ՝ անխոհեմ պահանջներ չենք ներկայացնի նրանց (Ա Պետրոս 3։8)։ Դրա փոխարեն, եկեք բարձր գնահատենք թե՛ այն ժամանակը, և թե՛ այն ուշադրությունը, որ նրանք կարող են ողջամտորեն մեզ հատկացնել (Փիլիպպեցիս 4։5)։

17, 18. Երեցների կանայք ի՞նչ զոհաբերություններ են թույլ տալիս, և ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ըստ արժանվույն ենք գնահատում այս հավատարիմ քույրերին։

17 Իսկ ի՞նչ կարելի է ասել երեցների կանանց մասին։ Մի՞թե նրանք էլ արժանի չեն մեր սիրուն։ Ամենից առաջ, նրանք իրենց ամուսիններին կիսով չափ «նվիրել» են ժողովին։ Սա հաճախ զոհաբերություններ է պահանջում իրենց կողմից։ Երբեմն անհրաժեշտություն է առաջանում, որպեսզի երեկոյան ժամերին երեցները զբաղվեն ժողովի հարցերով, մինչդեռ այդ ժամանակը նրանք կարող էին անցկացնել ընտանիքի հետ միասին։ Բազմաթիվ ժողովներում հավատարիմ քրիստոնյա կանայք պատրաստակամությամբ նման զոհաբերություններ են թույլ տալիս, որպեսզի իրենց ամուսիններն ի վիճակի լինեն խնամելու Եհովայի գառներին (համեմատեք Բ Կորնթացիս 12։15)։

18 Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ըստ արժանվույն գնահատում ենք նման քույրերին։ Իհարկե, պետք է մեր գնահատանքը ցույց տանք՝ նրանց ամուսիններին չափից ավել պահանջներ չներկայացնելով։ Բացի այդ, եկեք չմոռանանք գնահատանքի պարզ խոսքերի զորության մասին։ «Մեղրի խորիսխ է վայելուչ խօսքը. քաղցր է հոգիին, եւ բժշկութիւն՝ ոսկորներին»,— ասվում է Առակաց 16։24–ում։ Նկատի առնենք մի դեպք։ Ժողովի հանդիպումներից մեկի ավարտից հետո ամուսնական մի զույգ դիմեց երեցին իր անչափահաս որդու հարցով։ Մինչ երեցը զրուցում էր, նրա կինը համբերությամբ սպասում էր նրան։ Զրույցից հետո վերոհիշյալ պատանու մայրը մոտեցավ երեցի կնոջն ու ասաց. «Ես շատ շնորհակալ եմ քեզ այն րոպեների համար, որ տրամադրեց քո ամուսինը մեր ընտանիքին օգնելու նպատակով»։ Գնահատանքի այս պարզ, սիրալիր խոսքերը իրոք հուզեցին երեցի կնոջը։

19. ա) Երեցները՝ որպես մի ամբողջություն, հավատարմորեն ի՞նչ ծրագիր են իրականացնում։ բ) Բոլորս էլ ի՞նչ բան պետք է միշտ անենք։

19 «Ոչխարներին» խնամելու համար դրված երեցները Եհովայի կողմից տրված ‘բարի շնորհներից’ են (Յակոբոս 1։17)։ Անշուշտ, նրանք կատարյալ մարդիկ չեն, ուստի նույնպես կարող են սխալվել, ինչպես որ մեզանից յուրաքանչյուրը (Գ Թագաւորաց 8։46)։ Չնայած այս հանգամանքին, երեցները, որպես մի ամբողջություն, աշխարհով մեկ սփռված ժողովներում հավատարմորեն իրականացնում են այն ծրագիրը, ինչ նպատակով որ Եհովան նրանց նշանակել է, այսինքն՝ շտկում, զորացնում, միավորում ու պաշտպանում են հոտը։ Թող յուրաքանչյուր երեց վճռականությամբ լի շարունակի քնքշորեն խնամել Եհովայի «ոչխարներին»՝ այսպիսով ներկայանալով որպես պարգև, այն է՝ օրհնություն իր եղբայրների համար։ Եկեք բոլորս միասին միշտ գնահատենք «մարդկանց տեսքով պարգևները»՝ լսելով և հնազանդվելով նրանց, ինչպես նաև սեր ցուցաբերելով իրենց կատարած դժվարին աշխատանքի դիմաց։ Որքա՜ն երախտապարտ ենք, որ Եհովան սիրով մեզ այդպիսի տղամարդիկ է տվել, որոնք, ըստ էության, «ոչխարներին» ասում են. «Մեր պաշտոնն է գործակցել ձեզ հետ, որպեսզի Աստծուն ուրախությամբ ծառայեք»։

Ինչպե՞ս կպատասխանեք

◻ Ինչո՞ւ է տեղին ժողովը մարմնի հետ համեմատելը։

◻ Երեցներն ինչպե՞ս կարող են օգնել եղբայրներին Եհովային ուրախությամբ ծառայելու գործում։

◻ Ինչո՞ւ մենք ոչ միայն պետք է լսենք, այլև հնազանդվենք առաջնորդություն վերցրած տղամարդկանց։

◻ Ի՞նչ ձևերով կարող ենք սեր ցուցաբերել երեցների հանդեպ։

[նկար 24–րդ էջի վրա]

Երեցնե՛ր, գովեցե՛ք մյուսներին նրանց սրտանց գործադրած ջանքերի համար։

[նկար 25–րդ էջի վրա]

Ծառայության մեջ ցուցաբերած իրենց խանդավառության օրինակով երեցները կարող են օգնել իրենց ընտանիքի անդամներին, ինչպես նաև մյուսներին ուրախությամբ ծառայել։

[նկարներ 26–րդ էջի վրա]

Մենք գնահատում ենք մեր ժրաջան երեցներին։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը