Աղոթելով՝ ‘սուրբ ձեռքեր բարձրացնենք դեպի վեր’
«Ուզում եմ, որ տղամարդիկ աղօթեն ամէն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դէպի վեր, առանց բարկութեան եւ երկմտութեան [«վեճերի», ՆԱ]» (Ա Տիմոթէոս 2։8)։
1, 2. ա) Աստծո ժողովուրդն աղոթք անելիս ինչպե՞ս է կիրառում Ա Տիմոթէոս 2:8–ի խոսքերը։ բ) Ի՞նչ ենք այժմ քննարկելու։
ԵՀՈՎԱՆ ակնկալում է իր ժողովրդից, որ նրանք հավատարիմ լինեն իր նկատմամբ և միմյանց հանդեպ։ Պողոս առաքյալը հավատարմությունը կապեց աղոթքի հետ, երբ գրեց. «Ուզում եմ, որ տղամարդիկ աղօթեն ամէն տեղ, սուրբ ձեռքեր բարձրացնեն դէպի վեր, առանց բարկութեան եւ երկմտութեան» (Ա Տիմոթէոս 2։8)։ Ըստ երևույթին, Պողոսը հրապարակավ աղոթում էր «ամէն տեղ», ուր որ քրիստոնյաները մեկտեղ հավաքվում էին։ Ժողովի հավաքույթներում ովքե՞ր էին աղոթում Աստծո ժողովրդի առջև. միայն սուրբ, ուղղամիտ և պատկառելի մարդիկ, ովքեր ուշադրությամբ հետևում էին Աստծո հանդեպ սուրբգրային բոլոր պարտականություններին (Ժողովող 12։13, 14)։ Նրանք հոգևորապես և բարոյապես մաքուր, Եհովային անվիճելիորեն նվիրված անհատներ պետք է լինեին։
2 Առաջին հերթին պետք է, որ «սուրբ ձեռքեր բարձրացնեն դէպի վեր» ժողովի երեցները։ Հիսուս Քրիստոսի միջոցով Եհովային ուղղված սրտանց աղոթքները ցույց են տալիս նրանց հավատարմությունը Աստծո հանդեպ, ինչպես նաև օգնում են նրանց՝ խուսափելու վեճերից և զայրույթի պոռթկումներից։ Իրականում, քրիստոնեական ժողովում հրապարակավ աղոթք ներկայացնելու առանձնաշնորհումն ունեցող քրիստոնյան չպետք է զայրացկոտ, ոխ պահող և անհավատարիմ լինի Եհովային ու նրա կազմակերպությանը (Յակոբոս 1։19, 20)։ Աստվածաշնչում հետագա ի՞նչ առաջնորդություն է տրվում նրանց համար, ովքեր հրապարակավ աղոթքով հանդես գալու առանձնաշնորհում ունեն։ Որո՞նք են սուրբգրային սկզբունքներից մի քանիսը, որոնք պետք է կիրառենք մեր անձնական և ընտանիքի անունից ներկայացվող աղոթքներում։
Աղոթեք՝ նախօրոք ձևակերպելով մտքերը
3, 4. ա) Ինչո՞ւ է օգտակար հրապարակավ աղոթելուց առաջ նախօրոք ձևակերպել մտքերը։ բ) Ի՞նչ են ասում Սուրբ գրությունները երկար տևող աղոթքի մասին։
3 Եթե մեզ խնդրել են հրապարակավ աղոթք մատուցել, հավանաբար, մենք կկարողանանք ներկայացնել այն, եթե նախօրոք ձևակերպենք մեր մտքերը։ Այսպես վարվելը հնարավորություն կտա աղոթքի մեջ ընդգրկել համապատասխան կարևոր կետերը և այն չդարձնել կցկտուր ու ձգձգվող։ Ինչ խոսք, մեր անձնական աղոթքները նույնպես կարող են բարձրաձայն արտահայտվել ու ծավալուն լինել։ Իր տասներկու առաքյալներին ընտրելուց առաջ Հիսուսն ամբողջ գիշեր աղոթելով անցկացրեց։ Այնուամենայնիվ, իր մահվան Հիշատակի երեկոն հաստատելիս՝ հացի ու գինու համար ասված աղոթքը, ըստ երևույթին, բավականին կարճ էր (Մարկոս 14։22—24; Ղուկաս 6։12—16)։ Իսկ մենք գիտենք, որ Հիսուսի՝ անգամ կարճ ասված աղոթքները լիովին ընդունելի էին Աստծուն։
4 Ենթադրենք, թե ուտելուց առաջ ընտանիքի անունից աղոթք մատուցելու առանձնաշնորհում ունենք։ Նման աղոթքը կարող է համեմատաբար կարճ տևել, բայց ինչ էլ որ ասվի, այն պետք է կերակուրի համար շնորհակալական արտահայտություններ բովանդակի։ Եթե քրիստոնեական հանդիպումից առաջ կամ նրանից հետո հրապարակավ աղոթք ենք ներկայացնում, կարիք չկա այն երկարացնել և աղոթքի մեջ տարբեր հարցեր ընդգրկել։ Հիսուսը քննադատեց դպիրներին, ովքեր ‘ձևականորեն երկարացնում էին իրենց աղոթքները’ (Ղուկաս 20։46, 47)։ Թող որ Աստծո մարդը երբեք չցանկանա այդպես աղոթել։ Բայց, երբեմն տեղին է երկար, հրապարակավ աղոթք մատուցելը։ Օրինակ՝ անհրաժեշտ է, որ ժողովում եզրափակիչ աղոթքն ասելու համար նշանակված երեցը նախօրոք ձևակերպի մտքերը ու փորձի հիշատակել մի քանի կետեր։ Ամեն դեպքում, նույնիսկ նման աղոթքը չպետք է չափից ավելի երկար տևի։
Ակնածանքով Աստծուն մոտեցեք
5. ա) Հրապարակավ աղոթք ներկայացնելիս՝ ի՞նչ է անհրաժեշտ մտաբերել։ բ) Ինչո՞ւ պետք է աղոթել հարգալից ու արժանապատվության զգացումով։
5 Հրապարակավ աղոթք մատուցելիս՝ պիտի մտաբերենք, որ այն մարդկանց չենք ուղղում, այլ պարզապես, որպես մեղավոր մարդիկ, Գերիշխան Եհովա Աստծուն խնդրանք ենք ներկայացնում (Սաղմոս 8։3—5, 9; 73։28)։ Այնուհետև անհրաժեշտ է, որպեսզի մեր խոսքերը և դրանք արտահայտելու ձևերը աստվածահաճո վախ ցույց տան (Առակաց 1։7)։ Սաղմոսերգու Դավիթը գրեց. «Ես քո շատ ողորմութիւնովը կ’մտնեմ քո տունը, եւ դէպի քո սուրբ տաճարը երկրպագութիւն կ’անեմ քո երկիւղովը» (Սաղմոս 5։7)։ Եթե մենք նման վերաբերմունք ենք դրսևորում, ապա ինչպե՞ս կհնչեն մեր խոսքերը, երբ մեզ խնդրեն ժողովրդի առջև աղոթք մատուցել Եհովայի վկաների հավաքույթների ժամանակ։ Իրոք որ, եթե զրուցելիս լինեինք պետության ղեկավարի հետ, կփորձեինք մեր զրույցը որքան հնարավոր է հարգալից ձևով ու արժանապատվության զգացումով վարել։ Արդյոք մեր աղոթքները չպե՞տք է էլ ավելի հարգալից ու արժանապատվությամբ ներկայացվեն Եհովայի՝ ‘բոլոր ազգերի [«հավիտենականության», ՆԱ] Թագավորի’ հետ խոսելիս (Յայտնութիւն 15։3)։ Այսպես վարվելով՝ կխուսափենք աղոթքում օգտագործել այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են՝ «Բարի լո՜ւյս, Եհովա», «Ողջունում ենք քեզ» կամ՝ «Մնաս բարով»։ Գրությունները ցույց են տալիս, որ Աստծո միածին Որդին՝ Հիսուս Քրիստոսը, երբեք նման ձևով չէր դիմում իր երկնային Հորը։
6. Ի՞նչ է անհրաժեշտ մտաբերել, երբ ‘մոտենում ենք նրա շնորհի աթոռին’։
6 Պողոսն ասաց. «Համարձակութեամբ մօտենանք նրա շնորհի աթոռին» (Եբրայեցիս 4։16)։ Չնայած մեր մեղավոր վիճակին՝ մենք կարող ենք «համարձակութեամբ» մոտենալ Եհովային Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հանդեպ ունեցած մեր հավատի շնորհիվ (Գործք 10։42, 43; 20։20, 21)։ Սակայն «համարձակութեամբ» խոսել չի նշանակում շատախոսել Աստծո հետ կամ էլ դիմել նրան անպարկեշտ խնդրանքներով։ Մեր հրապարակավ ասված աղոթքներն Աստծուն հաճելի լինելու համար վերջիններս պետք է ներկայացվեն պատշաճ հարգանքով ու արժանապատվության զգացումով. անհարմար կլիներ դրանք օգտագործել նախազգուշացումներ անելու, անհատ անձանց խրատելու կամ էլ ունկնդիրների առջև քարոզ կարդալու համար։
Խոնարհաբար աղոթեք
7. Սողոմոնն ինչպե՞ս խոնարհություն ցուցաբերեց Եհովայի տաճարի բացման առթիվ ասված իր աղոթքում։
7 Ինչպես էլ որ մենք աղոթենք, լինի դա անձնական բնույթի աղոթք, թե հրապարակավ, մեր աղոթքներում անհրաժեշտ է հեզություն ցուցաբերել՝ ի նկատի ունենալով Աստվածաշնչի կարևոր սկզբունքը (Բ Մնացորդաց 7։13, 14)։ Սողոմոնը Եհովայի՝ Երուսաղեմում գտնվող տաճարի բացման առթիվ իր հրապարակավ աղոթքում խոնարհություն ցուցաբերեց։ Նա նոր էր ավարտել երկրի վրա երբևէ կառուցված ամենափառահեղ տաճարներից մեկի շինարարությունը։ Սակայն նա խոնարհաբար աղոթեց. «Բայց իրա՞ւ Աստուած կ’բնակուէ երկրիս վերայ. ահա երկինքը եւ երկինքների երկինքը չեն կարող քեզ պարունակել, ո՞ւր մնաց իմ այս շինած տունը» (Գ Թագաւորաց 8։27)։
8. Որո՞նք են հրապարակավ ներկայացված աղոթքում հեզություն ցուցաբերելու ձևերից մի քանիսը։
8 Ժողովրդի առջև աղոթք ներկայացնելիս՝ մենք էլ պետք է Սողոմոնի նման հեզ լինենք։ Թեև խուսափում ենք կեղծ բարեպաշտական երանգից, սակայն հեզությունը կարող է երևալ մեր ձայնի տոնից։ Խոնարհաբար ներկայացված աղոթքները վերամբարձ ոճով կամ կեղծ չեն հնչում։ Այդպիսի աղոթքներում ուշադրությունը կենտրոնացվում է ոչ թե աղոթքը ներկայացնող անձնավորության, այլ Նրա վրա, ում որ վերջինս դիմում է (Մատթէոս 6։5)։ Հեզությունը երևում է նաև այն բանում, թե ինչ ենք խնդրում Աստծուց։ Եթե հեզորեն ենք աղոթում, ապա այնպիսի տպավորություն չի ստեղծվի, կարծես թե Աստծուց պահանջում ենք որոշ բաներ կատարել մեր ուզած ձևով։ Սրա փոխարեն կխնդրենք Եհովայից իր սրբազան կամքի հետ ներդաշնակ գործել։ Սաղմոսերգուն պատշաճ վերաբերմունքի օրինակ թողեց, երբ գրեց. «Ո՜հ Տէր, փրկիր. ո՜հ Տէր, յաջողիր» (Սաղմոս 118։25; Ղուկաս 18։9—14)։
Սրտանց աղոթեք
9. Ի՞նչ հրաշալի խորհուրդ տվեց Հիսուսը Մատթէոս 6։7–ի խոսքերում, և ինչպե՞ս կարող է այն կիրառվել։
9 Որպեսզի մեր անձնական կամ հրապարակավ ներկայացված աղոթքները հաճելի լինեն Եհովային, դրանք պետք է մեր սրտի խորքից բխեն։ Այսինքն՝ մենք չպետք է անգիր ասելով կրկնենք աղոթքները, առանց գիտակցելու, թե ինչ ենք խնդրում։ Հիսուսը խորհուրդ տվեց իր Լեռան քարոզի մեջ. «Աղօթք անելիս շատախօս մի՛ լինէք ինչպէս հեթանոսները, որովհետեւ նրանք [սխալմամբ] կարծում են, թէ իրենց շատ խօսքերի պատճառով լսելի կը լինեն»։ Հիսուսը սա էր ուզում ասել. «Դատարկ բառեր մի՛ արտասանեք, անիմաստ մի՛ կրկնեք խոսքերը» (Մատթէոս 6։7)։
10. Ինչո՞ւ է պատշաճ որոշ հարցերի մասին մի քանի անգամ աղոթելը։
10 Իհարկե, մենք կարող ենք որևէ հարցով Աստծուն մի քանի անգամ դիմել, և դա սխալ չի լինի, քանի որ Հիսուսը հորդորեց. «Խնդրեցէ՛ք Աստծուց, եւ նա կը տայ ձեզ, փնտռեցէ՛ք եւ կը գտնէք, բախեցէ՛ք, եւ կը բացուի ձեր առաջ» (Մատթէոս 7։7)։ Միգուցե տվյալ տարածքում քարոզչական գործունեություն ծավալելու հետևանքով Թագավորության նոր սրահ բացելու կարիք է զգացվում (Եսայիա 60։22)։ Տեղին է այս մասին շարունակ հիշատակել մեր անձնական աղոթքներում կամ հավաքույթներին՝ հրապարակավ աղոթք ասելիս։ Այսպես վարվելով՝ ցույց կտանք, որ անիմաստ չենք կրկնում խոսքերը։
Մի՛ մոռացեք փառաբանություն և երախտագիտություն հայտնել
11. Փիլիպպեցիս 4։6, 7 խոսքերն ինչպե՞ս են կիրառվում անձնական և հրապարակավ ասված աղոթքներում։
11 Շատերը Եհովային աղոթում են նրանից ինչ–որ բան ստանալու ակնկալիքով, բայց Եհովայի հանդեպ ունեցած մեր սերը պիտի մղի մեզ նաև նրան փառաբանելու և շնորհակալություն հայտնելու թե՛ անձնական, և թե՛ հրապարակավ ասված աղոթքներում։ Պողոսը գրեց. «Հոգ մի արէ՛ք, այլ աղօթքներով եւ աղաչանքներով ձեր խնդրանքները գոհաբանութեամբ յայտնի թող լինեն Աստծուն։ Եւ Աստծու խաղաղութիւնը, որ վեր է, քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը եւ մտածումները Քրիստոս Յիսուսով» (Փիլիպպեցիս 4։6, 7)։ Այո՛, խնդրանքներ ու աղերսանքներ ներկայացնելուց բացի՝ մենք շնորհակալություն պիտի հայտնենք Եհովային հոգևոր և նյութական օրհնությունների համար (Առակաց 10։22)։ Սաղմոսերգուն գրեց. «Պատարագիր Աստուծուն գոհութիւն, եւ վճարիր Բարձրելոյն քո ուխտերը» (Սաղմոս 50։14)։ Դավիթի գրած սաղմոսներից մեկը հետևյալ սրտառուչ խոսքերն է բովանդակում. «Ես կ’գովեմ Աստուծոյ անունը երգով. եւ կ’փառաբանեմ նորան գովաբանութիւնով» (Սաղմոս 69։30)։ Արդյոք մենք էլ չպե՞տք է նույն ձևով վարվենք մեր անձնական և հրապարակավ ասված աղոթքներում։
12. Սաղմոս 100։4, 5 խոսքերն ի՞նչ կատարում ունեն այսօր, ուստի ինչո՞ւ կարող ենք փառաբանել և շնորհակալություն հայտնել Աստծուն։
12 Սաղմոսերգուն գրեց Աստծո մասին. «Մտէք նորա դռները գոհութիւնով, նորա սրահները փառաբանութիւնով. գոհացէք նորանից եւ օրհնեցէք նորա անունը։ Որովհետեւ Տէրը բարի է եւ նորա ողորմութիւնը յաւիտեան. եւ նորա ճշմարտութիւնը ազգից մինչեւ ազգ (Սաղմոս 100։4, 5)։ Այսօր բոլոր ազգերից մարդիկ մտնում են Եհովայի տաճարի սրահները. այս բանի համար կարող ենք փառաբանել ու շնորհակալություն հայտնել Եհովային։ Երախտագիտություն հայտնո՞ւմ եք Աստծուն մոտակայքում գտնվող Թագավորության սրահի համար և ձեր գնահատանքն արտահայտո՞ւմ եք՝ կանոնավորաբար հավաքվելով նրանց հետ, ովքեր սիրում են Եհովային։ Թագավորության սրահում գտնվելիս՝ մյուսների հետ դուք էլ սրտանց միացնո՞ւմ եք ձեր ձայները՝ փառաբանության և երախտագիտության երգեր երգելով մեր սիրալիր երկնավոր Հորը։
Երբեք մի՛ ամաչեք աղոթել
13. Սուրբգրային ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ պետք է խնդրենք Աստծուն անգամ այն դեպքում, երբ կատարած մեղքի պատճառով անարժան ենք մեզ համարում։
13 Նույնիսկ այն դեպքում, երբ մեղքի պատճառով ինքներս մեզ Աստծուն մոտենալու անարժան ենք համարում, պետք է դիմենք նրան անկեղծ խնդրանքով։ Երբ հրեաները, ամուսնանալով օտար կանանց հետ, մեղք գործեցին, Եզրասը ծնկի եկավ, ‘սուրբ ձեռքերը’ տարածեց առ Աստված և խոնարհաբար աղոթեց. «Ով իմ Աստուած, ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դէպի քեզ բարձրացնելու, ով իմ Աստուած, որովհետեւ մեր անօրէնութիւնները մեր գլխիցը վեր բարձրացան, եւ մեր յանցանքը մեծ է մինչեւ երկինքը։ Մեր հայրերի օրերիցն ի վեր մենք մեծ մեղքի մէջ ենք մինչեւ այսօր.... Եւ այս բոլորը մեր չար գործքերի եւ մեր մեծ յանցանքի պատճառով մեզ վերայ գալուց յետոյ (թէպէտ եւ դու, ով մեր Աստուած, մեզ խնայել ես մեր անօրէնութիւնից շատ եւ մեզ այսպէս փրկուածներ ես տուել)։ Արդե՞օք կրկին քո պատուիրանքները զանց անենք, եւ այս գարշելի ազգերի հետ խնամութիւն անենք. մի՞թէ չես բարկանալ մեզ վերայ, որ մեզ սպառես մինչեւ որ մնացորդ եւ փրկուած չ’լինի։ Ով Տէր Աստուած Իսրայէլի, դու արդար ես. որովհետեւ մենք մինչեւ այսօր փրկուած մնացինք. ահա մենք քո առաջին ենք մեր յանցանքովը, թէեւ այս պատճառով քո առաջին կանգնել չի լինիլ» (Եզրաս 9։1—15; Բ Օրինաց 7։3, 4)։
14. Ինչպես որ ներկայացվեց Եզրասի օրերում, Աստծո ներողամտությանն արժանանալու համար ի՞նչ է պահանջվում։
14 Որպեսզի Աստծո ներմանն արժանանանք, մեղքերը խոստովանելու հետ մեկտեղ պիտի զղջանք ու «ապաշխարութեան արժանի պտուղներ» բերենք (Ղուկաս 3։8; Յոբ 42։1—6; Եսայիա 66։2)։ Եզրասի օրերում իսրայելացիները զղջումից հետո սխալն ուղղելու քայլեր կատարեցին. նրանք թողեցին իրենց օտար կանանց (Եզրաս 10։3; համեմատեք Բ Կորնթացիս 7։8—13)։ Եթե մեր կատարած լուրջ մեղքերի համար Աստծո ներողամտությունն ենք փնտրում, եկեք ուրեմն խոստովանենք մեր մեղքերը խոնարհաբար ասված աղոթքում և «ապաշխարութեան արժանի» պտուղներ բերենք։ Նաև զղջալու ձգտումը և սխալը շտկելու ցանկությունը կմղեն մեզ հոգևոր օգնություն փնտրել քրիստոնյա երեցների մոտ (Յակոբոս 5։13—15)։
Մխիթարվեք աղոթքով
15. Աննայի օրինակն ինչպե՞ս է ցույց տալիս, որ կարող ենք մխիթարություն գտնել աղոթքի մեջ։
15 Եթե ինչ–որ պատճառով մեր սիրտն անհանգիստ է, աղոթքի մեջ կարող ենք մխիթարություն գտնել (Սաղմոս 51։17; Առակաց 15։13)։ Հավատարիմ Աննան այդպես վարվեց։ Նրա ապրած օրերում բազմանդամ ընտանիքները շատ տարածված էին Իսրայելում, սակայն ինքը երեխա չուներ։ Աննայի ամուսինը՝ Եղկանան, որդիներ ու դուստրեր ուներ իր մյուս կնոջից՝ Փենանայից, որը ծաղրում էր Աննային ամուլ լինելու համար։ Աննան ջերմեռանդորեն աղոթեց ու խոստացավ, որ եթե ինքը զավակ ունենալու օրհնությանն արժանանա, ապա ‘նրան Տիրոջը կնվիրի իր կյանքի բոլոր օրերում’։ Մխիթարություն ստանալով իր աղոթքից և Հեղի քահանայապետի խոսքերից՝ Աննայի «երեսը այլեւս տրտում չէր»։ Աննան որդի ունեցավ և նրան Սամուել անվանեց։ Հետագայում նա իր որդուն հանձնեց Եհովայի տաճարում ծառայելու (Ա Թագաւորաց 1։9—28)։ Երախտապարտ լինելով Աստծուն իր հանդեպ ցուցաբերած բարության համար՝ նա շնորհակալական աղոթք հղեց նրան, աղոթք, որտեղ Եհովան գովաբանվում էր որպես անզուգական Աստված (Ա Թագաւորաց 2։1—10)։ Մենք նույնպես կարող ենք Աննայի նման մխիթարվել աղոթքով, վստահ լինելով, որ Աստված պատասխանում է իր կամքի համաձայն ասվող աղոթքներին։ Երբ մեր սիրտը բացում ենք Աստծո առաջ, թող որ մեր ‘երեսն այլևս տրտում չլինի’, քանի որ Աստված իր վրա է վերցնելու մեր հոգսը, կամ էլ այն կրելու հնարավորություն է տալու մեզ (Սաղմոս 55։22)։
16. Նկատի առնելով Հակոբի օրինակը՝ ինչո՞ւ պետք է աղոթենք, երբ վախեցած ենք կամ մտահոգված։
16 Եթե մի իրավիճակ մեզ վախ, ցավ կամ անհանգստություն է պատճառում, ապա եկեք մխիթարվելու համար աղոթքով Աստծուն դիմենք (Սաղմոս 55։1—4)։ Հակոբի սիրտը վախով լցվեց, երբ պիտի հանդիպեր իրենից երես թեքած եղբորը՝ Եսավին։ Այնուհանդերձ, Հակոբն աղոթեց. «Ով իմ հօր Աբրահամի Աստուած, եւ իմ հօր Իսահակի Աստուած, ով Եհովայ, որ ասեցիր ինձ. Ետ դարձիր քո երկիրը եւ քո հայրենիքը, եւ քեզ բարիք կ’անեմ. Ես արժանի չեմ այն ամեն ողորմութիւններին եւ ամեն հաւատարմութեանը, որ քո ծառային արել ես. որովհետեւ իմ գաւազանովն անցայ այս Յորդանանիցը, եւ հիմա երկու խումբի տէր եղայ։ Ազատիր հիմա ինձ իմ եղբայր Եսաւի ձեռքիցը, որովհետեւ նորանից վախում եմ, մի գուցէ գայ եւ զարկէ ինձ և մօրը տղաներովը։ Եւ դու ասել ես, թէ անպատճառ քեզ բարիք կ’անեմ, եւ քո սերունդը ծովի աւազի չափ կ’անեմ, որ շատութիւնից չի համրուիլ» (Ծննդոց 32։9—12)։ Եսավը չհարձակվեց Հակոբի ու նրա ընտանիքի անդամների վրա։ Այսինքն՝ տվյալ դեպքում Եհովան ‘բարիք արեց’ Հակոբին։
17. Ըստ Սաղմոս 119։52–ի՝ ինչպե՞ս կարող է աղոթքը մեզ մխիթարել, երբ խիստ փորձության մեջ ենք գտնվում։
17 Երբ մենք ինչ–որ բան ենք խնդրում Աստծուց, մեզ կարող է մխիթարել Աստվածաշնչում գրված օրինակները մտաբերելը։ Ամենաերկար սաղմոսում, որը երաժշտության ուղեկցությամբ մի գեղեցիկ աղոթք է, և որը հավանաբար գրել է Եզեկիան իր արքայազն եղած ժամանակ, ասվում է. «Տէր, յիշում եմ քո իրաւունքները յաւիտենից, եւ մխիթարվում եմ» (Սաղմոս 119։52)։ Խիստ փորձության մեջ գտնվելիս՝ խոնարհաբար ասված աղոթքի մեջ գուցե մտաբերենք Աստվածաշնչի մի սկզբունք կամ օրենք, որը կօգնի մեզ շարունակել մեր ընթացքը և համոզված լինել, որ հաճեցնում ենք մեր երկնային Հորը։
Հավատարիմ անհատներն աղոթքի մեջ հարատևում են
18. Ինչո՞ւ է ասվում, որ ‘ամեն բարեպաշտ աղոթք է անում Աստծուն’։
18 Եհովա Աստծուն հավատարիմ բոլոր անհատները ‘հարատևում են աղոթքում’ (Հռովմայեցիս 12։12, ԱԹ)։ 32–րդ սաղմոսում, որը հավանաբար գրվել է Բերսաբեի հետ կատարված մեղքից հետո, Դավիթը նկարագրում է ներում և մխիթարություն չփնտրելու պատճառով իր կրած չարչարանքները, որոնք նրան հասցրին ապաշխարության և Աստծուն իր մեղքը խոստովանելուն։ Ապա նա գրեց. «Սորա համար [որովհետև Եհովան ներում է սրտանց զղջացող անձանց] ամեն բարեպաշտ աղօթք կ’անէ քեզ՝ քեզ գտնելու ժամանակումը» (Սաղմոս 32։6)։
19. Ինչո՞ւ պետք է մեր «սուրբ ձեռքերը» բարձրացնենք աղոթքով։
19 Եթե մենք փայփայում ենք Եհովա Աստծո հետ ունեցած մեր փոխհարաբերությունը, ապա Հիսուս Քրիստոսի քավիչ զոհաբերության հիման վրա պիտի աղոթենք, որպեսզի նրա ողորմածությունը ստանանք։ Նրա շնորհի աթոռին կարող ենք մոտենալ հավատով ու համարձակությամբ և ողորմածություն ու ժամանակին օգնություն խնդրել (Եբրայեցիս 4։16)։ Իսկ աղոթելու համար այնքա՜ն շատ առիթներ կան։ Ուրեմն եկեք ‘անդադար աղոթենք’, հաճախակի Աստծուն դիմենք փառաբանության ու երախտագիտության սրտանց խոսքերով (Ա Թեսաղոնիկեցիս 5։17)։ Եկեք օր ու գիշեր մեր սուրբ ձեռքերն աղոթքով դեպի վեր բարձրացնենք։
Ինչպե՞ս կպատասխանեք
◻ Ի՞նչ օգուտներ կքաղենք, եթե հրապարակավ աղոթելիս նախօրոք ձևակերպենք մեր մտքերը։
◻ Ինչո՞ւ է անհրաժեշտ աղոթել հարգալից և արժանապատվությամբ։
◻ Աղոթելիս ի՞նչ ոգի է անհրաժեշտ ցուցաբերել։
◻ Աղոթք անելիս ինչո՞ւ չպետք է մոռանանք փառաբանություն և շնորհակալություն հայտնելու մասին։
◻ Աստվածաշունչն ինչպե՞ս է ցույց տալիս, որ կարող ենք մխիթարություն ստանալ աղոթքից։
[նկար 15–րդ էջի վրա]
Եհովայի տաճարի բացման օրը Սողոմոն թագավորը խոնարհություն ցուցաբերեց հրապարակավ ասված իր աղոթքի մեջ։
[նկարներ 16–րդ էջի վրա]
Դուք էլ կարող եք Աննայի նման մխիթարություն գտնել աղոթքի մեջ։