Հիմա է փորձվում ձեր հավատի ինչպիսին լինելը
«Եղբայրնե՛ր, ամենայն ուրախութեան արժանի համարեցէ՛ք, երբ տեսակ–տեսակ փորձութիւնների մէջ ընկնէք. իմացէ՛ք, որ ձեր հաւատի փորձը համբերութիւն է առաջ բերում» (Յակոբոս 1։2, 3)։
1. Քրիստոնյաներն ինչո՞ւ պիտի հավատի փորձություններ ակնկալեն։
ՏԱՌԱՊԱՆՔԸ ճշմարիտ քրիստոնյաներին չի հրապուրում, և նրանք ցավից կամ անարգանքից հաճույք չեն ստանում, սակայն մտաբերում են վերոհիշյալ խոսքերը, որոնք գրվել են Հիսուսի արյունակից եղբայր Հակոբոսի կողմից։ Հիսուսն իր աշակերտներին բացատրեց, որ նրանք հալածանքներ և ուրիշ դժվարություններ կունենան, քանի որ հավատարիմ են մնում Աստծու չափանիշներին (Մատթէոս 10։34; 24։9—13; Յովհաննէս 16։33)։ Այնուամենայնիվ, այսպիսի փորձությունների արդյունքում ուրախություն է լինում։ Բայց ինչպե՞ս։
2. ա) Հավատի փորձություններն ինչպե՞ս կարող են ուրախություն պատճառել մեզ։ բ) Համբերությունն ինչպե՞ս կարող է լիությամբ դրսևորվել մեր մեջ։
2 Հավատի փորձությունների ժամանակ ուրախություն ենք ապրում, որովհետև այդ փորձությունները կարող են բարի պտուղներ առաջ բերել։ Ինչպես Հակոբոս առաքյալն է ասում, փորձություններին ու դժվարություններին դիմանալը «համբերություն է առաջ բերում»։ Քրիստոնեական այդ հատկությունը մշակելուց կարող ենք օգուտներ քաղել։ Հակոբոսը գրեց. «Համբերութիւնը թող դրսեւորուի լիութեամբ, որպէսզի անթերի եւ կատարեալ լինէք, ոչ մի բանով պակաս չլինէք» (Յակոբոս 1։4)։ Այո՛, համբերությունը պետք է «դրսեւորուի լիութեամբ»։ Այն պիտի ամբողջական դարձնի մեզ բոլոր կողմերից և ձևավորի իբրև հասուն, հավասարակշռված քրիստոնյաներ։ Ուրեմն, երբ թողնում ենք, որ փորձություններն իրենց ընթացքն ունենան և չենք ձգտում դրանք արագորեն դադարեցնել Աստվածաշնչին հակասող միջոցներով, այդ դեպքում մեր հավատը փորձվում է և մաքրվում։ Երբ որոշակի իրավիճակներում կամ մարդկանց հետ հաղորդակցվելիս կարեկցանքի, համբերության, սիրո կամ բարության պակաս ենք զգացել, ապա համբերությունը ներկայումս կարող է զարգացնել մեր քրիստոնեական հատկանիշները։ Այս ընթացքը աստիճանաբար է տեղի ունենում. փորձությունները համբերություն են մշակում, համբերությունն էլ իր հերթին քրիստոնեական հատկություններ է աճեցնում (Ա Պետրոս 4։14; Բ Պետրոս 1։5—8)։ Իսկ սրանք ուրախանալու պատճառներ են։
3. Ինչո՞ւ չպիտի վախենանք և ետ քաշվենք հավատի փորձություններից։
3 Պետրոս առաքյալը նաև շեշտեց, թե ինչու հավատի փորձություններից չպիտի ետ քաշվենք կամ վախենանք։ Նա գրեց. «Ուրախանում էք դրանով դուք, որ այժմ դէպքերի բերումով, այլ եւ այլ փորձութիւններով փոքր–ինչ տրտմած էք, որպէսզի ձեր հաւատի փորձը, որ առաւել արժէքաւոր է, քան կորստեան ենթակայ ոսկին, որ կրակով է փորձուած, դառնայ գովքի, փառքի ու պատուի առարկայ յայտնութեան ժամանակ Յիսուս Քրիստոսի» (Ա Պետրոս 1։6, 7)։ Այս խոսքերը խրախուսիչ են հատկապես հիմա, որովհետև «մեծ նեղութիւնը»՝ գովքի, փառքի, պատվի ու փրկության ժամանակը, որոշ մարդկանց երևակայածից ավելի մոտ է, շատ ավելի մոտ, քան այն ժամանակ, երբ մենք հավատացինք (Մատթէոս 24։21; Հռովմայեցիս 13։11, 12)։
4. Մի եղբայր ինչպե՞ս արտահայտվեց իր և մյուս օծյալների դիմագրաված փորձությունների մասին։
4 Նախորդ հոդվածում քննարկեցինք այն փորձությունները, որոնք 1914–ից սկսած ունեցավ օծյալ մնացորդը։ Արդյո՞ք սրանք ուրախանալու առիթներ էին։ Ա. Մակմիլանը, հետադարձ հայացք նետելով անցյալին, ասաց. «Ես ականատես եմ եղել կազմակերպության վրա եկած բազմաթիվ դաժան փորձություններին և թե ինչպես փորձվեց նրա անդամների հավատը։ Աստծու հոգու օգնությամբ [կազմակերպությունը] վերապրեց ու շարունակեց բարգավաճել։ Հասկացա, թե մի նոր գաղափարից դժգոհելու փոխարեն որքա՜ն իմաստուն է համբերատարությամբ սպասելը, մինչև որ Եհովան Սուրբ գրային հարցերի առնչությամբ մեր հասկացողությունը լուսավորի։ Ժամանակ առ ժամանակ մեր տեսակետների մեջ ինչ վերաճշտումների կարիք էլ որ զգացվեր, միևնույն է, դա չէր փոխի փրկանքի ողորմած կարգադրությունը և հավիտենական կյանքի մասին Աստծու խոստումը։ Հետևաբար, չպիտի թողնեինք, որպեսզի չիրականացված ակնկալիքների կամ տեսակետների փոփոխությունների պատճառով մեր հավատը թուլանար («Դիտարան», օգոստոս 15, 1966, էջ 504, անգլ.)։
5. ա) Օծյալների կրած փորձությունների շնորհիվ ի՞նչ օգուտներ եղան։ բ) Ինչո՞ւ այսօր պիտի հետաքրքրվենք հավատի փորձության հարցերով։
5 Օծյալ քրիստոնյաները, վերապրելով 1914— 1919 թվականների փորձության շրջանը, ազատագրվեցին աշխարհի իշխող ներգործությունից և բաբելոնական բազմաթիվ կրոնական սովորություններից։ Մնացորդը շարունակեց առաջ ընթանալ որպես մաքրված ու զտված մի ժողովուրդ՝ հոժարակամորեն օրհնության պատարագ մատուցելով Աստծուն և վստահ լինելով, որ ընդունելի է նրա կողմից (Եսայիա 52։11; Բ Կորնթացիս 6։14—18)։ Դատաստանը սկսվել էր Աստծու տնից, բայց այն չէր ավարտվելու որոշակի հաստատված ժամանակահատվածում։ Աստծու ժողովրդի փորձվելու և մաղվելու ընթացքը դեռ շարունակվում է։ Ովքեր հույս ունեն վերապրել մոտեցող «մեծ նեղութիւնից» որպես «մեծ բազմութեան» մեկ մաս, նրանք ևս հավատի փորձություններ են ունենում (Յայտնութիւն 7։9, 14)։ Դրանք նման են օծյալ մնացորդի կրած փորձություններին. բացի այդ, գոյություն ունեն նաև փորձության այլ կերպեր։
Փորձության ինչպիսի՞ ձևեր են լինում
6. Շատերը հավատի ի՞նչ դաժան փորձություններ են ունեցել։
6 Բազմաթիվ քրիստոնյաներ գիտակցում են, որ փորձությունները կարող են լինել ուղղակի, ճակատային հարձակումների ձևով, որոնց պետք է դիմադրել։ Նրանք մտաբերում են հետևյալ տեղեկագրությունը. «[Հրեա առաջնորդները] առաքյալներին կանչելով, գանահարեցին նրանց ու պատուիրեցին, որ Յիսուսի անունով այլեւս չխօսեն. եւ արձակեցին նրանց։ Իսկ նրանք ատեանի առաջից գնացին ուրախանալով, որովհետեւ Տիրոջ անուան համար անարգանքի էին արժանացել» (Գործք 5։40, 41)։ Աստծու ժողովրդի ժամանակակից պատմությունից, հատկապես համաշխարհային պատերազմների ընթացքում կատարվածից ի հայտ է դառնում, որ, իսկապես, Եհովայի վկաներից շատերը հալածողների կողմից ծեծվել և ավելի վատթար վիճակներում են գտնվել։
7. Վերջին տարիներին շատ քրիստոնյաներ ի՞նչ աստիճանի հավատ են ցուցաբերել։
7 Ինչ վերաբերվում է քրիստոնյաներին հալածելուն, ապա աշխարհը տարբերություն չի դնում օծյալ մնացորդի և «այլ ոչխարների» մեծ բազմության միջև (Յովհաննէս 10։16)։ Տարիների ընթացքում երկու խմբերի անդամներն էլ դաժանորեն փորձության են ենթարկվել՝ բանտարկվելով և նույնիսկ նահատակվելով, քանի որ սիրել ու հավատացել են Աստծուն։ Երկու խմբերն էլ, անկախ իրենց ունեցած հույսից, Աստծու հոգու օգնության կարիքն են ունեցել (համեմատե՛ք «Դիտարան», հունիս 15, 1996, էջ 31, ռուս.)։ 1930–ական և 1940–ական թվականների ընթացքում նացիստական Գերմանիայում Եհովայի բազմաթիվ ծառաներ, այդ թվում նաև երեխաներ, զարմանալի հավատ ցուցաբերեցին, և շատերը սարսափելի փորձություններ ունեցան։ Վերջին տարիներին Եհովայի ժողովուրդը շատ փորձություններ է դիմադրել այնպիսի երկրներում, ինչպիսիք են Բուրունդին, Էրիտրեան, Եթովպիան, Մալավին, Մոզամբիկը, Ռուանդան, Սինգապուրը և Զաիրը։ Նման փորձությունները դեռ շարունակվում են։
8. Աֆրիկացի մի եղբոր մեկնաբանությունն ինչպե՞ս է ցույց տալիս, որ մեր հավատի փորձությունը չի սահմանափակվում միայն ֆիզիկական հալածանքով։
8 Սակայն, ինչպես արդեն նշվեց, մեր հավատը փորձվում է նաև ավելի աննկատ ձևերով։ Երբեմն փորձությունները անմիջականորեն ուղղված չեն լինում մեզ և հեշտությամբ չեն ճանաչվում։ Պատկերացրեք, թե ինչպես կարձագանքեիք նման իրավիճակում։ Անգոլայում եղբայրներից մեկը, որն ուներ տասը երեխա, հաճախում էր մի ժողով, որի կապը պատասխանատու եղբայրների հետ որոշ ժամանակով կտրվեց։ Հետագայում, երբ եղբայրներն ի վիճակի եղան ժողով այցելել, այդ եղբորը հարցրին, թե ինչպես է կարողանում կերակրել ընտանիքի անդամներին։ Նա դժվարացավ պատասխանել ու միայն ասաց, որ իրավիճակը ծանր է։ Իսկ այն հարցին, թե հասցնո՞ւմ է օրը գոնե մեկ անգամ երեխաներին կերակրել, նա պատասխանեց. «Հազիվ թե։ Մենք սովորել ենք բավարարվել եղածով»։ Ապա համոզիչ ձայնով շարունակեց. «Մենք լավ վիճակներ չենք էլ ակնկալում. չէ՞ որ հիմա ապրում ենք վերջին օրերի մեջ»։ Այս աշխարհում նման հավատն ուշագրավ է, բայց սա հազվագյուտ երևույթ չէ այն հավատարիմ քրիստոնյաների համար, ովքեր լիովին վստահ են, որ Թագավորության խոստումները պիտի իրագործվեն։
9. Ա Կորնթացիս 11։3–ում արձանագրված սկզբունքի նկատմամբ մեր ունեցած վերաբերմունքն ինչպե՞ս է փորձվում։
9 Մեծ բազմության անդամները փորձվում են նաև աստվածապետական կարգի հետ կապված հարցերում։ Քրիստոնեական համաշխարհային ժողովը ղեկավարվում է աստվածային սկզբունքների ու աստվածապետական չափանիշների համաձայն։ Սա ամենից առաջ նշանակում է Հիսուսին ընդունել որպես Առաջնորդ, որը ժողովի Գլուխ է նշանակված (Ա Կորնթացիս 11։3)։ Նրա և իր Հոր հանդեպ մեր հոժարակամ հնազանդությունը դրսևորվում է այն ժամանակ, երբ վստահում ենք աստվածապետական նշանակումներին և այն որոշումներին, որոնք վերաբերում են Եհովայի կամքը միասնաբար կատարելուն։ Բացի այդ, յուրաքանչյուր ժողովում նախաձեռնությունը ստանձնելու համար մարդիկ են նշանակված։ Թեև նրանք անկատար անհատներ են, որոնց սխալները կարող ենք հեշտությամբ նկատել, բայց և այնպես, պետք է հարգենք այսպիսի վերակացուներին ու հնազանդ լինենք նրանց (Եբրայեցիս 13։7, 17)։ Դուք էլ նման խնդիրներ ունենո՞ւմ եք։ Դժվարանո՞ւմ եք արդյոք այդ ձևով վարվել։ Եթե այդպես է, ապա ջանո՞ւմ եք հավատի այդ փորձություններից դասեր քաղել։
10. Քարոզչական ծառայության հետ կապված ի՞նչ փորձության ենք հանդիպում։
10 Փորձվում ենք նաև քարոզչական ծառայությանը կանոնավորաբար մասնակցելու առանձնաշնորհման և այլ պահանջների հետ կապված հարցերում։ Այս փորձությունը դիմագրավելու համար պիտի գիտակցենք, որ ծառայության մեջ ամբողջական մասնակցություն ունենալը նվազագույն չափով կամ մակերեսայնորեն ծառայելուց ավելին է նշանակում։ Մտաբերենք այն դեպքը, թե ինչպես Հիսուսը գովեց իր ողջ ունեցածը տված աղքատ որբևայրուն (Մարկոս 12։41—44)։ Եկեք հարցնենք ինքներս մեզ. «Ես էլ նման անձնուրացություն ցուցաբերո՞ւմ եմ դաշտի ծառայության մեջ»։ Բոլորս էլ Եհովայի վկաներ պիտի լինենք օրվա 24 ժամվա ընթացքում, ամեն պահ պետք է պատրաստ լինենք և թույլ տանք, որ մեր լույսը փայլի մարդկանց առաջ (Մատթէոս 5։16)։
11. Ինչպե՞ս կարող ենք փորձվել անձնական վարքի մեջ վերաճշտումներ և մեր տեսակետների կապակցությամբ խորհուրդներ ստանալիս։
11 Հնարավոր է, որ ուրիշ փորձություն էլ ունենանք՝ կապված մեր գնահատության աստիճանի հետ, որ պիտի ցուցաբերենք Աստվածաշնչի ճշմարտության՝ գնալով պայծառացող լույսի և այն խորհուրդների հանդեպ, որոնք տալիս է հավատարիմ ծառա դասակարգը (Մատթէոս 24։45)։ Երբեմն անհրաժեշտ է վերաճշտումներ անել սեփական վարքի մեջ, ինչպես օրինակ՝ նրանք, ովքեր ծխախոտ են գործածում, պետք է հրաժարվեն դրանից, եթե ցանկանում են մնալ ժողովում (Բ Կորնթացիս 7։1)։a Կամ կարող է փորձություն լինել այն հանգամանքը, թե ինչպես ենք վերաբերվում երաժշտության և ուրիշ տեսակի զվարճությունների ընտրության մեջ փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությանը։b Կմերժե՞նք տրված խորհուրդը, թե՞ թույլ կտանք, որ Աստծու հոգին ձևավորի մեր մտածելակերպը և օգնի մեզ, որպեսզի նոր մարդը հագնենք (Եփեսացիս 4։20—24; 5։3—5)։
12. Մկրտությունից հետո մեր հավատն ամրացնելու համար ի՞նչ է պահանջվում։
12 Տասնամյակներ շարունակ մեծ բազմության անդամների թիվն աճել է, և մկրտությունից հետո ևս նրանք շարունակել են պահպանել իրենց սերտ հարաբերությունները Եհովայի հետ։ Սա չի նշանակում միայն այցելել քրիստոնեական որևէ համաժողով, Թագավորության սրահում ժողովի մի քանի հանդիպումների ներկա լինել կամ ժամանակ առ ժամանակ մասնակցել դաշտի ծառայությանը։ Մարդը կարող է ֆիզիկապես դուրս լինել Մեծ Բաբելոնից՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրությունից, բայց իսկապե՞ս հրաժարվել է նրանից, թե՞ դեռ կառչած է մնում կեղծ կրոնի՝ Աստծու չափանիշներն արհամարհող ոգուց։ Ամուսնական հավատարմությանը թեթևամտորե՞ն է մոտենում։ Նրան ավելի շատ հետաքրքրում են անձնական և նյութական շահե՞րը, թե՞ հոգևոր կարիքները։ Այլ կերպ ասած, նա իր անձն անարատ պահե՞լ է այս աշխարհից (Յակոբոս 1։27)։
Փորձված հավատի օգուտները
13, 14. Ճշմարիտ պաշտամունքի ճանապարհին կանգնելուց հետո ոմանք ինչպիսի՞ նպատակներ են հետապնդել։
13 Եթե մենք իրոք հեռացել ենք Մեծ Բաբելոնից ու նաև աշխարհի մասը չենք կազմում, ապա եկեք ետ չնայենք անցյալում թողած բաներին։ Ղուկաս 9։62-ում արձանագրված սկզբունքի համաձայն՝ մեր անցած կյանքին ետ նայելը կնշանակի կորցնել Աստծու Թագավորությանը հպատակ լինելու հնարավորությունը։ Հիսուսն ասաց. «Ոչ ով որ ձեռքը մաճի վերա է դնում եւ ետեւին մտիկ անում, յարմար չէ Աստուծոյ արքայութեան համար» (ԱԹ)։
14 Ոմանք քրիստոնյա դառնալուց հետո, աշխարհի ոգուն դիմադրելու փոխարեն, թույլ տվեցին, որ իրերի այս համակարգը ձևավորի իրենց (Բ Պետրոս 2։20—22)։ Աշխարհային զվարճությունները խլեցին նրանց հետաքրքրություններն ու ժամանակը՝ արգելք հանդիսանալով նրանց առաջադիմությանը։ Իրենց սրտերն ու մտքերը Աստծու Թագավորության ու նրա բերած արդարության կողմն ուղղելու և դրանք կյանքում առաջնահերթ տեղում դնելու փոխարեն՝ նրանք իրենց ուշադրությունը կենտրոնացրել են նյութապաշտական նպատակների վրա։ Եթե նրանք չգիտակցեն իրենց թույլ հավատը և անորոշ վիճակը, ապա կշարունակեն Եհովայի ու նրա կազմակերպության հետ ունեցած թանկագին հարաբերությունները կորցնելու վտանգի մեջ մնալ (Յայտնութիւն 3։15—19)։
15. Ի՞նչ է պահանջվում շարունակ Աստծո հավանությունն ունենալու համար։
15 Արագորեն մոտեցող մեծ նեղությունից մեր վերապրելը պայմանավորված է այն բանով, որ պահենք մեր մաքրությունը և ‘լուանք մեր հանդերձները Գառան արիւնով’ (Յայտնութիւն 7։9—14; Ա Կորնթացիս 6։11)։ Եթե չպահենք Աստծու առաջ մաքուր, արդար կեցվածք, ապա մեր սրբազան ծառայությունը հաճելի չի լինի նրան։ Հետևաբար, յուրաքանչյուրս էլ պիտի գիտակցի, որ երբ փորձվում է մեր հավատը, դա օգնում է մեզ, որպեսզի դիմանանք դժվարություններին ու խուսափենք Աստծու տհաճությանն արժանանալուց։
16. Կեղծ վկայություններն ինչպե՞ս կարող են հավատի փորձություն լինել մեզ համար։
16 Երբեմն մամուլը և պետական իշխանություններն Աստծու ժողովրդի մասին հերյուրանքներ են տարածում՝ խեղաթյուրելով վերջինիս քրիստոնեական հավատն ու ապրելակերպը։ Սակայն սա մեզ չպիտի զարմացնի, քանի որ Հիսուսը հայտարարեց, որ ‘աշխարհը ատելու է մեզ, որովհետեւ մենք աշխարհից չենք’ (Յովհաննէս 17։14)։ Թույլ պիտի տա՞նք, որ Սատանայի կողմից կուրացած մարդիկ վախեցնեն կամ վհատեցնեն մեզ, պիտի ամաչե՞նք բարի լուրը քարոզելուց։ Ճշմարտության դեմ ուղղված կեղծ վկայություններն արդյոք կազդե՞ն ժողովներին կանոնավոր մեր հաճախումների վրա և կթուլացնե՞ն քարոզչական մեր եռանդը, թե՞, ընդհակառակը, ամուր կմնանք ու քաջ կլինենք առավել, քան երբևէ՝ մեծ վճռականությամբ շարունակելով հռչակել Եհովայի ու նրա Թագավորության մասին ճշմարտությունը։
17. Ո՞ր հավաստիացումն է մեզ խրախուսում, որպեսզի շարունակենք հավատ ցուցաբերել։
17 Աստվածաշնչի մարգարեության համաձայն՝ արդեն մոտենում ենք վերջին օրերի ավարտին։ Արդար, նոր աշխարհի մասին ունեցած ակնկալիքները, որոնք Աստվածաշնչի վրա են հիմնված, սքանչելի իրականություն են դառնալու։ Քանի դեռ այդ ժամանակը չի եկել, թող որ մեզանից յուրաքանչյուրն անսասան հավատ ունենա Աստծու Խոսքի հանդեպ և ապացուցի իր հավատը՝ չթուլանալով Թագավորության բարի լուրը ողջ աշխարհում քարոզելու գործի մեջ։ Խորհենք բազմաթիվ նոր հետևորդների մասին, ովքեր ամեն շաբաթ մկրտվում են։ Մի՞թե սա մեզ համար բավարար պատճառ չէ գնահատելու, որ, համբերելով մինչև դատաստանի գործադրումը, Եհովան հնարավորություն է տալիս, որ ավելի շատ մարդիկ փրկության հասնեն։ Ուրախ չե՞նք, որ Եհովան թույլ է տվել, որպեսզի Թագավորությունը քարոզելու փրկարար գործը շարունակվի։ Եվ մի՞թե ուրախ չենք, որ միլիոնավորներն ընդունել են ճշմարտությունը և իրենց հավատն են ցուցաբերում։
18. Ո՞րն է Եհովային ծառայելու ձեր որոշումը։
18 Մեզ հայտնի չէ, թե մեր հավատի փորձությունը դեռ որքան ժամանակ կտևի։ Բայց գիտենք մի բան. Եհովան մի օր է հաստատել, երբ հաշիվ պիտի պահանջի ներկա չար երկնքից ու երկրից։ Մինչ այդ եկեք վճռականորեն հետևենք մեր հավատի Զորագլխի՝ Հիսուսի դրսևորած մեծ ու փորձված հավատին։ Եկեք ընդօրինակենք օծյալ մնացորդի տարեց անդամներին և նրանց, ովքեր խիզախորեն ծառայում են մեզ հետ։
19. Ի՞նչն է, անկասկած, հաղթելու աշխարհին։
19 Երկնքում թռչող հրեշտակի հետ համագործակցելով՝ առանց դանդաղելու հավիտենական բարի լուրը պիտի հայտարարենք ամեն ազգի, ցեղի, լեզվի ու ժողովրդի։ Նրանց լսելի պիտի դարձնենք հրեշտակի միջոցով հաղորդված ազդարարությունը. «Վախեցէ՛ք Աստծուց եւ փա՛ռք տուէք նրան, որովհետեւ եկել է նրա դատաստանի ժամը» (Յայտնութիւն 14։6, 7)։ Երբ աստվածային այդ դատաստանը գործադրվի, մեր փորձված հավատի արդյունքն ի՞նչ է լինելու։ Այն փառավոր հաղթանա՞կ է լինելու, այսինքն՝ ազատագրվելով իրերի ներկա համակարգից՝ մտնել Աստծու արդար երկիրը։ Հավատի փորձություններին համբերելով՝ մենք էլ Հովհաննես առաքյալի նման ի վիճակի կլինենք ասելու. «Եւ ա՛յս է այն յաղթութիւնը, որ յաղթում է աշխարհին՝ մեր հաւատը» (Ա Յովհաննէս 5։4)։
[ծանոթագրություններ]
a Տեսեք «Դիտարան», հունիս 1, 1973, էջ 336—343 (անգլ.) և հուլիս 1, 1973, էջ 409—411, (անգլ.)։
b Տեսեք «Դիտարան», հուլիս 15, 1983, էջ 27—31, (անգլ.)։
Հիշո՞ւմ եք
◻ Հավատի փորձություններն ինչպե՞ս կարող են ուրախություն պատճառել
◻ Որո՞նք են հավատի փորձության այն ձևերը, որոնք հեշտությամբ չեն ճանաչվում
◻ Հարատև ի՞նչ օգուտներ ենք քաղում հավատի փորձությունները դիմագրավելիս
[նկարներ 15–րդ էջի վրա]
Ա. Մակմիլանը (առջևում՝ ձախից) և «Դիտարան» ընկերության պաշտոնյաներն անարդարացիորեն դատապարտվելիս
Մակմիլանը՝ որպես պատգամավոր 1928–ին Դետրոյտում (Միչիգան նահանգ) տեղի ունեցած համաժողովում
Կյանքի վերջին տարիներին եղբայր Մակմիլանը շարունակում էր հավատ ցուցաբերել
[նկար 16–րդ էջի վրա]
Այս ընտանիքի նման Աֆրիկայում շատ քրիստոնյաներ փորձված հավատ են ցուցաբերում