Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w06 3/15 էջ 21–25
  • «Ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ»

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ»
  • 2006 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Հաջողության գրավականը
  • Մեր շրջապատը
  • Աշխատանք
  • «Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան»
  • Իմաստություն խնդրիր Աստծուց
  • Լավ արդյունքներ. մի՞շտ
  • Հավատ դրսևորիր. իմաստուն որոշումներ կայացրու
    2017 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Ինչպես կարող եք կայացնել խոհեմ որոշումներ
    2001 Դիտարան
  • Թող քո որոշումները փառք բերեն Աստծուն
    2011 Դիտարան
  • Ինչպես կայացնել ճիշտ որոշումներ
    Վայելիր կյանքը հավիտյան. Աստվածաշնչի ինտերակտիվ դասընթաց
Ավելին
2006 Դիտարան
w06 3/15 էջ 21–25

«Ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ»

«Մեզանից ամեն մէկն իր անձի համար պիտի հաշիւ տայ Աստուծուն» (ՀՌՈՎՄԱՅԵՑԻՍ 14։12)։

1. Ի՞նչ պատասխանատու որոշում պետք է կայացնեին երեք հրեաները։

ԲԱԲԵԼՈՆՈՒՄ ապրող երեք հրեա երիտասարդների առջև կյանքի ու մահվան հարց էր դրվել։ Նրանք պետք է որոշեին կա՛մ հնազանդվել այդ երկրի օրենքին ու երկրպագություն մատուցել այնտեղ կանգնեցված մի հսկայական արձանի, կա՛մ էլ հրաժարվել այդ քայլից. մի բան, որի դեպքում նրանց կնետեին ‘կրակով բորբոքված հնոցի մեջ’։ Այդ երիտասարդները՝ Սեդրաքը, Միսաքը և Աբեդնագովը, ժամանակ չունեին որևէ մեկի հետ խորհրդակցելու և ոչ էլ զգում էին դրա կարիքը։ Առանց վարանելու՝ նրանք Բաբելոնի թագավորին ասացին. «Թող քեզ յայտնի լինի, ով թագաւոր, որ քո աստուծուն մենք չենք պաշտում եւ քո կանգնեցրած արձանին երկրպագութիւն չենք անում» (Դանիէլ 3։1–18)։ Այո՛, այդ երեք հրեաները պատրաստ էին կրելու իրենց ‘բեռը’։

2. Իրականում ո՞վ որոշում կայացրեց Պիղատոսի փոխարեն։ Արդյո՞ք դա նրան ազատեց պատասխանատվությունից։

2 Վերոհիշյալ դեպքից գրեթե վեց դար անց մի մեղադրյալի կանգնեցրին մի կառավարչի առջև։ Վերջինս, քննելով այդ մարդու դեմ ուղղված ամբաստանությունները, եկավ այն եզրակացության, որ նա մեղավոր չէ։ Մինչդեռ հավաքված ամբոխը պահանջում էր, որ մեղադրյալին մահապատժի ենթարկեն։ Թեև կառավարիչը մի փոքր ընդդիմացավ այդ պահանջին, բայց, չցանկանալով կրել իր ‘բեռը’՝ կատարել իր պարտականությունը, շատ արագ հանձնվեց։ Նա ջրով լվաց իր ձեռքերն ու ասաց. «Ես այդ արդարի արիւնիցն անմեղ եմ»։ Այնուհետև մեղադրյալին հանձնեց նրա թշնամիներին, որոնք ցիցը հանեցին նրան։ Այո՛, փոխանակ կատարելու իր պարտականությունը՝ որոշում կայացնելու մեղադրյալի՝ Հիսուս Քրիստոսի վերաբերյալ, այդ կառավարիչը՝ Պոնտացի Պիղատոսը, իր ‘բեռը’ թողեց ուրիշներին։ Ինչ քանակությամբ ջրով էլ որ նա լվացվեր, միևնույն է, հաշվետու էր նման անարդարություն թույլ տալու համար (Մատթէոս 27։11–26; Ղուկաս 23։13–25)։

3. Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ ուրիշները որոշում կայացնեն մեր փոխարեն։

3 Իսկ ի՞նչ կարելի է ասել քո մասին։ Երբ որոշում կայացնելու անհրաժեշտություն է առաջանում, ո՞ւմ նման ես վարվում՝ երեք հրեաների՞, թե՞ Պիղատոսի, որի փոխարեն վճիռ ընդունեցին ուրիշները։ Ինչ խոսք, հեշտ չէ որոշում կայացնել։ Ճիշտ որոշում ընդունելու համար հարկավոր է հասուն մարդ լինել։ Օրինակ՝ փոքրիկների պարագայում ծնողներն են որոշումներ կայացնում։ Իհարկե, դժվար է որևէ վճիռ ընդունել, երբ բախվում ես բարդ խնդրի և պետք է հաշվի առնես տարբեր գործոններ։ Սակայն որոշումներ կայացնելու մեր պարտականությունը չի ընդգրկվում այն ծանր ‘բեռների’ մեջ, որոնք մեր փոխարեն կարող են կրել «հոգեւոր» որակներ ունեցող անհատները (Գաղատացիս 6։1, 2)։ Դա այն բեռն է, որի համար մեզանից յուրաքանչյուրը անձամբ «պիտի հաշիւ տայ Աստուծուն» (Հռովմայեցիս 14։12)։ «Ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ»,— ասում է Աստվածաշունչը (Գաղատացիս 6։5)։ Իսկ ինչպե՞ս կարող ենք իմաստուն որոշումներ կայացնել։ Նախևառաջ պետք է հիշենք, որ մեր հնարավորությունները սահմանափակ են, և սովորենք օգտվել այն միջոցներից, որոնք կարող են օգնել մեզ այդ հարցում։

Հաջողության գրավականը

4. Որոշումներ կայացնելու վերաբերյալ ի՞նչ կարևոր դաս ենք քաղում առաջին զույգի օրինակից։

4 Մարդկության պատմության արշալույսին առաջին զույգը կայացրեց մի որոշում, որը աղետալի հետևանքներ բերեց։ Նրանք վճռեցին ուտել բարու և չարի գիտության ծառի պտուղներից (Ծննդոց 2։16, 17)։ Ի՞նչը դրդեց առաջին մարդկանց այդպիսի վճիռ կայացնել։ Գրություններում կարդում ենք. «Կինը տեսաւ, որ ծառը լաւ էր ուտելու համար, եւ թէ հաճելի էր աչքերին, եւ փափաքելի է ծառը նայելու համար, առաւ նորա պտղից եւ կերաւ, եւ իր հետ իր մարդին էլ տուաւ, եւ նա կերաւ» (Ծննդոց 3։6)։ Փաստորեն, Եվան նման որոշում կայացրեց՝ եսասիրական շարժառիթներից դրդված։ Նրա այդ քայլը պատճառ դարձավ, որ Ադամը միանար նրան։ Արդյունքում մեղքն ու մահը ‘ամեն մարդկանց վրա տարածվեցին’ (Հռովմայեցիս 5։12)։ Ադամի ու Եվայի անհնազանդության օրինակից պետք է մի շատ կարևոր դաս քաղենք. առանց Աստծու առաջնորդության՝ մարդը հաճախ սխալ որոշումներ է կայացնում, քանի որ նրա հնարավորությունները սահմանափակ են։

5. Ինչի՞ միջոցով է Եհովան առաջնորդում մեզ, և ի՞նչ պետք է անենք դրանից օգուտներ քաղելու համար։

5 Որքա՜ն ուրախ ենք, որ Եհովա Աստված առանց առաջնորդության չի թողել մեզ։ Սուրբ Գրություններում ասվում է. «Քո ականջները լսելու են մի խօսք քո ետեւիցը որ ասէ. Սա է ճանապարհը՝ սորանով գնացէք, երբոր աջ կողմը պէտք է գնաք եւ երբոր ձախ կողմը պէտք է գնաք» (Եսայիա 30։21)։ Եհովան մեզ ուսուցանում է իր ներշնչյալ Խոսքի՝ Աստվածաշնչի միջոցով։ Ուստի պետք է ուսումնասիրենք այն և ձեռք բերենք սուրբգրային ճշգրիտ գիտությունը։ Որպեսզի կարողանանք ճիշտ որոշումներ կայացնել, պետք է սնվեք ‘հաստատ կերակրով’, որը «հասուն մարդկանց համար է» (ԷԹ)։ Նաև ‘մեր ըմբռնողականությունը գործի դնելով՝ պետք է այն մարզենք’ (ՆԱ), որ կարողանանք ‘բարին և չարը զանազանել’ (Եբրայեցիս 5։14)։ Իսկ ըմբռնողականությունը մարզելու համար հարկավոր է կիրառել այն գիտելիքները, որ ստանում ենք Աստծու Խոսքից։

6. Ի՞նչ է հարկավոր անել, որպեսզի մեր խիղճը ճիշտ գործի։

6 Որոշում կայացնելու հարցում մեծ դեր է խաղում խիղճը, որ ի ծնե դրված է բոլորիս մեջ։ Դրա շնորհիվ կարողանում ենք դատել ինքներս մեզ՝ «մեղադրելով կամ արդարացնելով» (ԷԹ) մեր արարքները (Հռովմայեցիս 2։14, 15)։ Սակայն որպեսզի մեր խիղճը ճիշտ գործի, պետք է այն կրթենք Աստծու Խոսքի ճշգրիտ գիտությամբ։ Իսկ որպեսզի զգայուն դառնա, պետք է կիրառենք սուրբգրային սկզբունքները։ Եթե խիղճը համապատասխան մարզում չստանա, հեշտությամբ կաղավաղվի մեր բնակավայրում ընդունված սովորույթների և ավանդույթների ազդեցության տակ։ Բացի այդ, նրա վրա կարող են բացասաբար անդրադառնալ ուրիշ մարդիկ, ինչպես նաև մեր շուրջը տիրող մթնոլորտը։ Իսկ ի՞նչ տեղի կունենա խղճի հետ, եթե շարունակաբար անտեսենք նրա նախազգուշացումները և խախտենք Աստծու չափանիշները։ Ժամանակի ընթացքում այն «խարանված» կդառնա, այսինքն՝ կնմանվի սպիացած և կոշտացած մի այրվածքի՝ զրկվելով որևէ բան զգալու ունակությունից (Ա Տիմոթէոս 4։2, ԱՆԹ)։ Մինչդեռ Աստծու Խոսքով մարզված խիղճը հուսալի ուղեցույց է։

7. Ո՞րն է մեր հաջողության գրավականը իմաստուն որոշումներ կայացնելու հարցում։

7 Ուրեմն իմաստուն որոշումներ կայացնելու համար պետք է սերտենք Աստվածաշնչի ճշգրիտ գիտությունը և սովորենք կիրառել այն։ Դա է մեր հաջողության գրավականը։ Երբ որևէ վճիռ կայացնելու անհրաժեշտություն է առաջանում, մենք, հապճեպորեն քայլեր ձեռնարկելու փոխարեն, պետք է ժամանակ հատկացնենք քննելու Աստվածաշնչի սկզբունքները և ձգտենք կիրառել դրանք՝ գործի դնելով խորհելու ունակությունը։ Եթե ձեռք բերենք Աստծու Խոսքի ճշգրիտ գիտությունը և մեր խիղճը մարզենք դրա հիման վրա, ապա կկարողանանք ճիշտ որոշում կայացնել նույնիսկ այն դեպքում, երբ բավականաչափ ժամանակ չունենանք մտածելու, ինչպես որ տեղի ունեցավ Սեդրաքի, Միսաքի և Աբեդնագովի հետ։ Որպեսզի տեսնենք, թե հոգևորապես հասունանալով՝ ինչպես կբարելավենք որոշումներ կայացնելու մեր ունակությունը, քննարկենք երկու բան։

Մեր շրջապատը

8, 9. ա) Ո՞ր սկզբունքներից է երևում, որ հարկավոր է հեռու մնալ չար ընկերակցությունից։ բ) Արդյո՞ք հեռու մնալ չար ընկերակցությունից ընդամենը նշանակում է ուղղակիորեն չընկերակցել բարոյազուրկ անհատների հետ։ Պարզաբանե՛ք։

8 Պողոս առաքյալը գրել է. «Մի խաբուիք. չար ընկերակցութիւններն ապականում են բարի վարքերը» (Ա Կորնթացիս 15։33)։ Իսկ Հիսուս Քրիստոսն իր աշակերտներին ասել էր. «[Դուք] աշխարհքիցը չէք» (Յովհաննէս 15։19)։ Այս սկզբունքներից պարզ երևում է, որ չպետք է ընկերակցել պոռնիկների, շնացողների, գողերի, հարբեցողների և վատ գործերով զբաղվող այլ մարդկանց հետ (Ա Կորնթացիս 6։9, 10)։ Աստվածաշնչի ճշգրիտ գիտությունը, սակայն, օգնում է հասկանալ, որ նույնքան վնասակար է այդ անհատների հետ «հաղորդակցվել» կինոնկարների և գրքերի միջոցով։ Նույնը կարելի է ասել Ինտերնետի զրուցատեղիների միջոցով ‘կեղծավոր’, այսինքն՝ իրենց էությունը թաքցնող մարդկանց հետ ընկերակցելու մասին (Սաղմոս 26։4)։

9 Իսկ տեղի՞ն է արդյոք մտերմանալ բարոյապես մաքուր այնպիսի անհատների հետ, ովքեր չեն հավատում ճշմարիտ Աստծուն։ Ահա թե ինչ է ասվում Սուրբ Գրություններում. «Բոլոր աշխարհքը չարութեան մէջ է» (Ա Յովհաննէս 5։19)։ Այս խոսքերից երևում է, որ չար ընկերակցությունը չի սահմանափակվում լոկ թեթև վարք ունեցող, բարոյազուրկ մարդկանցով։ Հետևաբար մենք իմաստություն կդրսևորենք, եթե մտերմանանք միայն նրանց հետ, ովքեր սիրում են Եհովային։

10. Ի՞նչը կօգնի մեզ իմաստուն որոշումներ կայացնել այս աշխարհի մարդկանց հետ հաղորդակցվելու հարցում։

10 Սա ամենևին էլ չի նշանակում խզել մեր բոլոր կապերը այս աշխարհի մարդկանց հետ. մի բան, որ ո՛չ հնարավոր է, ո՛չ էլ անհրաժեշտ (Յովհաննէս 17։15)։ Մենք այսպես թե այնպես առնչվում ենք մարդկանց հետ քարոզչական ծառայության ժամանակ, դպրոցում կամ աշխատավայրում։ Իսկ եթե քրիստոնյայի կողակիցը չի կիսում նրա հավատը, ապա նա հավանաբար ստիպված է ավելի շատ շփվել աշխարհի հետ, քան Եհովայի մյուս ծառաները։ Սակայն մարզված ըմբռնողականությունը կօգնի հասկանալ, որ մի բան է՝ որոշ չափով հաղորդակցվել այս աշխարհի մարդկանց հետ, և բոլորովին այլ բան՝ նրանց հետ մտերմանալ (Յակոբոս 4։4)։ Սա հաշվի առնելով՝ մենք կկարողանանք իմաստուն որոշումներ կայացնել այնպիսի հարցերում, ինչպիսիք են՝ արժե՞ արդյոք համադասարանցիների հետ մասնակցել որևէ սպորտային միջոցառման կամ զվարճալի հավաքույթի։ Տեղի՞ն է արդյոք այցելել այն ընկերական հանդիպումներն ու ճաշկերույթները, որոնք կազմակերպվում են մեր աշխատակիցների կողմից։

Աշխատանք

11. Նախևառաջ ի՞նչ պետք է հաշվի առնել աշխատանք ընտրելիս։

11 Եթե սուրբգրային սկզբունքները կիրառելիս հասունություն դրսևորենք, կկարողանանք ճիշտ որոշումներ կայացնել նաև այն հարցում, թե ինչպես խնամք տանենք մեր ընտանիքին (Ա Տիմոթէոս 5։8)։ Նախևառաջ պետք է հաշվի առնել աշխատանքի բնույթը, այսինքն՝ թե ինչ է հարկավոր անել։ Բնականաբար, սխալ է ընտրել այնպիսի աշխատանք, որի ժամանակ կպահանջվի անել Աստվածաշնչում ուղղակիորեն դատապարտվող որևէ բան։ Ուստի ճշմարիտ քրիստոնյաները հրաժարվում են այնպիսի աշխատանքից, որն առնչվում է արյան ոչ ճիշտ օգտագործման, կռապաշտության, գողության և Սուրբ Գրություններին հակասող այլ բաների հետ։ Բացի դրանից, մենք չենք խաբում և խարդախում նույնիսկ այն դեպքերում, երբ գործատերը պահանջում է դա անել (Գործք 15։29; Յայտնութիւն 21։8)։

12, 13. Գործի բնույթից բացի, ի՞նչ հանգամանքներ պետք է հաշվի առնենք աշխատանք ընտրելիս։

12 Եթե նույնիսկ առաջարկվող աշխատանքը չի դրդում խախտել Աստվածաշնչի սկզբունքներից որևէ մեկը, մեր սուրբգրային գիտելիքներն ու մարզված ըմբռնողականությունը կհուշեն, որ հարկավոր է հաշվի առնել ուրիշ հանգամանքներ ևս։ Օրինակ՝ կկատարե՞նք արդյոք հեռախոսավարի գործ մի հաստատությունում, որտեղ մարդիկ զբաղվում են Աստվածաշնչին հակասող որևէ բանով, ասենք՝ մոլեխաղերով։ Պետք է հաշվի առնել նաև, թե ինչ աղբյուրից է ֆինանսավորվում տվյալ հիմնարկությունը։ Օրինակ՝ Եհովայի ծառան պայմանագիր կկնքի՞ որևէ քրիստոնեական կազմակերպության հետ՝ պարտավորվելով նորոգել նրան պատկանող որևէ եկեղեցի. մի բան, որ կնշանակի աջակցել կեղծ կրոնին (Բ Կորնթացիս 6։14–16)։

13 Իսկ ինչպե՞ս վարվել, եթե մեր գործատերն է կեղծ կրոնական կազմակերպության հետ պայմանագիր կապում նրանց երկրպագության վայրը նորոգելու վերաբերյալ։ Նման դեպքում արժե հաշվի առնել, թե կարող ենք արդյոք որևէ ձևով փոխել հանգամանքները, և թե որքանով ենք մասնակից այդ գործին։ Ահա մեկ ուրիշ օրինակ. ենթադրենք առաջարկվող աշխատանքը չի հակասում Աստվածաշնչի սկզբունքներին, ասենք՝ մենք պետք է փոստատարի գործ կատարենք ու հետևաբար նամակներ տանենք տարբեր տեղեր, այդ թվում այնպիսի վայրեր, որտեղ մարդիկ զբաղվում են վատ գործերով։ Այս դեպքում թերևս կիրառելի է Մատթէոս 5։45–ում արձանագրված սկզբունքը։ Հարկավոր է հաշվի առնել նաև, թե մեր խղճի վրա ինչպես կանդրադառնա այդ աշխատանքը, որ օրըստօրե կատարելու ենք (Եբրայեցիս 13։18)։ Փաստորեն, աշխատանքի ընտրության հարցում իմաստուն որոշում կայացնելու համար պետք է մարզենք մեր ըմբռնողականությունը և Աստծու կողմից պարգևված մեր խիղճը։

«Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան»

14. Ի՞նչ քայլեր պետք է ձեռնարկենք իմաստուն որոշումներ կայացնելու համար։

14 Իսկ ի՞նչը կօգնի իմաստուն որոշումներ կայացնել այնպիսի հարցերում, ինչպիսիք են, օրինակ, կրթության կամ բուժման մեթոդի ընտրությունը։ Նախ պետք է պարզենք, թե աստվածաշնչյան որ սկզբունքներն են առնչվում տվյալ հարցին, և ապա կիրառենք դրանք՝ գործի դնելով մեր ըմբռնողականությունը։ «Տիրոջն ապաւինիր քո բոլոր սրտովը, եւ քո հասկացողութեանը մի վստահիր,— խորհուրդ է տալիս հին Իսրայելի իմաստուն թագավոր Սողոմոնը։— Քո բոլոր ճանապարհներումը ճանաչիր նորան, եւ նա կ’ուղղէ քո ճանապարհները» (Առակաց 3։5, 6)։

15. Որոշումներ կայացնելու վերաբերյալ ի՞նչ ենք սովորում առաջին քրիստոնյաներից։

15 Մեր որոշումները հաճախ անդրադառնում են նաև ուրիշների վրա։ Ուստի պետք է հաշվի առնենք նաև այս հանգամանքը։ Օրինակ՝ առաջին դարի քրիստոնյաները այլևս պարտավոր չէին ենթարկվել սննդակարգին վերաբերող այն սահմանափակումներին, որոնք կային Մովսիսական օրենքում։ Նրանք կարող էին ուտել Օրենքով արգելված ցանկացած կերակուր, եթե դրանից հրաժարվելու որևէ պատճառ չկար։ Սակայն, խոսելով կուռքի տան հետ որևէ առնչություն ունեցող անասունների միսն ուտելու մասին, Պողոս առաքյալը նշեց. «Եթէ կերակուրն իմ եղբօրը գայթակղեցնում է, ես յաւիտեան միս չեմ ուտիլ» (Ա Կորնթացիս 8։11–13)։ Այս խոսքերով նա խրախուսում էր առաջին քրիստոնյաներին հաշվի առնել ուրիշների խիղճը՝ վերջիններիս չգայթակղելու համար։ Մեր որոշումները նույնպես չպետք է ‘գայթակղեցնեն’ ուրիշներին (Ա Կորնթացիս 10։29, 32)։

Իմաստություն խնդրիր Աստծուց

16. Ինչպե՞ս է աղոթքն օգնում մեզ ճիշտ որոշումներ կայացնել։

16 Որոշում կայացնելու հարցում անփոխարինելի միջոց է աղոթքը։ Հակոբոս աշակերտը գրում է. «Եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան» (Յակոբոս 1։5)։ Մենք կարող ենք վստահությամբ դիմել Եհովային և իմաստություն խնդրել նրանից՝ ճիշտ որոշում կայացնելու համար։ Եթե մեր մտահոգությունների մասին պատմենք Աստծուն և փնտրենք նրա առաջնորդությունը, սուրբ ոգին կօգնի մեզ խորությամբ հասկանալ աստվածաշնչյան այն համարները, որոնք քննում ենք, և կհիշեցնի այն համարները, որոնք միգուցե տվյալ պահին չենք հիշում։

17. Ինչպե՞ս կարող են ուրիշներն օգնել մեզ ճիշտ որոշումներ կայացնել։

17 Իսկ կարո՞ղ են արդյոք ուրիշներն օգնել մեզ ճիշտ որոշումներ կայացնել։ Այո՛։ Եհովան մեզ պարգևել է հոգևորապես հասուն անհատներ, որոնք ծառայում են ժողովում (Եփեսացիս 4։11, 12)։ Ուստի կարելի է խորհրդակցել նրանց հետ, հատկապես եթե պատրաստվում ենք կարևոր որոշում կայացնել։ Խորը հոգևոր հասկացողություն և կյանքի փորձ ունեցող այդ անհատները կարող են մեզ ցույց տալ սուրբգրային այլ սկզբունքներ, որոնք միգուցե անդրադառնան մեր որոշման վրա։ Նրանք կարող են օգնել նաև, որ ընտրենք ‘ավելի կարևոր բաները’ (Փիլիպպեցիս 1։9, 10 ՆԱ)։ Սակայն հարկավոր է զգույշ լինել. մենք չպետք է թույլ տանք, որ մեր փոխարեն որոշում կայացնեն ուրիշները։ Դա մե՛ր պարտականությունն է։

Լավ արդյունքներ. մի՞շտ

18. Ինչո՞ւ կարող ենք դժվարությունների բախվել՝ ճիշտ որոշում կայացնելով հանդերձ։

18 Արդյոք մի՞շտ լավ արդյունքներ կստանանք, եթե որոշում կայացնելիս առաջնորդվենք աստվածաշնչյան սկզբունքներով և հաշվի առնենք մեր խղճի ձայնը։ Ի վերջո, այո՛։ Երբեմն կարող է պատահել, որ նման որոշումը սկզբնական շրջանում դժվարությունների առջև կանգնեցնի մեզ։ Օրինակ՝ Սեդրաքը, Միսաքն ու Աբեդնագովը գիտեին, որ հսկա արձանին չերկրպագելու իրենց որոշման պատճառով կարող են մահապատժի ենթարկվել (Դանիէլ 3։16–19)։ Իսկ երբ առաքյալները հրեական Ատյանի առջև հայտարարեցին, որ պետք է առավել Աստծուն հնազանդվեն, քան թե մարդուն, նրանց մտրակներով ծեծեցին ազատ արձակելուց առաջ (Գործք 5։27–29, 40)։ Ավելին, հնարավոր է, որ ճիշտ որոշում կայացնելուց հետո խնդիրների բախվենք ‘ժամանակի և դիպվածի’ պատճառով (Ժողովող 9։11)։ Եթե իմաստուն որոշում կայացնելով հանդերձ՝ հայտնվենք դժվար իրավիճակում, կարող ենք վստահ լինել, որ Եհովան մեզ կօգնի տոկալ և վերջիվերջո կօրհնի (Բ Կորնթացիս 4։7)։

19. Ինչպե՞ս կարող ենք արիաբար կրել որոշումներ կայացնելու մեր ‘բեռը’։

19 Այսպիսով՝ որոշումներ կայացնելիս մենք պետք է գտնենք համապատասխան աստվածաշնչյան սկզբունքները և, գործի դնելով մեր խորհելու ունակությունը, կիրառենք դրանք։ Եվ որքա՜ն երախտապարտ ենք Աստծուն այն բանի համար, որ օգնություն է ցույց տալիս մեզ իր սուրբ ոգու և ժողովի հոգևորապես հասուն անդամների միջոցով։ Ուրեմն՝ եկեք հետևենք Եհովայի առաջնորդությանը և օգտվենք նրա տրամադրած միջոցներից, որպեսզի արիաբար կրենք մեր ‘բեռը’՝ իմաստուն որոշումներ կայացնելու մեր պարտականությունը։

Ի՞նչ սովորեցիք

• Որոշումներ կայացնելու հարցում ո՞րն է մեր հաջողության գրավականը։

• Հոգևոր հասունությունը ինչպե՞ս կարող է անդրադառնալ այն բանի վրա, թե ում հետ կնախընտրենք ընկերակցել։

• Աշխատանքի հարցում որոշում կայացնելիս ի՞նչ կարևոր հանգամանքներ պետք է հաշվի առնենք։

• Ի՞նչը կարող է օգնել մեզ ճիշտ որոշումներ կայացնել։

[նկար 22-րդ էջի վրա]

Ադամի ու Եվայի անհնազանդությունից կարող ենք կարևոր դաս քաղել

[նկար 24-րդ էջի վրա]

Լուրջ որոշում կայացնելուց առաջ ձգտիր գտնել համապատասխան աստվածաշնչյան սկզբունքները

    Հայերեն հրատարակություններ (1997–2026)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը