Նեղության մեջ ամբողջությամբ ապավինիր Եհովային
«Աստուած մեր ապաւէնն ու զօրութիւնն է. նեղութիւններու մէջ միշտ պատրաստ է օգնելու» (ՍԱՂՄՈՍ 46։1, ԱԱ)։
1, 2. ա) Ո՞ր օրինակն է ցույց տալիս, որ բավական չէ պնդել, թե ապավինում ենք Աստծուն։ բ) Ինչո՞ւ պետք է ավելին անենք, քան պարզապես ասենք, թե ապավինում ենք Եհովային։
«ԱՊԱՎԻՆՈՒՄ ենք Աստծուն» պնդելը մի բան է, սակայն դա մեր գործերով ցույց տալը՝ բոլորովին այլ բան։ Օրինակ՝ «Մենք Աստծուն ենք ապավինում» արտահայտությունը երկար ժամանակ է, ինչ հայտնվում է ԱՄՆ–ի թղթադրամների և մետաղադրամների վրա։a 1956 թ.–ին ԱՄՆ–ի կոնգրեսը մի օրենք ընդունեց, որում հայտարարվում էր, որ այդ արտահայտությունը Միացյալ Նահանգների ազգային նշանաբանն է։ Բայց հետաքրքիր է, որ շատ մարդիկ ոչ միայն այդ երկրում, այլև աշխարհով մեկ, ավելի շատ ապավինում են փողին և նյութական հարստությանը, քան թե Աստծուն (Ղուկաս 12։16–21)։
2 Լինելով ճշմարիտ քրիստոնյաներ՝ մենք պետք է ավելին անենք, քան պարզապես ասենք, թե ապավինում ենք Եհովային։ Ճիշտ ինչպես որ «հաւատքն առանց գործերի մեռած է», այնպես էլ ցանկացած պնդում, թե մենք ապավինում ենք Աստծուն, անիմաստ կլինի, մինչև դա ցույց չտանք մեր գործերով (Յակոբոս 2։26)։ Նախորդ հոդվածից մենք սովորեցինք, որ ցույց ենք տալիս, թե վստահում ենք Եհովային, երբ աղոթում ենք նրան, երբ առաջնորդություն ենք փնտրում իր Խոսքի և կազմակերպության մեջ։ Այժմ եկեք քննարկենք, թե ինչպես կարող ենք այդ երեք քայլերը ձեռնարկել նեղությունների ժամանակ։
Երբ կորցնում ենք աշխատանքը, կամ եկամուտն անբավարար է
3. Ինչպիսի՞ տնտեսական խնդիրների են բախվում Եհովայի ծառաներն այս ‘չար ժամանակներում’, և ի՞նչ գիտենք, որ Աստված ցանկանում է օգնել մեզ։
3 Այս ‘չար ժամանակներում’ մենք՝ քրիստոնյաներս, այն նույն տնտեսական խնդիրներին ենք բախվում, ինչ որ այլ մարդիկ (Բ Տիմոթէոս 3։1)։ Ուստի հնարավոր է՝ անսպասելիորեն գործազուրկ դառնանք կամ այլ ընտրություն չունենալով՝ ստիպված լինենք երկար ժամեր շարունակ աշխատել քիչ աշխատավարձի դիմաց։ Այսպիսի հանգամանքների ներքո հավանաբար դժվարանանք ‘խնամք տանել յուրայինների համար’ (Ա Տիմոթէոս 5։8)։ Արդյո՞ք Բարձրյալ Աստված այդպիսի ժամանակներում ցանկանում է մեզ օգնել։ Անշո՛ւշտ։ Իհարկե, իրերի այս համակարգում Եհովան կյանքի բոլոր դժվարություններից մեզ չի պաշտպանում։ Սակայն, եթե մենք ապավինում ենք նրան, Սաղմոս 46։1–ում (ԱԱ) գրված խոսքերը կիրականանան նաև մեր առնչությամբ։ Այնտեղ ասվում է. «Աստուած մեր ապաւէնն ու զօրութիւնն է. նեղութիւններու մէջ միշտ պատրաստ է օգնելու»։ Բայց ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ամբողջությամբ ապավինում ենք Եհովային, երբ ֆինանսական առումով նեղություններ ենք կրում։
4. Երբ ֆինանսական խնդիրների ենք բախվում, ինչի՞ մասին կարող ենք աղոթել, և ինչպե՞ս է Եհովան պատասխանում այդ աղոթքներին։
4 Մենք կարող ենք ցույց տալ, որ ապավինում ենք Եհովային՝ դիմելով նրան աղոթքով։ Բայց ինչի՞ մասին կարող ենք աղոթել։ Ֆինանսական խնդիրների բախվելով՝ միգուցե առավել, քան երբևէ գործնական իմաստության կարիք ունենանք։ Ուրեմն անպայման աղոթի՛ր դրա համար։ Եհովայի Խոսքը մեզ վստահեցնում է. «Եթէ մէկը ձեզանից իմաստութեան պակասութիւն ունի թող խնդրէ Աստուածանից, որ ամենին տալիս է առատութեամբ եւ չէ նախատում, եւ կ’տրուի նորան» (Յակոբոս 1։5)։ Այո՛, խնդրիր Եհովայից իմաստություն՝ գիտելիքները, հասկացողությունը և խորաթափանցությունը ճիշտ կիրառելու կարողություն, որպեսզի իմաստուն որոշումներ կայացնես և ճիշտ ընտրություններ կատարես։ Մեր սիրող երկնային Հայրը հավաստիացնում է մեզ, որ կլսի այդ աղոթքները։ Նա միշտ էլ պատրաստ է ուղղել նրանց ճանապարհները, ովքեր ամբողջ սրտով իրեն են ապավինում (Սաղմոս 65։2; Առակաց 3։5, 6)։
5, 6. ա) Ինչո՞ւ կարող ենք օգնության համար դիմել Աստծո Խոսքին՝ տնտեսական խնդիրները հաղթահարելու նպատակով։ բ) Ի՞նչ կարող ենք անել, որպեսզի նվազեցնենք անհանգստությունը, երբ կորցնում ենք աշխատանքը։
5 Առաջնորդության համար Աստծո Խոսքին դիմելը մեկ այլ ձև է, որով ցույց ենք տալիս, որ ապավինում ենք Եհովային։ Աստվածաշնչում գտնվող նրա իմաստուն հիշեցումները փաստել են, որ «շատ վստահելի են» (Սաղմոս 93։5, ԱԱ)։ Թեպետ այս ներշնչված գրքի գրությունն ավարտվել է ավելի քան 1 900 տարի առաջ, սակայն այն պարունակում է արժանահավատ խորհուրդներ և խոր հասկացողություն, որ կարող է օգնել մեզ տնտեսական դժվարություններն ավելի լավ հաղթահարել։ Եկեք Աստվածաշնչում պարունակվող իմաստության որոշ օրինակներ քննարկենք։
6 Դարեր առաջ իմաստուն Սողոմոն թագավորը նկատեց. «Քաղցր է գործաւորի քունը թէ քիչ ուտէ նա, թէկուզ շատ, բայց հարուստի կուշտութիւնը նորան թող չի տալ որ հանգիստ քնէ» (Ժողովող 5։12)։ Մեր նյութական ունեցվածքը վերանորոգելը, մաքրելն ու պահպանելը ժամանակ ու դրամական միջոցներ է պահանջում։ Ուստի երբ կորցնում ենք աշխատանքը, մենք կարող ենք քննել մեր ապրելակերպը՝ փորձելով զատորոշել կարիքը ցանկությունից։ Անհանգստությունը նվազեցնելու նպատակով իմաստուն կլինի որոշ փոփոխություններ անել։ Օրինակ՝ հնարավո՞ր է պարզեցնել մեր կյանքը՝ միգուցե տեղափոխվելով ավելի փոքր բնակարան կամ ոչ անհրաժեշտ նյութական ունեցվածքից ազատվելով (Մատթէոս 6։22)։
7, 8. ա) Ինչպե՞ս Հիսուսը ցույց տվեց, որ տեղյակ է անկատար մարդկանց՝ նյութական բաների մասին չափազանց անհանգստանալու հակումին (տե՛ս նաև ծանոթագրությունը)։ բ) Ի՞նչ իմաստուն խորհուրդ տվեց Հիսուսը այն մասին, թե ինչպես կարելի է խուսափել անտեղի անհանգստությունից։
7 Լեռան քարոզում Հիսուսը խորհուրդ տվեց. «Հոգս մի՛ անէք ձեր կեանքի համար թէ ի՞նչ պիտի ուտէք, եւ ի՞նչ պիտի խմէք. եւ ո՛չ ձեր մարմնի համար՝ թէ ի՞նչ պիտի հագնիք»b (Մատթէոս 6։25)։ Հիսուսը գիտեր, որ անկատար մարդիկ բնականաբար անհանգստանում են առաջին անհրաժեշտության իրերը ձեռք բերելու հարցով։ Բայց ինչպե՞ս կարող ենք դադարել անհանգստանալ այդպիսի բաների համար։ «Առաջ Աստուծոյ արքայութիւնը.... խնդրեցէք»,— ասաց Հիսուսը։ Անկախ նրանից, թե ինչ խնդիրների ենք հանդիպում՝ մենք պետք է շարունակենք Եհովայի երկրպագությունը կյանքում առաջին տեղում դնել։ Եթե այդպես անենք, ապա ամեն օր մեզ անհրաժեշտ բաները մեր երկնային Հոր կողմից ‘կտրվեն’ մեզ։ Այս կամ այն կերպ նա այնպես կանի, որ մենք կարողանանք շարունակել գոյություն պահպանել (Մատթէոս 6։33)։
8 Հիսուսը մեկ այլ խորհուրդ էլ տվեց. «Էգուցվայ համար հոգս մի՛ անէք, որովհետեւ էգուցվայ օրն իր համար հոգս կ’անէ. օրուայ համար բաւական է իր նեղութիւնը» (Մատթէոս 6։34)։ Իմաստուն չէ չափազանց շատ անհանգստանալ այն բանով, թե վաղվա օրն ինչ կարող է բերել։ Մի աստվածաշնչագետ ասել է. «Իրականում ապագան հազվադեպ է այնքան վատ լինում, որքան որ մենք ենք վախենում դրա համար»։ Առաջնահերթ բաները ճիշտ տեղում պահելու Աստվածաշնչի խորհրդին խոնարհաբար հետևելը և օրվա հոգսով ապրելը կարող է օգնել մեզ խուսափել անտեղի անհանգստությունից (Ա Պետրոս 5։6, 7)։
9. Երբ ֆինանսական նեղություններ ենք կրում մեջ ենք, ինչպիսի՞ օգնություն կարող ենք գտնել ‘հավատարիմ և իմաստուն ծառայի’ տված հրատարակություններում։
9 Երբ ֆինանսական նեղություններ ենք կրում, կարող ենք ցույց տալ, որ ապավինում ենք Եհովային՝ օգնության համար նաև դիմելով «հաւատարիմ և իմաստուն ծառայի» կողմից տրվող հրատարակություններին (Մատթէոս 24։45)։ Ժամանակ առ ժամանակ «Արթնացե՛ք» պարբերագրում տպագրվում են հոդվածներ, որոնք պարունակում են օգտակար խորհուրդներ և առաջարկներ, թե ինչպես հաղթահարել տնտեսական դժվարությունները։ 1991 թ. օգոստոսի 8–ի համարում «Գործազրկություն. որո՞նք են լուծումները» (ռուս.) հոդվածը ութ գործնական միջոցներ էր ընդգծում, որոնք շատերին են օգնել ֆինանսապես և էմոցիոնալ առումով կայուն մնալ, երբ գործազուրկ են դարձել։c Իհարկե, այսպիսի ցուցումները պետք է հավասարակշռված լինեն դրամի հանդեպ ճիշտ տեսակետով։ Սա քննարկվում էր «Ավելի կարևոր բան, քան փողն է» հոդվածում, որը տպագրված է այդ նույն համարում (Ժողովող 7։12)։
Երբ մտահոգված ենք առողջական խնդիրներով
10. Ինչպե՞ս է Դավիթ թագավորի օրինակը ցույց տալիս, որ լուրջ հիվանդություն ունենալու դեպքում Եհովային ապավինելը ռեալ է։
10 Արդյո՞ք լուրջ հիվանդության դեպքում Եհովային ապավինելը ռեալ է։ Միանգամա՛յն։ Եհովան կարեկցում է իր ժողովրդի մեջ եղող հիվանդներին։ Ավելին, նա ցանկանում է օգնել։ Քննարկենք Դավիթ թագավորի օրինակը։ Հնարավոր է, որ նա ինքը լուրջ հիվանդ էր, երբ գրեց այն մասին, թե ինչպես է Աստված վերաբերվում հիվանդ մարդուն, որն արդար է։ Նա ասաց. «Տէրը կ’մխիթարէ նորան տկարութեան անկողնում. դու նորա բոլոր անկողինը կ’փոխես իր հիւանդութեան ժամանակումը» (Սաղմոս 41։1, 3, 7, 8)։ Դավիթի վստահությունը Աստծո հանդեպ ամուր մնաց, և վերջիվերջո թագավորն առողջացավ իր հիվանդությունից։ Սակայն ինչպե՞ս կարող ենք վստահություն դրսևորել Աստծո հանդեպ, երբ մտահոգված ենք առողջական խնդիրներով։
11. Երբ հիվանդությունը հարվածում է, ի՞նչ կարող ենք խնդրել մեր երկնային Հորից։
11 Երբ հիվանդությունը հարվածում է, Եհովայի հանդեպ մեր վստահությունը ցուցաբերելու կերպերից մեկը աղոթքով նրանից օգնություն խնդրելն է, որ կարողանանք դիմանալ։ Կարող ենք խնդրել նրանից, որ օգնի մեզ ‘իմաստություն’ գործի դնել, որպեսզի կարողանանք ձգտել առողջ լինել այնքանով, որքանով որ իրապես մեր հանգամանքները թույլ են տալիս (Առակաց 3։21, ԱԱ)։ Նաև կարող ենք խնդրել նրան, որ օգնի համբերություն և տոկունություն դրսևորել, որպեսզի պայքարենք մեր հիվանդության դեմ։ Գլխավորապես կուզենանք խնդրել Եհովային նեցուկ լինել մեզ և ուժ տալ, որ հավատարիմ մնանք իրեն և չկորցնենք մեր հավասարակշռությունը, ինչ էլ որ պատահի (Փիլիպպեցիս 4։13)։ Աստծո հանդեպ մեր անարատությունը պահպանելը շատ ավելի կարևոր է, քան մեր այժմյան կյանքը։ Եթե պահպանենք մեր անարատությունը, Մեծ Վարձատրողը հավիտենական կատարյալ կյանք ու առողջություն կտա մեզ (Եբրայեցիս 11։6)։
12. Աստվածաշնչյան ո՞ր սկզբունքները կարող են օգնել մեզ իմաստուն որոշումներ կայացնել, երբ հարցը վերաբերում է բուժմանը։
12 Եհովայի հանդեպ վստահությունը նաև մղում է մեզ գործնական առաջնորդության համար դիմել իր Խոսքին՝ Աստվածաշնչին։ Գրություններում գտնվող սկզբունքները կարող են օգնել մեզ իմաստուն որոշումներ կայացնել, երբ հարցը վերաբերում է բուժմանը։ Օրինակ՝ իմանալով, որ Աստվածաշունչը դատապարտում է «կախարդութիւնը», մենք կխուսափենք ախտաբանության կամ բուժման ցանկացած ձևից, որն իր մեջ ոգեհարցություն է պարունակում (Գաղատացիս 5։19–21; Բ Օրինաց 18։10–12)։ Ահա Աստվածաշնչում պարունակվող վստահության արժանի իմաստության մեկ այլ օրինակ. «Պարզամիտը հաւատում է ամեն խօսքի, բայց խորագէտը քննում է իր քայլերը» (Առակաց 14։15)։ Հետևաբար երբ խորհում ենք բուժման մասին, իմաստուն կլինենք, եթե վստահելի տեղեկություններ փնտրենք, քան թե ‘ամեն խոսքի հավատանք’։ Այդպիսի ‘խոհեմությունը’ կարող է օգնել մեզ ուշադրությամբ ծանրութեթև անել մեզ առաջարկվող մեթոդները և լավ մտածված որոշում կայացնել (Տիտոս 2։12)։
13, 14. ա) Առողջությանը վերաբերող ի՞նչ բովանդակալից հոդվածներ են տպագրվել «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում (տե՛ս 17–րդ էջի շրջանակը)։ բ) Քրոնիկական հիվանդությունների դեմ պայքարելու մասին ի՞նչ խորհուրդ է տրվում 2001 թ. հունվարի 22–ի «Արթնացե՛ք»–ում։
13 Մենք նաև կարող ենք մեր վստահությունը ցույց տալ Եհովայի հանդեպ՝ հավատարիմ ծառայի կողմից տրվող հրատարակություններում փնտրտուքներ կատարելով։ «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում ժամանակ առ ժամանակ հոդվածներ են հրատարակվում ամենատարբեր առողջական խնդիրների ու հիվանդությունների վերաբերյալ։d Երբեմն այս պարբերագրերում տպագրվում են հոդվածներ, որոնք գրվել են այն անձանց կողմից, ովքեր հաջողությամբ պայքարում են տարբեր խանգարումների, տկարությունների և արատների դեմ։ Բացի դրանից, որոշ հոդվածներում Գրությունների վրա հիմնված առաջարկներ են տրվել, ինչպես նաև գործնական խորհուրդ, թե ինչպես ապրել առողջական խնդիրների հետ, որոնք քրոնիկական բնույթ են կրում։
14 Օրինակ՝ 2001 թ. հունվարի 22–ի «Արթնացե՛ք»–ում տրված էր մի հոդվածաշար, որ վերնագրված էր՝ «Մխիթարություն հիվանդների համար» (ռուս.)։ Հոդվածներում ներկայացված էին աստվածաշնչյան օգտակար սկզբունքներ, ինչպես նաև տեղեկություններ, որոնք քաղված էին իրազեկ մարդկանց հետ ունեցած հարցազրույցներից. այդ մարդիկ երկար տարիներ շարունակ տառապում են ծանր հիվանդությամբ։ «Ինչպե՞ս ապրել՝ լինելով հիվանդ» հոդվածն առաջարկում էր հետևյալ խորհուրդը. որքան կարող ես շատ բան իմացիր քո հիվանդության մասին (Առակաց 24։5)։ Քո առջև հասանելի նպատակներ դիր, այդ թվում ուրիշներին օգնելու նպատակ, բայց գիտակցիր, որ հնարավոր է՝ չկարողանաս հասնել այն նույն նպատակներին, որոնց որ ուրիշները (Գործք 20։35; Գաղատացիս 6։4)։ Խուսափիր մեկուսանալուց (Առակաց 18։1, ԱԱ)։ Այնպես արա, որ ուրիշների համար հաճելի լինի քեզ այցելել (Առակաց 17։22)։ Ամենակարևորը՝ ամուր կապ պահպանիր Եհովայի և ժողովի հետ (Նաում 1։7; Հռովմայեցիս 1։11, 12)։ Երախտապարտ չե՞նք այն վստահելի առաջնորդության համար, որ Եհովան տալիս է իր կազմակերպության միջոցով։
Երբ մարմնի թուլությունը «համառում է»
15. Ինչպե՞ս կարողացավ Պողոս առաքյալը հաղթանակած դուրս գալ անկատար մարմնի թուլությունների դեմ պայքարում, և ինչո՞ւմ կարող ենք վստահ լինել։
15 «Իմ մարմնումը մի բարի բան չէ բնակվում»,— գրեց Պողոս առաքյալը (Հռովմայեցիս 7։18)։ Պողոսն իր սեփական փորձից գիտեր, թե որքան դժվար կարող է լինել անկատար մարմնի ցանկությունների և թուլությունների դեմ պայքարելը։ Սակայն նա նաև վստահ էր, որ կարող էր հաղթանակ տանել (Ա Կորնթացիս 9։26, 27)։ Ինչպե՞ս։ Ամբողջությամբ ապավինելով Եհովային։ Ահա թե ինչու Պողոսը կարող էր ասել. «Ես ի՜նչ խեղճ մարդ եմ. ո՞վ կ’ապրեցնէ ինձ այս մահի մարմնիցը։ Շնորհակալ եմ Աստուածանից մեր Տէր Յիսուս Քրիստոսի ձեռովը» (Հռովմայեցիս 7։24, 25)։ Իսկ ի՞նչ կարելի է ասել մեր մասին։ Մենք նույնպես պայքարում ենք մարմնի թուլությունների դեմ։ Մինչ պայքարում ենք այդ թուլությունների դեմ, հեշտ է կորցնել վստահությունը և համոզվել, որ երբեք հաջողության չենք հասնի։ Բայց Եհովան կօգնի մեզ, եթե մենք էլ, ինչպես Պողոսը, իսկապես ապավինենք նրան և ոչ թե մեր սեփական ուժերին։
16. Երբ մարմնի թուլությունը «համառում է», ինչի՞ մասին պետք է աղոթենք, և ի՞նչ պետք է անենք, եթե սայթաքում ենք։
16 Երբ մարմնի թուլությունը «համառում է», մենք կարող ենք ցույց տալ, որ ապավինում ենք Եհովային՝ աղոթքի միջոցով նրան աղերսելով։ Մենք պետք է խնդրենք, նույնիսկ աղաչենք Եհովային, որ նա իր սուրբ ոգով օգնի մեզ (Ղուկաս 11։9–13)։ Հատկապես կարող ենք խնդրել, որ մեզ տա ինքնատիրապետում, որը սուրբ ոգու պտղի մասն է կազմում (Գաղատացիս 5։22, 23)։ Իսկ ի՞նչ պետք է անենք, երբ սայթաքում ենք։ Ոչ մի դեպքում չպետք է հանձնվենք։ Եկեք երբեք չհոգնենք մեր ողորմած Աստծուն խոնարհաբար աղոթելուց՝ խնդրելով նրանից ներում և օգնություն։ Եհովան երբեք չի մերժի կամ երես թեքի այն սրտից, որը «կոտրուած ու փշրուած» է հանցավոր խղճի ծանրությունից (Սաղմոս 51։17)։ Եթե Եհովային աղերսենք անկեղծ, զղջացող սրտով, նա կօգնի մեզ դիմադրել փորձություններին (Փիլիպպեցիս 4։6, 7)։
17. ա) Ինչո՞ւ է օգտակար խորհրդածել, թե ինչ է Եհովան մտածում այն թուլության մասին, որի դեմ պայքարում ենք։ բ) Գրություններում գտնվող ի՞նչ համարներ կարող ենք պահել մեր հիշողության մեջ, եթե ջանում ենք կառավարել բռնկվող բնավորությունը, զսպել լեզուն, հակառակվել անվայել զվարճությունների հանդեպ ունեցած հակումին։
17 Մենք նաև կարող ենք ցույց տալ, որ ապավինում ենք Եհովային՝ իր Խոսքի մեջ օգնություն փնտրելով։ Օգտագործելով Աստվածաշնչի համաբարբառ կամ ««Դիտարանի» հրատարակությունների ցանկը» (ռուս.)՝ կարող ենք փնտրել հետևյալ հարցի պատասխանը. «Ի՞նչ է Եհովան մտածում այն որոշակի թուլության մասին, որի դեմ պայքարում եմ»։ Խորհրդածելն այն մասին, թե ինչ է Եհովան կարծում այդ բանի առնչությամբ, կարող է ամրացնել նրան հաճեցնելու մեր ցանկությունը։ Այսպիսով մենք կսկսենք մտածել այնպես, ինչպես որ նա է մտածում, և կատենք այն, ինչ նա է ատում (Սաղմոս 97։10)։ Ոմանք գտնում են, որ օգտակար է անգիր հիշել աստվածաշնչյան համարներ, որոնք վերաբերում են այն թուլությանը, որի դեմ իրենք պայքարում են։ Արդյո՞ք ջանում ենք կառավարել բռնկվող բնավորությունը։ Կարող ենք հիշել այնպիսի համարներ, ինչպիսիք են՝ Առակաց 14։17–ն ու Եփեսացիս 4։31–ը։ Դժվարանո՞ւմ ենք զսպել մեր լեզուն։ Կարող ենք անգիր սովորել Առակաց 12։18–ը և Եփեսացիս 4։29–ը։ Հակում ունե՞նք անվայել զվարճությունների հանդեպ։ Պետք է փորձենք անգիր հիշել Եփեսացիս 5։3–ն ու Կողոսացիս 3։5–ը։
18. Ինչո՞ւ չպետք է թույլ տանք, որ անհանգստության զգացումը խանգարի մեզ՝ թուլությունը հաղթահարելու համար երեցներից օգնություն խնդրելու։
18 Եհովայի հանդեպ մեր վստահությունը ցուցաբերելու մեկ այլ ձև է ժողովում սուրբ ոգով նշանակված երեցներից օգնություն փնտրելը (Գործք 20։28)։ Չէ՞ որ մարդկանց տեսքով այս պարգևները Եհովան է տվել Քրիստոսի միջոցով՝ պահպանելու և հոգ տանելու իր ոչխարներին (Եփեսացիս 4։7, 8 ՆԱ, 11–14)։ Իհարկե, թուլության դեմ պայքարելիս միգուցե հեշտ չլինի օգնություն խնդրել։ Հնարավոր է՝ մենք անհանգստանանք՝ վախենալով, որ երեցները իրենց կարծիքը կփոխեն մեր մասին։ Սակայն, անշուշտ, հոգևոր հասուն այս տղամարդիկ կհարգեն մեզ այն բանի համար, որ օգնություն խնդրելու քաջություն ենք ունեցել։ Ավելին, երեցները հոտի հետ առնչվելիս ձգտում են արտացոլել Եհովայի հատկությունները։ Նրանց տված մխիթարող գործնական խորհուրդն ու Աստծո Խոսքից տրված ուսուցումը հնարավոր է՝ լինեն հենց այն, ինչի կարիքը որ ունենք, որպեսզի զորանա թուլությունը հաղթահարելու մեր վճռականությունը (Յակոբոս 5։14–16)։
19. ա) Ինչպե՞ս է Սատանան փորձում օգտագործել այս համակարգում գոյություն ունեցող ունայնությունը։ բ) Ի՞նչ է իր մեջ ընդգրկում վստահելը, և ինչո՞ւմ պետք է վճռական լինենք։
19 Երբեք մի մոռացեք, որ Սատանան գիտի, որ իր ժամանակը կարճ է (Յայտնութիւն 12։12)։ Նա ցանկանում է օգտագործել այս աշխարհում եղող ունայնությունը՝ մեզ ընկճելու համար և ստիպելու, որ հանձնվենք։ Թող որ լիովին վստահենք այն խոսքերին, որ գրված են Հռովմայեցիս 8։35–39-ում. «Ապա ո՞վ կ’բաժանէ մեզ Քրիստոսի սէրիցը. տառապա՞նք, թէ նեղութի՞ւն, թէ հալածա՞նք, թէ սո՞վ, թէ մերկութի՞ւն, թէ վտա՞նգ, թէ սո՞ւր։ ....Բայց այս ամեն բաներումն առաւել եւս յաղթում ենք նորա միջոցովը՝ որ մեզ սիրեց, որովհետեւ հաստատ գիտեմ, որ ոչ մահ, ոչ կեանք, ոչ հրեշտակներ, ոչ իշխանութիւններ, ոչ զօրութիւններ, ոչ ներկայ բաներ, ոչ գալու բաներ, եւ ոչ բարձրութիւն, ոչ խորութիւն, եւ ոչ մէկ ուրիշ ստեղծուած բան կարող է մեզ բաժանել Աստուծոյ սէրիցը՝ որ մեր Տէր Յիսուս Քրիստոսումն է»։ Եհովայի հանդեպ վստահության ինչպիսի՜ խոսքեր։ Սակայն այդպիսի վստահությունը ավելին է, քան զուտ զգացմունքը։ Այսպիսի վստահությունն իր մեջ ընդգրկում է այն կշռադատված որոշումները, որ կյանքում ամեն օր կայացնում ենք։ Ուրեմն եկեք վճռական լինենք և նեղության ժամանակներում ամբողջությամբ ապավինենք Եհովային։
[ծանոթագրություններ]
a 1861 թ. նոյեմբերի 20–ի իր նամակում, որն ուղղված էր ԱՄՆ–ի Դրամահատարանին, ֆինանսների նախարար Սալմըն Չեյզը գրեց. «Ոչ մի ազգ չի կարող ուժեղ լինել՝ առանց Աստծո ուժի, կամ ապահով՝ առանց Նրա պաշտպանության։ Աստծո հանդեպ մեր վստահությունը պետք է հայտարարվի մեր ազգային դրամի վրա»։ Արդյունքում՝ 1864 թ.–ին «Մենք Աստծուն ենք ապավինում» նշանաբանը առաջին անգամ հայտնվեց դրամաշրջանառության մեջ դրված ԱՄՆ–ի դրամի վրա։
b Այստեղ նկարագրված անհանգստությունը այն «անհանգստացնող վախն է, որը կյանքի ամբողջ ուրախությունը խլում է»։ Այն թարգմանություններում, որտեղ ասվում է «Հոգս մի՛ անէք», նշանակում է, որ չպետք է սկսենք անհանգստանալ, կամ՝ հոգս անել։ Սակայն մի աշխատության մեջ ասվում է. «Այս բայը հունարենում դրված է ներկա ժամանակի հրամայական ձևով, որն իր մեջ պարունակում է հրաման դադարել որևէ բան անելուց, որն արդեն իսկ գործողության մեջ է»։
c Ահա այդ ութ կետերը՝ 1) խուճապի մի մատնվեք, 2) դրական մտածելակերպ պահպանեք, 3) պատրաստ եղեք նոր ձևի աշխատանք կատարելու, 4) ապրեք ձեր միջոցների համեմատ՝ չհամեմատելով դրանք ուրիշների միջոցների հետ, 5) վարկաքարտ օգտագործելիս զգույշ եղեք, 6) պահպանեք ընտանեկան միասնությունը, 7) պահպանեք ինքնահարգանքը և 8) որոշեք ձեր բյուջեի ծախսերը։
d Աստվածաշնչի վրա հիմնված այս պարբերագրերում չի հանձնարարվում կամ խրախուսվում բուժման որոշակի ձև, քանի որ հաշվի է առնվում, որ դա անձնական որոշման հարց է։ Ավելին, այն հոդվածները, որտեղ քննարկվում է առանձնահատուկ հիվանդության կամ խանգարման մասին, նպատակ ունեն իրազեկ դարձնել ընթերցողներին այն փաստերին, որոնց մասին հնարավորին չափ տեղեկություններ կան ներկայումս։
Հիշո՞ւմ եք
• Երբ տնտեսական խնդիրների ենք բախվում, ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ապավինում ենք Եհովային։
• Ինչպե՞ս կարող ենք Աստծո հանդեպ վստահություն դրսևորել, երբ մտահոգված ենք առողջական խնդիրներով։
• Երբ մարմնական թուլությունը «համառում է», ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ իսկապես ապավինում ենք Եհովային։
[շրջանակ 17–րդ էջի վրա]
Հիշո՞ւմ եք այս հոդվածները
Երբ առողջական խնդիրների պատճառով ընկճված ենք, քաջալերական է կարդալ նրանց մասին, ովքեր հաջողությամբ պայքարում են խանգարումների, հիվանդությունների կամ արատների դեմ։ Ստորև բերվում են որոշ հոդվածներ, որ հրատարակվել են «Դիտարան» և «Արթնացե՛ք» պարբերագրերում։
«Ինչպես են ոմանք հաղթահարում բացասական զգացումները» («Արթնացե՛ք», 1992 թ. նոյեմբերի 8, ռուս.)
«Երբ տկար եմ, այն ժամանակ զորավոր եմ» («Արթնացե՛ք», 1997 թ. հունվարի 22, ռուս.)
«Նպատակաուղղվածությունն օգնում է չհանձնվել». հոդված մի մարդու մասին, որը կոկորդի քաղցկեղ ունի և կաթվածահար է («Արթնացե՛ք», 2001 թ. հունվարի 22, ռուս.)։
«Ոչինչ չգիտէք վաղուա մասին» հոդվածում քննարկվում է երկբևեռ խանգարման դեմ պայքարի մասին («Դիտարան», 2000 թ. դեկտեմբերի 1)։
«Լոիդայի ձայնը լռության միջից», որտեղ խոսվում է ուղեղի կաթվածի մասին («Արթնացե՛ք», 2000 թ. մայիսի 8, ռուս.)։
«Պայքարում եմ էնդոմետրիտի դեմ» («Արթնացե՛ք», 2000 թ. հուլիսի 22, ռուս.)
«Իմ պայքարը կարծրամաշկության դեմ» («Արթնացե՛ք», 2001 թ. օգոստոսի 8, ռուս.)
«Ես հաղթահարեցի հետծննդյան դեպրեսիան» («Արթնացե՛ք», 2002 թ. հուլիսի 22, ռուս.
[նկար 15–րդ էջի վրա]
Երբ գործազուրկ ենք դառնում, իմաստուն կլինենք, եթե վերանայենք մեր ապրելակերպը
[նկար 16–րդ էջի վրա]
Լոիդայի պատմությունը ցույց է տալիս, թե ինչպես է Եհովային ապավինելը օգնում տոկալ (Տե՛ս 17–րդ էջում գտնվող շրջանակը)
[նկար 18–րդ էջի վրա]
Մենք չպետք է ամաչենք մեր թուլությունը հաղթահարելու համար օգնություն խնդրելուց