Ինչո՞ւ են մարդիկ վատ բաներ անում
ՇԱՏԵՐԸ կհամաձայնեն հետևյալ խոսքերին. «Մենք բոլորս անկատար ենք, այդ պատճառով սխալներ ենք գործում և անում ենք բաներ, որի համար հետո ափսոսում ենք»։ Բայց մի՞թե կարելի է արդարացնել այն բազում վատ գործերը, որ ամեն օր տեսնում կամ լսում ենք։
Թեև մարդիկ անկատար են, սակայն գիտակցում են, որ կան բարոյական չափանիշներ, որոնք երբեք չպետք է խախտել, և իրենք կարող են հեռու մնալ վատ գործերից։ Շատերը նաև կհամաձայնվեն, որ տարբերություն կա անմտածված խոսքեր ասելու և բացահայտ բամբասանք տարածելու միջև, պատահաբար մեկին վնաս հասցնելու և գիտակցաբար սպանելու միջև։ Հաճախ ամենադաժան հանցանքները գործում են նրանք, ովքեր իրենց հարևանների վրա սովորական մարդու տպավորություն են թողնում։ Ո՞րն է պատճառը։ Ինչո՞ւ են մարդիկ վատ բաներ անում։
Աստվածաշնչում կան այս հարցերի պատասխանները։ Այնտեղ գրված են գլխավոր պատճառները, թե ինչու են մարդիկ գիտակցաբար վատ բաներ անում։ Տեսնենք, թե որոնք են այդ պատճառները։
▪ «Ճնշումները կարող են պատճառ լինել, որ իմաստունը անմտությամբ վարվի» (ԺՈՂՈՎՈՂ 7։7)։
Աստվածաշունչը նշում է, որ երբեմն մարդիկ ճնշման ներքո անում են մի բան, ինչը չէին անի սովորական իրավիճակում։ Ոմանք անգամ հանցագործության են դիմում, քանի որ մտածում են, որ այդպիսով կլուծեն խնդիրները և վերջ կդնեն անարդարությանը։ Ահաբեկչության մասին մի գրքում ասվում է. «Շատ դեպքերում քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներում տիրող անկառավարելի իրավիճակն է հիասթափեցնում անհատին և դրդում ահաբեկչության» (Urban Terrorism)։
▪ «Արծաթսիրութիւնը ամեն չարիքների արմատն է» (1 ՏԻՄՈԹԵՈՍ 6։10, «ԱՐԱՐԱՏ» ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆ)։
«Ցանկացած մարդու կարելի է գնել»։ Այս հին առակը ցույց է տալիս, որ նույնիսկ ազնիվ և բարոյական բարձր չափանիշներով ապրող մարդը կոտնահարի իր սկզբունքները փողի համար։ Որոշ մարդիկ, ովքեր առհասարակ սիրալիր և բարի են, կարող են փոխվել՝ դառնալով անտանելի և դաժան, երբ հարցը հասնի փող ձեռք բերելուն կամ կորցնելուն։ Իսկապես, բազմաթիվ հանցանքների արմատը ագահությունն է, օրինակ՝ շանտաժի, բռնաշորթման, խարդախության, առևանգման և նույնիսկ սպանության։
▪ «Քանի որ չար գործի դատավճիռը արագ չի կայացվում, մարդկանց որդիների սիրտը ավելի վճռական է դառնում չարիք գործելու» (ԺՈՂՈՎՈՂ 8։11)։
Սուրբգրային այս համարը ցույց է տալիս, որ մարդը հակված է մտածելու, որ ցանկացած իրավիճակից կարող է չոր դուրս գալ։ Օրինակ՝ շատերը մեքենա վարելիս գերազանցում են արագությունը, քննությունների ժամանակ խաբում են, գողություն են անում հասարակական ֆոնդերից և այլն։ Երբ օրենքը չի կիրառվում կամ հանցանքի պահին բռնվելու վախ չկա, օրինապահ մարդիկ համարձակվում են անել մի բան, ինչը սովորաբար չէին անի։ «Արգումենտի ի ֆակտի» թերթում նշվում է. «Այն փաստը, որ հանցագործները չեն պատժվում, «իրավունք» է տալիս սովորական քաղաքացիներին կատարելու ամենադաժան հանցագործությունները»։
▪ «Ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով։ Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում» (ՀԱԿՈԲՈՍ 1։14, 15)։
Սովորաբար բոլորին էլ այցելում են վատ մտքեր։ Ամեն օր մենք ասես ռմբակոծվում ենք տարբեր առաջարկներով և գայթակղություններով, որոնք դրդում են մեզ սխալ գործելու։ Առաջին դարի քրիստոնյաներին ասվել էր. «Ձեզ վրա ոչ մի փորձություն չի հասել, բացի այն փորձություններից, որ պատահել են մյուս մարդկանց» (1 Կորնթացիներ 10։13)։ Այն, թե ինչ կպատահի մեզ, կախված է մեր կայացրած որոշումներից. կարող ենք անմիջապես վատ մտքերը վանել մեզնից կամ էլ հակառակը՝ տարվել այդ բացասական մտքերով և թույլ տալ, որ դրանք զարգանան։ «Հակոբոս» գրքից մեջբերված վերոնշյալ համարը նախազգուշացնում է, որ եթե մեկը թույլ է տալիս, որ սխալ ցանկությունները «հղիանան», ապա անշուշտ դրանց կհաջորդեն վատ գործերը։
▪ «Իմաստունների հետ քայլողը իմաստուն կդառնա, բայց հիմարների հետ գործ ունեցողը կտուժի» (ԱՌԱԿՆԵՐ 13։20)։
Պետք է ընդունել, որ մեր ընկերները կարող են լավ կամ վատ ազդեցություն ունենալ մեզ վրա։ Հաճախ մարդիկ մտադիր չեն վատ բաներ անելու, բայց անում են, քանի որ վատ շրջապատ են ընկնում, ինչը աղետալի հետևանքներ է ունենում։ Աստվածաշնչում նշված «հիմար» բառը վերաբերում է ոչ թե բանականությունից զուրկ մարդուն, այլ նրան, ով արհամարհում է Աստծու Խոսքի իմաստուն խորհուրդները։ Անկախ նրանից՝ ծեր ենք, թե երիտասարդ, եթե իմաստնորեն չենք ընտրում մեր ընկերներին՝ հաշվի առնելով Աստվածաշնչի չափանիշները, ապա վաղ թե ուշ «կտուժենք»։
Այս և այլ աստվածաշնչային համարներ հակիրճ բացատրում են, թե ինչու են մարդիկ սխալ գործեր անում։ Լավ կլինի հասկանալ, թե ինչն է մղում նրանց այդպես վարվելու։ Կա՞ արդյոք հույս, որ դեպի լավը կփոխվի ամեն բան։ Ի՞նչ խոստումներ է տալիս Աստվածաշունչը։ Իսկապե՞ս աշխարհում տեղի ունեցող վատ բաները կվերանան։ Հաջորդ հոդվածը կպատասխանի այս հարցերին։