Պատիվ տվեք միմյանց
«Պատիւ տալու մէջ՝ միմեանց գերազանցել» (Հռովմայեցիս 12։10)։
1, 2. ա) Խոնարհամտություն դրսևորելու համար ի՞նչ է հարկավոր անել։ բ) «Պատիվ» բառը հաճախ ինչպե՞ս է գործածվում Աստվածաշնչում, և պատիվ տալն ո՞ւմ համար է ավելի հեշտ։
ՆԱԽՈՐԴ հոդվածում շեշտվում էր Աստծո Խոսքում տրված հետևյալ խորհուրդը. «Ամենդ խոնարհութիւնը [«խոնարհամտությունը», ՆԱ] հագէք. որ Աստուած ամբարտաւաններին հակառակ է կենում, բայց խոնարհներին շնորհք է տալիս» (Ա Պետրոս 5։5, ԱԹ)։ Խոնարհամտությունը «հագնելու» կերպերից մեկը ուրիշների հանդեպ պատիվ ցույց տալն է։
2 «Պատիվ» բառը Աստվածաշնչում հաճախ է գործածվում հարգանքի, մեծարանքի, սիրալիրության իմաստով, որն անհրաժեշտ է ցուցաբերել ուրիշների հանդեպ։ Մենք պատիվ ենք տալիս մարդկանց այն դեպքում, երբ սիրալիր վերաբերմունք ենք ցույց տալիս, հարգում ենք նրանց արժանապատվությունը, հաշվի առնում նրանց կարծիքը և պատրաստակամորեն կատարում խնդրանքը, եթե այն խոհեմ է։ Խոնարհամիտ անհատների համար այսպես վարվելը սովորաբար դժվարություն չի ներկայացնում։ Սակայն հպարտ մարդիկ դժվարանում են անկեղծորեն պատիվ տալ ուրիշներին, փոխարենը նրանք փորձում են շողոքորթությամբ բարեհաճության արժանանալ ու օգտվել։
Եհովան պատվում է մարդկանց
3, 4. Եհովան ինչպե՞ս պատվեց Աբրահամին և ինչո՞ւ։
3 Եհովան ինքը պատվելու մեջ հրաշալի օրինակ է ծառայում։ Նա մարդկանց ստեղծել է ազատ կամքով և նրանց հետ չի վերաբերվում զուտ ինչպես ռոբոտների (Ա Պետրոս 2։16)։ Օրինակ՝ երբ նա հայտնեց Աբրահամին, որ Սոդոմը կոչնչացվի նրա բնակիչների խիստ այլասերվածության պատճառով, Աբրահամը հարցրեց. «Մի՞թէ ամբարշտի հետ արդարին էլ կ’կորցնես։ Գուցէ այն քաղաքի մէջ յիսուն արդար կան, մի՞թէ նորանց կ’կորցնես, եւ չես խնայիլ այն տեղին այն հիսուն արդարին»։ Եհովան պատասխանեց, որ նույնիսկ հիսուն արդար մարդ գտնելու դեպքում կխնայի և չի կործանի քաղաքը։ Այնուհետև Աբրահամը շարունակեց խոնարհաբար հարցնել, թե ի՞նչ կլինի, եթե այնտեղ գտնվեր միայն 45, 40, 30, 20 կամ ընդամենը 10 արդար մարդ։ Եհովան վստահեցրեց Աբրահամին, որ Սոդոմում անգամ տասը արդար մարդ գտնելու դեպքում քաղաքը չի կործանի (Ծննդոց 18։20—33)։
4 Եհովան գիտեր, որ Սոդոմում նույնիսկ տասը արդար մարդ չկար. այնուամենայնիվ, նա պատվեց Աբրահամին՝ լսելով վերջինիս կարծիքը ու հարգանքով վերաբերվելով նրա հետ։ Իսկ ինչո՞ւ. քանի որ Աբրահամը «հաւատաց Եհովային, եւ նա նորա համար արդարութիւն համարեց այս», ու «Աստծուն բարեկամ» կոչվեց (Ծննդոց 15։6; Յակոբոս 2։23)։ Բացի դրանից, Եհովան տեսավ, որ իր հերթին Աբրահամը պատվում էր ուրիշներին։ Երբ իր և իր եղբորորդու՝ Ղովտի հովիվների միջև տարածքի կապակցությամբ վեճ առաջացավ, Աբրահամը հարգալից վերաբերմունք ցույց տվեց Ղովտի հանդեպ՝ առաջարկելով նրան առաջինը ընտրել իր ուզած տեղանքը։ Ղովտն ընտրեց մի երկիր, որն իր կարծիքով լավագույնն էր, իսկ Աբրահամը շարժվեց մեկ այլ ուղղությամբ (Ծննդոց 13։5—11)։
5. Եհովան ինչպե՞ս պատվեց Ղովտին։
5 Եհովան պատվեց նաև արդար Ղովտին։ Մինչև Սոդոմի կործանելը, նա զգուշացրեց Ղովտին փախչել լեռնային մի գոտի։ Սակայն Ղովտն ասաց, որ չի ուզում գնալ այնտեղ, և թույլտվություն խնդրեց մոտակա Սեգովր քաղաքն ուղևորվելու, թեև վերջինս գտնվում էր կործանելու համար նշանակված տարածքում։ Եհովան ասաց Ղովտին. «Ահա այդ բանումն էլ քո աղաչանքն ընդունեցի, որ այս քաղաքը չ’կործանեմ, որի համար խօսեցիր»։ Կատարելով նրա խնդրանքը՝ Եհովան պատվեց հավատարիմ Ղովտին (Ծննդոց 19։15—22; Բ Պետրոս 2։6—9)։
6. Եհովան ինչպե՞ս պատիվ ցույց տվեց Մովսեսին։
6 Երբ Եհովան Մովսեսին ետ ուղարկեց Եգիպտոս իր ժողովրդին գերությունից ազատագրելու նպատակով և փարավոնին ասելու, որ ազատ արձակի նրանց, Մովսեսը պատասխանեց. «Տէր իմ, ես ճարտարախօս չեմ»։ Եհովան վստահեցրեց Մովսեսին. «Ես քո բերանի հետ կ’լինիմ, եւ քեզ կ’սովորեցնեմ ինչ որ պիտի խօսես» (Ելից 4։10—16)։ Սակայն Մովսեսը դեռ տատանվում էր և չէր կարողանում հաստատ որոշում ընդունել։ Այդ ժամանակ Եհովան հավաստիացրեց Մովսեսին, որ կօգնի նրան և քայլեր ձեռք առավ նրա հետ որպես պատգամավոր ուղարկել նրա եղբորը՝ Ահարոնին (Ելից 4։10—16)։
7. Ինչո՞ւ էր Եհովան մարդկանց պատվելու պատրաստ։
7 Վերոհիշյալ պարագաներում Եհովան ցույց տվեց մարդկանց, հատկապես իր ծառաներին պատվելու սեփական պատրաստակամությունը։ Թեև այդ անհատների խնդրանքները երբեմն չէին համընկնում Եհովայի սկզբնական մտադրությունների հետ, այնուհանդերձ, նա ուշադրության արժանի էր համարում և հաշվի էր առնում դրանք այնքան ժամանակ, քանի դեռ այդ խնդրանքները չէին խախտում իր նպատակը։
Հիսուսը պատվում էր մարդկանց
8. Հիսուսն ինչպե՞ս պատվեց հիվանդ կնոջը։
8 Պատվելով մարդկանց՝ Հիսուսն ընդօրինակում էր Եհովային։ Մի անգամ ամբոխի մեջ էր գտնվում մի կին, որը 12 տարի տառապում էր արյունահոսությամբ։ Բժիշկներին ոչ մի կերպ չէր հաջողվում բուժել նրան։ Մովսիսական օրենքի համաձայն՝ այդ կինը համարվում էր անմաքուր, իսկ դա նշանակում էր, որ նա հեռու պետք է մնար մարդկանցից։ Նա ետևից մոտեցավ Հիսուսին, դիպավ նրա հագուստին ու բուժվեց։ Հիսուսը չկառչեց Օրենքի տառից, ոչ էլ հանդիմանեց կնոջը նրա կատարած արարքի համար, այլ, ընդհակառակը, հանգամանքներին տեղյակ լինելով, պատվեց նրան, երբ ասաց. «Դո՛ւստր, քո հաւատը քեզ փրկեց, գնա՛ խաղաղութեամբ եւ քո տանջանքներից բժշկուած եղիր» (Մարկոս 5։25—34; Ղեւտացոց 15։25—27)։
9. Հիսուսն ինչպե՞ս պատվեց մի հեթանոս կնոջ։
9 Մեկ ուրիշ անգամ քանանացի մի կին խնդրեց Հիսուսին. «Ողորմի՛ր ինձ, Տէ՛ր, Դաւթի՛ Որդի, աղջիկս չարաչար դիւահարւում է»։ Գիտենալով, որ ինքն ուղարկված է իսրայել ազգի, և ոչ թե հեթանոսների մոտ, Հիսուսը պատասխանեց. «Լաւ չէ մանուկների [իսրայելացիների] հացն առնել ու շներին [«շնիկներին», ՆԱ] [հեթանոսներին] գցել»։ «Շներն [«շնիկներն», ՆԱ] էլ կերակրւում են իրենց տիրոջ սեղանից ընկած փշրանքներով»,— շարունակեց կինը։ Այս խոսքերը լսելով՝ Հիսուսն ասաց. «Ո՛վ կին, մեծ է քո հաւատը, թող քեզ լինի՝ ինչպէս որ կամենում ես»։ Նրա դուստրը բուժվեց։ Հիսուսը պատվեց հեթանոս կնոջը նրա ունեցած հավատի համար։ Բացի այդ, «վայրի շների» փոխարեն «շնիկներ» արտահայտությունն ավելի մեղմ հնչեց, և սրանով ևս երևան եկավ Հիսուսի մեկ այլ հատկությունը՝ կարեկցանքը (Մատթէոս 15։21—28)։
10. Ի՞նչ տպավորիչ դաս տվեց Հիսուսը, և ինչո՞ւ էր դա կարևոր։
10 Հիսուսն իր աշակերտներին շարունակ սովորեցնում էր խոնարհամիտ լինել և պատիվ տալ ուրիշներին, որովհետև նրանց մեջ դեռևս եսասիրական ոգի էր նկատվում։ Մի անգամ, երբ նրանք վիճում էին ինչ–որ հարցի շուրջը, Հիսուսը հարցրեց. «Իրար հետ ինչի՞ մասին էիք վիճում»։ Նրանք լռեցին, քանի որ «ճանապարհին իրար հետ վիճում էին, թէ ո՛վ է մեծը» (Մարկոս 9։32, 33)։ Նույնիսկ նախքան Հիսուսի մահը, «նորանց միջումը մի վէճ էլ եղաւ, թէ իրանցից ո՞վ պիտի մեծ համարուի» (Ղուկաս 22։24, ԱԹ)։ Ուստի, Պասեքի ընթրիքի ընթացքում Հիսուսը «ջուր վերցնելով՝ ածեց կոնքի մէջ եւ սկսեց իր աշակերտների ոտքերը լուանալ»։ Ի՜նչ տպավորիչ դաս։ Հիսուսը Աստծո Որդին էր՝ ամբողջ Տիեզերքում Եհովայից հետո երկրորդ անձնավորությունը։ Այնուհանդերձ, նրանց ոտքերը լվանալով, նա իր աշակերտներին խոնարհամտության օրինակ ցույց տվեց։ Հիսուսն ասաց. «Մի օրինակ տուի ձեզ, որ, ինչպէս ես ձեզ արեցի, դուք էլ նոյն ձեւով անէք» (Յովհաննէս 13։5—15)։
Պողոսը պատիվ տվեց
11, 12. Քրիստոնյա դառնալուց հետո Պողոս առաքյալն ի՞նչ սովորեց, և իր այդ սովորածն ինչպե՞ս կիրառեց Փիլիմոնի նկատմամբ։
11 Ընդօրինակելով Քրիստոսին՝ Պողոս առաքյալը պատիվ էր տալիս մարդկանց (Ա Կորնթացիս 11։1)։ Նա գրում է. «Փառք չփնտռեցինք մարդկանցից,.... բայց համեստ եղանք ձեր մէջ, ինչպէս մի դայեակ, որ մանուկներ է խնամում» (Ա Թեսաղոնիկեցիս 2։6, 7)։ Կերակրող մայրը հոգ է տանում իր խնամքին հանձնված փոքրիկների մասին։ Քրիստոնյա դառնալուց հետո Պողոս առաքյալը խոնարհամտություն սովորեց և, համեստորեն վարվելով հավատակիցների հետ, պատվեց նրանց։ Այսպիսի վերաբերմունք ցույց տալով՝ նա հարգեց վերջիններիս կամքի ազատությունը. դա երևան եկավ մի առիթով՝ Հռոմում բանտարկված ժամանակ։
12 Ոնեսիմոս անունով մի ծառա, որը փախուստի մեջ էր գտնվում, լսում է Պողոսի ուսուցումները և դառնում քրիստոնյա, ապա՝ Պողոսի ընկերը։ Այդ մարդը Փիլիմոնի ծառան էր. վերջինս նույնպես քրիստոնյա էր և ապրում էր Փոքր Ասիայում։ Փիլիմոնին գրած նամակում Պողոսը հայտնում է Ոնեսիմոսի ցույց տված օգնության մասին. «Նրան ուզում էի ինձ մօտ պահել»։ Այնուհանդերձ, նրա գրած տողերից երևում է, որ Պողոսը Ոնեսիմոսին ետ է վերադարձնում Փիլիմոնին. «Առանց քո կամքի ոչինչ չուզեցի անել, որպէսզի քո բարի գործը հարկադրանքով չլինի, այլ՝ յօժարակամ»։ Պողոսը չօգտվեց իր՝ առաքյալի կոչումից, այլ պատվեց Փիլիմոնին՝ չպահանջելով, որ Ոնեսիմոսը մնա Հռոմում։ Դեռ ավելին, Պողոսը հորդորեց Փիլիմոնին պատվել Ոնեսիմոսին՝ նրան համարելով «աւելի վեր, քան ծառան, որպէս մի սիրելի եղբայր» (Փիլիմոն 13—16)։
Պատիվ ցույց տանք մեր օրերում
13. Ըստ Հռովմայեցիս 12։10–ի՝ մենք ի՞նչ պիտի անենք։
13 Աստծո Խոսքը մեզ խրատում է «պատիւ տալու մէջ՝ միմեանց գերազանցել» (Հռովմայեցիս 12։10)։ Սա նշանակում է չսպասել, որ ուրիշները մեզ պատվեն, այլ նախաձեռնությունը մեր ձեռքը վերցնել։ «Ոչ ոք միայն իր օգուտը թող չփնտռի, այլ՝ նաեւ ընկերոջինը» (Ա Կորնթացիս 10։24, Ա Պետրոս 3։8, 9)։ Ուստի, Եհովայի ծառաները ընտանիքի անդամներին, հավատակիցներին և նույնիսկ ժողովից դուրս գտնվող անձանց պատիվ տալու առիթներ են փնտրում։
14. Ընտանիքում ամուսինը և կինը ինչպե՞ս պետք է պատիվ տան միմյանց։
14 Աստվածաշնչում ասվում է, որ «ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած» (Ա Կորնթացիս 11։3)։ Եհովան ամուսնուց պահանջում է իր կնոջ հետ վերաբերվել այնպես, ինչպես Քրիստոսը՝ ժողովի հետ։ Ա Պետրոս 3։7–ի խոսքերում ամուսնուն պատվիրվում է պատվել իր կնոջը «իբրեւ դիւրաբեկ անօթի»։ Նա կարող է դա անել անկեղծ պատրաստակամությամբ՝ լսելով և հաշվի առնելով կնոջ առաջարկությունները (Ծննդոց 21։12)։ Եթե խոսքը աստվածաշնչային սկզբունքների մասին չէ, նա կարող է ընտրության հարցում նախապատվությունը կնոջը տալ, օգնել նրան ու քնքշությամբ վարվել նրա հետ։ Կինն էլ իր հերթին «պէտք է յարգէ իր ամուսնուն» (Եփեսացիս 5։33, ՆԿ–ի նոր աշխարհաբար թարգմ.)։ Այդպես վարվելով՝ կինը հնազանդություն է ցուցաբերում իր ամուսնուն ու չի փորձում միշտ իր ասածը պնդել, չի նվաստացնում ու չի հանդիմանում նրան։ Նա խոնարհամտություն է ցույց տալիս՝ չփորձելով իշխել ամուսնուն նույնիսկ այն դեպքերում, երբ որոշակի հարցերում իր ընդունակություններով գերազանցում է նրան։
15. Ի՞նչ ուշադրություն է հարկավոր ցույց տալ տարեցների հանդեպ, և նրանք, իրենց հերթին, ինչպե՞ս պիտի արձագանքեն դրան։
15 Ժողովում կան մարդիկ, որոնք առանձնահատուկ պատվի են արժանի, ինչպես օրինակ՝ տարեց անհատները։ «Մազը սպիտակածի առաջին վեր կաց, եւ ծերին պատուիր» (Ղեւտացոց 19։32)։ Այս խոսքերը հատկապես վերաբերում են այն քրիստոնյաներին, ովքեր երկար տարիներ շարունակ հավատարմորեն ծառայում են Եհովային, որովհետև «փառաց պսակ է ալեւորութիւնը. արդարութեան ճանապարհում կ’գտնուի» (Առակաց 16։31)։ Վերակացուները պետք է մյուսների համար օրինակ հանդիսանան՝ պատշաճորեն պատիվ տալով տարիքով իրենցից մեծ քրիստոնյա հավատակիցներին։ Ինչ խոսք, տարեց անհատներն էլ իրենց հերթին պիտի հարգեն երիտասարդներին, հատկապես նրանց, ովքեր հոտը հովվելու պատասխանատվություն ունեն (Ա Պետրոս 5։2, 3)։
16. Ծնողներն ու զավակները ինչպե՞ս պիտի իրար պատվեն։
16 Անհրաժեշտ է, որ երիտասարդները պատվեն իրենց ծնողներին. «Որդինե՛ր, հնազա՛նդ եղէք ձեր ծնողներին ի Տէր, որովհետեւ դա է ճիշտը։ Պատուի՛ր քո հօրն ու մօրը, – որ առաջին պատուիրանն է՝ տրուած խոստումով, – որպէսզի լաւ լինի քեզ համար, եւ երկար կեանք ունենաս երկրի վրայ»։ Ինչ վերաբերվում է ծնողներին, ապա նրանք էլ, իրենց հերթին, պիտի հարգեն իրենց զավակներին, քանի որ նրանց էլ է խորհուրդ տրվում. «Մի՛ զայրացրէք ձեր որդիներին, այլ մեծացրէ՛ք նրանց Տիրոջ խրատով եւ ուսումով» (Եփեսացիս 6։1—4, Ելից 20։12)։
17. Ովքե՞ր են «կրկնակի պատուի» արժանի։
17 Պատվի արժանի են նաև ժողովում իրենց պատասխանատվությունները ջանասիրաբար կատարող եղբայրները. «Այն երէցները, որոնք լաւ վերակացու են, կրկնակի պատուի արժանի թող լինեն. մանաւանդ նրանք, որ տքնում են խօսքով եւ ուսուցանելով» (Ա Տիմոթէոս 5։17)։ Այդ անհատներին պատիվ ցույց տալու կերպերից մեկը Եբրայեցիս 13։17–ում գրված խոսքերի համաձայն վարվելն է. «Լսեցէ՛ք ձեր առաջնորդներին և հնազանդուեցէ՛ք նրանց»։
18. Ինչպե՞ս պիտի վերաբերվենք նրանց հետ, ովքեր ժողովի անդամներ չեն։
18 Անհրաժե՞շտ է արդյոք պատվել նրանց, ովքեր ժողովի անդամներ չեն։ Անշուշտ, քանի որ այդ առումով ևս հորդոր է տրվում մեզ. «Ամէն անձը թող հնազանդէ բարձր իշխանութիւններին» (Հռովմայեցիս 13։1)։ Խոսքը վերաբերվում է մարդկային իշխանություններին, որոնց Եհովան իշխելու լիազորություն է տվել, մինչև նրանց Աստծո Թագավորությամբ փոխարինելը (Դանիել 2։44)։ Հետևաբար, մենք հատուցում ենք «իւրաքանչիւրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկիւղ՝ երկիւղը, որին պատիւ՝ պատիւը» (Հռովմայեցիս 13։7)։ Նաև պատգամ է տրվում. «Յարգեցէ՛ք բոլորին» (Ա Պետրոս 2։17)։
19. Ինչպե՞ս կարելի է «բարին գործել» ուրիշների հանդեպ և նրանց պատվել։
19 Աստվածաշնչի համաձայն՝ պատվի արժանի են նաև ժողովից դուրս գտնվողները. «Քանի դեռ ժամանակ կայ, բարին գործենք բոլորի հանդէպ, մանաւանդ հաւատի մէջ մեր հարազատների հանդէպ» (Գաղատացիս 6։10)։ Ինչ խոսք, մարդկանց հանդեպ ‘բարին գործելու’ լավագույն կերպը նրանց մեջ դեպի հոգևորը հետաքրքրություն առաջացնելն ու այդ կարիքները բավարարելն է (Մատթէոս 5։3)։ Կարող ենք արդյունքի հասնել՝ հնազանդվելով Պողոս առաքյալի հիշեցմանը. «Ջանա՛ Աստծու առաջ ներկայացնել քեզ փորձուած, որպէս մի մշակ, որ ամօթով չի մնում, ճշմարտութեան խօսքը ուղիղ ներկայացնող»։ Երբ մենք նրբանկատորեն օգտագործում ենք վկայություն տալու ամեն հնարավորություն և ‘լիուլի կատարում ենք մեր պաշտոնը’, այդ դեպքում ոչ միայն ‘բարին ենք գործում բոլորի հանդեպ’, այլ նաև պատվում ենք նրանց (Բ Տիմոթէոս 2։15; 4։5)։
Պատվել Եհովային
20. Ի՞նչ պատահեց փարավոնի և նրա զորքի հետ և ինչո՞ւ։
20 Եհովան պատվում է իր ստեղծագործություններին։ Հետևաբար, մենք էլ մեր հերթին պիտի իրեն պատվենք (Առակաց 3։9; Յայտնութիւն 4։11)։ Եհովայի Խոսքում ասվում է. «Ինձ փառաւորողներին կ’փառաւորեմ [«պատվողներին կպատվեմ», ՆԱ] եւ ինձ արհամարհողները կ’անարգուին» (Ա Թագաւորաց 2։30)։ Երբ Եգիպտոսի փարավոնին պատվիրվեց ազատ արձակել Աստծո ժողովրդին, նա գոռոզամտորեն հայտարարեց. «Եհովան ո՞վ է, որ նորա խօսքին լսեմ» (Ելից 5։2)։ Իսկ երբ փարավոնը իր զորքերին ուղարկեց իսրայելացիներին ջախջախելու նպատակով, Եհովան Կարմիր ծովի ջրերը իրարից բաժանեց, որպեսզի իսրայելացիները անցնեին։ Բայց երբ եգիպտացիները իսրայելացիների ետևից փորձեցին անցնել ծովի միջով, Եհովան ջրերը ետ դարձրեց նրանց վրա։ «Փարաւօնի կառքերն ու նորա զօրքերը [Եհովան] ծովը գցեց» (Ելից 14։26—28; 15։4)։ Այսպիսով՝ փարավոնի հպարտությունը թույլ չտվեց նրան պատվել Եհովային, ինչը և կորստաբեր վախճանի առաջնորդեց նրան (Սաղմոս 136։15)։
21. Եհովան ինչո՞ւ զայրացավ Բաղդասարի վրա, և ի՞նչ եղավ արդյունքը։
21 Եհովային չպատվեց նաև Բաբելոնի Բաղդասար թագավորը։ Մի խնջույքի ժամանակ նա ծաղրեց Եհովային. Երուսաղեմի տաճարից հափշտակած ոսկե և արծաթե սուրբ անոթներով գինի խմելիս՝ փառավորեց իր պաշտած հեթանոսական աստվածներին։ Այդ արարքի ականատեսը՝ Եհովայի ծառա Դանիելը հայտնեց նրան. «Դու.... չ’խոնարհեցրիր քո սիրտը.... Այլ երկնքի Տիրոջ դէմ քեզ բարձրացրիր»։ Այդ նույն գիշերը Բաղդասարը սպանվեց ու թագավորությունը վերցվեց նրա ձեռքից (Դանիել 5։22—31)։
22. ա) Ինչո՞ւ Եհովայի բարկությունը բորբոքվեց իսրայելի իշխանավորների ու ժողովրդի վրա։ բ) Ովքե՞ր արժանացան Եհովայի հաճությանը և ի՞նչ արդյունքով։
22 Երբ մ. թ. առաջին դարում Հերովդես թագավորը հրապարակայնորեն ելույթ էր ունենում, նրան լսող ամբոխն աղաղակում էր. «Աստուած է, որ խօսում է եւ ոչ թէ մարդ»։ Փառամոլ թագավորին դուր եկան այս խոսքերը, քանի որ նրա փափագը մեծահամբավ դառնալն էր։ Անմիջապես «հրեշտակը հարուածեց նրան, որովհետեւ Աստծուն փառք չտուեց» (Գործք 12։21—23)։ Հերովդեսը պատվեց ոչ թե Եհովային, այլ՝ իրեն և այդ պատճառով էլ սպանվեց։ Այդ օրերի կրոնական առաջնորդները ծրագիր էին մշակում սպանել Աստծո Որդուն՝ Հիսուսին. դրանով նրանք ցույց տվեցին, որ չէին պատվում Աստծուն։ Չնայած իշխանավորներից ոմանք համոզված էին, որ Հիսուսի սովորեցրածը ճշմարտություն էր, սակայն չցանկացան հետևել նրան, «քանի որ մարդկանցից տրուած փառքը աւելի սիրեցին, քան Աստծուց տրուած փառքը» (Յովհաննէս 11։47—53; 12։42, 43)։ Ժողովրդի մեծամասնությունը մերժեց պատվել թե՛ Եհովային, և թե՛ նրա նշանակած Ներկայացուցչին՝ Հիսուսին։ Արդյունքում՝ Եհովան այլևս դադարեց նրանց պատվելուց և թույլ տվեց, որպեսզի նրանք իրենց կառուցած տաճարի հետ միասին կործանվեին։ Սակայն Եհովան խնայեց նրանց, ովքեր պատվեցին իրեն և իր Որդուն (Մատթէոս 23։38; Ղուկաս 21։20—22)։
23. Ի՞նչ պետք է անենք Աստծո նոր աշխարհում ապրելու համար (Սաղմոս 37։9—11; Մատթէոս 5։5)։
23 Իրերի ներկա դրության վախճանից հետո Աստծո նոր աշխարհում ապրել ցանկացողները պիտի պատվեն ու հնազանդվեն թե՛ Եհովային, թե՛ նրա Որդուն՝ Հիսուս Քրիստոսին (Յովհաննէս 5։22, 23; Փիլիպպեցիս 2։9—11)։ Նրանք, ովքեր չեն ցանկանա այդպես վարվել, «բնաջինջ կ’լինին երկրից», իսկ «ուղիղ» անհատները, ովքեր կպատվեն Աստծուն և Քրիստոսին, «կ’բնակուեն երկրի վերայ» (Առակաց 2։21, 22)։
Կրկնողության հարցեր
◻ Ի՞նչ է նշանակում պատվել ուրիշներին, և Եհովան ինչպե՞ս էր դա անում։
◻ Պողոսն ու Հիսուսը ինչպե՞ս էին պատվում մարդկանց։
◻ Մեր օրերում ովքե՞ր են պատվի արժանի։
◻ Ինչո՞ւ է հարկավոր պատվել Եհովային ու Քրիստոսին։
[նկար 27–րդ էջի վրա]
Եհովան պատվեց Աբրահամին՝ հաշվի առնելով նրա խնդրանքը։
[նկար 28–րդ էջի վրա]
Երջանիկ ամուսնական կյանքում ամուսինն ու կինը պատվում են միմյանց։