ԴԱՍ 44
Բոլո՞ր տոնակատարություններն են հաճելի Աստծուն
Եհովան ուզում է, որ վայելենք կյանքը և երբեմն նույնիսկ որոշ առիթներ մեզ համար տոն դարձնենք։ Բայց արդյո՞ք բոլոր տոներն ու տոնակատարություններն են հաճելի Աստծուն։ Ինչպե՞ս կարող ենք այս հարցում ցույց տալ Աստծու հանդեպ մեր սերը։
1. Ինչո՞ւ են շատ տոներ տհաճ Եհովային
Գուցե զարմանաս, երբ իմանաս, թե որքան շատ տոներ ունեն ոչ սուրբգրային կամ հեթանոսական ծագում։ Դրանք կարող են կապ ունենալ կեղծ կրոնի, ոգեհարցության կամ անմահ հոգու գաղափարի հետ։ Որոշ տոներ էլ կապ ունեն սնահավատության կամ ճակատագրին հավատալու հետ (Եսայիա 65։11)։ Եհովան նախազգուշացնում է իր ծառաներին. «Դո՛ւրս եկեք նրանց միջից.... և այլևս անմաքուր բանի մի՛ դիպեք» (2 Կորնթացիներ 6։17)։a
2. Ի՞նչ է Եհովան զգում, երբ որոշ տոների ժամանակ մարդկանց անհարկի պատվի են արժանացնում
Եհովան մեզ զգուշացնում է, որ մեր «հույսը մարդու վրա» չդնենք (կարդա Երեմիա 17։5)։ Որոշ տոներ փառաբանում են ղեկավարներին ու զինվորներին, մյուսների ժամանակ էլ պատվում են ազգային խորհրդանիշներն ու գովերգում անկախությունը (1 Հովհաննես 5։21)։ Կան տոներ էլ, որոնք նվիրված են քաղաքական և սոցիալական շարժումներին։ Ի՞նչ կզգա Եհովան, երբ մենք անհարկի պատիվ տանք մարդկանց կամ կազմակերպությունների, հատկապես այնպիսինների, որոնք պրոպագանդում են նրա կամքին հակառակ գաղափարներ։
3. Ինչպիսի՞ վարքը կարող է տոնակատարությունը անընդունելի դարձնել
Աստվածաշունչը դատապարտում է «չափից շատ գինի խմելը, խրախճանքները [և] խմելու մրցումները» (1 Պետրոս 4։3)։ Որոշ տոնակատարությունների ժամանակ մարդիկ սանձարձակ ու անբարո վարք են դրսևորում։ Եթե ուզում ենք՝ Եհովան մեր ընկերը լինի, պետք է հեռու մնանք այդպիսի բաներից։
ԻՄԱՆԱՆՔ ԱՎԵԼԻՆ
Իմացիր, թե ինչպես կարող ես գոհացնել Եհովային՝ տոների ու տոնակատարությունների վերաբերյալ իմաստուն որոշումներ կայացնելով։
4. Մերժիր այն տոները, որոնք անարգում են Եհովային
Կարդացեք Եփեսացիներ 5։10 և քննարկեք հետևյալ հարցերը։
Նախքան որևէ տոն նշելը ինչո՞ւմ պետք է հավաստիանանք։
Մարդիկ ի՞նչ տոներ են նշում ձեր տարածքում։
Քո կարծիքով՝ այդ տոները հաճելի՞ են Եհովային։
Օրինակ՝ երբևէ մտածե՞լ ես, թե Աստված ինչ կարծիք ունի ծննդյան տոնակատարությունների վերաբերյալ։ Աստվածաշնչում ոչ մի տեղ չի ասվում, որ Եհովայի ծառաները նշել են իրենց ծննդյան օրը կամ մասնակցել են ծննդյան տոնակատարության։ Սակայն այնտեղ խոսվում է երկու ծննդյան տոնակատարության մասին, որոնք նշել են Եհովային չծառայող մարդիկ։ Կարդացեք Ծննդոց 40։20–22 և Մատթեոս 14։6–10, այնուհետև քննարկեք հետևյալ հարցերը։
Ի՞նչ ընդհանրություններ ունեն այս երկու տոնակատարությունները։
Ըստ վերոնշյալ աստվածաշնչյան արձանագրությունների՝ Եհովան ինչպե՞ս է վերաբերվում ծննդյան տոնակատարություններին։
Սակայն գուցե հարցնես. «Իրականում Եհովայի համար տարբերություն կա՞՝ ծննդյան կամ Աստվածաշնչին հակասող այլ տոնակատարության կմասնակցեմ, թե ոչ»։ Կարդացեք Ելք 32։1–8, այնուհետև դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և քննարկեք հետևյալ հարցերը։
Ինչո՞ւ պետք է հավաստիանանք, թե ինչն է ընդունելի Եհովայի համար։
Ինչպե՞ս կարող ենք դա անել։
Ինչպես իմանալ՝ տոնը հաճելի է Եհովային, թե ոչ
Արդյո՞ք այն հիմնված է ոչ սուրբգրային ուսմունքների վրա։ Պատասխանն իմանալու համար ուսումնասիրիր, թե ինչ ծագում ունի այդ տոնը։
Արդյո՞ք այդ տոնակատարության ժամանակ անհարկի պատիվ է տրվում մարդկանց, կազմակերպություններին կամ ազգային խորհրդանիշներին։ Մենք պատիվ ենք տալիս միայն Եհովային և վստահ ենք, որ նա է լուծելու աշխարհի խնդիրները։
Այդ տոնի հետ կապված ավանդույթներն ու սովորույթները չե՞ն հակասում աստվածաշնչյան սկզբունքներին։ Մենք պետք է բարոյապես մաքուր մնանք։
5. Այնպես արա, որ ուրիշները հարգեն քո հավատալիքները
Գուցե դժվար լինի զիջումների չգնալ, երբ մարդիկ ճնշում բանեցնեն քեզ վրա, որ մասնակցես Եհովային տհաճ տոնակատարության։ Համբերատարությամբ և նրբանկատորեն բացատրիր որոշմանդ պատճառը։ Տեսնելու համար, թե ինչպես կարող ես դա անել, դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ։
Կարդացեք Մատթեոս 7։12 և քննարկեք հետևյալ հարցերը։
Ըստ այս համարի՝ արժե՞ ընտանիքիդ անդամներին ասել, որ չնշեն որևէ տոն։
Ի՞նչ կարող ես անել՝ ընտանիքիդ անդամներին հավաստիացնելու համար, որ սիրում ու գնահատում ես նրանց, թեև չես մասնակցում տոնակատարությանը։
6. Եհովան ուզում է, որ երջանիկ լինենք
Եհովան ուզում է, որ լավ ժամանակ անցկացնենք մեր ընտանիքի անդամների և ընկերների հետ։ Կարդացեք Ժողովող 8։15, այնուհետև քննարկեք հետևյալ հարցը։
Ինչպե՞ս է այս համարը ցույց տալիս, որ Եհովան ուզում է՝ երջանիկ լինենք։
Եհովան ուզում է, որ իր ծառաները զվարճանան ու միասին լավ ժամանակ անցկացնեն։ Դիտեք ՏԵՍԱՆՅՈՒԹԸ և տեսեք, թե ինչպես է դա ակնհայտ երևում մեր միջազգային համաժողովների ժամանակ։
Կարդացեք Գաղատացիներ 6։10 և քննարկեք հետևյալ հարցերը։
Արդյո՞ք տոներ նշելով է, որ «բարիք ենք անում» մյուսներին։
Ե՞րբ ես ավելի երջանիկ լինում. երբ որևէ տոնի առթիվ հարկադրվա՞ծ ես նվեր տալիս, թե՞ այն ժամանակ, երբ դա անում ես սրտանց՝ առանց առիթի։
Շատ Վկաներ երբեմն հատուկ հավաքույթներ են կազմակերպում իրենց երեխաների համար կամ անակնկալ նվերներ են տալիս նրանց։ Եթե երեխաներ ունես, ի՞նչ կարող ես կազմակերպել նրանց համար։
ՈՄԱՆՔ ԱՍՈՒՄ ԵՆ. «Տոնի ծագումը նշանակություն չունի. կարևորը՝ լավ ժամանակ անցկացնես ընտանիքիդ ու ընկերներիդ հետ»։
Իսկ դու ի՞նչ կասես։
ԱՄՓՈՓՈՒՄ
Եհովան ուզում է, որ լավ ժամանակ անցկացնենք մեր ընտանիքի և ընկերների հետ։ Բայց նա նաև ուզում է, որ խուսափենք այնպիսի տոնակատարություններից, որոնք տհաճ են իրեն։
Վերհիշենք
Ո՞ր հարցերը կօգնեն մեզ հասկանալ՝ տվյալ տոնակատարությունը տհաճ է Եհովային, թե ոչ։
Ինչպե՞ս կարող ենք մեր մտերիմներին օգնել հասկանալու տոների վերաբերյալ մեր դիրքորոշումը։
Որտեղի՞ց գիտենք, որ Եհովան ուզում է՝ երջանիկ լինենք ու լավ ժամանակ անցկացնենք։
ԲԱՑԱՀԱՅՏԻՐ ԱՎԵԼԻՆ
Տես, թե ինչ տոներ չեն նշում ճշմարիտ քրիստոնյաները։
Տես չորս պատճառ, թե ինչու են Եհովայի վկաները կարծում, որ ծննդյան տարեդարձները տհաճ են Եհովային։
«Ինչո՞ւ Եհովայի վկաները ծննդյան տարեդարձ չեն նշում» (վեբ հոդված)
Տես, թե Եհովային սիրող երեխաներն ինչպես կարող են հաճեցնել նրան, երբ տոներ են լինում։
Միլիոնավոր քրիստոնյաներ որոշել են չտոնել Սուրբ Ծնունդը։ Տես, թե ինչ են նրանք ասում։
«Նրանք ավելի լավ բան են գտել» («Դիտարան», 2012 թ. դեկտեմբերի 1)
a Տես «Հավելյալ տեղեկություն 5», որպեսզի իմանաս՝ ինչպես վարվել, երբ ուրիշները որևէ տոն են նշում։