Ընթերցողների հարցերը
Ա Պետրոս 4։3–ում կարդում ենք, որ քրիստոնյաներից ոմանք մասնակցել են «անօրէն կռապաշտութիւնների»։ Մի՞թե ամեն տեսակ կռապաշտություն անօրեն չէ և դատապարտված ու արգելված Աստծո կողմից։
Այո, Աստծո աչքին ամեն տեսակ կռապաշտություն անօրինական է։ Նրանք, ովքեր փնտրում են Աստծո հաճությունը, չեն կարող կռապաշտությամբ զբաղվել (Ա Կորնթացիս 5։11; Յայտնութիւն 21։8)։
Սակայն Պետրոս առաքյալը, ըստ երևույթին կռապաշտության մասին խոսում էր՝ ելնելով հին ժողովուրդների ունեցած սովորույթներից, քանի որ նրանցից շատերի մեջ կռապաշտությունը հասարակական բնույթ էր կրում և իշխանությունների կողմից չէր սահմանափակվում։ Այսինքն՝ երկրի օրենքը չէր արգելում կռապաշտությունը։ Կռապաշտության որոշ տեսակներ նույնիսկ ազգային և պետական քաղաքականության մասն էին կազմում։ Այդ իմաստով, ոմանք, մինչև քրիստոնյա դառնալը, զբաղվել էին օրենքով թույլատրված կռապաշտությամբ։ Որպես օրինակ կարելի է նշել այն դեպքը, երբ Բաբելոնի թագավոր Նաբուգոդոնոսորը ոսկե կուռք կանգնեցրեց, բայց Եհովայի ծառաները՝ Սեդրակը, Միսակը և Աբեդնագովը մերժեցին երկրպագել դրան (Դանիէլ 3։1–12)։
Մյուս կողմից՝ կռապաշտական շատ ծեսերի մեջ էին մտնում արարողություններ, որոնք չափից դուրս դեմ էին ցանկացած բնական օրենքի կամ բարոյականության զգացումի, որը գալիս է ժառանգած խղճից (Հռովմայեցիս 2։14, 15)։ Պողոս առաքյալը գրեց ստոր արարքների մասին, որոնք «անբնական» էին ու «խայտառակություն», և դրանք հաճախ իրենց տեղն էին գտնում կրոնական ծիսակարգերում (Հռովմայեցիս 1։26, 27)։ Տղամարդիկ և կանայք, մասնակցելով անօրեն կռապաշտությանը, դուրս էին գալիս մարդկային բնության օրինավոր սահմաններից։ Եվ ինչ խոսք, տեղին էր, որպեսզի քրիստոնեություն ընդունողները թողնեին այդ այլասերված սովորությունները։
Ի հավելումն վերոհիշյալի՝ կռապաշտության այդպիսի ձևերը, ընդունված ոչ հրեաների մեջ, դատապարտելի էին Եհովա Աստծո աչքին, ուստիև՝ անօրինականa (Կողոսացիս 3։5–7)։
[ծանոթագրություն]
a Ա Պետրոս 4։3–ի հունարեն տեքստը բառացի նշանակում է «անօրինական կռապաշտություն»։ Աստվածաշնչի անգլերեն մի շարք թարգմանություններում այս արտահայտությունը թարգմանվել է ինչպես «անթույլատու կռապաշտություն», «կուռքերի արգելված երկրպագություն» և «ապօրինի կռապաշտություն»։