Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w09 1/15 էջ 12–16
  • «Աստծու անարժան բարության տնտե՞ս» ես

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • «Աստծու անարժան բարության տնտե՞ս» ես
  • 2009 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Աստծու անարժան բարությունը, որ զանազան կերպերով է դրսևորվում»
  • «Մեկդ մյուսիդ ծառայելով»
  • «Օգտագործեք այն ....ծառայելով». ինչպե՞ս
  • Ո՞րն է ավելի կարևոր
  • «Գորովա՛նք ունեցեք իրար հանդեպ»
  • Երախտապարտ լինենք Աստծու անզուգական բարության համար
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Հռչակենք Աստծու անզուգական բարության բարի լուրը
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
  • Մենք կարող ենք հաղթահարել ցանկացա՛ծ փորձություն
    2005 Դիտարան
  • Ազատվեցիք անզուգական բարության շնորհիվ
    2016 Դիտարան (ուսումնասիրության թողարկում)
Ավելին
2009 Դիտարան
w09 1/15 էջ 12–16

«Աստծու անարժան բարության տնտե՞ս» ես

«Եղբայրասիրության մեջ գորովա՛նք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք» (ՀՌՈՄ. 12։10)։

1. Ի՞նչ հավաստիացում ենք գտնում Աստծու Խոսքում։

ԱՍՏԾՈՒ ԽՈՍՔԸ բազմիցս հավաստիացնում է, որ երբ մենք հիասթափվում կամ վհատվում ենք, Եհովան օգնության ձեռք է մեկնում։ Հիշենք, օրինակ, հետևյալ մխիթարական խոսքերը. «Տէրը հաստատում է ընկածներին, եւ կանգնեցնում է ամեն կռացածներին», «նա բժշկում է սրտով կոտրուածներին եւ փաթաթում՝ նորանց խոցերը» (Սաղ. 145։14; 147։3)։ Դեռ ավելին, մեր երկնային Հայրը ինքն է վստահեցնում. «Ես Եհովաս՝ քո Աստուածը՝ զօրացնում եմ քո աջը [«քու աջ ձեռքէդ կը բռնեմ», ԱԱ]. որ ասում եմ քեզ, Մի վախենար, ես կ’օգնեմ քեզ» (Ես. 41։13)։

2. Ինչպե՞ս է Եհովան աջակցում իր ծառաներին։

2 Իսկ ինչպե՞ս է Եհովան, որը գտնվում է երկնքում, «բռնում մեր ձեռքը»։ Ինչպե՞ս է նա «կանգնեցնում» մեզ, երբ «կռացած» ենք մեր «սիրտը կոտրվելու» պատճառով։ Եհովա Աստված զորացնում է տարբեր կերպերով։ Օրինակ՝ նա իր ծառաներին «սովորականին գերազանցող զորություն» է տալիս իր սուրբ ոգու միջոցով (2 Կորնթ. 4։7; Հովհ. 14։16, 17)։ Նրանք նաև «հաստատվում են» Աստծու զորեղ Խոսքով՝ Աստվածաշնչով (Եբր. 4։12)։ Արդյոք կա՞ն ուրիշ կերպեր, որոնց միջոցով Եհովան զորացնում է մեզ։ Այս հարցի պատասխանը գտնում ենք «1  Պետրոս» գրքում։

«Աստծու անարժան բարությունը, որ զանազան կերպերով է դրսևորվում»

3. ա) Ի՞նչ է ասում Պետրոս առաքյալը փորձությունների մասին։ բ) Ինչի՞ մասին է խոսվում «1 Պետրոս» նամակի վերջնամասում։

3 Գրելով օծյալ քրիստոնյաներին՝ Պետրոս առաքյալն ասում է, որ նրանք ուրախանալու պատճառ ունեն, քանի որ առատ վարձատրություն են ստանալու։ Ապա ավելացնում է. «Թեպետև ներկայումս կարճ ժամանակով, եթե պետք է, տրտմում եք զանազան փորձություններից» (1 Պետ. 1։1–6)։ Ուշադրություն դարձնենք «զանազան» բառին։ Այն ցույց է տալիս, որ փորձությունները տարբեր են լինում։ Սակայն Պետրոսը հավատակիցներին անորոշության մեջ չի թողնում այն հարցում, թե արդյոք նրանք կկարողանան տոկալ բազմապիսի փորձությունների ներքո։ Նա վստահեցնում է, որ նրանք Եհովայի օգնությամբ կկարողանան դիմանալ ցանկացած փորձության։ Այս մասին առաքյալը գրում է իր նամակի վերջնամասում, երբ խոսում է այնպիսի բաների մասին, որոնք կապ ունեն «ամեն ինչի վերջի» հետ (1 Պետ. 4։7)։

4. Ինչո՞ւ են 1 Պետրոս 4։10 խոսքերը մխիթարական։

4 Պետրոսն ասում է. «Որչափ որ ամեն մեկը պարգև է ստացել, օգտագործեք այն՝ մեկդ մյուսիդ ծառայելով որպես հիանալի տնտեսներ Աստծու անարժան բարության, որ զանազան կերպերով է դրսևորվում» (1 Պետ. 4։10)։ Նա այստեղ ևս օգտագործում է «զանազան» բառը։ Փաստորեն, առաքյալը հետևյալն է ասում. «Փորձությունը ամենատարբեր կերպերով է արտահայտվում, ուստի Աստված էլ ամենատարբեր կերպերով է դրսևորում իր անարժան բարությունը»։ Սա մխիթարական միտք է։ Ինչո՞ւ։ Քանի որ այն հավաստիացնում է, որ ինչ փորձության էլ բախվենք, միշտ կլինի Աստծու անարժան բարության համապատասխան դրսևորումը, որի շնորհիվ կկարողանանք դիմանալ։ Պետրոսի խոսքերում նկատեցի՞ր, թե ինչպես է Եհովայի անարժան բարությունը դրսևորվում մեր հանդեպ։ Այն արտահայտվում է հավատակիցների միջոցով։

«Մեկդ մյուսիդ ծառայելով»

5. ա) Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր քրիստոնյա։ բ) Ի՞նչ հարցեր են ծագում։

5 Դիմելով քրիստոնեական ժողովի բոլոր անդամներին՝ Պետրոսն ասում է. «Ամեն ինչից առաջ ուժգին սեր ունեցեք իրար հանդեպ»։ Ապա ավելացնում է. «Որչափ որ ամեն մեկը պարգև է ստացել, օգտագործեք այն՝ մեկդ մյուսիդ ծառայելով» (1 Պետ. 4։8, 10)։ Ուստի ժողովի յուրաքանչյուր անդամ պետք է նպաստի հավատակիցների կերտմանը։ Եհովան մեզ թանկարժեք բան է վստահել, որն իրեն է պատկանում, և մենք պարտավոր ենք այն օգտագործել ի նպաստ ուրիշներին։ Իսկ ի՞նչ է մեզ վստահել։ Պետրոսն ասում է, որ դա «պարգև» է։ Ո՞րն է այդ պարգևը, և ինչպե՞ս ենք այն «օգտագործում՝ մեկս մյուսիս ծառայելով»։

6. Ի՞նչ պարգևներ են վստահված քրիստոնյաներին։

6 Աստծու Խոսքն ասում է. «Ամեն բարի պարգև և ամեն կատարյալ նվեր վերևից է» (Հակ. 1։17)։ Ցանկացած պարգև, որ Եհովան վստահում է իր ծառաներին, նրա անարժան բարության դրսևորում է։ Եհովայի տված ամենաուշագրավ պարգևներից մեկը սուրբ ոգին է։ Սուրբ ոգին մեզ օգնում է զարգացնելու այնպիսի աստվածահաճո հատկություններ, ինչպիսիք են՝ սեր, բարեգործություն և մեղմություն։ Այս հատկությունները մղում են մեզ գորովանք դրսևորելու հավատակիցների հանդեպ և պատրաստակամորեն աջակցելու նրանց։ Վերին իմաստությունը և ճշգրիտ գիտելիքները նույնպես բարի պարգևներ են, որ ստանում ենք սուրբ ոգու միջոցով (1 Կորնթ. 2։10–16; Գաղ. 5։22, 23)։ Փաստորեն, մեր բոլոր ուժերը և կարողությունները պարգևներ են, որոնք կարող ենք օգտագործել մեր երկնային Հորը փառաբանելու նպատակով։ Աստված ակնկալում է, որ մեր ունակություններն ու հատկություններն օգտագործենք այնպես, որ մեր միջոցով նրա անարժան բարությունը դրսևորվի հավատակիցների հանդեպ։

«Օգտագործեք այն ....ծառայելով». ինչպե՞ս

7. ա) Ի՞նչ է մատնանշում «որչափ որ» արտահայտությունը։ բ) Ի՞նչ հարցեր պետք է տանք ինքներս մեզ և ինչո՞ւ։

7 Մեր ստացած պարգևների վերաբերյալ Պետրոսը նաև ասում է. «Որչափ որ ամեն մեկը պարգև է ստացել, օգտագործեք այն»։ «Որչափ որ» արտահայտությունը մատնանշում է ոչ միայն հատկությունների և ունակությունների զանազանությունը, այլև դրանց դրսևորման տարբեր աստիճանները։ Ամեն դեպքում, յուրաքանչյուր քրիստոնյայի հորդոր է տրվում «օգտագործելու այն [իր ստացած պարգևը]»՝ ծառայելով մյուսներին։ Ավելին, «օգտագործեք այն.... որպես հիանալի տնտեսներ» արտահայտությունը հրահանգ է, պատվեր։ Ուստի պետք է ինքներս մեզ հարցնենք. «Օգտագործո՞ւմ եմ Եհովայի տված պարգևները՝ հավատակիցներիս զորացնելու համար (համեմատի՛ր 1 Տիմոթեոս 5։9, 10)։ Թե՞ դրանք օգտագործում եմ հիմնականում ինձ համար. գուցե ուզում եմ հարստանա՞լ կամ դի՞րք ձեռք բերել» (1 Կորնթ. 4։7)։ Եհովան շատ է ուրախանում, երբ մեր պարգևներն օգտագործում ենք «մեկս մյուսիս ծառայելու» նպատակով (Առակ. 19։17; կարդա՛ Եբրայեցիներ 13։16)։

8, 9. ա) Ինչպե՞ս են քրիստոնյաներն ամբողջ աշխարհում ծառայում իրենց հավատակիցներին։ բ) Ինչպե՞ս են քո ժողովի եղբայրներն ու քույրերը օգնում միմյանց։

8 Աստվածաշնչից տեսնում ենք, որ առաջին դարի քրիստոնյաները տարբեր կերպերով ծառայել են իրար (կարդա՛ Հռոմեացիներ 15։25, 26; 2 Տիմոթեոս 1։16–18)։ Մեր օրերում նույնպես ճշմարիտ քրիստոնյաները իրենց պարգևները սրտանց օգտագործում են՝ ծառայելով միմյանց։ Տեսնենք, թե ինչպես են նրանք դա անում։

9 Բազմաթիվ եղբայրներ ամեն ամիս ժողովի հանդիպումներին հանդես են գալիս ելույթներով, անց են կացնում այդ հանդիպումները, և այս ամենին նախապատրաստվելը նրանցից շատ ժամանակ է պահանջում։ Իմաստալից խոսքեր ընտրելով՝ նրանք հանդիպումների ընթացքում Աստվածաշնչի ուսումնասիրությունից գտած հոգևոր գոհարներից մի քանիսը ներկայացնում են հավատակիցներին, որպեսզի նրանք կարողանան տոկալ փորձությունների ներքո (1 Տիմոթ. 5։17)։ Շատ եղբայրներ ու քույրեր աչքի են ընկնում հավատակիցների հանդեպ ունեցած ջերմությամբ և կարեկցանքով (Հռոմ. 12։15)։ Նրանցից մի քանիսը կանոնավորաբար այցելում են վհատվածներին և աղոթում նրանց հետ (1 Թեսաղ. 5։14)։ Մյուսներն էլ քաջալերանքի ջերմ խոսքեր են գրում փորձության մեջ եղողներին։ Ոմանք սիրով օգնում են ֆիզիկական սահմանափակումներ ունեցող հավատակիցներին, որ նրանք ներկա լինեն հանդիպումներին։ Հազարավոր Վկաներ մասնակցում են այն հավատակիցների տների վերակառուցման աշխատանքներին, ովքեր տուժում են աղետներից։ Նման հոգատար եղբայրների և քույրերի ցուցաբերած գորովանքը և գործնական օգնությունը «Աստծու անարժան բարության զանազան դրսևորումներից» են (կարդա՛ 1 Պետրոս 4։11)։

Ո՞րն է ավելի կարևոր

10. ա) Ի՞նչն էր Պողոսը շատ լավ հասկանում։ բ) Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Պողոսին։

10 Բացի այն, որ Աստված իր Վկաներին տվել է հավատակիցներին ծառայելու պարգևը, նա նրանց վստահել է նաև բարի լուրը քարոզելու գործը։ Այս երկու բաներն էլ մտնում են սուրբ ծառայության մեջ, և Պողոս առաքյալը շատ լավ հասկանում էր դա։ Նա Եփեսոսի ժողովին գրեց «Աստծու անարժան բարության տնտեսության մասին», որ տրվել էր իրեն նրանց օգտի համար (Եփես. 3։2)։ Իսկ թեսաղոնիկեցիներին առաքյալն ասաց. «Աստված ստուգեց մեզ և հարմար գտավ, որ բարի լուրը մեզ վստահվի» (1 Թեսաղ. 2։4)։ Մեզ նույնպես վստահվել է Աստծու Թագավորության մասին քարոզելու գործը։ Եռանդորեն քարոզելով՝ ընդօրինակում ենք բարի լուրի անխոնջ քարոզչին՝ Պողոսին (Գործ. 20։20, 21; 1 Կորնթ. 11։1)։ Մենք գիտենք, որ բարի լուրի քարոզչությամբ կարող են կյանքեր փրկվել։ Միևնույն ժամանակ ջանում ենք Պողոսի պես հնարավորություններ փնտրել՝ «որևէ հոգևոր պարգև փոխանցելու» մեր եղբայրներին և քույրերին (կարդա՛ Հռոմեացիներ 1։11, 12; 10։13–15)։

11. Ի՞նչ պետք է համարենք քարոզելու և եղբայրներին ու քույրերին կերտելու հանձնարարությունները։

11 Ծառայության այս երկու երեսակներից ո՞րն է ավելի կարևոր։ Սա նույնն է, ինչ հարցնենք. «Թռչնի ո՞ր թևն է ավելի կարևոր»։ Պատասխանը ակնհայտ է։ Երկու թևերն էլ կարևոր են։ Նույն ձևով էլ, մենք պետք է ներգրավված լինենք ծառայության այս երկու ոլորտներում, որպեսզի լիովին կատարած լինենք այն, ինչ պահանջվում է քրիստոնյաներից։ Այսպիսով՝ բարի լուրը քարոզելու և հավատակիցներին կերտելու հանձնարարությունները մենք չենք համարում իրար հետ կապ չունեցող բաներ։ Ընդհակառակը՝ Պետրոս և Պողոս առաքյալների պես՝ դրանք համարում ենք պարտականություններ, որոնք լրացնում են միմյանց։ Ինչպե՞ս։

12. Ինչպե՞ս է Եհովան գործում մեր միջոցով։

12 Լինելով ավետարանիչներ՝ մեր ուսուցողական բոլոր հմտությունները գործադրում ենք, որպեսզի մարդիկ ընդունեն Աստծու Թագավորության մասին բարի լուրը և լցվեն ուրախությամբ ու հույսով։ Մենք հուսով ենք, որ նրանք մեր օգնությամբ կդառնան Քրիստոսի աշակերտներ։ Սակայն մտածում ենք նաև մեր հավատակիցը դարձած անհատների մասին։ Մեր ունակությունները և այլ պարգևներ օգտագործում ենք այն բանի համար, որ նրանց սրտերը ջերմացնենք կերտիչ խոսքերով և օգտակար գործերով. այս ամենը Աստծու անարժան բարության դրսևորումներ են (Առակ. 3։27; 12։25)։ Մենք հուսով ենք, որ նրանք մեր օգնությամբ կշարունակեն մնալ Քրիստոսի աշակերտներ։ Այսպիսով՝ Եհովան գործում է մեր միջոցով, երբ քարոզում ենք ուրիշներին և երբ «ծառայում ենք մեկս մյուսիս»։ Ի՜նչ մեծ պատիվ (Գաղ. 6։10)։

«Գորովա՛նք ունեցեք իրար հանդեպ»

13. Ի՞նչ կպատահի, եթե «միմյանց չծառայենք»։

13 Պողոսն իր հավատակիցներին հորդորեց. «Եղբայրասիրության մեջ գորովա՛նք ունեցեք իրար հանդեպ։ Միմյանց պատիվ տալու մեջ առաջի՛նը եղեք» (Հռոմ. 12։10)։ Եղբայրների և քույրերի հանդեպ ունեցած գորովանքը մղում է մեզ՝ որպես Աստծու անարժան բարության տնտեսների, սրտանց ծառայելու նրանց։ Մենք գիտակցում ենք, որ եթե Սատանային հաջողվի մեզ հետ պահել «միմյանց ծառայելուց», մեր միասնությունը կթուլանա (Կող. 3։14)։ Իսկ դա իր հերթին կթուլացնի մեր քարոզչական եռանդը։ Բանսարկուն շատ լավ գիտի, որ բավական է վնասել մեր «թևերից» միայն մեկը, որպեսզի մենք, այսպես ասած, վայրէջք կատարենք։

14. Ովքե՞ր են օգուտներ քաղում «միմյանց ծառայելուց»։ Բացատրիր օրինակով։

14 «Մեկը մյուսին ծառայելը» օգտակար է ոչ միայն նրանց համար, ովքեր ստանում են Աստծու անարժան բարությունը, այլև նրանց համար, ում միջոցով այն տրվում է (Առակ. 11։25)։ Ռայանի ու Ռոնիի օրինակը դա է փաստում (ԱՄՆ, Իլինոյս)։ Երբ այս ամուսիններն իմացան, որ «Կատրինա» փոթորիկը ավերել է հարյուրավոր հավատակիցների տներ, եղբայրական սիրուց մղված՝ թողեցին աշխատանքը, հարմարավետ բնակարանը, գնեցին օգտագործված ավտոկցորդ–կացարան, վերանորոգեցին այն և ճանապարհ ընկան դեպի Լուիզիանա նահանգ՝ 1 400 կիլոմետր հեռու։ Նրանք այնտեղ մնացին մեկ տարուց ավելի ու իրենց հավատակիցների համար չխնայեցին իրենց ժամանակը, ուժերը և միջոցները։ 29–ամյա Ռայանն ասում է. «Եղբայրներին և քույրերին օգնելով՝ ավելի մտերմացա Աստծու հետ։ Ես տեսա, թե ինչպես է Եհովան հոգ տանում իր ժողովրդին»։ Նա ավելացնում է. «Ինձնից մեծ եղբայրների հետ աշխատելով՝ սովորեցի, թե ինչպես հոգալ հավատակիցներիս կարիքները։ Նաև հասկացա, որ մենք՝ երիտասարդներս, շատ բան կարող ենք անել Եհովայի կազմակերպության մեջ»։ Իսկ նրա կինը՝ 25–ամյա Ռոնին, ասում է. «Անչափ ուրախ եմ, որ հնարավորություն եմ ունեցել օգնելու մարդկանց։ Կյանքումս երբեք այսքան երջանիկ չեմ եղել։ Այս գործին մասնակցելը ինձ շատ օգուտներ է տվել, և համոզված եմ, որ դեռ հետագայում էլ օգուտներ կստանամ»։

15. Ի՞նչ հիմնավոր պատճառներ ունենք շարունակելու ծառայել որպես Աստծու անարժան բարության տնտեսներ։

15 Այսպիսով՝ եթե հնազանդվում ենք բարի լուրը քարոզելու և հավատակիցներին կերտելու մասին պատվերներին, ապա օգուտներ են ստանում բոլորը։ Երբ օգնում ենք հավատակիցներին, նրանք հոգևորապես զորանում են, իսկ ինքներս լցվում ենք այն ուրախությամբ, որը հնարավոր է զգալ միայն տալուց (Գործ. 20։35)։ Ամբողջ ժողովում մթնոլորտն ավելի է ջերմանում, երբ յուրաքանչյուր անդամ անկեղծորեն հետաքրքրվում է մյուսներով։ Նաև, երբ սեր ու գորովանք ենք դրսևորում, հստակորեն փաստում ենք, որ ճշմարիտ քրիստոնյաներ ենք։ Հիսուսն ասաց. «Սրանով բոլորը կիմանան, որ դուք իմ աշակերտներն եք, եթե իրար մեջ սեր ունենաք» (Հովհ. 13։35)։ Սակայն ավելի կարևոր է այն, որ մեր հոգատար Հայրը՝ Եհովան, որ ուզում է զորացնել կարիքի մեջ եղողներին, փառաբանվում է, երբ մենք վարվում ենք նրա այդ ցանկության համաձայն։ Այո՛, մենք հիմնավոր պատճառներ ունենք մեր պարգևն օգտագործելու այնպես, որ «մեկս մյուսիս ծառայենք որպես Աստծու անարժան բարության հիանալի տնտեսներ»։ Կշարունակե՞ս այդպես վարվել (կարդա՛ Եբրայեցիներ 6։10)։

Հիշո՞ւմ եք

• Ինչպե՞ս է Եհովան զորացնում իր ծառաներին։

• Ի՞նչ է մեզ վստահված։

• Ի՞նչ կերպերով կարող ենք ծառայել մեր եղբայրներին և քույրերին։

• Ի՞նչը կմղի մեզ շարունակելու օգտագործել մեր պարգևն այնպես, որ «ծառայենք մեկս մյուսիս»։

[նկար 13–րդ էջի վրա]

Քո «պարգևն» օգտագործում ես հաճույքների՞, թե՞ ուրիշներին ծառայելու համար

[նկար 15–րդ էջի վրա]

Մենք քարոզում ենք բարի լուրը և աջակցում ենք հավատակիցներին

[նկար 16–րդ էջի վրա]

Հավատակիցներին օգնելու եկած եղբայրներն ու քույրերը արժանի են գովասանքի անձնազոհ ոգի դրսևորելու համար

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը