Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w07 1/15 էջ 17–20
  • Մնացեք ամուր, երբ ձեր երեխան ըմբոստանում է

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մնացեք ամուր, երբ ձեր երեխան ըմբոստանում է
  • 2007 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Երբ Եհովայի որդիներն ըմբոստացան
  • Ձեր հոգսը Եհովայի վրա գցեք
  • Խոնարհեցրեք ինքներդ ձեզ
  • Հակառակվեք Սատանային
  • Երբ խրատը բավականին խիստ է
  • Եհովան ուժ կտա ձեզ
  • Երեխային դաստիարակեք մանուկ հասակից
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Տան մեջ ըմբո՞ստ կա
    Ընտանեկան երջանկության գաղտնիքը
  • Ծնողնե՛ր, պաշտպանեք ձեր թանկարժեք ժառանգությունը
    2005 Դիտարան
  • Ինչպե՞ս կարող եք օգնել «անառակ» երեխային
    2001 Դիտարան
Ավելին
2007 Դիտարան
w07 1/15 էջ 17–20

Մնացեք ամուր, երբ ձեր երեխան ըմբոստանում է

ՋՈՅ անունով քրիստոնյա մի կին ուզում էր իր որդուն մեծացնել այնպես, որ նա սիրեր Եհովա Աստծուն։ Սակայն երբ տղան չափահաս դարձավ, ըմբոստացավ ու հեռացավ տնից։ Ջոյն ասում է. «Այդպիսի խորը ցավ դեռ չէի զգացել։ Ես ինձ խաբված էի զգում, հուսալքված ու կոտրված։ Գլխիս մեջ շարունակ բացասական մտքեր էին պտտվում»։

Թերևս դուք էլ եք փորձել դաստիարակել ձեր երեխաներին այնպես, որ նրանք սիրեն ու ծառայեն Եհովային, սակայն հետագայում նրանք կամ նրանցից մեկը հեռացել է Աստծուց։ Ինչպե՞ս կարող եք հաղթահարել այդպիսի խորը հիասթափությունը։ Ի՞նչը կօգնի ձեզ մնալ ամուր և շարունակել ծառայել Եհովային։

Երբ Եհովայի որդիներն ըմբոստացան

Նախևառաջ պետք է գիտակցել, որ Եհովան հասկանում է, թե դուք իրոք ինչ եք զգում։ Եսայիա 49։15–ում կարդում ենք. «Մի՞թէ կինը կ’մոռանայ իր կաթնակեր մանուկին, որ չ’գթայ իր որովայնի ծննդեան վերայ. նորանք եթէ մոռանան էլ, բայց ես քեզ չեմ մոռանալ»։ Այո, Եհովան էլ ունի այն նույն զգացումները, ինչը որ հայրերին և մայրերին է բնորոշ։ Ուստի պատկերացրեք, թե ինչ ուրախություն էր նա ապրում, երբ իր բոլոր ոգեղեն որդիները փառաբանում ու ծառայում էին իրեն։ Հոբ նահապետին «փոթորկի միջիցը» պատասխանելիս Եհովան հիշատակեց այն ուրախ ժամանակները, երբ իր միասնական հոգևոր ընտանիքի հետ էր՝ ասելով. «Ո՞ւր էիր՝ ես երկրի հիմունքը դնելիս....։ Առաւօտեան աստղերը միասին ցնծալիս, եւ Աստուծոյ բոլոր որդիքը երբոր գովաբանում էին» (Յոբ 38։1, 4, 7)։

Ժամանակի ընթացքում ճշմարիտ Աստվածը տեսավ, թե ինչպես իր կատարյալ ոգեղեն որդիներից մեկը ըմբոստացավ իր դեմ և դարձավ Սատանա, ինչը նշանակում է «հակառակորդ»։ Նաև Եհովան տեսավ, թե ինչպես առաջին մարդը՝ Ադամը, և նրա կատարյալ կինը՝ Եվան, ըմբոստացան իր դեմ (Ծննդոց 3։1–6; Յայտնութիւն 12։9)։ Իսկ ավելի ուշ Աստծու ուրիշ ոգեղեն որդիներ «իրանց բնակութիւնը թողեցին» և ըմբոստացան նրա դեմ (Յուդա 6)։

Գրությունները մեզ չեն հայտնում այն մասին, թե ինչ զգաց Եհովան, երբ իր կատարյալ որդիներից մի քանիսը ըմբոստ ընթացք բռնեցին։ Սակայն Աստվածաշունչը հստակ նշում է. «Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր. Այն ժամանակ Եհովան զղջաց, որ երկրի վերայ մարդը ստեղծեց, եւ իր սրտի մէջ տրտմեց» (Ծննդոց 6։5, 6)։ Եհովայի ընտրյալ ազգը՝ Իսրայելը, նույնպես ըմբոստացավ, և դրանով նրանք «բարկացրին» ու «նեղացրին» նրան (Սաղմոս 78։40, 41)։

Անկասկած, Եհովան կարեկցում է այն ծնողներին, ովքեր ցավ են զգում և վշտանում են իրենց ըմբոստ երեխաների վարքի պատճառով։ Իր Խոսքում՝ Աստվածաշնչում, նա վստահելի խորհուրդներ և քաջալերանք է տալիս՝ օգնելու այդպիսի ծնողներին հաղթահարել իրենց խնդիրը։ Աստված հորդորում է նրանց իրենց հոգսը իր վրա գցել, խոնարհեցնել իրենց և հակառակվել Բանսարկու Սատանային։ Այժմ եկեք տեսնենք, թե այս խորհուրդներին հետևելը ինչպես կօգնի ձեզ ամուր մնալ, երբ ձեր երեխան ըմբոստանում է։

Ձեր հոգսը Եհովայի վրա գցեք

Եհովան գիտի, որ ծնողները սկսում են չափից շատ անհանգստանալ, երբ իմանում են, որ իրենց երեխաները վտանգի մեջ են և կարող են իրենք իրենց վնաս հասցնել կամ էլ ուրիշների կողմից վնասվել։ Այս և ուրիշ մտահոգություններ հաղթահարելու համար Պետրոս առաքյալը մի միջոց է ցույց տալիս։ Նա գրում է. «Ձեր բոլոր հոգսը [Եհովայի] վերայ գցեցէք, որովհետեւ նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5։7)։ Ինչո՞ւ է այս հորդորը տեղին հատկապես այն ծնողների համար, որոնց երեխան ըմբոստանում է։

Քանի դեռ ձեր երեխան պատանի էր, դուք անչափ ուշադիր էիք, որպեսզի պաշտպանեիք նրան վտանգներից, և հավանաբար նա հետևում էր ձեր հոգատար առաջնորդությանը։ Սակայն նրա մեծանալու հետ մեկտեղ ձեր ազդեցությունը երեխայի վրա գուցե նվազել է, մինչդեռ նրան վտանգներից պաշտպանելու ձեր ցանկությունը չի նվազել։ Իրականում այն թերևս ավելի է մեծացել։

Եվ երբ պատահում է այնպես, որ ձեր երեխան ըմբոստանում է և հոգևոր, էմոցիոնալ ու ֆիզիկական առումով տանջվում է, գուցե դուք ձեզ եք մեղադրում դրա համար։ Ջոյը, որի մասին խոսեցինք հոդվածի սկզբում, նման իրավիճակում էր հայտնվել։ Նա ասում է. «Տեղի ունեցածը ամեն օր ինձ տառապանք էր պատճառում և իմ մտքում շարունակ մտածում էի անցած դեպքերի մասին՝ փորձելով պարզել, թե ինչ սխալ բան էի արել»։ Հենց այդպիսի պահերին է Եհովան ուզում, որ դուք «ձեր բոլոր հոգսը նորա վերայ գցե[ք]»։ Եթե դուք այդպես վարվեք, ապա նա կօգնի ձեզ։ Սաղմոսերգուն գրել է. «Քո հոգսն Աստուծոյ վերայ գցիր, եւ նա խնամք կ’անէ քեզ. նա թող չի տալ որ արդարը յաւիտեան շարժուի տեղիցը» (Սաղմոս 55։22)։ Ջոյը այդպես արեց և արդյունքում մխիթարություն գտավ։ Նա ասում է. «Ես պատմում էի Եհովային իմ բոլոր ներքին զգացումների մասին։ Ես պարզապես դուրս էի թափում իմ զգացումները, և դա ինձ մեծապես հանգստացնում էր»։

Լինելով անկատար՝ միգուցե ձեր երեխային դաստիարակելիս սխալներ եք թույլ տվել։ Սակայն ինչո՞ւ եք կենտրոնանում միայն դրանց վրա։ Ակնհայտ է, որ Եհովան այդպես չի վարվում, քանի որ սաղմոսերգուն, ներշնչված լինելով, գրել է. «Տէր, եթէ դու անօրէնութիւնները համարես, ո՞վ կ’կենայ, Տէր» (Սաղմոս 130։3)։ Միևնույնն է, եթե անգամ դուք կատարյալ ծնող լինեիք, գուցե ձեր երեխան դարձյալ ըմբոստանար։ Ուստի պատմեք ձեր զգացումների մասին Եհովային, և նա կօգնի ձեզ դուրս գալ այդ իրավիճակից։ Սակայն որպեսզի դուք ինքներդ ամուր մնաք և շարունակեք ծառայել Եհովային, ինչպես նաև կարողանաք խուսափել Սատանայի զոհը դառնալուց, պետք է ավելին անեք։

Խոնարհեցրեք ինքներդ ձեզ

Պետրոսը գրել է. «Խոնարհեցէք Աստուծոյ հզօր ձեռի տակ, որ ձեզ բարձրացնէ ժամանակով» (Ա Պետրոս 5։6)։ Ինչո՞ւ է հարկավոր խոնարհ լինել, երբ ձեր երեխան ըմբոստանում է։ Մեղավոր լինելու զգացումից ու հասցված ցավից բացի՝ ըմբոստ երեխան կարող է ձեզ որոշ դժվարություններ էլ պատճառել։ Ձեզ կարող է մտահոգել այն, որ ձեր երեխայի արարքները ձեր ընտանիքի հեղինակության վրա բիծ են բերում, հատկապես այն դեպքում, երբ նա ընկերակցությունից զրկվում է։ Ամոթի և ստորացված լինելու զգացումը կարող է այն աստիճան ձեզ վհատեցնել, որ դադարեք հաճախել ժողովի հանդիպումներին։

Նման իրավիճակում հայտնվելիս դուք պետք է գործնական իմաստություն դրսևորեք։ Առակաց 18։1–ը զգուշացնում է. «Ինքնահաճոյ [«զատուող», ԱԱ] մարդը ցանկութիւն է որոնում. ամեն յաջողակութեան [«գործնական իմաստության», ՆԱ] դէմ բորբոքվում է»։ Չնայած ձեր ունեցած վշտին՝ ժողովի հանդիպումներին կանոնավորաբար մասնակցելով՝ դուք կկարողանաք կարևոր առաջնորդություն և քաջալերանք ստանալ։ Ջոյը շարունակում է պատմել. «Սկզբում ես ոչ մեկին չէի ուզում տեսնել, բայց ինքս ինձ հիշեցնում էի իմ հոգևոր կյանքի կարևորության մասին։ Բացի այդ, եթե տանը մնայի, ավելի շատ կկենտրոնանայի իմ խնդիրների վրա։ Ժողովի հանդիպումները օգնեցին ինձ կենտրոնանալ հոգևոր կազդուրիչ բաների վրա։ Ես անչափ ուրախ եմ, որ ինքս ինձ չեմ մեկուսացրել և չեմ հրաժարվել հոգևոր եղբայրներիս ու քույրերիս սիրառատ աջակցությունից» (Եբրայեցիս 10։24, 25)։

Հիշեք նաև, որ ընտանիքում յուրաքանչյուրը «իր բեռը պիտի վեր առնէ» (Գաղատացիս 6։5)։ Եհովան ակնկալում է, որ ծնողները սիրեն ու դաստիարակեն իրենց երեխաներին։ Նա նաև ակնկալում է, որ երեխաները հնազանդվեն ու պատվեն իրենց ծնողներին։ Եթե ծնողները իրենց լավագույնն անեն երեխաներին դաստիարակելու «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը», ապա նրանք լավ համբավ կունենան Աստծու առաջ (Եփեսացիս 6։1–4)։ Իսկ եթե երեխան ըմբոստանում է իր սիրող ծնողների դաստիարակության դեմ, ապա այդ դեպքում երեխան է, որ վատ համբավ է ձեռք բերում։ Առակաց 20։11–ում ասվում է. «Մի երեխան անգամ ճանաչվում է իր արարքիցը՝ թե մաքուր եւ թէ ուղիղ է նորա գործքը»։ Անշուշտ, Սատանայի ըմբոստությունը բիծ չբերեց Եհովայի հեղինակության վրա նրանց առջև, ովքեր տեղյակ էին փաստերին։

Հակառակվեք Սատանային

Պետրոս առաքյալը զգուշացնում է. «Արթուն եղէք, հսկում արէք. որովհետեւ ձեր ոսոխ թշնամին՝ սատանան՝ գոռոզ առիւծի պէս ման է գալիս եւ որոնում է թէ որին կուլ տայ» (Ա Պետրոս 5։8)։ Առյուծի նման՝ Բանսարկուն հաճախ ծուղակի մեջ է գցում երիտասարդ և անփորձ անհատներին։ Հին ժամանակներում առյուծներ բնակվում էին Իսրայելում և ընտանի կենդանիների համար վտանգ էին ներկայացնում։ Եվ եթե գառնուկը հոտից հետ մնար ու մոլորվեր, նա հեշտությամբ առյուծի զոհը կդառնար։ Հնարավոր է՝ էգ ոչխարը բնազդաբար վտանգի ենթարկեր իր կյանքը նրան պաշտպանելու համար։ Սակայն նույնիսկ նա չէր կարող դիմադրել առյուծին։ Այդ իսկ պատճառով հոտը պաշտպանելու համար քաջ հովիվներ են պետք (Ա Թագաւորաց 17։34, 35)։

Իր այլաբանական ոչխարներին մռնչող առյուծից պաշտպանելու նպատակով Եհովան «Հովուապետ[ի]»՝ Հիսուս Քրիստոսի գլխավորությամբ հոգևոր հովիվներ է նշանակել հոտը հովվելու համար (Ա Պետրոս 5։4)։ Այդպիսի նշանակում ունեցող տղամարդկանց Պետրոսը հետևյալ հորդորն է տալիս. «Արածեցրէք Աստուծոյ հօտը որ ձեզ մօտ է, վերակացու լինելով ոչ թէ ստիպուած, այլ յօժար կամքով, ոչ թէ պիղծ շահասիրութիւնով՝ այլ յօժարութիւնով» (Ա Պետրոս 5։1, 2)։ Ծնողնե՛ր, ձեր համագործակցությամբ այս հովիվները կարող են օգնել ձեր երեխային հոգևոր առումով ուղղելու իր ընթացքը։

Երբ քրիստոնյա հովիվները զգան, որ ձեր ըմբոստ երեխան խրատ ստանալու կարիք ունի, դուք գուցե շտապեք պաշտպանել նրան։ Եթե այդպես վարվեք, ուրեմն լուրջ սխալ գործած կլինեք։ Պետրոսը գրում է՝ «հակառակ կացէք [Բանսարկուին]» և ոչ թե հոգևոր հովիվներին (Ա Պետրոս 5։9)։

Երբ խրատը բավականին խիստ է

Եթե ձեր երեխան չի զղջում և մկրտված քրիստոնյա է, նրան կարող է ամենախիստ խրատը տրվել, այսինքն՝ նա կարող է զրկվել ժողովի ընկերակցությունից։ Այդ պահից սկսած նրա հետ ձեր շփումը կախված է այն բանից, թե ինչ տարիքի է նա և նաև այլ հանգամանքներից։

Եթե երեխան դեռ անչափահաս է և ապրում է ձեզ հետ, բնականաբար դուք հոգ կտանեք նրա ֆիզիկական կարիքների մասին։ Դուք նաև պատասխանատվություն ունեք դաստիարակելու ու բարոյապես կրթելու նրան (Առակաց 1։8–18; 6։20–22; 29։17)։ Գուցե ցանկանում եք Աստվածաշնչի տնային ուսումնասիրություն անցկացնել նրա ակտիվ մասնակցությամբ։ Կարող եք նրա ուշադրությունը հրավիրել տարբեր սուրբգրային համարների ու «հաւատարիմ եւ իմաստուն ծառա[յի]» տրամադրած հրատարակությունների վրա (Մատթէոս 24։45)։ Կարող եք նաև երեխային ձեզ հետ տանել ժողովի հանդիպումներին և նրան ձեր կողքին նստեցնել։ Այս ամենը արվում է այն հույսով, որ Աստվածաշնչի խորհուրդները նրա սրտին հասնեն։

Սակայն իրավիճակն այլ է, երբ ընկերակցությունից զրկվածը չափահաս է և ծնողների հետ չի ապրում։ Կորնթոսի քրիստոնյաներին Պողոս առաքյալը նախազգուշացրեց. «Չ’խառնուիլ, որ եթէ մէկը, որ եղբայր է անուանուած, լինի պոռնիկ, կամ ագահ, կամ կռապաշտ, կամ նախատող, կամ արբեցող, կամ յափշտակող, այնպիսիին հետ հաց էլ չ’ուտել» (Ա Կորնթացիս 5։11)։ Ընտանիքի կարիքների մասին հոգ տանելու պատճառով գուցե հարկ առաջանա շփում ունենալ վտարված անհատի հետ, այնուհանդերձ, քրիստոնյա ծնողը պետք է աշխատի խուսափել անհարկի հաղորդակցությունից։

Երբ երեցները խրատում են սխալ գործած երեխային, ձեր կողմից անխոհեմ քայլ կլինի, եթե փորձեք մերժել խրատը կամ անտեսել Աստվածաշնչի վրա հիմնված նրանց արարքը։ Ձեր ըմբոստ երեխայի կողմը դիրք բռնելով՝ նրան չեք պաշտպանի Բանսարկուից։ Իրականում դուք կվնասեք ձե՛ր իսկ հոգևոր առողջությունը։ Մինչդեռ երեցներին թիկունք կանգնելով՝ «հաւատքով հաստատուած» կլինեք և ձեր երեխային լավագույն օգնությունը ցույց կտաք (Ա Պետրոս 5։9)։

Եհովան ուժ կտա ձեզ

Եթե ձեր երեխան ըմբոստանում է, հիշեք, որ դուք միակ ծնողը չեք։ Նման բան պատահում է նաև ուրիշ քրիստոնյա ծնողների հետ։ Անկախ նրանից, թե ինչ փորձությունների մեջ եք գտնվում՝ Եհովան ուժ կտա ձեզ (Սաղմոս 68։19)։

Աղոթքի միջոցով ապավինեք Եհովային։ Կանոնավորաբար ընկերակցեք ժողովի անդամների հետ։ Որպես ծնող՝ թիկունք կանգնեք երեցների տված խրատին։ Այդպես վարվելով՝ դուք կկարողանաք ամուր մնալ։ Իսկ ձեր լավ օրինակը թերևս օգնի ձեր երեխային արձագանքելու Եհովայի սիրառատ հրավերին, որն է՝ ետ դառնալ դեպի իրեն (Մաղաքիա 3։6, 7)։

[նկարներ 18–րդ էջի վրա]

Աղոթքի և քրիստոնեական ժողովի միջոցով ուժ ստացեք

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը