Որքա՞ն ես սիրում Աստծո Խոսքը
«Որքա՜ն եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղմոս 119։97)։
1. Աստվածավախ մարդիկ ինչպե՞ս են դրսևորում իրենց սերն Աստծո Խոսքի հանդեպ։
ՄԻԼԻՈՆԱՎՈՐ մարդիկ Աստվածաշնչի իրենց անձնական օրինակն ունեն։ Սակայն Աստվածաշունչ ունենալ դեռ չի նշանակում Աստծո Խոսքը սիրել։ Ընդունելի կլինի՞ մարդկանց այն պնդումը, թե սիրում են Աստծո Խոսքը, երբ հազվադեպ են այն ընթերցում։ Իհարկե ո՛չ։ Այնուհանդերձ, կան անհատներ, ովքեր Աստվածաշունչն ամեն օր են կարդում, չնայած այն բանին, որ մի ժամանակ գրեթե չեն հետաքրքրվել նրանով։ Նրանք սովորել են սիրել Աստծո Խոսքը և սաղմոսերգուի նման «ամեն օր [Աստծո Խոսքն է նրանց] մտածմունքը» (Սաղմոս 119։97)։
2. Ինչի՞ շնորհիվ է մի Եհովայի վկայի հավատը փորձությունների ներքո ամուր մնացել։
2 Ալբանացի Նաշո Դորին նրանցից մեկն է։ Իր հայրենիքում՝ Ալբանիայում, հավատակիցների հետ միասին նա տասնյակ տարիներ ծառայել է Եհովային՝ հաղթահարելով մեծ դժվարություններ։ Քանի որ այդ տարիներին Եհովայի վկաների գործունեությունը հիմնականում արգելված էր, այս հավատարիմ քրիստոնյաները աստվածաշնչյան գրականություն չնչին քանակությամբ էին ստանում։ Չնայած այդ ամենին, եղբայր Դորիի հավատը մնաց անսասան։ Ինչո՞ւ։ «Ես նպատակ էի դրել,— պատմում է նա,— ամեն օր ամենաքիչը մեկ ժամ Աստվածաշունչ կարդալ և այդ սովորությունը պահպանել եմ վաթսուն տարի շարունակ, քանի դեռ տեսողությունս ինձ չի դավաճանել»։ Մինչև վերջերս ալբանացիները հնարավորություն չունեին Աստվածաշունչն ամբողջությամբ իրենց մայրենի լեզվով կարդալու, բայց, շնորհիվ այն բանի, որ եղբայր Դորին մանուկ հասակում սովորել էր հունարեն լեզուն, նա դժվարություն չէր ունեցել Աստվածաշունչն այդ լեզվով կարդալու։ Կյանքում պատահած բազում փորձությունների ժամանակ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունը զորավիգ է եղել նրան, և կարող ենք վստահ լինել, որ մեզ էլ կլինի։
«Փափագող եղէք» Աստծո Խոսքին
3. Քրիստոնյաներն ինչպե՞ս պետք է վերաբերվեն Աստծո Խոսքին։
3 «Որպէս նորածին երեխաներ,— գրեց Պետրոս առաքյալը,— մի՛շտ փափագող եղէք բանական եւ անխարդախ կաթին» (Ա Պետրոս 2։2)։ Եթե Աստծո Խոսքը համեմատելու լինենք մայրական կաթի հետ, ապա կարող ենք ասել, որ ինչպես նորածին երեխային է հաճույք պատճառում մայրական կաթը, այնպես էլ իրենց հոգևոր կարիքները գիտակցող քրիստոնյաներին՝ Աստծո Խոսքի ընթերցանությունը։ Իսկ ձեզ ձգո՞ւմ է Աստծո Խոսքը։ Եթե ոչ, մի՛ շտապեք հուսահատվել, քանզի դուք նույնպես կարող եք Աստծո Խոսքին «փափագող» լինել։
4. Ի՞նչ է նշանակում Աստվածաշնչի ընթերցանությունը սովորություն դարձնել։
4 Ուստի, նախ սովորություն դարձրեք հնարավորության դեպքում Աստվածաշունչը կարդալ ամեն օր (Գործք 17։11)։ Գուցե հնարավորություն չունեք Նաշո Դորիի նման օրեկան մեկ ժամ հատկացնել ընթերցանությանը, բայց, ամենայն հավանականությամբ, օրվա ընթացքում մի քանի րոպե կկարողանաք խորհել Աստծո Խոսքի շուրջը։ Քրիստոնյաներից շատերը այդպես են վարվում առավոտյան վաղ արթնանալով։ Ուրիշ էլ ինչպե՞ս կարելի է օրն ավելի արդյունավետ սկսել... Մինչ ոմանք հետևում են այս գրաֆիկին, ուրիշները նախընտրում են Աստվածաշնչից հատվածներ ընթերցել անմիջապես քնելուց առաջ կամ էլ օրվա որևէ այլ հարմար ժամին։ Կարևորն այն է, որ կանոնավորաբար կարդաք Աստվածաշունչը, և ապա փորձեք մի քանի րոպե մտածել ձեր կարդացածի մասին։ Իսկ այժմ եկեք նկատի առնենք մի քանի օրինակներ, որոնք ցույց կտան, թե ինչ օրհնություններ է մարդկանց բերել Աստվածաշունչն ընթերցելը և նրա շուրջը խորհելը։
Աստծո օրենքը սիրող սաղմոսերգուն
5, 6. Թեպետ մեզ հայտնի չէ 119–րդ սաղմոսի հեղինակի անունը, սակայն ի՞նչ ենք իմանում նրա մասին՝ կարդալով նրա խոսքերը և դրանց շուրջը խորհելով։
5 119–րդ սաղմոսի հեղինակն, անկասկած, խորը հարգանք է տածել դեպի Աստծո Խոսքը։ Թե ո՞վ է նա, Աստվածաշունչն այդ մասին ոչինչ չի ասում։ Սակայն, ելնելով սաղմոսի բովանդակությունից, նրա մասին կարելի է որոշ մանրամասնություններ իմանալ, օրինակ՝ այն, որ նրա կյանքը զերծ չի եղել խնդիրներից։ Նրա մտերիմներից շատերը ձևանում էին, թե երկրպագում են Եհովային, բայց Աստվածաշնչի սկզբունքների հանդեպ չունեին այնպիսի սեր, ինչպիսին որ նա ուներ։ Այնուհանդերձ, սաղմոսերգուն թույլ չի տվել, որ նրանց վերաբերմունքն իր համար արգելք հանդիսանա՝ ճիշտն ու սխալն իրարից տարբերելու (Սաղմոս 119։23)։ Եթե ապրում կամ աշխատում եք նրանց հետ, ովքեր չեն հարգում Աստվածաշնչի սկզբունքները, ապա անպայման նմանություն կգտնեք սաղմոսերգուի և ձեր իրավիճակի միջև։
6 Թեպետ սաղմոսերգուն աստվածավախ էր, սակայն ինքն իրեն արդար չէր համարում։ Եվ, չնայած նա անկեղծորեն ընդունում էր իր անկատար լինելը, թույլ չէր տալիս, որ մեղքն իշխի իր վրա (Սաղմոս 119։5, 6, 67)։ «Երիտասարդն ի՞նչով իստակ կ’անէ իր ճանապարհը»,— հարցնում է նա և ապա ինքն էլ պատասխանում իր հարցին՝ «քո խօսքի [համաձայն] զգուշանալով» (Սաղմոս 119։9)։ Ընդգծելով, թե Աստծո Խոսքն ինչպիսի բարերար ազդեցություն կարող է ունենալ մարդու վրա, սաղմոսերգուն ավելացնում է. «Իմ սրտումը թագցրի քո խօսքերը, որ չ’մեղանչեմ քեզ դէմ» (Սաղմոս 119։11)։ Ինչպիսի՜ ահռելի ուժ է պարունակում Աստծո Խոսքը, եթե նրա օգնությամբ կարող ենք խուսափել Եհովայի դեմ մեղանչելուց։
7. Հատկապես երիտասարդ քրիստոնյաները ինչո՞ւ պետք է կարևոր համարեն Աստվածաշունչը կանոնավորաբար կարդալը։
7 Երիտասարդ քրիստոնյաների կողմից իմաստուն քայլ կլինի սաղմոսերգուի խոսքերը նկատի առնելը։ Այսօր հատկապես մեծ ճնշման տակ են գտնվում պատանի քրիստոնյաները։ Սատանան ջանք չի խնայում աղավաղելու Եհովայի երիտասարդ երկրպագուների մտածելակերպը։ Նրա նպատակն է բոլոր հնարավոր միջոցներով մոլորեցնել նրանց ու մատնել մարմնական ցանկությունները բավարարելուն և Աստծո օրենքները ոտնահարելուն։ Այսօրվա ֆիլմերն ու հեռուստածրագրերը մեծամասամբ հագեցած են Բանսարկուի ոգով։ Այդ ծրագրերում հանդես եկող աստղերը հեռուստադիտողին հմայիչ են թվում, իսկ նրանց միջև սեռային անբարո հարաբերությունները ներկայացվում են որպես բնական և նորմալ մի բան։ Ինչ են սովորեցնո՞ւմ. սովորեցնում են, որ «ոչ մի վատ բան չկա, եթե իրար սիրող, բայց չամուսնացած տղամարդն ու կինը կենակցում են»։ Ցավալի է, բայց տարեկան շատ երիտասարդ քրիստոնյաներ են այսպիսի մտածելակերպի զոհը դառնում։ Նրանցից ոմանք իրենց հավատը, այսպես ասած, նավաբեկման են ենթարկում։ Ուստի, մեծ է ճնշումը. սակայն արդյո՞ք այնքան մեծ, որ երիտասարդներն անկարող են դիմադրել։ Ո՛չ։ Եհովան երիտասարդ քրիստոնյաների համար անառողջ ցանկությունները հաղթահարելու ճանապարհ է հայթայթել։ Նրանք կարող են դուրս գալ Սատանայի հնարած ցանկացած զենքի դեմ՝ ‘Աստծո Խոսքի համաձայն զգուշանալով և նրա խոսքերը իրենց սրտում թաքցնելով’։ Որքա՞ն ժամանակ եք հատկացնում Աստվածաշնչի կանոնավոր անձնական ընթերցանությանը և այնուհետև կարդացածի շուրջը խորհելուն։
8. Այս պարբերության մեջ թվարկված օրինակները ինչպե՞ս կարող են օգնել ձեզ ավելի խորը գնահատելու Մովսիսական օրենքը։
8 «Որքա՜ն եմ սիրում քո օրէնքը»,— գրեց սաղմոսերգուն (Սաղմոս 119։97)։ Ո՞ր օրենքի մասին է խոսքը. Եհովայի տված օրենքի՝ ներառյալ նաև Մովսիսական օրենքը։ Առաջին հայացքից թերևս ոմանց թվա, որ այդ կանոնները վաղուց հնացել են, և գուցե զարմանան, թե ինչպե՞ս կարելի է առհասարակ սիրել դրանք։ Սակայն, եթե Մովսիսական օրենքի տարբեր առանձնահատկությունների շուրջը խորհենք այնպես, ինչպես որ սաղմոսերգուն էր խորհում, գնահատանքով կլցվենք դեպի այն իմաստությունը, որը պարփակված է այդ Օրենքի մեջ։ Ո՞րն է այդ իմաստությունը։ Մարգարեական նշանակություն ունեցող կետերից բացի՝ Օրենքը առողջությանը և սննդին վերաբերող պահանջներ էր առաջ քաշում, որոնք նպաստում էին մաքրության և, հետևաբար, առողջության պահպանմանը (Ղեւտացոց 7։23, 24, 26; 11։2—8)։ Օրենքը կոչ էր անում ազնիվ լինել տարբեր գործարքներ կատարելիս և հորդորում էր իսրայելացիներին կարեկցանք ցուցաբերել իրենց չքավոր հավատակիցների հանդեպ (Ելից 22։26, 27; 23։6; Ղեւտացոց 19։35, 36; Բ Օրինաց 24։17—21)։ Դատական որոշումները պետք է կայացվեին անաչառորեն (Բ Օրինաց 16։19; 19։15)։ Սաղմոսի հեղինակն իր ապրած տարիների ընթացքում համոզվել էր, որ երջանիկ են նրանք, ովքեր կիրառում են Աստծո օրենքը. դեռ ավելին, նրա սերը դեպի այդ Օրենքը գնալով ավելացել էր։ Նույնը կարելի է ասել նաև այսօրվա մասին. քրիստոնյաների սերը և գնահատանքը դեպի Աստծո Խոսքն ավելանում են, երբ նրանք տեսնում են, թե ինչ օրհնություններ է բերում Աստվածաշնչի սկզբունքների կիրառումը։
Արքայազն, որը համարձակվել էր տարբերվել ուրիշներից
9. Եզեկիա թագավորն ինչպիսի՞ վերաբերմունք էր մշակել Աստծո Խոսքի հանդեպ։
9 119–րդ սաղմոսի բովանդակությունը ամբողջովին համապատասխանում է երիտասարդ արքայազն Եզեկիայի մասին մեր ունեցած տեղեկությանը։ Որոշ աստվածաշնչագետներ ենթադրում են, որ ինքը Եզեկիան է այս սաղմոսի հեղինակը։ Թեև սա ընդամենը ենթադրություն է, սակայն հայտնի է, որ Եզեկիան խորապես հարգել է Աստծո Խոսքը։ Իր ապրած կյանքն են մատնանշում այդ նույն Սաղմոսի 97 համարի խոսքերը։ Նրա մասին Աստվածաշնչի մեկ ուրիշ համարում ասվում է. «Տիրոջը յարեց, նորա ետեւիցը չ’հեռացաւ, եւ պահեց նորա պատուէրները, որ պատուիրել էր Տէրը Մովսէսին» (Դ Թագաւորաց 18։6)։
10. Ինչպե՞ս է Եզեկիայի օրինակը քաջալերում այն քրիստոնյաներին, որոնք չեն մեծացել աստվածավախ ընտանիքներում։
10 Եղած արձանագրություններից իմանում ենք, որ Եզեկիայի ծնողները աստվածավախ չեն եղել։ Նրա հայրը՝ Աքազ թագավորը, հավատուրաց կռապաշտ էր, որն իր զավակին՝ (թերևս ոչ միայն նրան) Եզեկիայի հարազատ եղբորը, ողջակեզ էր մատուցել սուտ աստվածներից մեկին (Դ Թագաւորաց 16։3)։ Իր հոր բացասական կերպարը և նրա թողած օրինակը, սակայն, չխանգարեցին Եզեկիային ծանոթանալ Աստծո Խոսքի հետ, նա կարողացավ ‘իստակ անել իր ճանապարհը’ հեթանոսական ազդեցություններից (Բ Մնացորդաց 29։2)։
11. Իր հավատուրաց հոր ո՞ր արարքների ականատեսն էր դարձել Եզեկիան։
11 Փոքրուց Եզեկիան ականատես էր եղել, թե ինչպես է հայրը ղեկավարում երկիրը։ Հուդան շրջապատված էր թշնամիներով. մի կողմից՝ ասորիների թագավոր Ռասին միացել էր Իսրայելի Փակէէ թագավորին՝ Երուսաղեմը պաշարելու մտադրությամբ (Դ Թագաւորաց 16։5, 6)։ Իսկ մյուս կողմից՝ եդովմացիներն ու փղշտացիները, հաջող արշավներ կատարելով Հուդայի վրա, գրավել էին Հուդայի քաղաքներից մի քանիսը (Բ Մնացորդաց 28։16—19)։ Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Աքազը այդ ճգնաժամային իրավիճակում։ Ասորիների դեմ պայքարելու համար Եհովայի օգնությանը դիմելու փոխարեն՝ Աքազը դիմեց Ասորեստանի թագավորին՝ կաշառելով նրան անգամ տաճարի գանձարանից դուրս բերված ոսկով ու արծաթով։ Սակայն դրանով նա Հուդային հարատև խաղաղություն չպարգևեց (Դ Թագաւորաց 16։6, 8)։
12. Ինչի՞ շնորհիվ կարող էր Եզեկիան զգուշանալ իր հավատուրաց հոր սխալները կրկնելուց։
12 Աքազի մահից հետո գահը ժառանգեց քսանհինգամյա Եզեկիան (Բ Մնացորդաց 29։1)։ Չնայած իր երիտասարդ հասակին՝ նա հաջողությամբ ղեկավարեց երկիրը։ Փոխանակ գնալու իր հավատուրաց հոր հետքերով՝ Եզեկիան ամուր կառչեց Եհովայի օրենքից։ Այդ օրենքի մեջ էր մտնում նաև թագավորներին վերաբերող հրահանգը, որն էր՝ «[թագաւորը] իր թագաւորութեան աթոռի վերայ հէնց որ նստեց, գրէ այս օրէնքների օրինակը այն գրքիցը, որ Ղեւտացի քահանաների մօտ է։ Եւ այն իր մօտ մնայ, եւ իր կեանքի բոլոր օրերումը կարդայ. որպէս զի սովորէ իր Եհովայ Աստուածանից վախենալ, եւ այս օրէնքի բոլոր խօսքերը պահել» (Բ Օրինաց 17։18, 19)։ Աստծո Խոսքի կանոնավոր ընթերցանության շնորհիվ Եզեկիան կարող էր Եհովայի հանդեպ իր մեջ ակնածանք մշակել և զգուշանալ իր հավատուրաց հոր սխալները կրկնելուց։
13. Ինչպե՞ս կարող է քրիստոնյան վստահ լինել, որ իր արած գործերում հաջողություն կգտնի։
13 Աստծո Խոսքին ուշադրությամբ հետևելու հրահանգը ստացել էին ոչ միայն Իսրայելի թագավորները, այլև բոլոր աստվածավախ իսրայելացիները։ Համար առաջին սաղմոսում նկարագրվում է, թե ով կարող է իսկապես երջանիկ համարվել՝ նա, որի «կամքը Տիրոջ օրէնքի մէջ է, եւ ցերեկ ու գիշեր նորա օրէնքի վերայ է մտածում» (Սաղմոս 1։1, 2)։ Շարունակության մեջ կարդում ենք. «Ամեն ինչ որ [նա] անում է յաջողվում է նորան» (Սաղմոս 1։3)։ Ի տարբերություն այս նկարագրությանը՝ Եհովա Աստծո հանդեպ թերահավատություն դրսևորող մարդուն Աստվածաշունչը կոչում է «երկմիտ [և] իր արած բոլոր քայլերում անհաստատ» (Յակոբոս 1։8)։ Մեզանից յուրաքանչյուրն ուզում է կյանքում երջանիկ լինել։ Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությունն ու կարդացածի շուրջը խորհելը մեծապես կարող են նպաստել երջանկության հասնելու մեր ձգտումին։
Աստծո Խոսքն ամրապնդում էր Հիսուսին
14. Հիսուսն ինչպե՞ս ցույց տվեց իր սերը Աստծո Խոսքի հանդեպ։
14 Մի առիթով Հիսուսի ծնողները գտան նրան Երուսաղեմի տաճարում ուսուցիչների հետ նստած զրուցելիս։ Աստծո Խոսքի այդ գիտակները զարմացած էին մնացել նրա «իմաստութեան եւ պատասխանների վրայ» (Ղուկաս 2։46, 47)։ Այդ ժամանակ Հիսուսն ընդամենը տասներկու տարեկան էր։ Այո՛, դեռ մանուկ հասակից նա սիրում էր Աստծո Խոսքը, իսկ ավելի ուշ, Սատանային կշտամբելիս, Հիսուսը Գրություններից մեջբերեց հետևյալ խոսքերը. «Միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամէն խօսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից» (Մատթէոս 4։3—10)։ Այդ դեպքից շատ չանցած՝ Հիսուսը սկսեց Գրությունների օգնությամբ քարոզել իր հայրենի քաղաքի բնակիչներին՝ նազարեթցիներին (Ղուկաս 4։16—21)։
15. Մարդկանց քարոզելիս Հիսուսն ի՞նչ օրինակ թողեց մեզ։
15 Իր սովորեցրածը հիմնավորելու համար Հիսուսը հաճախ էր անդրադառնում Աստծո Խոսքին։ «Ժողովուրդը զարմանում էր նրա վարդապետութեան վրայ» (Մատթէոս 7։28)։ Եվ, ինչ խոսք, Հիսուսի վարդապետության աղբյուրը Եհովա Աստվածն էր։ «Իմ ուսուցումն իմը չէ, այլ՝ նրանը, ով ինձ ուղարկեց։ Ով ինքն իրենից է խօսում, իր համար է փառք փնտռում, իսկ ով փնտռում է նրա՛ փառքը, ով իրեն ուղարկել է, նա ճշմարիտ է, եւ նրա մէջ սուտ բան [«անիրաւութիւն», ԱԹ] չկայ»,— ասաց նա (Յովհաննէս 7։16, 18)։
16. Հիսուսը ի՞նչ աստիճանի արտահայտեց իր սերը Աստծո Խոսքի հանդեպ։
16 Ի տարբերություն 119–րդ սաղմոսի հեղինակի՝ Հիսուսի մեջ «անիրաւութիւն» չկար։ Նա Աստծո անարատ ու անմեղ որդին էր ու «իրան խոնարհեցրեց, եւ հնազանդ եղաւ մինչեւ ի մահ» (Փիլիպպեցիս 2։8, ԱԹ; Եբրայեցիս 7։26)։ Չնայած իր կատարյալ լինելուն, Հիսուսը ուսումնասիրում էր Աստծո Օրենքը և հնազանդվում նրան։ Հենց դրա շնորհիվ էր, որ նա կարողացավ պահել իր անարատությունը։ Երբ իր ձերբակալվելու պահին Պետրոսը փորձեց սրով պաշտպանել Տիրոջը, վերջինս նրան հանդիմանեց. «Կարծո՞ւմ ես, թէ չեմ կարող իմ Հօրն աղաչել, որ նա հիմա ինձ համար այստեղ հասցնի հրեշտակների աւելի քան տասներկու գնդեր։ Էլ ինչպէ՞ս պիտի կատարուէին Սուրբ Գրքերում գրուածները, թէ՝ այսպէս պէտք է լինի» (Մատթէոս 26։53, 54)։ Այո՛, Հիսուսի համար ավելի մեծ կարևորություն էր Սուրբ գրքերում գրվածների կատարվելը, քան դաժան ու նվաստացուցիչ մահից ազատվելը։ Սա Աստծո Խոսքի նկատմամբ սեր դրսևորելու ակնառու օրինակ է։
Հիսուսին ընդօրինակողները
17. Պողոս առաքյալի համար ի՞նչ կարևորություն ուներ Աստծո Խոսքը։
17 «Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին»,— գրեց Պողոս առաքյալն իր հավատակիցներին (Ա Կորնթացիս 11։1)։ Հետևելով իր Տիրոջ օրինակին՝ Պողոսն էլ էր իր մեջ Գրությունների հանդեպ սեր մշակել։ «Հաճելի է ինձ Աստծու օրէնքը՝ ներքին մարդու տեսակէտից»,— խոստովանեց նա (Հռովմայեցիս 7։22)։ Պողոսը հաճախ էր վկայակոչում Աստծո Խոսքը (Գործք 13։32—41; 17։2, 3; 28։23)։ Իր մտերիմ համագործակցին՝ Տիմոթեոսին, վերջին հրահանգները տալիս նա շեշտեց այն միտքը, թե Աստծո Խոսքը կարևոր դեր պետք է ունենա «Աստծու մարդու» կյանքում (Բ Տիմոթէոս 3։15—17)։
18. Բերեք Աստծո Խոսքի նկատմամբ հարգանք դրսևորելու ժամանակակից օրինակ։
18 Մեր օրերում էլ Եհովայի հավատարիմ ծառաներից շատերը, ընդօրինակելով Հիսուսին, սեր են ցուցաբերել դեպի Աստծո Խոսքը։ Տասնյակ տարիներ առաջ մի երիտասարդ իր ծանոթներից մեկից Աստվածաշունչ էր նվեր ստացել։ Թե ի՛նչ ազդեցություն էր այդ «նվերը» թողել իր վրա, երևում է նրա այս խոսքերից. «Ես որոշեցի ամեն օր Աստվածաշնչից անպայման մի հատված ընթերցել»։ Այդ երիտասարդը Ֆրեդերիկ Ֆրանցն էր, իսկ այն սերը, որը նա տածեց դեպի Աստվածաշունչը, օգնեց նրան երկար տարիներ վայելել կյանքը՝ ծառայելով Եհովային։ Նրան բոլորն էլ սիրով են հիշում. հիշում են նաև, թե ինչպես էր կարողանում Աստվածաշնչից ամբողջական գլուխներ անգիր ասել։
19. Աստվածապետական ծառայության դպրոցին պատրաստվելիս ոմանք ի՞նչ ծրագրի են հետևում՝ կապված Աստվածաշնչի շաբաթական ընթերցանության հետ։
19 Եհովայի վկաները մեծ նշանակություն են տալիս Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությանը։ Ամեն շաբաթ, «Աստվածապետական ծառայության դպրոց» կոչվող քրիստոնեական հանդիպմանը պատրաստվելիս, նրանք մի քանի գլուխ ընթերցում են Աստվածաշնչից։ Հանդիպման ընթացքում քննարկվում են ընթերցված հատվածներից ուշագրավ կետերը։ Ոմանք հարմար են գտնում շաբաթական ընթերցանությանը հատկացված գլուխները բաժանել յոթ մասի և շաբաթվա ընթացքում ամեն օր կարդալ, ինչպես նաև խորհել կարդացածի շուրջը։ Իսկ հնարավորության դեպքում նրանք հավելյալ ուսումնասիրություններ են անցկացնում Աստվածաշնչի վրա հիմնված գրականության օգնությամբ։
20. Ի՞նչ է հարկավոր Աստվածաշնչի կանոնավոր ընթերցանությանը ժամանակ հատկացնելու համար։
20 Աստվածաշունչը կանոնավորաբար ընթերցելու համար թերևս հարկավոր լինի ուրիշ գործերից «ժամանակը ծախու առնել» (Եփեսացիս 5։16)։ Անշուշտ, դրա բերած օրհնություններն արժեն ցանկացած զոհողություն։ Որքան ավելի ձեր մեջ արմատանա Աստվածաշունչն ամեն օր ընթերցելու սովորությունը, այնքան ավելի կաճի ձեր սերը Աստծո Խոսքի հանդեպ։ Եվ սաղմոսերգուի նման դուք էլ կասեք. «Ո՜րքան եմ սիրում քո օրէնքը. ամեն օր նա է իմ մտածմունքը» (Սաղմոս 119։97)։ Ինչպես ցույց կտա հաջորդ հոդվածը, Աստծո Խոսքի հանդեպ նման մոտեցումը մեծ օրհնություններ կբերի թե՛ այսօր, և թե՛ ապագայում։
Հիշո՞ւմ եք
◻ Ինչպե՞ս է 119–րդ սաղմոսի հեղինակը ցույց տվել իր սերը դեպի Աստծո Խոսքը։
◻ Ի՞նչ դասեր ենք քաղում Հիսուսի և Պողոսի թողած օրինակներից։
◻ Ինչպե՞ս կարող է աճել մեր սերը Աստծո Խոսքի հանդեպ։
[նկար 23–րդ էջի վրա]
Աստծուն հավատարիմ թագավորները պետք է կանոնավորաբար կարդային նրա Խոսքը։ Իսկ դու այդպե՞ս ես վարվում։
[նկար 24–րդ էջի վրա]
Դեռ մանուկ հասակում Հիսուսն արդեն սիրում էր Աստծո Խոսքը։