Աստվածաշնչի տեսակետը
Երբ հարազատդ քո հավատակիցը չէ
ՈՐՈՇ տվյալներով՝ կրոնական ուղղությունների և աղանդների թիվը աշխարհում անցնում է 10 000–ից։ Իսկ մի երկրում դավանափոխ եղած անհատները կազմում են չափահաս բնակչության 16 տոկոսը։ Ուստի զարմանալի չէ, որ հավատի հարցերում հաճախ տարաձայնություններ են լինում հարազատների ու մտերիմների միջև։ Երբեմն դրա հետևանքով նրանց մեջ լարվածություն է առաջանում։ Հարց է ծագում. ինչպե՞ս պետք է քրիստոնյան վերաբերվի իր այն հարազատներին, ովքեր ուրիշ հավատ ունեն։
Առանձնահատուկ հարաբերություններ
Օրինակ՝ քննարկենք, թե Աստվածաշունչն ինչ է ասում այն առանձնահատուկ հարաբերությունների մասին, որ պետք է լինեն ծնողի ու երեխայի միջև։ Ելից 20։12-ում տրվում է մի պատվեր, որը վերաբերում է բոլոր տարիքի մարդկանց. «Պատուիր քո հօրը եւ քո մօրը»։ Հետաքրքիր է, որ այս պատվիրանը մեկնաբանելիս Հիսուսը, ինչպես պարզ երևում է Մատթէոս 15։4–6 համարներից, խոսում էր չափահաս երեխաների մասին։
Աստվածաշնչի «Առակաց» գիրքը լուրջ խորհուրդ է տալիս անարգանքով չվերաբերվել ծնողներին։ Առակաց 23։22–ում, օրինակ, ասվում է. «Մի անարգիր քո մօրը, երբոր պառաւ է»։ Իսկ Առակաց 19։26–ում ընդգծվում է հետևյալ սթափեցնող միտքը. «Հօրը կողոպտողը [‘անարգողը’, ԷԹ] ու մօրը դուրս անողը ամօթ եւ խայտառակութիւն բերող տղայ է»։
Գրությունները հստակորեն ցույց են տալիս, որ չի կարելի անարգանքով վերաբերվել ծնողներին։ Այն հանգամանքը, որ ծնողը չի ընդունում մեր հավատը, չի նշանակում, թե պետք է վերջ դնենք նրա հետ մեր հարաբերություններին։ Աստվածաշնչյան այս սկզբունքները նույն կերպով կիրառելի են նաև մյուս հարազատների ու կողակցի առնչությամբ։ Պարզ է, ուրեմն, որ թե՛ բարոյական, թե՛ աստվածաշնչյան տեսանկյունից քրիստոնյաները միշտ պարտավոր են սիրել իրենց հարազատներին։
Անհրաժեշտ է ողջամիտ լինել
Աստվածաշունչը խորհուրդ է տալիս հեռու մնալ չար ընկերակցություններից, և այդպիսին, ինչ խոսք, կարող են լինել մեր ամենամոտ հարազատները (Ա Կորնթացիս 15։33)։ Սակայն Աստծո հավատարիմ ծառաներից շատերն են անցյալում հաստատակամորեն արել այն, ինչ ճիշտ է, չնայած որ նրանց ծնողները դեմ են եղել դրան։ Այս առումով վառ օրինակ են թողել Կորխի որդիները (Թուոց 16։32, 33; 26։10, 11)։ Ճշմարիտ քրիստոնյան հավատի հարցում չպետք է փոխզիջումների գնա ուրիշներին գոհացնելու համար, նույնիսկ եթե դրանք իր հարազատներն են (Գործք 5։29)։
Պատահում է, որ ծնողները կամ հարազատները խիստ հակառակվում են քրիստոնյայի հավատին։ Ոմանք նույնիսկ դառնում են ճշմարիտ քրիստոնեության թշնամիները։ Նման դեպքերում քրիստոնյան ողջամիտ քայլեր է ձեռնարկում իր հոգևորը պաշտպանելու համար։ Սա համապատասխանում է Հիսուսի հետևյալ խոսքերին.«Մարդի թշնամիներն իր ընտանիքը կ’լինին։ Ով որ հօրը կամ մօրը ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ. եւ ով որ որդին կամ աղջիկն ինձանից աւելի է սիրում, նա ինձ արժանի չէ» (Մատթէոս 10։36, 37)։
Սակայն մեծամասամբ հարազատները խիստ հակառակություն ցույց չեն տալիս, նրանք պարզապես այլ կերպ են հասկանում Աստվածաշունչը։ Սուրբ Գրությունները Քրիստոսի հետևորդներին քաջալերում են «հանդարտութիւնով» ու «երկիւղածութեամբ» վերաբերվել ուրիշ հավատի մարդկանց (Բ Տիմոթէոս 2։25; Ա Պետրոս 3։15)։ Միանգամայն տեղին, Աստվածաշունչն ասում է. «Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել» (Բ Տիմոթէոս 2։24)։ Պողոս առաքյալը նույնպես խորհուրդ է տալիս քրիստոնյաներին, որ նրանք «ոչ մէկին չ’հայհոյեն, կռիւ չ’անեն, հեզ լինեն, ամեն մարդկանց ամեն քաղցրութիւն ցոյց տան» (Տիտոս 3։2)։
Կապ պահպանիր, սեր դրսևորիր
Ա Պետրոս 2։12–ում քրիստոնյաներին տրվում է հետևյալ հորդորը. «Ձեր վարքը հեթանոսների [այլահավատների] մէջ բարի պահեցէք, որ.... ձեր բարի գործերը տեսնելով փառաւորեն Աստուծուն»։ Մեր հավատը չընդունող հարազատները հաճախ տեսնում են, թե ինչպես է Աստվածաշունչը փոխել մեր կյանքը։ Հիշիր, որ աստվածաշնչյան ճշմարտության հանդեպ անտարբեր և նույնիսկ թշնամաբար տրամադրված անհատներից շատերն են հետագայում փոխել իրենց տեսակետը։ Երբեմն գուցե պահանջվի, որ մարդը տարիներ շարունակ ուշադիր հետևի իր կողակցի կամ երեխայի բարի վարքին, որպեսզի նրա մեջ ցանկություն առաջանա պարզելու դրա գաղտնիքը։ Թող որ քրիստոնյա հարազատի անհարգալից վերաբերմունքը չդառնա այն բանի պատճառը, որ ինչ–որ մեկը մերժի աստվածաշնչյան ճշմարտությունները։
Ճիշտ է, հանգամանքները տարբեր են։ Որոշ Վկաներ իրենց ծնողներից հեռու են ապրում և ամենայն հավանականությամբ չեն կարողանում այցելել նրանց այնքան հաճախ, որքան կցանկանային։ Սակայն եթե նամակներ գրենք, զանգահարենք կամ որևէ այլ կերպ կանոնավորապես կապ պահպանենք մեր հարազատների հետ, ապա նրանք կհամոզվեն, որ սիրում ենք իրենց։ Ճշմարիտ քրիստոնյա չհանդիսացող շատ մարդիկ են սեր դրսևում իրենց ծնողի կամ հարազատի հանդեպ ու կանոնավորապես կապ պահպանում նրանց հետ, թեև վերջիններս այլ հավատ ունեն։ Մի՞թե, ուրեմն, Եհովայի վկան չպետք է առնվազն նույնը անի։
[Նկար 30–րդ էջի վրա]
Եթե հարազատներիդ հետ կապ պահպանես, նրանք կհամոզվեն, որ սիրում ես իրենց