Կարողանո՞ւմ ես սպասել
«Ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում։ Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել [«սպասելով և ջանալով արագացնել Տիրոջ օրվա գալուստը», ԱՆԹ]» (Բ ՊԵՏՐՈՍ 3։11, 12)։
1, 2. Ի՞նչ օրինակով կբացատրեինք, թե ինչպես պետք է սպասենք Եհովայի օրվան։
ՊԱՏԿԵՐԱՑՐԵՔ մի ընտանիք, որը սպասում է իր հյուրերին։ Նրանք միասին պետք է ճաշեն։ Նշանակված ժամը արագորեն մոտենում է։ Տանտիկինը ճաշի վերջին պատրաստություններն է տեսնում։ Նրա ամուսինն ու երեխաները օգնում են նրան՝ հետևելով, որ ամեն ինչ կարգին լինի։ Բոլորը հուզված են։ Այո՛, ընտանիքի յուրաքանչյուր անդամ անձկագին սպասում է հյուրերին ու կանխավայելում համեղ կերակուրն ու ընկերների հետ հաճելի շփումը։
2 Որպես քրիստոնյաներ՝ մենք մի շատ ավելի կարևոր բանի ենք սպասում։ Ինչի՞։ Մենք բոլորս սպասում ենք «Տիրոջ»՝ Եհովայի օրվա՛ն։ Բայց մինչև այն կգա, մենք Միքիա մարգարեի պես պետք է լինենք, որն ասաց. «Ես Տիրոջը կ’սպասեմ, եւ կ’յուսամ իմ փրկութեան Աստուծուն» (Միքիա 7։7)։ Արդյո՞ք դա նշանակում է ոչ գործուն լինել։ Ո՛չ։ Իրականում դեռ շատ գործ կա անելու։
3. Համաձայն Բ Պետրոս 3։11, 12–ի՝ ի՞նչ հայեցակետ պետք է ունենան քրիստոնյաները։
3 Պետրոս առաքյալն օգնում է մեզ ճիշտ հայեցակետ ունենալ, մինչ սպասում ենք։ Նա ասում է. «Ի՜նչպէս պէտք է դուք գտնուիք սուրբ եւ աստուածապաշտ վարքում։ Սպասելով եւ արտորալով Տիրոջ գալստեան օրին հասնել [«սպասելով և ջանալով արագացնել Տիրոջ օրվա գալուստը», ԱՆԹ]» (Բ Պետրոս 3։11, 12)։ Ուշադրություն դարձնենք, որ այս նախադասության մեջ բացականչական հնչերանգ կա։ Պետրոսը հարց չէր տալիս։ Աստծուց ներշնչված լինելով՝ նա իր երկու նամակներում ցույց էր տալիս, թե քրիստոնյաներն ինչպիսի մարդիկ պետք է լինեն։ Նա նաև հորդորում էր նրանց շարունակել ‘սուրբ վարմունք և աստվածապաշտ ընթացք’ (ԷԹ) ունենալ։ Թեև արդեն մոտ 30 տարի էր անցել այն բանից, ինչ Հիսուս Քրիստոսը տվել էր «աշխարհքիս վերջի նշանը», քրիստոնյաները չպետք է թուլացնեին իրենց զգոնությունը (Մատթէոս 24։3)։ Նրանք պետք է ‘սպասեին ու ջանային արագացնել Տիրոջ օրվա գալուստը’։
4. Ի՞նչ է նշանակում «արագացնել» Եհովայի օրը։
4 Իհարկե, մենք չենք կարող բառացի իմաստով «արագացնել» Եհովայի օրվա գալուստը։ Այո՛, մենք նույնիսկ ‘չգիտենք ոչ օրը և ոչ ժամը’, երբ Հիսուս Քրիստոսը կգա դատաստան անելու իր Հոր թշնամիների նկատմամբ (Մատթէոս 24։36; 25։13)։ Մի աշխատության մեջ բացատրվում է, որ «արագացնել» թարգմանված բայի արմատն այստեղ նշանակում է ««շտապեցնել» ու հետևաբար սերտորեն կապված է «լինել եռանդուն, գործունյա, մի բանով անհանգստացած» իմաստների հետ»։ Այսպես Պետրոսը հորդորում էր հավատակիցներին ջերմեռանդորեն ցանկանալ Եհովայի օրվա «գալուստը»։ Նրանք կարող էին այդպես վարվել՝ այդ օրը մշտապես պահելով իրենց մտքում (Բ Պետրոս 3։12)։ «Տիրոջ մեծ եւ ահեղ օրը» այժմ շատ մոտ է, և մենք պետք է նման մտայնություն ունենանք (Յովէլ 2։31)։
Սպասիր «սուրբ վարմունքով»
5. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ, որ ջերմեռանդորեն ցանկանում ենք տեսնել Եհովայի օրը։
5 Եթե ջերմեռանդորեն ցանկանում ենք վերապրել Եհովայի օրը, ապա այդ ցանկությունը ակնհայտ կդարձնենք մեր «սուրբ վարմունքով եւ աստուածապաշտ ընթացքով» (ԷԹ)։ «Սուրբ վարմունք» արտահայտությունը գուցե մեզ հիշեցնում է Պետրոսի հետևյալ հորդորը. «Հնազանդ որդկանց պէս, չ’նմանելով այն ձեր տգիտութեան ժամանակի առաջի ցանկութիւններին։ Այլ ձեզ կանչող Սուրբին պէս, դուք էլ սուրբ եղէք ձեր բոլոր վարքերումը. որովհետեւ գրուած է, Սուրբ եղէք, որ ես սուրբ եմ» (Ա Պետրոս 1։14–16)։
6. Սուրբ լինելու համար ի՞նչ պետք է անենք։
6 Սուրբ լինելու համար մենք պետք է մաքուր լինենք ֆիզիկական, մտային, բարոյական և հոգևոր առումներով։ Պատրաստվո՞ւմ ենք արդյոք Եհովայի օրվան՝ սուրբ պահելով մեր անձերը որպես Աստծո անունը կրող անհատներ։ Մեր օրերում հեշտ չէ պահպանել նման մաքրություն, քանի որ աշխարհի բարոյական չափանիշները հաստատուն ձևով անկում են ապրում (Ա Կորնթացիս 7։31; Բ Տիմոթէոս 3։13)։ Տեսնո՞ւմ ենք, որ մեր ու աշխարհի բարոյական չափանիշների միջև տարբերությունը գնալով մեծանում է։ Եթե ոչ, ուրեմն մտահոգվելու առիթ ունենք։ Գուցե պատճառն այն է, որ մեր անձնական չափանիշները, աշխարհի չափանիշներից բարձր լինելով հանդերձ, գնալով «քայքայվո՞ւմ» են։ Եթե այդպես է, ուրեմն կարիք ունենք վճռական գործողությունների դիմելու՝ իրավիճակը շտկելու և Աստծուն հաճելի լինելու նպատակով։
7, 8. ա) Ինչպե՞ս գուցե մոռանանք «սուրբ վարմունք» ունենալու կարևորության մասին։ բ) Ի՞նչ գուցե պահանջվի անել իրավիճակը շտկելու համար։
7 Ոմանք, ովքեր երբևէ հնարավորություն չեն ունեցել անբարո նյութեր դիտելու, ինտերնետային պոռնկագրության երևան գալով, ինչպես նաև այն պատճառով, որ դա կարելի է դիտել առանձնության պայմաններում, այժմ հայտնաբերում են, որ, ինչպես մի բժիշկ է ասում, «սեռական ցանկությունները բավարարելու անսպառ հնարավորություններ» կան։ Եթե մենք Ինտերնետում նման պիղծ էջեր փնտրենք, ապա, անշուշտ, արհամարհած կլինենք սուրբգրային՝ «պիղծ բանի մի դպչիք» պատվերը (Եսայիա 52։11)։ Մի՞թե իսկապես մեր մտքում վառ պահած կլինենք Եհովայի օրվա գալուստը։ Իսկ գուցե մենք մտովի հետաձգո՞ւմ ենք այդ օրը՝ խորհելով, թե եթե նույնիսկ աղտոտենք մեր միտքը անպարկեշտ նյութերով, այդուհանդերձ ժամանակ կունենանք մաքրվելու։ Եթե այսպիսի խնդիր ունենք, ապա որքա՜ն կարևոր է խնդրել Եհովային՝ ‘դարձնելու մեր աչքերը, որ ունայն բան չտեսնենք, և ապրեցնելու մեզ իր ճանապարհներում’ (Սաղմոս 119։37)։
8 Եհովայի վկաների մեծամասնությունը՝ երիտասարդ թե տարեց, կառչած են մնում Աստծո բարձր բարոյական չափանիշներին և խուսափում են այս աշխարհի անբարո հրապույրներից։ Գիտակցելով, թե ինչ ժամանակներում են ապրում և թե ինչ նախազգուշացում է տալիս Պետրոսը, այն, որ «Տիրոջ օրը.... գողի պէս կ’գայ»՝ նրանք շարունակում են «սուրբ վարմունք» հանդես բերել (Բ Պետրոս 3։10)։Նրանց գործերը վկայում են, որ իրենք սպասում են Եհովայի օրվան ու այդ օրը վառ են պահում իրենց մտքում։a
Սպասիր «աստուածապաշտ ընթացքով»
9. Ի՞նչ անելու պետք է մեզ մղի աստվածապաշտությունը։
9 ‘Աստվածապաշտ ընթացք’ ունենալը նույնպես հույժ կարևոր է, եթե ուզում ենք Եհովայի օրը մեր մտքում պահել։ Աստվածապաշտ ընթացքի մեջ մտնում է ակնածանք զգալը Աստծո հանդեպ, և այդ զգացումը մղում է մեզ անել այն, ինչ հաճելի է նրան։ Եհովային նվիրված լինելն այն մղիչ ուժն է, որն ընկած է աստվածապաշտությամբ լեցուն գործեր անելու հիմքում։ Նա «կամենում է որ ամեն մարդիկ փրկուին, եւ ճշմարտութեան գիտութեանը գան» (Ա Տիմոթէոս 2։4)։ Աստված «չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Բ Պետրոս 3։9)։ Չպե՞տք է, ուրեմն, մեր աստվածապաշտությունը մղի մեզ ավելի մեծ ջանքեր թափել օգնելու մարդկանց սովորել Եհովայի մասին և ընդօրինակել նրան (Եփեսացիս 5։1)։
10. Ինչո՞ւ պետք է զգույշ լինենք ‘հարստության խաբեբայությունից’։
10 Մեր կյանքը լի կլինի աստվածապաշտություն արտահայտող գործերով, եթե նախևառաջ փնտրենք Աստծո Թագավորությունը (Մատթէոս 6։33)։ Սա նշանակում է, օրինակ, հավասարակշռված մոտեցում ունենալ նյութականի հանդեպ։ Հիսուսը նախազգուշացրեց. «Տեսէք եւ զգոյշ կացէք ագահութիւնիցը, որ մարդիս ստացուածքի առաւելութիւնիցը չէ նորա կեանքը» (Ղուկաս 12։15)։ Թեև գուցե դժվար լինի պատկերացնել մեզ, որ կուրացած լինենք դրամի հանդեպ սիրուց, լավ կանենք, եթե նկատենք, որ «այս աշխարհքի հոգսերը, եւ հարստութեան խաբեբայութիւնը» կարող են ‘խեղդել’ Աստծո «խօսքը» (Մատթէոս 13։22)։ Գուցե հեշտ չէ ապրուստի միջոցներ հայթայթել։ Այդ իսկ պատճառով աշխարհի որոշ մասերում բազմաթիվ մարդիկ խորհում են, թե ավելի լավ ապրելու համար իրենք պետք է տեղափոխվեն հարուստ երկիր՝ թերևս տարիներ շարունակ հեռու լինելով ընտանիքից։ Նույնիսկ Աստծո ժողովրդից ոմանք այդպես են դատում։ Մեկնելով ուրիշ երկիր՝ նրանք գուցե կարողանան իրենց ընտանիքը ապահովել ժամանակակից հարմարություններով։ Սակայն ինչպիսի՞ հոգևոր վիճակում կհայտնվեն իրենց սիրելիներն այնտեղ՝ տանը։ Կունենա՞ն նրանք անհրաժեշտ հոգևոր վիճակը՝ վերապրելու Եհովայի օրը, եթե ընտանիքում բացակայում է հարկ եղած գլխավորությունը։
11. Արտագնա աշխատանքի մեկնած մի մարդ ինչպե՞ս ցույց տվեց, որ աստվածապաշտ ընթացքը ավելի կարևոր է, քան հարստությունը։
11 Մի ֆիլիպինցի մեկնել էր Ճապոնիա արտագնա աշխատանքի, և այնտեղ նա Եհովայի վկաներից իմացել էր Աստվածաշնչի ճշմարտությունը։ Տեղեկանալով, թե Գրություններն ինչ են ասում ընտանիքի գլխի պատասխանատվությունների մասին՝ նա հասկացավ, որ պետք է օգնի իր ընտանիքի անդամներին՝ դառնալու Եհովայի երկրպագուներ (Ա Կորնթացիս 11։3)։ Նրա կինը խիստ դեմ էր նրա նոր գտած հավատին և ուզում էր, որ ամուսինը շարունակեր փող ուղարկել տուն և ոչ թե վերադառնար ու իրենց սովորեցներ իր աստվածաշնչային համոզմունքները։ Այդ մարդը, այնուամենայնիվ, վերադարձավ տուն, քանի որ հասկանում էր, թե ինչ ստիպողական ժամանակներում էր ապրում, ու անհանգստացած էր իր սիրելիներով։ Նա համբերատարությամբ և սիրով էր վարվում ընտանիքի անդամների հետ, և դա դրական արդյունքներ բերեց։ Ժամանակի ընթացքում բոլորն էլ ընդունեցին ճշմարիտ երկրպագությունը, իսկ կինը լիաժամ ծառայող դարձավ։
12. Ինչո՞ւ մեր կյանքում հոգևոր հետաքրքրությունները պետք է առաջին տեղում դնենք։
12 Մեր իրավիճակը կարելի է նմանեցնել այն մարդկանց իրավիճակին, ովքեր գտնվում են այրվող տանը։ Իմաստություն կլինի՞ խելահեղորեն այս ու այն կողմ վազել՝ իրերը դուրս հանելու կրակի ճիրաններում հայտնված տնից, որը ուր որ է փլվելու է։ Մի՞թե շատ ավելի կարևոր չի լինի կյանք փրկել՝ մեր կյանքը և մեր ընտանիքի ու տան մեջ գտնվող ուրիշների կյանքը։ Նման ձևով էլ, իրերի այս չար համակարգը արագորեն դեպի իր փլուզումն է ընթանում, և բազմաթիվ կյանքեր են վտանգի տակ դրված։ Գիտակցելով սա՝ մենք, անշուշտ, պետք է առաջին տեղում հոգևոր հետաքրքրությունները դնենք և մեր ամբողջ ուշադրությունը կենտրոնացնենք Թագավորության քարոզչության փրկարար գործի վրա (Ա Տիմոթէոս 4։16)։
Մենք կարիք ունենք «անբիծ» լինելու
13. Մենք պետք է ցանկանանք ինչպիսի՞ն լինել, երբ Եհովայի օրը գա։
13 Շեշտելով սպասելու կարողություն ունենալու կարևորությունը՝ Պետրոսն ասում է. «Սիրելիներ, սորանց սպասելով ջանք արէք որ անբիծ եւ անարատ գտնուիք [Աստծո] առաջին խաղաղութեան մէջ» (Բ Պետրոս 3։14)։ Ի լրումն ‘սուրբ վարմունք և աստվածապաշտ ընթացք’ ունենալու իր հորդորանքի՝ Պետրոսը շեշտում է, որ կարևոր է ի վերջո Եհովայի կողմից համարվել այնպիսի անհատներ, որոնք մաքրվել են Հիսուսի թանկագին արյամբ (Յայտնութիւն 7։9, 14)։ Ուստի հարկ է, որ անհատը հավատ ընծայի Հիսուսի քավիչ զոհաբերությանը և դառնա Եհովայի նվիրված ու մկրտված ծառա։
14. Ի՞նչ է մտնում «անբիծ» լինելու մեջ։
14 Պետրոսը հորդորում է մեզ ջանք անել «անբիծ» գտնվելու։ Պահո՞ւմ ենք քրիստոնեական վարքի ու անձնավորության մեր հագուստները անբիծ՝ չաղտոտված աշխարհի կողմից։ Երբ մեր բառացի զգեստների վրա բիծ ենք նկատում, ապա իսկույն փորձում ենք մաքրել այն։ Իսկ եթե բիծը հայտնվել է սիրելի հագուստի վրա, ապա առանձնակի մանրակրկիտությամբ ենք մաքրում։ Արդյո՞ք նման ձևով ենք տրամադրված, եթե մեր քրիստոնեական հանդերձները կեղտոտվում են, այսպես ասած, մեր բնավորության կամ մեր վարքի վրա հայտնված բծի պատճառով։
15. ա) Ինչո՞ւ իսրայելացիները պետք է իրենց հանդերձների քղանցքի վրա ծոպեր շինեին։ բ) Ինչո՞ւ են Եհովայի ժամանակակից ծառաները տարբերվում մյուսներից։
15 Իսրայելացիները պետք է ‘ծոպեր շինեին իրենց հանդերձների քղանցքների վրա’ և ‘քղանցքի ծոպերի վրա մի կապույտ ժապավեն դնեին’։ Ինչո՞ւ։ Որպեսզի հիշեին Եհովայի պատվիրանները, ենթարկվեին դրանց և ‘սուրբ լինեին’ իրենց Աստծո համար (Թուոց 15։38–40)։ Որպես Եհովայի ժամանակակից ծառաներ՝ մենք տարբերվում ենք աշխարհից, քանի որ պահում ենք Աստծո օրենքներն ու սկզբունքները։ Օրինակ՝ մենք հետևում ենք մեր բարոյական մաքրությանը, հարգում ենք արյան սրբությունը և խուսափում ենք ամեն տեսակ կռապաշտությունից (Գործք 15։28, 29)։ Շատերը հարգում են մեզ այն բանի համար, որ հաստատ վճռել ենք մեր անձերը հեռու պահել պղծումից (Յակոբոս 1։27)։
Մենք կարիք ունենք «անարատ» լինելու
16. Ի՞նչ է մտնում մեր անձը «անարատ» պահելու մեջ։
16 Պետրոսը նաև ասում է, որ մենք պետք է «անարատ» գտնվենք։ Ինչպե՞ս է դա հնարավոր։ Սովորաբար բիծը կարելի է հանել՝ մաքրելով, բայց նույնը չի կարելի ասել արատի մասին։ Արատը բնորոշում է ներքին սխալը, թերությունը։ Պողոս առաքյալը փիլիպպեցի քրիստոնյաներին հորդորեց. «Ամեն բան գործեցէք առանց տրտնջանքի եւ վիճաբանութիւնների։ Որ լինիք անբիծ եւ անարատ՝ որդիք Աստուծոյ առանց մեղադրանքի այն կամակոր եւ ծռած ազգի մէջ. որոնց միջումը երեւիք ինչպէս լոյս տուողներ աշխարհքի մէջ» (Փիլիպպեցիս 2։14, 15)։ Եթե հետևենք այս հորդորին, ապա կխուսափենք տրտնջանքից ու վիճաբանություններից և մաքուր մղումներով կծառայենք Աստծուն։ «Արքայութեան այս Աւետարանը»՝ բարի լուրը, քարոզելիս մեր մղումը կլինի սերը Աստծո և մերձավորի հանդեպ (Մատթէոս 22։35–40; 24։14)։ Ավելին՝ մենք կշարունակենք հռչակել բարի լուրը, չնայած որ մարդիկ ընդհանուր առմամբ թերևս չեն հասկանում, թե ինչու ենք մեր ժամանակն ու ուժերը տրամադրում՝ օգնելու ուրիշներին, որ իմանան Աստծո և նրա Խոսքի՝ Աստվածաշնչի մասին։
17. Ի՞նչը պետք է լինի մեր մղումը, երբ քրիստոնեական ժողովում ձգտում ենք առանձնաշնորհումների։
17 Ցանկանալով «անարատ» գտնվել՝ մենք լավ կանենք, եթե քննենք, թե մեր բոլոր նպատակների ետևում ինչ մղումներ են կանգնած։ Մենք թողել ենք աշխարհային այն գործելակերպը, ըստ որի մարդիկ ինչ–որ բան անում են՝ ելնելով իրենց եսասիրական նկատառումներից, ինչպես օրինակ՝ հարստություն կամ իշխանություն ձեռք բերելը։ Եթե ձգտում ենք քրիստոնեական ժողովում առանձնաշնորհումներ ստանալ, թող որ մեր շարժառիթները մաքուր մնան և թող որ մեր մղումը միշտ լինի սերը Եհովայի ու մարդկանց հանդեպ։ Հաճելի է տեսնել հոգևոր մարդկանց, որոնք ձգտում են վերակացության ուրախությամբ և Եհովային ու իրենց հավատակիցներին ծառայելու համեստ ցանկությամբ (Ա Տիմոթէոս 3։1; Բ Կորնթացիս 1։24)։ Իսկապես, որպես երեցներ ծառայելու որակավորում ունեցող եղբայրները «վերակացու [են].... յօժար կամքով, ոչ թէ պիղծ շահասիրութիւնով՝ այլ յօժարութիւնով. ոչ թէ ինչպէս վիճակների վերայ տիրապետելով, այլ հօտին օրինակներ լինելով» (Ա Պետրոս 5։1–4)։
Մենք կարիք ունենք «խաղաղութեան մէջ» լինելու
18. Ո՞ր հատկություններով են Եհովայի վկաները հայտնի։
18 Եվ վերջապես, Պետրոսը քաջալերում է մեզ «խաղաղութեան մէջ» գտնվել։ Այս պահանջին համապատասխան ապրելու համար մենք կարիք ունենք խաղաղության մեջ լինելու Եհովայի ու մեր մերձավորի հետ։ Պետրոսը շեշտում է ‘իրար հանդեպ սրտանց սեր ունենալու’ (Արևմտ. Աստ.) և հավատակիցների հետ խաղաղություն պահպանելու կարևորությունը (Ա Պետրոս 2։17; 3։10, 11; 4։8; Բ Պետրոս 1։5–7)։ Մեր խաղաղությունը պահպանելու համար պետք է ‘իրար վրա սեր ունենանք’ (Յովհաննէս 13։34, 35; Եփեսացիս 4։1, 2)։ Մեր սերն ու խաղաղությունը հատկապես երևում են մեր միջազգային համաժողովների ժամանակ։ 1999 թ.–ին Կոստա Ռիկայում կայացավ համաժողով։ Օդանավակայանում մի վաճառող դժգոհ էր, քանի որ տեղի Եհովայի վկաները, դիմավորելով համաժողովի պատվիրակներին, ակամայից փակում էին նրա ապրանքների տեսանելիությունը։ Սակայն երկրորդ օրը նա նկատեց այն սերն ու խաղաղությունը, որ ցուցաբերում էին տեղի Վկաներն իրենց խանդավառ ընդունելությամբ, թեև նրանք անձամբ չէին ճանաչում ժամանող պատվիրակներին։ Իսկ վերջին օրը այդ մարդն ինքը միացավ դիմավորողներին։ Հետո նա խնդրեց, որ իր հետ Աստվածաշունչ ուսումնասիրեն։
19. Ինչո՞ւ է խիստ կարևոր խաղաղության հետամուտ լինել հավատակիցների հետ ունեցած հարաբերություններում։
19 Այն, թե որքանով ենք անկեղծորեն խաղաղության հետամուտ լինում մեր հոգևոր եղբայրների ու քույրերի հետ ունեցած հարաբերություններում, ըստ ամենայնի, կարող է վկայել, թե որքանով ենք անձկագին սպասում Եհովայի օրվան ու իր խոստացած նոր աշխարհին (Սաղմոս 37։11; Բ Պետրոս 3։13)։ Ենթադրենք դժվարանում ենք խաղաղ հարաբերություններ պահպանել հավատակիցներից մեկի հետ։ Կարո՞ղ ենք պատկերացնել, որ նրա հետ խաղաղ ապրում ենք Դրախտում։ Եթե մի եղբայր ինչ–որ բան ունի մեզ դեմ, մենք պետք է անհապաղ ‘հաշտվենք նրա հետ’ (Մատթէոս 5։23, 24)։ Այսպես վարվելը շատ կարևոր է, եթե ուզում ենք խաղաղության մեջ լինել Եհովայի հետ (Սաղմոս 35։27; Ա Յովհաննէս 4։20)։
20. Ի՞նչ կերպերով պետք է ցույց տանք, որ կարողանում ենք սպասել։
20 Անձամբ մենք սպասո՞ւմ ենք Եհովայի օրվան ու դա մեր մտքում վա՞ռ ենք պահում։ Մեր ջերմեռանդ ցանկությունը՝ տեսնելու ամբարշտության վերջը, երևում է այն բանից, որ սուրբ ենք մնում այս անբարո աշխարհում։ Բացի այդ, մեր ջերմեռանդ փափագը, որ Եհովայի օրը գա, ու մեր իղձը՝ տեսնելու կյանքը Աստծո Թագավորության իշխանության ներքո, ակնհայտ է դառնում մեր աստվածապաշտ ընթացքից։ Եվ վերջապես, խաղաղ նոր աշխարհում ապրելու մեր ակնկալիքը իր արտացոլումն է գտնում այն բանում, որ այժմ իսկ հետամուտ ենք լինում խաղաղության մեր հավատակիցների հետ ունեցած հարաբերություններում։ Ահա այս կերպերով ցույց ենք տալիս, որ կարողանում ենք սպասել և մեր մտքում վառ ենք պահում Եհովայի օրվա գալուստը։
[ծանոթագրություն]
a Օրինակների համար տե՛ս 2000 թ. հունվարի 1–ի «Դիտարանը» (էջ 30) և 1997 թ. «Եհովայի վկաների տարեգիրքը» (էջ 51, ռուս.)։
Հիշո՞ւմ եք
• Ի՞նչ է նշանակում ‘ջանալ արագացնել Եհովայի օրվա գալուստը’։
• Ինչպե՞ս է սպասելու կարողությունը արտացոլվում մեր վարքի մեջ։
• Ինչո՞ւ է խիստ կարևոր ‘աստվածապաշտ ընթացք’ ունենալը։
• Ի՞նչ պետք է անենք ‘անբիծ ու անարատ գտնվելու Եհովայի առաջ խաղաղության մեջ’։
[նկար 11–րդ էջի վրա]
Սպասելու կարողությունը արտացոլվում է ‘սուրբ վարմունքի’ մեջ
[նկարներ 12–րդ էջի վրա]
Թագավորության քարոզչության գործը կյանքեր է փրկում
[նկար 14–րդ էջի վրա]
Սպասելով Եհովայի օրվան՝ եկեք հետամուտ լինենք խաղաղության ուրիշների հետ ունեցած մեր հարաբերություններում