Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w01 11/15 էջ 28–31
  • Նոյի հավատը դատապարտում է աշխարհը

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Նոյի հավատը դատապարտում է աշխարհը
  • 2001 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • Աշխարհը Նոյի օրերում
  • «Իր դարուն մարդոցը մէջ.... անբասիր մարդ մը»
  • «Արդարութեան քարոզիչը»
  • Պահպանված՝ ջրհեղեղի ժամանակ
  • «Ինչպէս Նոյի օրերն էին»
  • Ինչու Նոյն արժանացավ Աստծու հաճությանը. ինչու դա պետք է հետաքրքրի մեզ
    2008 Դիտարան
  • «Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց»
    Ընդօրինակեք նրանց հավատը
  • «Նա ճշմարիտ Աստծու հետ քայլեց»
    2013 Դիտարան
  • Նա փրկվեց «ևս յոթ հոգու հետ»
    2013 Դիտարան
Ավելին
2001 Դիտարան
w01 11/15 էջ 28–31

Նոյի հավատը դատապարտում է աշխարհը

Երբևիցե լսե՞լ եք Նոյի մասին՝ մի աստվածավախ մարդու, որը տապան կառուցեց կյանքը համաշխարհային ջրհեղեղի ժամանակ փրկելու համար։ Այս պատմությունը, չնայած իր հնությանը, ծանոթ է միլիոնավոր մարդկանց։ Սակայն քչերն են գիտակցում այն, որ Նոյի կյանքի պատմությունը բոլորիս համար մեծ նշանակություն ունի։

Իսկ ի՞նչ կարիք կա հետաքրքրվելու հազարամյա հնություն ունեցող մի պատմությունով։ Նմա՞ն է, արդյոք, այն իրավիճակը, որում գտնվում էր Նոյը մեր իրավիճակին։ Կարո՞ղ ենք որևէ օգուտ քաղել նրա թողած օրինակից։

Աշխարհը Նոյի օրերում

Ըստ Աստվածաշնչի ժամանակագրական տվյալների՝ Նոյը ծնվել է մ.թ.ա. 2970 թ.–ին, այսինքն՝ Ադամի մահվանից 126 տարի հետո։ Նրա օրերում աշխարհը լցված էր բռնությամբ. Ադամի հետնորդների մեծ մասը գերադասում էր հետևել իր նախածնողի քմահաճ օրինակին։ Արդյունքում՝ «Եհովան տեսաւ որ շատացել էր մարդկանց չարութիւնը երկրի վերայ, եւ նորանց սրտի խորհուրդների բոլոր գաղափարները չար էին ամեն օր» (Ծննդոց 6։5, 11, 12)։

Եհովայի բարկության պատճառը մարդկային ցեղի ապստամբությունը չէր միայն։ Ծննդոց գրքում տրվում է հետևյալ բացատրությունը. «Աստուծոյ որդիքը տեսնելով մարդկանց աղջկերանցը, որ գեղեցիկ էին, ամեն իրանց հաւանածներիցը իրանց համար կանայք էին առնում.... Եւ հսկաները կային այն օրերը երկրի վերայ. եւ այնուհետեւ էլ որ բոլոր Աստուծոյ որդիքը մարդկանց աղջկերանց մօտ էին մտնում, եւ նորանք նորանց համար ծնում էին. սորանք այն զօրաւորներն էին, որ վաղուց անուանի մարդիկ էին» (Ծննդոց 6։2–4)։ Համեմատելով այս համարները Պետրոս առաքյալի կողմից արձանագրված խոսքերի հետ՝ գալիս ենք այն եզրակացության, որ «Աստուծոյ որդիքը» անհնազանդ հրեշտակներն էին, իսկ հսկաները՝ մարմնավորված անհավատարիմ հրեշտակների ու կանանց անօրինական կապից առաջացած խառնածին սերունդը (Ա Պետրոս 3։19, 20)։

«Հսկաներ» կամ «նեֆիլիմներ» նշանակում է «տապալողներ», այսինքն՝ անհատներ, որոնք վայր են գցում ուրիշներին։ Նրանք վայրագ խուլիգաններ էին, իսկ իրենց ցանկասեր հայրերի այլասեռվածության աստիճանը նույնն էր, ինչ Սոդոմ և Գոմոր քաղաքներինը (Յուդա 6, 7)։ Միասնաբար գործելով՝ նրանք նպաստում էին երկրի վրա անհանդուրժելի չարագործությունների կատարմանը։

«Իր դարուն մարդոցը մէջ.... անբասիր մարդ մը»

Չարությունն այնքան էր շատացել, որ Աստված որոշեց կործանել մարդկությունը։ Աստծո կողմից ներշնչված հաղորդագրությունը հայտնում է. «Նոյ Տէրոջը առջեւ շնորհք գտաւ.... Նոյ իր դարուն մարդոցը մէջ արդար ու կատարեալ [«անբասիր», ՆԱ] մարդ մըն էր. Նոյ Աստուծոյ հետ քալեց» (Ծննդոց 6։8, 9, Արևմտ. Աստ.)։ Իսկ ինչպե՞ս էր հնարավոր «Աստուծոյ հետ [քայլել]» միայն ոչնչացման արժանի, անաստված աշխարհում։

Անկասկած, Նոյը շատ բան էր սովորել իր հայր Ղամեքից, որը հավատքի մարդ էր և Ադամի ժամանակակիցը։ Իր որդու անունը Նոյ (հավանաբար նշանակում է «հանգիստ» կամ «մխիթարություն») դնելիս Ղամեքը մարգարեացավ. «Սա մեզ կ’հանգստացնէ մեր գործքերիցը եւ մեր ձեռքերի ցաւերիցը՝ այն երկրի պատճառով որին Եհովան անիծեց»։ Այս մարգարեությունը կատարվեց, երբ Աստված վերցրեց իր անեծքը երկրի վրայից (Ծննդոց 5։29; 8։21)։

Աստվածավախ ծնողներ ունենալը մարդու հոգևորության երաշխիքը չէ, քանի որ յուրաքանչյուր անհատ պետք է իր անձնական հարաբերությունները հաստատի Եհովայի հետ։ Նոյը ‘քայլում էր Աստծո հետ’՝ նրան հաճելի ընթացք բռնելով։ Աստծո մասին ունեցած գիտելիքները Նոյին մղեցին ծառայել նրան։ Նոյի հավատը չսասանվեց, երբ նա տեղեկացավ ‘բոլոր մարմնի վերջը բերելու’ Աստծո նպատակի մասին (Ծննդոց 6։13, 17)։

Վստահ լինելով, որ այդ աննախադեպ աղետը տեղի կունենա՝ Նոյը հպատակվեց Եհովայի հրամանին. «Քեզ համար խիժաբեր փայտից մի տապան շինիր, եւ տապանը խորշերով շինիր, եւ նորան ծեփիր կուպրով ներսիցը եւ դրսիցը» (Ծննդոց 6։14)։ Տապանի կառուցման վերաբերյալ Եհովայի տված հրահանգներին հետևելը հեշտ չէր։ Այնուամենայնիվ, «Նոյն արաւ բոլորը ինչպէս Աստուած պատուիրել էր նորան»։ Իրոք որ, նա «այնպէս [էլ] արաւ» (Ծննդոց 6։22)։ Այդ հարցում Նոյին օգնեցին իր կինը, ինչպես նաև որդիները՝ Սեմը, Քամը, Հաբեթը իրենց կանանց հետ։ Եհովան օրհնեց հավատի նման դրսևորումը։ Ինչպիսի՜ փայլուն օրինակ են հանդիսանում նրանք այսօրվա ընտանիքների համար։

Ի՞նչ էր իր մեջ ներառելու տապանի կառուցումը։ Եհովան պատվիրեց Նոյին պատրաստել անջրանցիկ, երեք հարկանի, փայտե հսկայական մի արկղ՝ 133 մ երկարությամբ, 22 մ լայնությամբ, 13 մ բարձրությամբ (Ծննդոց 6։15, 16)։ Այս նավը նույն տարողությունն էր ունենալու, ինչ ցանկացած ժամանակակից բեռնատար նավ։

Ի՜նչ վիթխարի առաջադրանք։ Ըստ երևույթին, այն կատարելու համար հարկավոր էր հազարավոր ծառեր հատել, դրանք կառուցման վայրը տեղափոխել ու կտրտել՝ վերածելով տախտակների կամ գերանների, նաև՝ փայտամածներ կառուցել, գամեր կամ սեպեր պատրաստել, կուպր ձեռք բերել անջրանցիկությունը ապահովելու համար, կաթսաներ ու գործիքներ հայթայթել և այլն, և այլն։ Հավանաբար, գործի բերումով անհրաժեշտ էր առևտրականների հետ բանակցություններ վարել և վճարել ապրանքների ու մատուցված ծառայությունների համար։ Նաև, ըստ երևույթին, վարպետություն էր պահանջվում ատաղձագործական աշխատանքներ կատարելիս, որպեսզի փայտանյութը ճիշտ պատրաստվի և բավականաչափ ամուր շինություն կառուցվի։ Միայն պատկերացրե՜ք. ամենայն հավանականությամբ, շինարարությունը տևել է մոտ 50 կամ 60 տարի։

Այնուհետև, Նոյը պիտի զբաղվեր բավարար քանակությամբ ուտելիք և անասնակեր մթերելու գործով (Ծննդոց 6։21)։ Նա նաև պետք է տապանի մեջ հավաքեր բազմաթիվ կենդանիների, որոնք իր հսկողության տակ էին լինելու։ Նոյը կատարեց այն ամենը, ինչ Աստված պատվիրել էր, և աշխատանքն իր ավարտին հասավ (Ծննդոց 6։22)։ Գործի կատարյալ հաջողության երաշխիքը Եհովայի օրհնությունն էր։

«Արդարութեան քարոզիչը»

Տապանը կառուցելուց բացի Նոյը նախազգուշացնում էր մարդկանց՝ հավատարմորեն ծառայելով Աստծուն որպես «արդարութեան քարոզիչ»։ Սակայն մարդիկ «չիմացան [«ուշադրություն չդարձրեցին», ՆԱ] մինչեւ որ ջրհեղեղը եկաւ ու վերցրեց տարաւ բոլորին» (Բ Պետրոս 2։5; Մատթէոս 24։38, 39)։

Նկատի առնելով այն օրերի հոգևոր ու բարոյական անկումը՝ հեշտությամբ կպատկերացնենք, որ Նոյի ընտանիքը դարձավ իրենց թերահավատ հարևանների ծիծաղի, ինչպես նաև վիրավորանքի ու ծաղրանքի առարկան։ Մարդիկ, ամենայն հավանականությամբ, իրենց խելագար էին համարում։ Չնայած դրան՝ Նոյը հաջողության հասավ՝ իր ընտանիքի անդամներին հոգևորապես խրախուսելով ու օգնելով, որպեսզի նրանք երբեք չընտրեն իրենց անաստված ժամանակակիցների վայրագ, անբարո և ըմբոստ ճանապարհները։ Իր հավատի մասին վկայող խոսքերով ու գործերով Նոյը դատապարտեց այն ժամանակվա աշխարհը (Եբրայեցիս 11։7)։

Պահպանված՝ ջրհեղեղի ժամանակ

Տեղատարափի սկսվելուց կարճ ժամանակ առաջ Աստված պատվիրեց Նոյին մտնել տապանը, որն արդեն պատրաստ էր։ Երբ նրա ընտանիքն ու կենդանիները տապանի մեջ էին, «Եհովան.... դուռը փակեց»՝ փակելով նաև ծաղրողների բերանը։ Ջրհեղեղի սկսվելուն պես անհնազանդ հրեշտակները, ըստ երևույթին, թողեցին իրենց նյութական մարմինները և, այդպիսով, խուսափեցին կործանումից։ Իսկ մյուսնե՞րը... Ա՜յ քեզ բան. տապանից դուրս, ցամաքում ապրող բոլոր կենդանի էակները, այդ թվում նաև հսկաները, կործանվել են։ Փրկվել է միայն Նոյի ընտանիքը (Ծննդոց 7։1–23)։

Նոյն ու իր ընտանիքի անդամները տապանում անցկացրեցին մեկ լուսնային տարի և տաս օր։ Նրանք զբաղված էին կենդանիներին կերակրելով ու ջուր տալով, աղբը հանելով և ժամանակի հաշիվը պահելով։ Ծննդոց գիրքը նավամատյանի նման ճշգրտորեն թվագրում է ջրհեղեղի բոլոր փուլերը, ինչը ցույց է տալիս հաղորդագրության ճշգրտությունը (Ծննդոց 7։11, 17, 24; 8։3–14)։

Տապանում, անկասկած, Նոյի նախաձեռնությամբ ընտանիքի անդամները հոգևոր թեմաներ էին քննարկում և Աստծուն գոհություն մատուցում։ Ակնհայտ է, որ նրանց ընտանիքի շնորհիվ է պահպանվել նախաջրհեղեղյան պատմությունը։ Արժանահավատ բանավոր ավանդությունները կամ իրենց ձեռքի տակ եղող գրավոր պատմական փաստաթղթերը քննարկման լավ նյութ էին հանդիսանում ջրհեղեղի ժամանակ։

Որքա՜ն ուրախ պետք է որ լինեին նրանք, երբ նորից ոտք դրեցին հողին։ Առաջին հերթին Նոյը զոհասեղան կառուցեց և, ծառայելով որպես քահանա, զոհեր մատուցեց իրենց Փրկողին (Ծննդոց 8։18–20)։

«Ինչպէս Նոյի օրերն էին»

Հիսուս Քրիստոսն ասաց. «Ինչպէս Նոյի օրերն էին, այնպէս պիտի լինի մարդու Որդու գալստեանը» (Մատթէոս 24։37)։ Այսօր քրիստոնյաները նույնպես արդարության քարոզիչներ են. նրանք հորդորում են մարդկանց զղջալ իրենց արարքների համար (Բ Պետրոս 3։5–9)։ Եվ քանի որ իրավիճակները նման են, գուցե ցանկանայինք իմանալ, թե նախքան ջրհեղեղը ինչի մասին էր մտածում Նոյը։ Երբևիցե մտածե՞լ էր, թե իր քարոզչությունը իզուր է։ Ժամանակ առ ժամանակ իրեն հոգնած զգացե՞լ էր։ Աստվածաշունչը ոչինչ չի հայտնում. պարզապես ասում է, որ Նոյը հնազանդվեց Աստծուն։

Նկատու՞մ եք, թե ինչ գործնական օգուտներ կարող ենք քաղել այն իրավիճակից, որում գտնվում էր Նոյը։ Նա հնազանդվեց Եհովային՝ չնայած դիմադրությանն ու նեղությանը։ Այդ պատճառով էլ Աստված նրան արդար ճանաչեց։ Նրանք հաստատ չգիտեին, թե երբ է Աստված ջրհեղեղը բերելու, բայց համոզված էին, որ դա անպայման լինելու է։ Աստծո խոսքի հանդեպ ունեցած հավատը օգնեց Նոյին չդադարեցնել տարիներ շարունակ կատարվող աշխատանքն ու անպտուղ թվացող քարոզչական գործը։ Ճշմարիտ է ասվում. «Հաւատո՛վ է, որ Նոյը, պատգամ ստանալով դեռեւս անտեսանելի բաների մասին, վախից բռնուած՝ իր ընտանիքի փրկութեան համար տապանը պատրաստեց. որով եւ դատապարտեց աշխարհը եւ ժառանգորդ եղաւ այն արդարութեան, որ հաւատից է» (Եբրայեցիս 11։7)։

Ինչպե՞ս էր Նոյը նման հավատ ձեռք բերել։ Ամենայն հավանականությամբ, նա ժամանակ էր հատկացնում՝ Աստծո մասին ունեցած իր գիտելիքների շուրջ խորհելու, և առաջնորդվում էր դրանցով։ Անկասկած, նա աղոթքի միջոցով հաղորդակցվում էր Աստծո հետ։ Ի դեպ, Նոյի ու Եհովայի հարաբերությունները այնքան մտերիմ էին, որ նա ‘քայլում էր Աստծո հետ’։ Իբրև ընտանիքի գլուխ՝ Նոյը ուրախությամբ ժամանակ էր տրամադրում և սիրուց մղված՝ ուշադրություն ցուցաբերում իր ընտանիքի անդամների նկատմամբ՝ հոգալով իր կնոջ, երեք տղաների ու հարսների հոգևոր կարիքները։

Ինչպես այն ժամանակ Նոյը, այնպես էլ այսօր ճշմարիտ քրիստոնյաները գիտեն, որ շուտով Եհովան այս անաստված իրերի դրության վերջը բերելու է։ Մենք չգիտենք այդ օրը կամ ժամը, սակայն գիտակցում ենք, որ ընդօրինակելով այս «արդարութեան քարոզչի» ցուցաբերած հավատն ու հնազանդությունը՝ արդյունքում կհասնենք «հոգիների փրկութեան» (Եբրայեցիս 10։36–39)։

[շրջանակ 29–րդ էջի վրա]

Մի՞թե դա իրականում տեղի է ունեցել

Մարդաբանները ջրհեղեղի մասին շուրջ 270 առասպել են հավաքել աշխարհի գրեթե բոլոր ցեղերից ու ազգերից։ «Ջրհեղեղի պատմությանը հանդիպում ենք աշխարհի բոլոր ծայրերում»,— ասում է գիտնական Կլաուս Վեստերմանը։ «Ստեղծագործության պատմության նման այն մեր հիմնական մշակութային ժառանգության մասն է կազմում։ Իսկապես զարմանալի է. երկրագնդի բոլոր մասերում մենք պատմություններ ենք գտնում մեծ նախապատմական ջրհեղեղի մասին»։ Պատճա՞ռը... Մեկնաբան Էնրիկո Գալբիաթին ասում է. «Ջրհեղեղի ավանդության մշտական առկայությունը տարբեր և իրարից բավական կտրված ժողովուրդների մոտ նշան է այն բանի, որ այս ավանդությունների հիմքում իրական պատմական փաստ է ընկած»։ Հիսուսն ինքը ջրհեղեղի մասին խոսել է, իբրև մարդկության պատմության մեջ տեղի ունեցած իրական դեպքի. և դա քրիստոնյաների համար ավելի կարևոր է, քան գիտնականների մեկնաբանությունները (Ղուկաս 17։26, 27)։

[շրջանակ 30–րդ էջի վրա]

Հսկաները դիցաբանության մե՞ջ

Առասպելները մարդկանց և աստվածների միջև սեռային հարաբերությունների և այդ միությունների հետևանքով «հերոսների» կամ «կիսաստվածների» ծննդյան մասին ընդունված են եղել հունական, եգիպտական, ուգարիթական, խուրրիական և Միջագետքի դիցաբանության մեջ։ Ըստ հունական դիցաբանության՝ աստվածները մարդակերպ էին և արտակարգ գեղեցիկ։ Նրանք ուտում էին, խմում, քնում, սեռային հարաբերություններ ունենում, վիճում, կռվում, գայթակղեցնում և բռնաբարում։ Համարվելով սուրբ՝ այնուամենայնիվ, ընդունակ էին խաբեության ու հանցագործության։ Ասում էին, թե Աքիլլեսի նման հերոսները ունեին ինչպես մարդկային, այնպես էլ աստվածային ծագում, և օժտված էին գերմարդկային ունակությամբ, բայց ո՛չ անմահությամբ։ Այսպիսով՝ հսկաների մասին Ծննդոցում արձանագրվածը լույս է սփռում այս առասպելների հնարավոր և, նույնիսկ, իսկական ծագման վրա։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը