Հասկանանք խրատի նպատակը
ԵՐԲ լսում ես «խրատ» բառը, ի՞նչ ես մտածում։ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարանը «խրատ» բառը սահմանում է հետևյալ կերպ. «Մեկին ուղիղ ընթացքի բերելու, կամ որևէ բան ճիշտ՝ գեղեցիկ՝ լավ կատարելու համար հորդոր՝ խորհուրդ, պատիժ»։ Թեպետ սա, անշուշտ, միակ ընդունված սահմանումը չէ, շատ մարդիկ այսօր բացասական երանգ են վերագրում խրատին առնչվող ցանկացած բանի։
Սակայն Աստվածաշունչը խրատը ներկայացնում է այլ լույսի ներքո։ Իմաստուն թագավոր Սողոմոնը գրեց. «Որդեակս, մի անարգիր Տիրոջ [Եհովայի] խրատը» (Առակաց 3։11)։ Այս խոսքերը վերաբերում են ոչ թե խրատին առհասարակ, այլ ‘Եհովայի խրատին’, այսինքն՝ Աստծո վեհ սկզբունքների վրա հիմնված խրատին։ Միայն այդպիսի խրատն է, որ հոգևոր առումով արդյունավետ է և օգտակար, նույնիսկ ցանկալի։ Հակառակ դրան՝ խրատը, որը հիմնված է մարդու մտածելակերպի վրա և հակադրության մեջ է Եհովայի վեհ սկզբունքների հետ, հաճախ վիրավորական է և նախատական։ Սրանով է բացատրվում, թե ինչու շատերը բացասական վերաբերմունք ունեն խրատի հանդեպ։
Ինչո՞ւ է մեզ հորդոր տրվում ընդունել Եհովայի խրատը։ Գրություններում աստվածային խրատը նկարագրվում է որպես Աստծո սիրո արտահայտում իր մարդ–ստեղծագործության հանդեպ։ Դրա համար էլ Սողոմոն թագավորն ասաց. «Տէրը որին որ սիրում է՝ յանդիմանում է, եւ ինչպէս մէկ հայր որ իր որդիին սիրում է» (Առակաց 3։12)։
Խրա՞տ, թե՞ պատիժ
Ինչպես Աստվածաշնչում է նկարագրվում, խրատը տրվում է տարբեր առումներով. առաջնորդության, սովորեցնելու, դաստիարակելու, ուղղելու և նույնիսկ պատժելու համար։ Բայց յուրաքանչյուր դեպքում Եհովան խրատում է սիրուց մղված, և այդ խրատի նպատակն է օգնել այն ընդունողին։ Եհովայի տված ուղղիչ խրատը երբեք չունի միայն պատժելու նպատակ։
Մյուս կողմից, երբ Աստված պատժում է, միշտ չէ, որ նա դա անում է ուղղելու կամ սովորեցնելու նպատակով։ Օրինակ՝ այն օրվանից, երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, նրանք սկսեցին տառապել իրենց անհնազանդության հետևանքներից։ Եհովան նրանց վտարեց Եդեմի դրախտային պարտեզից, և նրանք ենթարկվեցին անկատարության, հիվանդության և ծերության ազդեցությանը։ Հարյուրավոր տարիների ցավով լի գոյությունից հետո նրանք մեկընդմիշտ մահացան։ Այս ամենը աստվածային պատիժ էր. այն ուղղելու նպատակով տրված խրատ չէր։ Ադամն ու Եվան անուղղելի էին, քանի որ նրանք գիտակցաբար և անզեղջ ձևով չէին հնազանդվել։
Եհովայի տված այլ պատիժներից են Նոյի օրերում տեղի ունեցած ջրհեղեղը, Սոդոմի և Գոմորի կործանումը ու Կարմիր ծովում եգիպտական զորքի ոչնչացումը։ Եհովայի կողմից ձեռնարկած այս քայլերը առաջնորդություն, ուսուցում կամ դաս տալու նպատակ չունեին։ Աստծո կողմից պատժելու նպատակով կատարված նման քայլերի վերաբերյալ Պետրոս առաքյալը գրեց. «Առաջին աշխարհքին էլ չ’խնայեց, այլ Նոյին, որ ութերորդն էր, այն արդարութեան քարոզչին՝ պահեց երբոր ամբարիշտների աշխարհքի վերայ ջրհեղեղը ածեց. եւ Սոդոմացիների եւ Գոմորացիների քաղաքները մոխիր դարձնելով կործանմամբ դատապարտեց, յետոյ եկող ամբարիշտներին օրինակ դնելով» (Բ Պետրոս 2։5, 6)։
Ի՞նչ իմաստով պատժի այս արարքները ‘օրինակ դրվեցին հետո եկող ամբարիշտներին’։ Թեսաղոնիկեցիներին ուղղված իր նամակում Պողոսը խոսում է մեր օրերի մասին՝ որպես մի ժամանակի, երբ Աստված իր որդու՝ Հիսուս Քրիստոսի միջոցով «վրէժ [կառնի] նորանցից, որ Աստուծուն չեն ճանաչում, եւ չեն հնազանդում.... աւետարանին»։ Նա ավելացնում է. «Նրանց պատիժը պիտի լինի յաւիտենական կործանումը» (Բ Թեսաղոնիկեցիս 1։8, 9 ԷԹ)։ Ակնհայտ է, որ այսպիսի պատիժը սովորեցնելու կամ անհատին կատարելագործելու համար չի նախատեսված։ Սակայն երբ Եհովան հրավիրում է իր երկրպագուներին ընդունել իր խրատը, նա ի նկատի չունի անզեղջ մեղավորների նկատմամբ գործադրվող պատիժը։
Նշանակալից է այն, որ Աստվածաշունչը չի նկարագրում Եհովային առաջին հերթին որպես պատժողի։ Ընդհակառակը՝ շատ հաճախ նա նկարագրվում է որպես սիրող ուսուցիչ և համբերատար դաստիարակ (Յոբ 36։22; Սաղմոս 71։17; Եսայիա 54։13)։ Այո՛, աստվածային խրատը, որ տրվում է ուղղելու նպատակով, միշտ ուղեկցվում է սիրով և համբերատարությամբ։ Հասկանալով խրատի նպատակը՝ քրիստոնյաներն ավելի պատրաստ են լինում ճիշտ վերաբերմունք դրսևորել խրատ ընդունելիս և տալիս։
Սիրող ծնողների խրատը
Թե՛ ընտանիքում և թե՛ քրիստոնեական ժողովում բոլորն էլ կարիք ունեն հասկանալու խրատի նպատակը։ Սա հատկապես ճշմարիտ է նրանց առնչությամբ, ովքեր իշխանությամբ են օժտված, օրինակ՝ ծնողների։ Առակաց 13։24–ում ասվում է. «Գաւազանը խնայողը ատում է իր որդիին. բայց նորան սիրողը կանուխ կ’խրատէ նորան»։
Ինչպե՞ս պետք է ծնողները խրատեն։ Աստվածաշունչը բացատրում է. «Հայրեր, մի բարկացնէք ձեր որդկանցը. այլ մեծացրէք նորանց խրատով եւ Տիրոջ ուսմունքովը» (Եփեսացիս 6։4)։ Այս հորդորը նաև կրկնվում է հետևյալ խոսքերում. «Հայրեր, մի զայրացնէք ձեր որդկանցը, որ չ’վհատին» (Կողոսացիս 3։21)։
Քրիստոնյա ծնողներն, ովքեր հասկանում են խրատի նպատակը, կոպտորեն չեն վարվի։ Բ Տիմոթէոս 2։24 համարում եղած սկզբունքը կարող է կիրառվել ծնողների խրատելու կերպին։ Պողոսը գրեց. «Տիրոջ ծառային պէտք չէ կռիւ անել, այլ ամենի հետ հեզահոգի լինել, սովորեցնող»։ Բարկության հիստերիկ պոռթկումները, բղավելը, վիրավորանքը կամ նվաստացուցիչ խոսքերը դժվար թե համարվեն սիրով լի խրատ. դրանք տեղ չունեն քրիստոնյայի կյանքում (Եփեսացիս 4։31; Կողոսացիս 3։8)։
Ծնողների կողմից տրվող ուղղումն ավելին է իր մեջ ներառում, քան պարզապես պատիժը, որը տրվում է արագորեն և վճռական ձևով։ Երեխաների մեծամասնությանը անհրաժեշտ է լինում անընդհատ խորհուրդ տալ մինչև կուղղեն իրենց մտածելակերպը։ Ուստի ծնողները պետք է ժամանակ անցկացնեն, համբերություն դրսևորեն և շատ մտածեն այն հարցի շուրջ, թե ինչպես են խրատ տալիս։ Նրանք պետք է հիշեն, որ երեխաներին հարկավոր է մեծացնել «խրատով եւ Տիրոջ ուսմունքովը»։ Սա նշանակում է դաստիարակություն, որ տարիներ է տևում։
Քրիստոնյա երեցները հանդարտությամբ են խրատում
Միևնույն սկզբունքները վերաբերում են քրիստոնյա երեցներին։ Որպես սիրող հովիվներ՝ նրանք ձգտում են ամրացնել հոտը՝ սովորեցնելով, ուղղություն տալով և, երբ կարիք կա, նաև հանդիմանելով։ Խրատ տալուց նրանք մտքում պահում են դրա իսկական նպատակը (Եփեսացիս 4։11, 12)։ Եթե երեցները իրենց ուշադրությունը կենտրոնացնեին միայն պատժելու վրա, ապա նրանք պարզապես կպատժեին սխալ գործողին և այլևս ոչինչ չէին անի։ Սակայն Աստծո կողմից տրված խրատը շատ ավելին է բովանդակում։ Խրատ տալուց հետո, սիրուց մղված, երեցները կապ են պահպանում անհատի հետ և մինչև վերջ շարունակում են ջանքեր գործադրել սխալ գործողին օգնելու համար։ Քանի որ նրանք անկեղծորեն անհանգստանում են, հաճախ այցելություններ են ծրագրում՝ քաջալերելու և ուսուցանելու նպատակով։
Համաձայն Բ Տիմոթէոս 2։25, 26 համարներում գրված հորդորի՝ նույնիսկ նրանց, ովքեր պատրաստակամությամբ չեն ընդունում խրատը, երեցները պետք է «հանդարտութիւնով» ուսուցանեն։ Համարում նկարագրվում է խրատի նպատակը. «Թերեւս Աստուած նորանց ապաշխարութիւն տայ ճշմարտութիւնն իմանալու համար, եւ սատանայի որոգայթիցն զգաստանալու»։
Երբեմն անհրաժեշտ է լինում չզղջացող մեղավորներին ընկերակցությունից զրկել (Ա Տիմոթէոս 1։18–20)։ Նույնիսկ այդպիսի խիստ միջոցը պետք է համարվի խրատ, և ոչ թե միայն պատիժ։ Ժամանակ առ ժամանակ երեցները ձգտում են այցելել ընկերակցությունից զրկված անհատներին, ովքեր էլ ակտիվ մասնակցություն չունեն սխալ գործերի մեջ։ Այդպիսի այցելությունների ընթացքում երեցները գործում են խրատի իսկական նպատակին ներդաշնակ՝ նշելով այն քայլերը, որոնք անհատը կարիք ունի ձեռնարկելու քրիստոնեական ժողով վերադառնալու համար։
Եհովան է կատարյալ դատավորը
Ծնողները, քրիստոնյա հովիվները և այլոք, որոնք Գրությունների համաձայն խրատ տալու իշխանություն ունեն, այդ պատասխանատվությանը պետք է լուրջ վերաբերվեն։ Նրանք չպետք է դատեն ուրիշներին որպես վերջնականապես անուղղելի։ Հետևաբար նրանց խրատը երբեք չպետք է վրեժխնդիր կամ թշնամական պատժի ձև ընդունի։
Իրականում Աստվածաշունչն ասում է, որ Եհովան է այն անձնավորությունը, որը խիստ և վերջնական պատիժ կգործադրի։ Բացի դրանից, Գրություններում ասվում է, որ «սարսափելի բան է կենդանի Աստուծոյ ձեռքն ընկնիլը» (Եբրայեցիս 10։31)։ Սակայն ոչ մի մարդ երբեք չպետք է փորձի այս կամ այն առումով իրեն համեմատել Եհովայի հետ։ Եվ ոչ մեկը չպետք է պատճառ ունենա մտածելու, թե սարսափելի բան է ծնողի կամ ժողովում որևէ երեցի ձեռքն ընկնելը։
Եհովան խրատ տալիս կարող է կատարյալ հավասարակշռություն դրսևորել։ Մարդիկ՝ ոչ։ Աստված կարող է կարդալ սիրտը և որոշել, որ ինչ–որ մեկը անուղղելի է, և նա պետք է վճռական ու վերջնական պատիժ ստանա։ Իսկ մարդիկ չեն կարող այդպիսի վճիռ կայացնել։ Դրա համար էլ, երբ խրատ տալու կարիք է լինում, նրանք ովքեր իշխանություն ունեն խրատելու, միշտ պետք է անեն դա ուղղելու նպատակով։
Ընդունենք Եհովայի խրատը
Մենք բոլորս էլ Եհովայի խրատի կարիքն ունենք (Առակաց 8։33)։ Ավելին, մենք պետք է ձգտենք Աստծո Խոսքի վրա հիմնված խրատը ստանալուն։ Երբ ուսումնասիրում ենք Աստծո Խոսքը, կարող ենք ընդունել Գրությունների միջոցով անմիջապես Եհովայից եկող խրատը (Բ Տիմոթէոս 3։16, 17)։ Սակայն ժամանակ առ ժամանակ մենք հավատակիցներից խրատ կստանանք։ Հասկանալը, թե ինչու է տրվում այդ խրատը, կօգնի մեզ պատրաստակամորեն ընդունել այն։
Պողոս առաքյալն ընդունեց, որ «ամեն խրատ հէնց նոյն ժամանակին ուրախութիւն չէ երեւում, այլ տրտմութիւն», նաև ավելացրեց. «Բայց յետոյ նորանով վարժուածներին արդար խաղաղութեան պտուղ է վճարում» (Եբրայեցիս 12։11)։ Եհովայի խրատը ցույց է տալիս մեր հանդեպ նրա ունեցած խոր սերը։ Անկախ նրանից՝ մենք խրատ ենք ստանում, թե տալիս ենք, եկեք հիշենք աստվածային խրատի իսկական նպատակը և ուշադրություն դարձնենք Աստվածաշնչի իմաստուն խորհրդին «Պինդ բռնիր խրատը, մի ձգիր. նորան պահիր, որ նա քո կեանքն է» (Առակաց 4։13)։
[նկարներ 21–րդ էջի վրա]
Չզղջացող մեղավորները ստանում են Աստծո պատիժը, ոչ թե ուղղիչ խրատը
[նկարներ 22–րդ էջի վրա]
Սիրուց մղված՝ երեցները ժամանակ են անցկացնում՝ հետազոտություններ կատարելով և մոլորվածներին օգնելով
[նկարներ 23–րդ էջի վրա]
Ծնողները համբերատարությամբ և սիրով տալիս են ‘[Եհովայի] խրատն ու ուսմունքը’