Ընդօրինակենք Եհովայի համբերատարությունը
«Տէրը չի ուշացնիլ խոստումը.... բայց երկայնամիտ [«համբերատար», ԷԹ] է» (Բ ՊԵՏՐՈՍ 3։9)։
1. Ի՞նչ անգին պարգև է Եհովան առաջարկում մարդկանց։
ԵՀՈՎԱՆ մեզ առաջարկում է մի բան, որն ուրիշ ոչ ոք չի կարող առաջարկել։ Դա մի շատ գրավիչ ու թանկարժեք բան է, որը, սակայն, ո՛չ կարելի է գնել և ո՛չ էլ վաստակել։ Աստված մեզ առաջարկում է հավիտենական կյանքի պարգևը, որը մեծամասնությանս համար նշանակում է անվերջ կյանք երկրային դրախտում (Յովհաննէս 3։16)։ Ի՜նչ չքնաղ հեռանկար։ Անցյալի գիրկը կանցնեն տառապանք պատճառող հակամարտությունները, բռնությունը, աղքատությունը, հանցագործությունը, հիվանդությունը և նույնիսկ մահը։ Աստծու սիրառատ Թագավորության ներքո մարդիկ կապրեն կատարյալ խաղաղության և միության մեջ։ Որքա՜ն ենք փափագում այդ Դրախտին (Եսայիա 9։6, 7; Յայտնութիւն 21։4, 5)։
2. Ինչո՞ւ Եհովան մինչև հիմա չի վերացրել Սատանայի համակարգը։
2 Եհովան նույնպես բաղձանքով սպասում է այն ժամանակին, երբ երկրի վրա դրախտ կհաստատի։ Չէ՞ որ նա սիրում է «արդարութիւն եւ իրաւունք» (Սաղմոս 33։5)։ Աստված ոչ մի հաճույք չի ստանում՝ նայելով իր արդար սկզբունքների հանդեպ անտարբեր և թշնամաբար տրամադրված աշխարհին, մի աշխարհ, որն արհամարհանքով մերժում է Եհովայի իշխանությունը և հետապնդում նրա ժողովրդին։ Բայցևայնպես Աստված ծանրակշիռ հիմքեր ունի, որ մինչև հիմա չի վերացրել Սատանայի ամբարիշտ համակարգը։ Այդ հիմքերն առնչություն ունեն նրա գերիշխանությանը վերաբերող հարցերի հետ։ Եհովան այս հարցերը լուծում է՝ ցուցաբերելով մի առանձնապես գրավիչ հատկություն, որն այսօր շատերը չեն դրսևորում՝ համբերատարություն։
3. ա) Ո՞րն է Աստվածաշնչում «համբերություն» թարգմանված հունարեն և եբրայերեն բառերի իմաստը։ բ) Ի՞նչ հարցեր կքննենք։
3 Աստվածաշնչի բնագրում կա հունարեն մի բառ, որը բառացի նշանակում է «ոգու երկարություն», և հաճախ թարգմանվել է որպես «երկայնամտություն», «համբերություն» և «համբերատարություն»։ «Համբերություն» թարգմանված թե՛ հունարեն և թե՛ եբրայերեն բառերը կարող են նշանակել՝ «հանդուրժող» և «բարկանալու մեջ չշտապող»։ Ինչպե՞ս է Եհովայի համբերատարությունը մեր օգտին ծառայում։ Ի՞նչ դասեր կարող ենք քաղել Եհովայի և նրա հավատարիմ ծառաների դրսևորած համբերատարությունից և տոկունությունից։ Որտեղի՞ց գիտենք, որ Եհովայի համբերությունն անսպառ չէ։ Եկեք այս հարցերը քննենք։
Քննենք Եհովայի համբերատարությունը
4. Պետրոս առաքյալն ի՞նչ գրեց Եհովայի համբերատարության մասին։
4 Եհովայի համբերատարության մասին Պետրոս առաքյալը գրեց. «Այս մէկն էլ ձեզանից ծածուկ չ’լինի, սիրելիներ, որ Տիրոջ մօտ մէկ օրը հազար տարուայ պէս է, եւ հազար տարին ինչպէս մէկ օր։ Տէրը չի ուշացնիլ խոստումը, ինչպէս ոմանք ուշացնել են կարծում, բայց երկայնամիտ [«համբերատար», ԷԹ] է լինում մեզ վերայ, որովհետեւ չէ կամենում որ կորչողներ լինեն, բայց որ ամենն ապաշխարութեան հասնեն» (Բ Պետրոս 3։8, 9)։ Ուշադրություն դարձնենք այստեղ արտահայտված երկու մտքի, որոնք կարող են մեզ օգնել հասկանալու, թե ինչու է Եհովան համբերատարություն դրսևորում։
5. Այն, թե ինչպես է Եհովան նայում ժամանակին, ինչպե՞ս է անդրադառնում նրա գործողությունների վրա։
5 Առաջին միտքն այն է, որ Եհովան ժամանակին նայում է ոչ այնպես, ինչպես մենք։ Հավիտյան Ապրողի համար հազար տարին ընդամենը մեկ օրվա պես է։ Ժամանակը իշխանություն չունի նրա վրա, բայց այստեղից չի հետևում, որ Աստված հապաղում է գործել։ Անսահման իմաստության տեր լինելով՝ Եհովան ստույգ գիտի, թե երբ է լավագույն ժամանակը գործի անցնելու, որ դա օգուտ բերի իր բոլոր ծառաներին։ Նա համբերությամբ սպասում է այդ ժամանակին։ Սակայն այստեղից չի հետևում, թե Եհովան անտարբեր է իր ծառաների տառապանքների հանդեպ։ Նա «գթառատ ողորմութեան» Աստված է, սիրո մարմնացում (Ղուկաս 1։78, ԷԹ; Ա Յովհաննէս 4։8)։ Նա ի զորու է լիակատար կերպով և մեկընդմիշտ չեզոքացնելու ցանկացած վնաս, որ իր ծառաները կրում են այս տառապալից ժամանակներում (Սաղմոս 37։10)։
6. Աստծու մասին ի՞նչ եզրակացության չպիտի գանք, և ինչո՞ւ։
6 Ինչ խոսք, հեշտ չէ սպասել մի բանի, որն անչափ ցանկալի է (Առակաց 13։12)։ Երբ անհատը հապաղում է կատարել իր տված խոստումը, ապա մյուսները կարող են եզրակացնել, որ նա մտադիր չէ դա անելու։ Ինչպիսի՜ անմտություն կլիներ Աստծու մասին այդպես մտածելը։ Եթե Եհովայի համբերատարությունը համարենք դանդաղկոտություն, ապա ժամանակը մեր աչքին դանդաղ կընթանա. մեր սիրտը հեշտությամբ կլցվի կասկածանքով ու վհատությամբ, և մենք հոգևորապես քնելու վտանգի առաջ կհայտնվենք։ Նույնիսկ ավելի վատ բան կարող է պատահել. մենք գուցե մոլորվենք ծաղրողների՝ հավատ չունեցողների կողմից, որոնց մասին զգուշացրեց Պետրոսը։ Այդպիսի անհատները ծաղրանքով ասում են. «Ո՞ւր է նորա գալստեան խոստումը, վասնզի այնուհետեւ որ հայրերը վախճանեցան ամեն բան նոյնպէս կենում մնում է աշխարհքի ստեղծագործութիւնիցն հետէ» (Բ Պետրոս 3։4)։
7. Ինչո՞ւ է Եհովան համբերատարություն դրսևորում։
7 Երկրորդ միտքը, որ կարող ենք տեսնել Պետրոսի խոսքերում, հետևյալն է. Եհովան համբերատարություն է դրսևորում, որովհետև ուզում է, որ բոլոր մարդիկ զղջան։ Ովքեր համառորեն չեն ցանկանում թողնել իրենց ամբարիշտ ճանապարհները, կպատժվեն Եհովայի ձեռքով։ Սակայն Աստծուն հաճույք չի պատճառում ամբարշտի մահը։ Նրան հաճելի է, երբ մարդիկ զղջում են, թողնում իրենց չար ուղիները և ապրում (Եզեկիէլ 33։11)։ Ահա թե ինչու է նա համբերատարություն դրսևորում և իր ծառաներին ուղարկում բարի լուրը հռչակելու ամբողջ աշխարհով մեկ, որպեսզի մարդիկ կյանք ստանալու ամեն հնարավորություն ունենան։
8. Ինչպե՞ս է Աստծու համբերատարությունը երևում այն բանից, թե նա ինչպես վարվեց Իսրայել ազգի հետ։
8 Աստծու համբերատարությունը երևում է նաև այն բանից, թե նա ինչպես վարվեց Իսրայել ազգի հետ։ Դարեր շարունակ Եհովան հանդուրժում էր նրանց անհնազանդությունը։ Իր մարգարեների միջոցով նա բազմիցս կոչ էր անում. «Ետ դարձէք ձեր չար ճանապարհներիցը եւ պահեցեք իմ հրամանները եւ իմ կանոնները բոլոր այն օրէնքի պէս, որ ես հրամայել եմ ձեր հայրերին եւ որ ուղարկել եմ ձեզ մօտ իմ ծառաների՝ մարգարէների ձեռովը»։ Ո՞րն էր արդյունքը։ Ցավոք, «նորանք չ’լսեցին» (Դ Թագաւորաց 17։13, 14)։
9. Ինչպե՞ս Հիսուսն արտացոլեց իր Հոր համբերատարությունը։
9 Վերջիվերջո, Եհովան ուղարկեց իր Որդուն, որը հրեաներին անդադար կոչ էր անում հաշտվել Աստծու հետ։ Հիսուսը կատարելապես արտացոլեց իր Հոր համբերատարությունը։ Լիովին գիտակցելով, որ շուտով իրեն սպանելու են՝ նա ցավագին ասաց. «Երուսաղէմ Երուսաղէմ, մարգարէները կոտորող, եւ քեզ մօտ ուղարկուածները քարկոծող. քանի անգամ կամեցայ քո երեխաները ժողովել, ինչպէս հաւը ժողովում է իր ձագերը թեւերի տակը. եւ դուք չ’կամեցաք» (Մատթէոս 23։37)։ Այս վշտալի խոսքերը անողոք դատավորի խոսքեր չէին։ Դրանք խոսքեր էին, որ կասեր սիրող ու համբերատար ընկերը։ Հիսուսն իր երկնային Հոր պես ցանկանում էր, որ մարդիկ զղջան և դատաստանի չենթարկվեն։ Ոմանք դրականորեն արձագանքեցին Հիսուսի նախազգուշացումներին և այդպիսով խուսափեցին սարսափելի դատաստանից, որ եկավ Երուսաղեմի վրա մ. թ. 70 թ.–ին (Ղուկաս 21։20–22)։
10. Ինչպե՞ս է Եհովայի համբերատարությունը մեր օգտին ծառայում։
10 Մի՞թե չենք հիանում Աստծու դրսևորած համբերատարությամբ։ Չնայած մարդկությունը սարսափելի անհնազանդություն է դրսևորել Աստծու հանդեպ, Եհովան թույլ է տվել մեզանից յուրաքանչյուրին, ինչպես նաև միլիոնավորների, ճանաչել իրեն և ընդունել փրկության հույսը։ «Մեր Տիրոջ երկայնմտութիւնը [«համբերատարութիւնը», ԷԹ] փրկութիւն համարեցէք»,— գրեց Պետրոսը իր հավատակիցներին (Բ Պետրոս 3։15)։ Երախտապարտ չե՞նք, որ Եհովան իր համբերատարությամբ փրկության հնարավորություն է ստեղծել մեզ համար։ Չե՞նք աղոթում, որ Եհովան շարունակի համբերատար լինել մեր հանդեպ, մինչ օր օրի ծառայում ենք նրան (Մատթէոս 6։12)։
11. Հասկանալով, թե ինչու է Եհովան համբերատարություն դրսևորում՝ ի՞նչ կցանկանանք անել։
11 Հասկանալով, թե ինչու է Եհովան համբերատարություն դրսևորում՝ մենք կկարողանանք համբերությամբ սպասել աստվածային փրկությանը ու երբեք չենք մտածի, թե Աստված ուշացնում է իր խոստումները կատարելը (Երեմիայի Ողբերը 3։26)։ Ճիշտ է, մենք շարունակաբար աղոթում ենք, որ Աստծու Թագավորությունը գա, սակայն վստահ ենք, որ Եհովան գիտի, թե երբ է այդ աղոթքին պատասխանելու լավագույն ժամանակը։ Նաև, մեր մեջ ցանկություն կլինի ընդօրինակել Եհովային և համբերատար լինել մեր եղբայրների ու քույրերի, ինչպես նաև քարոզչության ժամանակ մեզ հանդիպած մարդկանց նկատմամբ։ Մենք նույնպես չենք ցանկանա, որ ինչ–որ մեկը կործանվի, այլ որ մարդիկ զղջան և մեզ պես հավիտենական կյանքի հույսը փայփայեն (Ա Տիմոթէոս 2։3, 4)։
Քննենք մարգարեների համբերատարությունը
12, 13. Յակոբոս 5։10–ի համաձայն՝ ինչպե՞ս Եսայիա մարգարեն համբերատարություն դրսևորեց։
12 Եհովայի համբերատարությունը քննելն օգնում է մեզ, որ այդ հատկությունը բարձր գնահատենք և այն մեր մեջ զարգացնենք։ Անկատար մարդկանց համար համբերատարություն զարգացնելը հեշտ չէ, սակայն հնարավոր է։ Մենք կարող ենք սովորել Աստծու վաղեմի ծառաներից։ Հակոբոս աշակերտը գրեց. «Եղբարք, չարչարանքի եւ երկայնմտութեան [«համբերութեան», ԱԱ] օրինակ առէք մարգարէներին, որ Տիրոջ անունովը խօսեցին» (Յակոբոս 5։10)։ Մխիթարական և քաջալերական է իմանալ, որ Աստծու ծառաները կարողացել են հաջողությամբ հաղթահարել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք որ մենք ունենք։
13 Օրինակ՝ Եսայիա մարգարեն, անկասկած, պետք է համբերատարություն դրսևորեր, որպեսզի կատարեր իր ծառայությունը։ Եհովան այս հատկությանը մատնացույց արեց՝ նրան պատվիրելով. «Գնա եւ ասիր այս ժողովրդին. Լսելով կ’լսէք, բայց չէք հասկանալ, եւ տեսնելով կ’տեսնէք, բայց չէք իմանալ։ Թանձրացրու այս ժողովրդի սիրտը, եւ նորա ականջները ծանրացրու եւ նորա աչքերը ծեփիր. որ չ’տեսնէ աչքերովը, եւ ականջներովը չ’լսէ, որ սիրտն իմանար, ու դարձի գար, եւ բժշկուէր» (Եսայիա 6։9, 10)։ Եսայիան համբերատարությամբ Եհովայի նախազգուշացումները հռչակեց առնվազն 46 տարի, չնայած որ մարդիկ չարձագանքեցին իր խոսքերին։ Համբերատարությունը նաև մե՛զ կօգնի շարունակել բարի լուրի քարոզչությունը, նույնիսկ եթե շատերը չարձագանքեն։
14, 15. Ի՞նչն օգնեց Երեմիային հաղթահարելու դժվարություններն ու վհատությունը։
14 Իհարկե, կատարելով իրենց ծառայությունը՝ մարգարեները, անտարբերությունից բացի, ուրիշ դժվարության էլ հանդիպեցին։ Դա հալածանքն էր։ Երեմիային դրեցին կոճղի մեջ, բանտը գցեցին, գուբը նետեցին (Երեմիա 20։2; 37։15; 38։6)։ Այս ամենը նա կրեց հենց նրանցից, ում ցանկանում էր օգնել։ Բայց Երեմիան չլցվեց դառնությամբ և ոչ էլ փոխհատուցեց նրանց դրա համար։ Նա տասնյակ տարիներ համբերությամբ տոկաց։
15 Հալածանքն ու ծաղրը չլռեցրին Երեմիային և չեն լռեցնում մեզ այսօր։ Իհարկե, ժամանակ առ ժամանակ գուցե վհատվենք։ Երեմիան նույնպես վհատության պահեր ապրեց։ «Տիրոջ խօսքն ինձ համար ամեն օր նախատինք ու անարգանք է դառել,— գրեց նա։— Եւ ես ասեցի. Նորան չ’յիշեմ, եւ չ’խօսեմ այլ եւս նորա անունովը»։ Եվ ի՞նչ, դադարե՞ց Երեմիան քարոզելուց։ Նա ասում է. «Սրտիս մէջ [Աստծու խոսքը] վառուած կրակի պէս դարձաւ՝ ոսկորներումս պահուած, եւ ես յոգնեցի կրելուցը, եւ չ’կարողացայ [«ա՛լ չեմ կրնար դիմանալ», ԱԱ]» (Երեմիա 20։8, 9)։ Նկատենք, որ նա իր ուրախությունը կորցրեց այն ժամանակ, երբ կենտրոնացավ ծաղրանքի վրա։ Իսկ երբ նա իր ուշադրությունն ուղղեց ‘խոսքի’ գեղեցկության ու կարևորության վրա, վերագտավ իր ուրախությունը։ Բացի այդ, Եհովան, ինչպես մի ‘զորավոր ախոյան’, Երեմիայի հետ էր, և նա զորացրեց մարգարեին՝ իր խոսքը եռանդով և համարձակությամբ հռչակելու (Երեմիա 20։11)։
16. Ինչպե՞ս կարող ենք պահպանել մեր ուրախությունը ծառայության մեջ։
16 Իսկ Երեմիա մարգարեն գտնո՞ւմ էր ուրախություն իր ծառայության մեջ։ Անկասկա՛ծ։ Նա Եհովային ասաց. «Քո խօսքերը գտնուեցան, եւ ես կերայ նորանց, եւ քո խօսքն ինձ համար սրտիս ցնծութիւն եւ ուրախութիւն եղաւ. որովհետեւ քո անունը կանչուած է ինձ վերայ, ով Եհովայ Զօրաց Աստուած» (Երեմիա 15։16)։ Երեմիան ուրախ էր՝ ճշմարիտ Աստծուն ներկայացնելու և նրա խոսքը քարոզելու իր առանձնաշնորհման համար։ Մենք էլ այդպիսի ուրախություն կարող ենք զգալ։ Նաև, հրեշտակների պես ուրախանում ենք, որ ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ ընդունում են Թագավորության լուրը, զղջում են և սկսում քայլել հավիտենական կյանքի ճանապարհով (Ղուկաս 15։10)։
«Յոբի համբերութիւնը»
17, 18. Ի՞նչ տառապանքների տոկաց Հոբը, և այդ ամենն ինչո՞վ ավարտվեց։
17 Վաղեմի մարգարեներին հիշատակելուց հետո Հակոբոս աշակերտը գրեց. «Յոբի համբերութիւնը լսել էք, եւ Տիրոջ նորա համար արած վախճանը տեսաք. որ Տէրը բազմագութ է եւ ողորմած» (Յակոբոս 5։11)։ Այստեղ «համբերություն» թարգմանված հունարեն բառը իմաստով նման է նախորդ համարում նույնպես «համբերություն» թարգմանված հունարեն բառին։ Մի մասնագետ բնագրի այս երկու բառերի միջև եղած տարբերությունը հետևյալ կերպ է բացատրում. «Առաջինը այն համբերությունն է, որը դրսևորում ենք, երբ մեզ հետ վատ են վերաբերվում, իսկ երկրորդը խիզախորեն տոկալն է՝ ծանր հանգամանքների ներքո»։
18 Հոբը մեծ ցավեր կրեց. սնանկացավ, երեխաները մահացան, տառապեց ցավագին հիվանդությամբ։ Նաև Հոբը պայքարեց սխալ մեղադրանքների դեմ, որոնց իմաստն այն էր, թե Եհովան պատժում է նրան։ Հոբը լռությամբ չտարավ իր տառապանքները. նա գանգատվեց իր վիճակից և նույնիսկ ակնարկեց, թե ինքը Աստծուց արդար է (Յոբ 35։2)։ Այդուհանդերձ, նա իր հավատը ամուր պահեց և իր անարատությունը չպղծեց։ Հոբը չհայհոյեց Աստծուն, ինչպես որ Սատանան էր պնդում (Յոբ 1։11, 21)։ Ինչո՞վ ավարտվեց այդ ամենը։ «Եհովան օրհնեց Յոբի վերջը նորա սկզբիցն աւելի» (Յոբ 42։12)։ Աստված վերականգնեց Հոբի առողջությունը, կրկնապատիկ հարստություն տվեց նրան և պարգևեց երջանիկ կյանք սիրելի անձնավորությունների հետ։ Հավատարմորեն տոկալով փորձությունների ներքո՝ Հոբը կարողացավ է՛լ ավելի խորը հասկանալ, թե ինչպիսի անձնավորություն է Եհովան։
19. Ի՞նչ ենք սովորում Հոբի դրսևորած համբերությունից։
19 Ի՞նչ ենք սովորում Հոբի դրսևորած համբերությունից։ Մենք էլ գուցե տառապենք ինչ–որ հիվանդությամբ կամ ունենանք դժվարություններ։ Հնարավոր է լիովին չհասկանանք, թե ինչու է Եհովան թույլատրում, որ որոշակի փորձության մեջ ընկնենք։ Սակայն մենք կարող ենք վստահ լինել. եթե հավատարիմ մնանք, ապա կօրհնվենք։ Եհովան անպայման պարգևատրում է իրեն փնտրողներին (Եբրայեցիս 11։6)։ Հիսուսն ասաց. «Ով որ մինչեւ վերջը համբերէ՝ նա կ’փրկուի» (Մատթէոս 10։22; 24։13)։
Եհովայի օրը կգա
20. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ Եհովայի օրը կգա։
20 Ճիշտ է, Եհովան համբերատար է, բայց նաև արդար է, ուստի հավիտյան չի հանդուրժի ամբարշտությունը։ Նրա համբերությունը սահման ունի։ Պետրոսը գրեց. «[Աստված] առաջին աշխարհքին էլ չ’խնայեց»։ Այդ անաստված աշխարհը կործանվեց ջրով, իսկ Նոյն իր ընտանիքով փրկվեց։ Եհովան դատաստան տեսավ նաև Սոդոմ և Գոմոր քաղաքների հետ՝ նրանց մոխիր դարձնելով։ Այդ դատաստանները ‘օրինակ են ամբարիշտների համար’։ Այո, մենք կարող ենք վստահ լինել, որ «Տիրոջ [Եհովայի] օրը.... կ’գայ» (Բ Պետրոս 2։5, 6; 3։10)։
21. Ինչպե՞ս կարող ենք համբերություն և տոկունություն դրսևորել, և հաջորդ հոդվածում ի՞նչ կքննարկենք։
21 Ուրեմն՝ եկեք ընդօրինակենք Եհովայի համբերատարությունը՝ օգնելով մարդկանց զղջալ ու փրկվել։ Եկեք ընդօրինակենք նաև մարգարեներին՝ համբերությամբ հռչակելով բարի լուրը՝ չնայած մարդկանց անտարբերությանը։ Նաև, մենք կարող ենք վստահ լինել, որ Եհովան առատապես կօրհնի մեզ, եթե Հոբի պես դիմանանք փորձություններին ու մեր անարատությունը պահենք։ Մենք տեսնում ենք, թե ինչ առատ օրհնություններ է Եհովան թափում իր ծառաների վրա այն բանի համար, որ նրանք ամբողջ աշխարհում ջանադրաբար քարոզում են բարի լուրը, ուստի բոլոր հիմքերն ունենք ուրախ լինելու մեր ծառայության մեջ։ Բայց այս մասին՝ հաջորդ հոդվածում։
Հիշո՞ւմ եք
• Ինչո՞ւ է Եհովան համբերատարություն դրսևորում։
• Ի՞նչ ենք սովորում մարգարեների համբերատարությունից։
• Ինչպե՞ս Հոբը համբերություն դրսևորեց, և ինչո՞վ ավարտվեցին նրա փորձությունները։
• Որտեղի՞ց գիտենք, որ Եհովայի համբերությունն անսահման չէ։
[նկար 18-րդ էջի վրա]
Հիսուսը կատարելապես արտացոլեց իր Հոր համբերատարությունը
[նկարներ 20-րդ էջի վրա]
Ինչպե՞ս Եհովան պարգևատրեց Երեմիային նրա դրսևորած համբերության համար
[նկարներ 21-րդ էջի վրա]
Ինչպե՞ս Եհովան պարգևատրեց Հոբին նրա դրսևորած համբերության համար