«Պայքարէ՛ք հաւատի համար»
«Պայքարէք հաւատի համար, այն հաւատի, որ մի անգամ ընդմիշտ աւանդուեց սրբերին» (Յուդա 3)։
1. Ի՞նչ իմաստով են ճշմարիտ քրիստոնյաները պատերազմում այսօր։
ՊԱՏԵՐԱԶՄՈՂ զինվորներից պահանջվում է ուժերի մշտական լարում։ Պատկերացրեք մարտական հագուստ հագած զինվորներին, որոնք, տարվա բոլոր եղանակներին երթի դուրս գալով, անհամար կիլոմետրեր են հաղթահարում. ռազմական տեխնիկան յուրացնելու նպատակով զինվորական տաժանակիր նախապատրաստումների են ենթարկվում, կամ էլ ինքնապաշտպանության դիմում կյանքին սպառնացող տարբեր իրադրություններում։ Սակայն ճշմարիտ քրիստոնյաները ազգերի պատերազմներին չեն մասնակցում (Եսայիա 2։2—4; Յովհաննէս 17։14)։ Այնուամենայնիվ, մենք երբեք չպիտի մոռանանք, որ պատերազմում ենք հոգևոր իմաստով։ Սատանան ատելությամբ է լցված Հիսուս Քրիստոսի և նրա երկրային հետևորդների հանդեպ (Յայտնութիւն 12։17)։ Բոլոր նրանք, ովքեր որոշել են ծառայել Եհովա Աստծուն, ըստ էության, զորակոչվել են որպես հոգևոր պատերազմ մղող զինվորներ (Բ Կորնթացիս 10։4)։
2. Հուդան ինչպե՞ս բնութագրեց քրիստոնյաների պայքարը, և նրա նամակն ինչպե՞ս կարող է մեզ օգնել տոկալու։
2 Այդ կապակցությամբ Հիսուսի արյունակից եղբայր Հուդան գրեց. «Սիրելինե՛ր, ամէն ջանք յանձն էի առնում գրելու ձեզ մեր հասարակաց փրկութեան մասին. հարկ համարեցի գրել ձեզ եւ աղաչել, որ պայքարէք հաւատի համար, այն հաւատի, որ մի անգամ ընդմիշտ աւանդուեց սրբերին» (Յուդա 3)։ Երբ Հուդան հորդորեց քրիստոնյաներին «պայքարէլ հաւատի համար», նա օգտագործեց մի տերմին՝ կապելով այն «տանջանք» բառի հետ։ Այո՛, այս պայքարը կարող է ծանր լինել, նույնիսկ՝ տանջալից։ Գտնո՞ւմ եք արդյոք, որ երբեմն դժվար է տոկալ այս պայքարում։ Հուդայի կարճ, բայց ազդեցիկ նամակը կարող է օգնել մեզ։ Նա հորդորում է դիմադրել անբարոյությանը, հարգել աստվածային իշխանությունը և պահել մեզ Աստծու սիրով։ Եկեք տեսնենք, թե ինչպես կարելի է կիրառել այս խորհուրդները։
Դիմադրե՛ք անբարոյությանը
3. Հուդայի օրերում քրիստոնեական ժողովներին սպառնացող ի՞նչ տագնապալի իրադրություն էր ստեղծվել։
3 Հուդան պարզորոշ տեսավ, որ իր հավատակիցներից ոչ բոլորին էր հաջողվում հաղթանակել Սատանայի դեմ մղվող պայքարում։ Հոտին սպառնացող տագնապալի իրադրություն էր ստեղծվել։ Հուդան գրում է, որ այլասերված մարդիկ ‘սողոսկել էին նրանց մէջ’։ Այս մարդիկ խարդախությամբ անբարոյություն էին սերմանում և ճարպկորեն արդարացնում իրենց արարքները՝ ‘Աստծու շնորհը [«անարժան բարությունը», ՆԱ] վերածելով անառակութեան’ (Յուդա 4)։ Հնարավոր է, որ վաղեմի գնոստիկների նման նրանք էլ էին պատճառաբանում, թե որքան շատ է անհատը մեղանչում, այնքան ավելի է արժանի Աստծու ողորմածությանը, այնպես որ շատ մեղք գործելն ավելի լավ է։ Կամ, թերևս, նրանք եզրակացնում էին, թե Աստված այնքան բարի է, որ իրենց երբեք չի պատժի։ Բոլոր պարագաներում էլ նրանք սխալ էին (Ա Կորնթացիս 3։19)։
4. Որո՞նք են Հուդայի կողմից հիշատակված երեք Սուրբ գրային օրինակները, երբ Եհովան դատաստան գործադրեց։
4 Հուդան հերքեց նման անհատների չար դատողությունները՝ հիշատակելով վաղեմի ժամանակներում Եհովայի գործադրած դատաստաններից երեքը. ընդդեմ իսրայելացիների, որոնք «անհաւատներ» էին. ընդդեմ «հրեշտակների, որ.... լքեցին իրենց բնակութեան տեղը»՝ անբարո կապեր հաստատելով կանանց հետ. և ընդդեմ Սոդոմ ու Գոմոր քաղաքների բնակիչների, որոնք «պոռնկացան՝ անբնական կրքերի ետեւից ընկնելով» (Յուդա 5—7; Ծննդոց 6։2—4; 19։4—25; Թուոց 14։35)։ Ինչպես տեսնում ենք, այս երեք դեպքերում էլ Եհովան հզոր դատաստան գործադրեց կատարված մեղքերի համար։
5. Հուդան վաղեմի ո՞ր մարգարեի խոսքերն է վկայակոչել, և ինչպե՞ս էր այդ մարգարեությունից երեվում, որ այն անպայման կատարվելու էր։
5 Քիչ ուշ Հուդան հիշեցրեց ավելի ծանր հետևանքներ ունեցող դատաստանի մասին։ Նա վկայակոչեց Ենովքի մարգարեությունը՝ մի իրադարձություն, որը Սուրբ գրություններում ուրիշ որևէ տեղ չի արձանագրվածa (Յուդա 14, 15)։ Ենովքը նախագուշակեց այն ժամանակաշրջանը, երբ Եհովան պիտի դատեր բոլոր ամբարիշտ մարդկանց իրենց չար գործերի համար։ Հետաքրքիր է, որ Ենովքն Աստծու դատաստանների մասին խոսեց անցյալ ժամանակով և այնպիսի վստահությամբ, որ կարծես թե դրանք արդեն կատարվել էին։ Մարդիկ, որոնք ավելի ուշ ծաղրեցին Նոյին, գուցե ժամանակին ծաղրել են նաև Ենովքին, սակայն համաշխարհային Ջրհեղեղի ժամանակ բոլոր ծաղրողներն էլ խեղդվեցին։
6. ա) Հուդայի օրերում քրիստոնյաներն ինչի՞ հիշեցման կարիքն ունեին։ բ) Ինչո՞ւ պիտի Հուդայի հիշեցումները սրտանց ընդունենք։
6 Հուդան ինչո՞ւ գրեց աստվածային այս դատաստանների մասին։ Որովհետև նրան հայտնի էր, որ ոմանք, ովքեր իր օրերում հաղորդակցվում էին քրիստոնեական ժողովների հետ, նույն ստոր ու դատապարտելի մեղքերն էին գործում, ինչ որ այդ դատաստաններին արժանացածները։ Հուդան այսպիսով ցույց տվեց, որ ժողովները բոլորին քաջածանոթ հոգևոր ճշմարտությունների հիշեցման կարիքն ունեին (Յուդա 5)։ Նրանք, անկասկած, մոռացել էին, որ Եհովա Աստված տեսնում էր իրենց արարքները։ Այո՛, Աստծու աչքից չի վրիպում, երբ իր ծառաները կանխամտածված խախտում են իր օրենքները՝ պղծելով իրենց և այլոց (Առակաց 15։3)։ Ցանկացած նման արարք խորապես վիրավորում է Աստծուն (Ծննդոց 6։6; Սաղմոս 78։40)։ Երկյուղ է ներշնչում այն միտքը, որ մենք՝ չնչին արարածներս, կարող ենք հուզել ողջ տիեզերքի Տիրակալին։ Նա ամեն օր դիտում է մեզ, և երբ նկատում է իր որդի Հիսուս Քրիստոսի հետքերին հնարավորության սահմաններում ճշգրտորեն հետևելու մեր ջանքերը, նրա սիրտն ուրախությունից ցնծում է։ Եկեք, ուրեմն, երբեք չխռովվենք, երբ Հուդայի խորհուրդների նման հիշեցումներ ստանանք, այլ ամբողջ սրտով ընդունենք դրանք (Առակաց 27։11; Ա Պետրոս 2։21)։
7. ա) Ինչո՞ւ լուրջ մեղքերի մեջ խճճվածները հրատապ օգնություն փնտրելու կարիքն ունեն։ բ) Ինչպե՞ս կարող ենք խուսափել անբարոյությունից։
7 Եհովան ոչ միայն տեսնում է, այլ նաև՝ գործում։ Լինելով արդարության Աստված՝ նա վաղ թե ուշ պատժում է մեղավորներին (Ա Տիմոթէոս 5։24)։ Այն մարդիկ, ովքեր պատճառաբանում են, թե Աստծու դատաստանները պարզապես անցած–գնացած պատմություններ են, և որ նրան չեն մտահոգում ներկայումս կատարվող մեղքերը, ուղղակի մոլորված են։ Այսօր նրանց համար, ովքեր խճճվել են անբարոյության ցանցի մեջ, շատ կարևոր է օգնության համար անհապաղ դիմել քրիստոնյա երեցներին (Յակոբոս 5։14, 15)։ Մեր հոգևոր պատերազմում մեզանից յուրաքանչյուրը պիտի ծայր աստիճան զգոն լինի անբարոյություն գործելու սպառնալիքի հանդեպ։ Ամեն տարի «կորուստներ» են լինում. մեր միջից վտարվում են մեծ մասամբ անբարո արարքներ գործող և չզղջացող անձինք։ Ուրեմն, պետք է հաստատակամորեն դիմադրենք ցանկացած գայթակղության, որը կարող է մեզ դեպի այդ ուղին առաջնորդել (համեմատեք Մատթէոս 26։41)։
Հարգե՛ք աստվածային իշխանությունը
8. Ովքե՞ր են Հուդայի նամակի 8–րդ խոսքում հիշատակված «մեծափառները»։
8 Հուդան իր նամակում անդրադարձավ մեկ այլ՝ աստվածային իշխանության հանդեպ հարգանքի բացակայության խնդրին։ Հուդա 8–րդ խոսքում նա մեղադրեց այդ նույն չարակամ մարդկանց, որոնք ‘մեծափառներուն դէմ կը հայհոյեին’ (Արևմտահայերեն թարգմանություն)։ Ովքե՞ր էին այդ «մեծափառները»։ Դրանք թեև անկատար, բայց Եհովայի սուրբ հոգու միջոցով պատասխանատվություններ ստացած մարդիկ էին։ Օրինակ՝ ժողովներում կային երեցներ, որոնց հանձնարարված էր հովվել Աստծու հոտը (Ա Պետրոս 5։2)։ Կային նաև շրջագայող վերակացուներ, ինչպես Պողոս առաքյալը։ Երուսաղեմում երեցների մարմինը հանդիսանում էր կառավարիչ մարմին, որի կայացրած որոշումները գործում էին բոլոր քրիստոնեական ժողովներում (Գործք 15։6)։ Հուդան խորապես մտահոգված էր, քանի որ ժողովների ներկայացուցիչներից ոմանք վիրավորում կամ հայհոյում էին այդ մարդկանց։
9. Իշխանությունների հանդեպ անհարգալից վերաբերմունքի ի՞նչ օրինակներ է հիշատակում Հուդան։
9 Դատապարտելով այդ չարախոսությունները՝ Հուդա 11–րդ խոսքում Հուդան, որպես հիշեցում, մեջբերեց ևս երեք՝ Կայենի, Բաղաամի և Կորխի օրինակները։ Կայենն արհամարհեց Եհովայի սիրալիր խորհուրդը և համառորեն շարունակեց հետևել իր թշնամաբար տրամադրված ընթացքին (Ծննդոց 4։4—8)։ Բաղաամը ստացավ կրկնակի նախազգուշացումներ, որոնք, անկասկած, գերբնական աղբյուրից էին գալիս. նույնիսկ սեփական էշը խոսեց իր հետ։ Բայց Բաղաամը եսասիրաբար շարունակեց Աստծո ժողովրդի դեմ դավադրությունը (Թուոց 22։28, 32—34; Երկրորդ Օրինաց 23։5)։ Կորխը չբավարարվեց իր ունեցած պատասխանատու դիրքով և ապստամբեց երկրի ամենահեզ մարդու՝ Մովսեսի դեմ (Թուոց 12։3; 16։1—3, 32)։
10. Ինչո՞ւ այսօր ոմանք կարող են ‘մեծափառներուն դէմ հայհոյելու’ ծուղակն ընկնել, և ինչո՞ւ պիտի այդպիսի խոսակցություններից խուսափենք։
10 Որքա՜ն տպավորիչ են այս օրինակները. նրանք սովորեցնում են մեզ լսել խորհուրդը և հարգել նրանց, որոնց Եհովան որպես պատասխանատու անձ է օգտագործում (Եբրայեցիս 13։17)։ Դժվար չէ նշանակված երեցների թերությունները նկատել, քանի որ նրանք, ինչպես և մենք, անկատար են։ Սակայն, եթե մեր ուշադրությունը կենտրոնացնենք այդ թերությունների վրա և չհարգենք նրանց, ապա չե՞նք դառնա ‘մեծափառներուն դէմ հայհոյողներ’։ Հուդա 10–րդ խոսքում Հուդան հիշատակում է նրանց մասին, ովքեր ‘հայհոյում էին այն բանի դէմ, որ չգիտեին’։ Ոմանք, թերևս, քննադատում են երեցների մարմնի կամ դատական հանձնաժողովի ընդունած որոշումը։ Բայց չէ՞ որ նրանք չգիտեն այն բոլոր մանրամասնությունները, որոնք երեցները նկատի են առել ճիշտ որոշում կայացնելու համար։ Այդ դեպքում ինչո՞ւ չարախոսել չիմացած բաների մասին (Առակաց 18։13)։ Այն անհատները, ովքեր շարունակում են նման բացասական լուրեր տարածել, կարող են ժողովներում պառակտումների պատճառ դառնալ և գուցե նմանվեն քրիստոնեական ժողովներին սպառնացող «գայթակղութեան ժայռերի» (Յուդա 12 (ԱԹ), Հուդա 16, 19)։ Անշուշտ, ոչ մի դեպքում չպետք է ուրիշներին հոգևոր վտանգի տակ դնենք։ Ընդհակառակը, թող մեզանից յուրաքանչյուրը երախտապարտ լինի պատասխանատու եղբայրներին իրենց կատարած ծանր գործի և Աստծու հոտին նվիրված լինելու համար (Ա Տիմոթէոս 5։17)։
11. Միքայելն ինչո՞ւ խուսափեց Սատանայի հանդեպ դատաստան ի գործ դնելուց։
11 Հուդան մատնանշեց նրան, ով իշխանության հանդեպ պատշաճ հարգանք մատուցելու լավ օրինակ թողեց։ Նա գրեց. «Միքայէլ հրեշտակապետը, բանսարկու Սատանայի հետ, Մովսէսի մարմնի մասին վիճելիս, չհամարձակուեց հայհոյալից խօսքերով դատապարտել նրան, այլ ասաց. «Թող Տէրը քեզ սաստի» » (Յուդա 9)։ Այս ուշագրավ հաղորդագրությունից, որը Սուրբ գրություններում արձանագրված է միայն Հուդայի թղթում, կարող ենք երկու տարբեր դասեր քաղել։ Նախ և առաջ՝ այն սովորեցնում է մեզ Եհովային թողնել դատավճիռը։ Սատանան, անկասկած, ի նպաստ կեղծ պաշտամունքի, ցանկացավ սխալ կերպով գործածել հավատարիմ Մովսեսի մարմինը։ Ինչպիսի՜ նենգ դիտավորություն։ Այնուամենայնիվ, Միքայելը համեստորեն խուսափեց դատաստան ի գործ դնելուց, որովհետև այդպիսի իշխանություն ուներ միայն Եհովան։ Ուրեմն, որքա՜ն ավելի պիտի մենք խուսափենք հավատարիմ մարդկանց դատելուց, ովքեր ձգտում են Եհովային ծառայություն մատուցել։
12. Միքայելի օրինակից ի՞նչ կարող են սովորել նրանք, ովքեր քրիստոնեական ժողովում իշխանություն ունեն։
12 Մյուս կողմից, նրանք, ովքեր ժողովում իշխանություն ունեն, նույնպես կարող են ընդօրինակել Միքայելին։ Վերջիվերջո, Միքայելը, «հրեշտակապետ», այսինքն՝ բոլոր հրեշտակների առաջնորդը լինելով հանդերձ, չչարաշահեց իր հզոր դիրքը, նույնիսկ երբ նրա դեմ գործ հարուցվեց։ Անձնվեր երեցները ուշադրությամբ հետևում են այս օրինակին և գիտակցում, որ իրենց տրված իշխանությունը չարաշահելու դեպքում կանարգեն Եհովայի գերիշխանությունը։ Հուդայի նամակում բազմիցս խոսվում է այն մարդկանց մասին, որոնք հարգալից դիրք ունեին ժողովներում, սակայն չարաշահեցին իրենց իշխանությունը։ Օրինակ՝ Հուդա 12—14–րդ համարներում Հուդան իր գրչով խստորեն դատապարտում է ‘[«հովիվներին», ՆԱ], որոնք իրանց անձերն էին արածեցնում’ (ԱԹ) (համեմատեք Եզեկիէլ 34։7—10)։ Ուրիշ խոսքով, նրանց նախ և առաջ հետաքրքրում էր սեփական շահը, և ոչ թե Եհովայի հոտը։ Այս բացասական օրինակները երեցների համար լավ դաս կարող են ծառայել։ Հուդայի խոսքերն իրոք որ տալիս են այն ամենի վառ բնութագիրը, ինչից պիտի խուսափենք։ Եթե եսասիրությանը տեղիք տանք, չենք կարող Քրիստոսի զինվորները լինել, քանի որ կտարվենք մեր անձնական շահը փնտրելով։ Ուրեմն եկեք ապրենք Հիսուսի այս խոսքերի համաձայն. «Երանելի՜ է մանաւանդ տալը, քան առնելը» (Գործք 20։35)։
‘Պահե՛ք ձեզ Աստծու սիրով’
13. Ինչո՞ւ պիտի ձգտենք պահել մեզ Աստծու սիրով։
13 Իր նամակի վերջում Հուդան հետևյալ սրտաշարժ խորհուրդն է տալիս. ‘Պահե՛ք ձեզ Աստծու սիրով’ (Յուդա 21)։ Քրիստոնեական պատերազմ մղելու գործում մեզ մեծապես կօգնի Եհովա Աստծու սիրով ապրելը։ Չէ՞ որ սերը Եհովայի գերիշխող հատկությունն է (Ա Յովհաննէս 4։8)։ Պողոս առաքյալը Հռոմի քրիստոնյաներին գրեց. «Վստահ եմ, թէ ո՛չ մահը, ո՛չ կեանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանութիւնները, ո՛չ այլ բաներ, որ այժմ կան, ո՛չ գալիքները եւ ո՛չ զօրութիւնները, ո՛չ բարձրութիւն, ո՛չ խորութիւն եւ ո՛չ մի ուրիշ արարած չի կարող բաժանել մեզ Աստծու այդ սիրուց, որ կայ մեր Տէր Քրիստոս Յիսուսով» (Հռովմայեցիս 8։38, 39)։ Սակայն ինչպե՞ս մնանք այդ սիրո մեջ։ Հուդայի նամակի համաձայն՝ նկատի առնենք այն երեք կերպերը, որոնք կարող ենք կիրառել։
14, 15. ա) Ի՞նչ է նշանակում մեր անձերը կառուցել «հաւատի սրբութեամբ»։ բ) Ինչպե՞ս կարող ենք քննել մեր հոգևոր սպառազինության վիճակը։
14 Նախ և առաջ՝ Հուդան պատվիրում է մեր անձերը շարունակ կառուցել «հաւատի սրբութեամբ» (Յուդա 20)։ Ինչպես տեսանք նախորդ հոդվածում, դա շարունակական պրոցես է։ Մենք նման ենք կառույցների, որոնք հնարավորին չափ պետք է ամուր կառուցվեն, որպեսզի դիմակայեն բնության ավերիչ արհավիրքներին (համեմատեք Մատթէոս 7։24, 25)։ Ուրեմն եկեք երբեք ինքնավստահ չլինենք, այլ ուշադրություն դարձնենք, թե որ հարցում պետք է մեր հավատի հիմքը շարենք՝ դառնալով Քրիստոսի ավելի ուժեղ, անչափ հավատարիմ զինվորը։ Կարող ենք խորհել Եփեսացիս 6։11—18 խոսքերում նկարագրված հոգևոր սպառազինության բաղադրիչների մասին։
15 Ի՞նչ աստիճանի ենք հոգևոր սպառազինված։ Մեր «հաւատի վահանն» արդյո՞ք այնքան ամուր է, որքան պետք է լինի։ Երբ մենք հայացք ենք նետում վերջին տարիների վրա, նկատո՞ւմ ենք անհոգ վերաբերմունքի նշաններ, ինչպես՝ ժողովներին հաճախումների նվազում, ծառայության նկատմամբ եռանդի կորուստ կամ անձնական ուսումնասիրության նախաձեռնության պակաս։ Այս նշանները վտանգավոր հետևանքներ կարող են ունենալ։ Հիմա հավատի մեջ կառուցվելու և ամրանալու ժամանակն է (Ա Տիմոթէոս 4։15; Բ Տիմոթէոս 4։2; Եբրայեցիս 10։24, 25)։
16. Ի՞նչ է նշանակում աղոթել սուրբ հոգով, և ի՞նչ պետք է կանոնավորապես խնդրենք Եհովայից։
16 ‘Աստծու սիրով մեզ պահելու’ երկրորդ երեսակը շարունակ ‘Սուրբ Հոգով աղօթելն’ է (Յուդա 20)։ Դա նշանակում է աղոթել Եհովային՝ գտնվելով նրա սուրբ հոգու ազդեցության տակ, և աղոթել նրա հոգով ներշնչված Խոսքի համաձայն։ Աղոթքը Եհովային անհատապես մոտենալու և նրան մեր նվիրվածությունն արտահայտելու կարևորագույն միջոցն է։ Երբեք մի՛ արհամարհեք այս հրաշալի առանձնաշնորհումը։ Աղոթելիս կարող ենք շարունակ խնդրել նրա սուրբ հոգին (Ղուկաս 11։13, ԱԹ)։ Դա հզոր ուժ է, որը մատչելի է մեզ համար։ Այսպիսի օգնության շնորհիվ կկարողանանք միշտ ‘մեզ պահել Աստծու սիրով’ և տոկալ որպես Քրիստոսի զինվորներ։
17. ա) Ինչո՞վ է ուշագրավ Հուդայի ողորմության օրինակը։ բ) Ինչպե՞ս կարող է մեզանից յուրաքանչյուրը շարունակ ողորմություն ցուցաբերել։
17 Եվ երրորդ՝ Հուդան հորդորում է շարունակ ողորմություն ցույց տալ (Յուդա 22, ԱԹ)։ Այս հարցում ուշագրավ է նրա անձնական օրինակը։ Հասկանալի պատճառներով Հուդան մտահոգված էր քրիստոնեական ժողով սողոսկած այնպիսի երևույթների համար, ինչպիսիք էին՝ ազնվության անկումը, անբարոյությունը և հավատուրացությունը։ Սակայն նա խուճապի չմատնվեց՝ մտածելով, որ ստեղծված իրավիճակում շատ վտանգավոր էր ողորմության նման «մեղմ» հատկություն ցուցաբերելը։ Ընդհակառակը, նա հորդորեց իր եղբայրներին հարատևել բոլոր հնարավոր դեպքերում ողորմություն ցույց տալու մեջ, բարություն ցուցաբերել նրանց հանդեպ, ովքեր տանջվում էին կասկածներից, և նույնիսկ «կրակից խլել» այն անհատներին, ովքեր, ճշմարիտ ուղուց շեղված, ծանր մեղք գործելու ճանապարհին էին (Յուդա 23; Գաղատացիս 6։1)։ Այս դժվարին ժամանակներում երեցների համար ինչպիսի՜ հիանալի հորդոր։ Նրանք նույնպես ջանում են ողորմություն ցուցաբերել այնտեղ, որտեղ դրա անհրաժեշտությունը կա, և մեղմության փոխարեն՝ հաստատակամություն, երբ հարկավոր է։ Մեզանից յուրաքանչյուրը նմանապես ցանկանում է ողորմություն ցուցաբերել ուրիշի հանդեպ։ Օրինակ՝ չնչին բաներում դժգոհություն հայտնելու փոխարեն, կարող ենք մեծահոգությամբ ներել (Կողոսացիս 3։13)։
18. Ինչո՞ւ կարող ենք վստահ լինել, որ մեր հոգևոր պատերազմում հաղթանակ կտոնենք։
18 Դյուրին չէ մեր պատերազմը։ Ինչպես Հուդան ասաց, դա «ծանր պայքար» է (Յուդա 3, ՆԱ)։ Մեր թշնամիներն ուժեղ են։ Ոչ միայն Սատանան, այլ նաև նրա չար աշխարհն ու մեր անկատարությունը մի գծի վրա կանգնել են մեր դեմ։ Բայց և այնպես, մենք լիովին վստահ ենք, որ կհաղթենք։ Ինչո՞ւ։ Որովհետև Եհովայի կողմն ենք դիրք բռնել։ Հուդան իր նամակը եզրափակեց հիշեցումով, որ Եհովան արժանի է ընդունելու «փա՜ռք, մեծութի՜ւն, զորութի՜ւն եւ իշխանութի՜ւն բոլոր ժամանակներից առաջ, ե՛ւ այժմ, ե՛ւ բոլոր ժամանակներում» (Յուդա 25)։ Այս խոսքերը երկյուղ չե՞ն ներշնչում։ Հետևաբար, պիտի կասկածե՞ք, որ այդ նույն Աստված «կարո՛ղ է պահել ձեզ անարատ» (Յուդա 24)։ Իհարկե, ո՛չ։ Թող որ մեզանից յուրաքանչյուրը վճռականություն ցուցաբերի անբարոյությանը դիմադրելու, աստվածային իշխանության հանդեպ հարգանք ցուցաբերելու և մեզ Աստծու սիրով պահելու մեջ։ Արդյունքում՝ բոլորս միասին փառավոր հաղթանակ կտոնենք։
[ծանոթագրություն]
a Որոշ հետազոտողներ հայտարարում են, որ Հուդան մեջբերում է կատարել պարականոն (ապոկրիֆային) «Ենովքի գրքից»։ Սակայն, Ռ. Լենսկին նշում է. «Հարց է ծագում. որո՞նք են այս բանաքաղի աղբյուրները։ Գրքում այնքան լրացումներ կան, որ ոչ ոք չի կարող ստույգ ասել, թե երբ են գրվել նրա տարբեր մասերը... ոչ մեկը չի կարող համոզվածությամբ պնդել, թե գրքի որոշ խոսքեր չեն վերցվել, օրինակ, Հուդայի թղթից։
Հարցեր՝ վերանայելու համար
◻ Ինչպե՞ս է Հուդայի նամակը սովորեցնում մեզ դիմադրել անբարոյությանը
◻ Ինչո՞ւ է այդքան կարևոր հարգել աստվածային իշխանությունը
◻ Ժողովում ունեցած իշխանության չարաշահումն ինչո՞ւ է այդքան լուրջ հարց
◻ Ինչպե՞ս կարող ենք պահել մեզ Աստծու սիրով