Քայլենք Աստծու հետ այս անհանգիստ ժամանակներում
«Ենովք Աստուծոյ հետ քալեց եւ չէր գտնուեր, քանզի Աստուած առաւ զանիկա» (ԾՆՆԴՈՑ 5։24, ԱԱ)։
1. Նշիր մեր աղետալի ժամանակներին բնորոշ առանձնահատկություններից մի քանիսը։
ԱՆՀԱՆԳԻՍՏ ժամանակներ։ Այս խոսքերը շատ դիպուկ են նկարագրում մեր հուզումնալից, բռնությամբ լեցուն ժամանակաշրջանը։ Մարդկությունը այսպիսի պայմաններում է գտնվում՝ սկսած 1914 թ.–ից, երբ ծնունդ առավ Մեսիական Թագավորությունը։ Այդ ժամանակվանից ի վեր մարդիկ ապրում են ‘վերջին օրերում’ (ԱԱ)։ Այնպիսի աղետները, ինչպիսիք են՝ սովը, հիվանդությունները, երկրաշարժերն ու պատերազմները, աննախադեպ չափերի են հասել՝ պատուհաս դառնալով նրանց համար (Բ Տիմոթէոս 3։1; Յայտնութիւն 6։1–8)։ Այս ամենից պաշտպանված չեն նաև Եհովայի երկրպագուները։ Բոլորս էլ այս կամ այն չափով բախվում ենք մեր ժամանակներին բնորոշ դժվարություններին՝ չիմանալով, թե վաղվա օրն ինչ կբերի։ Տնտեսական խնդիրները, անկայուն քաղաքական վիճակը և հիվանդությունները պրոբլեմներից մի քանիսն են, որոնք մեծապես դժվարացնում են կյանքը։
2. Ի՞նչ դժվարությունների են բախվում Եհովայի ծառաները։
2 Դեռ ավելին, քանի որ Սատանան պատերազմում է նրանց դեմ, ովքեր «Աստուծոյ պատուիրանքները պահում են, եւ Յիսուսի Քրիստոսի վկայութիւնն ունին», Եհովայի ծառաներից շատերը անընդհատ բախվում են ուժգին հալածանքների (Յայտնութիւն 12։17)։ Ու թեև բոլորս չէ, որ անձամբ հալածանքներ ենք կրում, սակայն բոլոր քրիստոնյաները պետք է պայքարեն Բանսարկու Սատանայի դեմ։ Նրանք պետք է նաև ընդդիմանան այն ոգուն, որը Սատանան սերմանում է մարդկանց մեջ (Եփեսացիս 2։2; 6։12)։ Հարկավոր է միշտ զգոնություն պահպանել, որպեսզի այդ ոգին չազդի մեզ վրա։ Դա անհրաժեշտ է, քանի որ այդ ոգին տիրում է աշխատանքի վայրում, դպրոցում և բոլոր այն տեղերում, որտեղ առնչվում ենք ճշմարիտ երկրպագության հանդեպ անտարբեր մարդկանց հետ։
Քայլենք Աստծու հետ և ոչ թե ‘հեթանոսների’
3, 4. Ի՞նչ առումով են քրիստոնյաները տարբերվում այս աշխարհից։
3 Առաջին դարում նույնպես քրիստոնյաները ծանր պայքար էին մղում այս աշխարհի ոգու դեմ, և դրանով նրանք խիստ տարբերվում էին այն մարդկանցից, ովքեր քրիստոնեական ժողովի անդամներ չէին։ Պողոսը ցույց տվեց այդ տարբերությունը՝ գրելով. «Արդ սա եմ ասում եւ վկայում Տէրով, որ դուք այլ եւս չ’գնաք ինչպէս ուրիշ հեթանոսներն են գնում իրանց մտքի ունայնութիւնովը, որ խաւարուած են մտքով, եւ օտար՝ Աստուծոյ կեանքիցը, այն տգէտութեան պատճառովը որ նորանցում է. իրանց սրտերի կուրութեան համար։ Որ անզգայացած՝ իրանց անձերը մատնեցին անառակութեան ամեն պղծութեան գործերի մէջ ագահութիւնով» (Եփեսացիս 4։17–19)։
4 Այս արտահայտիչ խոսքերը լավ նկարագրում են այն հոգևոր և բարոյական խավարը, որն իշխում է աշխարհում։ Այդպես է եղել Պողոսի օրերում, այդպես է նաև հիմա։ Թե՛ առաջին դարում, թե՛ այսօր քրիստոնյաները ‘չեն գնում ինչպես հեթանոսները’։ Ընդհակառակը՝ նրանք քայլում են Աստծու հետ, և դա հիանալի առանձնաշնորհում է։ Բայց ոմանք գուցե հարցնեն, թե կարող է արդյոք անկատար, չնչին մարդ արարածը քայլել Եհովայի հետ։ Աստվածաշունչը ցույց է տալիս, որ կարող է։ Ավելին, Եհովան ակնկալում է, որ մենք այդպես վարվենք։ Մ.թ.ա. 8–րդ դարում Միքիա մարգարեն Աստծու ներշնչմամբ գրեց հետևյալ խոսքերը. «Քեզ յայտնել է, ով մարդ, թե ինչ է բարին. եւ Տէրը ի՞նչ է ուզում քեզանից, այլ միայն իրաւունք անել, ողորմութիւն սիրել, եւ խոնարհութեամբ վարուիլ [«քալել», ԱԱ] քո Աստուծոյ հետ» (Միքիա 6։8)։
Քայլել Աստծու հետ. ինչպե՞ս և ինչո՞ւ
5. Անկատար մարդն ինչպե՞ս կարող է քայլել Աստծու հետ։
5 Ինչպե՞ս կարող ենք քայլել Ամենազոր, անտեսանելի Աստծու հետ։ Իհարկե, ոչ այնպես, ինչպես մարդու հետ ենք քայլում։ «Քայլել» բառը Աստվածաշնչում կարող է կրել «որոշակի գործելակերպ ունենալու»a իմաստ։ Հաշվի առնելով այս տեղեկությունը՝ հասկանում ենք, որ քայլել Աստծու հետ նշանակում է կյանքի այնպիսի ուղի ընտրել, որը ցույց է տալիս Աստված, և որը հաճելի է նրան։ Այդպիսի կյանք վարելով՝ սկսում ենք տարբերվել մեր շուրջը եղող մարդկանցից։ Սակայն դա միակ ճիշտ ընտրությունն է քրիստոնյայի համար։ Ինչո՞ւ։ Մի շարք պատճառներով։
6, 7. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Աստծու հետ քայլելը կյանքի լավագույն ուղին է։
6 Նախևառաջ՝ Եհովան մեր Արարիչն է ու կյանքի Աղբյուրը։ Նա բավարարում է կյանքի համար անհրաժեշտ մեր բոլոր կարիքները (Յայտնութիւն 4։11)։ Ուստի միայն նա իրավունք ունի ասելու մեզ, թե ինչպես քայլենք։ Բացի դրանից, Աստծու հետ քայլելը կյանքի ամենավարձահատույց ուղին է։ Իր հետ քայլողներին Եհովան հնարավորություն է ընձեռում ստանալու մեղքերի թողություն։ Աստված նաև հավիտենական կյանքի հաստատուն հույս է տալիս նրանց։ Մեր սիրառատ երկնային Հայրը նաև իմաստուն խորհուրդներ է տալիս, որոնք օգնում են իր հետ քայլողներին կյանքում հաջողությունների հասնել, չնայած այն բանին, որ անկատար են և ապրում են Սատանայի իշխանության տակ գտնվող աշխարհում (Յովհաննէս 3։16; Բ Տիմոթէոս 3։15, 16; Ա Յովհաննէս 1։8; 2։25; 5։19)։ Աստծու հետ քայլելու պատճառներից մեկն էլ այն է, որ, պատրաստ լինելով վարվել այդպես, նպաստում ենք ժողովի խաղաղությանն ու միասնությանը (Կողոսացիս 3։15, 16)։
7 Եվ վերջին ու ամենակարևոր պատճառն այն է, որ Աստծու հետ քայլելով՝ ցույց ենք տալիս, թե որն է մեր դիրքորոշումը Եդեմի պարտեզում ծագած վիճաբանական մեծ հարցում, որը վերաբերում է Աստծու գերիշխանությանը (Ծննդոց 3։1–6)։ Մենք մեր կյանքով ենք ցույց տալիս, որ ամբողջովին բռնել ենք Եհովայի կողմը։ Նաև անվախորեն քարոզում ենք, որ միայն նա է օրինական Գերիշխանը (Սաղմոս 83։18)։ Այդպիսով վարվում ենք համաձայն մեր աղոթքների, որոնցում խնդրում ենք, որ սրբացվի Աստծու անունը ու կատարվի նրա կամքը (Մատթէոս 6։9, 10)։ Որքա՜ն իմաստուն են նրանք, ովքեր որոշում են քայլել Աստծու հետ։ Այդ անհատները կարող են վստահ լինել, որ գնում են ճիշտ ուղղությամբ, քանզի Եհովան է «միայն իմաստուն»։ Նա երբեք չի սխալվում (Հռովմայեցիս 16։27)։
8. Ենովքի և Նոյի օրերը ինչո՞վ են նման մեր օրերին։
8 Բայց ինչպե՞ս է հնարավոր ապրել քրիստոնեավայել կերպով այս անհանգիստ ժամանակներում, երբ մարդկանց մեծամասամբ չի հետաքրքրում Եհովային ծառայելու միտքը։ Այս հարցի պատասխանը մենք ստանում ենք՝ քննելով հնում ապրած հավատարիմ անհատների օրինակը, որոնք պահել են իրենց անարատությունը չափազանց դժվար ժամանակներում։ Դրանցից երկուսը Ենովքն ու Նոյն էին։ Երկուսն էլ ապրել են այնպիսի օրերում, որոնք շատ նման են մեր օրերին։ Չարությունը շատացել էր։ Նոյի օրերում երկիրը լցվել էր բռնությամբ ու անբարոյությամբ։ Սակայն Ենովքն ու Նոյը հակառակվեցին իրենց ժամանակվա աշխարհի ոգուն և քայլեցին Եհովայի հետ։ Ինչպե՞ս դա նրանց հաջողվեց։ Պատասխանը ստանալու համար այս հոդվածում կքննարկենք Ենովքի օրինակը, իսկ հաջորդում՝ Նոյինը։
Ենովքը քայլեց Աստծու հետ անհանգիստ ժամանակներում
9. Ի՞նչ է մեզ հայտնի Ենովքի մասին։
9 Գրություններում հիշատակված առաջին մարդը, որը քայլեց Աստծու հետ, Ենովքն էր։ Աստվածաշունչն ասում է. «Ենովքն Աստուծոյ հետ վարուեցաւ [«քալեց», ԱԱ] Մաթուսաղային ծնելուց յետոյ» (Ծննդոց 5։22)։ Ապա, հայտնելով, թե որքան է ապրել Ենովքը (համեմատած մեզ հետ՝ շատ երկար, սակայն այն օրերի համար՝ կարճ), Սուրբ Գրություններն ասում են. «Ենովք Աստուծոյ հետ քալեց եւ չէր գտնուեր, քանզի Աստուած առաւ զանիկա» (Ծննդոց 5։24, ԱԱ)։ Ակներևաբար, Եհովան վերցրեց Ենովքի կյանքը, այսինքն՝ կենդանի մարդկանց աշխարհից ‘փոխադրեց’ (ԱԱ) նրան մահվան խավարի մեջ, նախքան հակառակորդները որևէ վնաս կհասցնեին նրան (Եբրայեցիս 11։5, 13)։ Այս մի քանի համարներից բացի, Ենովքի մասին քիչ հիշատակումներ կան Աստվածաշնչում։ Այնուամենայնիվ, մեզ հայտնի փաստերի, ինչպես նաև ուրիշ տեղեկությունների հիման վրա կարող ենք ասել, որ Ենովքն ապրում էր անհանգիստ ժամանակներում։
10, 11. ա) Մարդկությունն ինչպե՞ս ապականվեց Ադամի ու Եվայի ապստամբությունից հետո։ բ) Ի՞նչ մարգարեական պատգամ էր քարոզում Ենովքը, և թերևս ի՞նչ արձագանքների նա հանդիպեց։
10 Քննարկենք, թե որքան արագ ապականվեց մարդկությունը Ադամի մեղքից հետո։ Աստվածաշունչը հայտնում է, որ Ադամի անդրանիկ որդին՝ Կայենը, դարձավ առաջին մարդասպանը, երբ կյանքից զրկեց իր եղբորը՝ Աբելին (Ծննդոց 4։8–10)։ Աբելի մահից հետո Ադամն ու Եվան մեկ ուրիշ որդի ունեցան, որի անունը դրեցին Սեթ։ Վերջինիս մասին կարդում ենք. «Սէթին էլ մի որդի ծնուեցաւ, եւ նորա անունը կոչեց Ենովս. այն ժամանակ սկսուեցաւ Եհովայի անունը կանչելը» (Ծննդոց 4։25, 26)։ Ցավոք, Եհովայի անունը հավատով չէին կանչում։b Ենովսի ծնվելուց շատ տարիներ անց Կայենի զավակներից մեկը՝ Ղամեքը, մի երգ հորինեց իր երկու կանանց համար։ Այնտեղ նա հայտնում էր, որ սպանել է մի երիտասարդի, որը վնաս էր հասցրել նրան։ Նա զգուշացրեց. «Եթե Կայէնի վրէժը եօթնապատիկ առնուի, ապա Ղամէքինը՝ եօթանասուն եւ եօթն անգամ» (Ծննդոց 4։10, 19, 23, 24)։
11 Վերոհիշյալ համառոտ փաստերը ցույց են տալիս, որ Սատանայի դրդմամբ Եդեմի պարտեզում սկիզբ առած ապականության հետևանքով չարությունը արագորեն տարածվեց Ադամի սերունդների մեջ։ Ահա այդպիսի աշխարհում էր Ենովքը, որպես մարգարե, հայտնում Եհովայի զորեղ խոսքերը, որոնք արդիական են նաև մեր օրերում։ «Յուդա» գրքում կարդում ենք Ենովքի խոսքերը. «Ահա Տերը եկաւ իր բիւրաւոր սուրբերովը, որ դատաստան անէ ամենին, եւ նորանց ամբարիշտներին յանդիմանէ իրանց արած բոլոր ամբարիշտ գործերի համար, եւ բոլոր այն խիստ խօսքերի համար, որ ամբարիշտ մեղաւորները նորա դէմ խօսեցին» (Յուդա 14, 15)։ Այս խոսքերը վերջնականապես կիրականանան Արմագեդոնի ժամանակ (Յայտնութիւն 16։14, 16)։ Այնուամենայնիվ, մենք կարող ենք համոզված լինել, որ նույնիսկ Ենովքի օրերում կային բազմաթիվ ‘ամբարիշտ մեղավորներ’, որոնց զայրացնում էր նրա մարգարեական պատգամը։ Ինչպիսի՜ սեր դրսևորեց Եհովան՝ ազատելով մարգարեին նման մարդկանցից։
Ի՞նչը զորացրեց Ենովքին
12. Ինչո՞վ էր Ենովքը տարբերվում իր ժամանակակիցներից։
12 Եդեմի պարտեզում Ադամն ու Եվան լսեցին Սատանային։ Ադամն ըմբոստացավ Եհովայի դեմ (Ծննդոց 3։1–6)։ Սակայն նրանց որդի Աբելը ուրիշ ճանապարհ ընտրեց և արժանացավ Եհովայի հավանությանը (Ծննդոց 4։3, 4)։ Դժբախտաբար, Ադամի ժառանգներից քչերն էին Աբելի նման։ Մի քանի հարյուր տարի անց ծնվեց Ենովքը։ Ինչո՞վ էր նա տարբերվում Ադամի մյուս բոլոր զավակներից։ Պողոս առաքյալը պատասխանում է այս հարցին՝ գրելով. «Հաւատքով Ենովքը փոխուեցաւ որ մահ չ’տեսնէ. եւ չէր գտնվում. որովհետեւ Աստուած փոխեց նորան. որ իրան փոխուելուցն առաջ վկայուեցաւ որ հաճելի էր Աստուծուն» (Եբրայեցիս 11։5)։ Ենովքը մտնում է նախաքրիստոնեական շրջանի ‘վկաների բազմության’ մեջ, ովքեր հավատի վառ օրինակ են թողել (Եբրայեցիս 12։1)։ Հավատն էր, որ ուժ տվեց Ենովքին ճիշտ վարք դրսևորել ողջ կյանքում՝ 300 տարի, որ ավելի քան երեք անգամ գերազանցում է մեզանից շատերի կյանքի տևողությանը։
13. Ինչպիսի՞ հավատ ուներ Ենովքը։
13 Խոսելով Ենովքի և մյուս վկաների հավատի մասին՝ Պողոսը գրեց. «Հաւատքն էլ յուսացած բաների հաստատութիւնը՝ եւ չ’երեւացող բաների ապացոյցն է» (Եբրայեցիս 11։1)։ Այո՛, հավատը հաստատուն հիմք ունեցող հույսն է այն բանի, որ ակնկալիքն իրականություն կդառնա։ Ընդ որում, այդ ակնկալիքն այնքան մեծ է, որ անդրադառնում է մարդու նպատակների վրա։ Այդպիսի հավատը ուժ տվեց Ենովքին քայլել Աստծու հետ, չնայած որ մյուս բոլոր մարդիկ այդպես չէին վարվում։
14. Թերևս ի՞նչ ճշգրիտ գիտելիքների վրա էր հիմնված Ենովքի հավատը։
14 Իսկական հավատը հիմնված է ճշգրիտ գիտելիքների վրա։ Իսկ ի՞նչ գիտելիքներ ուներ Ենովքը (Հռովմայեցիս 10։14, 17; Ա Տիմոթէոս 2։4)։ Անկասկած, նա գիտեր, թե ինչ էր տեղի ունեցել Եդեմում։ Հավանաբար նաև լսել էր այն մասին, թե ինչպիսին էր եղել կյանքը այդ պարտեզում, որը թերևս այդ ժամանակ դեռ գոյություն ուներ, թեպետ մարդիկ չէին կարող մտնել այնտեղ (Ծննդոց 3։23, 24)։ Բացի այդ, նա գիտեր այն մասին, որ Աստված նպատակ ունի երկիրը լցնել Ադամի սերունդներով և այն վերածել սկզբնական Դրախտի նման մի վայրի (Ծննդոց 1։28)։ Ավելին, Ենովքը թանկ էր գնահատում Եհովայի այն խոստումը, համաձայն որի՝ Աստված մի Սերունդ էր առաջ բերելու, որը ջախջախելու էր Սատանայի գլուխը և վերացնելու էր վերջինիս խաբեության հետևանքով ծագած բոլոր չարիքները (Ծննդոց 3։15)։ Եվ իրոք, Ենովքի մարգարեական խոսքերում, որոնք պահպանվել են «Յուդա» գրքում, կանխագուշակվել է Սատանայի սերնդի ոչնչացման մասին։ Քանի որ Ենովքը հավատ ուներ, մենք գիտենք, որ նա երկրպագում էր Եհովային որպես այնպիսի Աստծու, որը ‘վարձահատույց է լինում իրան խնդրողներին’ (Եբրայեցիս 11։6)։ Թեև Ենովքը չուներ այնքան գիտելիքներ, որքան մենք, սակայն նրա իմացածը բավարար էր ամուր հավատ զարգացնելու համար։ Ունենալով այդպիսի հավատ՝ նա կարողացավ պահպանել իր անարատությունը անհանգիստ ժամանակներում։
Ընդօրինակիր Ենովքին
15, 16. Ինչպե՞ս կարող ենք հետևել Ենովքի օրինակին։
15 Քանի որ մենք նույնպես ցանկանում ենք հաճեցնել Եհովային ներկայիս անհանգիստ ժամանակներում, լավ կլինի ընդօրինակել Ենովքին։ Մենք պետք է ձեռք բերենք ճշգրիտ գիտելիքներ Եհովայի ու նրա նպատակների մասին և պահպանենք դրանք։ Սակայն ավելին է անհրաժեշտ։ Պետք է թույլ տանք, որ այդ ճշգրիտ գիտելիքները ուղղեն մեր ընթացքը (Սաղմոս 119։101; Բ Պետրոս 1։19)։ Մենք կարիք ունենք առաջնորդվելու Աստծու մտածելակերպով՝ միշտ ձգտելով հաճեցնել նրան մեր յուրաքանչյուր մտքով ու գործով։
16 Մենք չգիտենք, թե Ենովքի ժամանակներում ուրիշ ովքեր էին ծառայում Եհովային, սակայն ակնհայտ է, որ նա կա՛մ մենակ էր, կա՛մ փոքրամասնության մաս էր կազմում։ Աշխարհում մենք նույնպես փոքրամասնություն ենք կազմում, բայց դա մեզ չի վհատեցնում։ Եհովան կաջակցի մեզ՝ անկախ այն բանից, թե ովքեր կհակառակվեն մեզ (Հռովմայեցիս 8։31)։ Ենովքը բոլորին քաջաբար զգուշացնում էր անաստված մարդկանց մոտալուտ կործանման մասին։ Մենք նույնպես քաջաբար ենք վարվում՝ քարոզելով «արքայութեան այս աւետարանը»՝ չնայած ծաղրին, հակառակությանը և հալածանքին (Մատթէոս 24։14)։ Ենովքը այնքան երկար չապրեց, որքան իր ժամանակակիցներից շատերը և իր հույսը չդրեց աշխարհի վրա։ Նա իր աչքերը սևեռել էր ավելի արժեքավոր բանի վրա (Եբրայեցիս 11։10, 35)։ Մենք նույնպես մեր աչքերը սևեռում ենք Եհովայի նպատակների իրականացման վրա։ Ուստի այս աշխարհից լիովին չենք օգտվում (Ա Կորնթացիս 7։31)։ Դրա փոխարեն՝ մեր բոլոր ուժերն ու միջոցները օգտագործում ենք գլխավորապես Եհովային ծառայելու համար։
17. Ինչպիսի՞ գիտելիքներ մենք ունենք, որ չուներ Ենովքը, և ինչպե՞ս պետք է վարվենք։
17 Ենովքը հավատում էր, որ խոստացված Սերունդը հայտնվելու էր Եհովայի հաստատած ժամանակին։ Արդեն մոտ 2 000 տարի է, ինչ Սերունդը՝ Հիսուս Քրիստոսը, հայտնվել է, տվել փրկանքը և հավիտենական կյանքի ճանապարհ բացել ինչպես մեզ, այնպես էլ հնում ապրած հավատարիմ վկաների համար, որոնցից էր Ենովքը։ Այդ Սերունդը, որն այժմ նշանակվել է Աստծու Թագավորության Թագավոր, երկնքից Սատանային շպրտել է երկրի վրա, և արդյունքում տեսնում ենք, թե ինչ ցավալի իրավիճակ է տիրում մեր շուրջը (Յայտնութիւն 12։12)։ Այսօր մենք հնարավորություն ունենք ավելի շատ գիտելիքներ ձեռք բերելու, քան Ենովքը։ Թող որ մենք էլ նրա հավատի պես ամուր հավատ ունենանք։ Եվ թող մեր բոլոր գործերից երևա, որ վստահում ենք Եհովայի խոստումների իրականացմանը։ Ուրեմն եկեք մենք էլ Ենովքի նման քայլենք Աստծու հետ, չնայած որ ապրում ենք անհանգիստ ժամանակներում։
[ծանոթագրություններ]
a Տե՛ս «Գրությունների ըմբռնում», հ. 1, էջ 220, պարբ. 6, անգլ.։ Հրատարակվել է Եհովայի վկաների կողմից։
b Ենովսի օրերից առաջ Եհովան խոսել է Ադամի հետ։ Աբելը ընդունելի զոհ է մատուցել Եհովային։ Աստված անգամ խոսել է Կայենի հետ, նախքան նրա, նախանձից դրդված, սպանություն գործելը։ Ուստի երբ ‘սկսեցին կանչել Եհովայի անունը’, դա ամենայն հավանականությամբ արեցին մեկ ուրիշ ձևով, որը չէր համապատասխանում ճշմարիտ երկրպագության չափանիշներին։
Ինչպե՞ս կպատասխանեք
• Ի՞նչ է նշանակում քայլել Աստծու հետ։
• Ինչո՞ւ է Աստծու հետ քայլելը կյանքի լավագույն ուղին։
• Ի՞նչը օգնեց Ենովքին քայլել Աստծու հետ անհանգիստ ժամանակներում։
• Ինչպե՞ս կարող ենք ընդօրինակել Ենովքին։
[նկար 15–րդ էջի վրա]
Հավատով «Ենովք[ը] Աստուծոյ հետ քալեց»
[նկար 17–րդ էջի վրա]
Մենք հավատում ենք, որ Եհովայի խոստումները կիրականանան
[նկար 13–րդ էջի վրա. թույլտվությամբ]
Woman, far right: FAO photo/B. Imevbore; collapsing building: San Hong R-C Picture Company