Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w10 9/15 էջ 25–29
  • Մեր առաջնորդն այսօր

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Մեր առաջնորդն այսօր
  • 2010 Դիտարան
  • Ենթավերնագրեր
  • Նմանատիպ նյութեր
  • «Զտում» է իր ծառային
  • Հավաքում է «երկրի բերքը»
  • Առաջնորդում է ժողովներին
  • «Ե՛կ, Տե՛ր Հիսուս»
  • Կհասնի վերջնական հաղթանակին
  • «Ես ձեզ հետ եմ բոլոր օրերում»
    2013 Դիտարան
  • «Մեկն է ձեր առաջնորդը՝ Քրիստոսը»
    2010 Դիտարան
  • Սպասում ենք «մեծ ակնկալութեամբ»
    1998 Դիտարան
  • Դուք ընդունե՞լ եք «ճշմարտության ոգին»
    2002 Դիտարան
Ավելին
2010 Դիտարան
w10 9/15 էջ 25–29

Մեր առաջնորդն այսօր

«Նա դուրս գնաց հաղթելով և մինչև վերջ հաղթելու համար» (ՀԱՅՏՆ. 6։2)։

1, 2. ա) Գահակալված Քրիստոսն ինչպե՞ս է նկարագրվում Աստվածաշնչում։ բ) Ի՞նչ է արել Քրիստոսը թագադրվելուց հետո։

ՀԻՍՈՒՍ ՔՐԻՍՏՈՍԸ 1914​թ.-ին գահակալվեց որպես Եհովայի Մեսիական Թագավորության Թագավոր։ Ինչպիսի՞ն ենք պատկերացնում նրան այսօր։ Գահին նստած թագավո՞ր, որը ժամանակ առ ժամանակ մտախոհ նայում է երկրի վրա՝ տեսնելու, թե ինչպիսի վիճակում է իր ժողովը։ Եթե այսպես ենք պատկերացնում նրան, ապա հարկավոր է փոխել մեր տեսակետը։ «Սաղմոսներ» և «Հայտնություն» գրքերը նկարագրում են նրան որպես հզոր թագավոր, որը ձի հեծած գնում է «մինչև վերջ հաղթելու համար» և «հաջողության» է հասնում (Հայտն. 6։2; Սաղ. 2։6–9; 45։1–4)։

2 Գահ բարձրանալուց հետո առաջին բանը, որ Քրիստոսն արեց, «վիշապին և նրա հրեշտակներին» պարտության մատնելն էր։ Հիսուս Քրիստոսը, այսինքն՝ Միքայել հրեշտակապետը, և նրա հրեշտակները Սատանային ու նրա դևերին վտարեցին երկնքից և գցեցին երկրի մերձակայքը (Հայտն. 12։7–9)։ Հետո որպես «ուխտի պատգամաբեր»՝ Հիսուսն իր Հոր հետ եկավ հոգևոր տաճարը քննության ենթարկելու համար (Մաղ. 3։1)։ Այդ ժամանակ նա դատեց քրիստոնյա աշխարհը, որը «Մեծ Բաբելոնի» ամենադատապարտելի մասն է կազմում, և նրան մեղավոր ճանաչեց արյունահեղության և երկրի քաղաքականության հետ հոգևոր պոռնկություն գործելու մեջ (Հայտն. 18։2, 3, 24)։

«Զտում» է իր ծառային

3, 4. ա) Ի՞նչ իրագործեց Քրիստոսը որպես Եհովայի «պատգամաբեր»։ բ) Ի՞նչ բացահայտեց տաճարի քննությունը, և Հիսուսն ինչի՞ վրա նշանակեց իր «ծառային»։

3 Երբ Եհովան և իր «պատգամաբերը» քննության ենթարկեցին հոգևոր տաճարը, երկրային գավիթում ճշմարիտ քրիստոնյաների մի խումբ գտան, որը քրիստոնյա աշխարհի եկեղեցիներից զատված էր։ Սակայն օծյալ քրիստոնյաների այդ խումբը՝ «Ղևիի որդիները», պիտի զտվեր։ Այդ մասին Մաղաքիա մարգարեն նախագուշակել էր՝ ասելով. «Նա [Եհովան] կնստի որպես արծաթ զտող ու մաքրող և կմաքրի Ղևիի որդիներին։ Նա կզտի նրանց, ինչպես ոսկին ու արծաթը, և նրանք Եհովայի համար կդառնան մի ժողովուրդ, որն արդարությամբ է նվիրաբերման զոհ մատուցում» (Մաղ. 3։3)։ Եհովան «ուխտի պատգամաբերի»՝ Հիսուս Քրիստոսի միջոցով զտեց, կամ՝ մաքրեց հոգևոր Իսրայելը։

4 Երբ Քրիստոսը եկավ՝ հավատարիմ օծյալ քրիստոնյաներին քննության ենթարկելու, տեսավ, որ նրանք հոգևոր կերակուրը ճշմարիտ քրիստոնյաներին մատակարարելու գործում իրենց լավագույնն են անում։ 1879​թ.-ից սկսած՝ անկախ նրանից՝ ժամանակները բարենպաստ էին, թե ոչ, նրանք Աստծու թագավորության մասին Աստվածաշնչի ճշմարտությունը հրատարակում էին «Դիտարան» պարբերագրում։ Դարեր առաջ Հիսուսը մարգարեացել էր, որ «աշխարհի վախճանի» ժամանակ, երբ գար՝ իր «տան անդամներին» քննելու, գտնելու էր մի «ծառայի», որը զբաղված էր լինելու «կերակուրը ճիշտ ժամանակին» նրանց մատակարարելու գործով։ Նա նրան «երջանիկ» էր անվանելու և երկրի վրա «իր ողջ ունեցվածքի վրա էր նշանակելու» (Մատթ. 24։3, 45–47)։ Այդ ժամանակից ի վեր Քրիստոսը՝ որպես քրիստոնեական ժողովի Գլուխ, այս «հավատարիմ և իմաստուն ծառայի» միջոցով երկրի վրա իր Թագավորության շահերն է առաջ տանում։ Նա իր «տան անդամներին»՝ օծյալ քրիստոնյաներին, ինչպես նաև «ուրիշ ոչխարներին» առաջնորդում է Կառավարիչ մարմնի միջոցով (Հովհ. 10։16)։

Հավաքում է «երկրի բերքը»

5. Հովհաննես առաքյալի տեսած տեսիլքում Մեսիական Թագավորն ի՞նչ է անում։

5 Հովհաննես առաքյալը տեսիլքում տեսավ ևս մի բան, որ Մեսիական Թագավորը ի կատար էր ածելու «Տիրոջ օրը»՝ 1914​թ.-ին գահակալվելուց հետո։ Հովհաննեսը գրում է. «Տեսա, ահա մի սպիտակ ամպ, և ամպի վրա նստած էր մարդու որդու նման մեկը, որն իր գլխին ոսկե պսակ ուներ ու իր ձեռքում՝ սուր մանգաղ» (Հայտն. 1։10; 14։14)։ Այդ տեսիլքում Եհովայի հրեշտակը Հնձվորին ասում է, որ իր մանգաղը գործի դնի, որովհետև «երկրի բերքը ամբողջությամբ հասել է» (Հայտն. 14։15, 16)։

6. Ի՞նչ պետք է տեղի ունենար փոխաբերական ցորենի արտում հնձից առաջ։

6  «Երկրի բերք» արտահայտությունը մեզ հիշեցնում է ցորենի և որոմների մասին Հիսուսի պատմած առակը։ Այն մարդը, որը ցանում է սերմը, ներկայացնում է Հիսուս Քրիստոսին, իսկ ցորենի առատ բերքը, որն այդ մարդը ակնկալում է ստանալ, խորհրդանշում է «թագավորության որդիներին»՝ այն ճշմարիտ քրիստոնյաներին, ովքեր օծվել են Քրիստոսի հետ երկնքում թագավորներ լինելու համար։ Թշնամին խորհրդանշում է «Բանսարկուին», իսկ այն որոմները, որոնք նա գիշերվա ընթացքում ցանում է արտում, «Չարի որդիներն են»։ Սերմնացանն իր ծառաներին պատվիրում է թույլ տալ, որ ցորենն ու որոմը միաժամանակ աճեն։ Նա ասում է, որ երբ «աշխարհի վախճանին» հնձի ժամանակը գա, նա իր հնձվորներին, այսինքն՝ հրեշտակներին, կուղարկի արտ, որպեսզի ցորենը զատեն որոմից (Մատթ. 13։24–30, 36–41)։

7. Ինչպե՞ս սկսվեց «երկրի բերքը» հավաքվել։

7 Ի կատարում Հովհաննեսի տեսիլքի՝ Հիսուսն ամբողջ աշխարհով մեկ «երկրի բերքը» հավաքելու գործն է առաջ տանում։ Այդ գործը սկսվեց, երբ Հիսուսի առակի «ցորենի», այսինքն՝ «թագավորության որդիների»՝ 144000-ի մնացորդը սկսվեց հավաքվել։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո ավելի հստակ երևաց ճշմարիտ և կեղծ քրիստոնյաների տարբերությունը։ Այդ տարբերությունը մարդկանց համար այնքան հստակ էր, որ նպաստեց «հնձի» երկրորդ փուլի իրականացմանը, այսինքն՝ «ուրիշ ոչխարների» հավաքվելուն։ «Ուրիշ ոչխարները» թագավորության որդիներ չեն, այլ այդ Թագավորության հոժարակամ հպատակներից բաղկացած մի «մեծ բազմություն»։ Նրանք հավաքվում են «բոլոր ժողովուրդներից, ազգություններից ու լեզուներից» և հպատակվում են Մեսիական Թագավորությանը, որի Թագավորը Հիսուս Քրիստոսն է։ Նրա հետ թագավորելու են նաև 144000 «սրբերը» (Հայտն. 7։9, 10; Դան. 7։13, 14, 18)։

Առաջնորդում է ժողովներին

8, 9. ա) Որտեղի՞ց գիտենք, որ Քրիստոսը տեսնում է ոչ միայն ընդհանուր ժողովի գործերը, այլև ժողովի յուրաքանչյուր անդամի ապրելակերպը։ բ) Ինչի՞ց պետք է զգուշանանք, որպեսզի «Սատանայի խորունկ բաների» մեջ չընկղմվենք (տե՛ս նաև 26-րդ էջի նկարը)։

8 Նախորդ հոդվածում տեսանք, թե առաջին դարում Քրիստոսն ինչպես է ուշադրությամբ հետևել, թե հոգևորապես ինչ վիճակում է յուրաքանչյուր ժողով։ Իսկ այսօր Քրիստոսը՝ մեր Առաջնորդը՝ որպես «երկնքում և երկրի վրա ամբողջ իշխանությունն» ունեցող Թագավոր, գլխավորում է ողջ աշխարհի ժողովները և քրիստոնյա վերակացուներին (Մատթ. 28։18; Կող. 1։18)։ Եհովան նրան «իբրև գլուխ է կարգել ամեն ինչի վրա [օծյալների] ժողովի օգտի համար» (Եփես. 1։22)։ Հիսուսի աչքից ոչինչ չի վրիպում. նա նկատում է ամեն բան, որ կատարվում է Եհովայի վկաների ավելի քան 100000 ժողովներից յուրաքանչյուրում։

9 Առաջին դարի Թյուատիրի ժողովին Հիսուսը հետևյալ խոսքերն ուղղեց. «Սրանք են այն բաները, որ ասում է Աստծու Որդին, նա, որի աչքերը կրակի բոցի նման են.... «Գիտեմ քո գործերի.... մասին»» (Հայտն. 2։18, 19)։ Այդ ժողովի որոշ անդամների նա հանդիմանեց անբարո և քմահաճ կյանք վարելու համար։ Նրանց ասաց. «Ե՛ս եմ, որ քննում եմ երիկամներն ու սրտերը, և ձեզանից ամեն մեկին կհատուցեմ իր գործերի համեմատ» (Հայտն. 2։23)։ Այստեղից հասկանում ենք, որ Քրիստոսը տեսնում է ոչ միայն ընդհանուր ժողովի գործերը, այլև ժողովի յուրաքանչյուր անդամի ապրելակերպը։ Սակայն Հիսուսը նաև գովեց Թյուատիրի ժողովի այն անդամներին, ովքեր «չճանաչեցին «Սատանայի խորունկ բաները»» (Հայտն. 2։24)։ Նմանապես, այսօր նրա հավանությանն են արժանանում թե՛ երիտասարդ, թե՛ տարեց քրիստոնյաները, որոնք խորշում են «Սատանայի խորունկ բաներից», որոնց մեջ կարող են ընկղմվել, օրինակ, Ինտերնետի, բռնի տեսախաղերի, կամ հանդուրժողական և մարդկային գաղափարախոսության միջոցով։ Որքա՜ն է նա ուրախանում՝ տեսնելով, թե ինչպես են բազում քրիստոնյաներ զոհողությունների գնում և ամեն ջանք թափում, որպեսզի կյանքի բոլոր բնագավառներում հետևեն նրա առաջնորդությանը։

10. Ինչպե՞ս է «Հայտնություն» գիրքը ցույց տալիս, որ Քրիստոսն առաջնորդում է ժողովի երեցներին, և ի՞նչ են նրանք գիտակցում։

10 Քրիստոսը երեցների միջոցով սիրառատ կերպով հոգ է տանում ժողովներին (Եփես. 4։8, 11, 12)։ Առաջին դարում ժողովի բոլոր վերակացուները ոգով օծված քրիստոնյաներ էին։ «Հայտնություն» գրքում նրանք նկարագրվում են որպես աստղեր Քրիստոսի աջ ձեռքում (Հայտն. 1։16, 20)։ Իսկ այսօր ժողովների երեցների մեծամասնությունը «ուրիշ ոչխարներից» է։ Նրանք իրենց նշանակումը ստանում են միայն այն բանից հետո, երբ եղբայրները աղոթում են այդ մասին և խնդրում սուրբ ոգու առաջնորդությունը։ Ուստի կարելի է ասել, որ նրանք էլ են Քրիստոսից ստանում առաջնորդություն (Գործ. 20։28)։ Սակայն նրանք գիտակցում են, որ Քրիստոսն այսօր օծյալ տղամարդկանցից բաղկացած մի փոքր խմբի՝ Կառավարիչ մարմնի միջոցով է առաջնորդում երկրի վրա գտնվող իր աշակերտներին (կարդա՛ Գործեր 15։6, 28–30)։

«Ե՛կ, Տե՛ր Հիսուս»

11. Ինչո՞ւ ենք անհամբերությամբ սպասում մեր Առաջնորդի գալստին։

11 Հովհաննես առաքյալին տրված հայտնության մեջ Հիսուսը բազում անգամներ շեշտեց, որ շուտով գալու է (Հայտն. 2։16; 3։11; 22։7, 20)։ Անկասկած, նա նկատի ուներ, որ գալու է՝ դատաստան տեսնելու Սատանայի չար համակարգի և Մեծ Բաբելոնի դեմ (2 Թեսաղ. 1։7, 8)։ Տարեց Հովհաննես առաքյալը անձկագին սպասում էր այդ մարգարեությունների կատարմանը, ուստի բացականչեց. «Ամե՛ն։ Ե՛կ, Տե՛ր Հիսուս»։ Ապրելով այս չար համակարգի վերջում՝ մենք նույնպես անհամբերությամբ սպասում ենք մեր Առաջնորդի և Թագավորի գալստին։ Երբ նա գա որպես Աստծու Թագավորության Թագավոր, կսրբացնի իր Հոր անունը և կարդարացնի նրա գերիշխանությունը։

12. Նախքան կործանարար քամիները բաց կթողնվեն, ի՞նչ պետք է անի Հիսուսը։

12 Նախքան Հիսուսը կկործանի Սատանայի կազմակերպության տեսանելի մասը, հոգևոր Իսրայելի 144000 անդամներից յուրաքանչյուրին իր վերջնական կնիքը կտա։ Աստվածաշնչում ասվում է, որ կործանարար քամիները Սատանայի համակարգի վրա բաց չեն թողնվի, մինչև 144000-ի բոլոր անդամները չստանան այդ կնիքը (Հայտն. 7։1–4)։

13. Քրիստոսի ներկայությունը ինչպե՞ս հայտնի կդառնա «մեծ նեղության» առաջին փուլում։

13 Մարդկանց մեծամասնությունը չի նկատում, որ 1914​թ.-ից ի վեր Քրիստոսի «ներկայությունը» սկսվել է (2 Պետ. 3։3, 4)։ Սակայն շատ շուտով, երբ Հիսուսը Եհովայի դատաստանը բերի Սատանայի համակարգի վրա, նրա ներկայությունը ակնհայտ կդառնա։ «Անօրենության մարդու»՝ քրիստոնյա աշխարհի հոգևորականության կործանումը Հիսուսի ներկայության անժխտելի ապացույցը կլինի (կարդա՛ 2 Թեսաղոնիկեցիներ 2։3, 8)։ Այդ ժամանակ միանշանակ պարզ կլինի, որ Քրիստոսը սկսել է գործել որպես Եհովայի կողմից նշանակված Դատավոր (կարդա՛ 2 Տիմոթեոս 4։1)։ Մեծ Բաբելոնի՝ կեղծ կրոնի համաշխարհային կայսրության կործանումը կսկսվի նրա ամենադատապարտելի մասի՝ քրիստոնյա աշխարհի կործանումով։ Եհովան քաղաքական գործիչների սրտում կդնի այն միտքը, որ կործանեն այդ հոգևոր պոռնիկին (Հայտն. 17։15–18)։ Եվ դա կլինի «մեծ նեղության» առաջին փուլը (Մատթ. 24։21)։

14. ա) «Մեծ նեղության» առաջին փուլի օրերը ինչո՞ւ են կարճացվելու։ բ) «Մարդու Որդու նշանը» ի՞նչ է նշանակելու Եհովայի ժողովրդի համար։

14 Հիսուսն ասաց, որ այդ նեղության օրերը պիտի կարճացվեն «հանուն ընտրյալների»՝ հանուն օծյալ քրիստոնյաների մնացորդի, որն այդ ժամանակ դեռ երկրի վրա է լինելու (Մատթ. 24։22)։ Եհովան թույլ չի տա, որ կեղծ կրոնի վրա այդ կործանարար հարձակման ժամանակ օծյալ քրիստոնյաներն ու նրանց ընկերակիցները՝ «ուրիշ ոչխարները», ոչնչացվեն։ Ապա Հիսուսն ասաց, որ «այդ օրերի նեղությունից անմիջապես հետո» արևի, լուսնի և աստղերի վրա նշաններ կլինեն, և «մարդու Որդու նշանը կերևա երկնքում»։ Այդ ժամանակ «երկրի բոլոր ցեղերը կողբան և կուրծք կծեծեն», բացի օծյալներից և երկրի վրա հավիտյան ապրելու հույս ունեցող նրանց ընկերակիցներից։ Փոխարենը՝ նրանք «ուղիղ կկանգնեն և կբարձրացնեն իրենց գլուխները, որովհետև նրանց ազատագրումը մոտենում է» (Մատթ. 24։29, 30; Ղուկ. 21։25–28)։

15. Ի՞նչ է անելու Քրիստոսը, երբ գա։

15 Նախքան իր հաղթանակին հասնելը մարդու Որդին մեկ այլ կերպ էլ պետք է գա։ Նա մարգարեացել է. «Երբ մարդու Որդին գա իր փառքով, և նրա հետ բոլոր հրեշտակները, այդ ժամանակ նա կնստի իր փառքի գահին։ Բոլոր ազգերը կհավաքվեն նրա առաջ, և նա մարդկանց կզատի իրարից, ինչպես հովիվն է ոչխարներին զատում այծերից։ Ոչխարներին կդնի իր աջ կողմը, իսկ այծերին՝ իր ձախ կողմը» (Մատթ. 25։31–33)։ Այստեղ Քրիստոսի մասին խոսվում է որպես Դատավորի, որը «բոլոր ազգերի» մարդկանց զատելու է իրարից և բաժանելու է երկու խմբի՝ «ոչխարների» և «այծերի»։ Այն մարդիկ, ովքեր աջակցում են նրա հոգևոր եղբայրներին (երկրի վրա ապրող օծյալ քրիստոնյաներին), «ոչխարների» խմբին կդասվեն, իսկ նրանք, ովքեր «չեն հնազանդվում մեր Տեր Հիսուսի մասին բարի լուրին», «այծերի» խմբին կդասվեն (2 Թեսաղ. 1։7, 8)։ «Ոչխարները», որոնք արդար են համարվում, կստանան «հավիտենական կյանք» երկրի վրա, իսկ «այծերը» կկործանվեն՝ «կգնան դեպի հավիտենական մահ» (Մատթ. 25։34, 40, 41, 45, 46)։

Կհասնի վերջնական հաղթանակին

16. Հիսուսն ինչպե՞ս կհասնի իր վերջնական հաղթանակին։

16 Երբ թագավոր-քահանաներից յուրաքանչյուրը ստանա իր կնիքը և երբ բոլոր «ոչխարները» բնորոշվեն ու իր աջ կողմում դրվեն փրկվելու համար, Քրիստոսը կմոտենա իր վերջնական հաղթանակին (Հայտն. 5։9, 10; 6։2)։ Նա, գլխավորելով իր հրեշտակային հզոր բանակը և, ինչ խոսք, նաև հարություն առած իր եղբայրներին, կկործանի Սատանայի քաղաքական, ռազմական և առևտրական համակարգերը (Հայտն. 2։26, 27; 19։11–21)։ Եվ երբ ոչնչացնի Սատանայի ողջ չար համակարգը, նա կհասնի իր վերջնական հաղթանակին։ Հետո նա Սատանային ու նրա դևերին հազար տարով անդունդը կգցի (Հայտն. 20։1–3)։

17. Իր Հազարամյա Իշխանության ընթացքում Հիսուսը դեպի ո՞ւր է առաջնորդելու «ուրիշ ոչխարներին», և ի՞նչ պետք է անենք մենք։

17 Խոսելով «մեծ բազմության», այսինքն՝ «ուրիշ ոչխարների» մասին, ովքեր վերապրելու են մեծ նեղությունից՝ Հովհաննես առաքյալը մարգարեացավ. «Գառը, որ գահի մոտ է, կհովվի նրանց ու կառաջնորդի դեպի կյանքի ջրի աղբյուրները» (Հայտն. 7։9, 17)։ Իր Հազարամյա Իշխանության ընթացքում Քրիստոսը «ուրիշ ոչխարներին», որոնք իսկապես լսում են նրա ձայնին, կշարունակի առաջնորդել դեպի հավիտենական կյանք (կարդա՛ Հովհաննես 10։16, 26–28)։ Ուստի եկեք հավատարմորեն հնազանդվենք մեր Առաջնորդին թե՛ հիմա, թե՛ Եհովայի խոստացած նոր աշխարհում։

Կրկնենք

• Ի՞նչ արեց Քրիստոսը թագադրվելուց հետո։

• Ո՞ւմ միջոցով է Քրիստոսն առաջնորդում ժողովներին։

• Ի՞նչ է իր մեջ ներառում Քրիստոսի՝ մեր Առաջնորդի գալուստը։

• Ինչպե՞ս է Քրիստոսը շարունակելու առաջնորդել մեզ նոր աշխարհում։

[Նկար 29–րդ էջի վրա]

Քրիստոսի ներկայությունը հայտնի կդառնա, երբ նա կործանի Սատանայի չար համակարգը

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը