Այլ ոչխարները և նոր ուխտը
«Օտարականների որդիքը.... բոլոր իմ շաբաթը պղծելուց պահողները եւ իմ ուխտը բռնողները, նորանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը» (Եսայիա 56։6, 7)։
1. ա) Մինչ Եհովայի դատաստանի հողմերը ետ են պահվում, ի՞նչն է մոտենում իր ավարտին՝ համաձայն Հովհաննեսի հայտնության։ բ) Ի՞նչ հրաշալի բազմություն տեսավ Հովհաննեսը։
«ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ» գրքում նկարագրված չորրորդ տեսիլքում Հովհաննես առաքյալը տեսավ, թե ինչպես են պահվում Եհովայի դատաստանի կործանարար հողմերը, քանի դեռ չի ավարտվել «Աստծո Իսրայելի» բոլոր անդամների վրա կնիք դնելու գործը։ Նրանք առաջինն են, որ պետք է օրհնվեն Աբրահամի սերնդի գլխավոր անդամի՝ Հիսուսի միջոցով (Գաղատացիս 6։16; Ծննդոց 22։18; Յայտնութիւն 7։1—4)։ Նույն տեսիլքում Հովհաննեսը տեսնում է «մի մեծ բազմութիւն, – որին թիւ չկար, – բոլոր հեթանոսներից եւ բոլոր ազգերից, բոլոր լեզուներից եւ բոլոր ժողովուրդներից, որոնք.... բարձր ձայնով աղաղակում էին եւ ասում. «Փրկութիւնը մեր Աստծո՛ւնն է, որ նստում է աթոռի վրայ, ինչպէս եւ՝ Գառա՛նը» (Յայտնութիւն 7։9, 10)։ ‘Փրկութիւնը մեր Գառա՛նն է’ արտահայտությամբ մեծ բազմությունը ցույց է տալիս, որ ինքը ևս օրհնվում է Աբրահամի Սերնդով։
2. Առաջին անգամ ե՞րբ երևան եկավ մեծ բազմությունը, և ինչպե՞ս է այն ճանաչվում։
2 Այս մեծ բազմությունը ճանաչվեց 1935 թ.–ին, և այսօր հինգ միլիոնից ավելի անհատներ ընդգրկված են նրա մեջ։ Մեծ նեղությունից փրկվելու համար նշան ստացած այս բազմության անդամները կառանձնացվեն հավիտենական կյանքի համար, երբ Հիսուսը կզատի «ոչխարներին» «այծերից»։ Մեծ բազմությանը պատկանող քրիստոնյաները ոչխարների մասին Հիսուսի բերած օրինակում ներկայացված «այլ ոչխարների» թվին են պատկանում։ Հույսը, որ նրանք տածում են, դրախտ-երկրի վրա հավիտենական կյանքով ապրելն է (Մատթէոս 25։31—46; Յովհաննէս 10։16; Յայտնութիւն 21։3, 4)։
3. Ո՞րն է օծյալ քրիստոնյաների և այլ ոչխարների տարբերությունը նոր ուխտի կապակցությամբ։
3 Աբրահամական ուխտի օրհնությունը 144 000–ի համար ի կատար է ածվում նոր ուխտի միջոցով։ Լինելով այդ ուխտի մասնակիցները՝ նրանք անցնում են «շնորհի [անարժան բարության, ՆԱ]» և «Քրիստոսի օրէնքի տակ» (Հռովմայեցիս 6։15; Ա Կորնթացիս 9։21)։ Ուստի, միայն Աստծո Իսրայելի 144 000 անդամներն են օգտվում Հիսուսի մահվան Հիշատակատոնի խորհրդանիշներից, և միայն նրանց հետ է Հիսուսը կնքել Թագավորության ուխտը (Ղուկաս 22։19, 20, 29)։ Մեծ բազմության անդամներն իրենց մասնակցությունը չեն բերում նոր ուխտի մեջ։ Բայց և այնպես, նրանք համագործակցում են Աստծո Իսրայելի հետ և ապրում նրանց «երկրում» (Եսայիա 66։8)։ Այսպիսով՝ տրամաբանական է ասել, որ նրանք նույնպես մտնում են Եհովայի անարժան բարության և Քրիստոսի օրենքի տակ։ Թեև նոր ուխտի մասնակիցները չեն, այնուհանդերձ, նրանք օգտվում են դրանից։
«Օտարականներն» ու «Աստծո Իսրայելը»
4, 5. ա) Ըստ Եսայիայի խոսքերի՝ ի՞նչ խումբ պետք է ծառայի Եհովային։ բ) Ինչպե՞ս են իրականացել Եսայիա 56։6, 7 խոսքերը մեծ բազմության համար։
4 Եսայիա մարգարեն գրեց. «Օտարականների որդիքը, որ յարել են Տիրոջը, նորան ծառայելու եւ Տիրոջ անունը սիրելու, եւ նորա ծառաները լինելու համար, այսինքն բոլոր իմ շաբաթը պղծելուց պահողները եւ իմ ուխտը բռնողները, նորանց էլ պիտի բերեմ իմ սուրբ սարը, եւ նորանց ուրախացնեմ իմ աղօթքի տան մէջ. նորանց ողջակէզներն ու զոհերը ընդունելի պիտի լինեն իմ սեղանի վերայ» (Եսայիա 56։6, 7)։ Իսրայելի օրոք այս խոսքերը նշանակում էին, որ «օտարականները»՝ ոչ իսրայելացիները, պիտի երկրպագեին Եհովային՝ նրա անունը սիրելով, Օրենքի ուխտին հնազանդվելով, շաբաթը պահելով, տաճարում՝ Աստծո «աղօթքի տանը» զոհաբերություններ մատուցելով (Մատթէոս 21։13)։
5 Մեր օրերում «օտարականների որդիքը, որ յարել են Տիրոջը [Եհովային, ՆԱ]», մեծ բազմությունն են կազմում։ Նրանք Աստծո Իսրայելի հետ միասին ծառայում են Եհովային (Զաքարիա 8։23)։ Աստծո Իսրայելի հետ մեկտեղ նրանք միևնույն ընդունելի զոհն են մատուցում (Եբրայեցիս 13։15, 16)։ Նաև երկրպագում են Աստծո հոգևոր տաճարում՝ նրա «աղօթքի տանը» (համեմատիր Յայտնութիւն 7։15)։ Պահո՞ւմ են արդյոք շաբաթը։ Ո՛չ օծյալները, ո՛չ էլ ուրիշ ոչխարները չունեն այդ հանձնարարությունը (Կողոսացիս 2։16, 17)։ Այնուհանդերձ, Պողոսը գրեց եբրայեցի օծյալ քրիստոնյաներին. «Աստծու ժողովրդի համար դեռ մնում է մի ուրիշ հանգստի օր. որովհետեւ, ով մտնում է նրա հանգստի մէջ, նա հանգստանում է իր գործերից, ինչպես Աստուած էլ հանգստացաւ իր գործերից» (Եբրայեցիս 4։9, 10)։ Այդ եբրայեցիները մտան այս «հանգստի օրվա» մեջ, երբ հնազանդվեցին «Աստծու արդարութեանը» և հանգստացան Օրենքի գործերով սեփական անձն արդարացնելու ջանքերից (Հռովմայեցիս 10։3, 4)։ Հեթանոսներից դուրս եկած օծյալ քրիստոնյաները միևնույն հանգիստն են վայելում՝ ենթարկվելով Եհովայի արդարությանը։ Այդ հանգստի մեջ նրանց է միանում նաև մեծ բազմությունը։
6. Ինչպե՞ս են այսօր այլ ոչխարները մտնում նոր ուխտի մեջ։
6 Բացի այդ, այլ ոչխարները նոր ուխտի մեջ են մտնում ճիշտ այնպես, ինչպես հնում՝ օտարականներն Օրենքի ուխտի։ Ինչպե՞ս։ Ոչ թե նրա մեջ բաժին ունենալով, այլ՝ ուխտի հետ կապված օրենքներին հնազանդվելով և նրա կարգադրություններից օգտվելով (համեմատիր Երեմիա 31։33, 34)։ Այլ ոչխարներն իրենց օծյալ ընկերների նման Եհովայի օրենքը կրում են ‘իրենց սրտերում’։ Նրանք ջերմորեն սիրում և պահում են Եհովայի պատվիրաններն ու սկզբունքները (Սաղմոս 37։31; 119։97)։ Ինչպես և օծյալ քրիստոնյաները, վերջիններս նույնպես ճանաչում են Եհովային (Յովհաննէս 17։3)։ Հայտնի՞ է արդյոք որևէ բան թլպատության վերաբերյալ։ Նոր ուխտի հաստատվելուց մոտ հազար հինգ հարյուր տարի առաջ Մովսեսը դիմեց իսրայելացիներին. «ձեր սրտերի անթլփատութիւնը թլփատեցէք» (Երկրորդ Օրինաց 10։16; Երեմիա 4։4)։ Մինչ մարմնի պարտադիր թլպատությունն Օրենքի հետ անցավ–գնաց, թե՛ օծյալներին, և թե՛ այլ ոչխարներին անհրաժեշտ է «թլփատել» իրենց սրտերը (Կողոսացիս 2։11)։ Եհովան, ի վերջո, ներում է այլ ոչխարների մեղքերը Հիսուսի թափած «ուխտի արյան» շնորհիվ (Մատթէոս 26։28; Ա Յովհաննէս 1։9; 2։2)։ Եհովան չի որդեգրում այս անհատներին, ինչպես այն 144 000–ին, որոնք իր հոգևոր որդիներն են դարձել։ Սակայն նա հայտարարում է նրանց որպես արդարներ ճիշտ այն իմաստով, որով ժամանակին Աբրահամն Աստծո բարեկամը համարվեց (Մատթէոս 25։46; Հռովմայեցիս 4։2, 3; Յակոբոս 2։23)։
7. Ինչպիսի՞ հեռանկար է բացվում այլ ոչխարների համար, որոնք Աբրահամի նման արդար են հայտարարվել։
7 144 000 անհատների համար արդար հայտարարվելը Հիսուսի հետ միասին երկնային Թագավորությունում իշխելու հույս է տալիս (Հռովմայեցիս 8։16, 17; Գաղատացիս 2։16)։ Իսկ որպես Աստծո բարեկամներ արդար հայտարարված լինելն այլ ոչխարներին հնարավորություն է տալիս երկրային դրախտում հավիտենական կյանքի հույսն ընդունել կա՛մ որպես մեծ բազմության անդամներ Արմագեդոնը վերապրելով, կա՛մ էլ ‘արդարների հարությունը’ ստանալով (Գործք 24։15)։ Ինչպիսի՜ առանձնաշնորհում է ունենալ այս հույսը, լինել տիեզերքի Գերիշխանի բարեկամը և «հյուր լինել նրա վրանում» (Սաղմոս 15։1, 2, ՆԱ)։ Իսկապես, և՛ օծյալները, և՛ այլ ոչխարները հրաշալի կերպով օրհնվում են Աբրահամի Սերնդով՝ Հիսուսի միջոցով։
Քավության ավելի մեծ օր
8. Ի՞նչ էր ներկայացվում Օրենքի ներքո քավության օրվա զոհաբերություններով։
8 Քննարկելով նոր ուխտը՝ Պողոսն իր ընթերցողներին հիշեցրեց Օրենքի ուխտի տակ եղած տարեկան քավության օրվա մասին։ Այդ օրը առանձին զոհեր էին մատուցվում. մեկը՝ Ղևիի քահանայական ցեղի համար, մյուսը՝ տասներկու ոչ քահանայական ցեղերի։ Այս արարողությունը մանրամասնորեն բացատրվել է որպես Հիսուսի մեծ զոհաբերության նախատիպ, որից պետք է օգտվեին երկնային կյանքի հույս ունեցող 144 000–ը և երկրի վրա ապրելու հույսն ունեցող միլիոնավոր այլ անհատներa։ Պողոսը ցույց տվեց, որ Հիսուսի զոհաբերության օգուտները, որոնք նախատեսվել էին քավության օրվա արարողության մեջ, հնարավոր են դառնում նոր ուխտի ներքո կատարվող քավության մեծ օրվա շնորհիվ։ Որպես այդ ավելի մեծ օրվա Քահանայապետ՝ Հիսուսն իր կատարյալ կյանքը քավության զոհ մատուցեց մարդկության համար «յաւիտենական փրկութիւն» ստանալու ակնկալիքով (Եբրայեցիս 9։11—24)։
9. Ի՞նչ կարող էին ընդունել եբրայեցի օծյալ քրիստոնյաները՝ գտնվելով նոր ուխտի մեջ։
9 Առաջին դարի եբրայեցի քրիստոնյաներից շատերը դեռևս ‘նախանձախնդիր էին [Մովսիսական] Օրէնքին’ (Գործք 21։20)։ Դրա համար էլ տեղին էր նրանց ուղղված Պողոսի հիշեցումը. «[Հիսուսը] նոր ուխտի միջնորդ է, քանի որ իր մահը առաջին ուխտի ժամանակ գործուած յանցանքների քաւութեան համար եղաւ, որպէսզի կանչուածները յաւիտենական ժառանգութեան խոստումն ստանան» (Եբրայեցիս 9։15)։ Նոր ուխտն ազատեց եբրայեցի քրիստոնյաներին իրենց մեղավորությունը երևան հանող հին ուխտից։ Նոր ուխտի շնորհիվ նրանք կարող էին ընդունել «յաւիտենական [երկնային] ժառանգութեան խոստումը»։
10. Աստծուն շնորհակալ լինելու ի՞նչ պատճառներ ունեն օծյալներն ու այլ ոչխարները։
10 Յուրաքանչյուր ոք, «ով հաւատում է Որդուն», կարող է օգտվել զոհաբերական փրկանքից (Յովհաննէս 3։16, 36)։ Պողոսը գրեց. «Քրիստոս մէ՛կ անգամ որպէս պատարագ մատուցուեց՝ շատերի մեղքերը վերացնելու համար. իսկ երկրորդ անգամ, առանց մեղքի, պիտի յայտնուի նրանց, որոնք սպասում են իրեն՝ հաւատով փրկուելու համար» (Եբրայեցիս 9։28)։ Այսօր Հիսուսին սպասողների թվում են Աստծո Իսրայելի օծյալ քրիստոնյաները և մեծ բազմությունը կազմող այն միլիոնավոր անհատները, որոնք նույնպես հավիտենական ժառանգություն ունեն։ Այս երկու դասակարգերն էլ խորապես շնորհակալ են Աստծուն նոր ուխտի համար, վերջինիս հետ կապված կենարար օրհնությունների, ինչպես նաև քավության ավելի մեծ օրվա և երկնային Սրբությունների Սրբությունում Քահանայապետ Հիսուսի ծառայության համար։
Սուրբ ծառայության մեջ զբաղված
11. Ինչո՞վ են զբաղված թե՛ օծյալները, և թե՛ այլ ոչխարները Հիսուսի զոհաբերության միջոցով իրենց մաքրված խղճմտանքով։
11 Եբրայեցիներին հասցեագրված նամակում Պողոսը հատկապես ընդգծեց հին ուխտի ներքո մատուցվող մեղքի պատարագների համեմատ Հիսուսի զոհաբերության բարձրագույն արժեքի գաղափարը նոր ուխտի մեջ (Եբրայեցիս 9։13—15)։ Հիսուսի ավելի արժեքավոր զոհը ի վիճակի է ‘մաքրելու մեր խղճմտանքը մեռած գործերից, որպէսզի ծառայենք կենդանի Աստծուն’։ Եբրայեցի քրիստոնյաների համար «մեռած գործերի» մեջ էին մտնում «առաջին ուխտի ժամանակ գործուած յանցանքները», իսկ ներկայիս համար՝ քրիստոնյաների անցյալում գործած մեղքերը, որոնց համար նրանք անկեղծորեն ապաշխարել են, նաև, որոնց Աստված թողություն է տվել (Ա Կորնթացիս 6։9—11)։ Մաքուր խղճմտանք ունեցող օծյալ քրիստոնյաները ‘ծառայում են [սրբազան ծառայություն են մատուցում, ՆԱ] կենդանի Աստծուն’։ Նրանց հետ է նաև մեծ բազմությունը։ Իրենց խղճմտանքը «Գառան արիւնով» մաքրած՝ նրանք Աստծո հոգևոր մեծ տաճարում են գտնվում՝ ‘զօր ու գիշեր պաշտելով [սրբազան ծառայություն մատուցելով, ՆԱ] նրան’ (Յայտնութիւն 7։14, 15)։
12. Ինչպե՞ս կարող ենք ցույց տալ մեր «հաւատի լիությունը»։
12 Պողոսն ավելացրեց. «Մօտենանք ճշմարիտ սրտով, հաւատի լիութեամբ՝ սրտներս մաքրած չար խղճմտանքից և մեր մարմինը լուացած մաքուր ջրով» (Եբրայեցիս 10։22)։ Ինչպե՞ս կարելի է ցույց տալ մեր «հավատի լիությունը»։ Պողոսը հորդորեց երբրայեցի քրիստոնյաներին. «Ամուր պահենք անխախտ [երկնային] յոյսի դաւանութիւնը, քանի որ հաւատարիմ է նա, ով խոստացաւ. և հոգ տանենք միմեանց՝ սիրոյ և բարի գործերի յորդորելով և զանց չառնենք մէկտեղ հաւաքուելը, ինչպէս որ սովոր են անել ոմանք, այլ խրախուսենք միմեանց, և այդ այնքան աւելի, որքան տեսնում էք Տիրոջ օրուայ մօտենալը» (Եբրայեցիս 10։23—25)։ Եթե մեր հավատը մեռած չէ մեր սրտերում, մենք ևս ‘զանց չենք առնի մեկտեղ հավաքվելը’։ Մենք հաճույքով խթան կլինենք մեր եղբայրներին, և ինքներս նրանց կողմից կհորդորվենք դեպի սիրո և բարի գործերի, ինչպես նաև պատրաստ լինելու ամենամեծ գործին՝ մեր հույսը դավանելուն՝ լինի դա երկրային, թե՝ երկնային (Յովհաննէս 13։35)։
«Հավիտենական ուխտը»
13, 14. Ի՞նչ իմաստով է նոր ուխտը հավիտենական։
13 Ի՞նչ տեղի կունենա, երբ 144 000–ի վերջին անդամները ճանաչեն իրենց երկնային հույսը։ Դուրս կգա՞ արդյոք նոր ուխտը կիրառությունից։ Այդ ժամանակ երկրի վրա Աստծո Իսրայելի անդամներից ոչ ոք չի լինի։ Ուխտի բոլոր մասնակիցները Հիսուսի հետ «Հօր արքայութեան մէջ» կլինեն (Մատթէոս 26։29)։ «Խաղաղութեան Աստուածը.... մեռելների միջից յարութիւն առնել տուեց մեր Տէր Յիսուսին, որը յաւիտենական ուխտի արիւնով ոչխարների մեծ հովիւն է» (Եբրայեցիս 13։20; Եսայիա 55։3)։ Ի՞նչ իմաստով է նոր ուխտը հավիտենական։
14 Նախ՝ ի տարբերություն Օրենքի ուխտի, այն երբեք չի փոխարինվելու։ Երկրորդ՝ նրա գործունեության արդյունքները հարատև են լինելու, ինչպես հարատև է Հիսուսի թագավորությունը (համեմատիր Ղուկաս 1։33–ը Ա Կորնթացիս 15։27, 28–ի հետ)։ Երկնային թագավորությունը հավիտենական տեղ ունի Եհովայի նպատակներում (Յայտնութիւն 22։5)։ Եվ երրորդ՝ այլ ոչխարները շարունակելու են օգտվել նոր ուխտի կարգադրությունից։ Քրիստոսի Հազարամյա թագավորության ընթացքում հավատարիմ մարդկությունը կշարունակի ‘զօր ու գիշեր պաշտել [Եհովային] իր տաճարում’, ինչպես այսօր է անում։ Եհովան երբեք չի հիշեցնի նրանց անցած մեղքերը, որոնք ներվել են Հիսուսի «ուխտի արյան» միջոցով։ Նրանք կշարունակեն վայելել իրենց արդար դիրքը որպես Եհովայի բարեկամներ, և նրա օրենքը միշտ գրված կմնա իրենց սրտերում։
15. Նկարագրիր իր երկրային երկրպագուների հետ Եհովայի փոխհարաբերությունը նոր աշխարհում։
15 Կարո՞ղ է Եհովան այդ ժամանակ ասել. ‘Ես եմ նրանց Աստված, և նրանք ինձ՝ ժողովուրդ’։ Այո. «Նա պիտի բնակուի նրանց հետ, եւ նրանք պիտի լինեն նրա ժողովուրդը, եւ նա էլ՝ նրանց Աստուածը» (Յայտնութիւն 21։3)։ Նրանք «սրբերի բանակ» կլինեն, «սիրելի քաղաքի»՝ Հիսուս Քրիստոսի երկնային հարսնացուի երկրային ներկայացուցիչները (Յայտնութիւն 14։1; 20։8,9; 21։2)։ Այս ամենը հնարավոր կդառնա Հիսուսի թափած «ուխտի արյան» հանդեպ իրենց ունեցած հավատի, ինչպես նաև երկնային թագավոր–քահանաների հանդեպ ունեցած հնազանդության շնորհիվ, որոնք երկրի վրա եղած ժամանակ Աստծո Իսրայելն էին կազմում (Յայտնութիւն 5։10)։
16. ա) Երկրի վրա հարություն ստացածներին ի՞նչ հեռանկար է սպասվում։ բ) Հազարամյակի ավարտին ի՞նչ օրհնություններ մատչելի կդառնան։
16 Իսկ երկրի վրա հարություն ստացողնե՞րը (Յովհաննէս 5։28, 29)։ Նրանք ևս կստանան Աբրահամի Սերնդի՝ Հիսուսի միջոցով ‘օրհնվելու’ հրավերը (Ծննդոց 22։18)։ Նրանք նույնպես կսովորեն սիրել Եհովայի անունը՝ ծառայելով նրան, ընդունելի զոհաբերություններ մատուցելով և նրա աղոթքի տանը սրբազան ծառայություն կատարելով։ Այս ամենը կատարողները կմտնեն Աստծո հանգստի օրը (Եսայիա 56։6, 7)։ Հիսուս Քրիստոսի և 144 000 իր քահանայակիցների ծառայության շնորհիվ հավատարիմ անհատները հազարամյակի ավարտին մարդկային կատարելության կբերվեն։ Այն ժամանակ նրանք իրոք կլինե՛ն արդար, ոչ թե միայն որպես արդար հայտարարված Աստծո բարեկամներ։ Նրանք ‘կկենդանանան’, երբ լիովին զերծ կլինեն Ադամից ժառանգած մեղքից ու մահից (Յայտնութիւն 20։5; 22։2)։ Ինչպիսի՜ օրհնություն դա կլինի։ Ինչպես երևում է այսօր, Հիսուսի և 144 000–ի քահանայական աշխատանքն այն ժամանակ, թերևս, կամբողջանա։ Քավության մեծ օրվա օրհնությունները լիովին կիրառված կլինեն։ Ապա Հիսուսը ‘կտա թագաւորութիւնը Աստծու եւ Հօր ձեռքը’ (Ա Կորնթացիս 15։24)։ Այնուհետև մարդկությունը վերջնականապես կփորձվի, և Սատանան իր դևերի հետ միասին հավիտյան կոչնչացվի (Յայտնութիւն 20։7, 9, 10)։
17. Մեր առջև ունենալով մեզ սպասվող ուրախությունը՝ յուրաքանչյուրիս ինչպիսի՞ վճռականություն է հարկավոր ունենալ։
17 Ի՞նչ դեր կխաղա «յաւիտենական ուխտը» նոր աշխարհում, եթե այն առհասարակ որևէ դեր խաղա։ Դա մենք չէ, որ պետք է ասենք։ Ապագայի մասին Եհովայի տված տեղեկությունները լիովին բավարար են։ Դրանք մեզ ապշեցնում են։ Միայն պատկերացրե՛ք... հավիտենական կյանք, որը «նոր երկնքի եւ նոր երկրի» բաղադրիչ մասն է կազմում (Բ Պետրոս 3։13)։ Թող ոչ մի բան երբեք չթուլացնի այդ խոստումը ժառանգելու մեր ցանկությունը։ Անսասան մնալն այնքան էլ հեշտ չէ։ Պողոսի խոսքերն են. «Ձեզ համբերութիւն է պէտք, որպէսզի, Աստծու կամքը կատարելով, հասնէք նրա խոստմանը» (Եբրայեցիս 10։36)։ Հիշեցեք, սակայն, առջևում սպասվող ցանկացած խնդիր, ցանկացած հակառակություն, որը պետք է հաղթահարել, աննշան է թվում մեզ սպասվող ուրախության կողքին (Բ Կորնթացիս 4։17)։ Ուստի, չլինենք նրանցից, որոնք ‘երկմտելով կորստեան են մատնւում’, այլ լինենք այն անհատներից, որոնք «հաւատով հասնում են հոգիների փրկութեան» (Եբրայեցիս 10։39)։ Եկեք հօգուտ յուրաքանչյուր մարդու, ինչպես նաև մեզանից ամեն մեկի հավիտենական օրհնության համար ամբողջովին ապավինենք Եհովային՝ ուխտերի տեր Աստծուն։
[ծանոթագրություն]
a Տես «Փրկություն դեպի նոր երկիր» գիրքը (անգլ.), գլ. 13, հրատարակությունը՝ «Դիտարան» ընկերության։
Հասկացե՞լ եք արդյոք
◻ Օծյալ քրիստոնյաներից բացի նաև ովքե՞ր են օրհնվում Աբրահամի Սերնդով
◻ Նոր ուխտով օրհնվելու հարցում այլ ոչխարներն ինչո՞վ են նման հին ուխտի տակ գտնվող նորահավատներին
◻ Քավության ավելի մեծ օրվա շնորհիվ ինչպե՞ս են այլ ոչխարները օրհնվում
◻ Ինչո՞ւ Պողոսը նոր ուխտը «յաւիտենական» կոչեց։
[շրջանակ 29–րդ էջի վրա]
Սրբազան ծառայություն տաճարում
Մեծ բազմությունը Եհովայի հոգևոր մեծ տաճարի երկրային գավիթում երկրպագության մեջ միացած է օծյալ քրիստոնյաներին (Յայտնութիւն 7։14, 15; 11։2)։ Ոչ մի պատճառ չկա պնդելու, թե նրանք հեթանոսների առանձին գավթում են գտնվում։ Հիսուսի՝ երկրի վրա եղած ժամանակ տաճարում հեթանոսների համար առանձին գավիթ կար հատկացված։ Սակայն տաճարի երկու ծրագրում էլ, որոնք Սողոմոնի և Եզեկիայի կողմից Աստծո ներշնչմամբ էին նախագծված, հեթանոսների գավթի մասին ոչ մի կարգադրություն չկար։ Սողոմոնի տաճարում մեկ արտաքին գավիթ կար, որտեղ իսրայելացիներն ու նորահավատները՝ թե՛ այր, թե՛ կին, միասին էին երկրպագում։ Սա հոգևոր տաճարի երկրային գավթի մարգարեական նախանմուշն էր, որտեղ էլ Հովհաննեսը տեսավ մեծ բազմությանը սրբազան ծառայություն մատուցելիս։
Սակայն միայն քահանաները և ղևտացիները մուտք ունեին դեպի ներսի գավիթ, որտեղ տեղադրված էր մեծ զոհասեղանը, միայն քահանաները մուտք ունեին դեպի Սրբություն, և միմիայն քահանայապետը կարող էր մտնել Սրբությունների Սրբություն։ Ներսի գավիթը և Սրբությունը նախանշում են օծյալ քրիստոնյաների երկրի վրա ունեցած հոգևոր անզուգական դիրքը։ Իսկ Սրբությունների Սրբությունը ներկայացնում է երկինքը, որտեղ օծյալներն անմահ կյանք են ստանում իրենց երկնային Քահանայապետի հետ միասին։ (Եբրայեցիս 10։19, 20)։
[նկար 31–րդ էջի վրա]
Առջևում ունենալով մեզ սպասվող ուրախությունը՝ եկե՛ք ‘հաւատով հասնենք հոգիների փրկութեանը’