Ինչպե՞ս կարող է դժոխքի մասին ճշմարտությունն անդրադառնալ ձեզ վրա
ՆՐԱՆՔ, ովքեր սովորեցնում են, թե դժոխքը տանջանքի վայր է, անարգում են Եհովա Աստծուն և աղավաղված կերպով են ներկայացնում նրա հատկությունները։ Աստվածաշունչն իրականում ասում է, որ Աստված կործանելու է չարերին (Բ Թեսաղոնիկեցիս 1։6–9)։ Սակայն արդարացի բարկությունը Աստծու գլխավոր հատկությունը չէ։
Եհովան չար և ոխակալ չէ։ Նա հարցնում է. «Մի՞թէ ես երբէք կ’ուզէմ ամբարշտի մեռնելը» (Եզեկիէլ 18։23)։ Եթե Աստված ամբարշտի մահը չի ուզում, ապա կարո՞ղ է նա ամբողջ մի հավիտենություն նայել, թե ինչպես է նա տանջվում։
Աստծու գլխավոր հատկությունը սերն է (Ա Յովհաննէս 4։8)։ Եհովան ցանկանում է, որ մենք էլ, ի պատասխան, սիրենք իրեն (Մատթէոս 22։35–38)։ Իսկ Սաղմոս 145։9–ում կարդում ենք. «Բարի է Տէրը ամենի համար. եւ նորա ողորմութիւնը իր բոլոր գործերի վերայ է»։
Ի՞նչն է մղում քեզ սիրել Աստծուն՝ վա՞խը թե՞ սերը
Այն ուսմունքը, թե հոգիները տանջվում են դժոխքում, հիվանդագին վախ է առաջացնում Աստծու նկատմամբ։ Սակայն երբ անհատը սովորում է Աստծու մասին ճշմարտությունը և սկսում է սիրել նրան, առողջ վախով է լցվում նրա հանդեպ։ Ստեղծչի նկատմամբ վախը ոչ թե սարսափի, այլ խոր հարգանքի զգացում է։ Այն մեր մեջ Աստծուն չտհաճեցնելու առողջ վախ է առաջացնում։ Աստվածաշունչը վստահեցնում է. «Իմաստութեան սկիզբը Տիրոջ երկիւղն է. բարի խոհեմութիւն է ամենի համար» (Սաղմոս 111։10)։
Տեսնենք, թե ինչպես անդրադարձավ դժոխքի մասին ճշմարտությունը 32–ամյա Քեթլինի վրա, որը նախկինում թմրամոլ է եղել։ Նա իր ողջ կյանքն անցկացրել էր գինարբուքների մեջ, անբարո կյանքով էր ապրել, բռնի արարքներ էր գործել, ինչի հետևանքով կորցրել էր ինքնահարգանքի զգացումը։ Նա պատմում է. «Նայում էի մեկ տարեկան աղջկաս և մտածում՝ «ի՜նչ եմ անում»։ Համոզված էի, որ այս ամենի համար այրվելու եմ դժոխքում»։ Քեթլինը փորձում էր ձերբազատվել թմրանյութերից, բայց ոչինչ չէր ստացվում։ Նա շարունակում է. «Կյանքս անիմաստ էր ու դատարկ։ Շատ էի ուզում փոխվել, բայց ոչինչ չէր ստացվում։ Հանուն ինչի՞ պիտի լավ մարդ դառնայի»։
Հետագայում Քեթլինը հանդիպում է Եհովայի վկաներին։ Նա պատմում է. «Ես իմացա, որ կրակե դժոխք գոյություն չունի։ Սուրբգրային այս ճշմարտությունը ինձ լիովին խելամիտ թվաց։ Սրտիցս մի մեծ բեռ ընկավ, երբ հասկացա, որ դժոխքում չեմ վառվելու»։ Քեթլինը նաև իմացավ Աստծու խոստման մասին. մարդիկ հավիտյան ապրելու են չարությունից զերծ երկրի վրա (Սաղմոս 37։10, 11, 29; Ղուկաս 23։43)։ Նա ասում է. «Հիմա արդեն ես իրական հույս ունեմ։ Հավիտյան ապրելու եմ դրախտում»։
Դժոխքի հանդեպ վախը կարո՞ղ էր Քեթլինին օգնել ձերբազատվելու թմրանյութերից։ Նա հիշում է. «Երբ իմ մեջ թմրանյութ օգտագործելու ուժգին ցանկություն էր առաջանում, սկսում էի ջերմեռանդորեն աղոթել Եհովային, որ օգնի ինձ։ Շարունակ խորհրդածում էի այն մասին, թե ինչ տեսակետ ունի Եհովան այդ պիղծ սովորության մասին. չէի ուզում հիասթափեցնել նրան։ Աստված պատասխանեց իմ աղոթքներին» (Բ Կորնթացիս 7։1)։ Աստծուն չտհաճեցնելու վա՛խը օգնեց Քեթլինին ձերբազատվելու թմրանյութերից։
Այո՛, մենք կատարում ենք Աստծու կամքը ոչ թե այն պատճառով, որ վախենում ենք նրանից, այլ որ սիրում ենք նրան ու առողջ վախ ունենք նրա հանդեպ։ Սաղմոսերգուն գրել է. «Երանի՜ այն ամենին, որ Տէրիցը վախենում են եւ նորա ճանապարհներումը գնում» (Սաղմոս 128։1)։
[շրջանակ/նկար 9–րդ էջի վրա]
ՈՎՔԵ՞Ր ԿԱԶԱՏՎԵՆ ԴԺՈԽՔԻՑ
Աստվածաշնչի որոշ թարգմանություններ շփոթություն են ստեղծում, երբ գե՛եննա և հա՛դես բառերը թարգմանում են դժոխք։ Աստվածաշնչում գե՛եննա բառը նշանակում է ամբողջական կործանում՝ առանց հարության հույսի։ Եվ հակառակը՝ նրանք, ովքեր հա՛դեսում են, հարության հույս ունեն։
Սաղմոս 15։10–ում (ԷԹ) Հիսուսի մասին մարգարեության մեջ կարդում ենք. «Քանզի դժոխքում չես թողնի դու ինձ», (տե՛ս նաև Գործք Առաքելոց 2։27, 31, 32, ծնթ, ԱԹ)։ Այս համարում օգտագործված «դժոխք» բառը հունարեն հա՛դեսն է։ Ինչ խոսք, Հիսուսը ինչ–որ տանջանքի վայր չգնաց, որտեղ կրակների մեջ էր ընկնելու, քանի որ «հա՛դես», կամ՝ «դժոխք» բառը գերեզման է նշանակում։ Սակայն Աստված միայն Հիսուսին չէ, որ հարություն տվեց հա՛դեսից։
Հարության մասին Աստվածաշնչում ասվում է. «Մահը եւ դժոխքը իրանց մէջի մեռելները տուին» (Յայտնութիւն 20։13, 14)։ Այս խոսքերից երևում է, որ «դժոխքը» պիտի դատարկվի։ Իսկ դա նշանակում է, որ Աստված կյանքի կկոչի բոլոր այն մարդկանց, որոնց արժանի կհամարի (Յովհաննէս 5։28, 29; Գործք Առաքելոց 24։15)։ Ապագայի ի՜նչ հիանալի հույս։ Մենք նորից կտեսնենք մեր մահացած հարազատներին։