Դիտարանի ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Դիտարանի
ՕՆԼԱՅՆ ԳՐԱԴԱՐԱՆ
Հայերեն
  • ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ
  • ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
  • w00 5/1 էջ 8–13
  • Ամեն բանի նորը՝ ըստ մարգարեության

Այս հատվածի համար տեսանյութ չկա։

Ցավոք, տեսանյութը բեռնելուց խնդիր է առաջացել։

  • Ամեն բանի նորը՝ ըստ մարգարեության
  • 2000 Դիտարան
  • Նմանատիպ նյութեր
  • Կլինե՞ք արդյոք նոր աշխարհում
    2000 Դիտարան
  • Նոր աշխարհ Աստծո խոստման համաձայն
    Արթո՛ւն կացեք
  • Երկինք
    Աստվածաշնչի ըմբռնում
  • Ի՞նչ է սպասվում մոտ ապագայում
    2008 Դիտարան
2000 Դիտարան
w00 5/1 էջ 8–13

Ամեն բանի նորը՝ ըստ մարգարեության

«Գահի վրայ նստողն ինձ ասաց. «Ահա՛ւասիկ ամէն բան նոր եմ դարձնում»։ Ապա ինձ ասաց. «....Այս խօսքերը ճշմարիտ եւ վստահելի են»» (ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ 21։5)։

1, 2. Ինչո՞ւ են ոմանք ապագայի հանդեպ անվստահ։

ԵՐԲԵՎԷ ձեր մտքով անցե՞լ են նման խոսքեր, թե՝ ո՞վ գիտի վաղն ի՛նչ կլինի։ Հասկանալի է, թե ինչո՛ւ են մարդիկ ապագայի հանդեպ անվստահ, կամ էլ ինչո՛ւ են դժվարանում հավատալ նրանց, ովքեր պնդում են, թե կարող են գուշակել ապագա իրադարձությունները։ Բանն այն է, որ մարդիկ ուղղակի ի վիճակի չեն անսխալ գուշակելու, թե ի՛նչ կպատահի մի քանի ամիս կամ տարի հետո։

2 «Ֆորբզ» («Forbes ASAP») պարբերագրի թողարկումներից մեկը նվիրվեց ժամանակի հարցին։ Այդ համարում հեռուստատեսային վավերագրական ծրագրերից մեկի հաղորդավար Ռոբերտ Քրինջլին գրում է. «Ժամանակի առջև բոլորս էլ, վերջիվերջո, խեղճանում ենք, սակայն նրա ձեռքում ոչ ոք այնքան չի տուժում, որքան կանխասացները։ Ապագան կռահելը խաղ է, որտեղ մենք գրեթե միշտ պարտություն ենք կրում.... Մինչդեռ այսպես կոչված մասնագետները շարունակում են իրենց կանխատեսությունները»։

3, 4. ա) Ի՞նչ լավատեսությամբ են ոմանք նայում նոր հազարամյակին։ բ) Ի՞նչ իրական սպասելիքներ ունեն ապագայից ուրիշները։

3 Գուցե նկատած լինեք, որ նոր հազարամյակին այնքան շատ է ուշադրություն դարձվում, որ գնալով զգալիորեն աճում է ապագայի մասին լրջորեն մտածող մարդկանց թիվը։ Ահա մի մեջբերում անցյալ տարվա սկզբների «Մաքլինզի» պարբերականից. «Կանադացիների մեծամասնության համար 2000 թվականը, թերևս, ընդամենը օրացույցի հաջորդ տարի է, սակայն հնարավոր է, որ այն իրո՛ք մի նոր կյանքի սկիզբ դնի» («Maclean’s magazine»)։ Յորքի համալսարանի պրոֆեսոր Քրիս Դյուդնին պատճառաբանում է, թե ինչու կարելի է լավատես լինել. «Նոր հազարամյակ մտնելը նշանակում է, որ հանգիստ կարող ենք մեր ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել իրոք որ զարհուրելի մի դարից»։

4 Արդյոք այս խոսքերը սոսկ երազա՞նք են, թե՞ իրականություն։ Կանադայում անցկացված մի հարցման արդյունքներով մասնակիցների միայն քսաներկու տոկոսն էր հավատում, որ «2000 թվականը մի նոր բանի սկիզբ է լինելու աշխարհի համար»։ Իսկ մասնակիցների գրեթե կեսն այն կարծիքն էր հայտնել, թե «առաջիկա հիսուն տարվա ընթացքում ակնկալվում է մի նոր համաշխարհային ընդհարում՝ համաշխարհային պատերազմ։ Ինչ խոսք, մարդկանց մեծամասնությունը զգում է, որ նոր հազարամյակը չի կարող արմատախիլ անել մեր խնդիրները, և, այսպես ասած, ամեն ինչ նորացնել։ Բրիտանիայի թագավորական ընկերության նախկին նախագահ սըր Մայքլ Աթիյահը գրել է. «Ներկայումս նկատվող փոփոխությունների սրընթաց տեմպը վկայում է, որ քսանմեկերորդ դարը ողջ քաղաքակրթությանը զգալի դժվարություններ կբերի։ Բնակչության կտրուկ աճի, ռեսուրսների պակասի, շրջապատի աղտոտման և համատարած աղքատության հետ կապված խնդիրներն արդեն իսկ բարդված են մեզ վրա. հարկ է վերջիններս որպես առաջնահերթ խնդիր ընդունել և պայքար սկսել դրանց դեմ»։

5. Որտե՞ղ կարելի է հուսալի տեղեկություններ գտնել ապագայի վերաբերյալ։

5 Գուցե այսպես մտածեք. «Եթե մարդիկ չեն կարող գուշակել, թե ի՛նչ կլինի ապագայում, ավելի լավ չի՞ լինի պարզապես անտեսել այն»։ Ո՛չ։ Ճիշտ է, մարդիկ չեն կարող ճշգրտորեն գուշակել ապագան, սակայն չի կարելի եզրակացնել, թե ոչ մեկն առհասարակ ի վիճակի չէ դա անելու։ Գուցե ձեր մեջ հարց առաջանա, թե ո՛վ կարող է գուշակել ապագան, և ինչո՛ւ պետք է լավատեսորեն նայենք նրան։ Հարցին բավարարող պատասխանը կարող ենք գտնել չորս առանձնահատուկ կանխագուշակություններում, որոնք արձանագրված են աշխարհի ամենատարածված ու ամենից շատ ընթերցվող գրքում. գիրք, որը շատ հաճախ սխալ է հասկացվում և մինչև անգամ արհամարհանքի արժանանում։ Այդ գիրքը Աստվածաշունչն է։ Ինչ կարծիքի էլ որ լինեք Աստվածաշնչի մասին և որքան էլ որ լավ իմանաք այն, դուք ձեզ պարտք համարեք ուշադրության արժանացնել աստվածաշնչյան այդ չորս հիմնական համարները։ Դրանք բավականին խոստումնալից ապագա են մեզ համար գուշակում։ Բացի այդ, այս չորս մարգարեությունները մատնանշում են, թե ինչպիսին է լինելու ձեր և ձեր հարազատների ապագան։

6, 7. Ե՞րբ էր Եսայիան գրի առել իր մարգարեությունը, և ինչպե՞ս նրա կանխագուշակությունները հրաշքով կատարվեցին։

6 Մարգարեություններից առաջինը գտնվում է Եսայիա 65–րդ գլխում։ Նախքան այն կարդալը մտապահենք հետևյալը՝ ե՛րբ է գրվել այն և ինչ իրավիճակի հետ է կապ ունեցել։ Մարգարեության խոսքերը գրի առնող Եսայիա մարգարեն ապրել է Հուդայի թագավորության անկումից գրեթե մեկ դար առաջ։ Հուդայի թագավորությունը դադարեց գոյություն ունենալուց, երբ Եհովան իր օգնության բազուկը ետ քաշեց անհավատարիմ հրեաներից՝ թույլ տալով, որ բաբելոնացիներն ավերեն Երուսաղեմն ու բնակիչներին գերի տանեն։ Դա տեղի ունեցավ Եսայիայի մարգարեանալուց ավելի քան հարյուր տարի հետո (Բ Մնացորդաց 36։15—21)։

7 Ինչ վերաբերում է մարգարեության կատարման պատմական կողմին, հիշենք, որ Աստծո սուրբ ոգու առաջնորդության ներքո Եսայիան կանխագուշակել էր դեռևս լույս աշխարհ չեկած պարսիկ Կյուրոսի անունը, որն էլ պիտի կործաներ Բաբելոնը (Եսայիա 45։1)։ Այդ նույն Կյուրոսը պայմաններ ստեղծեց, որպեսզի հրեաները մ.թ.ա. 537–ին հայրենիք վերադառնան։ Որքան էլ դա զարմանալի թվա, փաստն այն է, որ Եսայիան այդ վերականգնման մասին մարգարեացել էր իր գրքի 65–րդ գլխում։ Այնտեղ նկարագրվում է նաև այն իրավիճակը, որը պետք է տիրեր իսրայելցիների հայրենիք վերադառնալուց հետո։

8. Ի՞նչ ուրախալի ապագայի մասին էր մարգարեանում Եսայիան, և այդ մարգարեության մեջ ո՞ր արտահայտությունն է մեզ հատկապես հետաքրքրում։

8 Եսայիա 65։17—19–ում կարդում ենք. «Ահա ես նոր երկինք եւ նոր երկիր եմ ստեղծում, եւ առաջինները պիտի չ’յիշուին եւ միտքը պիտի չ’գան։ Այլ դուք պիտի ուրախանաք եւ բերկրուիք յաւիտեանս յաւիտենից նորանով, որ ես ստեղծելու եմ։ Որովհետեւ ահա ես ստեղծում եմ Երուսաղէմը բերկրանք եւ նորա ժողովուրդը՝ ուրախութիւն։ Եւ ես պիտի ցնծամ Երուսաղեմի վերայ, եւ ուրախանամ իմ ժողովրդովը. եւ այլեւս պիտի չ’լսուի նորանում լացի ձայն եւ ողբի ձայն»։ Հասկանալի է, որ Եսայիայի նկարագրած պայմանները շատ ավելի լավն էին այն պայմաններից, որոնցում գտնվում էին հրեաները Բաբելոնում ապրած տարիներին։ Նա ուրախության ու ցնծության մասին էր մարգարեանում։ Այժմ ուշադրություն դարձնենք «նոր երկինք եւ նոր երկիր» արտահայտության վրա. վերջինս մեկն է Աստվածաշնչի վերը հիշատակված այն չորս համարներից, որոնցից յուրաքանչյուրն անմիջապես առնչվում է մեր ապագայի հետ, կանխագուշակում այն։

9. Ի՞նչ կապ ուներ Եսայիա 65։17—19–ի կատարումը հին հրեաների հետ։

9 Եսայիա 65։17—19–ի մարգարեության նախնական կատարումն առաջին հերթին կապված էր հին հրեաների հետ, որոնք, Եսայիայի ճշգրիտ կանխագուշակության համաձայն, վերադարձան հայրենիք և վերականգնեցին մաքուր պաշտամունքը (Եզրաս 1։1—4; 3։1—4)։ Անշուշտ, հասկանալի է, որ նրանք նույն մոլորակի վրա գտնվող իրենց հայրենիքը վերադարձան և ոչ թե տիեզերքի ինչ–որ վայր տեղափոխվեցին։ Այս իրողությունը կօգնի մեզ հասկանալ, թե ի՛նչ ի նկատի ուներ Եսայիան՝ նոր երկինք և նոր երկիր ասելով։ Կարիք չկա ժամանակ վատնել ինչ–որ անորոշ մարգարեությունների, ինչպես օրինակ՝ Նոստրադամուսի և նրա նման մի շարք գուշակների ասածների շուրջը խորհրդածելով։ Աստվածաշունչն ինքն է բացատրում, թե ինչ ի նկատի ուներ Եսայիան։

10. Ինչպե՞ս պետք է հասկանալ Եսայիայի կանխագուշակած նոր «երկիր» արտահայտությունը։

10 Միշտ չէ, որ Աստվածաշնչում «երկիր» բառը վերաբերվում է մեր երկրագնդին։ Օրինակ՝ Սաղմոս 96։1–ում կարդում ենք. «Ո՛վ բոլոր երկիր, երգեցէք Տէրոջը» (Արևմտ. Աստ.)։ Մենք գիտենք, որ մեր մոլորակը՝ իր ցամաքով ու լայնարձակ օվկիանոսներով, չի կարող երգել։ Երգում են մարդիկ։ Այո՛, Սաղմոս 96։1–ում խոսքը երկրի վրա ապրող մարդկանց մասին է։a Սակայն Եսայիա 65։17 համարը հիշատակում է նաև «նոր երկնքի» մասին։ Եթե «երկիրը» հրեաների հայրենիքում բնակվող նոր հասարակությանն է խորհրդանշում, այդ դեպքում ի՞նչ է իրենից ներկայացնում «նոր երկինքը»։

11. Ինչի՞ն է մատնացույց անում «նոր երկինք» արտահայտությունը։

11 Մըքքլինթոքի և Սթրոնգի «Աստվածաշնչական, աստվածաբանական և եկեղեցական գրականության հանրագիտարանը» նշում է. «Մարգարեական տեսիլքի համատեքստում երկինքը մատնացույց է անում.... իշխող ուժերի ամբողջական միությունը.... ենթականերից վեր կանգնած և նրանց վրա իշխող՝ այնպես, ինչպես որ նյութական երկինքն է երկրից վեր գտնվում և իշխում նրա վրա» («Cyclopædia of Biblical, Theological, and Ecclesiastical Literature»)։ Ինչ վերաբերում է «երկինք և երկիր» բառակապակցությանը, վերոհիշյալ հանրագիտարանը բացատրում է. «Մարգարեական լեզվով այս արտահայտությունը մատնացույց է անում հասարակական տարբեր խավերի մարդկանց քաղաքական դրությունը։ Երկինքը ցույց է տալիս տերերին, երկիրը՝ ռամիկ ժողովուրդն է՝ մարդիկ, որոնց վրա տերերն իշխում են»։

12. Ինչպե՞ս կատարվեց «նոր երկնքի և նոր երկրի» մարգարեությունը՝ կապված հին հրեաների հետ։

12 Հայրենիք վերադառնալուն պես հրեաները հայտնվեցին, այսպես կոչված, նոր համակարգում։ Փոխվել էին ղեկավար մարմնի անդամները։ Զորաբաբելը, որը Դավիթ թագավորի սերնդից էր, դարձել էր իշխան, իսկ Հեսուն՝ քահանայապետ (Անգէ 1։1, 12; 2։21; Զաքարիա 6։11)։ Նրանք «նոր երկինքն» էին ներկայացնում։ Բայց «նոր երկինքն» ինչի՞ վրա. «նոր երկրի», այսինքն՝ Երուսաղեմն ու նրա տաճարը Եհովայի երկրպագության համար վերականգնելու նպատակով հայրենիք վերադարձածների մաքրված հասարակության վրա։ Այսպիսով, երբ այդ մարգարեությունն իր կատարումն ունեցավ այն օրերին, իսկապես հաստատվեցին «նոր երկինքն ու նոր երկիրը»։

13, 14. ա) Ուրիշ ո՞ր համարում կարող ենք հանդիպել «նոր երկինք եւ նոր երկիր» արտահայտությանը։ բ) Ինչո՞ւ է Պետրոսի մարգարեությունը տեղին հատկապես մեր օրերում։

13 Ուշադիր լինենք, որպեսզի բաց չթողնենք գլխավորը. մեր նպատակը Աստվածաշնչի փորձնական մեկնաբանություն տալը չէ, ոչ էլ հնագույն պատմությանը թեթևակի հայացք նետելը։ Դրանում կարող ենք համոզվել՝ նկատի առնելով հաջորդ համարը, որտեղ կրկին հանդիպում է «նոր երկինք եւ նոր երկիր» արտահայտությունը։ Վերջինս հանդիպում է Պետրոսի երկրորդ թղթի երրորդ գլխում, որտեղից էլ հստակ երևում է, որ արտահայտությունն անմիջական կապ ունի մեր ապագայի հետ։

14 Պետրոս առաքյալն իր նամակը գրել է հրեաների հայրենիք վերադառնալուց շուրջ 500 տարի հետո։ Լինելով Հիսուսի առաքյալներից մեկը՝ Պետրոսն իր խոսքերն ուղղում է Բ Պետրոս 3։2–ում հիշատակված «Տիրոջ»՝ Քրիստոսի հետևորդներին։ 4–րդ համարում (ՆԱ) նա ակնարկում է Հիսուսի «ներկայության խոստման» մասին, ինչը մարգարեությունը արդիական է դարձնում։ Բազմաթիվ ապացույցներ կան, որ, Առաջին համաշխարհային պատերազմից սկսած, Հիսուսը ներկա է կամ իշխանություն ունի որպես Աստծո երկնային Թագավորության Իշխան (Յայտնութիւն 6։1—8; 11։15, 18)։ Այս հանգամանքը հատուկ նշանակություն է ստանում, երբ նկատի ենք առնում իր նամակի հենց նույն գլխում Պետրոսի մեկ այլ մարգարեական խոսքը։

15. Ինչպե՞ս է կատարվում Պետրոսի մարգարեությունը «նոր երկնքի» վերաբերյալ։

15 Բ Պետրոս 3։13–ում կարդում ենք. «Աստծու խոստման համաձայն, աչքներս յառած սպասում ենք նոր երկնքի եւ նոր երկրի, որոնցում արդարութիւնն է բնակւում»։ Գուցե արդեն գիտեք, որ երկնքում Հիսուսը «նոր երկնքի» գլխավոր Իշխանն է (Ղուկաս 1։32, 33)։ Սակայն, ինչպես ցույց են տալիս Աստվածաշնչի այլ համարները, նա մենակ չի իշխում։ Հիսուսը խոստացավ, որ իր առաքյալները և նրանց նման շատ ուրիշները նույնպես տեղ ունեն երկնքում։ Պողոս առաքյալը Եբրայեցիս գրքում այդ անհատներին անվանեց ‘երկնային կոչման մասնակիցներ’։ Իսկ Հիսուսի խոսքերի համաձայն՝ այդ խմբի անհատները երկնքում թագավորելու են իր հետ միասին (Եբրայեցիս 3։1; Մատթէոս 19։28; Ղուկաս 22։28—30; Յովհաննէս 14։2, 3)։ Ուստի, նոր երկնքում Հիսուսի իշխանությունը բաժնեկցելու են նաև ուրիշները։ Իսկ ի՞նչ նկատի ուներ Պետրոսը «նոր երկիր» ասելով։

16. Ի՞նչ «նոր երկիր» գոյություն ունի արդեն։

16 Ինչպես մարգարեության առաջին կատարման ժամանակ, երբ հրեաները վերադարձան հայրենիք, այնպես էլ Բ Պետրոս 3։13–ի ներկայիս կատարման ընթացքում խոսքն այն մարդկանց մասին է, որոնք ենթարկվում են «նոր երկնքի» իշխանությանը։ Այսօր կարող ենք հանդիպել միլիոնավոր մարդկանց, ովքեր ուրախությամբ ենթարկվում են «նոր երկնքին»։ Նրանք օգուտներ են քաղում «նոր երկնքի» կողմից անցկացվող կրթական ծրագրից և ձգտում են կատարել Աստվածաշնչում արձանագրված նրա օրենքները (Եսայիա 54։13)։ Այս անհատները կազմում են «նոր երկրի»՝ տարբեր ռասաներից, ազգերից և լեզուներից բաղկացած նոր համաշխարհային հասարակարգի հիմքը և միասին համագործակցում են՝ ենթարկվելով իշխող Թագավոր Հիսուս Քրիստոսին։ Կարևոր հանգամանք է այն իրողությունը, որ այդ հասարակությանը կարող ես պատկանել նաև դո՛ւ (Միքիա 4։1—4)։

17, 18. Ինչո՞ւ կարելի է ասել, որ Բ Պետրոս 3։13 խոսքը ապագային լավատեսորեն նայելու հիմք է տալիս։

17 Հարկ է նշել, որ ապագայի այս կանխատեսումը չի սահմանափակվում միայն ընդհանուր պատկերներով. կան նաև որոշ մանրամասնություններ։ Օրինակ՝ քննելով Պետրոսի երկրորդ նամակի երրորդ գլխի համատեքստը՝ գալիք մեծ փոփոխությունների վերաբերյալ տողեր ենք այնտեղ գտնում։ 5–րդ և 6–րդ համարներում Պետրոսը գրում է Նոյի օրերի Ջրհեղեղի մասին, որը վերջ էր դրել այն ժամանակվա ամբարիշտ աշխարհին։ 7–րդ համարում կարդում ենք, որ «այժմեան երկինքը եւ երկիրը» (ԱԹ), այսինքն՝ թե՛ իշխանության համակարգը, և թե՛ մարդկանց բազմությունը, «պահուած են կրակին դատաստանի օրուայ եւ ամբարիշտ մարդկանց կործանման օրուայ համար»։ Այս խոսքերը հաստատում են այն միտքը, որ «այժմեան երկինք եւ երկիր» արտահայտությունը վերաբերում է ոչ թե նյութական տիեզերքին, այլ՝ մարդկանց և իշխանության համակարգերին։

18 Պետրոսը բացատրում է, որ Եհովայի գալիք օրը ամբողջական մաքրում է բերելու՝ ճանապարհ հարթելով 13–րդ խոսքում հիշատակված նոր երկնքի ու նոր երկրի համար։ Ուշադրություն դարձնենք, թե ինչ է գրված այդ համարի վերջին մասում. «.... որոնցում արդարութիւնն է բնակւում»։ Մի՞թե սա չի խոսում գալիք հզոր բարելավումների մասին։ Մի՞թե սա առիթ չէ հուսալու, որ ամեն բան իրոք նոր կլինի, որ կգա ժամանակ, երբ կյանքից հնարավոր կլինի առավել մեծ հաճույք ստանալ, քան հիմա։ Եթե «տեսնում» ենք այդ ամենը, ուրեմն խորապես ըմբռնել ենք Աստվածաշնչի մարգարեությունը, որը հասկանալի է համեմատաբար քչերի համար։

19. Ո՞ր համատեքստն է «Յայտնութիւն» գրքում մատնանշում գալիք «նոր երկնքի ու նոր երկրի» մասին։

19 Բայց անցնենք առաջ։ Մինչև հիմա «նոր երկինք եւ նոր երկիր» արտահայտությանը հանդիպեցինք Եսայիա 65–րդ գլխում և Պետրոսի 2–րդ նամակի 3–րդ գլխում։ Այժմ դիմենք «Յայտնութիւն» գրքին, որի 21–րդ գլխում դարձյալ հանդիպում ենք այդ արտահայտությանը։ Այստեղ ևս մեզ օգնության է հասնում համատեքստը։ Երկու գլուխ առաջ՝ «Յայտնութիւն» 19–րդ գլխում, կարդում ենք պատերազմի մի վառ նկարագրության մասին. պատերազմ, բայց ոչ մարդկանց միջև։ Մարտի դուրս եկած կողմերից մեկը Աստծո «Խոսքն» է։ Այս անվան մեջ թերևս ճանաչենք Հիսուս Քրիստոսին (Յովհաննէս 1։1, 14)։ Նա երկնքում է և տեսիլքում մեր առջև կանգնում է իր երկնային զորքերի հետ միասին։ Բայց ո՞ւմ դեմ է պատերազմում։ 19–րդ գլխում խոսվում է «թագաւորների», «հզօրների», տարբեր դիրք զբաղեցնող մարդկանց, «մեծի եւ փոքրի» մասին։ Այդ պատերազմը հենց Եհովայի գալիք օրն է, որտեղ կործանվելու են չարերը (Բ Թեսաղոնիկեցիս 1։6—10)։ Ապա, Յայտնութիւն 20–րդ գլխի սկզբում նկարագրվում է ‘հին օձի՝ Բանսարկու Սատանայի’ վնասազերծումը։ Իսկ այժմ, նկատի առնելով վերոհիշյալը, քննարկենք Յայտնութիւն 21–րդ գլուխը։

20. Մոտ ապագայում կատարվելիք ո՞ր նշանակալից փոփոխության մասին է խոսվում Յայտնութիւն 21։1–ում։

20 Այս գլուխը Հովհաննես առաքյալը սկսում է հետևյալ խոսքերով. «Տեսայ նոր երկինք ու նոր երկիր, քանզի առաջին երկինքն ու երկիրը անցել էին. եւ այլեւս ծով չկար»։ Ելնելով Եսայիա 65–րդ և Բ Պետրոս 3–րդ գլուխներում այս հարցի վերաբերյալ պարզաբանումից՝ կարող ենք չկասկածել, որ խոսքն այստեղ բառացի երկնքի և մեր մոլորակի՝ ցամաքի ու համաշխարհային օվկիանոսի փոփոխման մասին չէ։ Ինչպես ցույց տվեցին նախորդ գլուխները, վերանալու են ամբարիշտ մարդիկ և նրանց իշխանության համակարգերը, որոնց պատկանում է նաև անտեսանելի իշխան Սատանան։ Այո՛, այդ մարգարեությունը երկրի վրա ապրող մարդկանց նոր համակարգ է խոստանում։

21, 22. Ի՞նչ օրհնությունների մասին է հավաստիացնում մեզ Հովհաննեսը, և ի՞նչ իմաստով է սրբվելու արտասուքը մարդկանց աչքերից։

21 Այս բանում մենք ավելի ենք համոզվում, երբ շարունակում ենք քննել մարգարեությունը։ 3–րդ խոսքի վերջում նշվում է այն ժամանակի մասին, երբ Աստված մարդկանց հետ կլինի և բարիքներ կպարգևի իր կամքը կատարողներին (Եզեկիէլ 43։7)։ 4–րդ և 5–րդ համարներում Հովհաննեսը շարունակում է թվարկել Աստծո օրհնությունները. «[Եհովան] պիտի սրբի նրանց աչքերիցը ամէն արտասուք. եւ այլեւս մահ չկայ. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք, քանի որ առաջինն անցաւ։ Եւ գահի վրայ նստողն ինձ ասաց. «Ահա՛ւասիկ ամէն բան նոր եմ դարձնում»։ Ապա ինձ ասաց. «Գրի՛ր. այս խօսքերը ճշմարիտ եւ վստահելի են»»։ Ինչպիսի՜ ոգևորիչ մարգարեություն...

22 Մի պահ կանգ առեք ու փորձեք մտովի պատկերացնել, թե ի՜նչ երջանիկ ժամանակների մասին է կանխագուշակված Աստվածաշնչում։ ‘Աստված պիտի սրբի արտասուքը բոլորի աչքերից’։ Այստեղ խոսքը չի վերաբերում մեր զգայուն աչքերը շարունակ լվացող արցունքներին։ Ոչ էլ խոսքը երջանկության արցունքների մասին է։ Արտասուքը, որն Աստված պիտի մաքրի, հետևանքն է տառապանքի, վշտի, հուսահատության, ցավի ու տանջանքների։ Որտեղի՞ց գիտենք. հենց այդ հրաշալի մարգարեության շարունակությունից՝ երբ Աստված կսրբի արտասուքը, «այլեւս մահ [չի լինի]. ո՛չ սուգ, ո՛չ աղաղակ, ո՛չ ցաւ եւ ո՛չ չարչարանք» (Յովհաննէս 11։35)։

23. Ո՞ր պայմաններին է անպայման վերջ դրվելու՝ համաձայն Հովհաննեսի մարգարեության։

23 Այս խոսքերից չի՞ հետևում, արդյոք, որ քաղցկեղը, կաթվածները, ինֆարկտները և մինչև անգամ մահը անցյալի գիրկը կանցնեն։ Մեզանից ո՞վ հիվանդության, դժբախտ պատահարի կամ էլ բնական աղետի հետևանքով հարազատ չի կորցրել։ Քանի որ Աստված խոստանում է, որ մահն այլևս չի լինի, ուստի երբ այն ժամանակ, ամենայն հավանականությամբ, երեխաներ լույս աշխարհ գան, նրանք ծերություն ու մահ այլևս չեն տեսնի։ Անցյալի գիրկը առհավետ կանցնեն թե՛ Ալցգեյմերի հիվանդությունը, թե՛ օստեոպորոզը, թե՛ ֆիբրոման, գլաուկոման, և թե՛ կատարախտը. հիվանդություններ, որոնցով այնքան հաճախ տառապում են հատկապես տարեցները։

24. Ինչո՞ւ են «նոր երկինքն ու նոր երկիրը» օրհնություն լինելու, և ի՞նչ ենք դեռ քննարկելու։

24 Անկասկած կհամաձայնվեք, որ մահվան, ծերության ու հիվանդությունների վերացման հետ մեկտեղ լացն ու վիշտն էլ կվերանան։ Իսկ ուժասպառ անող թշվառությո՞ւնը, երեխաների հանդեպ դաժան վերաբերմո՞ւնքը և մարդու ծագման ու մաշկի գույնի պատճառով առաջ եկած խտրականության ճնշիչ ազդեցությո՞ւնը։ Եթե մեր օրերում սովորական դարձած այս երևույթները մնան, մենք երբեք չենք ազատվի լացից ու վշտից։ Ուստի, կյանքը «նոր երկնքի և նոր երկրի» օրոք չի մթագնվի այսօրվա տառապանք պատճառող երևույթներով։ Ինչպիսի՜ հրաշալի փոփոխություն։ Վերևում մենք քննարկեցինք Աստվածաշնչից միայն երեք համարներ, որտեղ գործածվում է «նոր երկինք եւ նոր երկիր» արտահայտությունը։ Կա ևս մեկ համար, որը սերտորեն կապված է մեր քննարկած թեմայի հետ, և որի շնորհիվ մենք հնարավորություն ունենք տեսնելու, թե ե՛րբ և ինչպե՛ս է Աստված ի կատար ածելու ‘ամեն բան նորն անելու’ իր խոստումը։ Այդ մարգարեությունը կքննարկենք հաջորդ հոդվածում և կտեսնենք, թե որքանով է այն առնչվում մեր երջանկության հետ։

[ծանոթագրություն]

a Աստվածաշնչի Էջմիածնի թարգմանության մեջ վերոհիշյալ սաղմոսը (95։1) հնչում է հետևյալ կերպ. «Օրհնեցէ՛ք Տիրոջը, համայն աշխարհի մարդիկ»։ Նոր անգլերեն Աստվածաշնչում թարգմանված է. «Երգեցեք ՏԻՐՈՋԸ երկրի բոլոր մարդիկ»։ Սա համապատասխանում է այն տեսակետին, որ, «նոր երկիր» գրելով, Եսայիան նկատի է ունեցել հայրենիք վերադարձած Աստծո ժողովրդին։

Լա՞վ եք մտապահել

• Աստվածաշնչի ո՞ր երեք համարներն են կանխագուշակում «նոր երկնքի եւ նոր երկրի» մասին։

• Ի՞նչ կապ ունեին հրեաները «նոր երկնքի եւ նոր երկրի» մասին մարգարեության կատարման հետ։

• Ինչպե՞ս է կատարվելու Պետրոսի հիշատակած «նոր երկնքի եւ նոր երկրի» մասին մարգարեությունը։

• Յայտնութիւն 21–րդ գլուխը ապագայի ի՞նչ պայծառ հույս է տալիս։

[նկար 10–րդ էջի վրա]

Ինչպես կանխագուշակել էր Եհովան, Կյուրոսն այնպես արեց, որ հրեաները մ.թ.ա. 537 թ.–ին վերադառնան հայրենիք։

    Հայերեն հրատարակություններ (1997–2025)
    Ելք
    Մուտքագրվել
    • Հայերեն
    • ուղարկել հղումը
    • Կարգավորումներ
    • Copyright © 2025 Watch Tower Bible and Tract Society of Pennsylvania
    • Օգտագործման պայմաններ
    • Գաղտնիության քաղաքականություն
    • Գաղտնիության կարգավորումներ
    • JW.ORG
    • Մուտքագրվել
    Ուղարկել հղումը